Найти тему
Armenia Today

ՄԻԵԴ-ը փաստացի բավարարել է մեր խնդրանքը. Եղիշե Կիրակոսյան

Այս պահին դատարանը փաստացի բավարարել է մեր խնդրանքը: Մենք փորձել էինք մաքսիմալ պահանջ դնել ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում, բայց դատարանն ունի որոշակի սահմանափակումներ: Այսինքն, մենք չունեինք ակնկալիք, որ դատարանը ասելու էր՝ բացեք ճանապարհը, չէր կարող դատարանն այդպես անել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից  ՀՀ դիմումը բավարարելուն:

Նա նշել է, որ ՄԻԵԴ-ը հրատապ միջոցները կիրառում է հստակ շրջանակով:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելը ենթադրում է, որ պետք է ապահովվի հատկապես առողջական խնդիրներ ունեցող մարդկանց անվտանգ տեղափոխումը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ պատահական չէ այն փաստը, որ դատարանը հղում է արել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին:

«Ըստ այդ կետի՝ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Եվ եթե այս կետին հղում անելու համատեքստում ենք դիտարկում, ապա ավելի լայն է ստացվում: Ստացվում է, որ մենք կարող ենք վեր կենալ, գնալ ու փորձել անցնել Լաչինի միջանցքով»,-ասաց նա՝  կարևորելով, որ ՄԻԵԴ-ը ՀՀ-ի ներկայացրած գանգատին առաջնահերթություն է տվել:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն իր ձեռնարկած գործողությունների մասին պետք է ծանուցի դատարանին:

Հիշեցնենք, որ Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Դատարանը որոշել էր Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:

Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում