Ռուս խաղաղապահների հետ բանակցություններում ադրբեջանցիները որոշակի փոխզիջումների են գնացել, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով արցախյան աղբյուրներին։
Ադրբեջանցիները կարող են թույլ տալ ռուս խաղաղապահներին իրականացնել ոչ էական գործառույթներ անցակետում, պարզաբանում է հրատարակությունը։ Թե ինչ գործառույթների մասին կարելի է խոսքը, թերթը չի մանրամասնում։
Սակայն, ըստ թերթի, խաղաղապահ զորախմբի հրամանատարության և ադրբեջանցիների միջև բանակցություններն արդյունք չեն տալիս Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու և դրա փոխարեն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվելու հարցում, որոնց վերահսկողությունն իրականացվեր ռուսների կողմից։
Աղբյուրը հայտնում է նաև, որ երեկվանից տեղադրվել է հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, «21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել»։
«Չորս ամսից ավելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երեկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակետի տեղադրումն էր ու Արցախը Հայաստանից կտրելը»,- գրում է թերթը։
Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանը Արցախին կապող Հակարի կամուրջը, որը գտնվում է Լաչինի միջանցքում: Բաքվում հայտնել են, որ այնտեղ նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով, որ դա արվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»:
Արցախի անվտանգության խորհուրդը կոչ է արել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանին անհապաղ քննարկումներ սկսել Արցախի շրջափակումը վերացնելու, Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը կանխելու և Հանրապետության ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրը ուշ երեկոյան հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի շրջանակներում վստահության ձևավորման ջանքերը: Ռուսաստանի ԱԳՆ-ն ապրիլի 24-ին, մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ընդգծել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։
Բացի այդ, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը։ Նրա խոսքով՝ բողոքի բովանդակությունը կներկայացնեն դատարանից պատասխան ստանալուն պես: