Մեծ Բրիտանիայի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Լիբանանը՝ Իսրայելի հետ հարաբերություննեի սրման պատճառով, հայտնել է RBC-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության կայքին։
«Վերջին ժամերի և օրերի իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է իրավիճակը, և մեր ուղերձը պարզ է. Մեծ Բրիտանիայի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը»,- ասել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Շուրջ 700 զինծառայող ուղարկվել է Կիպրոս՝ նախապատրաստվելու Լիբանանից բրիտանացիների հնարավոր տարհանմանը։ ՊՆ-ն նշել է, որ բրիտանական երկու Mounts Bay և HMS Duncan նավն արդեն գտնվում են տարածաշրջանում և կարող են ներգրավվել մարդկանց տեղափոխման գործում, իսկ անհրաժեշտության դեպքում գործընթացին կներգրավվեն նաև թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Հնարավոր տարհանումը կհամակարգվի Կիպրոսի բրիտանական Ակրոտիրի ավիաբազայում, հայտնել է երկրի կառավարությունը։
Իսրայելը սեպտեմբերի 23-ի առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորման օբյեկտներին: Նույն օրն Իսրայելը ռազմական գործողություն էր սկսել։ Իսրայելն ու «Հեզբոլլահը» սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ էին հասցրել միմյանց։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայաններ և թիրախներ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում տարբեր էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյունների հետևանքով զոհվել էր 37 անձ և վիրավորվել մոտ 3400-ը: Խմբավորումը և լիբանանյան իշխանությունները հարձակումների համար մեղադրել էին Իսրայելին:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում