Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հերթական հյուրընկալությունը Հայաստանի Հանրապետությունում:
«Մեր երկրներին կապում են բազմադարյա պատմական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդում են հզոր պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը և նորարարությունը:
Համաձայնում ենք, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: Մի կողմից՝ Covid-19-ով հարուցված համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, իհարկե, էական դժվարությունների առջև են կանգնեցրել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն:
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և տնտեսությունը, առևտուրը զարգացնելուն: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրատլանտյան ուղին:
Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները, և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:
Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր են Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին:
Մենք պատրաստակամություն հայտնեցինք շարունակել հանդիպումները, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն ընդունելության և արգասաբեր համագործակցության համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Իրակլի Ղարիբաշվիլի #Նիկոլ Փաշինյան #Վրաստան