Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Армен Эльчиян

Ռուսական Հովտաշուշանը

Երկու հազար ինը թուականի ձմեռը չէր նահանջում: Մարտն արդէն կէս էր լինում, սակայն օդը դեռ սառն էր, երկինքն՝ ամպամած, քամին՝ կտրող: Երբեմնակի ձիւն էր տեղում: Ծառուղու մրսկան եղեւնիները շարքով կանգնած էին մէն-մենակ, մերկ ու տխուր: Վաղուց անցած անգութ սառնամանիքները ծառերի կքուած ճիւղերի վրայ հաւաքել էին ծանր գորշ ձիւնակոյտեր, որոնք արդէն տաք եղանակից բաւականին խոնաւացել ու ծանրացել էին: Մերթ ընդ մերթ փչող քամուց ծանրաբեռնուած ճիւղերն օրօրւում էին, լացի ձայն հանում, երբեմնակի ճկւում, թօթափում ճերմակ բեռը, իսկ մէկ-մէկ ահաւոր ճայթիւնով յանկարծակի կոտրւում ու ընկնում արահետին: Քաղաքը գորշացել էր, հալած ձիւնն ու սառոյցը փոխարկուել էին դարչնագոյն ցեխի ու ճապաղել ամբողջ քաղաքով մէկ: Ցեխը կուտակւում էր մեքենաների անիւների տակ կամ էլ ճանապարհների գուբերի մէջ: Տեղ-տեղ ցեխի մէջ գոյացել էին կեղտոտ ջրի լճակներ, որոնց մէջ եղանակի ներշնչած տխրութեամբ երկինքն իր թախծոտ պատճէնն էր հանում: Անցած կաղանդի տօնակատարութիւնների առիթով զարդարուած ծառերից տխուր կերպով կախ էին ընկել խունացած խաղալիքները: Ես, երաժշտ

Երկու հազար ինը թուականի ձմեռը չէր նահանջում: Մարտն արդէն կէս էր լինում, սակայն օդը դեռ սառն էր, երկինքն՝ ամպամած, քամին՝ կտրող: Երբեմնակի ձիւն էր տեղում: Ծառուղու մրսկան եղեւնիները շարքով կանգնած էին մէն-մենակ, մերկ ու տխուր: Վաղուց անցած անգութ սառնամանիքները ծառերի կքուած ճիւղերի վրայ հաւաքել էին ծանր գորշ ձիւնակոյտեր, որոնք արդէն տաք եղանակից բաւականին խոնաւացել ու ծանրացել էին: Մերթ ընդ մերթ փչող քամուց ծանրաբեռնուած ճիւղերն օրօրւում էին, լացի ձայն հանում, երբեմնակի ճկւում, թօթափում ճերմակ բեռը, իսկ մէկ-մէկ ահաւոր ճայթիւնով յանկարծակի կոտրւում ու ընկնում արահետին: Քաղաքը գորշացել էր, հալած ձիւնն ու սառոյցը փոխարկուել էին դարչնագոյն ցեխի ու ճապաղել ամբողջ քաղաքով մէկ: Ցեխը կուտակւում էր մեքենաների անիւների տակ կամ էլ ճանապարհների գուբերի մէջ: Տեղ-տեղ ցեխի մէջ գոյացել էին կեղտոտ ջրի լճակներ, որոնց մէջ եղանակի ներշնչած տխրութեամբ երկինքն իր թախծոտ պատճէնն էր հանում: Անցած կաղանդի տօնակատարութիւնների առիթով զարդարուած ծառերից տխուր կերպով կախ էին ընկել խունացած խաղալիքները:

Ես, երաժշտութեան դասատուս Ալեքսէյն ու իր կին Ալբինան դանդաղ ու երկար ման էինք գալիս փողոցում, այնուհետեւ մտանք մի մթերային խանութ: Խանութը բազմամարդ էր: Յաճախորդներն, ինչպէս ձմեռային քնից արթնացած կենդանիներ, վխտում էին, վազվզում խանութի փոքր տարածքում: Մինչ Ալբինան ուսումնասիրում էր իր ընտրած ապրանքները, մենք, ձեռքներիս մի քանի հաց, դրամարկղի մօտ արդէն սպասում էինք մեր հերթին: Գանձապահը վերցրեց մեր զամբիւղը, հաշուեց վճարելիք գումարը, մեզ այն յայտարարեց ու սխալմամբ խառնեց մեր ապրանքները նախորդ յաճախորդի՝ մի ծեր ու դանդաղաշարժ կնոջ, գնումների հետ: Մեծ կոյտից մենք զգուշաբար վերցրինք մեր հացի կտորներն ու մուտքի անձուկ դռնից արագօրէն սպրդեցինք փողոց: Դանդաղկոտ գիրակազմ կինն էլ շարունակեց հաւաքել իր իրերը: Կուզիկութեան պատճառով նա շատ ծեր էր թւում: Հագնուած էր աղքատիկ. հագին ունէր մի հին մաշուած վերարկու, որի տակից երեւում էր նոյնպէս մաշուած մի ձեռագործ կոֆտա: Գլխահակ ու յոգնած կեցուածքով, հին ու փոշոտ արդուզարդով՝ կինը դողդոջուն ձեռքերով զգուշաբար ժողովում էր իր գնած մթերքները խանութի սայլակի մէջ: Շուտով նա արդէն հրում էր սայլակը նեղ մուտքից ու յանկարծ լռուեց դռան մէջ: Մի խլրտում առաջացաւ խանութի շեմին:

Մենք ակնդէտ նայում էինք մեր առաջ բացուող տեսարանին:

– Ես այս կնոջ հետ ծանօթ եմ, Արմէ՛ն: Նրան չե՞ս ճանաչում:

– Ո՛չ: Ո՞վ է նա, – զարմացած հարցրի ես:

– Ինչպէ՞ս թէ... Վալենտինա՛ Վասիլեւնա, եկէ՛ք ես Ձեզ օգնեմ, – բարձր ասաց Ալեքսէյը, որպէսզի կինը նրան լսի:

– Ա՜հ, Լեոշա՛, շնորհակալութի՜ւն, – մեծ ուրախութեամբ, թեւատարած նա մօտեցաւ ընկերոջս ու գիրկն առաւ:

– Բարե՛ւ Ձեզ, – ասացի ես:

– Բարե՛ւ Ձեզ, – պատասխանեց նա եւ շատ յոգնած ու տխուր հայեացքով զննեց ինձ:

Ինձ նայում էր բազմաթիւ պստիկ վէրքերով պատուած մի խորշոմած դէմք: Ականջներն ու ալեհեր մազերը ծածկուած էին գոյնզգոյն ռուսական շալով: Այտերը կնճռոտուած էին, ձեռքերը ծերութիւնից կամ էլ ցրտից՝ ճաքճքուած: Խոր ու բեզարած աչքերի մէջ կարդացւում էր կնոջ անսահման յոգնութիւնը:

– Դուք է՞լ էք այս խանութում գնումներ անում, – կինը հարցրեց Ալեքսէին: – Այստեղ ամէն ինչ շա՜տ թանկ է, շա՜տ:

– Այո՛, Ալբինան դեռեւս խանութում է, առնելիքներ ունի, – եղաւ ընկերոջս պատասխանը: – Վալենտինա՛ Վասիլեւնա, մեզ մօտ հի՛ւր եկէք, վաղուց իրար չենք տեսել:

– Անպայման կը գամ: Օրերս կը գամ:

Տատիկը հրաժեշտ տուեց ու, քարշ տալով, դանդաղ հրեց իր սայլակը մինչեւ խանութից ոչ հեռու կայանած թանկարժէք արտասահմանեան աւտոմեքենան, բացեց պահեստախցիկը, ներս դրեց գնումները, յետոյ յամրաքայլ մօտեցաւ առջեւի դռանն ու նոյնպէս դանդաղ նստեց ղեկի մօտ: Քիչ անց մեքենան աղմուկով տեղից շարժուեց ու մեծ արագութեամբ անհետացաւ հեռւում: Ես նայում էի այդ տեսարանին ու բան չէի հասկանում: Ո՞վ էր այս կինը: Ի՞նչ գործ ունէր Ալեքսէյը նրա հետ:

– Եզակի կին է նա: Մեր ռուսական հովտաշուշա՜նն է:

– Ո՞վ է նա:

– Դու դեռ չե՞ս հասկացել: Նա ինքը՝ Վալենտինա Վասիլեւնան է: ՏՈԼԿՈՒՆՈՎԱ՜Ն:

Կէս ժամ անց ես ու Լեոշան նստած էինք իր խոհանուցում, թէյ էինք խմում ու ընկերս ինձ պատմում էր «ռուսական հովտաշուշանի» հետ կապուած իր յիշողութիւնները.

«Հէնց այս խոհանոցոմ՝ քո աթոռի վրայ, նստած էր նա: Չորս տարի առաջ էր: Նա եկաւ ինձ ծանօթ գործընկերոջս՝ տաղանդաւոր երգահան Սերգէյ Կովալսկու հետ: Կովալսկին մի քանի երգ էր յօրինել Տոլկունովայի համար եւ իմ արուեստանոցում որոշել էր դրանք ձայնագրել:

Աջից ձախ՝ Սերգէյ Կովալսկին, Վալենտինա Տոլկունովան ու Ալեքսէյ Ռոստովը
Աջից ձախ՝ Սերգէյ Կովալսկին, Վալենտինա Տոլկունովան ու Ալեքսէյ Ռոստովը

Վալենտինան եկաւ շատ տխուր, վախկոտ կեցուածքով՝ ինքն իր վրայ անվստահ: Մինչեւ օրս էլ յիշում եմ նրա դէմքի վեհերոտ արտայայտութիւնը: Ռուսաստանի ու ամբողջ Խորհրդային Միութեան առասպելը, մեր ռուսական աստղը, երկիւղելով, հայեացքն անընդհատ վայր էր իջեցնում»:

Ես նայում էի Ալեքսէի պայծառ դէմքին ու սպասում իր հետաքրքրաշարժ պատմութեան շարունակութեանը: Ուշ երեկոյ էր: Շուտ էր մթնում: Կապտաւուն պաստառներով կոկիկ խոհանուցում էինք: Թէյի գոլորշին ջերմացնում էր ձեռքերս, հասնում երեսիս: Ալբինան կարգի էր բերում բնակարանի միւս սենեակն ու չէր ուզում խանգարել մեր զրոյցը: Թոյլ լուսաւորութեան տակ խոհանոցի բոլոր անկիւններից ինձ նայում էին Ալբինայի ու Ալեքսէի սիրած կարմրաթեւ զատիկները՝ տարբեր չափերի ու տեսակների: Նրանք էլ, ասես տապ էին արել ու ինձ նման մեծ ուշադրութեամբ սպասում էին Ալեքսէի պատմութեանը: Սեղանի տակ վաղուց քնած էր բարի Լիւկը՝ ֆրանսական ցլաշունը: Օճոռքի լոյսը հանգցրած էր: Միայն մի քանի տասնեակ տօնական լամպիկների առկայծ լոյսը, որը բեկւում էր ու արտացոլւում հայելապատ սալիկներով երեսպատուած առիքում, եւ ժամանակ առ ժամանակ փողոցով անցնող մեքենաների աղմուկը շեղում էին մեր ուշադրութիւնը: Հաճելի էր ու հանգիստ:

«Մենք շատ արագ ընդհանուր լեզու գտանք: Նա մերն է, ռուս է: Նա իսկական ժողովրդական հոգի ունի: Չեմ հասկանում, ինչո՞ւ շատերը սիրում են բաբկինաներին ու կադիշեւաներին, ինչո՞ւ բոլորին նրանք թւում են իսկական ռուս երգչուհիներ: Սակայն հէնց Տոլկունովան է բուն ռուսական ոճի ու հոգու երաժիշտ: Յատկապէս ինձ համար նա զուտ ռուսական մշակոյթի ներակայացուցիչ է՝ ազնի՜ւ ու անկե՜ղծ»:

Նա կանգ առաւ: Դէմքի վրայ մի կարօտաբաղձ հայեացք երեւաց:

Ալեքսէյ Ռոստովն ու Վալենտինա Վասիլեւնա Տոլկունովան
Ալեքսէյ Ռոստովն ու Վալենտինա Վասիլեւնա Տոլկունովան

«Դու գիտե՞ս, իմ մանկութեան տարիներին նա ապրում էր մեզնից ոչ հեռու: Մեր բնակարանները հարեւան շէնքերում էին՝ «Խովրինո» շրջանում: Ես շատ էի սիրում նրան, երկրպագում: Ժամեր շարունակ լսում էի նրա երգերը, տարւում Տոլկունովայի հրապուրիչ ու ականակիտ ձայնի թելերով, ազդեցիկ կատարմամբ: Մանուկ ժամանակուանից խելքս գնում էր նրա երգերից: Երբ բարեբախտութիւն էի ունենում նրան բակում տեսնելու, ինձ թւում էր հեքիաթային մի դիցանուշ էր մեր կողքով անցնում: Մեր՝ բոլորի, կեանքում նա հետք է թողել իր անհուն տաղանդով, թովիչ գգուանքով: Դու յիշո՞ւմ ես նրա յայտնի երգը «Ես այլ կերպ չեմ կարող»: Դու յիշո՞ւմ ես նրա բուն ռուսական արդուզարդն ու պարը: Նա «մե՜րն է», ռուս՝ հոգով ու սրտով»:

Վալենտինա Տոլկունովա «Ես այլ կերպ չեմ կարող»

Ես իսկոյն յիշեցի այն ելոյթը: Տոլկունովան, վարդագոյն շրջազգեստով, մարգարտէ ժապաւէնը ծամին հիւսուած, երգում էր, պարում, ռուսական տիկնիկի պէս պտտւում: Թւում էր, ոչ թէ նա էր երգում, այլ նրա ռուսական բնութիւնը, նրա ռուս հոգին: Սակայն ինձ աւելի էր դուր գալիս նրա միւս երգը՝ «Կճատ քթիկները»: Երգը մայրական սիրոյ ու հաւատարմութեան մասին է: Ո՞վ չի յիշում այդ երգի նրա կատարումը համարեա երեսուն տարի առաջ: Երաժշտութեան ու երգեցողութեան միջոցով Վալենտինան կատարեալ բնականութեամբ ու հմտութեամբ նկարագրում էր մօր անսահման սէրը՝ Խորհրդային Միութեան ունկնդիրների սրտերում նոյնացուելով իսկական ռուս կնոջ հետ: Ներկայացումից յետոյ նրան գովաբանում էին, մեծարում, սիրում, երկրպագում: Եւ այդ ելոյթը դարձաւ անգամ նրա համար մի անսպասելի անակնկալ. մի օրում նա դարձաւ աստղ ժողովրդական երգարուեստի ասպարէզում:

Վալենտինա Տոլկունովա «Կճատ քթիկները»

Ալեքսէյն ու ես շարունակում էինք լուսացնել գիշերն՝ աւելի ու աւելի խորասուզուելով ընկերոջս յիշողութիւնների մէջ:

– Ձայնագրութեան ընթացքը շատ էր դժուար, – շարունակում էր ընկերս, - Կովալսկին՝ տաղանդաւոր երգահանն ու երգիչը, մզում էր Վալենտինայի ուժերը: Երգերից մէկը լքուած կնոջ վիրաւորանքի մասին էր: Կովալսկին ուզում էր լսել Տոլկունովայի զայրոյթն ու վիրաւորուածութիւնը, իսկ երգչուհին միայն ցոյց էր տալիս ներողութիւնն ու թողութիւնը: Նա ուզում էր Տոլկունովայից ճզմել դաժանութիւն ու խստութիւն, իսկ հոգածու Վալենտինան միայն յաջողում էր ցոյց տալ բարի ու նուրբ վերաբերմունք: Լինելով ռուս հոգու տէր կին՝ նա միշտ ներում էր նեղիչներին, անգամ երգերում, ու չէր կարող հակառակուել իր բարի բնութեանը: Ուզո՞ւմ ես, ես քեզ ձայնագրութիւնից մի հատուած միացնեմ:

– Ի՛հարկէ, – աշխուժօրէն պատասխանեցի ես:

Լեոշան շրջուեց ու միացրեց ձայնագրիչը:

Լսուեց մի խօսակցութիւն.

– Ո՛չ, ո՛չ, ո՛չ, Վալենտինա Վասիլեւնա՛, այսպէս չի լինի, – որոտընդոստ ձայնով բղաւում էր Սերգէյը: – Կինը վիրաւորուա՜ծ է, զայրացա՜ծ: Դուք պիտի շատ դաժան կերպով նրան դիմէք: Եկէ՛ք ցոյց տամ...

Լսուեցին ոտնաձայներ: Ըստ երեւոյթին Սերգէյն անցաւ ձայնագրման խցիկ: Նորից հնչեց մեղեդին ու լսուեց Սերգէյի զայրոյթով լի ձայնը. «Ես ուրա՛խ եմ, որ մենք բաժանուեցինք, ուրա՛խ եմ, որ մենակ եմ մնացել»: Մեղեդին ընդհատուեց:

– Հասկանո՞ւմ էք: Դուք պիտի ընդգծէք, որ ուրա՜խ էք: Հասկանո՞ւմ էք:

– Հասկացայ... – խղճուկ ձայնով ասաց Տոլկունովան:

Պարզ էր, նա հասկանում էր հեղինակի մտայղացումը, բայց միաժամանակ քաջ գիտակցում էր, որ նա այդպէս զգալ ու երգել չի կարող: Նա հոգու այլ կառուցուածքի տէր կին էր: Նա չէր կարող ուրախանալ ուրիշի ցաւից կամ էլ դաժան լինել: Հովտաշուշանը չէր կարող վայրի խոլորձ դառնալ, թէկուզ երգի մէջ...

– Մենք նրա հետ ընկերացանք, – անյարիր յիշողութիւնները ժողովելով՝ շարունակեց Լեոշան: – Մի անգամ զատիկի ժամանակ գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, աղօթք կարդացինք: Նա շատ ուղղամիտ ու ազնիւ կին էր՝ դուրս եկած ժողովրդի ծոցից: Յիշում եմ նրան եկեղեցում՝ յատուկ գլխի յարդարանքով: Սուսուփուս շարժւում էր, խորանին ու սուրբ պատկերներին երկար նայում, խաչակնքւում, հնազանդ ու խոնարհ խօսում վանականների հետ: Մարդիկ տեղնուտեղը ճանաչում էին նրան, իրար ականջի քչփչում, սիրով ժպտում: Վալենտինան ինքըստինքեան մօտենում էր նրանց, բարի խօսքեր ասում:

– Տոլկունովան հաւատացեալ է: Հաւատում է Աստծուն ու ապրում է ըստ քրիստոնէութեան կանոնների: Իմ կարծիքով՝ իր վարմունքի ու որոշումների վրայ հաւատի ազդեցութիւնը չափազանց մեծ է... – Ալեքսէյը յանկարծ լռեց:

«Դու գիտէի՞ր, որ անցած նոր տարուայ տօնի նախօրեակին նա ինձ մօտ էր: Հէնց դեկտեմբերի երեսունմէկին նստեց իր մեքենան, եկաւ իմ տուն ու անվստահ սեղմեց մեր դռան զանգը: Ես դուռը բացեցի. նա կանգնած էր, ինձ էր ժպտում իր մանկական դէմքով: Ալբինան խոհանոցում էր, աղցաններ էր պատրաստում. մենք էլ հիւրասենեակում զրուցում էինք տարբեր թեմաներից: Ժամանակն անցնում էր, իսկ նա անգամ մտադրութիւն չունէր տուն գնալու: Չէի հասկանում, ի՞նչ էր ուզում: Ինչո՞ւ իր ընտանիքի գրկում չէր, ինչպէս իւրաքանչիւր մարդ նոր տարուայ տօնի օրը: Արդեօ՞ք չկար մէկը, որի հետ նա կարող էր տօնը նշել:

Այդ րոպէին հեռուստատեսային ալիքներից մէկով սկսուեց «Ճակատագրի հեգնանքը» վերտառութեամբ շարժանկարը: Տոլկունովան, կարծես առաջին անգամ էր դիտում այս յայտնի ֆիլմը, հայեացքը յառել էր էկրանին ու աչքը չէր կարող կտրել շարժանկարից: Նա ուշադրութեամբ հետեւում էր հերոսներին, ուրախանում ու տխրում նրանց հետ, մէկ-մէկ ժպտում զաւեշտական դրուագների ժամանակ: Յանկարծ ես գլխի ընկայ, որքան մենակ էր նա: Այս յայտնի կինը, այս հրեշտակային ձայնով հռչակաւոր երգչուհին, մէն-մենակ էր արար աշխարհում: Նա թէ՛ դրամ ունէր, թէ՛ թանկ մեքենայ, թէ՛ մեծ բնակարան, բայց հարազատ օջախ չկար: Իր զառամեալ մօրից զատ, էլ ընտանիք չունէր: Ոչ մէկը չկա՜ր... Ձեռքը փրփուրին գցող խեղտուողի նման նա եկել էր ինձ մօտ՝ ցանկանալով նոր տարին դիմաւորել ջերմ ընտանեկան մթնոլորտում»:

Լեոշան ծանր շունչ քաշեց: Իսկ ես վախենում էի անգամ աչքս ճպպացնել, որպէսզի ոչ մի պստիկ մանրամասնութիւն չվրիպի իմ ուշադրութիւնից: Ալեքսէյը շարունակում էր.

«Այն օրը նրան անդուլ զանգահարում էին իր գործընկերներն ու հեռաւոր բարեկամները:

– Ա՜յ, Վասիլի՛, շա՜տ շնորհակալ եմ ձեր զանգի համար: Սիրում եմ ձեզ, շատ-շատ: Ձեզնից աւելի լաւ ոչ մէկը չի կարող ասմունքել Պուշկինի բանաստեղծութիւնները, – հեռախօսով ասաց Տոլկունովան ի պատասխան հռչակաւոր դերասանի՝ Վասիլի Լանովոյի, բարեմաղթանքների:

Վալենտինան վերջացրեց զրոյցը, մի պահ լռեց ու հայեացքով զննեց թազմաթիւ սկաւառակներով իմ պահարանը: Յանկարծ նա տեսաւ իր սկաւառակներից մի քանիսն ու նրա դէմքը երջանկութիւնից շառագունեց.

– Այս ալբոմը ես ձայնագրեցի Օլէգ Օնուֆրիեւի հետ «Նաւամատոյցում» վերնագրով երաժշտական մուլտֆիլմի համար, – ասաց նա՝ սկաւառակն ինքնաբերաբար դնելով իր պայուսակի մէջ:

– Վալենտինա՛ Վասիլեւնա, խնդրո՛ւմ եմ, սկաւառակը թողէ՛ք ինձ մօտ, – խնդրող հայեացքով ասացի ես: – Ձեր հիանալի կատարումը վայելելու հնարաւորութիւնից ինձ մի՛ զրկէք, խնդրո՜ւմ եմ:

– Բայց ալբոմն իմն է... – Տոլկունովան յուզուեց, սփրթնեց, ետ դրեց «Նաւակայանում» սկաւառակն ու նայեց միւսին:

«Նաւամատոյցում» երաժշտական մուլտֆիլմը

Միւս ալբոմի երեսի վրայ պատկերուած էր Տոլկունովայի կիսադէմը՝ գեղեցիկ կերպով յարդարուած ծամերով, կապոյտ արդուզարդով, շլացնող ժպիտով: Տոլկունովան երկար նայեց ալբոմի շապիկին, հիանալով իր գեղեցկութեամբ, յետոյ ինձ նայեց եւ հրճուալից ու պարզասրտօրէն ասաց. «Չէ՞ որ սա Հոլիվո՜ւդեան գեղեցկութիւն է»:

Երեկոն շարունակւում էր: Շուտով մենք պիտի դուրս գայինք. դու քո տանը մեզ սպասում էիր, Արմէ՛ն: Սակայն Տոլկունովան մեզ մօտ էր ու չէր էլ մտածում հեռանալու մասին: «Ճակատագրի հենգնանքը» վերջացաւ ու սկսուեց նոր տարուայ տօնին նուիրուած հերթական համերգը՝ բազմաթիւ երաժշտական խմբերի ու աստղերի ելոյթներով: Յանկարծ էկրանին յայտնուեց «Ֆաբրիկա» խումբն ու երեք երգչուհի սկսեցին երգել Տոլկունովայի այցետոմսը՝ յայտնի «Եթէ ձմեռ չլինէր» երգը: Վալենտինան կտրականօրէն դէմքը շրջեց, վիրաւորուած հայեացք նետեց դէպի ելոյթ ունեցող խումբը ու զայրոյթով կցկտուր բացականչեց. «Սա ի՜մ երգն է»: Յետոյ զսպեց իր զայրոյթի բռնկումն ու խորասուզուեց իր խորհրդածութեան մէջ:

Ֆաբրիկա «Եթէ ձմեռ չլինէր»

Վալենտինա Տոլկունովա «Եթէ ձմեռ չլինէր»

Ակնյայտ էր, նա շատ էր ցանկանում մասնակցել նման համերգների, շատ էր ուզում բեմից կատարել, խանդում էր, զայրանում երիտասարդ երգչուհիների վրայ, բայց ոչ մի բան ի վիճակի չէր անել: Թէեւ նա ե՛ւ դրամ ունէր, ե՛ւ հնարաւորթիւններ եւ նրա համբաւը դեռ մեծ էր, սակայն նա չէր սիրում պայքարել, չէր ուզում խնդրել ու պահանջել, չէր ցանկանում ապացուցել իր կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը: Նա մաքառող անձ չէր, նա մի նուրբ ծաղիկ էր, որն ըստ բնութեան օրէնքների պիտի վայելէր դէպի իրեն ուղղուած սիրոյ ճաճանչները:

Շուտով Ալբինան մեզ ընթրիքի հրաւիրեց, հիանալի խնձորով կարկանդակ հիւրասիրեց: Մենք թէյ էինք խմում, վերյիշում անցեալից ծիծաղաշարժ պատահարներ: Նա պատմեց, թէ ինչպէս մի անգամ հէնց բեմում մոռացաւ երգի խօսքերը եւ որքան զայրացաւ ու ի լուր բոլորի նրան յանդիմանեց խմբավարը՝ աշխարհահռչակ Սիլանտեւը: Նա կարծես ամէն ինչ գիտէր Ռուսաստանի, երկրի մշակոյթի, պատմութեան եւ աւանդոյթների մասին: Վայելում էր ռուսաց գրականութիւնն ու բանաստեղծական արուեստը: Նա այնքան լաւ էր զգում վանկի գեղեցկութիւնն, ինչպէս կարող են զգալ միայն բացառիկ հոգեկան կազմուածքի տէր արուեստասէրները:

Տոլունովան Ալեքսէի խոհանոցում. սեղանի վրայ՝ Տոլկունովայի սիրած խնձորով կարկանդակը
Տոլունովան Ալեքսէի խոհանոցում. սեղանի վրայ՝ Տոլկունովայի սիրած խնձորով կարկանդակը

Նա մեզ պատմում էր իր կեանքից հետաքրքրաշարժ դրուագներ եւ միաժամանակ արագօրէն վայելում կարկանդակի իր կտորը: Ըստ որում` ուտում էր միայն վերեւի կոշտ ու ամենաքաղցր մասը՝ բեզէն: Իսկ ներքեւի մասը ձեռք չէր տալիս: Ես ու Ալբինան նայում էինք նրան ու ժպտում:

– Եթէ ուզում էք, – ասաց աչքաբաց Ալբինան, – կարող էք ամբողջ կարկանդակի վերեւի մասն ուտել:

– Կարելի՞ է, – մանկական երջանկութեամբ ասաց նա:

– Ձեզ ամէն ինչ կարելի է, – ասաց Ալբինան ու ժպտաց»:

Ես նոյնպէս ծիծաղեցի՝ այդ տեսարանը երեւակայութեանս մէջ պատկերացնելով: Շուտով Ալբինան եկաւ խոհանոց ու մեր խօսակցութեանը միացաւ...

❃ ❃ ❃

Մէկ տարի անց մենք նորից Ալեքսէի բնակարանում էինք: Համարեա նոյնպիսի ցուրտ գարնանային երեկոյ էր: Դարձեալ յիշեցինք Տոլկունովային: Տխրեցինք: Լեոշան խօսեց՝ կարծես շարունակում էր մէկ տարի առաջ տեղի ունեցած իր պատմութիւնը.

«Խանութի մօտ այն հանդիպումից յետոյ մենք ուշ-ուշ էինք իրար տեսում: Չէր ստացւում: Մե՛րթ ես էի զբաղուած, մե՛րթ ինքը: Ես նրա համար մի քանի երգ յօրինեցի: Երգերից մէկն իր յայտնի «Կճատ քթիկներ»-ի շարունակութիւնն էր: Խօսքերն արդէն ոչ թէ փոքր երեխաների, այլ պստիկ թոռնիկների մասին էին: Ըստ երգի բովանդակութեան՝ զաւակները մեծացել են եւ արդէն իրենց երեխաները խաղաղ քնած են անկողիններում մեծ մօր սիրագորով աչքերի ներքոյ: Նուագակցութիւնը նմանւում էր բնօրինակին, նուագարանները նոյնն էին:

Երգը լսելուն պէս՝ Տոլկունովայի ծաղկատար դէմքը պայծառացաւ:

– Կճատ քթիկնե՜րն են, – ուրախութեամբ բացականչեց նա:

– Այո՛, բայց այս անգամ երգը թոռնիկների մասին է, – բացատրեցի ես:

– Հրաշալի՜ է: Ես դէմ չեմ տատիկ դառնալ, – պարզասրտօրէն խոստովանեց նա, կարծես նա խօսում էր ոչ թէ երգի, այլ իր անձնական կեանքի մասին:

– Եկէ՛ք, ես ձեզ երգը նուիրեմ, – ասացի ես, – դուք միայն երաժիշտների աշխատավարձն ու արուեստանոցի վարձակալութիւնը կը վճարէք ու երգն իսկոյն կը ձայնագրենք:

Առանց իմ վարձատրութեան՝ պահանջուող գումարը մի ճոխ ծաղկեփնջի գին էր:

– Վա՛յ, – ասաց նա, – թանկ է խիստ: Ես կը մտածեմ:

Այդպէս էլ չհամաձայնեց: Ես տարակուսեցի ու չէի հասկանում նրան: Մի՞թէ չարժէր մի նոր ու շատ լաւ երգ ձայնագրել՝ մանաւանդ այսքան ցածր գնով:

Տոլկունովան ու Ալեքսէյ Ռոստովը
Տոլկունովան ու Ալեքսէյ Ռոստովը

Քիչ յետոյ ես հասկացայ, որ նա դեռեւս ապրում էր ըստ Խորհրդային Միութեան օրէնքների ու համոզուած էր, թէ իր՝ Տոլկունովայի, համար երգեր յօրինելն ու ձայնագրելը իւրաքանչիւր երաժշտի համար նուիրական երազանք պիտի լինի: Նա ներսից դեռ փոքր, կամազուրկ ու երանելի երեխայ էր: Նա չէր մերուել նոր հասարակութեան ու դրա կանոնների հետ: Եթէ միայն նա կարողանար հասկանալ շուկայի օրէնքներն ու երաժշտական արդիւնաբերութեան մասնակիցների յարաբերութիւնները, նա հեշտութեամբ կ'ապրէր հոգսերից ազատ՝ վայելելով ժողովրդի սէրն ու իր վաստակած ժողովրդականութիւնը:

Միեւնոյն ժամանակ նա լաւ վաստակում էր ուշ-ուշ տեղի ունեցող ելոյթներից ու պատահական համերգներից: Երբ բնակարանից դուրս էր գալիս, նա ասես մոռացաւ նոր երգի շուրջ մեր խօսակցութեան մասին ու քեզ յիշեց, Արմէ՛ն.

– Ձեր ընկերն՝ Արմէնը, տնտեսագէտ է, չէ՞, – անվստահ հարցրեց նա արդէն դռան շեմում: – Նա ինձ կարո՞ղ է օգնել: Ռուսաստանում ճգնաժամ է սկսւում: Ինչպէ՞ս վարուեմ աշխատանքային խնայողութիւններիս հետ, որ դրամ չկորցնեմ:

– Մե՞ծ գումարի մասին է խօսքը, – հարցրի ես:

– Այո՛, բաւական մեծ, – ասաց Տոկլունովան՝ հայեացքը գետնին յառած:

– Լա՛ւ, կը հարցնեմ, – խոստացայ ես ու մենք հրաժեշտ տուեցինք իրար:

Այդպէս էլ չհարցրի: Շուտով նա կեանքից հեռացաւ: Ես չգիտէի, որ նա քաղցկեղից էր տառապում: Բժիշկները պնդում էին, որ նրա առողջութիւնը հիւանդանոցային բուժման կարիք ունէր, բայց նա չխրատուեց: Տոլկունովան գերադասում էր եկեղեցի այցելել ու աղօթել, իր առողջութիւնն Աստծուն էր վստահել: Ժողովրդական միջոցներով էր բուժւում ու հետզհետէ թօշնում՝ պոկուած հովտաշուշանի նման»:

Լեոշան շրջուեց ու ձայնասփիւռը միացրեց: Եթերում հաղորդում էին Տոլկունովայի «Ձիւնաթափ» երգը: «Ձիւնաթա՛փ, ձիւնաթա՛փ, – երգում էր Տոլկունովան, – եթէ կինը խնդրում է, իր աշունը մի՛ արագացրու...»:

Վալենտինա Տոլկունովա «Ձիւնաթափ»

Մռմուռը մէկէն ճզմեց սիրտս: Նոր հասկացայ երգի իսկսկան նշանակութիւնը: Երգի հերոսուհին, ինչպէս նաեւ Վալենտինան իր անձնական կեանքում այն վերջին օրերին, ծայրայեղ յուսահատութեան մէջ էր: Աշունը եկաւ-գնաց, արդէն ձմեռն էր սկսւում: Եւ տուայտանքները մատնելով՝ կինը խնդրում էր բնութեանը մի քիչ էլ յապաղել, քանի դեռ ձմռան սառնամանիքը չի պարուրել նրա հոգին:

16.09.2015