Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ը բացառիկ իրավունքներ կստանա Հարավային Կովկասով անցնող «ռազմավարական միջանցքի վրա». Reuters

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում կստորագրի շրջանակային համաձայնագիր, որը ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ կտրամադրի Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախագիծը ստացել է «TRIPP՝ Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարօրության» անվանումը և կդառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ավելի լայնածավալ պայմանավորվածությունների մի մասը։ Միջանցքը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը՝ գործելով Հայաստանի օրենսդրության շրջանակում։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն իրավունք կստանա այդ հատվածը փոխանցել կոնսորցիումի, որը կզբաղվի ենթակառուցվածքների շինարարությամբ և կառավարումով։

Reuters-ը հավելում է, որ այս երթուղին դիտարկվում է որպես նախկինում քննարկված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանք և որպես խաղաղ համաձայնագրի առանցքային տարր, որը կողմերը նախատեսում են ստորագրել ԱՄՆ միջնորդությամբ։ Բացի այդ, ակնկալվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացից դուրս գալու մասին՝ խզելով իրենց մասնակցությունը այդ ձևաչափին, որը նախկինում զբաղվում էր արցախյան հակամարտության կարգավորմամբ։ TRIPP ծրագիրը բնորոշվում է որպես Դոնալդ Թրամփի ջանքերի կարևոր բաղադրիչ՝ ուղղված տարածաշրջանում ամերիկյան ազդեցության ամրապնդմանը և Հարավային Կովկասում նոր անվտանգային ու համագործակցության ձևաչափի առաջմղմանը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հուլիսին հայտարարել էր, որ ամերիկյան մասնավոր ընկերությունը կարող է ստանձնել «Զանգեզուրի միջանցքի» կառավարումը և 100 տարով վարձակալել այդ ճանապարհը Հայաստանի տարածքով։ Հուլիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Armenia Today-ին հաստատել էր, որ Վաշինգտոնից ստացել են առաջարկ՝ Սյունիքի տարածքով ճանապարհի կառավարման վերաբերյալ։ Փաշինյանն ընդգծել էր, որ չի տեսնում ռիսկեր ճանապարհային հաղորդակցությունները երրորդ կողմի «կառավարմանը» հանձնելու մեջ։ Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Փաշինյանի, Թրամփի և Ալիևի հանդիպման կայացումը Վաշինգտոնում։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում