Արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Սարգսյանը մեր միջին սերնդի նկարիչների շարքում հանդիսացել է եզակի դեմքերից մեկը, այն աչքի ընկնող օղակը, որը միշտ աջակցել է երիտասարդ, միջին և ավագ սերունդների համագործակցության ամրացմանը:
Իր անխոնջ, համառ ստեղծագործական հասարակական և արվեստաբանական աշխատանքով Է. Սարգսյանը դրսևորեց իրեն որպես մեր կերպարվեստի զարգացման գործին ազնվաբար նվիրված ու ձեռնհաս գործիչ:
Լինելով բեղմնավոր նկարիչ, տեսականորեն պատրաստված արվեստի մարդ ու լավ կազմակերպիչ, նա իր գործունեությամբ, սկսած դեռ քսանական թվականներից, մեծապես աջակցել է մեր երիտասարդ նկարիչների ստեղծագործական ճիշտ դիրքավորմանն ու աճին:
Իր գեղանկարչության առաջին քայլերից նա եղել է ամենաառաջադիմական դեմքերից մեկը և մինչև այսօր հաստատ մնացել սոցիալիստական ռեալիզմի դիրքերի վրա:
Երբ Հայաստանում կազմակերպվեց հեղափոխական երիտասարդ նկարիչների միության ֆիլիալը, նախաձեռնողներից ամենաակտիվը դարձավ Սարգսյանը:
Էդվարդը քսան տարեկան էր, երբ հանդես գալով մամուլում ագիտացիա էր մղում հանուն հեղափոխական արվեստի:
1929 թվականի հունվարին բացվեց ՕՄԱԽՐՐ-ի հեղափոխության երիտ. նկարիչների միության Երևանի ֆիլիալի ցուցահանդեսը: Այստեղ կախված էին Սարգսյանի խնամքով մշակված երեք գործերը. <<Արմենակ Բուդաղյանի ողբերգական մահը>>, <<Լիցկայան>>, <<Դաշնակների փախուստը Երևանից>>: Սա նկարչի առաջին ելույթն էր, որ տպավորիչ էր նկարների ակտուալ թեմաներով և որակով: Այդ գործերը ժամանակին կատարել են անհերքելի դրական դեր:
Բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ էին դրված սովետական նկարչության առաջ: Այդ ամենը ընդգրկելու տենչը նկարչի արվեստը դարձրել է բազմաժանր, բազմակողմ: Եվ ներկա պատկերահանդեսը բնավ չի ընդգրկում նրա ստեղծագործության բոլոր կողմերը: Այստեղ ցուցադրված են միայն վերջին տարիների գործերը: Ժամանակի ընթացքում նկարիչը կատարել է պատմա-ռևոլյուցիոն կտավներ, ինդուստրիալ և սոցիալիստական շինարարության թեմաներով գործեր, նկարազարդումներ, ագիտ-պլակատներ: Հիշում եմ երեսնական թվականների սկզբին նրա <<Դաշնակցությունը իմպերիալիզմի ավանգարդն է Մերձավոր Արևելքում>>, <<Բոլշևիկյան նոր կադրերի ղեկավարությամբ արագացնենք սոց. շինարարության տեմպերը>> պլակատները: Մեր ստեղծագործ, դինամիկ կյանքի ամեն մի պահին նա արձագանքել է դիպուկ ու հրատապ պլակատներով, որ ամփոխարինելի ծառայություն են մատուցել ժամանակի քաղաքական, գաղափարախոսական, շինարարական, ագիտ-տեխնիկական խնդիրների կենսագործման ընթացքին:
Մի շարք հրատապ ժանրերում իր համառ աշխատանքով նկարիչը կանգնել է Սովետական Հայաստանի առաջավոր արվեստագետների շարքում:
Ըստ թեմատիկայի ու բովանդակության և դրանց պատշաճ ձևի` նրա գեղանկարները օրգանապես կապված են հայրենի բնության, երկրի եռուն կյանքի, նրա նոր կենցաղի հետ:
Է. Սարգսյանը` Հայրենական պատերազմին, կոլտնտեսային կյանքին, ինդուստրիալ շինարարությանը նվիրված գործերը կատարված են հայրենասեր նկարչի ստեղծագործական հուզմունքով: Այդ գեղանկարներըր մեր առաջ բացում են արվեստագետի վարպետության զարգացման և գործերի բովանդակության խորացման ընթացքը:
Է. Սարգսյանը ցուցադրել է տարբեր բնույթի նատյուրմորտներ, մեկ ախրոմատիկ մինորային գամմայով` ինչպես նրա մեղմ մանիշակագույն<<Հիրիկները>>, մեկ էլ մաժոր, խրոմատիկ կոլորիտով, լավատեսական բովանդակությամբ<<Ոսկի ծաղիկները>>, <<Արարատյան դաշտի մրգերը>>, <<Աշնանային նատյուրմորտը>> և այլն:
Նկարչի պատկերահանդեսում գերիշխում են հմայիչ բնանկարները: Դրանց մեծ մասը կատարված է քնարական շնչով, բնության պոետիկ ընկալումով: Հեղինակի ստեղծագործական ճշմարտախոհությունը և անկեղծությունը համոզիչ են դարձնում հայրենի բնության այդ կերպարները: Նրա հապճեպ կատարված անմիջական էտյուդներն անգամ անփույթ ստեղծագործական ֆիքսացիաներ չեն` դրանց մի մասը մոտենում կամ հասնում է կոմպոզիցիոն նկարների: Նկարչի էտյուդները թարմ են և միանգամայն մատչելի` իրենց ձևով:
Բազմաթիվ բնանկարներից նշենք <<Աշտարակի հին կամուրջը>>, որ գերում է դիտողին, <<Ամպամած օրը>>, <<Հրազդանի լիճը>>`իրենց նուրբ, ներդաշնակ գույների միասնությամբ: Մեղմ, համերաշխ գույներով և հանդիսավոր գեղեցկությամբ հմայում է <<Գառնի ձորը>>` հնադարյան, պատմական վայրի այդ մեծադիր նկարը:
Լավ գործեր ունի նկարիչը Այրիվանք գյուղի շրջակայքից. <<Սևանի ափերը>>, օրինակ, պատկերում է հնձի նախօրյակին ծփող հասած ցորենի ոսկեգույն արտերը` լճի կապույտ ֆոնի և բարձրացող մուգ կանաչավուն բլուրի վրա: Նյութական ու գունեղ է այդ մաժոր գործը: Ինչ-որ լևիտանական շնչով և համակված Սարգսյանի <<Այրիվանք>> բնանկարը: <<Ուռենիները Զանգվի ափին>>` թարմ կոլորիտով գործի մեջ տպավորիչ են երկինքը, ջուրը և ծառերը, որոնք ներդաշնակորեն զոդված են իրար:
Ընդհանրապես Է. Սարգսյանի բնանկարների գամմաները բազմազան են, դրանք կրում են բնության տարբեր վիճակների, եղանակների և հոգեկան տարբեր տրամադրությունների ներքո նկարչի ընկալած բնության տարբեր կերպարները: Մեկ մինոր, մեկ մաժոր, մեկ խաղաղ ու անդորր, մեկ էլ հակադիր հնչեղ գույների բախում: Ահա թախծոտ <<Մթնշաղը լեռներում>> ու դրան հակադիր` թրթռուն, պայծառ, սպիտակ գամմայով<<Ծաղկած ծառերը>>, <<Ծաղկած այգի Աշտարակում>>, <<Գարունը Աշտարակի ձորում>> և այլ գործեր: Ուշադրություն են գրավում կոլտնտեսային, գյուղական աշխատանքների մոտիվները: Կենցաղային այդ կարգի գործերից հմայիչ են<<Ոսկեվազի այգեգործները>>, վաղ գարնանային տեսարան, ձյունապատ Արագածի առջևում գյուղացիկ հողի տակից վազի թփեր են դուրս հանում: Նման բնույթի է նաև<<Գարունը Ոսկեվազ գյուղում>> կտավը: Այդ հոյակապ նկարի տաք վարդագույն ծաղկած ծառերը հիշեցնում են վառվող հանդիսավոր ջահեր: Թարմ է, գունեղ<<Հրազդանի ափին>> գործը: Նրա ծիածանային, ներդաշնակ երանգներով բլուրները կապուտակ ջրի հետ հիացնում են դիտողին: Հոյակապ գեղանկար է<<Արայի լեռը>>, հագեցված թարմ ու պայծառ գույներով, և<<Աշտարակի դաշտերը>>: Բնանկար պատկերներից հաջողված է էպիկական շնչով կատարված<<Այրիվանքը երեկոյան>>, պատվանդան- ժայռին բազմած պատմական հուշարձանը, որպես միաձույլ երկնաբերձ կոթող սիգաբար իշխում է Սևանի մուգ կապույտ ջրերի վրա:
Բազմապիսի են նկարչի որոնումները` կատարված գուաշով, տեմպերայով, տուշով և այլ նյութերով:
Նկարչի ցուցադրած գրաֆիկական աշխատանքների հետաքրքրական շարքում հաճելի անակնկալ են շատ ազատ կատարված ճեպանկարները: Վիրտուոզ վարպետությամբ և ճաշակով կատարված այդ17 հմայիչ գործերը ցույց տվին նկարչի ստեղծագործական ձիրքի բազմակողմանիությունը:
Նույնը կարելի է ասել ցուցադրված յոթ լենոգրավյուրների մասին:
Է. Սարգսյանի դիմանկարների մեջ բացահայտված են հոգեբանական տարբեր կերպարներ, որոնց լուծումը պայմանավորվում է մարդկանց դիրքերի համապատասխան կառուցվածքով և կոլորիտային պատշաճ գամմայով: Կան խորասուզված, խոհուն կերպարներ, որոնց դեմքերից վիշտ է ծորում` ինչպես նկարչի մոր դիմանկարը: Ավելի հաջողված գործեր են որոշ էքսպրեսիոնիստական սուր բնութագրով տրված, մինոր գամմայով, թախծալից<<Կանացի դիմանկարը>> և<<Սվետլանայի դիմանկարը>>: Դրանց կողքին կան առույգ, կայտառ, կենսուրախ դեմքեր, հաստատ, վստահ դիրքերով կատարված և գեղանկարված պայծառ գույներով: Այդպիսիներից են նկարչի <<Ինքնանկարը>>, <<Պատանի Պողոսը Ոսկեվազից>>, <<Լուսինեի դիմանկարը>> և ուրիշ գլխանկարներ:
Ձայնակցելով մեր միջնադարյան որմնանկարների և մինիատյուրների ուրույն ոճին, թարմացնելով, այժմեականացնելով դրանց արտահայտչական կերպարը, լեզուն, Է. Սարգսյանը ուրույն ոճով արել է Մովսես Խորենացու<<Հայոց պատմություն>> գրքի մոտիվների նկարաշարքը: Սրանք կատարված լինելով տեմպերայով և գուաշով` ստվարաթղթի վրա ստացել են թավշային նրբախավ ֆակտուրա: Այս արժեքավոր շարքը իր թեմատիկայով, կատարման ոճով, կոմպոզիցիոն լուծումով և կոլորիտով անսպասելի նորույթ է նկարչի ստեղծագործական կյանքում:
Է. Սարգսյանը դեռ երիտասարդական հասակից զբաղվել է արվեստի տեսական աշխատանքներով: Նա գրել է բազմաթիվ քննադատական հոդվածներ, որոնց մեծ մասը լույս է տեսել:
Շնորհիվ իր ընդունակությունների և լարված աշխատանքի, նա հասել է որոշակի արդյունքների և այսօր հանդիսանում է մեր միջին սերնդի առաջավոր նկարիչներից մեկը:
Է. Սարգսյանը ունի իր ստեղծագործական դեմքը և իր որոշակի տեղը հայ կերպարվեստի պատմության մեջ:
Տարիներ ի վեր նրա արվեստը անդավաճան ծառայել է մեր ժողովրդին, նրա գեղագիտական դաստիարակությանը:
Համաքայլ շարժվելով մեր սոցիալիստական կյանքի հետ, նրա արվեստը քառասուն ձիգ տարիների ընթացքում կատարում է իր վսեմ ու դժվարին միսիան: Էդվարդ Սարգսյանը իր քաղաքացիական ճիշտ դիրքավորումով բարի օրինակ է հանդիսանում մեր աճող երիտասարդ սերնդի համար:
Ի սրտե ցանկանանք նրան քաջառողջություն, ստեղծագործական ու բեղուն կյանք և նորանոր հաջողություններ իր արվեստում:
Գաբրիել Գյուրջյան
<<Սովետական արվեստ>>
Հուլիս, 1970 թ. ք. Երևան