ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու նախաձեռնությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում 71 պատգամավորից կողմ է մոտ 30-ը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ նախարարի պաշտոնանկության հարցով վարչապետին դիմելու համար անհրաժեշտ 24 ստորագրությունն արդեն կա, բայց պատգամավորները ստորագրահավաքին միանալու հարցում պասիվ են։
«Քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայել է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այնքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ այս նախաձեռնությունը: Փաշինյանը, որն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է, դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել»,- թերթին հայտնել են ՔՊ-ից։
Համաձայն ընթացակարգի՝ Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատգաավորների ստորագրությունները պետք է ներկայացնի վարչապետին։ ԶԼՄ-ն հավելել է, որ նախաձեռնությունը համակարգում է ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի հետագա պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Մինասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում