Սարգիս Գնունի նաև Սարգիս Գնունի Վանեցի (մայիսի 10, 1838, Էրերին, Tuşba, Վանի մարզ, Թուրքիա - մայիսի 9, 1889, Վաղարշապատ), հայ մշակութային գործիչ, ուսուցիչ, քարտուղար և սրբագրիչ։
Սարգիս Գնունին ծնվել է 1838 թվականի մայիսի 10-ին Վանի նահանգի Էրերին գյուղում։ Գյուղի ծխական դպրոցում սկզբնական ուսումն ավարտելուց հետո, 1855 թվականին տեղափոխվել է Վան քաղաք և սովորել տեղի Հիսուսյան վարժարանում։ 1857 թվականին գնալով Կ.Պոլիս, որդեգրվում է Մագսուտ ամիրայի (Հայր Մագսուտ Սիմոն բեյ) կողմից և ընդունվում է Միջագյուղի Սուրբ Թարգմանչաց վարժարանը, ավարտելով այն, 1860 թվականին ստանում է վկայական և իր առաջադիմության համար պարգևատրվում է մինէազարդ արծաթյա մեդալով։ Ապա կարգվում է օգնական նույն վարժարանի Հայկաբանության ուսուցիչ՝ Հովհան Վանանդեցու և նորաբաց Հռիփսիմյան օրիորդաց ուսումնարանի։
1860 թվականին, Կ.Պոլսում Սարգիս Գնունին հրատարակում է «Վարդ» ամսաթերթը, աշխատակցությամբ իր աշակերտակից Թովմաս Թերզյանի։ 1863 թվականին վերադառնալով Վան, կարգվում է Հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ Հիսուսյան վարժարանում, որտեղ ց