Найти в Дзене
Armenia Today

Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակետում. «Դիմադրության» հայտարարությունը

Այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն ընթերցեց ընդդիմության ընդունած հայտարարությունը։

«Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, նշվում է հայտարարության մեջ։ «Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է եւ անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի»,-ընթերցեց Մելքոնյանը։

Ըստ նրա՝ «Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք:  «Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Թուրքիան չպետք է Հայաստանի հետ խոսի վերջնագրերի լեզվով»,-նշեց նա։ Ըստ ընդդիմության՝ այս պահին առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ, Սփյուռք եռամիասնությունը: «Համաձայն Հայաստանի գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: Հայաստանի օրվա իշխանությունն ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների: Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանի Սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ: «Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով: Կոչ ենք անում ՀՀ և Արցախի  քաղաքացիներին հայ ժողովրդին, չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի»,-նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք և երթ է անցկացնում՝ ի պաշտպանություն Արցախի։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում