Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, եթե այն լավ կազմակերպված լինի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է ТАСС գործակալությունը։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի դիրքորոշումը․ «Նա չի բացառում նման հանդիպման անցկացման հնարավորությունը, բայց կարծում է, որ ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում պետք է լավ պատրաստված լինի, որպեսզի այն կարողանա ավարտին հասցնել այն աշխատանքը, որը նախ պետք է իրականացվի փորձագիտական մակարդակով», - ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր օդային զինադադարի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին հայտնել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպում առայժմ նախատեսված չէ։ Նա նշել էր, որ Ռուսաստանի առաջնորդը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, երբ հանդիպման օրակարգը պատրաստ լինի։ Նորություններ