Ձերբակալված ծնողների մոտ ամեն ինչ նորմալ է, քիչ հետո կտանեն Քննչական կոմիտե՝ քննչական գործողություններ անելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ այս պահին որևէ կարգավիճակ չունեն ձերբակալված ծնողները:
«Առանձնապես ինչ-որ բան չի եղել, ինքը հանգիստ եկել, նստել է, իրար հետ զրուցել են: Ծնողների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, նրանց բիրտ ուժով են բերման ենթարկել: Մենք մեկ ժամ սպասել ենք այստեղ, որ մեզ ու փաստաբաններին թողնեն մտնենք ոստիկանության բաժին: Մեզ բացատրեցին, որ տեխնիկական խնդիր կա»,- ասաց նա:
Պատգամավորը, անդրադառնալով վերջին իրադարձություններին, ասաց, որ երկիրը շատ ծանր իրավիճակում է, և իշխանությունը չի կարող կանգնեցնել թշնամուն:
«Մենք բազմիցս նշել ենք, քանի այս իշխանությունը կա, թշնամին կանգ չի առնելու, փորձելու է իր հաջողությունը զարգացնել։ Քանի այս դավաճան իշխանությունները կան, այս իրավիճակը շարունակվելու է, լավ բան սպասել չի կարելի, մարդիկ պետք է թմբիրից դուրդ գան և հասկանան, որ իշխանությունները չեն կարող կանգնեցնել թշնամիններին»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին. նա վնասվածք է ստացել։ Ավելի ուշ «Որդիների Կանչ» ՀԿ նախագահը հերքել էր Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձը։ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածի շուրջ ձերբակալվել են 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ, տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Armenia Today-ը նաև տեղեկացրել էր, որ Շենգավիթի քննչական բաժնի մոտ հավաքվածների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։