Найти тему

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՆԱԽԱՆՁԸ

Դուք երբեւէ նախանձե՞լ էք: Աւելի լաւ է ձեր պատասխանը «ՈՉ» լինի: Բոլոր զգացմունքներից նախանձն ամենատգեղ, անճոռնի ու հոգու համար կործանարար զգացմունքն է: Այն մարդու կեանքին վնաս է հասցնում, բարեկամներին ու ընկերներին գժտեցնում, մեզանում արթնացնում բնաւորութեան ամենավատ գծերը: Բայց ամենասարսափելին այն է, որ նախանձը մարդու հոգին ներսից է կրծում: Եւ այդ ամէնը միայն մի նպատակով՝ ընկերոջը կամ էլ բարեկամին նմանուելու փափագը բաւարարելու:

Տասը տարի առաջ՝ երկու հազար հինգ թուականին, ես ընդունուեցի Հարվարդի համասլարան: Մէկ ակնթարթում սովորական կենսակերպս բոլորովին փոխուեց. ես տեղափոխուեցի Բոստոն քաղաք եւ յայտնուեցի այդ աշխարհահռչակ համասլարանում տեղի ունեցող չափազանց հետաքրքիր իրադարձութիւնների յորձանքում: Ամէն օր ես հանդիպում էի տաղանդաւոր, բացառիկ խելքի ու հարուստ փորձի տէր մարդկանց: Ես շրջապատուած էի աշխարհի չորս կողմերից եկած փայլուն ուսանողներով եւ ուսուցիչներով: Իրադարձութիւններով յագեցած կեանքի վարարուն գետի հոսանքն ինձ առաջ էր տանում՝ նուիրելով անսահման ուրախութիւն ու նոր տպաւորութիւններ եւ ծանօթացնելով այն ժամանակ ինձ համար շատ անհասկանալի ու անըմբռնելի երեւոյթներին:

Այն ժամանակ ես ինձ հայ չէի համարում, հայերէնին չէի տիրապետում: Հայաստանը ոչ թէ իմ, այլ ծնողների՛ս հայրենիքն էի համարում: Հայ էի այնքանով, որ կրում էի «եան»-ով աւարտուող ազգանուն եւ ունէի հայի արտաքին: Ինձ հետ սովորող ինը հարիւր ուսանողներից ես ծանօթ էի միայն երեք հարիւրին, որոնք ինձ ռուս էին համարում:

Ապրիլեան արեւոտ մի օր էր: Ընդմիջման ժամանակ համասլարանի ճաշարանում սեղանիս յանկարծ մօտեցաւ անծանօթ մի աղջիկ՝ ուսանողներից մէկը, եւ իբրեւ թէ մենք արդէն հազար տարի ծանօթ ենք, յուզումնալից դիմեց ինձ.

– Արմէ՛ն, ես կարծում եմ, որ այս տարի՝ հայոց ցեղասպանութեան իննսունամեակին, թուրքերը պիտի իրենց նախնիների գործած յանցագործութիւնն ընդունեն: Ես Կիպրոսցի եմ եւ հարիւր տոկոսով հայերի կողմն եմ:

– Դու շատ իրաւացի ես: Ես նոյն կարծիքին եմ, – պատասխանեցի ես՝ մտքումս աշխատելով մտաբերել, թէ որտեղից կարող եմ ճանաչել այդ աղջկան եւ որտեղից նա անունս գիտէ:

– Նատալի՛, հոգիս, կարելի՞ է ես ձեզ հետ նստեմ, – յետեւից լսուեց Մարինայի՝ ծանօթ մի յոյն աղջկայ ձայնը:

Նատալին գլխով արեց ու Մարինան իսկոյն միացաւ մեր քննարկմանը: Ես էլ, իմ հերթին, լուռ նստած էի ու չէի կարող աչքերս կտրել Նատալիի դիւթիչ դէմքից: Նա չափազանց գեղեցիկ, հմայիչ արտաքին ունէր՝ մանկական դիմագծերով, վարակիչ ժպիտով, սիրուն եւ խոր աչքերով: Արեւելեան գեղեցկութեամբ օժտուած՝ նա ամերիկուհու ամենեւին նման չէր: Նատալին հոյակապ կերպով վարում էր խօսակցութիւնը՝ իհարկէ ցոյց տալով, որ փայլուն խելքի տէր կին է:

Այդպէս մենք ծանօթացանք: Քաղաքական բանավէճում կէս ժամ անցաւ ինչպէս մէկ ակնթարթ: Շատ ամօթ էր, որ քննարկուող հարցից ես բան չգիտէի: Բայց աւելի էր ամօթ, որ Հայաստանի ու իր պատմութեան հետ ոչ մի առնչութիւն չունեցող մարդիկ այդպէս կրքոտ պաշտպանում էին այն, ինչ ես պիտի պաշտպանէի:

Ես հիացած էի նոր ընկերուհովս, մէկ հայեացքից գրեթէ սիրահարուել էի նրա վրայ:

Ճաշը մօտենում էր իր աւարտին: Մեր սեղանի շուրջ արդէն նստած էին տասից աւել ծանօթ ուսանողներ: Լինելով Հայաստանի կողմնակիցը` բոլորը վիճում էին Թուրքիայի յանցագործութեան մասին: Տարուած արդարութեան վերականգման գաղափարով` բոլորը խօսում էին միւս երկրների յաջորդ քայլերի մասին: Ազդուած ու զգացուած ես միայն հետեւում էի Նատալիի դիւթիչ շարժումներին ու վայելում նրա մեղմ ձայնը:

Այս պահին բարձրահասակ մի տղայ մօտեցաւ Նատալիին, համբուրեց նրան, նստեց նրա կողքին ու, յոյն աղջկան գիրկն առնելով, ձեռքն ինձ պարզեց:

– Էնդրիո՛ւ, – ասաց նա ձեռքս թօթուելով: – Ես Նատալիի փեսացուն եմ:

Երկա՜ր լռութիւն: Եթէ Նատալին հմայիչ ու սիրուն, հազուադէպ գեղեցկութեան մի աղջիկ էր, որի վրայ ես իսկոյն սիրահարուեցի, Էնդրիուն տղամարդու այն տիպարն էր, որին ես միշտ ուզում էի նմանուել: Ի տարբերութիւն ինձ՝ արտաքինովս միշտ դժգոհ ու դրանից քաշուող, Էնդրիուն կատարեալ գեղեցկութեան տէր տղամարդ էր: Բարձրահասակ, բարեկազմ, կայծուն աչքերով, ճիշտ դիմագծերով՝ նա երիտասարդ Ալէն Դելոնից էլ էր գեղեցիկ:

Անգլերէնից զատ Էնդրիուն խօսում էր եւս չորս լեզուով` յունարէն, իտալերէն, ֆրանսերէն եւ արաբերէն: Նա քսանհինգ տարեկան էր եւ այդ երիտասարդ տարիքում արդէն աւարտել էր երկու աշխարհահռչակ համալսարան՝ Փրինսթոնն ու Օքսֆորդը, եւ այն ժամանակ նա Հարվարդում աշխատում էր իր դիսերտացիայի պաշտպանութեան վրայ:

Մեր հանդիպումից մի քանի տարի առաջ նա աւարտել էր նաեւ Լոնդոնի կոնսերուատորիայի դաշնամուրային բաժինը, լաւ էր հասկանում դասական երաժշտութիւնը, բալետն ու օպերան: Նրա մայրը յայտնի օպերային երգիչների գործակալ էր եւ, այսպիսով, նպաստել էր իր որդու հետաքրքրութեանը դասական երաժշտութեան հանդէպ: Էնդրիուն նաեւ պատմութեան՝ յատկապէս միջերկրածովեան ու արեւելեան, Բիւզանդիայի ու Հայաստանի պատմութեան, խոր գիտելինքներ ունէր:

Հիմա էլ, երբ մեր առաջին հանդիպումը կենդանացնում եմ երեւակայութեանս մէջ, չեմ կարող չզգալ, որքան ապշած էի ես նրա հայոց ազգի պատմութեան եւ մշակոյթի գիտելիքներով: Զարմացած էի եւ թեթեւակի ճնշուած:

Բանավէճի համերաշխութիւնից ծագեց ընկերութիւնը: Սակայն ընկերութիւնից զատ, առաջացաւ նաեւ նախանձը: Նախանձը «սեւ» չէր. տաղանդաւոր ընկերոջս ոչ մի վատ բան չէի ցանկանում: Փոխարէնը՝ ուզում էի դառնալ Էնդրիուի նման՝ խելացի, կրթուած, սրամիտ ու տաղանդաւոր: Նախանձս «ճերմակ» էր. ինձ համար բարձր չափանիշ էի վերցրել ու կրկնակի եռանդով ժամեր շարունակ աշխատում էի, սովորում: Սկսեցի հետաքրքրուել ազգիս պատմութեամբ ու լեզուով, երաժշտութեան տեսութեամբ ու դաշնամուրի նուագով: Երաժշտութիւնը սովորելու համար գտայ նաեւ տարբեր դասատուներ ու նրանց օգնութեամբ հետզհետէ յաղթահարեցի այս դժուար ոլորտը:

Սովորելու ընթացքում կրծող նախանձն ինձ չէր լքում եւ աւելի ուժգին էր մղում գիտելիքների նոր գագաթներ նուաճել՝ կտրականօրէն յաղթելով ծուլութեանն ու յոգնածութեանը:

Քանի դեռ Նատալին ու ես Հարվարդի համալսարանում էինք սովորում, մենք մեծ ընկերախմբով այցելում էինք տարբեր ազգային խոհանոցների ճաշարաններ, երեկոները միասին էինք անցկացնում, գնում զանազան համերգների՝ յատկապէս բալետի: Որտեղ հետաքրքիր էր, այնտեղ էլ ուղեւորւում էինք: Ես էլ, գարշելի նախանձի զգացմունքը հոգուս խորքում անթեղելով, միշտ մեծ ուրախութեամբ այդ ընկերախմբի գլխին էի:

Մէկ օր ես բոլորին հրաւիրեցի Բոստոնի «Սամավառ» ռուսական ճաշարան: Փոքր ճաշարանը նրանով էր հանրայայտ, որ այնտեղ բուն ռուսական կերակուր էին մատուցում: Ճաշարանում նաեւ դաշնամուր կար եւ յատուկ օրերին համեղ սնունդը հոյակապ կենդանի ռուսական երաժշտութեամբ էր ուղեկցւում: Այն օրը հէնց այդ երաժշտական օրերից մէկն էր: Մենք մտանք, ճաշ պատուիրեցինք եւ քիչ յետոյ դաշնակահարը նուագարանի առջեւ նստեց ու սկսեց նուագել ու երգել հանրաճանաչ գնչուական «Սեւ աչքերը» երգը:

Ի զարմանս ինձ Նատալին իսկոյն սիրահարուեց այդ երգին: Նա մի քանի անգամ խնդրեց երաժշտին նորից ու նորից նուագել ու երգել, այնուհետեւ ինձ ստիպեց թարգմանել բառերը եւ ինքը վանկերով սովորեց երգի ռուսերէն տեքստը: Երեւում էր՝ նա երբեք այդ երեկոն չի մոռանայ:

Միեւնոյն ժամանակ Էնդրիուն, ով սիրում էր հետաքրքիր թեմաներից խօսել ու որի ամէն մի խօսք միշտ համեմուած էր սրամիտ կատակներով ու խելօք գաղափարներով, լուռ նստած էր՝ աչքերը դիմացի պատին յառած: Նրա աչքերում կար դժուար տեսանելի մի թախիծ: Երգի հերթական կատարման աւարտից յետոյ նա ինքնավստահ կեցուածք ընդունեց ու սկսեց պատմել «Տուրանդոտ» օպերայի մասին եւ դրանից անգամ փոքր հատուած հէնց ճաշարանում երգեց՝ մեր ուշադրութիւնը շեղելով «Սեւ աչքերից»....

Երկու տարի անցաւ: Համասլարանն աւարտելուց յետոյ Նատալին ու Էնդրիուն պսակուեցին: Փառահեղ հարսանեաց արարողութիւնը տեղի ունեցաւ Կիպրոսի մայրաքաղաքի՝ Նիկոզիայի, եկեղեցիներից մէկում: Եկեղեցական ծէսը յաջորդուեց բոլոր հիւրերի համար կազմակերպուած ջերմ ընդունելութեամբ: Դրանից յետոյ մերձաւոր ընկերների հետ նորապսակները հրաշալի մի ընթրիք ունեցան մոմերով լուսաւորուած ռեստորանի մեկուսի դահլիճում: Այնտեղ Էնդրիուն նորից ցոյց տուեց իր երգեցողութեան ունակութիւնը՝ կատարելով գեղեցիկ մի հատուած դասական երաժշտութիւնից: Հիւրերի ու հարսնացուի բուռն ծափահարութիւնները հետեւեցին փեսացուի ուշագրաւ ելոյթին:

Եւս երկու տարի անց՝ երկու հազար ինը թուականի մարտ ամսին, Մոսկովում ընթանում էր Եւրատեսիլի հերթական փառատօնը: Նատալին իր քրոջ հետ եկաւ Մոսկով այդ միջոցառումը դիտելու: Ի՛հարկէ, մենք հանդիպեցինք: Ես նրանց Մոսկովը եւ Մոսկովի տեսարժան վայրերը ցոյց տուեցի. եղանք թէ՛ վերնիսաժում, թէ՛ ուղղափառ եկեղեցու գլխաւոր վանքում, թէ՛ Ստանիսլավսկու թատրոնում: Վերջինս իմ սիրած Պրոկոֆեւի «Ռոմէո եւ Ժուլիէթ» բալետն էր ներկայացնում: Թէեւ Էնդրիուն մնացել էր Կիպրոսում, նա հեռախօսով պատմում էր իր կնոջն այդ բալետի մասին ու, ըստ Նատալիի ասածի, անգամ երգել էր մեղեդու որոշ կտորներ:

Վերջին օրը ես հիւրերին տարայ արեւելեան խոհանոցի ճաշարան, որտեղ աշխատում էին ինձ ծանօթ կիթառահարները: Երաժիշտներն անակնկալ կերպով մօտեցան մեր սեղանին եւ Նատալիի ու իր քրոջ համար երգեցին «Սեւ աչքերը»: Նատալիի ուրախութեանը չափ ու սահման չկար եւ իր քոյրը հէնց այն պահին Ֆէյսբուքում տեղադրեց երաժիշտների հետ մեր լուսանկարը:

Այդ այցելութիւնից յետոյ չորս տարուայ ընթացքում մենք իրար չէինք տեսել: Ես լսել էի, որ նրանք արու մի զաւակ էին ունեցել: Տղայի անունը դրել էին Ստեփանոս: Երեխայի ծնունդից յետոյ Նատալին ու Էնդրիուն վերաբնակուել էին Ամերիկայի Միացեալ Նահանգներում՝ Վաշինգտոն քաղաքում:

Անցեալ տարի ես ուղեւորւում էի ԱՄՆ գործուղման ու, անշուշտ, չէի կարող ընկերներիս չայցելել: Որպէս նուէր ես որոշեցի գտնել մի ձայնասկաւառակ «Սեւ աչքերը» երգի լաւագոյն կատարմամբ: Բայց, ցաւօք սրտի, ամբողջ համացանցը պրպտելուց յետոյ չկարողացայ գտնել երգի արժանի մի տարբերակ: Այն, ինչ համացանցում կար, չէի հաւանում:

Ես զանգահարեցի ինձ ծանօթ երաժիշտ Ալեքսէին: Նրա գլխում հետաքրքիր միտք յղացաւ.

– Ի՞նչ անենք: Ե՛կ իմ արուեստանոց, ձայնագրենք այդ երգը: Ես քեզ կ’օգնեմ՝ կը ձայնակցեմ: Ի դէպ, ինձ մօտ հէնց հիմա լաւագոյն կիթառահարներից մէկն է նստած: Նա մեզ համար հիմա երգի մեղեդին կը նուագի: Ամէն ինչ կ’անենք, մի՛ վախենայ: Լաւագոյն ու անմոռանալի նուէր կը լինի:

Երջանիկ ու խաղաղ սրտով մի քանի օր անց ես արդէն երաժշտական արուեստանոցում էի: Համարեա առաջին իսկ փորձից ձայնագրեցինք այդ երգը: Կիթառը հոյակապ էր հնչում. վոկալ պարտիաները չափազանց դիւրին կերպով գտայ: Չարաճճի տրամադրութեան մէջ վերջին կրկներգից առաջ անմիջապէս երգում դիմեցի Նատալիին՝ ճչալով. «Նատալի՛, մեզ հետ երգի՛ր»: Աստծուն է յայտնի, որքան երջանիկ էի ես ինձ զգում` գիտակցելով, որ ես անպայման կը յաջողեմ ուրախացնել ու զարմացնել համալսարանական ընկերուհուս:

«Սեւ աչքերը»՝ իմ կատարմամբ

Մի քանի շաբաթ անց ես արդէն ճաշում էի Նատալիի ու Էնդրիուի հետ Վաշինգտոնի մի գողտրիկ ճաշարանում: Ճաշի ժամանակ ձայնասկաւառակս մատուցեցի ընկերուհուս: «Երեկոյեան մեծ հաճոյքով անպայման կ’ունկնդրենք», – առանց մտածելու ասաց Նատալին: Նա շատ էր երջանիկ: Երեխան խաղում էր սեղանի տակ. Էնդրիուն, ինչպէս միշտ, պատմում էր իր աշխատանքի մասին: Հանդիպումն աւարտուեց կէսգիշերից ուշ:

Ի զարմանս ինձ ո՛չ յաջորդ օրը, ո՛չ էլ մի քանի ամսուայ ընթացքում ես ընկերներիցս ոչ մի լուր չունեցայ: Առանց իմանալու Նատալիի տպաւորութիւնը, տխուր տրամադրութեան մէջ ես վերադարձայ Մոսկով: Շա՜տ տարօրինակ էր: Ինչպէ՞ս էր կարող դա պատահել: Իր սիրած երգն էր եւ նա բան չասաց: Քաղաքավարի մարդը գոնէ շնորհակալութիւն կը յայտնէր նուէրի համար, բայց ընկերուհուցս պատասխան չեղաւ: Ինձ համոզելով, որ ամենայն հաւանականութեամբ ձայնասկաւառակը ճանապարհին փչացել էր՝ ես աստիճանաբար մոռացայ այդ դէպքի մասին:

Կէս տարի անց ես նորից Վաշինգտոն քաղաքում էի: Այս անգամ մենք ընթրում էինք անմիջապէս ընկերներիս տանը: Ձայնասկաւառակիս մասին ես մոռացած ձեւացայ ու այդ մասին խօսել մտադրուած չէի: Բայց տեսնելով ընկերներիս տանը մի փոքր դաշնամուր՝ ես չէի կարող չյիշել երաժշտական դպրոցիս դժուար տարիների մասին:

– Դու դաշնամո՞ւր էիր նուագում, – զարմացած ու գրգռուած ճչաց Էնդրիուն` ինձ վրայ նետելով ահեղ մի հայեացք: – Ես էլ կարծում էի, թէ դու երգեցողութեան գծով ես կրթութիւն ստացել:

– Ի՛հարկէ, դաշնամուր էի նուագում, այն էլ չէի նուագում՝ չարչարւում էի:

Էնդրիուի աչքերը զայրոյթով լցուած էին: Այդպիսի հայեացք ես նրա աչքերի մէջ երբեք չէի տեսել: Ես քաջ զգում էի նրա վշտացած տրամադրութիւնը, վրդովմունքն ու անգամ նախանձը: Ես շրջուեցի դէպի իր կինը, բայց նա բան չասաց, միայն լարուած ժպտաց: Ամէն ինչ պարզ էր...

Ի՛հարկէ, ձայնասկաւառակը փչացած չէր: Նատալին ոչ միայն լսել էր երգը, այլեւ միացրել այն հէնց իր ամուսնու ներկայութեամբ եւ կատարումից շատ ուրախացել: Դա իր սիրած երգն էր, իր ընկերոջ ձայնն էր եւ երգը նուիրուած էր իրեն ու միայն իրեն: Անշո՛ւշտ, նա նուէրս հաւանել էր:

Իսկ Էնդրիուն... Ամենախելօք, ամենասիրուն, ամենատաղանդաւոր տղան, ով ինձնից հազար անգամ աւելի էր սիրուն, խելօք, տաղանդաւոր... Էնդրիուն, ով ամուսնացած էր այս գեղեցկուհու հետ եւ, ի տարբերութիւն ինձ, ունէր փոքրիկ ու թանկագին տղայ... Էնդրիուն, ով ունէր այն ամէնն, ինչի մասին կարելի էր միայն երազել... Այս Էնդրիուն ինձ նախանձում էր ու չէր էլ թաքցնում այդ գարշելի զգացմունքը:

Մի քանի օր անց Նատալիից ստանում եմ մի փոքրիկ էլեկտրոնային նամակ. «Արմէ՛ն, նորից ու նորից եմ միացնում քո երգն աշխատանքի վայրում: Շատ շնորհակալութիւն այս սքանչելի նուէրի համար: Դու յաջողեցիր ինձ զարմացնել եւ ուրախացնել, յատկապէս երբ ինձ էիր դիմում ձայնագրութեան մէջ: Ինձ համար դա մեծ պատիւ է»:

Նա լսում էր երգն աշխատանքի՛ վայրում: Ի՜հարկէ, նա չէր կարող սկաւառակս միացնել իր տանը` ամուսնու ներկայութեամբ....

Ես շատ եմ նրանց սիրում ու յարգում: Էնդրիուն ու Նատալին ազնիւ, բարի ու պատուաւոր անձնաւորութիւններ են: Նրանց զաւակը սիրալիր երեխայ է: Բազմաթիւ հարցերում ինձ համար նրանք դարձել են հեղինակութիւն ու խորհրդատու: Բայց այն դէպքից յետոյ ես նրանց՝ յատկապէս Էնդրիուին, երախտապարտ եմ կեանքի եւս մէկ դասի համար: Էնդրիուն ինձ սովորեցրել է երբե՜ք չնախանձել: Եթէ առաջ ես կարող էի տարուել այդ գէշ զգացմունքով, ապա հիմա այն ինձ չի կարող տիրել:

Մենք՝ բոլորս, վառ աստղեր ենք կապոյտ երկնքի վրայ: Իւրաքանչիւրս առանձնայատուկ երանգի լոյս է ճառագում, տարբեր պայծառութեան: Իրար նախանձելու փոխարէն պիտի միմեանց՝ առաւել եւս մերձաւորներին, ուրախացնենք հնարաւորութիւններով, տաղանդներով, նուաճումներով: Ապա միայն տարբեր աստղերի ճառագայթների համակցութիւն է, որ աշխարհում ծնում է այնպիսի մի սքանչելի երեւոյթ, որը կոչւում է ներդաշնակութի՜ւն:

16.01.2015