Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ալիևին ասել եմ, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ․ Շառլ Միշել

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած զրույցի ընթացքում նշել է, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ, հայտնում է TACC-ը։

«Ես երկու օր առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ։ Նրան հստակ ասել եմ, որ չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Ասել եմ, որ պետք է բարձրաձայն ասվի, որ կա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, և որ պետք է երաշխավորել դա»,- հայտարարել է Միշելը։

Նա չի մեկնաբանել Ալիևի՝ Գրանադայի հանդիպմանը չգնալու որոշումը։

Իր հերթին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։

«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման»,- ասել է նա Գրանադայում լրագրողներին։

Նա ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները չեն մասնակցել Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գրանադայում պետք է շրջադարձային փաստաթուղթ ստորագրվեր, բայց Ալիևի հետ հանդիպումը չեղարկվել է։

Հոկտեմբերի 4-ին հայտնի էր դարձել, որ Ալիևը Երևան-Փարիզ պայմանագրի պատճառով չի մեկնի Գրանադա՝ Փաշինյանի հետ հանդիպման: Սեպտեմբերի 24-ին հայտնել էինք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: