Найти в Дзене
Հայաստանն այսօր

Միրզոյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել է Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը

Այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու,մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն ու ձգտումը։ Այս մասին Անկարայում՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը կրկին ցավակցելով Թուրքիային ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ՝ վերհիշել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ նշելով, որ Հայաստանի համար խորթ չէ այս վիշտը։ Նա ընդգծել է, որ նմանօրինակ բնական աղետները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ, և աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։

«Հենց այս սկզբունքով էլ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Թուրրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Շնորհակալ եմ Չավուշօղլուին՝ հայ փրկարարների հասցեին, հայկական ներկայության ու աջակցության առիթով արտահայտած գնահատանքի խոսքերի համար»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը նաև խորհրդանշական է համարել շուրջ 30 տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանի բացումը, որով հումանիտար օգնությունը հասավ Ադիյաման։ Միրզոյանը տեղեկացրեց, որ ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ժամանել է Անկարա։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում