Նվիրում եմ տատիկիս՝ Տիգրանուհի Էլչիբեկյանին
Ես Կարոյին չեմ տեսել։ Սակայն ծնվածս օրվանից լսում էի նրա մասին լավագույն խոսքերը, նրա լավ սովորելու գրքեր շատ կարդալու, ընկերասեր լինելու և միշտ նրանց օգնելու, ինչպես նաև Հայրենական Մեծ Պատերազմում նրա հերոսությունների մասին ։
Մեր՝ Ամիրյան փողոցի տան ննջարանում, կար մի գրապահարան, որտեղ դասավորված էին նրա գրքերը՝հիմնականում մասնագիտական և մի մասն էլ՝ արվեստի մասին նկարչություն, ճարտարապետություն։ Այդ պահարանը՝ գրքերով հանդերձ, պահպանվում էր նրա մահից հետո նույնպես, և շատ երկար տարիներ։ Մանկուց սիրում էի այդ գրքերը, վերցնում էի, նայում ու հիանում թէ նկարիչների ստեղծագործություններով, և թէ՛ ճարտարապետների գլուխգործոցներով։ Իսկ ամենից հետաքրքիր պահը, երբ մայրս Ժենյա Այվազյանը, հերթական մաքրությունն էր անում և, բնականաբար, հանում էր գրքերը, փոշիները սրբում և գրքերի հետևի շարքից հանում էլի գրքեր, ու ես հայտնաբերում էի նորերը և հիմա էլ դրանք ուսումնասիրում։
Մերոնք հույս ունեին, որ կարող է սև թուղթը սխալ լինի և օրերից մի օր Կարոն կգա։ Այդ փայփայած հույսը տևեց երկար տարիներ մինչև եղբորս՝Նորիկի ամուսնության օրը։ Հարսիս Սվետլանա Հունանյանի տան առաջին հարկում, ապրում էր Թամանյան դիվիզիայի բուժքույրը, որն էլ այդ օրը, մեզ պատմեց Կարոյի հերոսությունների, մահվան, և նաև թաղման արարողության մասին։Նա սկսեց գովել Կարոյին, պատմում էր, որ շատ հայրենասեր էր, երբեք չէր ընկճվում,մի քանի անգամ վիրավորվել էր,բայց արագ վերադառնում էր կռվի դաշտ։ (Ոչ մի նամակում այդ մասին չի գրել)։ Պատմեց նաև, որ նրան թաղել են Նովորոսիյսկի մոտ, անտառում։Շատ մեծ պատվով են թաղել,համազարկերով, վրան էլ փայտից խաչ են պատրաստել զինվորները և տեղադրել։
Եղբայրս՝ Նորայր Ներսեսյանը ամուսնությունից մի քանի տարի անց ընտանյոք գնացել էին հանգստանալու այդ կողմերում։ Շատ էին փնտրել, հետաքրքրվել, բայց ոչինչ չէին գտել։ ԵՎ դա բնական էր, պատերազմ, թեժ և խառը վիճակներ, անտառում փայտե խաչ, որն էլ տարիների ընթացքում քայքայվել է։
ՈՒ օրեցօր լսելով նրա մասին պատմություններ, սիրում էի նրան, չնայած երբեք չէի տեսել։
Ապրում էինք խաղաղ, բայց մի ընդհանուր տխրություն էր թևածում տանը, եթե մինչև եղբորս հարսանիքի օրը սպասում էին Կարոյին՝ գրապահարանը միշտ իր տեղում էր, գրքերը՝ նույնպես, բայց հիմա երազանքը ի չիք էր դարձել։
Հորեղբայրս՝ Կարապետ Ալեքսանդրի Ներսիսյանցը ծնվել էր 1916 թվականին։
Հայրը՝ Ալեքսան Ներսիսյանցը ժամագործ էր, սակայն 1919-ը թվականին մահանում է և ընտանիքին օգնում է հորեղբայրը, որն էլ մահանում է1927 թվականին։
Այդ տարիներին աշխատում էր տատիկս՝ զբաղվելով դերձակությամբ և հայրս՝ Խաչատուր Ներսիսյանցը, 10-ը տարեկանից ևս աշխատում էր:
Հորեղբայրս սովորել է Երևանի Շահումյանի անվան դպրոցում, որն էլ ավարտել է 1930 թվականին (7-ամյա դպրոց)։ Դպրոցն ավարտելուց հետո Կարոն աշխատել է երկու տարի Պետբանկի հայաստանյան բաժանմունքում։ 1932 թվականից մինչև 1936 թվականը սովորել է Երևանի Թամանյանի անվան Շինարարական տեխնիկումում շատ լավ և այդ պատճառով1936-թվականին տեխնիկումից գործուղել են Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտ, հիդրոտեխնիկական ֆակուլտետ։ Բազմաթիվ անգամներ պարգևատրվել է ուսման հարվածայնության համար։
Դպրոցական և ուսանողական տարիներից սկսած հասարակական մեծ գործունեություն է ծավալել։1923-1930 թվականը եղել է պիոներ կազմակերպության ակտիվ անդամ, 1931 թվականից անցել է երիտմիության շարքերը և ակտիվորեն մասնակցել է կոմերիտմիության հասարակական աշխատանքներին, եղել է “թեթև հեծելազորի” կազմակերպիչ։
Անչափ ակտիվ երիտասարդ է եղել, ԼԿՅեմ բջջի քարտուղար, ԼԿՅեմ կազմակերպիչ,ԼԿՅեմ կոմիտեի քարտուղար՝ քաղ. ուսուցման գծով, խմբկոլի նախագահ, ագիտատոր, ԼկՅեմ կոմիտեի և պրոֆկոմի անդամ։ Մի խոսքով ակտիվորեն մասնակցել է կոմերիտական, հասարակական աշխատանքներին, բայց ամենակարևորը անչափ հայրենասեր էր։ Իսկ ժամանակներն այդպիսին էին։ Պոլիտեխնիկ ինստիտուտից էլ1939-ը թվականին ընտրվել է ռայոնական դեպուտատ։ Պոլիտեխնիկ ինստիտուտի կողմից, ուսման բարձր առաջադիմության համար, գործուղել էին մի քանի երիտասարդների Լենինգրադ քաղաք (այժմ Սանկտ Պետերբուրգ)։Կարոյից մնացած քիչ նկարներ կան։ Պահպանել ենք նկարներ նաև Լենինգրադից։
Ես 20 տարեկան էի և աշխատում էի և սովորում։ Շատ էի երազում գնալ Լենինգրադ քայլել նույն փողոցներով, գտնել նկարներում պատկերված տեղերը, նույն միջավայրում նկարվել։ Բայց երկու ընկերուհիներս չհամաձայնվեցին ճամփորդել, չգիտեմ ինչու էին վախենում, դա 1972 թվականն էր։ Այդպես էլ Լենինգրադը մնաց երազանք։
Կարոն 1941 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի լրիվ կուրսը “Հիդրոտեխնիկական շինարարություն” մասնագիտության գծով, որից հետո ուղարկվել է հրամանատարական կուրսերում սովորելու։
Գնացել է ինքնակամ բանակ 1941 թվականի օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 11-ին։
Մենք ապրում էինք սեփական տանը, Ամիրյան փողոցում։ Տատիկս պատմում էր, որ կուրսի լավագույն տղաներով հավաքվում էին մեր ճաշասենյակում, պարապելու։ Տատիկս հպարտանում էր, որ հավաքվածներից ամենից խելացին իր տղան էր։ Եթե տղաներից մեկը ասում էր օրինակ20x30,երևի այդ թիվը իրենց գծագրում էր անհրաժեշտ, տատիկս միանգամից պատուհանից պատասխանն էր ասում։ Պատմում էր, որ տղաները շատ էին զարմանում, իսկ հետո խաղի էին վերածել, ավելի մեծ թվեր էին գումարում կամ բազմապատկում, գիտեին, որ տատիկը նստած է պատուհանի մոտ, ճաշի պատրաստություն է տեսնում և լսում իրենց, իսկ տատիկս վայրկենական պատասխանում էր։ Ձեռքերի երեսի մատերի ոսկորներով ու փոսիկներով էր հաշվարկ անում։
Կարոն չի հասցրել ստանալ ավարտական վկայականը Պոլիտեխնիկ ինստիտուտից , որովհետև հայրենասեր Կարոն շտապում էր մեկնել ռազմաճակատ։ Նրա դիպլոմը մայրս՝ Ժենյա Այվազյանն է վերցրել։ Ինչքան գովասանագրեր, տեղեկանքներ, պատվոգրեր, շնորհակալագրեր կան մեր հավաքած արխիվում տարբեր տեղերից։
1941 թվականին մեկնելով ռազմաճակատ ծառայել է 89-րդ Թամանյան դիվիզիայում՝ որպես ավագ լեյտենանտ ”սակրավորներ”բատալյոնում մինչև1943 թվականի սեպտեմբեր ամիսը։
Կարոյի ուղարկած բոլոր նամակները պահպանված են մեր տանը։ Նրա մեզ ուղարկած նամակները, այս հասցեյով էին “Полевая почта 1662 часть 137” Թամանյան 89 դիվիզիա:
Հուզմունքով էս ընթերցում այդ նամակները։ Ինչպիսի մեծ սիրով է տոգորված մոր հանդեպ, եղբոր և եղբոր կնոջ, ամեն նամակում սիրով է հիշում մեծ եղբոր Խաչատուրի նոր ծնված մանչուկին՝ որին անվանում է Նոնո (Նորայր Ներսեսյան), մերձավորներին, ընկերներին, հարազատներին։
Զարմանում եմ նրա մարդ տեսակի վրա, ինքը գտնվելով պատերազմի, կռվի դաշտում, խրամատների, անձրևաջրի կեղտի մեջ,պայթյունների ու կրակոցների տարափի տակ չի մոռանում ոչ մեկին, հարևաններից սկսած բարևներ ուղարկում բոլորին, իսկ նամակները սկսում է “Սիրելի մամա ջան”-ով։ Մեկ նամակում բազմիցս կրկնելով “մամ ջան”-ը։ Շատ հետաքրքիր տողերով միշտ հանգստացնելով մորը-“մամ ջան ես շատ լավ եմ, առողջ, ժամանակը շատ լավ է անցնում (կարծես թե առողջարանում էր հանգստանում)ինձ անհանգստացնում է ձեր դրությունը, քո առողջությունը, մամա ջան իմ մասին մի մտածիր, մտածիր միայն քո մասին, որովհետև ձեր լավ լինելը ինձ հանգստություն է պատճառում”։ Այ քեզ զավակ, այ քեզ հայրենասեր։ Զարմացել եմ նաև մի փաստի վերաբերյալ, որ ինքը հավաքել է իր զինվորական ավագ լեյտենանտի աշխատավարձերը, իր վրա բացարձակ չի ծախսել, այլ ուղարկել է մորը:
Մի շատ անակնկալ հանդիպում եղավ տարիներ առաջ, երբ բացում էին Պոլիտեխնիկ ինստիտուտի բակում Հայրենական Մեծ Պատերազմում պոլիտեխնիկցի ուսանողների զոհվածներին նվիրված հուշակոթողը։Ես,հայրս և մայրս գնացինք։ Այնտեղ մեզ մոտեցավ, որքան հիշում եմ Տիրիկը, դասախոսներից էր, գրկախառնվեց հայրիկիս՝ Խաչատուր Ներսիսյանի ու մայրիկիս՝ Ժենյա Այվազյանի հետ, հետո խոսում էին Կարոյից, ասում էր, որ եթե նա ողջ մնար, անպայման կդառնար մեր բուհի ռեկտորը, նա մեզանից ամենախելացին էր ու կազմակերպվածը։ Երբ ուսումնասիրում էի նամակները, շատ էի հանդիպում նույն Տիրիկ անվանը։ Նամակներից մեկում էլ գրում է, որ ազատ ժամին գնում է վարսավիրանոց և պատահական այնտեղ տեսնում է Տիրիկին՝Շավարշյանի տղային, գրում է, որ սափրվում էր, չհամբերեցի, մի լավ համբուրվեցինք։ “Իրար հետ մի քանի ժամ շփվել էինք”։ Նամակներից մեկում գրում է, որ շատ է ուրախացել եղբոր նոր աշխատանքի ընդունվելու առիթով։ Եղբայրը՝ հայրս Խաչատուր Ներսիսյանը ամուսնացել էր 1940 թվականին, իսկ երբ 1941 թվականին Կարոն գնաց բանակ ծնվել էր Խաչատուրի առաջնեկը՝ Նորիկը իմ հարազատ եղբայրս։ Նամակներում միշտ գրում է համբուրեք Նորոյին։
“1943 թվականի սեպտեմբերի10-ին վաղ առավոտյան ամբողջ ռազմաճակատով մեկ որոտացին սովետական բոլոր տրամաչափի հրանոթները:Քանդվում էր ֆաշիստական պաշտպանության “ կապույտ գիծը” ավերվում էին բլինդաժները ու դզոտները։Դա Նովորոսիյսկը գերմանական զավթիչներից ազատագրելու նախօրյակն էր։Գերմանացիները, որ սկզբում լռեցին, հետո սկսեցին գործի դնել իրենց հրետանին։Ահռելի դղրդյունից թնդում էր երկինքն ու գետինը։Կարծես սկսվել էր ուժգին երկրաշարժ։ Գետնին էին գլորվում դարավոր կաղնիները։ Գրեթե հրետանային նախապատրաստության հետ գործի անցան մեր սակրավորները՝ մայոր Ն. Ադամյանի և ավագ լեյտենանտ Կ. Ներսիսյանի ղեկավարությամբ։Նրանք հակառակորդի կրակի տակ մաքրում էին ականապատված դաշտերը, կտրատում փշալարերի ցանցն ու ճանապարհ բացում հետևակի համար։ Թշնամին հրետանային կրակի հետ միասին գործի դրեց գնդացիրն ու ավտոմատները։ Նա անընդհատ համազարկերով սանրում էր առաջավոր գիծը և մեր սակրավորներին գործելու հնարավորություն չէր տալիս։
Բայց դա չէր սարսափեցնում արիասիրտ սակրավորներին,որոնք հաղթահարելով բոլոր դժվարությունները, անընդհատ առաջ էին շարժվում։ Մայոր Ն.Ադամյանը վիրավորվեց, սակայն շարքից դուրս չեկավ։ Սակրավորների գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ Կ. Ներսիսյանը երկու տեղից վիրավորվեց, բայց շարունակեց ղեկավարել ստորաբաժանումը։ Իրենց հրամանատարների օրինակով քաջալերված, խիզախ սակրավորները քայլ առ քայլ առաջ էին գնում և դաշտը մաքրում ականներից, կտրատում փշալարերը, վերացնում գերմանացիների արգելքներն ու անցուղիներ բացում հետևակի համար։ Գումարտակի հրամանատարը հաղթահարելով իր ցավերը անձամբ անվնաս էր դարձնում գերմանական ականներն ու կտրատում փշալարերը։ Նա ստացավ երրորդ ծանր և մահացու վերքը և մարտի դաշտում զոհվեց։Նրա վերջին խոսքը եղավ իր ենթականերին՝ չվհատվել, թշնամու դեմ մարտնչել մինչև հաղթանակը։” Հատված Ս.Նալբանդյանի ՛՛Թամանցիները՛՛ գրքից(Երևան, 1961 թվական)
“1942 թվականի սեպտեմբերից մինչև1943 թվականի հոկտեմբերը Հյուսիսային կովկասի, առանձնապես Նովորոսիյսկի և Թամանի համար մղված մարտերում հերոսաբար զոհվեցին մի շարք բոցաշունչ հայրենասեր մարտիկներ Կ.Ներսիսյանը։ ”Հատված Ղ. Դալլաքյանի ՛՛Մարտական 89-’’ գրքից (Երևան 1968 թվական)
“Դիվիզիայի սակրավորների հատուկ գումարտակը կազմավորվել էր դեռևս 1941 թվականի դեկտեմբերի 25-ին, նրանում ընդգրկված երիտասարդները գրեթե բոլորն էլ ունեին միջնակարգ կրթություն։Նրանց հետ տարվող մարտական-քաղաքական աշխատանքի շնորհիվ գումարտակի ամբողջ անձնակազմն իրեն դրսևորեց որպես խիզախ, աներեր, մարտական անձնակազմ։Գումարտակի շտաբի պետ Կարապետ Ներսիսյանը, վառվռուն մի երիտասարդ,որը նոր էր ավարտել Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, գումարտակի մարտական գործողությունների ոգին էր: Հետագայում Դոլգայա լեռան մոտ անձամբ ղեկավարում էր ականապատման գործը,կազմակերպում թշնամու դօտի շրջափակումը, օրինակ էր հանդիսանում բոլոր սակրավորների համար։ Սակայն հենց այդ ժամանակ, 1943 թվականին, սեպտեմբերի 10-ին թշնամու հակատանկային զենքի գնդակից զոհվեց Կարապետ Ներսիսյանը։” Հատված Ղ.Դալլաքյանի ՛՛Մարտական 89 ՛՛գրքից (Երևան,1968 թվական)
Շատ եմ ափսոսում, որ տատիկս այս գրքերը չտեսավ, չկարդաց ոչ մի տող, չիմացավ իր տղայի սխրանքների մասին։ Բայց գուցե բարին էլ դա էր։ Այլապես մեկ անգամ ևս կապրեր այդ ցավը, որն իր մեջ կրում էր ողջ կյանքի ընթացքում։
Համառ մարտերի ընթացքում Կարապետ Ներսիսյանցը, հերոսաբար զոհվել է
1943 թվականի սեպտեմբերի10-ին Նովորոսիյսկ քաղաքի մոտ։ Հետմահու պարգևատրվել է Հայրենական Մեծ Պատերազմի Առաջին Աստիճանի շքանշանով:
Ես աշխատում էի գրադարանում և սկսեցի ուսումնասիրել մի քանի գրքեր՝ նվիրված 89-րդ Թամանյան (հայկական) հրաձգային դիվիզիայի մասին և հայտնաբերեցի այն տողերը հորեղբորս մասին, որոնցից մեջբերումներ արեցի։
Իսկ տատիկս՝բարի, հոգատար,նվիրված մեզ,ազնիվ, բոլորի կողմից սիրված Տիգրանուհի Էլչիբեկյանը, ապրեց երկար և երբեք չհանեց հագից իր սև շորերը
Ես նրան հիշում եմ մեծագույն սիրով, իսկ նրա դժբախտ կյանքի պատմությունը հաջորդիվ…
Էլեոնորա Ներսեսյան
Երևան 2022 թ. մարտ