Найти тему
Հայաստանն այսօր

ՔՊ-ն արդարադատության նախարարի 2 թեկնածու է դիտարկում․ ԶԼՄ

Մյուս թեկնածուների հրաժարվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի թեկնածու է դիտարկում ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանին ու Արուսյակ Ջուլհակյանին, գրել է «Հրապարակ»-ը։

Լրատվականը հայտնել է, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին:

Ըստ թերթի՝ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու, քանի որ չի ուզում լքել խորհրդարանը:

Թերթի տեղեկությամբ՝ Դավոյանը կարծում է, որ կստանա ՔՊ վարչության մեծամասնության քվեն։

«Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Դավոյանի թեկնածությամբ, և հնարավոր է՝ վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու է նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը»,- գրել է թերթը։

Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել ԱՆ ղեկավար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:

Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել արդարադատության նախարարին:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում