Օգոստոսի 29-ին Արցախի փախստականների միության անդամ Ռուզաննա Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որում մեղադրում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին ու արտգործնախարար Մասիս Մայիլյանին փախստականների իրավունքների ոտնահարելու համար: Մինչ այդ տեղի էր ունեցել հանդիպում Արցախի փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի ու Արցախի Օմբուդսմենի հետ: Վերոնշյալ նամակից հստակ երևում է, որ խոսքը միության նախագահի փոփոխության մասին է: Ռուզաննա Ավագյանի խոսքերով փորձ է կատարվել միությունը վերածել սեփական հայեցողության հերթական մի կառույցի: «Ցանկանում եմ Ձեզ հարցնել, երբվանի՟ց են ԱԳՆ ղեկավարն ու Օմբուդսմենը որոշում մեր փոխարեն, թե ով պետք է մեզ հետ աշխատի, ով մեզ ղեկավարի»,-գրում է Ռուզաննա Ավագյանը երկրի նախագահին ուղղված բաց նամակում: Նամակի մեջ Ռուզաննա Ավագյանը միաժամանակ գրում է նաև Արայիկ Հարությունյանի օգտին նախընտրական շրջանում աշխատանքի մասին։ Նրանց ամբողջ ընտանիքը քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին և ինքը, ըստ նամակի, համոզել է փախստականներին քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին: Վստահեցնելով, որ ինքն Արայիկ Հարությունյանի կողմնակիցն է, փախստականների միության ներկայացուցիչը խոսում է քաղաքական հետապնդման մասին և սպառնում դիմել քաղաքական հետապնդման պատճառով երրորդ երկիր գնալու համար:
Միության նախագահ Սարասար Սարյանն իր հերթին հրաժարվեց ասել ավելին, քան գրված է ֆեյսբուքում: Ամենայն հավանականությամբ փախստականների միության ակտիվիստներին առաջարկվել էր ընտրել նոր, ավելի եռանդուն ղեկավարություն, առաջարկել են թեկնածություն, ինչը բարկացրել էր տարիներ շարունակ հասարակական կազմակերպությունը կայացրած անձանց:
Արցախյան հասարակական գործիչ Կարեն Օհանջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Մասիս Մայիլյանն ու Արտակ Բեգլարյանը պետք է ներողություն խնդրեն փախստականներից: Նրա միջնորդությամբ երեկ, օգոստոսի 31-ին, Ռուզաննա Ավագյանը և Սարասար Սարյանը հանդիպել են նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ռուզաննա Ավագյանի խոսքերով, հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նորից հանդիպել սեպտեմբեր ամսին, ու նախագահին ներկայացնել միության երիտասարդ ակտիվիստներին: Վերջիններիս պակասը միության նախագահի ու անդամի խոսքերով, միությունը չի զգում:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան մեզ խորհուրդ տվեց բավարարվել Ռուզաննա Ավագյանի բաց նամակի տակ իր մեկնաբանության մեջ գրածով:
«Հարգելի՛ Ռուզաննա,
Կարծում եմ՝ թերընկալում կա Ձեզ մոտ: Նախ, ոչ ոք կասկածի տակ չի դնում կազմակերպության և անձամբ Ձեր անցած ճանապարհն ու վաստակը, ինչի մասին բազմիցս հրապարակային ու փակ հանդիպումներում նշել եմ: Առ այսօր կազմակերպությունը զգալի աշխատանք է կատարել փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվել են:
Երկրորդ, որևէ պետական մարմին չի կարող ստիպել որևէ ապօրինի բան հասարակական կազմակերպություններին, և ես էլ, որպես մարդու իրավունքների պաշտպան, զուտ նպատակ ունեմ աջակցելու կազմակերպությանն ու փախստականներին, և մեր միջև կարող է լինել միայն համագործակցություն:
Իսկ երեկվա մեր հանդիպումը կազմակերպության նախագահ Սարասար Սարյանի հետ նպատակ ուներ քննարկելու աջակցության հնարավոր ձևերը, մնացածը պետք է դիտարկել որպես գաղափար կամ առաջարկ, ոչ ավելին: Եվ ես քանիցս ասել եմ Սարոյին, որ մենք գաղափարներն ենք քննարկում, իսկ որոշում կայացնողը կազմակերպությունն է: Ավելին, հենց այդ նպատակով մենք առաջարկել ենք հանդիպում կազմակերպության ավելի լայն կազմի հետ, որպեսզի համատեղ որոշենք համագործակցության հնարավոր ձևերը:
Ի դեպ, քանի որ Դուք հանդիպմանը ներկա չէիք, այսքանը հակիրճ նաև Ձեզ եմ ասել հեռախոսով, դրա համար կխնդրեի չզրպարտել»-եզրափակում է Արտակ Բեգլարյանը:
Արտգործնախարարությունից մեզ տեղեկացրին, որ Մասիս Մայիլյանը կիսում է Օմբուդսմենի մոտեցումը և ավելացնելու ոչինչ չունի:
Լուսանկարը` 2020թ. օգոստոսի 11-ի հանդիպումից, Սարասար Սարյանը և Ռուզաննա Ավագյանը հանդիպում են Արտակ Բեգլարյանի հետ:
Ալյոնա Հայրապետյան
http://www.artsakhnow.am/%d5%be%d5%a5%d5%b3-%d6%83%d5%a1%d5%ad%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be%d5%ab%d5%bd%d5%bf%d5%ab-%d6%87-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80/