Պատժամիջոցները մեր կարմիր գիծն են, և մենք դա շատ հստակ ասում ենք ռուսներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին՝ Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի համատեքստում։
«Այնտեղ, որտեղ ազատ տեղ կա, մենք ուրախությամբ բավարարում ենք ռուսական պահանջարկը։ Մենք չենք ուզում նրանց վնասել, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ ինքներս հայտնվել պատժամիջոցների տակ։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն մատակարարվում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են գնում Հայաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջոցով։
«Օրինակ ՝ խմիչքները, որոնք ենթակա չեն պատժամիջոցների, խնդիր չեն: Մինչև 2022 թվականի փետրվարը նրանք գնում էին Լեհաստանով ու Բելառուսով, հիմա գնում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ, եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ։ Իսկ ռուսական փոխադրողները չեն կարող դրանք հասցնել Լեհաստան»,- նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ ստեղծվել են բոլորովին նոր լոգիստիկ երթուղիներ, այդ թվում՝ նաև Հայաստանի տարածքով։ Բայց պատժամիջոցի տակ գտնվող ապրանքների մասով Հայաստանը փորձում է հնարավորինս թափանցիկ լինել, համագործակցում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և նույնիսկ հենց Ռուսաստանի հետ։
«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ, և հայկական բիզնեսը սիրում է մասնակցել այն ծրագրերին, որոնք ստեղծվել են վերջին շրջանում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը Հայաստանն անվանել էր Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների հիմնական մատակարարներից մեկը։
Bloomberg-ը, իր հերթին, վկայակոչելով Եվրահանձնաժողովի փաստաթղթերը, հայտնել էր, որ հայկական ընկերությունները ներառվել են ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում։ Պատժամիջոցները կվերաբերեն ավելի քան 35 ընկերությունների Հայաստանից, Իրանից, Չինաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Ուզբեկստանից, նշում է գործակալությունը։ Bloomberg-ը չի հրապարակել նրանց անունները։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն հայկական ընկերություններին կասկածել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին աջակցելու մեջ՝ շրջանցելով Արևմուտքի պատժամիջոցները։ Բացի այդ, Bild հրատարակությունը ուսումնասիրություն է հրապարակել գերմանական արդյունաբերությունից ԱՊՀ երկրների տարածքով Ռուսաստան ապրանքների արտահանման վերաբերյալ՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները։
The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կնիքով փաստաթուղթը, ապրիլին գրել էր, որ 2022 թվականին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 515%-ով ավելի շատ չիպեր և պրոցեսորներ, իսկ ԵՄ-ից՝ 212%-ով ավելի, քան 2021 թվականին։ «Այնուհետև Հայաստանը նույն արտադրանքի 97 տոկոսը վերաարտահանել է Ռուսաստան»,- հավելել էր թերթը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում մարտի 2-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ Հայաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան սահմանափակումները, և հռետորաբանությունը, թե նման իրավիճակ է տեղի ունենում, «ուղղակի խոսակցություն է»։ «Որպես ժողովրդավարական երկիր, որի համար թափանցիկությունը չափազանց կարևոր է, մենք նույնպես թափանցիկ ենք այս հարցում։ Խոսել այն մասին, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել միջազգային պատժամիջոցները, ուղղակի խոսակցություն է»,- ասելէր նա: