Найти тему
Հայաստանն այսօր

Արթուր Դավթյանը չեմպիոնի հոգեբանություն ունի․ Հակոբ Սերոբյան

Արթուր Դավթյանը չեմպիոնի հոգեբանություն ունի։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով մարմնամարզության աշխարհի գավաթի արդյունքները, որում Դավթյանը նվաճել էր երկու ոսկե մեդալ։

«Ուժեղ մրցակցություն էր ընթանում։ Արթուր Դավթյանն ապացուցեց, որ իսկապես աշխարհի գործող չեմպիոնն է։ Արթուրն արդեն չեմպիոնի հոգեբանություն ունի։ Նրա նվաճած ոսկե մեդալները շատ կարևոր էին, գլուխներս բարձր հետ եկանք։ Իմ կարծիքով՝ 90 տոկոսով լուծվել է այն հարցը, որ Արթուր Դավթյանը նորից կդառնա ամբողջ փուլերի աշխարհի գավաթակիրը»,- նշեց Սերոբյանը։

Մարզչի խոսքով՝ Գերմանիայում մեծ անակնկալ մատուցեց Գագիկ Խաչիկյանը՝ գրավելով մրցանակային երկրորդ տեղն այն դեպքում, երբ աշխարհի չեմպիոնը նժույգթափերում գրավել էր 5-րդ տեղը։

«Խաչիկյանը մեծ անակնալ մատուցեց մեզ։ Անակնկալ էր նաև Արթուր Ավետիսյանի երրորդ տեղ գրավելը։ Ինչ վերաբերում է Հարություն Մերդինյանին, ապա նա դաստակի վնասվածք էր ստացել, սակայն արեց ավելին, քան կարող էին սովորական մարզիկները։ Նա վարժությունը կատարեց մինչև վերջ, թեև պետք չէր։ Հարությունը Եվրոպայի առաջնությունում, վստահ եմ, պատվով կմասնակցի»,- նշեց Սերոբյանը։

Մարզիչը պատմեց, որ կողքից իրեն ասում էին՝ «5 մասնակցով եկել եք մասնակցելու, 4-ը դուրս են եկել եզրափակիչ» և ընդգծեց, որ իսկապես սա մեծ հաջողություն է։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն ընդգծեց՝ ուրախ է, հպարտ, որ կարողանում է Հայաստանի դրոշը բարձրացնել միջազգային մրցահարթակներում։

«Տարին լավ եմ սկսել, կաշխատեմ անել ամեն ինչ, որ այս տեմպով էլ շարունակեմ։ Փառք Աստծո, թե՛ Գերմանիայում, թե՛ Կատարում կարողացա ցուցադրել այն, ինչ անում էի մարզումների ժամանակ և արժանացա երկու ոսկե մեդալի։ Այս հաղթանակների շնորհիվ վստահությունս ավելացել է։ Ամեն ինչ կանեմ վարկանիշ հավաքելու և Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»,- նշեց Դավթյանը։

Հարցին, թե Կատարում և Գերմանիայում մրցանակաբաշխության ժամանակ կարծես թե այնքան էլ գոհ չէր, Դավթյանը պատասխանեց․ «Ոչ, պարզապես ես փակ մարդ եմ, չեմ սիրում ցուցադրել էմոցիաներս, իհարկե, ուրախ էի»։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ Արթուր Դավթյանի երկու անընդմեջ ոսկե մեդալները աշխարհի գավաթի խաղարկությունում թիմային աշխատանքի արդյունք համարեց։ Նա ընդգծեց, որ Կատար այցի ընթացքում հանդիպել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Կատարի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ՝ Ալի Ալ-Հիթմիի հետ և նրան հրավիրել Հայաստան:

«Ամենայն հավանականությամբ, կգա Հայաստան։ Սա լավ հնարավորություն է պարոն Հիթմիին ծանոթացնել մեր երկրին, մշակույթին, հայկական մարմնամարզությանը։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի համաձայնությամբ հնարավոր է Հայաստանում մրցաշարեր անցկացվեն»,- ասաց Վանոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Դավթյանը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալ էր նվաճել՝ վաստակելով 15,133 միավոր: Դավթյանը Դոհայում ընթացող առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում նույնպես դարձել էր ոսկե մեդալակիր։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը Կոտբուս քաղաքում երկրորդն էր աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի նժույգ-թափերի, իսկ հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը երրորդն էր օղակների վարժությունում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում