ԱՀ ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով զոհված ոստիկանության ծառայողների լուսանկարներն ու կենսագրությունը:
Առաջին լուսանկարում փոխգնդապետ Արմեն Բաբայանն է, նա ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին: 1993-1996թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում: 2007 թվականին ավարտել է Ստեփանակերտի Մ. Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժինը: 1999 թվականին ծառայության է ընդունվել ԼՂՀ ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումում: Ոստիկանության համակարգում ծառայել է մինչև 2008 թվականը, այնուհետև ծառայությունը շարունակել ԼՂՀ ԱԱԾ-ում/2008-2012թթ/: 2014 թվականից ծառայության է անցել Ոստիկանության պետական պահպանության վարչությունում իսկ 2015 թվականից ծառայությունը շարունակել Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնում: 2018 թվականին նշանակվել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետ:
Երկրորդ լուսանկարում մայոր Դավիթ Դանիելյանն է:
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին: 2004-2006թթ ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում: 2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում: 2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում: 2019 թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Երրորդ լուսանկարում լեյտենանտ Արարատ Գասպարյանն է: Նա ծնվել է 1997 թվականի հուլիսի 1-ին: 2015-2017թթ ծառայել է Արցախի Հանրապետության ՊԲ-ում: 2022 թվականին ավարտել է Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանը: 2019 թվականին ծառայության է ընդունվել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում, այնուհետև 2020 թվականի դեկտեմբերի 8-ից ծառայությունը շարունակել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: 2022 թվականին նշանակվել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնին՝ լեյտենանտի կոչումով:
Ամուսնացած էր, ունի մեկ երեխա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: