ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժողովրդի վստահության բարձր մակարդակի մասին։
«Մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետի, գործող կառավարության նկատմամբ մեծագույն վստահություն ունի և նման հարց քննարկելու որևիցե պատճառ մենք չենք ունեցել և չունենք»,- խորհրդարանում լրագրողներին ասել է նա։
Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» ԱԺ արտահերթ նիստին մասին՝ Սիմոնյանն ասել է, որ իրենք ձևական բաներով չեն զբաղվում։
«Վախենալու բան չունենք, ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք և սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքն ուզում է արդարացնել այստեղ մնալը»,- ասել է ԱԺ նախագահը։
Նա ավելացրել է, որ այս առումով ոչ մի կարևոր պահ չկա, կարևոր պահն ավարտվել է, «поезд ушёл»։ Սիմոնյանի կարծիքով՝ խնդիրն ընդդիմության մեջ է, որը կրկնում է Վազգեն Մանուկյանի գործողությունները։
«Վազգեն Մանուկյանի տեղը գնացին Բագրատ Գալստանյանին բերեցին»,- ասել է Սիմոնյանը։
Նրա կարծիքով՝ շարժումը «պիտի մնա փողոցում և աստիճանաբար մաշվի»։
«Իշխանությունն առնվազն քաղաքական առումով կարծում է, որ Բագրատ Գալստանյանը պիտի մնա փողոցում, ինքը պիտի շատ երկար մնա փողոցում, պիտի մաշվի փողոցում։ Ինքն այնքան է մնալու փողոցում և այն ուժերը, ովքեր սատարում են, նույնպես մնալու են փողոցում, մասնավորապես՝ կաթողիկոս Գարեգին Բ-ն և մնացած ուժերը՝ քոչարյանական, դաշնակցական, որոնք այս բանը սարքեցին, մաշվելու են հին կոշիկի պես»,- ասել է ԱԺ նախագահը։
2021 թվականին խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ստեղծել էին «Հայրենիքի փրկության շարժումը» և անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու առաջադրել նախկին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում