Найти тему
Հայաստանն այսօր

Միրզոյանը ՄԱԿ-ում խոսել է արցախահայության իրավունքների խախտումների և Ադրբեջանի անպատժելիության մասին

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա»,-ԱԳՆ մամուլի ծառայության
փոխանցմամբ՝ հայտարարել է Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ միջազգային հանրությունը հիմնականում անտարբեր մնաց ադրբեջանական վայրագությունների նկատմամբ։ «Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,-նշել է Միրզոյանը։

Նույն կերպ, ըստ Միրզոյանի, Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից: «ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»,-ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ըստ Միրզոյանի՝ ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: «Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ»,-եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Հաագայի դատարանը ժամանակավոր միջոցներ էր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի հայցի մասով՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովվի Լաչինի միջանցքի ողջ երկարությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։ Դատարանը մերժել էր նաև Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի հայցը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում