Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների թիվն այժմ գերազանցել է 210-ը։ Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հայտնում է գրասենյակի մամուլի ծառայությունը:
Նա նշել է, որ ստույգ հայտնի է երեք քաղաքացիական անձանց մահվան և երկու անհետ կորած քաղաքացիական անձանց մասին։ Հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ անհետ կորած զինվորների թիվը կազմել է 28։ «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական տրամադրվածության ֆոնին չեն դադարում Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքներին հաջորդում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ անթաքույց զավթողական նկրտումները։
Կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործում հիմնական դերը վերապահված է այդ թվում նաև անցած տարվա նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածության իրականացման շրջանակներում ձևավորված սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների կառուցողական համատեղ աշխատանքին»,- ասել է Գրիգորյանը։
Նա կարևորել է պայմանավորվածությունը, որ սահմանազատման գործընթացում մենք պետք է հենվենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, համաձայն որոնց խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Ինչպես արդեն գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից Ադրբեջանն անօդաչու սարքերի, հրաձգային և հրետանային զենքերի օգտագործմամբ ինտենսիվ հրետակոծել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքը՝ ներառյալ բնակելի շենքերը, քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից տարհանվել է ավելի քան յոթ ու կես հազար մարդ՝ մեծամասամբ կանայք, երեխաներ և ծերեր։
Ադրբեջանական զինծառայողների կողմից իրականացված խոշտանգումների, դաժան սպանությունների և գերեվարվածների մարմնական խեղումների, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների պղծման վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած տեսագրությունները ցնցել են ողջ քաղաքակիրթ աշխարհի գիտակցությունը»,- նշել է Փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ չափազանց տագնապալի է, որ մեդիա տարածքում տեղադրված նյութերը, որոնք վկայում են ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին, ոչ միայն լայնորեն տարածվում են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, այլև ստանում են դրական գնահատական։ «Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ այս երկիրը մտադիր է օկուպացնել Հայաստանի ավելի շատ տարածքներ, ինչը պետք է կանխել։
Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները հայկական կողմին վերագրելու փորձերը, որով փորձ է կատարվում հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի նոր փուլի համար։ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր: Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է հատկացվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին»,- շեշտել է Գրիգորյանը։
Ամփոփելով նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման անբաժանելի մասն է, իսկ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է անվերապահորեն և անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանական ագրեսիայի զոհերի և անհետ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը. Գրիգորյան
28 октября 202228 окт 2022
7
3 мин