Պրոլոգ
Մի պահ կարծես վերակենդանանում են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոս մարտիկների ուրվականները...
Լուսարձակի ճառագայթներում նշմարվում են անմահությամբ ձոներգված անմոռաց դեմքեր ,, որոնք կարծես հավետ ձուլվում են լեռների ապառաժների կրծքին,, / Թափանցիկ վարագույրի հետևից անշարժ, իրար հաջորդող մարտական էպիզոտներ, որոնք արտահայտում են Սովետական մարտիկների աննկուն պայքարը թշնամու դեմ։
Պատկեր 1-ին
Հազար երանգ հայոց լեռնաշխարհում խաղ են բռնել անզուսպ եռանդով լի տղա և աղջիկ։ Արևավառ, գեղածիծաղ բնությունը կարծես ձայնակցում է ուրախության տարերքին / մասսայական շուրջպար, որին մասնակցում են նաև մենակատարներ/:
Տղաների կատակ պարին հաջորդում է հեզաճկուն աղջիկների նազանքը / աղջիկների պարի ժամանակ աչքի է ընկնում հատկապես Գոհարը/ - Հունանը հափշտակված հետևում է նրա պարին։
Բոլորի ուշադրությունը բևեռվում է ասպարեզ մտած Հունանի վրա։ Վերջինիս սլացիկ պարի ճարպիկ ու համարձակ թռիչքներն ու ոլորտները ընդհանուր հիացմունք են առաջացնում /Հունանի վարիացիան/։
Բոլորից շատ նրանով գերված է Գոհարը - Հունանի ջերմ երազանքների դիցուհին։ Հունանի պարը վերջում վերածվում է ընդհանուր տարերքի որով խանդավառությամբ տարածվածները չեն նկատում թե ինչպես ջինջ ու կապտավուն հորիզոնը հետզհետե մռայլվում է գոշ ամպերով, որոնք կարծես ավետում են չարագուշակ մի գույժ։ /երաժշտության և լուսային էֆեկտներ/։
Ոսոխը նենգորեն ներխուժել է հայրեն հողը:Մարտաերթի խրոխտ հնչյունների տակ զգաստացած բազմությունը իր հայացքն է ուղղում դեպի հրո լեզուների մեջ բոցկլտացող հեռուն։ Մի պահ և բոլորը սթափվելով նետվում են դեպի հորիզոնը և անհետանում։
Բեմում մնացած Գոհարն ու Հունանն իրենց փոխադարձ սիրո հրաժեշտի երդումն են տալիս /Գոհարի և Հունանի ադաժիոն/։
2-րդ պատկեր
Անցել են տարիներ, հաղթանակած ժողովուրդն ամոքելով իր վերքերը անմահացրել է հերոսի հիշատակը Հուշարձան աղբյուրով։
Կարկաչուն ու սառնորակ վտակի շուրջն են բոլորել ընկերուհիներ։ Նրանք ծաղիկներով են զարդարում աղբյուր-հուշարձանը /աղջիկների լիրիկական պարը/։ Վերջիններիս հետ է նաև Գոհարը, որի հիշողության մեջ հավերժ թարմ է անմոռաց Հունանը /Գոհարի մենապարը/։
Գոհարի աչքերի առաջ կանգ են առնում Հունանի հերոսապատման անմոռաց էջերը /հետզ-հետե բեմահարթակը մթնում է և թափանցիկ աղբյուրների հետևում կարմիր լուսարձակը որսում է մի ստվերի/։
Չարանենգ, խավար, հոշոտված լարափակոցների մեջ հազիվ նշմարվում է մարդկային մի ստվեր, որին ապարդյուն կերպով ջանում են որսալ թշնամու բազմաթիվ լուսարձակներ։ Մարտիկն ավելի ու ավելի է մոտ իր վերջնական նպատակին։ Ահա նա մոլեգնաբար նետվում է թշնամու գնդացրային հրանոթի վրա այն ծածկելով իր մարմնով, սկսվում է վճռական գրոհը /Հունանի հերոսական վարիացիան, որին հաջորդում է Սովետական մարտիկների հաղթական գրոհի պահը։
Նորից մեղմ լուսավորվում է բեմը աղբյուր-հուշարձանի մոտ Գոհարը և ընկերուհիները իրենց սերն ու հարգանքն են արտահայտում հերոսի հիշատակին։ Մթություն։
Էպիլոգ
Բեմի խորքում լուսարձակի ճառագայթները նորից վերակենդանացնում են անմահությամբ ձոներկված հերոսների դիմագծերը։
ՎԱՐԱԳՈՒՅՐ