ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ՌԴ-ում նորանշանակ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՔՊ-ին շնորհակալություն է հայտնել արգասաբեր և թիմային աշխատանքի, իսկ ժողովրդին՝ վստահության համար։
«Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում ՔՊ խորհրդարանական խմբակցության իմ գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար: Մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ ժողովրդի հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին»,- գրել է Արսենյանը։
Նա ընդգծել է դեսպանի պաշտոնում քաղաքական զսպվածության սկզբունքի կարևորության մասին ու շնորհակալություն հայտնել իր նախագահած Միավորված աշխատանքային կուսակցությանը (ՄԱԿ)։
«Գիտակցում եմ, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի թույլ տվեք իմ գործունեության այս հանգրվանում շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար: Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը», - հավելել է նա։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում