Найти тему
Հայաստանն այսօր

ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է․ Փաշինյան

Բելառուս այլևս երբեք չեմ այցելի, քանի դեռ Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ ՀԱՊԿ-ի հետ կապված ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս ընդհանրապես չի այցելի, ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանին կանչել է Երևան՝ խորհրդակցությունների։

«ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան փոխվել՝ տեսականորեն չեմ կարող բացառել, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդից ներողության և բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ եթե ՀԱՊԿ ղեկավարներից մեկը՝ Լուկաշենկոն, հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը, դրանից հետո ինքը չի կարող գնալ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հարց քննարկելու։

Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշված չէ, որ մնալու են ՀԱՊԿ անդամ, այլ նշել են, որ հարցեր ունեն, որոնց պատասխանների հետևից գնալու են։

«Ծրագրում առաջադրված խնդիրները լուծելու ճանապարհին մշակում և իրականացնում են քաղաքականություն և այդ քաղաքականությունն սկսվել է ակտիվ ներգրավվածությունից, դրա արդյունքների ամփոփման հիման վրա հասել են անդամության սառեցման։

Այսինքն՝ Սահմանադրությունը չի ասում, որ դու այդ ծրագրի հիման վրա քաղաքականության մշակման արդյունքում ձեռք բերած քո տեղեկությունները չպետք է կիրառես քաղաքականության ներդրման համար, և հաջորդ տրամաբանական քայլը, էլի եմ ասում, լինելու է կազմակերպությունից դուրս գալը»,- շեշտել է նա։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերքել էր Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մասին լուրերը և նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մենք կորոշենք, երբ պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ «Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է»,- խորհրդարանումհայտարարել էր Միրզոյանը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում