Найти тему
Հայաստանն այսօր

Առուշանյանը վիճարկել է Պրոբացիայի ծառայության ակտերը․ ԶԼՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վիճարկել է Պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք ներկայացնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, գրել է «Հրապարակ»-ը։

Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը թերթին հայտնել է, որ դատարան են դիմել փաստարկով, որ Պրոբացիայի ծառայությունը նման հարցով իրավասու չէ դիմել համայնքի ավագանուն։

Ըստ թերթի՝ օգոստոսի 19-ին Գորիսի ավագանին նիստ էր գումարել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը և արձանագրել, որ դատական ակտով նշանակված պատիժը նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար, և որոշել է չկատարել դատարանի որոշումը։

«Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել, ավագանին արձանագրել է դատարանի վճռով նշանակված կոնկրետ պատժատեսակով պաշտոնի դադարեցման անհնարինությունը»,- թերթին ասել է Կարապետյանը։

Օգոստոսի 21-ին Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշել է կասեցնել Առուշանյանի լիազորությունները և հինգ տարի ժամկետով նրան զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում