Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է երկու օր առաջ օկուպացված Շուշիում Ալիևի արված մի շարք հայտարարություններին:
Ալիևը ոչ միայն սպառնում, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանությունը, փորձում Լաչինի միջանցքի փակման մտացածին հիմքեր ստեղծել
«Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով կոպտորեն խախտում է հրադադարը՝ նաև 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում: Զուգահեռաբար հայտարարում է, թե ԼՂ գոյություն չունի: Այս պնդումն ինքնին 2020թ. նոյեմբերի հայտարարության կոպտագույն խախտում է, նաև Ադրբեջանի կողմից ստորագրված հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը: Մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ միջազգային մի շարք հարթակներում պարտավորություն են ստանձնել: Զուգահեռաբար, փորձ է արվում կառուցողական երևալ ու հայտարարվում է, թե ԼՂ հայերն իրենց քաղաքացիներն են ու նրանց իրավունքները և անվտանգությունը երաշխավորված է»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործնականում այդ ուղղությամբ Ադրբեջանը ոչինչ չի արել:
Վարչապետն ընդգծեց, որ այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում, այլև նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանությունը:
«Այս մտադրությունն արտահայտված է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք, իրենց հերթին, կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից առնվազն երեքը: 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով՝ հերթական հնգամյա ժամկետի ինքնաբերաբար երկարացմամբ: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- հավելեց նա՝ շեշտելով, որ 2021թ․ նոյեմբերի և 2022թ․ հոկտեմբերի հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային ներդրումը:
Փաշինյանի խոսքով՝ Սոչիի երկու հայտարությունների տակ ստորագրելով ու այս արձանագրումներն անելուց հետո, առանց ԼՂ հայության և անվտանգության իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների, խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն։
Փաշինյանն այս համատեքստում մանիպուլյատիվ որակեց նաև ադրբեջանական կողմի խոսույթը՝ կապված Լաչինի միջանցքի հետ. «Ադրբեջանի նախագահը, իբր ՀՀ-ի կողմից իր պարտավորությունները չկատարելու նպատակով փորձում է Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությունը շրջափակելու ու ցեղասպանության ենթարկելու համար մտացածին հիմքեր ստեղծել»:
ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ ՊԲ, որը լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար
Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց. ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի : Այնուհետ շեշտեց ցեղասպանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու մասին:
«ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում ԼՂ բանակ ունենալու մեջ: Նախ պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար ԼՂ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա, կա ԼՂ պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով»,-հավելեց Փաշինյանը :
Ապառազմականացում. նախօրեին Ադրբեջանին նբորացված առաջարկ է փոխանցվել
Փաշինյանը նշված համատեքստում ասաց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը:
«Առաջարկել եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի:
Մանրամասները՝ տեսանյութում: