ՄԱՐՈՆ I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի˜նչ է ուզում՝ չըգիտեմ …
Պաս չենք էնտեղ մենք ուզում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վնաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալիս:
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն - գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Որ միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի …
Մարո˜, անբա˜խ, վաղամե˜ռ,
Դու մանակության իմ ընկեր,
Ո˜րքան ենք մեք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե˜լ…
III
Ժիր էր Մարոն, դուրեկան