Найти тему

Մեռնելուց առաջ նախ պետք է ապրել

Մեռնելուց առաջ ապրել է պետք

Իմ այս պատմության հերոսին` պայմանական կոչենք նրան Վիգեն, հանդիպել եմ տարիներ առաջ` հիվանդանոցային ծանր պայմաններում: Ծանոթներիցս մեկը պառկած էր Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոցում, քիմիաթերապիայի կուրս էր անցնում: Այդ օրը որոշել էի այցելել նրան: Ծանոթիս մոտ գնում-գալիս էին մյուս պալատի բուժվողները, կամ ինքն էր այցելում նրան: Չգիտեմ, հավանաբար կյանքի ու մահու հետ կռիվ տվող մարդկանց համար հոգեբանորեն հեշտ է լինում, երբ գիտակցում են, որ իրենք մենակ չեն այդ պայքարում, գուցե դա նրանց ուժ է տալիս: Վիգենը դրանցից մեկն էր: Նա 32 տարեկան էր, պայքարում էր երիկամի չարորակ ուռուցքի դեմ: Քիմիաթերապիայի վեցերորդ կուրսն էր եկել ստանալու: Անկեղծ ասած միշտ զարմացել եմ, թե ինչ հույսեր են կապում բուժվողները քիմիաթերապիայի կուրսի հետ, որովհետև երբ հանդիպում ես քիմիա ստացող մարդկանց ` թուլացած, ուռած դեմքով կամ մարմնի մասերով, տարիքից կրկնակի մեծացած, հասկանում ես, որ բուժող միջոցը այդպիսին լինել չի կարող: Ավելին, միշտ մտածել եմ, որ քիմիան սպանում է ավելի վաղ, քան չարորակ գոյացությունը, այն պարզ պատճառով, որ սպանում է ոչ թե հիվանդության բջիջները, այլ մարդու օրգանիզմի առողջ բջիջները, մնացածն էլ խժռում է ուռուցքը` մարդուն մի ոտն առաջ գերեզմանի դուռը հասցնելով: Ամեն դեպքում, եղել եմ ու կմնամ այն կարծիքին, որ եթե մարդու մոտ նման հիվանդություն է հայտնաբերվում, ապա հազարավոր դոլարներ քիմիաթերապիայի վրա ծախսելու և սեփական մարմինը զուր չարչարելու փոխարեն պետք է դա ծախսել կյանքից հնարավորինս վայելք ստանալու վրա, դե իսկ մահը էսպես թե էնպես կա: Եվ մանավանդ, այս միտքը մոտս ամրապնդվեց այս տղային հանդիպելուց հետո:

Պալատում էի, նստած ծանոթիս հետ զրուցում էինք , երբ ներս մտավ: Արդեն ուզում էր հեռանալ, ասելով` չխանգարեմ, բայց ծանոթս պնդեց, որ մնա: Եկավ: Նա ևս, ինչպես բոլոր հիվանդներն այդ հիվանդանոցում աչքերում անհատակ տխրություն ուներ: Հավատացեք, ոչ ոք կյանքն այնքան չի գնահատում, ինչպես մահվան աչքերին ուղիղ նայող մարդը: Այդ տխրությունը նրանից չի, որ հիվանդը վախենում է մահից, պարզապես մահվան դեմ պայքարի ընթացքում նա սկսում է ճիշտ ճանաչել կյանքը, մտովի թերթել կյանքի էջերը և ափսոսալ կամ ոչ սեփական ապրածների համար: Տխուր է, երբ հասկանում ես , թե այլևս ինչ կարող ես անել, բայց հասկանում ես նաև, որ դրա համար արդեն ժամանակ չունես: Երկար զրուցեցինք տարբեր բաներից: Բնականաբար աշխատում էի երկուսին էլ թեկուզ կարճ ժամանակով շեղել տխուր մտքերից: Հույս էի տալիս, որ նրանց հետ ամեն բան շատ լավ է լինելու, ահա կտեսնեն, որ երկուսն էլ կբուժվեն ու կյանքը կընկնի հունի մեջ: Հավատում էին արդյոք նրանք ներքուստ իմ ասածին, չգիտեմ, որովհետև ես ինքս ասածիս չէի հավատում: Միայն թե շրջվեց ու այսպես ասաց.

-Կարծում ես, ես դարդ եմ անում նրա համար, որ հնարավոր է մեռնեմ էսքան երիտասարդ; Ախր ,32-ը մեծ հաշվով տարիք էլ չի: Բայց հարցը դա չի: Մեռնելը երբ ասես կա, բայց դրանից առաջ պետք է կարողանալ և հասցնել ապրել:

Զարմացած նայեցի վրան: Բնականաբար չէի հասկանում , թե ինչ մտածմունքներ են ծնունդ տվել էդպիսի դատողությունների: Երևի զգաց տարակուսանքս:

-Մեզ սխալ են դաստիարակում, քուր ջան, եթե մեկն ինձ ասած լիներ, թե կյանքում էսպիսի բաներ էլ կան, շատ բաներ իմ արածներից ես չէի անի, և շատ բաներ չարածներիցս արած կլինեի: Ցավն էն չի, թե երբ եմ մեռնելու, ցավն էն է, որ ոչ մի օր իմ գիտակից կյանքում երջանիկ ու բավարարված չեմ եղել: Երեխա էի, ինձ մեքենաներն ու նրանց մեխանիզմներն էին հետաքրքրում, դպրոցում սիրածս առարկան ֆիզիկան էր, բայց դե գիտեք, ծնողներիս գլուխը մտավ, որ ինձ հարիր չէ ավտոմեխանիկ լինելը, շատ-շատ ես պիտի թանկարժեք ավտոմեքենաներ ունենամ, ինձ պետք է համալսարանում սովորել` անպայման իրավաբանի մասնագիտությամբ, չէ որ հանուն ինձ նրանք այնքան զոհողությունների են գնում, ինչպես կարող եմ ես դա չգնահատել, ամեն բան նրանք իմ ապագայի համար են անում: Իմ սեփական հակումները, նախասիրությունները հաշիվ չէին, նրանք <<ավելի լավ գիտեին, թե ինձ համար լավը որն է>>: Տարիներ անցան, դպրոցում ուսանելու տարիներին այդպես էլ սեր չարթնացավ դեպի հումանիտար առարկաները, բայց ես պիտի հայերեն և օտար լեզու պարապեի, ինչպես նաև պատմություն, երբ այդ առարկայի հանդեպ ֆիզիկական զզվանք ունեի: Սովորում էի ջանասիրաբար, թեպետ առանց ներքին եռանդի ու էնտուզիազմի: Պարզապես գիտեի` չէի կարող քննությունները տապալել, չէ որ ծնողներս այնքան զոհողությունների են գնում, ծանոթներ են գտնում, դես ու դեն են ընկնում ինձ անպայման իրավաբան դարձնելու համար: Ընդունվեցի: Երկար-բարակ չպատմեմ , թե ինչպես եմ սովորել, մենակ թե մասնագիտությունդ էդպես էլ իմ կյանքում երբևէ չսիրեցի, բայց դե ծնողներս, ախր չէ որ նրանք պիտի ծանոթ-բարեկամների մոտ գլուխ գովալու բան ունենան, թե իրենց տղան պրեստիժ տեղ է ընդունվել: Համալսարանում սովորելու տարիներին հանդիպեցի մի աղջկա:մեր բուհից չէր, բայց մի տարիքի էինք: Նա քիմիայի ֆակուլտետում էր սովորում: Մեր կապը միայն հոգևոր չէր: Մենք իսկական զույգեր դարձանք, հանդիպում էինք: Աղջիկը հայր չուներ: Մայրն էլ ինչ-որ օֆիսում էր աշխատում, քարտուղարուհի էր: Ինձ համար նրա ով լինելը էական չէր, որովհետև ես նրա հետ ինձ լավ էի զգում: Բայց ոչ: Հայոց աշխարհում երջանկությունն էլ պիտի ծնողների ուզելով լինի: Նրանք չգիտեմ ինչպես և ինչու որոշեցին, որ իմ ընտրյալը անբարոյական է, իրենք նման հարս չեն ուզում, ոչ էլ նրա մոր նման խնամի: Իմ կարծիքը ինչպես միշտ հաշվի մեջ չկար: Ես չէի պատրաստվում լքել սիրածիս, մտածում էի, որ դե ժամանակի հետ մի ձև կգտնեմ ծնողներիս համոզելու, որ վատ ընտրություն չեմ արել, բայց նրանք էլ ձեռքերը ծալած ինչպես հետո պարզվեց, չէին նստում: Հասկանալով, որ այլ կերպ մեզ իրարից չեն կարող բաժանել, նրանք ծանոթ մարդ գտան, դրա միջոցով աշխատանքից հեռացնել տվին աղջկա մորը. Ինձ դա հետո հայտնի դարձավ: Այնուհետև էլի , քանի որ Հայաստանում սաղ մեկը մեկի կարծիքից և ունքներից կախված են, տարբեր պետական և մասնավոր կառույցներում աշխատող ազդեցիկ ծանոթների միջոցով էնպես արին, որ բացի հավաքարարի ու աման լվացողի աշխատանքից ուրիշ գործ չկարենա գտնի: Երեք ամիս առանց ապրելու միջոցի մնալուց հետո աղջիկը լքեց համալսարանը և մոր հետ միասին ստիպված եղան հեռանալ երկրից: Այդ ժամանակ ես ուսանող էի, ինքուրույն վաստակ ու աշխատանք չունեի, չէի կարող նրան ետ պահել երկիր լքելուց: Գնաց, բայց որոշ ժամանակ անց զգացի, որ կյանքս դատարկ է: Ես քնում, ելնում, համալսարան էի գնում իներցիայի ուժով: Ուրախություն չկար կյանքիս մեջ: Փաստացի ծնողներս ամեն կերպ ուզում էին հասկացնել, և նաև իմ մեղքով դա նրանց մոտ ստացվում էր, որ առանց իրենց ես ոչինչ եմ: Ինչ ասեմ, դեպքից տարիուկես հետո համալսարանը ավարտեցի, ծնողներս դես-դեն ընկան , մի իրենց ասելով <<լավ>> տեղ ինձ տեղավորեցին, և համարելով, որ <<ապագաս արդեն դասավորել են>>, սկսեցին խելք ու խրատ կարդալ , որ պսակվելուս վախտն է: Բայց դե սկզբից ծառայության պիտի մեկնեի: Գնացի, մարդիկ բանակում օրեր են հաշվում, բայց հավատա, ես մտածում էի, որ արքայության մեջ եմ: Չէի ուզում տուն գնալ, նորից երկաթյա կոնտրոլի և այն զգացողությանը չհանդիպելու համար, որ իմ կյանքը ես ինքս չեմ տնօրինում: Բայց դե ցավոք զինծառայությունը երկու տարի է , ավել չէ: Գնացի ,եկա, նորից իմ աշխատանքին անցա: Հորս ընկերոջ հետ նրա օֆիսում էի աշխատում: Սա ծնողներիս հետ որոշեցին, որ իրենց աղջկա համար ես <<հարմար>> թեկնածու եմ, մոտավորապես այնպես, որ 36 համարի ոտին նույն համարի կոշիկ կարող է նստել: Եվ սկսվեց նորից: Ամեն օր քարոզ էին կարդում, թե լավ աղջիկ է, լավ տնից, հերը հարուստ է, լավ կապեր ունի, և այլն և այլն: Վերջը էդ մղձավանջից ազատվելու համար համաձայնեցի հանդիպել էդ աղջկա հետ և էդպես էլ մեխանիկորեն ինչպես մնացած ամեն ինչ էի անում, ամուսնացա: Երկար-բարակ չպատմեմ իմ ընտանեկան կյանքի մասին: Դա այնպիսին էր, ինչպես Հայաստանում ընտանիքների մեծ մասում` ձանձրալի: Միայն ու միայն մրցավազք ի տես հարևանների ու բարեկամների, և ուրիշ ոչինչ: Ոչ մի անձնական կյանք, ոչմի հետաքրքրություն: Ես պիտի հագցնեի, կապցնեի, ոսկի առնեի և կնոջս ծով տանեի միայն ու միայն, որպեսզի նրա բարեկամները տեսնելիս քթերը չցցեին, թե էս ում ես ուզել: Էս էր ամբողջը, մեր ընտանեկան կյանքի ողջ պերճանքն ու թշվառությունը: Էդպես յոթ տարի: Էդ ընթացքում երկու երեխաներս ծնվեցին: Մեկը էս տարի դպրոց կգնա արդեն: Միշտ մտածում էի, որ ես նրանց համար այդպիսի ծնող չեմ լինի, ինչ որ իմը ինձ համար, ես նրանց կտամ ազատություն` վաղ հասակից ինքնուրույն տնօրինելու սեփական կյանքը: Թող սխալներ էլ լինեն, ընթացքում կշտկեն, փոխարենը կապրեն, կյանքից բան կհասկանան: Բայց երևի աստված էդ ինձ շատ համարեց: Ես արդեն այսպես թե այնպես երևի էլ չհասցնեմ տեսնել` ինչպես են նրանք մեծանում: -Արցունքները թափվեցին աչքերից: Հավատացեք, տղամարդու արցունքը շատ ծանր բան է:-Ես չեմ վախենում մեռնելուց, բայց երբ ետ եմ նայում և փորձում եմ ի մի բերել, թե ինչ հասկացա կյանքիցս, տեսնում եմ համատարած դատարկություն: Ոչ մի լիարժեք ապրած օր, լիաթոք շնչած օր չկա: Սրա համար եմ ցավում: Ու հասկանում եմ, որ նման դաստիարակության ու պայմանների դեպքում մի քանի ճանապարհ կա` բոլորն էլ կործանող` կամ խաբել ծնողներիդ, կնոջդ , ում պատահի ու ապրել թաքուն կյանքով, կամ թքել ծնողների վրա ու հեռանալ անհայտ ճանապարհով, կամ ընկնել վատ ճանապարհներ ու կործանվել, կամ էլ համակերպվել ու վերջին տարբերակում էլի կործանվել: Ահա և բացատրություն, թե ինչու է մեր հասարակությունում երջանիկ լինելը դառնում անհնար: Մեր ծնողներին թվում է, թե իրենց երեխաները հավերժ են, հլա կհասցնեն ապրել, պետք է դեռ իրենց կամքը կատարեն, մինչդեռ մենք ապրում ենք մի դարում, երբ ոչ ոք երաշխիք չունի, թե էսօր քնելուց հետո վաղը սաղ սալամաթ կարթնանա, թե ոչ???