Հուլիսի 2-ին Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, հայտնում է Hindustan times-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կրոնական քարոզիչ Բհոլե Բաբան դիմել է իր հետևորդներին՝ հատուկ տեղադրված վրանում:
Ըստ պարբերականի՝ ոստիկանության վարկածով ի սկզբանե, կարծես թե, շնչահեղձությունն անհարմարավետություն է առաջացրել, որից հետո մարդիկ սկսել են վազել՝ հրմշտոց առաջացնելով։
Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։ Փրկվածներից մեկը պատմել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավարտվել է կրոնական միջոցառումը և բոլորը շտապել են լքել վայրը։
«Տեղում հետևորդների հսկայական բազմություն էր հավաքվել։ Ելք չկար, բոլորն ընկան իրար վրա և հրմշտոց տեղի ունեցավ։ Երբ փորձեցի դուրս գալ, դրսում մոտոցիկլետներ էին կանգնած, որոնք փակեցին իմ ճանապարհը։ Շատերն ուշաթափվել են, իսկ մյուսները՝ մահացել»,- պատմել է տուժածը։
Բաբայի հետևորդները հիմնականում ցածր տնտեսական շերտերից են։ Նշվում է, որ նա ոչ մի «գուրուի» հետևորդ չէ։ Բաբան պնդում է, որ իրեն քարոզել են անմիջապես ամենակարողից: Նա Facebook-ում երեք միլիոնից ավելի հետևորդ ունի։ Ենթադրվում է, որ տարբեր պատգամավորներ են ներկա գտնվել նրա «սաթսանգին», որը հիմնականում կազմակերպվում է երեքշաբթի օրերին:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում