ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերին ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումից Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման ռիսկերի և ԵՄ դիտորդական առաքելության կողմից ռուսական օբյեկտների վերաբերյալ հնարավոր հետախուզական տվյալների հավաքագրման մասին։
«Թույլ տվեք չմեկնաբանել այդ հայտարարությունները։ Հայաստանին և ՀՀ անվտանգության համակարգին վերաբերող բոլոր հարցերը լուծվում են Հայաստանի իշխանությունների որոշումներով։ Եվ ես կարծում եմ, որ այն բոլոր որոշումները, որոնք կայացվում են, բխում են ՀՀ անվտանգության շահերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակյանը։
Նա վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների բոլոր քննարկումները թափանցիկ են։
«Երևանը Մոսկվայից ակնկալում է կուտակված մի շարք հարցերի պատասխաններ»,- հավելեց նա։
Գալուզինը հուլիսի 11-ին ասել էր, որ Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ծայրահեղ ափսոսանք է առաջացրել Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է հետախուզություն հավաքել ռուսական օբյեկտների վերաբերյալ։ Նա Ռուսաստանի մտահոգությունն է հայտնել, որ ԵՄ առաքելությունը, Երևանի հավանությամբ, կարող է մշտական կարգավիճակ ստանալ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում