Найти тему

«ՄԱՄԱ». ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Оглавление

Մտորումներ Եւրատեսիլի մասին

(որպէս նախաբան)

«Եւրատեսիլ» մրցոյթին հետեւելիս մենք՝ ելոյթ ունեցող երգիչների երկրպագուներս, յաճախ մոռանում ենք, որ Եւրատեսիլը նոյնպէս, ինչպէս եւ իր հայրը՝ «Սան-Ռեմո» մրցոյթը, ոչ թէ երկրների ու երաժիշտների, այլ երաժշտութեան ու երգի մրցոյթ է: Հեռուստադիտողները տեղյակ չեն, որ այս մրցոյթում յաղթանակը երգչի հանրաճանաչութեան ու յաջողութեան, կարիերայի զարգացման եւ եկամուտի աւելացման երաշխիք չէ: Փառասիրությամբ տարուած այդ փաստը մոռանում են նաեւ ելոյթ ունեցող երաժիշտները:

Հեռաւոր հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականին «Եւրատեսիլ» մրցոյթը դեռեւս չէր անցկացւում, սակայն մեծ աղմուկով ընթանում էր «Սան-Ռեմո» փառատօնը՝ «Եւրատեսիլի» այսպէս ասած հայրը: Այդ տարի իտալական Սան-Ռեմո քաղաքում մրցակցութիւնը չափազանց մեծ էր: «Սան-Ռեմո» փառատօնին մասնակցելը ոչ միայն իտալացիների համար էր մեծ պատիւ ու ճանաչում ձեռք բերելու միջոց, այլեւ այն տարի մրցոյթին մասնակցում էին աշխարհահռչակ շատ երգիչ-երգչուհիներ, այդ թւում՝ ամերիկահայ Շէրը, Քոննի Ֆրենսիսը, Ջին Փիթնին, Բոբի Գոլդսբորոն, յայտնի ֆրանսական երգչուհի Դալիդան, սոուլ երգչուհի Դիոն Ուորուիկը՝ Ուիթնի Հիւստոնի քոյրը եւ յայտնի խորհրդային աստղ Աննա Գերմանը:

Հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականի Սան-Ռեմո փառատօնի աֆիշան
Հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականի Սան-Ռեմո փառատօնի աֆիշան

Մասնակիցները չափազանց լարուած էին եւ կլանուած իրենց յաղթանակի իղձով: Կրքերը եռում էին հնադարեան ծովամերձ քաղաքում: Երգիչներն իսպառ մոռացել էին, որ փառատօնը ոչ թէ կատարողների, այլ երգի մրցոյթ էր:

Փառատօնի ընթացքում բոլոր յայտնի երաժիտները մէկը միւսի հետեւից պարտւում են. աշխարհահռչակ երգիչներից ոչ մէկն անգամ եզրափակիչ չի անցնում. ո՛չ Շէրը, ո՛չ Դիոն Ուորուիկը, ո՛չ էլ Աննա Գերմանը: Իմանալով, որ Դալիդան նոյնիսկ առաջին քսանեակում չէր՝ իր ամուսինը՝ Լուիջի Թենկոն, ինքնասպան է լինում: Ամուսնու ետեւից Դալիդան մի բուռ քնաբեր դեղ է խմում՝ փորձելով ինքնասպանութիւն գործել, սակայն բժիշկները յաջողում են նրան փրկել: Մի քանի օր անց Աննա Գերմանի մեքենան լեռնային ճանապարհի անսպասելի ոլորաններից մէկից ընկնում է ձոր: Աննա Գերմանը մարմնական ծանր վնասուածքներ է ստանում ու երկար ժամանակ կոմայի մեջ պառկած մնում հիւանդանոցում:

Մրցոյթում առաջին տեղերը գրաւում են մինչ այդ անյայտ անուններ: Բոցավառ կրակի կայծերի պէս նրանք պայծառ փայլատակում են «Սան-Ռեմո» մրցոյթի բեմում եւ իսկոյն մարում ու անհետանում երաժշտական ասպարէզից: Իսկ վերոյիշեալ երաժիշտներն, ովքեր անգամ եզրափակիչ չէին անցել, յետագայում դառնում են աշխարհահռչակ աստղեր, ում մինչեւ հիմա սիրում ու մեծարում են միլիոնաւոր երկրպագուներ:

Հռչակն անցողի՜կ է: Այսօրուայ յաղթողը վաղը սովորական մարդ է դառնում. այսօրուայ հեղինակութիւնը մի քանի ամսից` անյայտ մի անձ: Ժամանակն ամէն ինչ ջնջում է աշխարհի երեսից: Սոսկ տաղանդը, հանճարն ու սիրով արուած գործը յաւիտեան մնում է ժողովրդի սրտում և յիշողութեան մէջ:

«ՄԱՄԱ»

Հազար ինը հարիւր վաթսունվեց թուականի աշունն էր: Ուշ էր: Արդէն մի քանի օր շարունակ Սոնին ամբողջ գիշերը նստած էր հին դաշնամուրի առջեւ ու դնդնում նոր մի եղանակ: Շէրն, ինչպէս միշտ, քնած էր կից սենեակում: Ո՜ւշ էր: Գիշերը շուտով պիտի նահանջէր գալիք առաւօտի առջեւ, սակայն Սոնին չէր ուզում զիջել: Նա երգ էր յօրինում Շէրի նոր ալբոմի համար եւ այս անգամ, ի տարբերութիւն իրենց նախորդ շատ յաջող գործերի, հակուած էր միայնգամայն փոխել իրենց երաժշտութեան ոճը:

Առաջ տաղանդաւոր զույգի երգերը շատ պարզունակ էին, անպաճոյճ: Առաջին իսկ վայրկեաններից երիտասարդները որսում էին մեղեդու եղանակն ու խօսքերի ծանծաղ բովանդակութիւնը: Հանդիսատեսը սիրում էր նրանց, մեծարում: Երիտասարդներին դուր էր գալիս այն փաստը, որ երգիչները նման են իրենց երկրպագուներին, եւ իւրային էին համարում Սոնիին ու Շէրին: Իսկ գործընկերներն ու ամբողջ արդիւնաբերութիւնը... նրանք չէին յարգում այդ երկուսին, չէին գնահատում իրենց ստեղծագործութիւնն ու չէին ընդունում սիրահարուած զոյգի արժանի ճանաչումը:

Սոնին ու Շէրը
Սոնին ու Շէրը

Այդ ամէնը պիտի փոխուէր նոր ալբոմի հրատարակումից յետոյ: Սոնին տարուած էր մի հետաքրքիր գաղափարով. նոր ալբոմը պիտի պարփակէր միայն լուրջ հասարակական թեմաների շուրջ երգեր: Դրա առաջին արդիւնքը մի քանի օր առաջ գրուած նոր երգ էր՝ «Երեխանե՛ր ջան, աւելի լաւ է նստեցէ՛ք» վերնագրով:

Երգը պատմում էր բաժանուող ծնողների մասին, ովքեր փորձում են խոստովանել փոքրիկ զաւակներին իրենց բաժանուելու որոշումն ու յորդոր են կարդում, ինչպէս փոքրիկները պիտի վարուեն: Երգը շատ էր դժուար ու տխուր: Երգի մէջ ծնողները մե՛րթ քնքշաբար խօսում են երեխաների հետ, մե՛րթ նեարդայնանում ու սկսում զաւակներին յանդիմանել:

Առաջին երգը ձայնագրուած-աւարտուած էր: Եկել էր երկրորդի հերթը: Սոնին նստած էր դաշնամուրի առջեւ ու մէկ մատով սեղմում էր ստեղներին: Դաշնամուրը շատ հին էր ու կիսաջարդուած: Սոնին գնել էր այն մի քանի տարի առաջ, երբ դեռ ժողովրդականութիւն չէին վայելում. գնել էր ընդամէնը ութսունհինգ դոլլարով: Սոնին շատ էր ուրախանում ու պարծենում, թէ որքա՜ն էժան էր գնել այդ համարեա «լիարժէք» նուագարանը: «Բոլոր ստեղներն աշխատում են՝ բացի մի քանիսից, բայց դրանք թաւ ձայներ են եւ մենք այնտեղ չենք երգում», – կատակով ասում էր Սոնին ու դարձեալ ուրախանում իր նոր դաշնամուրով:

Մի քանի րոպէ անց Սոնին վերջացրեց երգն ու նոտաները գրեց խաւաքարտէ թղթի վրայ: Աղքատ լինելու պատճառով՝ նրանք գրելու թուղթ չունէին ու նոտաները գրում էին այն թղթի վրայ, որով լուացքատան աշխատողները փաթեթաւորում էին շորերը: Շէրը դեռ քնած էր ու տեղեակ չէր թէ՛ նոր գրած երգից, թէ՛ Սոնիի ծրագրերից:

Հարոլդ Բաթիստը
Հարոլդ Բաթիստը

Յաջորդ առաւօտ Սոնին առաջին հերթին ուղեւորուեց ծանօթ ջազային երաժշտի՝ Հարոլդ Բաթիստի տուն: Նոր-Օրլեանում ծնուած Բաթիստը բազմակողմանի տաղանդի տէր ջազային երաժիշտ էր, գործիքաւորող, դաշնակահար, սաքսոֆոնահար ու երգեցողութեան մասնագէտ: Նա միշտ օգնում էր Սոնիին ու հեշտութեամբ կարող էր ամենապարզունակ մեղեդու համար այնպիսի վերադաշնակում ստեղծել, որ անգամ ջազային երաժիշտներն էին տարւում այդ երկով: Սոնին նորից խնդրեց Հարոլդին իր հանճարը դրեւորել ու մի քանի ժամ անց երգի մեղեդին պատրաստ էր:

Չափազանց տխուր ու յուզիչ մեղեդու համար Սոնին գտել էր պատշաճ խօսքեր: Ցանկանալով իրականութիւն դարձնել լուրջ ալբոմ հրատարակելու երազանքը՝ Սոնին որոշել էր, որ այս երգը լինելու է երիտասարդ աղջկայ յղիութեան մասին: «Մամա» վերնագրով երգն առաջին տողերում պատմում էր փոքր աղջկայ մասին, որը միամիտ հարցնում էր իր մօրը. «Մամա՛, երբ ես մեծանամ, արքայորդիս կը գա՞յ ինձ մօտ»... Իսկ վերջին քառատողում աղջիկն արտասուելով խոստովանում է, որ մարդը եկաւ ու գնաց, եւ հիմա արդէն այդ աղջկայ փոքրիկ դուստրն է հարցնում արքայազնի մասին:

Այն տարիներին միայնակ երիտասարդ աղջիկների յղիութիւնը յաճախակի երեւոյթ էր: Թէեւ հանդիսատեսը գիտէր դրա մասին, նա ուրախ չէր լսել ձայնասփիւռի եթերում լուրջ թեմաների շուրջ երգեր: Առաւել եւս երգը լոյս տեսաւ կաղանդի օրերին ու երգում էր Շէրը՝ այն Շէրն, ով մինչեւ այն օրը շատ երջանիկ կեանք էր ունեցել:

Հանդիսատեսը չհաւատաց Շէրի կեղծ կատարմանն ու տառապանքի շինծու զգացմունքներին:

Տապալուելով ԱՄՆ-ի եթերում՝ Սոնին որոշեց այդ երգով գրաւել Եւրոպական շուկան՝ ուղղելով նախկին սխալները: Երգի համար նա յանձնարարել էր գրել իտալերէն տեքստ, որն արդէն յղիութեան մասին չէր: Նոյն «Մամա» վերնագրով ու նոյն մեղեդիով երգը պատմում էր երգչի մենակութեան ու տխրութեան մասին, որոնք առաջացել էին սիրելի մօր մահուանից յետոյ: Ըստ նոր բառերի՝ հեղինակն ամէն օր յիշում է մօրն ու կարօտում է նրա ջերմութիւնը:

Սոնին չէր ուզում ժամանակ կորցնել Շէրի ձայնագրութեան վրայ: Այն այնքան հապճեպ տեղի ունեցաւ եւ այնքան անորակ էր, որ ժամանակ չկորցնելու համար անգամ ձայնակցող պարտիաները նրանք վերցրել էին բնօրինակից՝ անգլերէն երգից: Ուստի նոր երգում գլխաւոր եւ ուղեկցող ձայները այնքան էլ ներդաշնակ չէին:

Երգը եւրոպացի ունկնդրի ուշադրութիւնն էլ չգրաւեց:

Տեսնելով եւրոպական շուկայի հնարաւորթիւնները՝ Սոնին որոշեց մի քիչ էլ մնալ Իտալիայում ու միաժամանակ մասնակցել «Սան-Ռեմո» փառատօնին: Սա այն ողբերգական հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականի «Սան-Ռեմո» մրցոյթն էր....

❃ ❃ ❃

....Դալիդայի համար հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականն օրհասական տարի էր: Ազգութեամբ իտալացի, բայց Կահիրէում ծնուած ու մեծացած ժրաջան Դալիդան մանուկ տարիներից երազել էր բեմի ու շոու բիզնեսի մասին: Քայլ առ քայլ, յաղթանակ առ յաղթանակ նա մօտենում էր իր երազանքին՝ սկզբից գրաւելով առաջին տեղերը գեղեցկութեան մրցոյթներում իր հայրենիքում՝ Եգիպտոսում, այնուհետեւ փորձելով ժողովրդականութեանը հասնել երգեցողութեան ասպարէզում՝ արդէն Ֆրանսիայում: Տասը տարուայ ընթացքում նա գրաւել էր Եգիպտոսում ու Ֆրանսիայում ապրող ունկնդիրների սրտերը երեք յաջող ձայնասկաւառակներով ու պատրաստւում էր նաեւ եւրոպական միւս երկրներում յաջողութեան հասնել:

Այն ժամանակ Դալիդան ոչ միայն վայելում իր կարիերայի արագ զարգացումն ու միլիոնաւոր երկրպագուների սէրը, այլ նաեւ իր անձնական կեանքի վառ ծաղկումը: Վաղ վաթսունական թուականներին երգչուհին հանդիպել էր ու սիրահարուել յայտնի իտալացի երգահան Լուիջի Թենկոյին: Թւում էր, թէ աշխարհում ոչինչ չէր կարող դառնացնել իրենց երջանիկ կեանքը: Երկուսն էլ գեղեցիկ ու տաղանդաւոր անձնաւորութիւններ էին, երկուսն էլ՝ սիրահարուած, երկուսն էլ մտադրուած էին գրաւել Եւրոպայի շուկան ու համոզուած էին, որ հեշտութեամբ կը հասնեն իրենց համարձակ նպատակին:

Դալիդան ու Լուիջի Թենկոն
Դալիդան ու Լուիջի Թենկոն

Եւորպական ունկնդիրների ուշադրութիւնը գրաւելու ամենաճիշտ ու արդիւնաւէտ քայլը «Սան-Ռեմո» մրցոյթին մասնակցելն էր: Առանց երկմտելու՝ հազար ինը հարիւր վաթսունեօթ թուականին Դալիդան միացաւ այդ մրցոյթին Լուիջի Թենկոյի գրած «Առա՜յժմ, սիրելի՛ս» երգով ու չէր էլ պատկերացնում, թէ ինչ դժոխքի շուտով կը վերածուի այս տրամաբանական իր որոշումը:

Դալիդան ու Թենկոն պարտուեցին...

Երբ լուսարձակների տակ բեմում կանգնած հաղորդավարները բարձրաձայն կարդացին եզրափակիչ անցած երգիչների անունները եւ պարզուեց, որ Դալիդան այդ ցուցակում չէ, ինքնամփոփ ու խեղուած հոգեկան կազմուածքի տէր Թենկոն գնաց իր սենեակ ու հրազէնով ինքնասպան եղաւ: Մի ահռելի իրարանցում տիրեց: Մէկ ակնթարթում երգչուհու ամբողջ կեանքը կործանուեց. էլ իմաստ չկար ապրելու: Ամուսնու ետեւից Դալիադան էլ ինքնասպանութեան փորձ կատարեց, բայց նրան մի կերպ փրկեցին: Մի քանի ամիս անց երգչուհին հիւանդանոցից դուրս եկաւ ու երգեց «Մամա» երգը: Երգեց անկեղծօրէն ու անթերի, այնքան տպաւորիչ ու ազնիւ, այնքան տխուր ու խորաթափանց, որ հանդիսատեսը չէր կարող անտարբեր մնալ: Կարծես՝ իր անանց ու խոր ցաւը, որը նա զգում էր իր հեռացած ամուսնու կորստի կապակցութեամբ, նա փոխանցել էր երգի վրայ: Դալիդան արդէն ոչ թէ երգում, այլ, ունկնդրի մօտ սարսուռ առաջացնելով, անյոյս ու անսփոփ լալիս էր ու ողբում հեռացած մօր մահը:

Դալիդայի «Մամա»-ն գրաւեց իտալական ձայնասփիւռի եթերում առաջին տեղերը: Մի քանի ամսուայ ընթացքում Դալիդան ձայնագրեց «Մամա» երգը նաեւ ֆրանսերէն ու ու գերմաներէն, եւ հրատարակեց մինի-սկաւառակ: Սկաւառակի երեսի կողմի վրայ «Մամա» երգն էր, իսկ աստառի կողմի վրայ՝ «Առա՜յժմ, սիրելի՛ս»-ը՝ այն երգը, որը յաղթանակ չէր բերել եւ որի պատճառով ինքնասպան էր եղել իր սիրելի ամուսինը:

Բայց սա երգի պատմութեան վերջը չէ: Ճակատագրի կամօք՝ երգը շարունակում էր ապրել ու ճանապարհ գտնել դէպի տարբեր երկրներում ապրող ունկնդիրների սրտերը: Դալիդայի կատարմամբ ներշնչուած՝ յայտնի չեխ երգչուհի Մարտա Կուբիշովան երգի իր տարբերակն է ձայնագրել: Նրա երգի բառերն արդէն ոչ թէ մահացած մօր, այլ Չեխոսլովակիա ներխուժած խորհրդային զօրքերի ու երկրի քաղաքական իրադրութեան մասին էին:

Երգի տեսահոլովակն աւելի տպաւորիչ էր, քան խօսքերը: Մարտան ցոյց էր տալիս ապաստանազուրկ ու որբ մնացած բոկոտն ու քաղցած երեխաներին եւ սպառնալիօրէն շարժուող խորհրդային տանկերը, որոնք քիչ առաջ աւերել էին աւանը: Ողբերգական ու քնարերգական բնօրինակը Մարտան վերածել էր Խորհրդային Միութեան դէմ բողոք-երգի: Ինչպէս կարելի է ենթադրել, շուտով Մարտայի երգերն արգելեցին հնչեցնել ձայնասփիւռի եթերով եւ նա շուտով մոռացութեան մատնուեց:

Հատուկենտ արեւմտեան երգեր էին թոյլ տալիս հաղորդել Խորհրդային եթերում: «Մամա»-ն բացառութիւն էր: Բայց Խորհրդային Միութիւնում ընդունուած գեղխորհուրդը երգի նկատմամբ մի քանի կարեւոր որոշում ընդունեց: Նախ եւ առաջ երգը պիտի կատարուէր ռուսերէն: Կատարողը պիտի լինէր խորհրդային երգիչներից մէկը: Վերջապէս երգը տխուր ամենեւին չպիտի լինէր, քանզի ըստ քաղաքական դիրքորոշման՝ Խորհրդային Միութիւնում մարդիկ երջանիկ էին ու միայն պիտի երգէին պայծառ ապագայի մասին:

Այսպիսով՝ հանճարեղ Ալեքսանդր Դմոխովսկին գրեց ռուսերէն տեքստը: Ըստ ռուսերէն խօսքերի՝ հեղինակը երգում էր նուրբ ու գեղեցիկ մօր հանդէպ իր սրտառուչ սիրոյ եւ մօր անսահման հաւատարմութեան ու նուիրուածութեան մասին:

Մեր երկրում երգը կատարում էին երկու յայտնի երգիչները՝ Մուսլիմ Մագոմայեւը եւ Լարիսա Մոնդրուսը: Եթէ Մագոմայեւի կատարումը շատ հասարակ էր ու իր դասական գործերից չէր տարբերւում, Լարիսայի տարբերակը շատ էր հետաքրքիր նրանով, որ կրկնօրինակում էր Պիեխայի երգեցողութեան ոճը: Ըստ երեւոյթին՝ այն ժամանակ Ռուսաստանի երաժշտական արդիւնաբերութեան մէջ Էդիտա Պիեխան շատ էր ազդեցիկ ու որպէս օրինակ էր ծառայում միւս կատարողների համար:

Պօլ Մորիայի նուագախմբի գործիքային վարկածն օգտագործուել է եօթանասուն թուականին նկարահանուած «Մայիս ամիսն էր» խորհրդային շարժանկարում եւ «Ամբողջ հոգով» հեռուստատեսային հաղորդաշարում, որը վարում էր Խորհրդային Միութիւնում սիրուած «հռչակաւոր տատիկը»՝ Վալենտինա Լէոնտեւան:

Դրանից զատ Թարիվերդիեւն օգտագործել է երգից մի քանի հատուած «Ճանապարհներ» գործիքային երկի համար, որն իր հերթին դարձաւ հետախոյզ Շթիրլիցի մասին «Գարնան տասնեօթ ակնթարթ» հեռուստատեսային բազմասերիանոց շարժանկարի գլխաւոր երաժշտական թեման:

❃ ❃ ❃

Այս երգի մեղեդին ինձ էլ է շատ հոգեհարազատ: Այն վաղուց ճանապարհ է գտել նաեւ դէպի իմ ըմբռնողական սիրտը: Երբ մի քանի ամիս առաջ մայրս յայտնուեց հիւանդանոցում, ես յանկարծ հասկացայ, որ այս երգը պատմում էր այն, ինչ ես զգում էի մօրս հանդէպ: Արեւաշոգ յունիսեան մի օր երաժտական արուեստանոցում ես մօրս համար ձայնագրում էի «Մամա» երգը եւ ամենեւին տեղեակ չէի, որ հէնց նոյն օրն աշխարհը կորցրեց չափազանց տաղանդաւոր գործիքաւորողի, երգի հեղինակներից մէկին, Նոր-Օրլեանում ծնուած ջազային երաժշտին՝ Հարոլդ Բաթիստին:

27.08.2015