Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ին մեկնաբանել է Պեկինի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ Չինաստանի քաղաքականության վրա։
Հուլիսի 3-ին Չինաստանը և Ադրբեջանն Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հռչակագիր էին ընդունելերկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Պեկինը և Բաքուն պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում և արագացնել միջազգային տրանսպորտի զարգացման մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի դրդմամբ տապալել են հարաբերությունները Չինաստանի հետ, ուստի Պեկինը նորից կենտրոնացել է Ադրբեջանի վրա։
«Հարավային Կովկասում Չինաստանի հիմնական գործընկերը Վրաստանն է։ Հարավային Կովկասում Իրանը չինական ցանցի կարևոր մաս է։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ Իրանը Վրաստանի հետ ցամաքային սահման չունի և այստեղ մի տարանցիկ պետություն է պետք։ Որպես այդպիսին առաջին հերթին դիտարկվում էր Հայաստանը՝ թե Չինաստանի, թե Պարսկաստանի կողմից և, ի դեպ, նաև՝ Հնդկաստանի կողմից, որն իր սեփական ցամաքային ճանապարհներն ունի, ես դրանք չէի խառնի չինական ցանցի հետ։ Բայց Հնդկաստանն էլ հիմա շատ արագ զարգացնում է իր տրանսպորտային ցանցը դեպի Եվրոպա և շատ հետաքրքված է հենց հայկական ճանապարհով։ Բայց քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը տապալել է հարաբերությունները Չինաստանի հետ՝ հենց նույն ԱՄՆ-ի դրդմամբ, անդամակցել է Կրոնական ազատության ալյանսին, մի քանի անգամ Չինաստանի մեկնած ձեռքը չի սեղմել, Չինաստանն արդեն կողմնորոշվել է Ադրբեջաանի օգտին, որն ունի որոշակի լոգիստիկական առավելություններ»,- պարզաբանել է Միքայելյանը։
Միաժամանակ՝ քաղաքագետը նշել է, որ քաղաքական առումով Հայաստանն ավելի ձեռնտու է Չինաստանին, քանի որ «հիմա բոլորը թուրքական պետությունների հետ խնդիրներ ունեն»։
«Չինաստանը թուրքալեզու շրջան ունի, որտեղ Թուրքիան խրախուսում է սեպարատիզմը և, պարզ է, որ Ադրբեջանն էլ այս ամեն ինչի մասն է, և դրա համար Չինաստանը կցանկանար Հայաստանով այդ ամեն ինչն իրականացվեր։ Թեև էլի Չինաստանը մի քանի երթուղի կկառուցեր, սա էլ հաշվի առնենք, բայց քանի որ հիմա Չինաստանը մեծացնում է իր ազդեցությունը Միջին Ասիայում, հատկապես՝ Տաջիկստանում, Ղրղզստանում և, հետագայում՝ Ղազախստանում, ապա պարզ է, որ այս ամեն ինչը պետք է անցնի Կասպից ծովից այն կողմ՝ դեպի Ռուսաստան և Ադրբեջան»,- հավելել է նա։
Փորձագետը կարծում է, որ Իրանի հարավից Հայաստանով դեպի Վրաստան ճանապարհն անլուրջ է, քանի որ Ադրբեջանը մի քանի անգամ ցույց է տվել այդ ճանապարհի խոցելիությունը։
«Կարող ենք հիշել 2021 թվականի սեպտեմբերը, երբ Ադրբեջանը ճանապարհի մի կտորը փակել էր և, նորից ներկա իշխանությունների թույլտվությամբ և անգործությամբ, Գորիս-Կապան ճանապարհը հիմա չի գործում։ Շրջանցող ճանապարհը Տաթևով չի կոմպենսացնում այդ կորուստը։ Հիմա նույն խնդիրն Ադրբեջանը ստեղծում է Կիրանցում, ավելի ճիշտ՝ արդեն ստեղծել է։ Ադրբեջանի կողմից ճանապարհների փակումը ինքնանպատակ չէ․ նպատակ ունի Հայաստանի լոգիստիկ հնարավորությունները ոչնչացնել և, ցավոք սրտի, ներկա իշխանությունները համահանցակից են այս գործունեությանը»,- ընդգծել է Միքայելյանը։
Չինաստանը, ըստ փորձագետի, փորձում է մի քանի այլընտրանքային ճանապարհ ստեղծել և կապ հաստատել Վրաստանի հետ, իսկ դա, նրա կարծիքով, հնարավոր է կա՛մ Հայաստանի, կա՛մ Ադրբեջանի միջոցով։
«Հայաստանը Չինաստանի հետ նորմալ չի հարաբերվում, տեր չի կանգնում ճանապարհներին, Ադրբեջանն է դա անում, որտեղ նաև աշխարհագրական առավելություն կա, որովհետև ամեն դեպքում ճանապարհները հիմնականում դաշտային են և շատ ավելի էժան՝ թե սպասարկման, թե կառուցման տեսանկյունից։ Եվ այսպիսով, հիմա Ադրբեջանն այստեղ տրանսպորտային հանգույց է հանդիսանում։ Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է շատ արագ զարգացնել հարաբերությունները և, հենց Չինաստանը գալիս է այստեղ, արդեն փորձում է պահից օգտվել»,- կարծում է քաղաքագետը։
Միևնույն ժամանակ՝ փորձագետն ընդգծել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են ուղղորդվել բացառապես դեպի ԱՄՆ. «նրանք խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, բայց անում են հակառակը՝ նեղացնում են Հայաստանի գործընկերների քանակը՝ միայն Արևմուտքով սահմանափակելով դրանք»։
Մեկնաբանելով Թուրքիայի և նրա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքն ադրբեջանա-չինական պայմանավորվածություններին՝ Միքայելյանը նշել է, որ սա լավ փորձ է Անկարայի համար Պեկինի հետ հարաբերություններ հաստատելու առումով։
«Թուրքիան փորձում է բոլոր դաշտերից օգուտ քաղել։ Օրինակ, ՆԱՏՕ-ում իր անդամակցությունը պահելով, հարաբերությունները զարգացելով, միաժամանակ ԲՐԻԿՍ-ին է դիմում։ Էրդողանը մի քանի օր առաջ հայտարարել է, որ ուզում է ԲՐԻԿՍ-ի անդամ դառնալ, որից հետո ռուսական կողմից արձագանք եղավ, որ միաժամանակ ՆԱՏՕ-ում և ԲՐԻԿՍ-ում լինել անհնար է, բայց ամեն դեպքում այդ փորձն արդեն եղել է։ Երկրորդ, Թուրքիան ինքնին չի կարող այդ ուղղությամբ գնալ այս պահի դրությամբ, բաց փորձարկում է մի քանի դաշտում խաղալու զուտ հնարավորությունը։ Իսկ Ադրբեջանի միջոցով, որը նման պարտավորություններ չունի, կարող է ստեղծել որոշակի նախնական կապ։ Այսպիսով, դա կարելի է խորամանկ կապ կոչել, թեև ես ուղղակի կկոչեի Թուրքիայի կողմից գրագետ քաղաքականություն»,- եզրափակել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում