Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է #Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Ողջունելով ներկաներին՝ երկրի ղեկավարը ասել է. «Անվտանգության խորհրդի նախորդ նիստի ժամանակ կայացրել ենք որոշումներ, այդ թվում՝ կոչով և խնդրանքով դիմելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ջանքեր գործադրելու Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով հակառակորդի ելման դիրքեր վերադառնալու և խաղաղություն ապահովելու համար:
Այս առումով շատ ողջունելի է մարտի 26-ին ՌԴ ՊՆ և ԱԳՆ արձագանքը: Շատ կարևոր էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների անդրադարձը, ինչպես նաև ՀՀ մեր գործընկերների ակտիվ աշխատանքը: Ինչպես գիտեք, իրավիճակի կայունացման նպատակով տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսային քննարկումները, որոնց հետևել է ՌԴ-ի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հեռախոսազրույցը: Այսինքն, շահագրգիռ ու պատասխանատու երկրները, գնահատելով իրավիճակը, իրենց միջնորդական առաքելությունն են կատարել»,- ասել է նախագահ Հարությունյանը: Անդրադառնալով հանրային և քաղաքական որոշ շրջանակների այն շահարկումներին, թե իբրև ադրբեջանական կողմի վերջին օրերին ծավալած ագրեսիան Արցախի իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածությունների արդյունք է՝ Հարությունյանն այն որակել է սադրիչ և պառակտող: «Մեր պայմանավորվածությունը մեկն է՝ եռակողմ հայտարարության կետերի կատարումը, որևէ այլ պայմանավորվածություն չի կարող լինել: Ուստի, նման սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն շեղել մեզ իրական խնդիրներից, միասնականությունից և պառակտել հանրությանը: Ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կարող լինել, այլև ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի կամ ընդլայնված կազմի հետ քննարկելու»,- ասել է նա:
Այնուհետև երկրում առկա ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նիստում կրկին հստակեցվել են ստեղծված իրավիճակում համարժեք քայլերի ձեռնարկման հետ կապված հարցեր: Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ: Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը: Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել նաև ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի: Երեկ ՌԴ ԱԳՆ ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ-ում ռազմական դրության մասին հրամանագիր է ստորագրել:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք