ՎԱԽՃԱՆ
Ճիշտ վեց անգամ պիտի լսուէր Մոսկով քաղաքի հեռաւոր ծայրում գտնուող չնաշխարհիկ ուղղափառ մատուռի զանգը: Դրա զրնգուն հնչիւնները կախ են ընկնում օդում եւ փոքր անց անհետանում, ձուլւում ոչ հեռու անցնող փողոցից եկող աղմուկի մէջ: Ստուերը ձգւում է ողորկ, նախշուն, կարմիր արծնապակով ներկուած պատի վրայ, տապ են անում ձիւնի թագով յարդարուած ոսկեզօծ ուղղափառ գմբէթները: Միայն եկեղեցու պստիկ խաչերն են յամառութեամբ ու հպարտօրէն ցից կանգնած կոնաձեւ գմբէթների գագաթներում:
Տունդարձին Արմէնն ամէն օր անցնում է այս եկեղեցու կողքով եւ ամէն անգամ չի կարող իրեն զսպել ու մի քանի րոպէ կանգ չառնել, չվայելել այս աստուածային շինութեան հպարտ ճարտարապետութիւնը: Երիտասարդը քնաթաթախ հաշւում է զանգի զարկերը եւ վերջին հնչիւնը լսելուն պէս՝ ծանր հոգոց է հանում եւ շարունակում իր ճանապարհը: Տղային շատ դուր է գալիս այս մատուռի տեսքը՝ յատկապէս գարնանը, երբ թեքուած կտուրի ամբողջ տարածութիւնը պարուրած ձիւնը հալչում է ու արծաթէ կայլակները կաթկթում են ու ընկնում ներքեւ՝ մեծ լճակների մէջ: Ջրի կաթիլները չորս կողմն են նետւում լճակներից եւ նրանց մէջ ծիածանի բոլոր գոյներով բեկւում ու շողշողում է օրուայ լոյսը: Գարնանն աշտարակների նեղ ու երկար պատուհաններից երջանիկ ճռուողիւնով դուրս են թռչում ու դէպի երկինք սլանում չարաճճի ճնճղուկները: Մատուռը շրջապատող ցածր պարիսպի հարաւարեւելեան կողմի մեծ դարպասը բացւում է ու ներս հրաւիրում բոլոր հաւատացեալներին: Եկեղեցուն կից գտնուող փոքրիկ կրպակը եղանակից անկախ ամէն օր վաճառում է ծխականներին եկեղեցական ապրանք. մոմ, օրացոյց, աստուածաշունչ, սրբապատկեր:
Ճիշտ վեց անգամ պիտի լսուէր ուղղափառ մատուռի զանգը, բայց չլսուեց... Մատուռի տեսքն այսօր միանգամայն այլ էր՝ չափազանց տխուր ու միայնակ: Առաջին անգամն էր, երբ կրպակն ու դարպասը փակ էին, մեծ ամբարային կղպանքը կախուած էր երկաթակուռ կամարաձեւ դռնից: Ցրտից մրսած, ձնէ վերարկուով ծածկուած մէն-մենակ մատուռը նմանւում էր տերեւները կորցրած ծառի, որը կարծես օրերն է հաշւում մինչեւ գարուն:
Չնայած յաճախ ցուրտ ու անբարենպաստ բնական պայմաններին՝ զանգերի զուարթ հնչիւններով մատուռն ամէն օր ապսպրում է իրեն շրջապատող աշխարհին իր գոյութեան մասին: Սակայն այսօր մատուռի զանգերը լուռ էին: Ուժեղ քամին հեռու-հեռուից մեծ արագութեամբ հասնում էր զանգակատանը, մտրակի պէս հարուածում զանգերին ու թեթեւակի ճօճում դրանք:
Տխուր ու տրտում Արմէնը հեռացաւ մատուռից եւ, ոտքերը քարշ տալով, դանդաղ քայլեց լայն փողոցի մայթով: Ձիւնը մաղում էր գորշ երկնքից, քամին՝ սուլում քաղաքի գլխով ու սաստկանում: Ժամանակ առ ժամանակ կողքի ճանապարհով կամացուկ անցնում էին մեքենաներն՝ իրենց անիւներով փորելով ճանապարհի վրայ գոյացած խոր ձիւնակոյտերը: Մայթի միւս կողմից իրար ետեւից շարուել էին հինգյարկանի բնակելի շէնքերը՝ հետիոտներին ցոյց տալով միայն իրենց ձախ ճակատը: Փողոցում համարեա ոչ ոք չկար: Ոմանք դեռեւս աշխատանքի էին, ոմանք էլ ամենայն հաւանականութեամբ որոշել էին տանը մնալ ու դուրս չելնել այս ցուրտ եղանակին: Միշտ բանուկ ճանապարհն այսօր լքուած էր ու միանգամայն մենաւոր:
Ոչ հեռու Արմէնը նկատեց մայթը ծածկող ձեան շերտի մէջ հայելու նմանուող ողորկ սառոյցի մուգ մակերեսը: Ակնյայտ էր՝ քիչ առաջ այստեղ խաղում էին երեխաները: Աղմուկով նրանք սառոյցի վրայով սահում էին, բարձրաձայն ծիծաղում եւ իրար անսպասելիօրէն հրմշտում ու գետնին տապալում: Սակայն այժմ ոչ մի երեխայ չէր նշմարւում մօտակայքում. միայն մանկական մի խաղալիք էր անփութաբար նետուած գետնին, դրա կէսն էլ՝ ձնէ փոշով ծածկուած: Տարօրինակ էր, շա՜տ տարօրինակ:
Արմէնը մեկնարկեց, վազեց ու սահեց սառոյցի վրայով եւ մէկէն յիշեց իր դպրոցական չարաճճիութիւները։ Ի՜նչ բարի ժամանակներ էին: Ամէն օր ուրախանալու առիթ էին գտնում դեռատի երեխաները. բերկրանքին ու հրճուանքին չափ ու սահման չկար: Ամէն օր մի ամբողջ աշխարհ էր նրանց սպասում՝ առեղծուածներով եւ զարմանքի պահերով լի։ Երեխաներն ագահաբար բացայայտում էին այս աշխարհի գաղտնիքները եւ ծայրայեղ հետաքրքրութեամբ սերտում նոր գիտելիքները։
Այնուամենայնիւ դպրոցական տարիները վաղուց մնացել էին ետեւում. Արմէնն արդէն երիտասարդ էր՝ չափահաս մարդու խնդիրներով ու հոգսերով։ Ապրում էր հասուն կեանքի յորձանքի մէջ, մանկան պէս հազուադէպ էր ուրախանում եւ յաճախ մենակ լինում։ Այդպէս անցնում էին օրեր, շաբաթներ ու ամիսներ: Միայն գորշ երկինքը եւ ուժգին պտտուող ու գնալով սաստկացող բուքն էր ուղեկցում Արմէնին:
«Բայց որտե՞ղ են երեխաները», – ինքն իրեն նորից հարցրեց Արմէնը: Քամին էլ ուժգին սուլեց ու շվշվաց ի պատասխան:
Կէս ժամ անց Արմէնը հասաւ փողոցի միւս ծայրին առընթեր մեծ շուկայ, որտեղ վաճառւում էին երաժշտական ձայնասկաւառակները: Տղան շատ էր սիրում այս շուկան: Խելքը գնում էր երաժշտութեան համար արդէն երկար տարիներ՝ եւս դպրոցական ժամանակներից, երբ ընկերներն Արմէնին առաջին անգամ ծանօթացրին արտասահմանեան երաժշտութեանը: Երիտասարդը ժամանակ առ ժամանակ յաճախում էր այս վաճառատեղն ու ժամեր շարունակ կրպակից կրպակ էր անցնում, ուսումնասիրում նոր թողարակուած սկաւառակները, տեղեկանում անծանօթ երաժիշտներից, վայելում սկաւառակների շապիկների գեղարուեստական գոյնզգոյն ձեւաւորումը: Շուկան միշտ բազմամարդ էր. ասեղ գցելու տեղ չկար: Երաժշտասէրները քաղաքի բոլոր ծայրերից էին գալիս այս վաճառատեղ՝ երաժշտական նիւթեր առնելու:
Այս անգամ շուկայում յաճախորդները քիչ էին: Վրանների նմանուող կրպակները մի շարքով կողք կողքի տխուր ու մենաւոր կանգնած էին: Բուքը հետզհետէ վերածւում էր փոթորկի, որը ոռնալով ճօճում էր կրպակների ամբողջ շինութիւնը եւ ուժգին ճռռոցով տատանում իրենց լաթէ տանիքները: Վաճառողներն այլայլուած հայեացքներով չորս կողմն էին նայում ու ձեռքերով ամուր բռնում վրանների սիւները: Քամին գետնից բաձրացնում էր միլիոնաւոր ձնէ փաթիլներ, պտտում դրանք օդի մէջ, արագ քշում ու հարուածում վրաններին ու փողոցով անցնող մարդկանց: Ցուրտ էր ու շատ անդուր: Մարդիկ թաթմաններով ու վզարկուներով ծածկում էին երեսները եւ դրանց տակից երկու նեղլիկ գծիկների նմանուող աչքերը կկոցելով՝ առաջ էին անցնում ձեան պատի միջով: Երկինքը ծածկուել էր գորշ, հաստ ու անծալք սաւան յիշեցնող անթափանց ամպերի շերտով:
Արագ քայլերով Արմէնը հասաւ շուկայի միւս ծայր, մօտեցաւ վերջին կրպակին ու ձեռքը վերցրեց սկաւառակներից մէկը, որի գոյնզգոյն շապիկն իսկոյն գրաւեց տղայի ուշադրութիւնը։
– Ինձ էլ է շատ դուր գալիս այս հաւաքածուն, – յանկարծ լսուեց Արմէնին ուղղուած անծանօթ տղամարդու բարի ձայնը:
– Հը՞, – Արմէնը յանկարծակիի եկաւ ու շրջուեց: Մի քանի րոպէ նա ուսումնասիրում էր անծանօթի արտաքինը:
Առաջին հերթին Արմէնն արձանագրեց այն փաստը, որ տղան փողոցում գլխաբաց էր ման գալիս. այս եղանակի համար դա աննկարագրելի խենթութիւն էր: Հագին ունէր մորթու կտորներով դեղձան ու տաք մի վերարկու եւ մուգ գորշ ջինս: Տղան շալակն էր նետել հսկայ մի ուսապարկ, որին պինդ ամրացուած էր երկար մի տուբուս՝ եւս սեւ գոյնի: «Ըստ երեւոյթին տղան նկարիչ է», – եզրակացրեց Արմէնն ու շարունակեց ուսումնասիրել տղայի կերպարանքը: Նկարչի միջին երկարութեան գանգուր, շագանակագոյն, թնջուկ ու ձիւնախառն մազերն իջնում էին ճիշտ գլխանոցի մէջ: Դուրս ցցուած այտոսկրերով իր երեսը ծածկուած էր վզարկուով, որի միջով նա խօսում էր Արմէնի հետ: Սոսկ պստիկ զուարթ աչքերն էին մատնում շարֆի ետեւում թաքնուած ժպիտը:
– Անունս Մարկ է, – նկարիչը մեկնեց իր ձեռքը:
– Արմէ՛ն: Հաճելի է, – ասաց տղան լայն ժպիտով ու երիտասարդներն իրար ձեռք սեղմեցին:
Մարկն ընդհուպ մօտեցաւ Արմէնին ու նորից յիշեց սկաւառակը:
– Ես ասում էի՝ այս սկաւառակը շատ եմ սիրում: Գեղեցիկ երաժշտութիւն է:
– Լա՛ւ, վճռուած բան է: Առնում եմ, – վստահօրէն արձանագրեց Արմէնն ու մի քանի դրամաթուղթ մեկնեց թխադէմ վաճառողին:
Քիչ յետոյ տղաները դուրս ելան շուկայից ու դանդաղ քայլեցին դէպի երկաթուղային կայարան: Ալեւետ փոթորիկը չէր մեղմանում. անդադար ոռնում էին ձիւնամրրիկներ, պարուրում տղաներին ու փոքր անց անյայտանում: Անյայտանում, որպէսզի մի քանի վայրկեան անց նորից կրկնեն այս արարողութիւնը: Քամին գնալով վայրենանում էր, շառաչում կից բակերում, շինութիւնների խոռոչներում:
Արմէնն ընդհատեց լռութիւնը.
– Դու նկարի՞չ ես, – հարցրեց նա:
– Ինչպէ՞ս գուշակեցիր, – հարցրեց Մարկը, յետոյ ձեռքով շօշափեց մէջքի վրայ նետուած տուբուսն ու ծիծաղով պոռթկաց: – Միանգամայն ճիշտ է՝ նկարչութեամբ զբաղւում եմ, սակայն ինձ նկարիչ չեմ համարում:
Արմէնը հարցական նայուածքով զննեց երիտասարդին:
– Դէ՜, հասկանո՞ւմ ես, ես մասնագիտութեամբ տնտեսագէտ էի, մարկեթինգի ոլորտում էի աշխատում տարբեր կազմակերպութիւններում, – բացատրեց Մարկը: – Յետոյ էլ մի օր եկաւ ու ես հասկացայ, որ ուզում եմ նկարչութեամբ զբաղուել: Պատկերացնո՞ւմ ես՝ դպրոցական տարիներին ծնողներս ինձ տալիս էին նկարչութեան խմբակ. ես էլ այն ատում էի, ծնողներիս ընդդիմանում: Իսկ երեսունչորս տարեկանում պարզ գիտակցեցի, որ դա իմ կոչումն է:
Քամին նորից ուժգին սուլեց ու դաժանօրէն այրեց երիտասարդների այտերը: Մարկը երեսը ծածկեց վերարկուի թեւքով: Երբ քամին մեղմացաւ, նա ծանր շունչ քաշեց ու սրբեց ձիւնաթաթախ ճակատը:
– Դու ի՞նչ ես նկարում: Քեզ ի՞նչն է ոգեշնչում, – մեքենայաբար հետաքրքուեց Արմէնը:
– Ինձ շրջապատող աշխարհն եմ նկարում: Այն, ինչ աչքերովս եմ տեսնում:
– Բնութի՞ւնը:
– Այո՛, բնութիւնը, մարդկանց, հարազատներիս ու ընկերներիս, ձմեռը, ծաղիկները... Ամէն ինչ նկարում եմ:
Մարկը խօսում էր ոգեւորուած, իր ասածն ուղեկցւում էր դէմքի հարուստ միմիկայով: Խօսելիս նայում էր մե՛րթ Արմէնին, մե՛րթ ներքեւ՝ իր ատամնաւոր կօշիկներին:
– Մեզ շրջապատող աշխարհը, – շարունակում էր Մարկը, – չափազանց գեղեցիկ է: Մենք էլ այս գեղեցկութիւնը չենք նշմարում: Ամբողջ օրը սլանում ենք, շտապում եւ այսպիսով՝ աննկարագրելի գեղեցկութեան կողքով անցնում: Եթէ միայն մի վայրկեանով կանգ առնէինք ու մեր շուրջ աչք ածէինք, կը հասկանայինք, որ ապրում ենք մոգական գեղեցկութեան մէջ:
Արմէնը կանգ առաւ ու շրջուեց: Այս տասը րոպէների ընթացքում երիտասարդները երկար ճանապարհ էին անցել: Շուկան մնացել էր ետեւում. իրենք էլ հասել էին նոր ու լայն մի պողոտայ: Ի զարմանս Արմէնի՝ այս պողոտայից դեռ երեւում էր նրա սիրած մատուռը, որն այսօր անհասկանալի պատճառով փակ էր: Հեռու-հեռւում նա պստիկ էր թւում՝ թզաչափ, ու առաջին հայեացքից՝ անուշագրաւ: Սակայն մի քանի վայրկեան անց աչքերի առջեւ մի հետաքրքիր տեսարան բացուեց: Հիւսիսային քամու պոռթկումներն ուժգին հարուածում էին մատուռին եւ եկեղեցու ժանգոտուած կտուրի ու ոսկէ գմբէթների վրայից փոշու նման փչում առաւօտեան փուխր ձիւնը: Ձիւնն էլ թռչում էր քամու հետ, թանձր ամպի նման հաւաքւում մատուռի վերեւում ու հետզհետէ փաթիլ առ փաթիլ տատանումներով թափւում գետնին: Դարպասի դռնակը քամուց բացւում էր ու փակւում:
Արմէնն իսկոյն հասկացաւ Մարկի խօսքերն աշխարհի գեղեցկութեան մասին:
– Քո նկարներն ինձ ցոյց կը տա՞ս, – հարցրեց Արմէնը:
– Ի՛հարկէ, – պատասխանեց Մարկը:
Նա քրքրեց ծոցագրպանն ու հանեց մի բացիկ: Դա իր ցուցահանդէսի հրաւիրատոմսն էր: Արմէնը կարդաց հրաւէրն ու խցկեց այն իր վերարկուի գրպանը:
– Ցուցահանդէսը տեղական փոքր գրադարանում է լինելու, – շարունակեց Մարկը: – Առաջին անգամ եմ կազմակերպում նման միջոցառում: Գրադարանի տնօրէնն ընկերս է:
– Ուրախ կը լինեմ, կը գա՛մ: Անպայմա՛ն, – վստահօրէն հաւաստիացրեց Արմէնը: – Դու երաժշտութեամբ էլ ես զբաղւո՞ւմ, – հարցրեց Արմէնը՝ յիշելով, ինչից սկսուեց իրենց ծանօթութիւնը:
– Ո՛չ, ինքս չեմ նուագում, բայց երաժշտասէր եմ, – ժպտաց Մարկը: – Ես վաղուց նկատել եմ, որ նկարչութիւնն ու երաժշտութիւնն ունեն բազմաթիւ ընդհանուր տարրեր: Երաժշտական ամէն մի երեւոյթ ունի իրեն համապատասխան տարրը նկարչութեան մէջ: Խօսքը թէ՛ ոճի, թէ՛ երկի կառոյցի, տրամադրութեան ու տրամաբանութեան մասին է: Ինչպէս ջազը տարբերւում է դասական ոճից, այնպէս էլ կան տարբեր նկարչական ոճեր՝ նոյն տարբերութեամբ, նոյն իմպրովիզացիայի կարեւորութեամբ, հանդիսատեսի վրայ նոյն ազդեցութեամբ:
– Երաժշտութիւնն, – աւելացրեց Մարկը, – աներկբայօրէն ինձ օգնում է նոր գաղափարներ ձեռք բերել դեռեւս չսկսած նկարչական գործերիս համար:
Քամու հերթական հարուածը հասաւ երիտասարդներին: Մարկը ձեռքերով փակեց երեսը, շրջուեց ու մէջքով ընդունեց բուքի պոռթկումը: Եղանակը գնալով աւելի անտանելի էր դառնում: Այս գրողի տարած մրրիկը ոչ մէկին չէր խնայում ու դաժանօրէն պատժում էր փողոց դուրս եկած մարդկանց:
Մի քանի րոպէ անց Արմէնը շարունակեց երկխօսութիւնը.
– Բա դու ինչպէ՞ս ես սկսել նկարել: Ինչո՞ւ որոշեցիր դրանով մշտապէս զբաղուել:
– Ես սիրահարուեցի: Անծանօթ մի աղջկայ վրայ, – խոստովանեց Մարկն ու շիկնեց:
– Դէ պատմի՛ր, հետաքրքի՛ր է: Մի՛ քաշուիր: Ես ոչ մէկին չեմ ասի:
– Ի՞նչ պատմեմ: Համարեա պատմելու բան չկայ: Մի քանի վայրկեանով այդ աղջկան տեսայ փողոցում ու վե՜րջ: Այնուհետ օրեր շարունակ չէի կարող նրան մոռանալ: Մինչեւ օրս էլ գաղափար չունեմ, նա ո՞վ է եւ իր անունն ի՞նչ է:
– Շա՜տ ափսոս, – գլխով արեց Արմէնն՝ սպասելով աւելի երկար ու հետաքրքիր մի պատմութեան:
– Այն հանդիպումից յետոյ ես ամէն օր մտածում էի նրա աստուածային դէմքը նկարելու մասին: Դասատու գտայ ու սկսեցի նկարչութիւն սովորել: Այդ հադիպումն իմ կեանքում ամենակարեւոր պահերից էր: Յայտնութիւն էր: Երա՜զ էր իրականութեան մէջ:
– Երա՞զ, իրականութիւնո՞ւմ: Դա ի՞նչ երեւոյթ է:
– Ինչպէ՞ս թէ ինչ երեւոյթ է, – Մարկը զարմացած նայեց Արմէնին: – Հետաքրքիր մարդ ես: Միայն չա՛սես, որ երբեք իրականութեան մէջ երազ չես տեսել:
Արմէնը թօթուեց ուսերն ու գլխով մերժողական շարժում արեց: Մարկն աչքերը չռեց ու շարունակեց.
– Լա՛ւ, հիմա կը բացատրեմ: Քնած ժամանակ մեր տեսած սովորական երազներից զատ, մեզ երազներ են այցելում նաեւ իրականութիւնում: Իւրաքանչիւր մարդու համար այս երազները յայտնւում են իրենց իւրայատուկ ձեւով, բայց միշտ անմոռանալի ու միշտ օրհասական պահերին: Այս երազները նկարագրելն անհնար է: Դրանք չես կարող ուրիշներին պատմել, ձեռքով շօշափել, նկարի վրայ պատկերել: Այս երեւոյթը կարելի է միայն զգալ մարմնիդ ու հոգուդ իւրաքանչիւր բջիջով:
Արմէնը նորից նայեց նկարչին: Նա չէր հասկանում` նկարիչը ձեռք էր առնում իրեն, թէ լուրջ էր խօսում: Մարկն էլ ուշադրութիւն չէր դարձնում իր խօսակցի վրայ ու շարունակում էր իր մենախօսութիւնը.
– Այդ երազը մի պահ է յաւիտենութեան մէջ ու միեւնոյն ժամանակ յաւիտենութիւն է մի պահի մէջ: Աստծոյ ընծան է: Այն տեսնելով՝ մինչեւ կեանքիդ վերջն Աստծուն երախտապարտ պիտի լինես:
– Այդ երազներն ինչպէ՞ս են յայտնւում: Ինչո՞ւ մէկը տեսնում է դրանք, իսկ միւսը՝ ո՛չ:
– Արմէ՛ն, դու ինձ ճիշտ չես հասկացել: Դրանք միշտ մեզ հետ են ու գոյութիւն չունեն մեր հոգիներից դուրս: Սակայն մենք շատ հազուադէպ ենք դրանք տեսնում եւ, երբ տեսնում ենք, դրանք տեւում են ընդամէնը մի քանի ակնթարթ: Լինում է նաեւ այնպէս, որ մենք կեանքից հեռանում ենք այս երեւոյթը չտեսած:
– Պարզ է: Իսկ ինչի՞ց է կախուած այդ երազների այցելութիւնը:
Մարկը ձախ նայեց, յետոյ աջ, հայեացքը սահեցրեց խուզուած ու ձիւնով ծածկուած թփերի ու մերկ ծառերի վրայով եւ կանգ առաւ հորիզոնի վրայ: Այնտեղ վերջանում էր երկինքը ծածկող ամպերի գորշ սփռոցն ու երեւում էր մայրամուտ մտած արեւով լուսաւորուած բարակ շերտագիծը:
– Ահա՛, նայի՛ր, – ասաց Մարկն ու մատով ցոյց տուեց այն շերտագիծը: – Վաղն առաւօտեան, երբ արեւելքում արեգակն սկսի բարձրանալ երկնակամարում, դու կը տեսնես նման մի շերտագիծ՝ լուսաւորուած երկինքն առանց արեւի: Դու կը զգաս արեւի ճառագայթները, լոյսը, տաքութիւնը, սակայն արփին դեռ չի երեւալու: Նոյն երեւոյթը տեղի է ունենում նշածս երազների այցելութեան դէպքում: Երազները լրաբեր են՝ մունետիկ: Նրանք մեզ գտնում են, զմայլանք ու զարմանք արթնացնում, յորձանք տալիս մեր հոգիներում եւ մէկէն հեռանում: Ճիշտ այնպէս, ինչպէս կարկաչուն ջրի հնչիւնները մեզ ապսպրում են ոչ հեռու անցնող գետի մասին, կամ էլ որոտն ու կայծակն ազդարարում գալիք անձրեւի սկիզբը: Դասական գրողներից մէկն ասել է. «Երազն ստուեր է լոկ»: Իսկ եթէ ստուեր կայ, ապա...
– ...պիտի գոյութիւն ունենայ այն, ինչ այս ստուերը ձգում է, – ուրախութեամբ եզրակացրեց Արմէնը:
– Միանգամայն ճիշտ է: Եւ միշտ յիշի՛ր: Կարեւոր չէ, երբ դրանք կը տեսնես: Յարմար է լինելու քեզ համար, թէ ոչ: Այդ երազները երբեք մի՛ արհամարհիր, մի՛ ծաղրիր: Հոգումդ պահպանի՛ր այս երեւոյթի իւրաքանչիւր պահ, որպէս ամենաթանկ գանձ:
– Ահա՛ ես տուն հասայ, – Մարկը յանկարծ փոխեց թեման ու տրամադրութիւնը եւ ժպիտով սեղմեց Արմէնի ձեռքը: – Յուսով եմ, որ կը տեսնեմ քեզ գալիք ցուցահանդէսում:
– Անշո՛ւշտ: Կը գա՛մ: – զուարթ ձայնով պատասխանեց Արմէնն ու երիտասարդները բաժանուեցին:
Մարկը յամրաքայլ առաջ գնաց դէպի իր շէնք: Ոտքերը ճռռոցով տրորում էին ճանապահի վրայ կուտակուած ձիւնն ու խորը սուզւում ճերմակ կոյտերի մէջ: Երկու քայլ անց բքից օդ բարձրացած փաթիլների սպիտակ պատը յայտնուեց երիտասարդների միջեւ: Արմէնը մի քանի վայրկեան շարունակեց դիտել իր ընկերոջը՝ երեւակայութեան մէջ կենդանացնելով Մարկի ուրուագիծը, այնուհետեւ շրջուեց եւ ուղեւորուեց դէպի ոչ հեռու գտնուող մետրոյի կայարան:
Վերջին մի քանի մետրը շատ դժուար էր յաղթահարել: Մրրիկը փոխարկուել է ահաւոր պտտահողմի. ճանապարհը հազիւ էր նշմարւում. քամու ուժեղ հարուածները խփում էին տղայի մէջքին ու կրծքին, քերծում ու ծակում երեսը: Ցուրտը թափանցում էր շորերի միջով: Եղանակը, թւում էր, դիտմամբ էր չարացել տղայի դէմ ու ամէն-ինչ անում էր, որպէսզի նա չհասնի կայարան: Երիտասարդն անճարութիւնից ու քամու պատճառած ցաւից ձեռքերով թէ՛ աչքերն էր ծածկում, թէ՛ ականջները: «Աստուած տայ, չմոլորուեմ այս եղանակի պատճառով», – մտքում անդուլ աղօթում էր Արմէնը:
Բուքը ոռնում էր, սպառնում, սարսափ ներշնչում երիտասարդին: Արմէնն, իր ուժերը կրկնապատկած, առաջ էր անցնում, մէկ-մէկ սայթաքում ու նորից բարձրանում: Ոտքերն արդէն վաղուց անզգայացած էին: Նա արդէն վհատուել էր, բայց շուտով մետրոյի վառ կարմիր նշանը՝ «Մ» տառը, երեւաց նրա աչքերի առջեւ: Ծանրագին այս յաղթանակը ջերմացրեց երիտասարդի սիրտը, սակայն ընդամէնը մի քանի րոպէով...
Արմէնը ներս մտաւ, յայտնուեց կայարանի նախասրահում եւ ուժասպառ առաջ էր քայլում: Երիտասարդի ճանապարհը լուսաւորուած էր լապտերների թոյլ լոյսով: Արմէնը զարմանքով արձանագրեց՝ սովորաբար ազատ նախասրահը բազմամարդ էր: Մարդիկ վխտում էին նեղ միջանցքում, իրար հրմշտում, իրար վրայ զայրանում ու բղաւում: Նրանք էլ, ըստ երեոյթին, հազիւ էին պատսպարուել կայարանում պտուտահողմի տարերքից. նրանք էլ էին յոգնած-դադրած ու պարտասումից չափազանց ջղայնացած:
Տղան քարշ էր տալիս իր բեզարած ոտքերն ու մտքում միայն պտտում Մարկի խօսքերը: Հետաքրքրութիւնը գրաւեց տղայի հոգին: Ըստ Մարկի ասածի՝ երազներն, իրօք, գոյութիւն ունեն ու մեզ երբեմնակի այցելում են: Եւ եթէ մէկին դրանք այցելում են, ապա իր կեանքն ամբողջովին փոխում են: Յանկարծ տղան զգաց սրտի տրոփը: Նա ուզեցաւ տեսնել այդ հրաշքը: Այդ հրաշալի երեւոյթը, որը հնարաւոր չէր ո՛չ նկարագրել, ո՛չ էլ ձեռքով շօշափել: Բարի նախանձ ծագեց Արմէնի հոգում ու կեղեքում էր ներսը: Լինէ՜ր, այնպէ՜ս լինէր, որ նա էլ այդ հրաշքը տեսնէր: Նա անպայման դրան կը վերաբերուի յարգանքով ու ակնածանքով, ծայրայեղ լրջութեամբ՝ ճիշտ այնպէս, ինչպէս պահանջում էր նկարիչը:
Պատանին անցաւ ապակէ դռներից, վճարեց տոմսի գինն, աւտոմատներով անցաւ ու սկսեց սանդուղքով իջնել կառամատոյց: Աստիճաններն իրար յաջորդում էին տղայի ոտքերի տակ. վայրկեաններն արագ սլանում էին: Արմէնի աչքերի առջեւ հետզհետէ բացւում էր կառամատոյցը: Կայարանի մէջտեղում մի գծով մէջք մէջքի շարուել էին նստարանները: Կառամատոյցի աջ ու ձախ կողմի եզրի երկայնութեամբ բարձր հաստափոր մարմարէ սիւներ էին կանգնած. սիւների ու գնացքի խրամի միջեւ ընդամէնը մետրուկէս հեռաւորութիւն էր: Գնացքների շարժումից երերող շքեղ ջահերը ողողում էին կայարանն առատ ոսկեդեղձան լոյսով:
Այսօր կայարանը բազմամարդ էր: Մարդիկ շտապում էին, վազում, բետոնէ յատակով քարշ էին տալիս ծանր պայուսակներն, արագօրէն մտնում ու դուրս գալիս մետաղէ գնացքներից, որոնք ամեհի գազանի վայրագ մռնչիւնով ժամանում էին կայարան ու մէկ րոպէ անց շարունակում ճանապարհը: Այսօր կայարանում ասեղ գցելու տեղ չկար: Կառամատոյցը նմանւում էր մրջնանոցի. ամենուրեք աղմուկ ու իրարացնում էր:
Այս ակնթարթին մի գնացք կանգ առաւ կառամատոյցում, որի վարորդը հրամայեց, որ ուղեւորներն ազատեն կառախումբը: Այնուհետեւ շոգեկառքի մի զիլ սուլոց լսուեց ու գնացքն անհետացաւ թունելում: Կառախմբից դուրս եկած զայրացած ուղեւորներն ու կայարանի ամբոխը խառնուեցին իրար: Արմէնը մի անյատակ անհանգստութիւն զգաց: Սիրտն աւելի ահ ընկաւ: Անսահման վախը համակեց երիտասարդին: Ջղագրգիռ ուղեւորներն արմունկներով հրմշտում էին իրար, հայհոյում, մէկ-մէկ էլ անգամ կռւում իրար հետ: Արմէնը գիտակցեց, որ նա կայարանում առաջին անգամ է տեսնում ծայրաստիճան կատաղած ամբոխ:
Երիտասարդը կանգ առաւ ու միտք էր անում, ի՞նչ անի, ո՞ւր գնայ: Նա չէր ուզում մտնել այս վայրի ամբոխի մէջ, իսկ ետ գնալ հնարաւոր չէր: Դրսում դժոխք էր ծաւալւում. կատաղած ձմեռը վրէժ էր լուծում քաղաքի բնակչութիւնից:
– Էս ապուշները կանգ են առնում ու բոլորին ուշացնում: Շարժուի՛ր: Թանգարանում չես: Խո՞ւլ ես, – բղաւեց Արմէնի ետեւում սանդուղքով իջնող ուղեւրներից մէկը:
Արմէնն իր մտածումներից սթափուեց: Երիտասարդի ետեւում, իրօք, մի հսկայ հերթ էր գոյացել. բոլորը կատաղած էին, հայեացքով այրում էին Արմէնին, ու քիչ էր մնում նրանք երիտասարդին ծեծկէին: Տղան ենթարկուեց ու մտաւ կայարանի ամբոխ:
Հրմշտուքն անհանդուրժելի էր: Արմէնը հազիւ առաջ էր անցնում, սպրդում մարկանց միջեւ մէկ-մէկ գոյացող ազատ անցքերից: Թեթեւակի, ոչ կոպիտ, մէկ կամ միւս կողմ հրում մարդկանց, որպէսզի հասնի ու առաջին ժամանած գնացք նստի: Ամբոխի վերջը չէր երեւում: Հեղձուցիչ օդից Արմէնի գլուխը պտտւում էր. սիրտը՝ խառնում: Տղան քաջ գիտակցում էր, որ եթէ մի քանի րոպէում ամբոխից դուրս չգայ, նա ուշագնաց կը լինի:
Պատանին ձեռքերն առաջ պարզեց ու ամբողջ ուժով սկսեց իր ճանապարհը բացել դէպի կառամատոյցի աջ խրամը՝ ետեւից լսելով դէպի իրեն ուղղուած մոլեգնած ամբոխի հայհոյանքները: Փոքր անց Արմէնը հասաւ նպատակին, մարմարէ սիւներից մէկի ետեւը կանգնեց ու շունչ քաշեց: «Մնաց միայն մտնել առաջին ժամանած գնացք», – մտածեց նա, ցամաք շուրթերը սեղմեց ու սկզբից թունելի անթափանց անդունդի մէջ նայեց, յետոյ էլ հայեացքը սահեցրեց կայարանի վրայով:
Կայարանի վիճակը գնալով սաստկանում էր ու դառնում աւելի ու աւելի վտանգաւոր: Ամբոխում կային մարդիկ, ովքեր ի տարբերութիւն Արմէնի ուժեղ չէին ու չէին կարող հեշտութեամբ դուրս գալ բաց տեղ՝ խրամի մօտ: Սանդուղքով ամէն րոպէ իջնում էին նորեկ ուղեւորներ: Ակնյայտ էր՝ դրսում պտուտահողմը չէր մեղմանում՝ ստիպելով փողոցում գտնուող մարդկանց պատսպարուել կայարանի ներսում:
Արմէնի սիրտն անհանգստութիւն ընկաւ: Տղան ուժասպառ թիկնել էր սիւներից մէկին ու ապարդիւն փորձում էր մի բան յօրինել: Մնում էր միայն աղօթել ու Աստծուն խնդրել, որ դժբախտութիւն թոյլ չտայ: Կայարանը ոռնում էր, ամբոխն՝ ուռճանում: Ջահերի լոյսը յանկարծ նօսրացաւ ու մի վայրկեանով անջատուեց՝ սարսափի մատնելով կառամատոյցում վխտացող ամբոխին: Բազմաթիւ պայուսակներով պառաւ կանայք, աչքերը կախ, մի կերպ շարժւում էին, լաց էին լինում, օգնութիւն խնդրում եւ միեւնոյն ժամանակ կոպիտ անիծում: Երիտասարդներն Արմէնի նման ձեռքերով էին աշխատում ու դանդաղ մօտենում իրենց նպատակին: Միւսները ենթարկւում էին ամբոխի հոսանքին, որը տանում էր նրանց անյայտ ուղղութեամբ:
Այս պահին լսուեց մօտեցող գնացքի մռնչոցը: Շոգեկառքի լապտերները լուսաւորեցին թունելը երեք վառ կէտերով, որոնք գնալով մօտենում էին ու մեծանում: Ամբոխն այնչափ էր ուռճացել, որ հասել էր Արմէնի սեանը: Պատանին զգաց՝ իր ետեւում կենդանի մի պատ է գոյացել իր նման այս փորձանքի մէջ յայտնուած մարդկանցից: Եւ ամենասարսափելին այն էր, որ պատը շարունակում էր շարժուել իր վրայ ու ետեցից ճնշել ու հրել: Արմէնն աշխատեց դիմադրել, սակայն իր փորձերն ապարդիւն անցան. նա չէր կարող հակազդել հսկայ ամբոխի սնսահման ուժին:
Արմէնը դարձեալ նայեց թունելի մէջ: Նրա ականջներին յստակօրէն հասնում էին չուգունէ անիւների հարուածների սարսափազդու հնչիւնները: Այս հարուածներն ահաբեկում էին նաեւ Արմէնի կողքին կանգնած ու ձեռքը խաղալիք բռնած շէկլիկ մի երեխայի:
Արմէնը քարացաւ: Սիրտն արագօրէն զարկում էր, հաշւում վայրկեանները: Շունչը պահած՝ տղան տագնապով սպասում էր անխուսափելի դժբախտութեանը:
Յանկարծ պատանին մէջքին ուժեղ մի հարուած զգաց. ամբողջ աշխարհը խաւարեց. ամենուրեք հնչեցին կանանց, տղամարկանց ու երեխաների վայրի ճչոցները. մի զիլ սուլոց լսուեց ու անյատակ մթութիւն կլանեց կայարանը: Ականակիր խաւարը ոտքից գլուխ համակեց նաեւ Արմէնին: Լռութիւն հետեւեց... անսահման լռութիւն....
ԶԱՐԹՕՆՔ
Որքա՜ն գեղեցիկ է Մոսկովը մայիսի կէսերին, երբ երկարատեւ ու խստաշունչ ձմռանից բնութիւնն արթնանում է, առաջին անգամ ժպտում եւ գարնան արեւի ջերմութեամբ փաղաքշում տեղաբնակներին: Տարին բոլոր քաղաքի բնակիչներն, իրենց վրայ շերտ առ շերտ հաստ ու տաք ձմեռային շորեր հագնելով, համբերութեամբ սպասում են այս գեղեցիկ ու տաք օրերին, երբ վերջապէս հնարաւոր կը լինի գլխաբաց դուրս գալ փողոց ու խորն ըմբոշխնել գարնանային ջերմ ու բուրաւէտ օդը: Մոսկովում ընդամէնը երեք ամիս է տեւում այս հրաշալի եղանակն. այդուհետ բնութիւնը դարձեալ խորասուզւում է անհանդուրժելի վիշապաշունչ սառնամանիքների մէջ: Սակայն այս առաջին օրերին ոչ մէկը չի մտածում այդ գեղեցկութեան կարճատեւութեան մասին ու բոլորս վայելում ենք գարնանային ծաղիկների ու թփերի վրայ բացուող բողբոջների համեղ բոյրը: Երկար պողոտաները ողողւում են արեւի շլացնող շողերով եւ անթիւ շէկ բարդիների մէջ կորսուած քաղաքը լցւում է սլացիկ բարձրուղէշ ծառերի համատարած խշշոցով ու փողոց դուրս թափուած ուրախ բնակիչների ձայներով: Մի խօսքով՝ քաղաքն արթնանում է ձմեռային երկարատեւ քնափութիւնից:
Մայիսի սկզբից մինչեւ յունիսի կէսերը կարմիր ու դարչնագոյն բողբոջներով պատուած փթթող բարդիներից պոկւում են եւ չորս կողմը թռչում միլիոնաւոր փետուրիկներ: Ճերմակ ու փայլուն գորգով դրանք ծածկում են քաղաքի արեւադէմ փողոցները, թաքնւում ստուերային անկիւններում, կիսաբաց դռներից ու լուսամուտներից սպրդում տներն ու սուսուփուս մտնում բոլոր ծածկոյթների տակ: Պստիկ օդապարիկների նմանուող փետուրիկները ճախրում են օդում ու ստեղծում շուրջպարեր, խուտուտ են տալիս փողոցում անցնող մարդկանց դէմքերը, բամբակէ շեղջերով հաւաքւում ասֆալտածածկ ճանապարհների եզրերին, սպիտակ սփռոցով ծածկում մարգասէզները, լռւում են ծխնելոյզներում ու լողում գետի ջրի հոսանքով: Շաբաթներ շարունակ ամենուրեք այս ճերմակ փետուրիկներն են: Ուր էլ գնաս, որ ուղղութեամբ էլ նայես, դրանք վէտվէտում են, սաւառնում քաղաքի վրայով, խմբերով թռչում ու խմբերով էլ ինջում շիկացած ասֆալտի վրայ՝ տարէցտարի կրկնելով նոյն արարողութիւնը:
Այդպէս է լինելու այս տարի. այդպէս էլ էր լինում շատ-շատ տարիներ առաջ՝ Արմէնի դպրոցական տարիներին:
Մինչեւ օրս էլ յիշում է Արմէնն այն հրաշալի օրերը: Հէնց որ տղան աչքերը փակում է ու մտմտում իր կեանքի ամենաերջանիկ պահերի մասին, նրան կրկին պատկերանում է հազար ինը հարիւր իննսուներեք թուականի մայիս ամիսն, արեւաշոգ եղանակը, իր դպրոցական ընկերների զրնգուն ծիծաղը, այսօրուայ պէս՝ բարդիների փետուրիկներով լցուած ու ձմեռուայ քնափութիւնից արթնացած քաղաքը: Տղայի երեւակայութեան մէջ կենդանանում են միայն լաւագոյն յիշողութիւնները, միայն բարի կերպարները, միայն իր մանկական ուրախութիւնն ու բերկրանքը: Չի յիշում Արմէնը ո՛չ իր երկրի սարսափելի փլուզումը, ո՛չ ահաւոր տնտեսական ճգնաժամը, ո՛չ էլ ժողովրդի գորշ յետխորհրդային էութիւնը: Միայն լաւագո՜յնը, միայն ամենաբարի՜ն:
Ներաշխարհը ծնւում ու ձեւաւորւում է մարդու մանուկ տարիներին: Բնաւորութիւնը, սովորոյթները, երազանքները, ձգտումները. դրանց սկիզբը մանկութեան մէջ է: Հողն ընկած սերմի նման՝ մանկական զգացմունքները ծիլեր են արձակում՝ ձեւաւորելով մեր բնաւորութեան գծերն, սկզբունքները, տեսակէտներն ու բարդոյթները: Այդ ծիլերը բոյն են դնում մեր հոգիներում, երկար տարիների ընթացքում տակաւ աճում եւ առմիշտ բնորոշում մեր հետագայ կեանքը: Մանուկ տարիներին սակայն մենք երբեք չենք մտահոգւում այս փիլիսոփայական մտքերով ու միայն սպունգի պէս ներծծում շրջապատող աշխարհի գեղեցկութիւնը, գաղտնիքներն ու հրաշքները: Հիանում ենք ու մինչեւ կեանքի վախճանն անթեղում մանկութեան թանկագին յիշողութիւնները՝ թէ՛ մայրական մեղրածոր խօսքերը, թէ՛ դպրոցական արկածալից կեանքի չարաճճիութիւնները, թէ՛ քաղաքը ողողող օրուայ պայծառ լոյսն ու շիփ-շիտակ բարդիների միլիոնաւոր ճերմակ պարաշիւտիկները...
Արմէնի դպրոցը շատ էր տարբերւում սովորական խորհրդային դպրոցներից: Մեծածաւալ վեցյարկանի աղիւսաշէն կառոյցը հպարտօրէն կանգնած էր չորս-հինգյարկանի բնակելի շէնքերի մէջ՝ Մոսկովի Պետական Համալսարանից ոչ հեռու գտնուող հին թաղերից մէկում: Դպրոցն ունէր հարիւրից աւել ճերմակ ու փշոտ եղեւնիներով մի մեծ գաւիթ, որի եզրին ամբողջ երկարութեամբ վեր էր բարձրանում կանաչ կիսաթափանց ձեւաւոր պարիսպը: Կարճ ընդմիջումների ժամանակ դպրոցից գաւիթ դուրս էին թափւում երեխաներն ու եղեւնիների տակ խաղում, աղմկում, զուարճանում: Ուսուցիչները պատուհաններից ծածուկ, բայց ուշադիր հետեւում էին երեխաներին, սակայն երբեք չէին խառնւում ու գլուխ չէին դնում դպրոցականների չարաճճիութիւնների հետ:
Ներսը՝ կաւճոտ գրատախտակներով ու կոշտ նստարաններով դասասենեակներում խիստ ու բովանդակալից ծրագրով լուրջ դասեր էին ընթանում: Անսահման լռութեան մէջ դասատուները գրատախտակների վրայ գծագրում էին հանրահաշուական, քիմիայի ու ֆիզիկայի բանաձեւերը, երկրաչափական գծագրեր, թուաբանական թուարկութիւններ, ծրագրաւորման հրամաններ ու պրոցեդուրաներ: Ամենուրեք թուեր էին, կանոններ եւ օրէնքներ: Որպէս տնային աշխատանք ամէն օր դասատուները երեխաներին տալիս էին դժուար խնդիրներով երկար յանձնարարութիւններ: Գրեթէ ամէն օր մինչեւ կէսգիշեր աշակերտներն իրենց ծնողների հետ մէկտեղ նստած էին սեղանի մի լամպով լուսաւորուած մութ սենեակներում՝ աշխատելով գլուխ հանել դժուարին մաթեմատիկական, ֆիզիկայի ու քիմիայի խնդիրներից: Օգնութեան էին հասնում բնական գիտութիւնների ոլորտներում աշխատող բոլոր հարազատները:
Այդպէս անցնում էին ամիսներ ու տարիներ: Խնդիրների ցանկերն իրար յաջորդում էին. դրանք լուծելու համար անցկացրած անքուն գիշերների քանակն աւելանում էր. փոխւում էին թեմաներն ու գիտական նիւթերը. թուերն ու կանոնները կուտակւում էին մանկան՝ դեռեւս անբովանդակ ուղեղներում:
Երեւի թէ արդէն կռահեցիք, որ Արմէնի դպրոցը մաթեմատիկական թեքումով էր: Մնացած ուսուցիչները, կարծես՝ նեղացած լինելով իրենց առարկաների հանդէպ անտարբեր վերաբերմունքից, փորձում էին բարձրացնել իրենց առարկաների «վարկանիշը»: Աշխարհագրութեան, աստղագիտութեան, կենսաբանութեան, պատմութեան ուսուցիչները չէին զիջում իրենց խստութեամբ հիմնական առարկաների դասատուներին: Նրանք, ասես՝ խօսքները մէկ արած, անհամար թուերով յագեցրած երկար դասախօսութիւններ էին տալիս, յետոյ էլ յաջորդ դասին խստագոյնս ստուգում երեխաների պատրաստուածութիւնը: Չկար մի օր, որ չանցնէր առանց ստուգողական աշխատանքի:
Արմէնին թւում էր՝ իր կեանքը միայն բաղկացած է թուերից, կանոններից, ուղղահայեաց ու զուգահեռ գծերից, բանաձեւերից ու կանոններից, մաթեմատիկական խնդիրներից ու ստուգարքներից: Արմէնը համոզուած էր՝ կեանքը, համակարգչային ծրագրի պէս, համաչափ ու միատեսակ պիտի անցնի՝ ժամացոյցի սլաքի նման հաշուելով անցնող վայրկեանները: Լոկ դասի ժամանակ փողոց ուղղուած հայեացքը նշմարում էր բարդիներից պոկուած ու պատուհանի կողքով սաւառնող հարիւրաւոր փետուրիկները, որոնց դանդաղ ու գեղեցիկ պարը չէր անցնում ուղիղ գծերով ու համաչափ շարժումներով: Այս պարը կարծես ակնարկում էր Արմէնին, որ թուերից զատ կայ մի այլ աշխարհ՝ աւելի հետաքրքիր, անկրկնելի ու միանգամայն մոգական:
Ռուսաց լեզուի ու գրականութեան առարկայի դասերը եւս ծայրաստիճան անհետաքրքիր էին ու անուշագրաւ: Խստապահանջ ուսուցիչը՝ Կլարա Պետրովնան, պառաւ թօշակառու կին էր՝ ասեղի անցքի չափ բերանով, հնաձեւ նախորդ դարի պչրանքով եւ մեծ ակնոցով, որի լծաղեղներն իրար հետ կապուած էին հաստ կանաչ հեռախօսային լարով: Նա վաղուց հիասթափուել էր անկարգ աշակերտներից ու քաջ գիտակցում էր, որ իր դասը բնական գիտութիւններով տարուած երեխաների համար երբեք առաջնային չի լինի: Դրա համար էլ ռուսաց լեզուն ու գրականութիւնը նա դասաւանդում էր մաթեմատիկայի պարապմունքների նման: Դասագրքի ամէն գլուխ անցնելուն պէս՝ նա երեխաներին չափածոյ եւ արձակ երկերից մի ցանկ էր տալիս անգիր անելու: Փոքրիկներն էլ հլու-հնազանդ գիշերներն անքուն մնալով՝ տող առ տող «ջուր» էին անում գրական հատուածներն՝ առանց հասկանալու հատուածի իմաստն ու գեղեցկութիւնը: Գիշերներն անգիր էին անում, իսկ յաջորդ օրը դասի ժամանակ ասմունքում ու մէկ ժամ անց իսպառ մոռանում այդ տողերը:
Հերթական դասն էր՝ նոյնպիսի անիմաստ տնային յանձնարարութեամբ: Երեխաները լուռ նստած էին դասասենեակում, իսկ պառաւ ուսուցիչը մէկ առ մէկ յայտարարում էր երեխաների անունները: Իր անունը լսելուն պէս՝ իւրաքանչիւր երեխայ թէ՛ վախից, թէ՛ անակնկալից զսպանակի նման ծուլ էր լինում ու ոտնէ-ոտ դուրս էր գալիս գրատախտակի մօտ ճիշտ այնպէս, ինչպէս քայլում է կալանաւորը՝ գնդակահարութեան վայր գնալիս: Դասարանի առջեւ կանգնում էր ու միալար, առանց որեւէ խանդավառութեան ասմունքում իր անգիր արած բանաստեղծութիւնները: Այն էլ ոչ այդքան լաւ՝ առանց իմաստի մէջ խորանալու:
Արմէնն արդէն չէր ունկնդրում ելոյթ ունեցողներին: Նա դուրս էր նայում դասասենեակի դիմացի պատի լուսամուտից ու վայելում պատուհանի կողքին կանգնած բարձրուղէշ սաղարթախիտ կաղնու ճիւղերի վէտվէտումը: Նայում էր ու մտովի պատկերացնում տերեւների շվշվոցն ու սօսափը, հովի մեղմաբարոյ փայփայանքը: Մէկ-մէկ տերեւներին նստում էին անուշադիր ճնճղուկներն ու մէկէն անսպասելիօրէն ընկնում: Արմէնը հետեւում էր թռչուններին ու բերանով մէկ ժպտում: Տեսարանը սրտապնդում էր երեխային, ուրախութեամբ լցնում տղայի հոգին, ուժ էր տալիս դիմանալ այն անբացատրելի անհեթեթութեանը, որին վաղուց վերածուել էին ռուսաց լեզուի դասերը:
Մէկ էլ ամէն ինչ փոխուեց... Գրատախտակի մօտ դուրս եկաւ Ժենեան՝ դասարանի երկու աղջիկներից մէկը: Նա շատ զգայուն անձնաւորութիւն էր, յաճախ աչքերը կախ սուսուփուս նստած էր իր տեղը: Քիչ էր մասնակցում մեր չարաճճիութիւններին ու գլուխ չէր հանում բնական գիտութեան առարկաներից: Քանզի դասարանում քսան աշակերտներից ընդամէնը երկու աղջիկ կար, դասատուներն օգնում էին աղջիկներին, երես էին տալիս, լաւ գնահատականներ նշանակում: Ժենեան էլ նրբավարի ու համեստութեամբ վերաբերւում էր թէ՛ դասընկերներին, թէ՛ դասատուներին եւ աշխատում էր աչքի երբեք չընկնել:
Ժենեան անձայն դուրս եկաւ դասարանի առջեւ, ուղղեց իր խաս շրջազգեստը, մի քանի անկապ բառ ասաց ուսուցչուհուն, որի ճակատն իսկոյն փոթ եկաւ, ու սկսեց ասմունքել: Արտասանում էր այնպիսի բարակ ու նկուն ձայնով, կարծես ուժասպառ էր ու ներքին ցաւից միանգամայն յոգնատանջ: Ասմունքում էր Արմէնին անծանօթ մի կարճ բանաստեղծութիւն:
Առաջին իսկ տողերից տղան իր մտքերից սթափուեց: Խօսքերը դիպուկ էին, ուժեղ ու պարզ: Նախադասութիւնները՝ համառօտ, բայց բովանդակալից: Տողերը՝ ցաւով ու հոգու լացով տոգորուած: Հեղիկանը ողբում էր իրեն լքած կնոջ կորուստն ու նկարագրում իր հոգու խոր տանջանքները: Ռուսաց գրականութեան դասերի ընթացքում աշակերտները շատ էին ասմունքում տարբեր հեղիկակների բանաստեղծութիւնները, սակայն առաջին անգամն էր, երբ բանաստեղծութիւնն այդքան խորն ազդեց տղայի վրայ: Ժենեան շարունակում էր ասմունքել՝ դիպուկ շեշտեր ու ճիշտ դադարումներ անելով: Աղջկայ ձայնը բարձրանում էր ու իջնում՝ ցոյց տալով հեղինակի զգացմունքների ելեւէջները: Արմէնը փակեց աչքերն ու իր երեւականութեան մէջ կենդանացաւ հեղինակը՝ գորշ թիկնոցով, միանգամայն մենաւոր, մի մոմով լուսաւորուած մութ սենեակում նստած, իրեն լքած կնոջ նկարն էլ՝ հեղինակի առաջ: Ժենեայի ձայնում Արմէնը կարծես լսում էր տղամարդու լացը, տեսնում այտերի վրայով հոսող արցունքների կաթիլները, զգում սրտաբեկուած տղամարդու ծանր շնչառութիւնը: Գնալով հեղինակի վիճակը սաստկանում էր. լացը վերածուեց դառնութեան, զայրոյթը՝ վհատութեան, յուսահատութիւնը՝ ծայրայեղ դատարկութեան: Վերջին քառատողում հեղինակի կեանքն ասես կտրուեց, յոյսը հատաւ. էլ ապրելու իմաստ չկար:
Ժենեան վերջացրեց ասմունքն ու գլուխն իջեցրեց: Արմէնը, ծայրաստիճան զարմացած, աչքերը յառել էր աղջկան, իր շունչը համաչափօրէն հաշւում էր վարկեանները: Տղան ամբողջովին կարկամել էր՝ խորաթափանց երկի ու դրա դիպուկ կատարման ազդեցութեան տակ: Ժենեան ուղիղ նայեց ուսուցչուհուն, նա էլ գլխով մերժողական շարժում արեց:
– Քեզ չո՛րս եմ նշանակում, – ասաց Կլարա Պետրովնան, յետոյ էլ գիրքը բացեց ու մատով ցոյց տուեց: – Ճիշտ չէիր արտասանում: Բանաստեղծութեան մէջ դու ուշադրութիւն չէիր դարձնում կէտադրութեան նշաններին: Նայի՛ր, այստեղ բացականչական նշան է. պիտի աւելի՛ բարձր արտասանէիր: Իսկ այստեղ ստորակէտ է դրուած, իսկ դու դադար չտուեցիր: Ի դէպ, մի տեղ «իսկ» կապի փոխարէն, դու «եւ» ասացիր:
Աղջիկը գլուխը կախեց ու անմռունչ նստեց իր աթոռին:
– Գիտե՞ս ինչ: Ես չեմ կարող քեզ նոյնիսկ չորս նշանակել: «Չորսից հանած» ես ստանում: Քո սովորած բանաստեղծութիւնների ցանկը շատ կարճ է:
Տղան դեռեւս Ժենեայի ասմունքի ազդեցութեան տակ էր: Չէր հասկանում, ինչ էր կատարւում իր աչքի առաջ: Քունքերում զգում էր այլայլուած սրտի ուժգին զարկերակն ու մռայլ բանաստեղծութեան տխուր մթնոլորտը:
Դասից յետոյ նա ոտքով սլացաւ դպրոցից տասը կիլոմետրի վրայ գտնուող իր տուն՝ անկարող լինելով անգամ հինգ րոպէ սպասել յաճախ անցնող աւտոբուսին: Վազում էր ու, ձեռքերով մեծ շարժումներ անելով, ճեղքում մայիսեան ջերմ օդը: Բարդիների փետուրիկները ծակում էին Արմէնի երեսը, մտնում իր քիթն ու բերանը: Տղան ափով սրբում էր այս գարնանային ձիւնն ու ոտքերին զօռ տալով աւելի արագացնում ընթացքը: Փոքր անց նա վազելով ներխուժեց հարուստ գրադարանով իր բնակարանի մեծ սենեակ, գտաւ Բլոկի բանաստեղծութիւնների ժողովածուով մի գիրք ու բացեց Ժենեայի կարդացած բանաստեղծութիւնը: Մի քանի րոպէում ջուր արեց ու փակ աչքերով սենեակի մէջտեղում կանգնած փորձում էր կրկնել իր դասընկերուհու տաղանդաւոր կատարումը: Փորձում էր, բայց չէր յաջողում: Կրկին փորձում եւ նորից հասկանում իր ու դասընկերուհու կատարումների միջեւ ահռելի տարբերութիւնը: Քիչ անց կարդաց Բլոկի կենսագրութիւնն ու իմացաւ հեղինակի ծանր կեանքից շատ մանրամասներ, այդ թւում նրա բաժանումը կնոջից, որի ժամանակ գրուել էր Ժենեայի արտասանած բանաստեղծութիւնը: Ակնյայտ էր՝ դեռատի Ժենեան ճիշտ էր հասկացել հեղինակի զգացմունքներն ու դիպուկ նկարագրեց տեղի ունեցած ողբերգութիւնը, թէկուզեւ խախտեց կէտադրութեան մի քանի նշան ու փոխեց անկարեւոր մի բառ: Հոյակապ դաս էր՝ թէ՛ ձեւամոլ ուսուցչուհու, թէ՛ տաղանդաւոր ու զգայուն դասընկերուհու կողմից:
Այն օրուանից մի ամբողջ աշխարհ բացուեց Արմէնի համար: Նա հաճոյքով ըմբոշխնում էր հանճարեղ ռուս գրողների՝ Ցվետայեւայի, Ախմատովայի, Բլոկի, գործերը: Կարդում էր եւ դրանք իսկոյն անգիր անում: Անգիր էր սովորում ու կրկին եռանդով ու ագահութեամբ սպասում նոր գրքերը ձեռք բերելու ու նոր գործերը կարդալու հաճոյքին: Առաջ միանման էին անցնում օրերը՝ առանց յայտնութիւնների ու զարմանքի պահերի: Այն օրուանից այդ ամէնը փոխուեց: Կարծես միայն ուղղահայեաց ու զուգահեռ գծերով, սեւ ու սպիտակ կեանքը մի ակնթարթում զարդարուեց գոյնզգոյն ներկերով, կախարդական նախշերով: Կարծես տղան զարթնեց երկար քնից ու առաջին անգամ վայելեց իրեն շրջապատող խորհրդաւոր աշխարհը:
Ժենեան դասարանի երկու աղջիկներից մէկն էր: Երկրորդը բնաւորութեամբ ծայրաստիճան չարաճճի Մարինան էր: Կայծուն աչքերով իր աղուէսային մռութը միշտ ժպտում էր եւ այս խորամանկ ժպիտից տղան գլխի էր ընկնում, որ Մարինան ընկերներից կամ ուսուցիչներից մէկին ձեռք առնելու մի հնար էր յօրինում: Չարաճճիութիւններն ու անկարգութիւնները գլուխ էր բերում այնպէս, որ ոչ մէկը նրա վրայ նեղացած չէր մնում: Աղուէսի խորամանկութեամբ իսկական տրոլ էր: Խճճուած ծամերով նա շուռ ու մուռ էր գալիս դասերի ժանամակ, մէկի հետ երկտողերով փոխանակւում, հարեւան դասընկերոջ հետ բերանի անկիւնով խօսում՝ բամբասում ու կատակներ անում: Եթէ դասարանը դռվռում էր, ուսուցիչներին դիմադրում ու դասը խափանում, ուրեմն Մարինան էր, անշո՜ւշտ, այս ըմբոստութեան հրձիգը:
Որոշ ժամանակ անց Մարինայի հերթն էր Արմէնին զարմացնելու: Անգլերէնի դասի ստուգման աշխատանքն էր: Բոլորը պատրաստ էին, իսկ Արմէնն ու Մարինան՝ ամենեւին: Տղան նստած էր դասասենեակի հեռու անկիւնում տխուր ու տրտում, ճնշուած վիճակում: Քաջ գիտակցում էր՝ երկու է ստանալու: Պատկերացնում էր իր մօր զայրոյթն ու յանդիմանանքը: Մի քանի օր առաջ Արմէնը քիմիայից երկու ստացաւ ու տղայի մայրն աւտոբուսում բազմաթիւ ուղեւորների ներկայութեամբ բարձրաձայն սկսեց յանդիմանել տղային: Արմէնը գետինն էր մտնում, բայց չէր կարող զսպել իր մօր զայրոյթի պոռթկումը: «Նոյնը կը լինի այս անգամ», – մտածում էր Արմէնն՝ անգլերէն տառի պոչը ներքեւ քաշելով:
– Մի լսի՛ր, Արմէ՛ն, – տղայի կողքին նստած Մարինան դիմեց Արմէնին՝ տղայի ականջներում տեղաւորելով ականջակալները:
Մի ակնթարթում երաժշտութիւնը ներխուժեց Արմէնի աշխարհ, լցրեց այն իր մոգական գեղեցկութեամբ: Էլեկտրոնային կիթառներն, աշխոյժ դաշմանուրային պարտիաները, երգչուհու ձայնն ու գեղեցիկ անգլերէն խօսքերն ալեկոծ ծովի ալիքների նման խառնւում էին իրար, աննկարագրելի ներդաշնակութիւն ստեղծում: Դասարանի մթնոլորտի լրջութիւնն իսկոյն վերացաւ: Տաք հոսանքը վազեց տղայի ծնկներից մինչեւ գլուխն ու մատների ծայրերը. Ձեռքերն անսպասելի հաճոյքից ու անակնկալից փշաքաղուեցին: Կրծքի մէջ Արմէնն անսահման երանութիւն զգաց, խորը շունչ քաշեց ու այդպէս կարկամեց: Ամէն ինչ այնքան համեղ էր թւում, կարծես երկար տարիներ սովորական սեւաձաւարից յետոյ տղան առաջին անգամ էր փորձում մի նրբընտիր ֆրանսական խորտիկ: Մէկ րոպէ առաջ նա դառնութեամբ լի նստած էր մռայլ դասասենեակում, իսկ այժմ ամբողջ մթնոլորտը հարուստ էր, միլիոնաւոր վառ ձայներով եւ դիւթիչ հարմոնիաներով տոգորուած: Տղան շռայլօրէն ժպտում էր ու ժպիտից կարմրեցին այտերը. լեցուն դէմքը փայլատակեց:
– Հաւանո՞ւմ ես, – հետաքրքրուեց խորամանկ Մարինան:
Տղան գլխով համաձայնութեան մի շարժում արեց եւ շարունակեց ունկնդրել երաժշտութիւնը: Երեք րոպէ անց երգը վերջացաւ: Մի կարճ լռութիւն տիրեց:
– Դու որտեղի՞ց ես սկաւառակները ձեռք բերում, – հարցրեց Արմէնն՝ ականջակալներից մէկն աջ ականջից հանելով:
– Մեր քաղաքում յատուկ մի շուկայ կայ, – ասաց աղջիկն, աջ ականջակալն Արմէնի ձեռքից վերցրեց ու իր ականջը դրեց՝ միւս ծայրը թողնելով Արմէնի մօտ: – Ուզո՞ւմ ես յաջորդ անգամ միասին գնանք, ես շուկան քեզ ցոյց կը տամ:
Արմէնը գլխով արեց ու երեխաները միասին շարունակեցին ունկնդրել արտասահմանեան տաղանդաւոր երգչուհու կատարումները: Էլ ո՛չ ստուգման աշխատանքն էր տղային հետաքրքրում, ո՛չ գալիք անբաւարար գնահատականը, ո՛չ էլ ցածր գնահատականի պատճառով տղային սպասող մայրական զայրոյթի պոռթկումը: Աշակերտը շուտով գնալու էր երաժշտական սկաւառակների շուկա՛յ եւ այդ միտքը ջերմացնում էր, փայփայում Արմէնի հոգին: Տղան բերանով մէկ ժպտում էր ճիշտ այնպէս, ինչպէս ժպտում է երեխան՝ պաղպաղակի խանութ գնալու մասին ծնողների խոստումները լսելով:
Այդպէս էլ եղաւ: Դասերից մէկից յետոյ Մարինան Արմէնին ցոյց տուեց շուկան, եւ այդուհետ տղան աշխատում էր առաջին հնարաւորութեան դէպքում, առնուազն ամէն կիրակնամուտ, մի փոքր երկարացնել դէպի տուն իր ճանապարհը, որպէսզի շուկայի կողքով անցնի ու եւս մէկ անգամ ձեռքով շօշափի սկաւառակների ողորկ խայտաբղէտ շապիկն ու լսի նոր երգեր, մեղեդիներ:
Դէպի շուկայ ճանապարհը երկար էր, բայց շատ արկածալից: Միշտ երեխաներով լի փողոցները բարեւում էին տղային ու փոքրիկները՝ հրաւիրում միանալ նրանց, մասնակցել իրենց մանկական խաղերին: Լինում էր, որ Արմէնը միանում էր երեխաներին, գնդակով խաղում «քառակուսի» կոչուող մի խաղ՝ կազմելով չորս հաւասար թիմ: Լինում էր, որ նա խիստ ու անաչառ դատաւորի դեր էր խաղում: Բայց մի անգամ Արմէնը սովորականից շուտ էր ուղեւորուել շուկայ ու, փողոցով անցնելիս, լսեց ոչ հեռու գտնուող եկեղեցու զանգերի ղօղանջը: Մայիս ամիսն էր. օդը, ինչպէս միշտ, բարդիների փետուրներով էր լցուած, օրուայ պայծառ լոյսով էր ողողւում: Փողոցով մէկ տարածուող զիլ ղօղանջից Արմէնը որոշեց մատուռի տեղն ու վազեց այդ ուղղութեամբ:
Վեց անգամ լսուեցին պղնձէ զանգերի հնչիւնները: Արմէնը մօտեցաւ մատուռին ու լուռ կանգնեց դրա մօտ: Երկար կանգնած էր՝ կարծես զանգերի թովիչ կախարդանքի ազդեցութեան տակ: Մէկ էլ աշտարակի մեծ պատուհանում տեսաւ աստիճաններով իջնող ժամհարին: Տեսաւ ու մտաւ եկեղեցի: Կրպակում մոմ գնեց, վառեց այն, դրեց մոմակալի մէջ: Այնուհետ մի փոքր սպասեց եկեղեցու խորհրդաւոր լռութեան ու կիսախաւարի մէջ, զննեց սրբապատկերներով զարդարուած մատուռի ոսկեզօծ խորանը: Երբ ժամհարը փոքր դռնից երեւաց, տղան իսկոյն մօտեցաւ նրան:
– Շատ գեղեցիկ էր զանգերի ղօղանջը, – պատկառանքով կմկմաց Արմէնը: – Դուք յաճա՞խ էք զանգերը հնչեցնում:
– Այո՛, ամէ՛ն օր, – պատասխանեց ժամհարը՝ աջ ափով հաւաքելով հալած մոմը:
– Ամէ՞ն օր, – զարմացաւ Արմէնն ու նորից զննեց ալեհեր ժամհարին: – Իսկ լինո՞ւմ է, որ զանգերը չեն հնչում:
Ժամհարը մի քանի րոպէ մտածեց, մեծամիտ զիջողամտութեամբ շփեց Արմէնի սեփ-սեւ մազերն ու պատասխանեց.
– Այո՛, լինում է այնպէս, որ զանգերը չեն հնչում: Շատ հազուադէպ, բայց լինում է:
– Ե՞րբ, – զարմանքով բացականչեց Արմէնը:
– Երբ մեծ ողբերգութիւն է տեղի ունենում: Զանգերը մարդկանց պէս սուգ են պահում՝ լռում են:
– Մեծ ողբերգութի՞ւն, – ցածրաձայն ծոր տալով կրկնեց Արմէնը:
– Այո՛, մեծ ողբերգութի՜ւն, – բարի ձայնով շարունակեց ժամհարն ու խաչակնքուեց: – Սակայն մի՛ անհանգստանայ, արդէն երկար ժամանակ դա չի պատահել: Աստուած մի արասցէ...
ՅԱՐՈՒԹԻՒՆ
Արմէնը մի կերպ բացեց աչքերը: Ամենուրեք թանձր խաւար էր՝ անյատակ եւ անթափանց: Ցուրտ էր: Թեթեւ քամին մէկ-մէկ անցնում էր պատանու կողքով, շոյում նրա դէմքը, գրգռում տղայի աչքերը, փոշոտ յատակից սրբում սպիտակ աւազը: Արմէնը փորձեց բարձրանալ, բայց չկարողացաւ: Գլուխն ուժգին պտտւում էր ու, կարծես չուգունով լցուած, ձգում էր դէպի գետինը: Տասնեակ ձայների խուլ թնդիւնը մէ՛կ մօտենում էր պատանուն, մէ՛կ նրանից հեռանում, ճնշում տղայի լսողութիւնը: Ձեռքերն ու ոտքերն անզգայացած էին: Արմէնը դժուարութեամբ թեքեց գլուխը դէպի ձախ ու շուրջը նայեց: Նա արդէն սովորել էր խաւարին ու կարող էր տարբերել մօտակայքում գտնուող իրերը. դարչնագոյն կաշեայ նստարանները, ջարդուած լամպերը, կորացած մետաղէ ճաղաշարերը: Փշրուած ապակու կտորները, ձեան պէս, պատել էին վագոնի յատակը: Այն թեքուած էր ու հեռւում համարեա միանում էր առաստաղին. միայն ճմլուած դուռն էր ծուռ ու տգեղ գծով բաժանում յատակն օճոռքից:
Տղան էլի ճիգով ձգուեց: Տաք հոսանքն անցաւ պատանու մարմնով ու յորդեց, լցուեց նրա ոտքերն ու ձեռքերը: Արմէնը նստեց: Նա գտնւում էր վագոնում: Գլուխը կռթնած էր վագոնի նստարանին, ոտքերը՝ կեղտոտ յատակի վրայ մեկնուած: Հեռւում՝ վագոնից դուրս, փոքր խարոյկի վառ բոցը լիզում էր սառն օդը: Կրակի կողքին դողալով մի քանի հոգի էին նստած:
– Ի՞նչ դժբախտութիւն է ինձ հետ պատահել, – մտածեց Արմէնը, ձեռքերով գրկեց իրեն ու փորձեց ոտքի կանգնել, բայց էլի չկարողացաւ:
Նա միանգամայն ուժասպառ էր ու թուլացած: Սարսափից քրտինքը ծածկեց Արմէնի ճակատը. հարիւրաւոր խառնիխուռն մտքեր էին պտտւում պատանու գլխում. աչքին ամէն-ինչ լողում էր: Տղայի մարմնով սարսուռ անցաւ:
– Արթո՞ւն ես, – լսուեց դէպի Արմէնն ուղղուած մէկի խռպոտ ձայնը:
– Այո՛, – վախվորած ասաց տղան ու նայեց խաւարի մէջ՝ այն ուղղութեամբ, որտեղից գալիս էր ձայնը: – Որտե՞ղ եմ ես: Ո՞վ ես: Ի՞նչ է պատահել:
– Չա՛սես, որ էլի չես յիշում, – զայրացաւ ձայնը եւ նկնահասակ ուրուագիծը դուրս եկաւ վագոնից: – Երբ պատրաստ լինես, դո՛ւրս եկ, խարոյկի կողքի՛ն նստրիր, որ դու էլ մի քիչ տաքանաս:
– Որտե՞ղ եմ ես, – նորից հարցրեց Արմէնը՝ աչքերը կկոցելով:
– Տանն ես, – ասաց խուլ ու խռպոտ ձայնը, ծիծաղով պոռթկաց ու քիչ անց սկսեց հազալ:
Արմէնը նորից ձգուեց, խուլ ճիչ արձակեց եւ այս անգամ յաջողեց ոտքի կանգնել: Ծուռ յատակը ճռռաց տղայի տակ: Արմէնը դուրս եկաւ վագոնից ու դանդաղ, փոքր ու համաչափ քայլերով ուղղուեց դէպի կրակը: Ճանապարհի կէսին նա շրջուեց ու նայեց վագոնին: Այն, վթարուել էր, ծռուած էր ու լուրջ դեֆորմացիայի ենթարկուած: Ետեւի մասը թաղուած էր բետոնէ կտորների, շինարարական գերանների ու հսկայ քարերի տակ, իսկ գլուխը բարձրացել էր խրամում ու մի փոքր թեքուել: Վագոնում չվնասուած ապակի չէր մնացել. դատարկ պատուհանները, կոյր աչքերի պէս, նայում էին Արմէնին ու մատնում կառախմբի սարսափելի վիճակը: Լռութիւնը խլացնում էր երիտասարդին:
Վագոնից դէպի աջ տղան նկատեց մէկին: Մարդը պառկած էր յատակի վրայ ու մէկ-մէկ փոքր շարժումներ էր անում: Պատանին դանդաղ մօտեցաւ նրան ու նկատեց գետնի վրայ ոչ հեռու մեկնուած եւս մի քանի մարդ: Բոլորն անզգայացած էին եւ ուշագնաց: Մարդկանց դէմքերը պլլուած էին կեղտոտ լաթէ կտորներով: Ճանճերը տզզում էին, նստում մարդկանց մինչեւ ծնկները բաց ոտքերին ու հովի փոքր իսկ շարժումից նորից վեր թռչում: Շինութեամբ մէկ տարածւում էր մահուան հոտը: Ակնյայտ էր՝ մարդիկ մեռնելու վրայ էին՝ առանց կենդանի մնալու յուսոյ նշոյլի: Քիչ հեռու լսւում էին իրար հետեւից ընկնող ջրի կաթիլների համաչափ հնչիւնները:
Արմէնը մօտեցաւ քիչ առաջ շարժուող մարդուն, ձեռքով հեռացրեց երեսը ծածկող շորը եւ իսկոյն ետ մղուեց: Տղան անմիջապէս գունատուեց. շունչը կտրուեց. սարսափը պատեց տղայի սիրտը: Նա իսկոյն ճանաչեց դէմքը: Ժենեան էր՝ իր դպրոցական ընկերուհիներից մէկը: Նա դեռ կենդանի էր, սակայն բժշկական օգնութեան կարիք էր զգում: Արնաթաթախ երեսը ծածկում էին կապտուկները եւ կարմիր բաց սպիները. կոպերը դողում էին նեարդային կծկումից: Մէկ-մէկ աղջիկը տնքում էր, բայց այնքան թեթեւ, որ հեծկլտոցը կորչում էր ընկնող ջրի կաթիլների հնչիւններում: Արմէնը կռացաւ ու մօտեցաւ աղջկայ երեսին, կանչեց նրան: Ժենեայի շուրթերը շարժուեցին, բայց ոչ մի բառ դուրս չեկաւ՝ միայն տնքոցը: Աղջիկն ուզում էր մի բան ասել, սակայն չէր կարող: Ձեռքերով կառչում էր օդից, տղայի ձեռքերից, կարծես ցանկանում էր պատանքը պատռել, բայց չէր յաջողում:
– Ինչո՞ւ նրան չեն օգնում: Ո՞ւր են բժիշկները, – բացականչեց Արմէնը:
– Բժիշկ չկայ, – անտարբեր ձեւացաւ կարճահասակ անծանօթ մարդն՝ առանց ստուերից երեւան գալու:
– Գժուե՞լ էք, – անճարութիւնից գոռաց Արմէնը:
Դրա վրայ շրջուեցին խարոյկի կողքին նստած բոլոր մարդիկ: Արձագանքը հասաւ հեռու-հեռւում գտնուող պատերին, մեղմացաւ ու ետ դարձաւ կրկնուող ալիքներով: Մարդկանց յանցաւոր անտարբերութիւնը սարսափեցնում էր տղային: Ոչ մէկը տեղից չէր շարժւում: Մի քանի վայրկեան անց բոլորը նորից շրջուեցին՝ ափերը կրակի վերեւը մեկնելով:
– Նրան օգնութիւն է պէտք, – բարձրաձայն ասաց Արմէնը:
– Ինչպէս նաեւ մեզ՝ բոլորիս, – պատասխանեց խռպոտ ձայնը: – Մենք բան չենք կարող անել՝ անզօր ենք:
Արմէնը ծածկեց Ժենեայի երեսը, մետաղէ մի ձող ձեռքը բռնեց ու երկարումէկ ձգուեց: Պատանին յենուեց մետաղէ ձեռնափայտի վրայ ու մի քանի քայլ արեց: Նա տրամադիր չէր խօսելու. նա պիտի հասցնէր օգնել իր դպրոցական ընկերուհուն: Արմէնն առաջ նայեց եւ նկատեց, որ շուտով խրամը մօտենում էր աւարտին ու սկսւում էր թունելը:
– Ամենայն հաւանականութեամբ թունելի միւս կողմից կայարան կը լինի, – մտածեց երիտասարդը եւ մեկնարկեց թունելի ուղղութեամբ:
– Դու ո՞ւր ես գնում, – հետաքրքրուեց ձայնը: – Խելքդ գլուխդ հաւաքի՛ր: Դու էլ առողջական խնդիրներ ունես: Կը մոլորուե՛ս, չես հասցնի:
– Լռի՛ր, – տղան մրմնջաց ի պատասխան եւ, ոտքերը քարշ տալով, մօտեցաւ թունելին: – Գոնէ օգնութիւն կանչեմ. ես դա ի վիճակի եմ անելու:
– Լա՛ւ, – կամաց ու անտարբեր ծամծմեց ձայնը: – Դու գիտես: Ես պատասխանատու չեմ:
Տասը րոպէ անց Արմէնը մտաւ թունել ու դանդաղ առաջ էր շարժւում թունելի երկարութեամբ ձգուող մէկ մետր լայնութեամբ ոտնատեղով: Շուտով տղան հասաւ թունելների խաչմերուկին ու թեքուեց ձախ: Ճիշտ այս րոպէին նա իր ետեւից զգաց ծանր շնչառութիւն: Արմէնը շրջուեց ու աչքերը կկոցեց: Ետեւից ընկած մարդը նոյնպէս կանգ առաւ ու քարացաւ: Խաւարը քօղարկում էր գաղտագողի քայլող մարդուն:
– Դուք ո՞վ էք: Ի՞նչ էք ուզում, – գոռաց Արմէնն՝ անկարող լինելով զսպել իրեն:
– Ես քեզ կը պատասխանեմ, բայց դու սկզբից պպզի՛ր ու ափերով ականջներդ ծածկի՛ր: Թէ չէ, կը զղջաս:
Էլի խռպոտ ծիծաղը հասաւ Արմէնի ականջներին: Այս անգամ հռհռոցն աւելի մեղմ էր: Պատանին չոքեց ու ականջները փակեց: Մի քանի ակնթարթ անց տղան ուժեղ միջանցիկ քամի զգաց: Այն սաստկացաւ, խառնուեց դժոխային աղմուկին ու կէս րոպէից անցաւ: Այնուհետեւ սովորական լռութիւն տիրեց: Արմէնն իջեցրեց ձեռքերն ու ոտքի կանգնեց: Հեռւում աղօտ լուսոյ մի կէտ էր նշմարւում:
– Ես քո ետեւից եմ: Եթէ ուզում ես ինձ տեսնել, երկու քայլ արա՛: Բայց ոչ թէ դէպի լոյսն, այլ հակառակ ուղղութեամբ, – կամաց ասած ձայնը: – Սակայն դու ինձ հազար անգամ ես տեսել եւ ես ամենեւին չեմ փոխուել: Դու էլ արդէն լա՛ւ ես. գնալով առողջ մարդու տեսք ես ստանում:
– Չեմ հասկանում, – զարմանքով ընդհատեց Արմէնը՝ մտքում հաշուելով իր քայլերը: – Ինչպէ՞ս ես յաջողում այս ականակիր խաւարում ինձ տեսնել: Ո՞ւր մնաց տեսքս գնահատել:
– Հետզհետէ վարժւում ես, – պատասխանեց ձայնը: – Երբ ապրում ես խաւարի մէջ, տեսողութիւնդ օրէցօր սովորում է մթութեանը: Գիշերահաւի նման սրատես ես դառնում: Է՜, զգո՛յշ: Քիչ էր մնում ինձ ոտքի տակ տայիր:
– Կը ներե՛ս, – ետ մղուեց Արմէնն ու պպզեց:
– Ոչի՛նչ: Լինում է, – հանգստացրեց խորհրդաւոր ձայնը, որի տէրը վերջապէս առաջին անգամ այս մէկ ժամուայ ընթացքում Արմէնի տեսադաշտում էր յայտնուել:
Տղայի աչքերը վերջ ի վերջոյ վարժուեցին մթութեանը. սկզբից սովորեցին տարբերել մեծ իրերն, այնուհետ՝ իրերի մանրամասնութիւնները: Ձայնի տէրը մի անճար-աղքատ մարդ էր՝ տարիքով, կքած մէջքով, սպիտակ մազերով ծածկուած երեսով ու ձեռքերով, երկար կեղտոտ եղունգներով: Մարդն այդքան էլ ծեր չէր, բայց մաշուած էր, հիւանդ: Իր մարմինը վաղուց ջրի երես չէր տեսել, որի պատճառով նրանից երկու մետր հեռաւորութեան վրայ շան հոտ էր տարածւում: Հագին ունէր նախկինում թանկարժէք, իսկ հիմա հնոտի դարձած շորեր: Արմէնը նրա կողքին նստեց, մէջքով կռթնեց սառը բետոնէ պատին ու աչքերը փակեց: Վերջին մի քանի րոպէի ընթացքում սաստկացող գլխացաւը մեղմացաւ ու շուտով ամբողջովին անցաւ: Արմէնը նստած էր նոյն տեղն ու վախենում էր բացել աչքերը. ահը համակեց նրան:
– Էլի է գալիս, – ցածր ձայնով ասաց ծերունին, կկոցեց սեւ աչքերն ու ափերով ծածկեց խոշոր ու մազոտ ականջները:
Արմէնը կրկնեց նոյն գործուղութիւնները, սակայն այս անգամ՝ բաց աչքերով: Նորից գոյացաւ սառն ու կտրող քամու հոսանքը, էլի լսուեց անտանելի որոտը: Կայծակի պէս թունելի մթութեան մէջ փայլատակեց վառ լապտերների շառափը: Արմէնի աչքի առջեւ ահաւոր արագութեամբ սլանում էր իրար միացուած մի քանի վագոններով հսկայ մի կառախումբ: Քառակուսի պատուհանների լոյսերի անվերջ շարանն անցնում էր տղայի կողքով: Երբ գնացքն անյայտացաւ հեռւում, ծերունին դարձաւ Արմէնին զուարթ ձայնով:
– Վախենո՞ւմ ես: Գիտե՛մ, որ վախկոտ ես, – ծիծաղեց ծերունին: – Սակայն այսօր դու աւելի վճռական նայուածք ունես: Ի՞նչ է պատահել:
– Ժենեային պիտի օգնենք, – ցածրաձայն պատասխանեց Արմէնը՝ յիշելով իր ընկերուհու ծանր վիճակն ու յուսալիր նայելով ծերունուն: – Դու ինձ կ’օգնե՞ս:
Ծերունու դէմքը մնաց քարացած: Միայն բերանի անկիւնում զարմանքի մի ակնարկ երեւաց:
– Հո չե՞ս գժուել, – բղաւեց նա եւ ցոյց տուեց այն ուղղութեամբ, ուր նոր սլացաւ կառախումբը: – Մուտքն այնտեղ արգելուա՛ծ է:
– Ես պիտի գնամ: Յանուն Ժենեայի պիտի փորձեմ, – ասաց Արմէնն ու ոտքի բարձրացաւ սառը գետնից: – Կը գա՞ս ինձ հետ:
– Խելագարուե՞լ ես, Արմէ՛ն: Ո՞ւր ես գնում: – խռպոտ ձայնով գոռաց ծերունին ու նրա ձայնն արձագանք գտաւ թունելի երկու ծայրերում:
Պատանին վճռականօրէն առաջին քայլն արեց ու մէկէն զգաց, որ ծերունին կառչեց իր աջ ոտքից: Արմէնն ուժով ազատեց ոտքն ու, առանց ծերունուն նայելու, արագօրէն առաջ գնաց: Շուրջը՝ խաւարի մէջ, շշնջալով գոյանում ու անհետանում էին ուրուագծերը: Հով էր: Հեռւում լուսոյ կտորը գնալով մեծանում էր՝ ցոյց տալով թունելի վերջը: Արմէնն աջից ձախ սահեցրեց հայեացքն ու զննեց թունելի ներսակողմը: Պատանին քայլում էր նեղ ոտնատեղով, աջ ուսով քսւում մոխրագոյն պատին, իսկ ձախ կողմից ձեռքով կռթնում սառը մետաղէ ճաղաշարին: Ճաղաշարից ներքեւ իջնում էր ձեւաւոր մի պարիսպ՝ նոյնպէս մետաղից: Պարիսպից այն կողմ անցնում էին լայն երկաթուղու ռելսերը, որոնց վրայով ամէն երեք րոպէն մէկ սլանում էին մարդկանցով լի կառախմբեր: Թունելի սեփ-սեւ պատերն ու առիքը կազմում էին կամարաձեւ մի շինութիւն, որի վերջում լուսոյ շլացնող ճաճանչներն էին փայլատակում: Մի քանի անգամ Արմէնը ետ նայեց՝ ականակիր մթութեան մէջ փորձելով տեսնել ծերունուն, բայց նա չկար: Թանձր խաւարն անթափանց էր՝ անգամ երկու մետր հեռաւորութեան վրայ:
«Ի՞նչ է պատահել այն օրհասական կայարանում: Ինչո՞ւ մեզ արգելուած է կայարան դուրս գալ: Ինչպէ՞ս օգնեմ Ժենեային», – հարցերը կուտակւում էին տղայի գլխում, որոնք մնացին անպատասխան:
Յաղթահարելով ուժգին ցաւը, գլխապտոյտն ու ոտքերի գերյոգնածութիւնը՝ տղան զօռով շարունակում էր քայլել թունելի ուղղութեամբ դէպի լոյսը: Վերջապէս նա հասաւ թունելի ծայրին ու ճռռոցով հրեց սպիտակ մետաղէ դռնակը, որից կախուած էր վաղուց ջարդուած մի կողպէք: Բացեց ու դուրս եկաւ կառամատոյց:
Կայարանի վառ ջահերի առատ լոյսից Արմէնը մէկէն կուրացաւ, ափերով ծածկեց աչքերն ու տապալուեց ոչ հեռու գտնուող մարմարէ մի նստարանի: Վատ զգաց ու չնկատեց, որ հաշուած րոպէների ընթացքում մարդկացնով լի կայարանում նրա շուրջ երկու մետր հեռաւորութեան վրայ տարածութիւնն ազատուեց: Մետրոյի ուղեւորները երիտասարդի շուրջ օղակ սարքեցին եւ, աչքերը չորս արած, զննում էին Արմէնին՝ գլխի մերժողական շարժումաներով չորս կողմն անխրախուսական հայեացքներ նետելով: Փսփսոցը գնալով սասկտանում էր, մարդիկ՝ աղմկում:
Մինչ ամբոխը հաւաքւում էր Արմէնի շուրջ, երիտասարդն, ափերն աչքերին, իր յիշողութեան մէջ փորձում էր կենդանացնել իրադարձութիւնների ընթացքն ու յաջորդականութիւնը: Նա յիշում էր փողոցում ծաւալուող դաժան պտտահողմը, բարկացած մարդկանցով լի կայարանը, գնացքների սուլոցն ու ամբոխի ահաւոր հրմշտուքը: Տղայի երեւակայութեան մէջ պատկերացան մօտեցող գնացքի վառ լապտերները, իր կողքին կանգնած երեխան՝ անասելի սարսափն աչքերում, ու մարդկանց մոլեգնած ճիչերը: Այնուհետեւ՝ դատարկութիւն: Անսահման լռութիւն: Ո՛չ զգացմունք, ո՛չ յիշողոթիւն, ո՛չ էլ կերպար: Արմէնի մտքում մաշուած սկաւառակի նման կրկնւում էին այն վերջին վայրկեանները, սակայն դա օգուտ չէր բերում: Անցեալը խոր յիշողութեան մէջ ամրափակ դռան ետեւում մնաց:
Շշուկների վրայ կառամատոյցի կենտրոնից դէպի Արմէնը մօտեցաւ պաշտօնական կապտաւուն զգեստով եւ օդաչուի կարմիր գլխարկով մետրոյի աշխատակիցը՝ հսկայամարմին, ցմփոր մի կինարմատ: Վազելու ժամանակ նա սուլիչ փչեց, աչքով արեց կառամատոյցի հակառակ կողմում կանգնած իր ոստիկան օգնականներին ու մատնացոյց արեց սկզբից Արմէնին, յետոյ էլ սանդուղքը՝ ամենայն հաւանականութեամբ հրամայելով ոստիկաններին Արմէնին դուրս վռնդել կայարանից:
Սուլոցն սթափեցրեց տղային իր մտքերից: Նա իսկոյն տեսաւ թէ՛ ոստիկաններին, թէ՛ վազելու ժամանակ գիրութիւնից ճօճուող մետրոյի ցմփոր աշխատակցուհուն: Վերջինս աւելի շուտ մօտեցաւ Արմէնին ու ամբողջ ուժով սկսեց բոռալ տղայի վրայ: Բղաւում էր, ճչում, նուաստացնում երիտասարդին, սակայն Արմէնը չէր լսում նրան: Ծաղրանկարի նմանուող կնոջ արտաքինը շռայլ ժպիտ էր առաջացրել տղայի դէմքին:
Օդաչուի կարմիր գլխարկով կինարմատը շարունակում էր բորբոքուել ու աղմկել, յետոյ մեղմացաւ ու խստագոյնս լուռ նայեց պատանուն: Տղան ձեռքերով շօշափեց իր շորերն ու զարմանքով արձանագրեց, որ նա, իրօք, հագին ունէր ցնցոտի յիշեցնող հին, կեղտոտ, պատռուած շորեր, ինչպէս թունելում հանդիպած ծերունին: Ձեռքերը նոյնպէս կեղտոտ էին, սպիներով ծածկուած ու կոշտացած: Հասկանալի էր, ինչու էր կինն ուզում տղային արտաքսել կայարանից. նա չէր ցանկանում ո՛չ անտուն մարդ տեսնել կառամատոյցում, ո՛չ էլ լսել գանգատուող յաճախորդների դժգոհութիւնները:
Հեռւում տեսնելով երկու ոստիկաններին՝ Արմէնն զգաստացաւ, փախուստի դիմեց իրեն անգոսնող կայարանի աշխատողից ու սլացաւ դէպի ոստիկանները: Վազքի ժանամակ նա զգում էր իր ծանր շունչը եւ արագ մօտեցող ոստիկանների սարսափազդու ոտնաձայները: Սա նո՛յն կայարանն էր, որտեղ նա յայտնուեց վայրի ամբոխի մէջ այն օրհասական օրը: Նո՛յն ներսակողմն ու մթնոլորտն էր, սակայն ինչ-որ տարրերով դրանք այժմ տարբերւում էին: «Մետրոպոլիտեն» բառի տառերից, որոնք այն օրը ողողւում էին վառ ջահերի լոյսով ու շողշողում լապտերների ճաճանչների տակ, մնացել էին միայն առաջին հինգ տառերը: Միւս տառերն, ինչպէս նաեւ դրանք շրջապատող ու խրամի ետեւում ամբողջ պատը ծածկող փայլուն սալիկները, ջարդուած էին: Դրանց փոխարէն տգեղ գորշ ցեմենտէ պատ էր երեւում: Կառամատոյցի ծայրում՝ սանդուղքի մօտ, մարդկանց նկարներով ու վառուող մոմերով մի փոքրիկ արձան էր սարքած, որի առաջ ալ վարդերով մի քանի տասնեակ ծաղկեփնջերի մի շեղջ էր գոյացել:
Կայարանամիջին տղան շեշտակի փոխեց շարժման ուղղութիւնն, անցաւ կայարանի աջ կողմն ու կառամատոյցից մեկնող գնացքի մէջ թռաւ: Տղայի ետեւից կառախմբի երկաթակուռ դռներն աղմուկով փակուեցին, վարորդը յայտարարեց յաջորդ կայարանն ու գնացքն սկսեց դանդաղ շարժուել: Զայրացած ու դժգոհ ոստիկանները հասան փակ դռներին, անճարութիւնից մի քանի անգամ խփեցին ապակէ լուսամուտներին ու զայրացած նայուածքով այրեցին Արմէնին: Այնուհետեւ շրջուեցին դէպի օդաչուի կարմիր գլխարկով կինը: Վերջինս արդէն ցոյց էր տալիս թունելի մուտքը, որից Արմէնը քիչ առաջ դուրս եկաւ կայարան: Երբ գնացքը գրեթէ հեռացաւ կառամատոյցից, տղան տեսաւ, որ ոստիկանները բրթեցին սպիտակ մետաղէ դռնակը եւ արագօրէն մտան դիմացի թունել՝ ճիշտ այնտեղ, որտեղ նա բաժանուեց ծերունուց:
Հէնց որ կառախմբի վերջին վագոնը մտաւ թունել, Արմէնը շունչ քաշեց: Վախը չքուեց, հեւքը մեղմացաւ, սարսուռն անցաւ: Տղան զննեց վագոնը: Համարեա մարդ չկար: Բոլորը տեղաւորուեցին նստարաններին իրարից որոշ հեռաւորութեան վրայ ու միմեանց հետ չէին շփւում: Բոլորի դէմքերը լուրջ էին, խոժոռ: Ոչ մէկն Արմէնի վրայ ուշադրութիւն չէր դարձնում: Տղան վերջացրեց ուսումնասիրել ուղեւորներին ու հայեացքը սահեցրեց վագոնի առաստաղի վրայով: Օճոռքի վրայ երեք գծով շարուել էին արծաթազօծ օղակներով բոլորակաձեւ լամպերը: Դրանց մեղմ լոյսը հոսում էր, ընկնում երկաթէ յատակի, փափուկ նստարանների, հին յունական նախշերով պատերի վրայ: Հսկայ պատուհանները բաժանուած էին չորս մասի: Վերեւում երկու բացուող օդանցքներ էին, իսկ ներքեւոմ՝ երկու մեծ ամրափակ լուսամուտներ: Պատուհանից երեւում էր կառախմբի արագ ընթացքը, քանզի թունելում մէկ-մէկ պատահող լապտերները միանում էին իրար ու վառ շերտով անցնում Արմէնի աչքի առաջ:
Շուտով գնացքը ժամանեց յաջորդ կայարան: Վագոնից ոչ մէկը դուրս չեկաւ, սակայն ներս մտան երկու կին: Մէկն արդէն շատ ծեր էր՝ ութսունին մօտ կը լինէր: Դէմքը կնճռոտուած էր, այտերը փոս էին ընկել: Ձեան պէս ճերմակ վարսը ծածկուած էր կապտականաչ բերետով: Ծանր վերարկուն սեղմում էր կնոջ ուսերը, որի պատճառով մէջքը սապատաւոր էր թւում: Կնոջ ետեւից ընկել էր մի նուրբ աղջիկ: Կողքով կանգնած՝ նա չէր նայում Արմէնին: Ձեռքում իր գեղեցիկ ձեռնոցներն էին, որոնք շուտով թաքցրեց գրպաններում: Ուսերը ծածկող գանգուր ծամերը ժանեակի նման հիւսւում էին ու թաքցնում մոլորուած երիտասարդից վէս ու հպարտ պահուածք ունեցող աղջկայ դէմքը:
Զգալով իր վրայ ուղղուած պատանու հայեացքը կամ գուցէ լսելով ուղեւորներից մէկի պատահական հազն՝ աղջիկը շրջուեց: Արմէնն ուղիղ նայում էր աղջկայ գեղեցիկ աղուէսային դէմքին խանդավառ հայեացքով ու չէր կարող անգամ մի ձայն արձակել: Մարինա՜ն էր: Դասարանի երկրորդ աղջիկը: Տասը տարի է, ինչ տղան նրան չի տեսել: Տա՜սը երկար տարիներ: Մարինան չարաճճի աղջկանից կերպարանափոխուել ու դարձել էր գեղեցիկ վայելչակազմ օրիորդ՝ խոր աչքերով ու վարդագոյն շուրթերով: Թեթեւ շնչառութիւնից աղջկայ լանջը բարձրանում էր ու իջնում: Վայրկեան անց օծանելիքի բոյրը հասաւ Արմէնին եւ կարծես արբեցրեց նրան: Խանդաղատանքը յորդեց տղայի կրծքից, սարսուռն անցաւ նրա մարմնով: Արմէնն իսկոյն յիշեց այն գեղեցիկ երաժշտութիւնը, որը ծորում էր Մարինայի ականջակալներից շատ-շատ տարիներ առաջ, դասասենեակում, անգլերէնի ստուգման աշխատանքի ժամանակ: Անմահ սիրոյ մասին էր այն գեղեցիկ երաժշտութիւնը:
Արմէնը տեղից շարժուեց ու յատակը ճռռաց տղայի կօշիկների տակ: Մարինան տեսաւ Արմէնին ու սփրթնեց: Ո՛չ, նա չէր ճանաչել տղային: Ընդհակառակը՝ նա ծամածռեց իր աղուէսային դէմքը, գլուխն օրօրեց ու ափերով երկար ծամերը ետ տարաւ: Երիտասարդը շարունակում էր հիացական հայեացքով նայել աղջկան: Աղջիկն էլ սարսափած աչքերը յառել էր պատանուն: Ո՛չ քնքշութեան ակնարկ էր նշմարւում նրա դէմքին, ո՛չ էլ ուրախութեան: Միայն անբարեացակամութիւն ու արհամարհանք: Արցունքի արծաթէ մի կաթիլ գոյացաւ Արմէնի աչքերի անկիւնում ու դանդաղ սողաց կեղտոտ թշի վրայով: Դրան յաջորդեցին երկրորդն ու երրորդը: Տղայի ձեռքերը դողացին ու նա աղջկան ընդառաջ մի քայլ արեց: Մարինան ետ մղուեց, կռթնեց վագոնի դռներին ու կարծես աւելի սարսափեց: Սրտաբեկուած Արմէնը քարացած մնաց տեղում:
Գնացքը կանգ առաւ յաջորդ կառամատոյցում ու բացեց դռները: Մարինան իսկոյն դուրս վազեց ու, առանց ետ նայելու, սլացաւ, կորաւ ամբոխի մէջ: Վարորդը յայտարարեց յաջորդ կայարանը, աղմուկով փակեց դռներն ու կառախումբը շարժուեց: Յենուելով դռան ապակուն՝ Արմէնը շարունակում էր կայարանի ամբոխի մէջ փնտրել Մարինային ու չէր գտնում: Կոտրուած սրտի ցաւը խեղդում էր երիտասարդին: Մրմուռը ծակեց մինչեւ հոգու խորքը: Շուտով գնացքը նորից մտաւ թունելի մէջ ու սովորական կիսախաւարը համակեց վագոնի ներսը: Կառախմբի ծանր անիւները դաժանօրէն հարուածում էին ռելսերին: Նրանց դղրդիւնը խառնուեց Արմէնի ականջներում ուժգին բաբախող սրտի զարկերակի հետ: Արտասուաթաց դէմքը ճապաղեց դռան ապակու վրայ: Աչքերը շարունակում էին նայել թունելի անյատակ մթութեան մէջ:
Տղան կռթնել էր դռանն ու ոչ մի բան չէր տեսնում իր ետեւում՝ ո՛չ վագոնի մաշուած ներսակողմը, ո՛չ յոգնած ուղեւորներին, ո՛չ էլ այն պառաւ կնոջը, որը Մարինայի հետ նախորդ կայարանում մտաւ վագոն: Ծեր կինը տխուր էր, շատ տխուր: Մեծ ու հնաձեւ լծաղեղներով ակնոցը երեսին դրած՝ նա լարում էր տեսողութիւնը: Լարուածութիւնից դողում էր իր ասեղի անցքի չափ բերանը: Բերետը ծնկներին եւ լծաղեղները կապող հաստ կանաչ հեռախօսային լարը պարանոցին՝ կինը ճօճւում էր վագոնի հետ եւ ուշադիր նայում ձեռքը բռնած մի խաղալիքի: Դա կարմիր հրշէջ մի մեքենայ էր՝ սուլիչով ու երկար ծալովի պլաստմասէ սանդուղքով:
– Կլարա՛, խնդրում եմ, բաւական է: Դու քեզ չես խնայում, – պառաւին դիմեց նոյն հասակի իր ընկերուհին, որը մինչ այդ լուռումունջ նստած էր ծեր կնոջ կողքին: – Դու չպիտի քեզ այդքան տանջես: Դու մեղաւոր չես:
Կլարան լալիս էր, ուսերը ցնցում: Մի քանի վայրկեան անց ընկերուհիներն իրար գիրկ նետուեցին ու միւս կինն սկսեց Կլարային հանգստացնել, ուսերն ու մէջքը քնքշութեամբ շոյել:
– Չեմ կարող մոռանալ, – ցածրաձայն ասաց Կլարան: – Ամէն-ինչ աչքիս առաջ է, թէեւ մէկ ամիս է անցել այն օրուանից:
Կլարան յուզմունքից խօսում էր անկապ ու կցկտուր: Արցունքներն ու հեծկլտոցը խեղդում էին ծեր կնոջը:
– Շշշշ՜, հանգի՛ստ կաց, – ամէն մի խօսքին պատասխանում էր ընկերուհին, կկոցում աչքերն ու աւելի մեծ եռանդով շոյում Կլարային:
– Չեմ կարող, հոգի՛ս, աչքիս առաջ է, – էլի լացով պոռթկաց Կլարան: – Երբեք չեմ մոռանայ բազմամարդ այն կայարանը, վայրի ամբոխը, հրմշտուքը: Ամէն-ինչ, ասես դաժան բախտի պատճառով, համընկաւ՝ թէ՛ վատ եղանակը, թէ՛ փչացած գնացքը, որը կանգ առաւ ու հրամայեց ուղեւորներին ազատել կառախումբը, թէ՛ մոլեգնած մարդկանց այս բազմութիւնից յանկարծակիի եկած աշխատողները:
– Շշշշ՜, հանգիստ Կլարա՛, պէտք չէ, – էլի կրկնեց ընկերուհին՝ քաջ գիտակցելով, որ հազարերորդ անգամ հիմա կը լսի նոյն զարհուրելի պատմութիւնը:
– Ուղեւորներն իրար էին անցնում, զայրանում: Մարդիկ ուզում էին փախչել կայարանից, առաջին ժամանող գնացք նստել: Այդ պատճառով ամբոխն ուռճանում էր, ճնշում մարդկանց դէպի խրամը: Այնպէս որ, երբ առաջին գնացքը թունելից յայտնուեց, ամբոխի ճնշման տակ շատերը չդիմացան ու ընկան խրամի մէջ՝ ճիշտ գնացքի տակ: Շատերն էլ ձեռքերն ու գլուխները խփում էին արագ ընթացող գնացքի վագոններին: Նրանց մեծ մասը նոյնպէս մահացաւ, իսկ միւսները ծանր վնասուեցին՝ դարձան հաշմանդամ:
Արմէնը շարունակում էր նայել մթութեան մէջ եւ ունկնդրել Կլարայի բացատրութիւնները: Նա չէր զարմանում, ինչպէս այս աղմուկի մէջ նա կարող էր լսել ծեր կնոջ ցածր ձայնը եւ որ զառամեալ խօսողն իր նախկին ռուսաց լեզուի դասատուն էր: Նա միայն լարում էր լսողութիւնն՝ աշխատելով բաց չթողնել անգամ պստիկ մի մանրամասնութիւն:
– Զոհուածերի մեծ մասը երիտասարդներ էին, կանայք եւ երեխաներ: Ա՜յ Աստուած, ինչո՞ւ թոյլ տուեցիր այս դժբախտութիւնը, – շարունակում էր Կլարան: – Ես էլ իջնում էի կայարանի սանդուղքով եւ այդ սարսափելի տեսարանը բացւում էր աչքիս առաջ: Պատկերացնո՞ւմ ես:
Ընկերուհու աչքերը թացացան: Նա աւելի ուժգին գրկեց Կլարային:
– Երբեք չեմ մոռանայ այն շէկ տղայի սարսափած դէմքը: Նա ձեռքն էր բռնել այս խաղալիքն ու իր մանկական բռուցնքներով սեղմում էր իր կրծքին: Խե՜ղճ տղայ: Նա ընդամէնը տասը տարեկան էր: Ինչո՞ւ նա պիտի զոհուեր: Ինչո՞ւ ոչ մէկը չէր կանխել այդ դժբախտ պատահարը:
Կլարան ձեռքերում պտտեց խաղալիքն ու սեղմեց այն իր կրծքին: Այնպէս, ինչպէս դա անում էր փոքրիկ տղան:
– Հիմա էլ մետրոյի ղեկավարութիւնը ձեւացնում է, թէ ոչ մի բան չի պատահել։ Ոչ մի աղմուկ թոյլ չեն տալիս, կանխում են հրապարակային բոլոր զրոյցներն այս դէպքի շուրջ։ Բոլորը մոռացել են խեղճ զոհուածների մասին... Շատ են զոհուել։ Շա՜տ։ Շա՜տ: Շատ մարդիկ անյայտ են կորել։ Մոլորուած հիւանդ զոհերի արնաշաղախ դիակները ժամանակ առ ժամանակ գտնում են այստեղ-այնտեղ՝ թունելներում, մօտակայ կայարաններում, դատարկ վագոններում...
Կլարան ափերով ծածկեց իր երեսն ու լալիս էր: Մէկ-մէկ գրպանից նա հանում էր իր թաշկինակն ու ջղային վիճակում փչում դրա մէջ: Ընկերուհին անխօս նստած էր, արմունկները ծնկներին: Ո՞վ գիտէ ինչեր էր մտածում: Միայն շարունակում էր շփել Կլարայի մէջքն ու ձեռքերը, բայց արդէն մեքենայաբար:
Մի կայարան երեւաց լուսամուտներից այն կողն: Յետոյ մթութիւնը ներկեց ապակիները սեւ ու մոխրագոյն երանգներով: Արարողութիւնը կրկնւում էր ամէն երեք րոպէն մէկ, սակայն Արմէնը չէր նկատում փոխուող տեսարանը: Նա ճնշուած էր ծանր ճշմարտութեան տակ: Նրան թւում էր, թէ հսկայ մի խճանկարի հազարաւոր կտորներ մի ակնթարթում հաւաքուեցին ու աչքի առաջ երեւաց իրականութեան սարսափելի տեսարանը: Վերջապէս նա հասկացաւ ճակատագրի դաժանութիւնը: Ամէն ինչ հասկացաւ, բայց դրանից նրա դրութիւնը չէր թեթեւանում: Տղան նայեց դռանն ու առաջին անգամ ապակու վրայ նկատեց իր դէմքի ճիշտ պատճէնը: Բայց այդ դէմքն անճանաչելի էր: Այլանդակուա՜ծ, արնաթաթա՜խ, սպիներով ու բաց վէրքերով ծածկուա՜ծ, տեղ-տեղ այրուա՜ծ: Ծռմռուած կոպերից մէկը դողում էր. քիթը ջարդուած էր: Արտացոլանքի խենթ հայեացքն ուղիղ նայում էր Արմէնի աչքերին: Ակնյայտ էր՝ նման ծանր վէրքերով մարդը երկար չի ապրելու:
Տղան լարուեց ու գլուխը յենեց ապակէ դռանը: Նա անասելի միայնակ զգաց եւ ուզում էր լաց լինել, բայց արցունքներ չկային: Անհաւատալի էր, որ անգամ այդ հեշտ գործում, նա չէր յաջողում: Արմէնը զայրացաւ ու գլխով սկսեց թակել ապակէ դուռը: Փոքր անց բաց վէրքի մուգ կարմիր արեան շիթերը ներկեցին յստակ ապակին ու երեք գծով դանդաղ իջան ներքեւ: Պատանին դա էլ չէր նկատում:
Երիտասարդն անշարժ կանգնած էր վագոնում, որը կայծակի արագութեամբ տանում էր նրան դէպի անյայտութիւն: Նա պատկերացում չունէր, ի՞նչ անի, ո՞ւր գնայ, ո՞ւմ դիմի: Նա անգամ չգիտէր, ինչքան ժամանակ նա դեռ ունի: Յոյսը՝ մարդու ամենադժուար ժամանակների ամենաթանկ գանձը, հատաւ: Անգութ ճակատագիրը պարզօրէն յայտարարեց Արմէնին իր դատավճիռը: Դաժա՛ն դատավճիռը: Առանց ներման հնարաւորութեան, առանց երկրորդ շանսի: Տղան անգամ հետաքրքրուած չէր, ինչ կը կատարուի հետագայում: Ի՞նչ փոյթ մնացածը, եթէ ամէն ինչ կորսուած է: Միայն վագոնի գերեզմանային լռութիւնն ու մռայլութիւնը, ինչպէս լինում է յուղարկաւորութեան ժամանակ, տանում էին նրան դէպի կեանքի արահետի վերջը: Ի՜նչ հեգնանք. երիտասարդ կեանքը կորստեան էր դատապարտուած: Պատանին ուզում էր ապրել մարմնի ամէն մի բջիջով, ցանկանում էր անձնազոհ աշխատել, նոր գագաթներ նուաճել, կեանքում ռիսկ անել, ամէն տեսակ վտանգ արհամարհելով, բայց արդէն ուշ էր: Կեանքը շուտով յանկարծահաս պիտի աւարտուէր: Ի՜նչ անողոք եւ զարհուրելի ճակատագիր:
Գնացքը դանդաղ հասաւ վերջին կառամատոյցին: Վարորդը յայտարարեց կայարանի անունը, փակեց դռներն ու անջատեց լոյսը: Վայրկեան անց կառախումբը մեծ արագութիւն զարգացրեց ու մտաւ մութ թունել: Արմէնը մի ակնթարթում յայտնուեց կատարեալ մթութեան մէջ՝ կլանող ու սարսափազդու: Ամենուրեք ականակիր խաւար էր, որը համակեց Արմէնի շուրջ ամբողջ տարածութիւնը: Այն կլանեց թէ՛ գոյները, թէ՛ հնչունները, թէ՛ բոյրերը: Խաւարը ոչինչացրեց տղայի շուրջ կենդանի ամէն մի տարր՝ մէկընդմիշտ յայտարարելով իր տիրապետութիւնը....
Այդ պահին Արմէնն զգաց, որ ուժերը վերականգնւում են: Հեռու-հեռւում յայտնուեց մի դժուար լսելի գվվոց: Այնուհետ այն սաստկացաւ: Տասնապատիկ: Հարիւրապատիկ: Դա ամբոխի ժխորն էր: Արմէնը կարող էր տարբերել ձայները, վերծանել որոշ բառեր: Լսողութիւնից չէին վրիպում հեռւում լացող երեխայի հեծկլտոցն ու ծեր կանանց կոպիտ հայհոյանքները: Շուտով ամբոխի հնչիւններին միացաւ անիւների սաստկացող շրխկոցը՝ միալար, սոսկալի: Շատ հեռու երեւաց պստիկ մի կէտ՝ վառ ինչպէս փարոսը: Այնուհետեւ նա բաժանուեց երեք նմանատիպ կէտերի ու շարունակեց մօտենալ:
Արմէնն իր մէջքին ահռելի ճնշում զգաց: Նա շրջուեց ու ետեւում տեսաւ մարդկանցից բաղկացած ամուր մի պատ: Մարդիկ յոգնած էին, վախեցած, զայրացած եւ միանգամայն անճար: Տղան իր շուրջն աչք ածեց: Նա կանգնած էր այն օրհասական կառամատոյցի վրայ՝ խրամի մօտ, մարմարէ սիւներից մէկից ոչ հեռու: Վառ ջահերը ողողում էին բազմամարդ կայարանն առատ լոյսով: Սիրտը տրոփում էր անհանգստութիւնից: Մարդկանց բազմութիւնը վխտում էր, ամբոխն ուռճանում: Ամբոխի չկառավարուող հոսանքը տանում էր մարդկանց պատահական ուղղութեամբ:
Պատանուց դէպի աջ գտնւում էր թունելի մուտքը, որից լսւում էր մօտեցող գնացքի շառաչիւնը եւ հոսում շոգեկառքի երեք լապտերների շլացնող լոյսը: Արմէնից դէպի ձախ կանգնած էին երկու երիտասարդ աղջիկ՝ աշխատանքային հագուստով եւ պայուսակներով, միջին տարիքի մի մարդ եւ Արմէնի կողքին՝ շէկ մի տղայ: Վերջինս ծայրաստիճան այլայլուած էր, վախվորած: Ձեռքում նա ամուր բռնել էր մի խաղալիք՝ սուլիչով ու երկար ծալովի սպիտակ սանդուղքով կարմիր հրշէջ մեքենայ: Սոսկումից երեխան խաղալիքն ուժգին սեղմում էր կրծքին, կարծես նա մտածում էր, թէ հէնց խաղալիքն է նրան փրկելու մօտեցող դժբախտութիւնից:
– Սա ի՞նչ է, – բարձրաձային բացականչեց Արմէնը: – Ինչո՞ւ եմ ես նորից այս կայարանում յայտնուել: Ինչո՞ւ է կրկնւում նոյն սարսափելի իրադրութիւնը:
Անյարիր մտքերը խառնւում էին նրա գլխում: Ափերը սեղմուեցին, բռունցքներ դարձան: Մէկ էլ պատանին ամէն ինչ հասկացաւ: Նա գլխի ընկաւ, տեսաւ ճշմարտութիւնը, որը տղային նոր յոյս ու վստահութիւն ներշնչեց:
– Ո՛չ, ի՛հարկէ, չի կրկնւում, – ուրախացաւ Արմէնը: – Դժբախտութիւնը դեռեւս չի կատարուել: Դեռ մի քանի վայրկեան կայ: Իսկ այն, ինչ տեսել եմ, զգացել ու վերապրել, երազ էր: Երա՜զ էր՝ իրականութեան մէջ:
Երիտասարդը նորից թունելի մէջ նայեց: Գնացքն ահաւոր արագութեամբ մօտենում էր: Այն արդէն այնքան մօտիկ էր, որ լապտերների ճաճանչները կուրացնում էին: Արմէնը շրջուեց ու իրադրութիւնն արագ գնահատեց: Կար միակ ելք: Նա պիտի ինչ-որ բան անէր, որպէսզի ամբոխի ճնշումը թուլացնի, մարդկանց ուշադրութիւնը շեղի մօտեցող գնացքից: Տղան չորս կողմը նայեց: Նրա հայեացքը կանգ առաւ հրշէջ մեքենայով երեխայի վրայ: Արմէնն առաջ թռաւ, մեքենայից պոկեց սուլիչը, բերանին մօտեցրեց եւ որքան տեղ կար թոքերում փչեց: Խաղալիքի պստիկ պլաստմասէ գնդակը մի ակնթարթում թռաւ, մի քանի անգամ զարկեց խաղալիքի պատերին ու այնպիսի սուր, զիլ եւ ականջ ծակող ձայն հանեց, որ ամբողջ կայարանը զարմացած կանգ առաւ ու քարացաւ:
Մինչ ամբոխը մոռացաւ գնացքի մասին ու մի քանի պահ աշխատում էր հասկանալ սուլոցի պատճառը, կառախումբը դուրս եկաւ թունելից, հասաւ կառամատոյցի միւս ծայրը, կանգ առաւ ու դռները բացեց: Ակնթարթ անց ուշքի եկած մարդիկ, իրար հրմշտելով, գազանների նման ներս վազեցին ու իրար հետ կռուելով զբաղեցրին նստարանները: Նրանք ուրախ էին, որ անիծուած կայարանից հեռանում էին, ու չէին էլ կասկածում, ինչ էր նրանց սպասում, եթէ Արմէնը չլինէր: Տղան էլ մնաց կառամատոյցի վրայ ու քիչ անց տապալուեց կայարանի մէջտեղում գտնուող նստարանին: Նա ծանր շունչ քաշեց ու ճակատից սրբեց քրտինքը:
Արմէնը ցնցուած էր: Ամէն ինչ կատարուեց ճիշտ այնպէս, ինչպէս Մարկը խոստանում էր: Երազը տեւում էր ընդամէնը մի պահ, սակայն յաւիտենութիւն էր ամփոփում իր մէջ: Մունետիկի պէս նա իմաց տուեց վերահաս դժբախտութեան մասին ու ամբողջովին փոխեց տղայի կեանքը: Պատանին հասկացաւ Մարկի խօսքերը երազների կարեւորութեան մասին: Ի՜նչ դժբախտութիւն կը լինէր, եթէ նա չլսէր երազի զգուշացումը: Շատ մարդիկ կը զոհուէին. իր կեանքը կը կործանուէր:
Պատանին ծանր շունչ քաշեց ուրախութիւնից: Տօթ կայարանում նստած, քրտնած լինելով՝ երիտասարդը դողում էր նեարդային վիճակից: Դողում եւ ժպտում էր: Դողում էր խամութիւնից եւ ժպտում ծայրաստիճան երջանկութիւնից: Գիրթ շարժումով Արմէնը ճակատից սրբեց թաց խոպոպն ու վայելեց կառամատոյցի հանդարտ մթտնոլորտը: Կայարանը գնալով դատարկւում էր: Մարդիկ ուրախութեամբ թռչում էին ժամանած գնացքներն ու կայարանից դէն հեռանում: Միայն նստարանները դեռեւս զբաղեցուած էին: Աջ նստարանի վրայ տեղաւորուել էր գնչու մի կին հինգ երեխաներով: Երեխաներն զուարճանում էին, աղմկում, ուրախութիւնից ճօճում բետոնէ յատակին չհասնող ու օդում կախուած փոքրիկ ոտքերը: Արմէնից դէպի ձախ թառել էր մի ծեր կին՝ անցած դարի պչրանքով, ասեղի անցքի չափ բերանով ու հին ակնոցով, որի լծաղեղներն իրար հետ կապուած էին հաստ կանաչ հեռախօսային լարով:
Այնուամենայնիւ Արմէնը ոչ մէկի վրայ ուշադրութիւն չէր դարձնում, ոչ մէկին չէր ճանաչում: Նա իր մտքերի յորձանքի մէջ էր: Տղան զարմացած էր ու միայնգամայն ապշած: Երիտասարդը վերածնուած էր իրեն զգում: Նա ականատեսն է եղել այն հրաշալի երեւոյթի, որը քիչ առաջ նկարագրում էր Մարկը: Արմէնը ձեռք բերեց երկրոդ շանսը: Ձեռք բերեց ու բաց չթողեց:
Փոքր անց երիտասարդը հանգստացաւ. դողն անցաւ. շնչառութիւնը նորմալացաւ: Նա մտածեց, որ պիտի շնորհակալութիւն յայտնի Աստծուն այս հրաշալի ընծայի համար: Յետոյ էլ կը վերլուծի այս օրը, կ’ուրախանայ, կը պատմի իր ընկերներին այս դէպքի մասին: Նրան կը հարցուփորձեն, Արմէնն էլ ուրախութեամբ կը պատասխանի, կը բացատրի իր տեսած երեւոյթը, կը վայելի պատմութեան մանրամասնութիւնները: Այն, ինչ ճշտօրէն չի յիշում, կը յօրինի: Ոչ մէկը չի զայրանայ, եթէ նա որոշ մանրուքներ ճոխացնի: Ո՞վ է բան ասողը: Ամենակարեւրը միտքն է եւ երեւոյթի բուն էութիւնը... Բայց դա դեռ առջեւում էր: Նա դեռ պիտի վերադառնար եկեղեցի ու մոմ վառէր ի նշան այս հրաշալի փրկութեան:
Արմէնը ոտքի թռաւ, վազելով բարձրացաւ սանդուղքով, անցաւ նախասրահով ու դուրս եկաւ փողոց: Պտտահողմը վերջացաւ, կամ էլ աւելի ճիշտ կը լինի ասել՝ անհետացաւ: Փողոցում ոչ մի բան չէր յիշեցնում քիչ առաջ տիրող տարերքը: Ձիւնը բարակ ճերմակ սփռոցով ծածկում էր փողոցն ու շէնքերը, ծառերն ու թփերը: Մարդիկ դուրս թափուեցին փողոց, ուրախանում էին, իրար բարեւում ու սիրալիր ժպտում: Կարծես՝ բուքը միայն Արմէնի երեւակայութեան մէջ էր պտտւում, կարծես՝ եղանակն առաւօտից բարենպաստ էր ու դուրեկան:
Տղան անցաւ շուկայով, քայլեց եկեղեցու ուղղութեամբ: Ճանապարհին հանդիպեց խաղացող երեխաներին: Նրանք աղմկում էին, ձնէ մարդ էին սարքում երեք մեծ ձնէ գնդերից: Գնդերն արդէն իրար վրայ էին դրուած եւ միայն քթի տեղում անհրաժեշտ գազարն էր պակասում: Սակայն այդ սխալը շուտով պիտի ուղղէր գազարի համար տուն վազած երեխաներից մէկը: Տղաներն ուրախանում էին, կատակներ անում: Արմէնին տեսնելով՝ նրանք բերանով մէկ ժպտացին ու պատանուն ձնագնդիկներով խփեցին: Արմէնը ծիծաղեց, սրբեց ձնաթաթախ վերարկուն ու շարունակեց ճանապարհը:
Շուտով եկեղեցու հպարտ շինութիւնը երեւաց տղայի առջեւ: Մատուռն աւելի էր գեղեցիկ, քան թէ Արմէնի յիշողութեան մէջ տպաւորուած եկեղեցու կերպարը: Նախշուն, կարմիր արծնապակով ներկուած պատը, ձեան թագով յարդարուած ոսկեզօծ ողղափառ գմբէթները, կոնաձեւ գմբէթների գագաթների վրայ յամառութեամբ ու հպարտօրէն ցից կանգնած փոքրիկ խաչերը. ամէն ինչ հիացնում էր տղային, հիպնոսացնում: Մատուռը շրջապատող ցածր պարիսպի հարաւարեւելեան կողմի մեծ դարպասը բաց էր: Ամէն րոպէ ներս էին մտնում կամ էլ եկեղեցուց դուրս գալիս ծխականները: Փոքրիկ կրպակը եւս աշխատում էր եւ, ինչպէս միշտ, վաճառում հաւատացեալներին եկեղեցական ապրանք. մոմ, օրացոյց, աստուածաշունչ, սրբապատկեր:
Մատուռ մտնելուց առաջ Արմէնը մտքում փորձեց թուարկել առաւօտից մինչեւ հիմա իր հետ տեղի ունեցած զարմանալի իրադարձութիւնները` մէկ առ մէկ ծալելով մատները: Սակայն մատները քիչ էին՝ միայն տասը հատ:
– Ոչի՛նչ, ես ամէն ինչ պարզ յիշում եմ, – ինքն իրեն հաւաստիացրեց պատանին: – Պիտի անպայման հանդիպեմ Մարկի հետ եւ նրան ամէն ինչ պատմեմ: Հա՜, շուտով կը հանդիպեմ, – Արմէնը յիշեց Մարկի կայանալիք ցուցահանդէսի հրաւէրի մասին:
Պատանին քրքրեց ծոցագրպանը, բայց այն դատարկ էր: Մարկի տուած բացիկն՝ իր ցուցահանդէսի հրաւիրատոմսը, չկա՛ր: Տղան աւելի խորը քրքրեց գրպանն, ստուգեց միւս գրպաններն ու շորերի ծալքերը, բայց տղայի որոնումներն ապարդիւն անցան: Հրաւիրատոմսը չկա՜ր: Որտե՞ղ էր նա կորցրել բացիկը: Մի՞թէ պտտահողմի ժամանակ՝ Մարկին հրաժեշտ տալուց անմիջապէս յետոյ: Կամ էլ քամու պոռթկումների հարուածների՞ ընթացքում: Կամ էլ կայարանի ահռելի հրմշտուքի՞ ժամանակ:
Արմէնը յուսահատուած չորս կողմն էր նայում: Բնութիւնը չափազանց հանգիստ էր, հաշտ ու խաղաղ: Տեղի ունեցած պտտահողմի ոչ մի ակնարկ չէր նշմարւում: Միայնգամայն անհաւանական էր, որ ընդամէնը կէս ժամ առաջ այստեղ տարերք էր ծաւալւում, այժմ էլ ոչ մի բան չէր յիշեցնում դաժան եղանակի մասին:
– Հնարաւո՞ր է դա, – զարմանում էր տղան: – Մի՞թէ դա էլ էր իմ երեւակայութիւնը: Արդեօ՞ք դա էլ էր երազ:
Արմէնը հարցական հայեացքով նայեց մատուռի վերեւի յարկում գտնուող զանգակատանը: Զանգերի ղօղանջն էլ հնչեց կարծես ի պատասխան: Ճիշտ վեց անգամ:
28.04.2016 - 30.05.2016