Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Армен Эльчиян

Անիծուած Բնակարանը

Ինչպէս տարին բոլոր արեւն առաւօտեան բարձրանում է կապոյտ երկնքում եւ երեկոյեան մայր է մտնում հեռու-հեռւում, ինչպէս գարունը յաջորդում է ձմռանը, իսկ աշունն՝ ամռանը, ինչպէս մենք ամէն օր վեր ենք կենում մահճակալից եւ օրուայ վերջում անկողին ենք մտնում, այնպէս էլ միշտ, քանի աշխարհը կայ, չարն ու բարին իրար դէմ են կռւում, մէկը միւսին առժամանակ յաղթում եւ քիչ յետոյ կռիւը դարձեալ սկսւում է: Մենք էլ՝ հասարակ մահկանացուներս, ներքաշւում ենք այս կռուի մէջ՝ մնալով մուրճի ու զնդանի արանքում: Բարիքը բաց է ու անկեղծ: Այն պարզ երեւում է ազնիւ մարդկանց աչքերում եւ նրանց արարքներում: Բարիքն ակնյայտ է մեր որոշումներում եւ գործողութիւններում: Չարիքը գործում է գաղտնի, թաքուն. ականակիր գիշերներին, հպանցիկ քամու պէս, այն սողոսկում է մարդկանց սրտերը, փսփսում իրենց ականջներին, գայթակղում թոյլ հոգիներին: Չարիքը կեղծ ու ապիրատ կերպով դրդում է դաւաճանել ու ցաւ պատճառել մերձաւորներին: Այն հետզհետէ մեզ հրում է դէպի անհուն վիհը, մենք էլ յաճախ, չհասկանալով մեր վարքագծի հետեւանքները, տեղի ենք տալիս ու անգիտակցաբար քայլում դ

Ինչպէս տարին բոլոր արեւն առաւօտեան բարձրանում է կապոյտ երկնքում եւ երեկոյեան մայր է մտնում հեռու-հեռւում, ինչպէս գարունը յաջորդում է ձմռանը, իսկ աշունն՝ ամռանը, ինչպէս մենք ամէն օր վեր ենք կենում մահճակալից եւ օրուայ վերջում անկողին ենք մտնում, այնպէս էլ միշտ, քանի աշխարհը կայ, չարն ու բարին իրար դէմ են կռւում, մէկը միւսին առժամանակ յաղթում եւ քիչ յետոյ կռիւը դարձեալ սկսւում է: Մենք էլ՝ հասարակ մահկանացուներս, ներքաշւում ենք այս կռուի մէջ՝ մնալով մուրճի ու զնդանի արանքում:

Բարիքը բաց է ու անկեղծ: Այն պարզ երեւում է ազնիւ մարդկանց աչքերում եւ նրանց արարքներում: Բարիքն ակնյայտ է մեր որոշումներում եւ գործողութիւններում: Չարիքը գործում է գաղտնի, թաքուն. ականակիր գիշերներին, հպանցիկ քամու պէս, այն սողոսկում է մարդկանց սրտերը, փսփսում իրենց ականջներին, գայթակղում թոյլ հոգիներին: Չարիքը կեղծ ու ապիրատ կերպով դրդում է դաւաճանել ու ցաւ պատճառել մերձաւորներին: Այն հետզհետէ մեզ հրում է դէպի անհուն վիհը, մենք էլ յաճախ, չհասկանալով մեր վարքագծի հետեւանքները, տեղի ենք տալիս ու անգիտակցաբար քայլում դէպի մեզ սպասող դժոխքը:

Լինում է այնպէս, որ չարիքը ապրում է մեղկ մարդկանց սրտերում ու հոգիներում: Այս դէպքում չարիքի արտացոլանքը մի վայրկեան անպայման յայտնւում է նրանց շփոթուած հայեացքում, կեղծ ձայնի երանգում: Լինում է նաեւ այնպէս, երբ չարիքը թաքնւում է մի յատուկ վայրում՝ շէնքում, սենեակում, անշունչ առարկաներում, ու հետզհետէ թունաւորում այս վայրում ապրող ու ոչինչ չկասկածող մարդկանց հոգիները:

Մանկութիւնիցս ես չարիքի նման դրսեւորման ականատեսն եմ եղել: Անիծուած վայրը գտնւում էր իմ տնից մի քանի մետր հեռաւորութեան վրայ՝ մեր դրացիների բնակարանում: Թիւ քսանվեց բնակարանը մեր յարկի չորս բնակարաններից մէկն էր: Հէնց այս բնակարանի մասին կը լինի իմ հետեւեալ պատմութիւնը:

❃ ❃ ❃
Բնական պարիսպով՝ կոկիկ ու հարթ խուզուած դեկորատիվ թփերով շրջապատուած հսկայ պանելային շէնքը վեր էր խոյանում դէպի երկինք՝ իր տպաւորիչ բարձրութեամբ: Արտաքին կողմից շէնքը ներկուած էր սպիտակ ու կապոյտ գոյներով, ներսից՝ կարմիր ու ճերմակ ներկերով: Թէեւ տեղ-տեղ ներկի շերտը ճաքճքուած էր, ակնյայտ էր՝ շէնքը դեռեւս երիտասարդ է՝ դեռ տասը տարեկան էլ չկար:

Շէնքի երկու կողմերը՝ թէ՛ դուրսը, թէ՛ ներսը, զարդարուած էին բազմաթիւ պստիկ ու մեծ պատուհաններով: Արեգակի ոսկեգոյն ճաճանչներն ընկնում էին պատուհանների հայելապատ մակերեսի վրայ, բեկւում ու լուսաւորում տերեւներով ծածկուած գաւթի սառը գետինը: Վաղ սեպտեմբերեան սիւքը թեթեւակի սուլում էր ու մէկ-մէկ պոկում ծառերի ու մացառների ճիւղերից կիսակենդան չոր տերեւները, ժամերով քշում ու պտտում դրանք օդի մէջ եւ վերջ ի վերջոյ գետնի վրայ մեծ շեղջեր առաջացնում: Փարթամ ընկուզենիների տակ բնութիւնը դեղնակարմիր խաշամից գեղեցիկ խճանկար էր ստեղծում: Սեպտեմբերեան հպանցիկ ու ջերմ հովի մէջ զգացւում էր անցած ամառուայ շունչը:

Բնակիչներից մի քանի զոյգ մօտեցան շէնքի մուտքին: Նրանց ետեւից աղմուկ ու աղաղակով վազում էին երեխաներն՝ իրար հետ խաղալով ու լիաթոք ճչալով: Առաջին ու վերջին անգամն էր, ինչ մեր յարկի բոլոր բնակիչները հաւաքուեցին շէնքի առաջ: Գեղեցիկ շորերով էին, կայծուն աչքերով, ասես՝ մի ճոխ հրաւէրք էին այցելելու: Համար քսանվեց բնակարանում ապրող Միխայիլ Միխայլովիչն իր կնոջ՝ Լիւդմիլայի, հետ էր: Ներկայ էին նաեւ իմ ծնողներն ու համար քսանեօթ ու քսանհինգ բնակարանների դրկիցները: Բոլորը զրուցում էին կենսաթրթիռ թեմաների շուրջ, կիսւում նորութիւններով, տարբեր հարցերում իրար խորհուրդ էին տալիս:

Միխայիլ Միխայլովիչը լուռումունջ կանգնած էր, ամաչկոտ հայեացքով նայում իր կնոջը: Նա միշտ կնոջ ստուերում էր եւ նրա հազուադէպ խօսքերում արձագանք էին գտնում իր կնոջ համարեա բոլոր կարծիքները: Մենք երբեք չենք տեսել նրանց կռուելիս կամ վիճելիս. ամուսինը նահանջում էր, զիջում կնոջը՝ վախենալով տեղիք տալ նրա զայրոյթին:

Կինը՝ Լիւդմիլան, ոճային հագնուած, գայթակղիչ ժպիտով, շորորում էր մեր առաջ: Նա հետեւում էր նորաձեւութեանը, յաճախ հագին ունէր գեղեցիկ լայնեզր գլխակներ, թանկ վերարկուներ: Նրա պարանոցին միշտ փաթաթուած էր չալ, երփներանգ շալը, որի ծայրերը կախւում էին ուսն ի վար ու քայլելուց դանդաղ երերում: Լիւդմիլային մենք՝ երեխաներս, երբեք չենք տեսել գլխաբաց, բայց լսել ենք, որ նրա մազերը, ձեան պէս, ճեփ-ճերմակ էին, երկար ու շատ գեղեցիկ: Դէմքի բարի արտայայտութեան տակ թաքնուած էր խիստ բնաւորթեան ստուերը: Խօսում էր նա վերամբարձ, ծոր տալով, կանացի ռնգային ձայնով:

Մեր շէնքի հարեւանները յաճախակի փոքր խմբերով հաւաքւում էին միջանցքում, միւս դրկիցներից բամբասում: Որոշ խօսքեր հասնում էին նաեւ մեզ՝ երեխաներիս: Պարզւում էր՝ Լիւդմիլան չափազանց տիրատենչ կին է: Նա հանդիպել էր Միխայիլ Միխայլովիչին այն ժամանակ, երբ նա ամուսնացած էր իր առաջին կնոջ հետ եւ ունէր երիտասարդ մի աղջիկ: Լիւդմիլայի բանսարկութեան պատճառով՝ Միխայիլ Միխայլովիչը հեռացաւ իր առաջին ընտանիքից, թողեց թէ՛ նախկին կնոջը, թէ՛ դստերը, եւ ամուսնացաւ Լիւդմիլայի հետ ու վերաբնակուեց մեր շէնքում: Լիւդմիլան իսկոյն կտրեց Միխայիլ Միխայլովիչին իր նախկին ընտանիքից: Երբ խօսք էր գնում դստեր մասին, Լիւդմիլան աչքունքը խառնում էր եւ, ձեռքերը կողքերին կանթած, զայրանում՝ ստիպելով ամուսնուն փոխել խօսակցութեան թեման:

Շէնքի առաջ այն անսպասելի հանդիպումից մի քանի ամիս անց Լիւդմիլան վախճանուեց: Մէկ ակնթարթում այս տիրատենչ կնոջ կեանքը վերջացաւ: Մի վայրկեան առաջ նա կենսախինդ էր, նոր ծրագրեր էր նախագծում, յաջորդ պահին՝ էլ չկար: Չար բախտն էր պատճառը, թէ մէկ ուրիշ պարագայ, ո՞վ գիտէ: Միխայիլ Միխայլովիչը յանկարծակիի եկաւ: Նա մնաց անտերունչ ու ժամեր շարունակ դեգերում էր թիւ քսանվեց բնակարանի փոքր սենեակներում: Նրա կօշիկների շրխկոցն անդուլ լսւում էր թէ՛ միջանցքում, թէ՛ կից բնակարաններում:

Յաջորդ երկու տարուայ ընթացքում ծերութիւնից եւ մեկուսի կեանքից Միխայիլ Միխայլովիչն սկսեց խելագարուել: Աչքերի ցոլանքը մարեցաւ, դէմքը ոչ մի զգացմունք չէր արտայայտում, քայլուածքը դանդաղ էր՝ երերող: Օրը մի յիսուն անգամ, մոլորուած երեխայի նման, նա դուրս էր գալիս միջանցք, զանգում հարեւան բնակարանները, հարցնում մեզ անծանօթ մարդկանց մասին ու դանդաղ ետ քայլում: Իր անյարիր, խառնիխուռն մտքերը նա ինքն էլ արդէն չէր կարող դասաւորել: Որոշ ժամանակ անց նա մոռացաւ թէ՛ իր ով լինելը, թէ՛ իր գտնուելու վայրը եւ մի օր էլ այս աշխարհից հեռացաւ այնպէս, ինչպէս հեռացաւ իր կինը մի քանի տարի առաջ:

Ես շատ փոքր էի այն ժամանակ՝ տասներկու տարեկան: Աչքիս առաջ տեղի ունեցող ողբերգութիւնը ես միայն մտապահում էի յիշողութեանս մէջ՝ չէի հասկանում ու չէի վերլուծում: Բայց երբ քրքրում եմ մանկութեանս յուշերը, պարզ հասկանում եմ՝ թիւ քսանվեց բնակարանում մի առեղծուած կար...

Միխայիլ Միխայլովիչի դուստրը ժառանգեց իր հօր բնակարանը: Նա շատ բարի կին էր, յարգանքով խօսում էր բոլոր հարեւանների հետ, խորհուրդ հարցնում, իր մասին պատմում: Նա չուզեց վաճառել բնակարանը, լրագրում յայտարարութիւն տուեց ու մի քանի ամսից բնակարանը վարձակալութեան յանձնեց: Նոր բնակիչները մի երիտասարդ զոյգ էին: Կինը՝ գեղեցիկ, երկար վարսերով, խարտիշահեր, բարակիրան, երեսունին մօտ աղջիկ էր, իսկ տղամարդը՝ բեղաւոր, լրջադէմ ու քչախօս, նոյնպէս երեսունին մօտ մի բիզնեսմեն: Նրանց մասին մենք բան չգիտէինք՝ ինչով էին զբաղուած, ինչպէս էին հանդիպել, որտեղից էին: Բնակարանից ոչ մի աղմուկ չէր լսւում՝ ո՛չ վէճ, ո՛չ աղաղակ, ո՛չ էլ անգամ ձայնասփիւռի կամ հեռուստացոյցի ձայն: Այդ ամէնը փոխուեց երկու-երեք տարի անց:

❃ ❃ ❃
Կրկին աշնանային ջերմ մի երեկոյ էր: Ես շատ էի սիրում նստել պատուհանագոգին ու ագահաբար դիտել, ինչպէս էր արեւը խոնարհւում դէպի մայրամուտ: Արեգակը դանդաղ իջնում էր երկնքից ու մի պահ էր գալիս, երբ նա ասես դիպչում էր հորիզոնին: Բոլոր շէնքերն այս ակնթարթին նեղ ու շատ երկար ստուերներ էին տալիս՝ զարդարելով ասֆալտը սպիտակ ու սեւ զոլերով: Դրսում ծնողներն զբօսոնում էին երեխաների հետ: Մի պատանի ման էր տալիս իր հասակի չափ հսկայ մի շուն: Փողոցից մէկ-մէկ թեթեւ աղմուկ էր գալիս՝ խաղացող երեխաների եւ կողքով անցնող մեքենաների ձայները:

Անձրեւն սկսուեց...
Անձրեւն սկսուեց...

Յանկարծ որոտի ուժեղ ճայթիւնն ազդարարեց գալիք անձրեւի սկիզբը: Մարդիկ արագ վազեցին դէպի իրենց տները եւ շուտով, ինձ նման, պատուհաններից հետեւում էին ջրով լցուած փողոցը: Ուժգին քամին մտրակահարեց լուսամուտիս, ճռնչոցով բացեց օդանցքն ու ներխուժեց իմ սենեակ: Ուշադրութիւնս շեղուեց: Ես վեր կացայ, օդանցքը փակեցի ու նորից հայեացքս փողոց ուղղեցի: Ասֆալտը գնալով աւելի էր մգանում, ծառերը յուլաբար կռանում էին քամու առաջ, ջրի մեծ ու փոքր առուակները կարկաչելով հոսում էին՝ քշելով իրենց մէջ ընկած չոր տերեւները:

Միջանցքից լսուեց կանացի մի զիլ ձայն: Կինը ճչում էր, ոռնում, լալիս: Ես մօտեցայ դռանն ու դիտանցքից նայեցի: Միջանցքում իրարանցում էր: Շռի՜նդ: Ժխո՜ր: Թիւ քսանվեց բնակարանում ապրող կինը յատակի վրայ էր պառկած, լաց ու կոծ էր անում: Ուսերը ցնցւում էին. խառնիխուռն մազերը ծածկել էին նրա արտասուաթաց դէմքը: Մի ակնթարթում բոլոր բնակարաններից դուրս թափուեցին հարեւանները, քիչ յետոյ նրանց միացան ոստիկանները: Ամբողջ յարկը տակնուվրայ էր եղել: Կինը շարուկանում էր գոռալ. մարդիկ հաւաքւում էին ու լուրջ դէմքերով իրար հետ խօսում: Տասը րոպէում միջանցքում անհամար բազմութիւն էր գոյացել՝ ասեղ գցելու տեղ չկար:

Ես բացեցի դուռը եւ նոյն վայրկեանին այս ամբողջ բազմութիւնը վազեց ինձ վրայ ու մտաւ մեր բնակարանը: Ոստիկանները նստեցին խոհանոցում մեծ սեղանի շուրջ ու սկսեցին լրացնել թղթերը: Կինը շարունակում էր արտասուել՝ մե՛րթ սաստկացնելով, մե՛րթ զսպելով իր լացը: Նրա հատուկտոր բացատրութիւնից ես հասկացայ, որ նա քիչ առաջ մտել էր բնակարան ու յատակի վրայ գտել սպանուած ամուսնուն: Ատրճանակը գցած էր նրա կողքին: Կինը նորից լաց եղաւ ու գոռաց այնպէս, որ նրա ձայնը արձագանք գտաւ մեր բնակարանի բոլոր սենեակներում: Ինձ թուած, թէ դրսից էլ կը լսէին խեղճ կնոջ ձայնը:

Շուտով համար քսանվեց բնակարանից բժշկական պատգարակի վրայ դուրս հանեցին յանցագործութեան զոհին: Բոլոր հարեւանները միաձայն հոգոց հանեցին ու սկսեցին փսփսալ իրար ականջի: Ամբողջ երեկոն յարկի բնակիչները ոտքի վրայ էին՝ թէ՛ հետաքրքրութիւնից, թէ՛ շոկից: Ոստիկանները վերջացրին իրենց գործերն ու հեռացան: Շտապ օգնութեան աշխատողները տարան նաեւ ջղային հիստերիայի մէջ բռնուած կնոջը:

Մի քանի շաբաթ անց մենք զարմանքով իմացանք, որ հէնց կնոջն էին մեղաւոր ճանաչել իր անուսնու սպանութեան մէջ: Մենք այլեւս նրան չտեսանք: Ոչ մէկը համոզուած չէր, ով էր իրականում յանցագործը: Բոլորս գոհ էինք, որ քրէագիտական վերլուծութիւնները վերջացել էին: Բոլորս հաշտուեցինք խեղճ կնոջ ողբերգական ճակատագրի հետ: Ես էլ, մէկ-մէկ անցնելով թիւ քսանվեց բնակարանի կողքով, հասկանում էի՝ եթէ կինը անգամ ատրճանակից կրակել էր իր ամուսնու վրայ, նա հաստատ պիտի լինէր չարիքի ազդեզութեան տակ: Այն չարիքի, որը բուն էր դրել այս անիծուած բնակարանում:

❃ ❃ ❃

Ամէն ինչ ճեփ-ճերմակ ձեան տակ էր...
Ամէն ինչ ճեփ-ճերմակ ձեան տակ էր...

Ես նորից պատուհանից դուրս նայեցի: Ամենուրեք ձեան փաթիլներ էին: Նրանք անդադար ընկնում էին ամպամած երկնքից եւ պարում սառն օդի մէջ: Ասես՝ երկնքում մէկը բարձերն էր թափ տալիս եւ հազարաւոր փետուրներ իջնում էին մրսած աշխարհի վրայ: Ահա՛ մի փաթիլ ընկաւ լուսամուտի ապակու վրայ ու մէկէն հալաւ: Դրան յաջորդեց երկրորդը, երրորդը, չորրորդը… Ահա՛ երկու փաթիլ իրար կպան ու ձմեռային թիթեռի նման ճախրում էին: Ես շուրջս աչք ածեցի. ամէն ինչ ճեփ-ճերմակ ձեան տակ էր՝ թէ՛ թփերը, թէ՛ ծառերը, թէ՛ փողոցային լապտերն ու ճամփան: Ամէն ինչ խոր քնի մէջ էր՝ երկար, խաղաղ քնի մէջ, որը զարդարում էր ու հիացնում ամբողջ բնութիւնը:

Երկու պստիկ փայլուն աստղ պոկուեցին գորշակապոյտ երկնքից ու վայրասլաց ցած ընկան՝ իրենց ետեւում թողնելով հետքի երկու սպիտակ գիծ: «Ո՞ւր են դրանք, – մտքումս հարցրի ես, – ինչո՞ւ ընկան»: Բայց ոչ մէկը չպատասխանեց: «Ուրեմն նրանց ճակատագիրը հէնց դա էր, – եզրակացրի ես, – շողշողալ երկնքում ու մի ակնթարթում անյայտանալ երկնակամարից»:

Ես երկար ժամանակ երկրից դուրս էի ապրել ու նոր էի վերդարձել հայրենիք: Կարօտել էի թէ՛ տանս, թէ՛ քաղաքիս, թէ՛ հարեւաններիս: Համար քսանվեց բնակարանում արդէն մի տարեց զոյգ էր ապրում: Մինչեւ օրս էլ յիշում եմ կնոջ բարի, քաղաքավարի, ինտելիգենտ դէմքը եւ ցմփոր ամուսնու ամբարտաւան ու արհամարհական պահուածքը: Հետաքրքիր էր, ինչպէս եղաւ, որ այս երկու լիակատար հակապատկերները միասին էին ապրում:

Շուտով նրանք բնակարանի հիմնական նորոգում սկսեցին: Փոխեցին թէ՛ դռները, թէ՛ պատուհանները, թէ՛ պաստառներն ու կահոյքը: Ես յուսով էի, որ գուցէ նորոգումը բնակարանից դուրս կը մղէր չարիքը, բայց ո՛չ՝ չյաջողուեց: Չարիքն այնքան խորն էր արմատացել այս բնակարանում, որ ոչ մի նորոգում չօգնեց:

Նորոգման ընթացքում միջանցքում անդուլ լսւում էր ամուսնու կոպիտ ձայնը, բղաւոցը: Մէկ-մէկ նա դուրս էր գալիս բնակարանից՝ վարտիքով ու վերնաշապիկով, որի տակից երեւում էին նրա մարմնի սեւ ու հաստ մազերը: Ամբարտաւան ու ոչ դաստիարակուած տղամարդը կոպիտ էր խօսում հարեւանների հետ, վիճում էր, ձայնը բարձրացնում: Մէկ էլ այնպէս եղաւ, որ մի քանի ամսուայ ընթացքում մենք նրանից լուր չունէինք: Հարեւաններն սկսեցին փսփսալ, իրար հարցնում էին անհետացած մարդու մասին:

Յետոյ մայրիկս սիրտ առաւ ու մի օր վերելակում հարցրեց կնոջը.

– Ո՞նց էք: Մենք Ձեր ամուսնուն վաղուց չենք տեսնում:

– Ճի՛շտ է, – եղաւ բարի կնոջ պատասխանը: – Մենք բաժանւում ենք: Պարզուեց` նա հաւատարիմ չէր, ինձ դաւաճանում էր:

Մայրս իջեցրեց հայեացքը:

– Իսկ հիմա դուք ի՞նչ էք անելու: Մենա՞կ էք:

– Հիմա ես աւելի կարեւոր խնդիր ունեմ, – ասաց կինը: – Հիւանդանոց եմ ուղեւորւում:

Երկա՜ր լռութիւն տիրեց: Մայրս ուղիղ նայեց կնոջ աչքերին եւ ամէն ինչ հասկացաւ: Քաղցքե՜ղ էր՝ ամենանենգ ու զարհուրելի հիւանդութիւնը: Կանանցից ո՞վ չգիտէ այս հիւանդութեան մասին, ո՞վ չի կասկածել ու չի գնացել ստուգման: Բոլորն էլ գիտեն ու, ասես վախենալով զայրացնել դաժան հիւանդութիւնը, երբեք չեն խօսում դրա մասին:

– Նա մտածում է, թէ ես այս վիճակում կը ներեմ նրան, – յանկարծ աւելացրեց կինը՝ խօսելով, իհարկէ, ամուսնու մասին: – Ո՛չ, երբեք չեմ ների, երբե՜ք: Ես դեռ հպարտութիւնս չեմ կորցրել:

Այդպէս էլ եղաւ: Նա չներեց: Կարճ ժամանակի ընթացքում մեր աչքի առաջ կինը թօշնեց, չորացած ծաղկի նման, ու սուսուփուս կեանքից հեռացաւ: Նրան թաղեցին ու բնակարանը նորից դատարկուեց... Դատարկուե՜ց... Իսկ անյագ չարիքը նորից գոհ էր եւ ուրախ: Քնած էր բնակարանում՝ սպասելով նոր բնակիչներին:

❃ ❃ ❃
Յաջորդ տասը տարուայ ընթացքում ես ուշադիր չէի հետեւում անիծուած բնակարանին ու դրա խեղճ բնակիչներին՝ մե՛րթ ես երկար ժամանակ ապրում էի արտասահմանում, մե՛րթ զբաղուած էի աշխատանքի վայրում, միայն ուշ գիշերն էի գալիս տուն եւ վաղ առաւօտեան արթնանում ու սլանում դէպի քաղաքի կենտրոն: Սակայն հնարաւոր չէր չնկատել, որ բնակիչների դէմքերն անընդհատ փոխւում էին: Լոկ երէկ էր՝ մի նոր ընտանիք առաջին անգամ ճամպրուկներով ու տուփերով մտնում էր համար քսանվեց բնակարան, այսօր էլ նրանք չկային ու մի նոր, ինձ անծանօթ դէմք բացում էր բնակարանի մուտքի դուռը: Այսօր մենք վայելում էինք բնակիչների երեխաների ուրախ դէմքերը, վաղն էլ միայն տխրութիւն էր երեւում նրանց այլայլուած աչքերում:

Իրար յաջորդող բնակիչները գալիս-գնում էին: Վերջում այս բնակարան մուտք գործեց մի երիտասարդ ընտանիք՝ երկու փոքր երեխաներով: Թւում էր, այս երեխաների ժպիտներն ու նրանց անեղծ սրտերում ապրող բարիքը պիտի յաղթեր բնակարանում ծուարած չար ուժին: Ամէն օր ես յոյսով բարեւում էի հարեւաններիս, սիրալիր ժպտում երեխաներին եւ ի պատասխան դրա՝ ստանում նրանց անկաշկանդ մանկական ծիծաղը: «Լինէ՜ր, այդպէս լինէր, – մտածում էի ես, – որ նրանք չարիքից աւելի ուժեղ գտնուէին ու արատաւոր շրջանը կոտրէին»:

Ցաւօք սրտի՝ քիչ անց ամուսինները բաժանուեցին, վաճառեցին բնակարանը եւ այլեւս չերեւացին մեր յարկում: Չար բնակարանն էլ մնաց մէն-մենակ, բաց թակարդի նման, չար ուժերը խնայելով ու համբերութեամբ սպսելով իր նոր զոհերին:

Հարեւաններից ոչ մէկը չէր համարձակւում խօսել բնակարանի մասին: Մենք հասկանում էինք՝ մի ահաւոր երեւոյթ է տեղի ունենում, սակայն, իրար հանդիպելով, չգիտենալու էինք տալիս, լարուած ժպտում, դատարկ թեմաների մասին խօսում: Բայց գիշերները... ականակիր գիշերները, անհուն լռութեան մէջ... այն լռութեան մէջ, որը կարծես քեզ մի վայրկեանում կարող է հեշտութեամբ կլանել ու որի մէջ կտրւում է ամենաուժեղ, ամենապայծառ յոյսը... այս լռութեան մէջ մենք՝ բոլորս, տագնապահար ու թեւաթափ, Աստծուց փրկութիւն էինք հայցում մեր կողքին ապրող չարիքից ազատուելու համար: Ոմանք էլ՝ խաչը բռան մէջ բռնած՝ աղօթում էին, որ չարը կողքով անցնի, որ բկին չչոքի ու մէկ ուրիշին գտնի իր ծարաւը յագեցնելու համար:

Չարիքն, իրօք, ապրում է մէր կողքին: Նա ճանապարհ է գտնում դէպի անեղծ հոգիները եւ բարի սրտերը: Չարիքը բաժանում է ընտանիքները, կործանում մարդկանց կեանքը՝ նրանց մէջ առաջացնելով բնաւորութեան ամենատգեղ գծերը: Այն թաքուն ու մեծ համբերութեամբ սպասում է յաջորդ զոհին, որն անգիտակցաբար թակարդն է ընկնում: Բայց ամենասարսափելի փաստն այն է, որ չարիքն անյագուրդ է: Այն ամենահզօր եւ ամենակեր էութիւնն է: Չարիքը թաքնւում է տարբեր դէմքերի ետեւում, տարբեր վայրերում: Նրան կարող ես հանդիպել մթին փողոցներում, հեռաւոր ճահիճներում, ամայի անտառներում, կամ էլ սովորական շէնքում, ինչպիսին մեր շէնքն է... եօթերորդ յարկում, համար քսանվեց բնակարանում....

Յ.Գ. Երբ վերջացրի ու վերընթերցեցի այս նիւթն, ինձ թուաց, թէ իմ յուզական հոգին յօրինել էր այս պատմութիւնը: Երկար ժամանակ էր անցել, ինչ մեր յարկում տեղի չէին ունենում ողբերգական իրադարձութիւններ: Բնակարանում նոր ընտանիք էր ապրում՝ մի տարեց զոյգ: Ապրում էր հաշտ ու խաղաղ արդէն երկար ժամանակ: «Գուցէ՞ քսանվեցերորդ բնակարանի առեղծուածն իմ երեւակայութիւնն էր», – մտածեցի ես:

Յանկարծ ես ուշքի եկայ ու երեւութական քնից արթնացայ ականջիս հասած կանացի մի լացող ձայնից: Այն միջանցքից էր գալիս: Ես մօտեցայ դռանն ու մի փոքր բացեցի այն: Համար քսանվեց բնակարանում ապրող կինը չոքել էր դռան առջեւ ու լաց էր լինում՝ ինչ-որ բան աղերսելով բնակարանում գտնուող ամուսնուց: Մէջքը կորացած՝ կինը դողում էր սառը ջուրն ընկածի պէս, ուսերը ցնցում:

– Խնդրում եմ, դուռը բա՜ց... Ես կը հեռանամ, այլեւս չեմ երեւայ այստեղ: Խնդրո՜ւմ եմ:

Ամուսինը մի երկու խօսք մրմնջաց: Ամենայն հաւանականութեամբ՝ հրաժարուեց:

– Խնդրում եմ, դուռը բա՜ց... – կրկին գոռաց կինը, – Դու լաւ գիտես՝ ես առանց քեզ չեմ կարող ապրել, դու էլ՝ առանց ինձ: Դուռը բա՜ց...

Երկու ժամ անցաւ: Կինը շարունակում էր խնդրել, հառաչել, աղերսել: Ամուսինը չարիքի ազդեցութեան տակ չէր նահանջում: Էլի կրկնւում էր բազում անգամներ տեղի ունեցած դժոխքը: Մենք էլ՝ հարեւաններս, կանգնած էինք մեր դռների շեմին ու անսահման վախից չէինք կարող նոյնիսկ փոքր քայլ անել դէպի խեղճ կինը....

02.12.2015