Երախտագիտությո՞ւնն է արդյոք ՙպարտադրում՚ ստեպ-ստեպ հիշելու մեր անցավորներին, թե՞ նրանց ապրած կյանքն ու թողած հետագիծը կամ բարի անունը: Թերևս երկուսն էլ:
Հայ պարարվեստի երախտավորներից Զարեհ Մուրադյանն այն արվեստագետներից է, որն իր ապրած կյանքով ու նկարագրով ժամանակից դուրս չգալ չէր կարող:
Գնահատման, արժևորման համակարգերն այսօր շատ փոխված են, սակայն համընդհանուր ճահճացումը բարեբախտորեն դեռ ամենը չի հասցրել ոչնչացնել: Դեռ կան ապրող հիշողություններ, գործեր, շարունակվում է գնահատվել արժանավորը, նույնիսկ շահի գիտակցումից անդին:
Զարեհ Մուրադյանի 90-ամյակի առիթով արտիստի գործընկերները, մտերիմներն ու բարեկամներն իրենց երախտիքը մատուցեցին հուշաքարի գոյությամբ: Թամանյան թիվ 6 շենքի պատի հուշաքարն այսօր անցորդներին կհիշեցնի, որ այդ տանն ապրել է մի մարդ, մի արվեստագետ, որ գնահատելի վաստակ ունի հայ պարարվեստի պատմության մեջ: Հուշատախտակի բացմանը ներկա էին անվանի շատ արվեստագետներ, մտավորականներ: Հուշաքարի հեղինակը ճարտարապետ Լևոն Իգիթյանն է, բացման արարողությունը կատարեց օպերային բալետի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
Զարեհ Մուրադյանը ծնունդով խարբերդցի է: Հայրն անվանի փաստաբան էր, 1915-ի զոհերից: Մայրը մանկահասակ երեխաների հետ հանգրվանելով Հալեպում, 1925-ին ներգաղթեց Հայաստան:
Զարեհ Մուրադյանը հետագայում ստանալով պրոֆեսիոնալ կրթություն, 1935-39 թթ. Մոսկվայի Մեծ թատրոնի բալետի կազմի արտիստներից է եղել, 1939-ից Երևանի Օպերային թատրոնի բալետային կազմի առաջատար մենապարող, 1951-66թթ. Երևանի Օպերային թատրոնի գլխավոր բալետմեյստերն էր: Երկար տարիներ ղեկավարել է Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը: Մինչ այդ՝ 1936-38թթ. Մոսկվայի ամենահայտի՝ Վախթանգովի անվան թատրոնում իբրև խորեոգրաֆիկ վարժանքի ուսուցիչ, պարարվեստի իր գիտելիքներն է հաղորդել ռուսական բեմի արտիստներին:
Զարեհ Մուրադյանը Մեծ թատրոնի բեմում հանդես է եկել ՙԿովկասի գերին՚, ՙԲախչիսարայի շատրվանը՚, ՙԵրեք հաստլիկները՚, ՙԻշխան Իգոր՚, Երևանի օպերային թատրոնում՝ ՙԳայանե՚, ՙԽանդութ՚, ՙԿարմիր-կանաչ՚ ներկայացումներում, բեմադրել է ՙԴոն Կիխոտ՚-ը, ՙՎալբուրգյան գիշեր՚-ը, հեղինակել ՙԴավիթ Բեկ՚, ՙԱիդա՚, ՙԿարմեն՚, ՙԱրշակ 2-րդ՚, ՙՍամսոն և Դալիլա՚ և այլ օպերային ներկայացումների խորեոգրաֆիան:
Զարեհ Մուրադյանի հետ ապրած օրերի զգացումները վերհուշի միջոցով արտահայտելու ցանկությունը վերածվեց հուշ-ցերեկույթի: Եվ թատերական գործիչների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին դերասանի տանը հուշի ջերմ մթնոլորտում նշվեց արտիստի 90-ամյա հոբելյանը: Երվանդ Ղազանչյանի խոսքին հաջորդեց պրոֆ. Ռաֆայել Ջրբաշյանի ելույթը: Հետո մտերմիկ զրույց սկսվեց, ու նրանք, ովքեր համագործակցել, աշխատել էին Զարեհ Մուրադյանի հետ, հուշի գեղեցիկ անդրադարձներով պատմեցին արտիստի մասին: Թերեզա Գրիգորյան, Վանուշ Խանամիրյան, Վիլեն Գալստյան, Զավեն Տատինցյան. նրանց հիշողություններում Զարեհ Մուրադյանը մնացել է իբրև չափազանց հմայիչ, բացառիկ խնամված, նրբաճաշակ արտիստ իր ամեն ինչով՝ արտաքինով, շարժուձևով, նիստուկացով, կիրթ մտավորական՝ եվրոպական եվ ռուսական պարարվեստի խոր իմացությամբ, մանկավարժ՝ իր նրբազգացողությամբ և ուշադրությամբ, առանձին ուսանողների, հատկապես երաժշտականության կամ պլաստիկայի պակաս ունեցողների նկատմամբ, իբրև մարդու՝ բարի, անկեղծ ու ազնիվ:
ՙՆրանից կարելի էր անընդհատ սովորել: Անհնար էր նրա հիասքանչ արտահայտչականությամբ չտպավորվել, մարդ- հանրագիտարան էր՚ (Թերեզա Գրիգորյան):
ՙԶարեհ Մուրադյանը այն մարդկանցից էր, որն իր ներկայությամբ մթնոլորտ էր ստեղծում, իրենից լույս էր արձակվում՚ (Զավեն Տատինցյան): ՙԱյդքան բալետային ներկայացումներ էր բեմադրել, բայց ձայնը չէր լսվում, ինչպե՞ս էր կարողանում հավաքել բոլորին՚ (Վանուշ Խանամիրյան): ՙԲարի մարդ էր, մեծ կուլտուրայի տեր, մեծատառով արվեստագետ, որի հետ բախտ ունեցա երկար տարիներ շփվել: Ինձ համար ուսուցիչ էր և մտերիմ ընկեր՚ (Վիլեն Գալստյան):
Արտիստի եղբորորդու՝ արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանի ներկայությունը կարծես ավելի էր արթուն դարձնում ներկաների հիշողությունը: ՙՍովորաբար ես չեմ հուզվում: Հիմա հուզված եմ: Իմ առաջ մանկությանս օրերն են: Ես ինձ գտա այսօր, ճանաչեցի, իմ ով լինելը հասկացա զուտ այն պատճառով, որ դուք եք ինձ շրջապատել:
Ժամանակները փոխվեցին, դրանց հետ արժեքների գիտակցումը: Հիմա արդեն որտեղ կան շահեր, այնտեղ էլ՝ արժեքներ: Այս օրը բացառություններից է: Եվ ես շնորհակալ եմ թատերական գործիչների միությանը, Լևոն Իգիթյանին, որ հուշաքարի նախագծին արեց սիրով, անշահախնդիր, Նարեկ Սարգսյանին, Ֆերդինանդ Առաքելյանին, ելույթ ունեցողներին, Զավեն Տատինցյանին, որ իր ծննդյան օրն այստեղ է:
Մշակութային Երևանում անցավ իմ մանկությունն ու պատանեկությունը, և ես ինձ լավ եմ զգում դրա համար: Քաղաքը քաղաք է, երբ նրա փողոցներով մտավորականներ, գրողներ, արտիստներ են քայլում, այլապես դառնում է բնակավայր: Ես այսօր ձեզ նորից գտա և հարստացա: Այսքան տարի ապրելուց հետո համոզվեցի, որ լավի քիչը ավելի կարևոր է, քան վատի շատը՚
Դավիթ Մուրադյանն առաջարկեց հայ բալետային արվեստի գործիչների նվիրյալների կենսագրությունը, գործ ընդհանրացնող հրատարակություն պատրաստել՝ ի պահ տալով սերունդների հիշողությանը:
ՙԱզգ՚ թերթ 26.09.03.թ. Երևան