Էդուարդ Մուրադի Մուրադյանը (19.07.1907, Խարբերդ, Արևմտյան Հայաստան - 05.09.1979, Երևան, ՀԽՍՀ), ծնվել է փաստաբան Մուրադ Մուրադյանի և Մարիամ Մուշյանի ընտանիքում:
Մուրադյանները Խարբերդում ապրել են Թոթովենցների հարևանությամբ, բաժանարարը «վարդագույն պարտեզն» էր:
Խարբերդում, առաջին դասարանում, աշակերտել է Երուխանին, որ դպրոցի տնօրենն էր ու մայրենի լեզու էր դասավանդում:
1915 թվականի հայկական ջարդերի զոհ չդառնալու համար ընտանիքը տեղափոխվել է Սիրիա, որտեղ Էդուարդը սովորել և ավարտել է Հալեպի Հայկազյան վարժարանը: Այստեղ աշակերտել է գրականագետ Փոլ (Պոլ) Բորենին:
Վարժարանում ուսումնառության տարիներին ընդունվել է սիրողական «Անդրանիկ» թատերախումբ, որի ավարտական բեմադրությունը Շեքսպիրի «Վենետիկի վաճառական»-ն էր: Էդուարդը բեմ է ելել գլխավոր հերոսի՝ Շեյլոկի դերում:
1924 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Մուրադյանն ընդունվել է Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի արվեստի ֆակուլտետ:
1925-1927 թվականներին եղել է Հայաստանի Առաջին պետթատրոնի, 1928-1930 թվականներին՝ Բանվորական շրջիկ (որի հիմնադիրներից էր), 1930-1948 թվականներին՝ Միկոյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան:
1948-ից աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ օգնական-լաբորանտ, ներկայացումների մասով ղեկավար, դերասանական ֆակուլտետի դեկան: 1959 թվականից եղել է ինստիտուտի գիտական քարտուղարը:
1948-ից՝ ՀԽՍՀ Թատերական միության անդամ:
Տարբեր տարիներին եղել է Երևանի Պիոներների և դպրոցականների պալատի Երեխաների գեղարվեստական, թատերական դաստիարակության բաժինների գեղարվեստական ղեկավարը:
Հայերենից բացի, փայլուն տիրապետել է ռուսերենին, ֆրանսերենին, արաբերենին, թուրքերենին:
Իմ լավ բարեկամ, քեզ արդեն պատմել եմ, որ հիմնադրումից հետո ՊՀԹ-ի հետագա գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հիմնադիրները բնականորեն գնացին կոլեկտիվը ստեղծագործող նոր ու տաղանդավոր երիտասարդներով համալրելու ուղիով:
1930 – 1931 թվականներին թատերախումբն արդեն համալրեցին Անահիտ Մասչյանն ու Պարույր Սանթրոսյանը, նաև՝ Մելինե Բեյլերյանը, Պերճ Գևորգյանը, իմ կոլեկտիվում տրավեստի հարմարադերի առաջին դերասանուհի Էմմա Ամիրբեկյանը (Ստեփանյան), Վարդգես Յավուրյանը, Դավիթ Քիշմիրյանը (նա հետո նաև մեկ-երկու բեմադրություններ արեց), Արշավիր Ղազարյանը,… և, իհարկե, Էդուարդ Մուրադյանը:
«Արտիստ Էդվարդ Մուրադյան – Օրերի վարագույրը (հիշողություններ)» առցանց հոդվածից բավական ուշագրավ տեղեկություններ կարող ես իմանալ:
Օրինակ. 1924-ին «հյուրախաղերով Հալեպ եկած կովկասահայ դերասան Հայկ Արծիվի բեմադրած Գ.Գեի «Տրիլբի» դրամայի ներկայացման մեջ կատարեցի Բիլլիի դերը: Ի դեպ, իր «Աշխարհով մեկ» գրքում Հայկ Արծիվը հիշատակել է այդ ներկայացման մասին: Գիրքը հրատարակվել է Երևանում 1962 թվականին: 1932 թվականին նույն դերը՝ Բիլլիին, ես խաղացի արդեն Երևանում Արուս Ոսկանյանի (Տրիլբի) և Միքայել Մանվելյանի (Սվենգալի) մասնակցությամբ ներկայացված տեսարանների մեջ»:
Այս տեսարանները ներկայացվել են քեզ արդեն ծանոթ Կարմիր բանակի տանը: Իմացիր, բարեկամս, որ Գրիգորի Գեի «Տրիլբի»-ն դրամա է: Տրիլբին գլխավոր հերոսուհու՝ իռլանդացի աղջկա անունն է, նա ապրում է Փարիզում և բնորդ է աշխատում, ինչն այն ժամանակ վայելուչ զբաղմունք չէր: Դրամատուրգ Գեն պիեսի սյուժեն փոխառել է 19-րդ դարավերջին իսկական գրական սենսացիա դարձած համանուն վեպից, որի հեղինակը անգլիացի գրող Ջորջ Դյումորյեն է:
Դերասանական գործունեության 25 տարիների ընթացքում Մուրադյանը շուրջ 100 դեր է խաղացել: Նկարահանվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Վերադարձ» գեղարվեստական կինոնկարում, Քեռի Մովսեսի դերում, և «Երևան» միավորման «Մորգանի խնամին» հեռուստատեսային գեղարվեստական կինոնկարում, Հմայակի դերում:
Դերասանական գործունեության տարիներին միաժամանակ ղեկավարել է մի շարք թատերական խմբակներ՝ Երևանի գործարանային ակումբներում և կուլտուրայի (մենք այսօր կասեինք՝ մշակույթի) տներում, բեմադրել է Շիրվանզադեի «Չար ոգին», Չեխովի «Առաջարկությունը», Վահան Թոթովենցի «Երկու սուր»-ը, քո թատրոնի հիմնադիրներից Մելիք Քոչարյանի հեղինակած «Կույր երաժիշտը» (սա մտել է նաև իմ խաղացանկ հենց հեղինակի՝ Մելիք Քոչարյանի բեմադրությամբ), «Ուսադիրներով կինը»:
Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում Մուրադյանը երկու բեմադրությունների հարակից ռեժիսորն է եղել, թատերական ինստիտուտում աշխատել է որպես ասիստենտ՝ պրոֆեսոր Վարդան Աճեմյանի ղեկավարած դերասանական կուրսերից մեկում:
Ես ուզում եմ, բարեկամ, որ իր մասին ավելին հենց Մուրադյանը պատմի, դրա համար մեջբերումներով կներկայացնեմ փոքր հատվածներ նրա հիշողություններից:
«…1924 թվականի գարնանը Հայկազյան վարժարանի ավարտական դասարանի աշակերտներս Հալեպի «Սինեմա պաթե» կինոթատրոնում ներկայացրինք «Վենետիկի վաճառականը» թատերգությունը: Ներկայացումը նվիրված էր հանճարեղ անգլիացի դրամատուրգի ծննդյան 360-ամյակին: Պիեսը բեմադրեցին հայոց լեզվի ու գրականության դասատու Ուլուբեյանը, ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի, Շեքսպիրի թատերգությունների անվանի թարգմանիչ Մասեհյանի քույրը՝ տիկին Քաջբերունին: Ներկայացման մեջ ես կատարեցի Շեյլոկի դերը: Ի դեպ, Պորցիայի ու Ջեռերայի դերերը խաղացին մեր դասարանի երկու տղաներ, քանի որ ոչ մի ծնող չէր համաձայնել, որպեսզի իր դուստրը բեմ բարձրանա»…
Այսօր քեզ, բարեկամս, վերջին պահը կարող է անհասկանալի, տարօրինակ, անգամ՝ «վայրենի» երևույթ թվալ: Բայց իրականությունն այդ էր: Երկար ժամանակ աղջիկը, կինը բեմ բարձրանալու իրավունք չուներ, և ոչ միայն հայ իրականության մեջ, այլև՝ ամենուր, բայց մենք՝ հայերս, առավել ավանդապահ, «ադաթապաշտ» լինելով, համեմատաբար ուշ մերվեցինք այն մտքին, որ աղջկա կամ կնոջ դերը բեմի վրա պետք է հենց աղջիկն ու կինը ներկայացնեն, ոչ թե պատանին կամ հասուն այրը՝ փաստորեն, դառնալով իսկական տրավեստի:
Շատ ջերմ են Մուրադյանի այս տողերը. «Թեև շուրջ վաթսուն տարի է անցել այդ օրից, բայց իմ հիշողության մեջ դեռևս վառ է մեր դպրոցի տնօրենի, մայրենի լեզվի իմ առաջին ուսուցչի, արևմտահայ անվանի արձակագիր Երուխանի միշտ բարի ժպտացող դեմքը»:
Էդուարդ Մուրադյանի՝ ՊՀԹ-ում ունեցած դերակատարումներին դեռ կանդրադառնամ: Մինչ այդ նորից ուզում եմ, որ ինքը պատմի այն մասին, թե ինչպես 1932-ին (թեև հուշագրութան մեջ Մուրադյանը նշում է 1932-ը, բայց ասեմ, որ Նիկոլայ Շեստակովի «Հեռու ճամփորդություն» պիեսի բեմադրության առաջնախաղն իմ կոլեկտիվը ներկայացրել է 1933 թվականի մայիսի 19-ին) «Հեռու ճամփորդություն» ներկայացման ժամանակ (այստեղ Մուրադյանը հանդես էր գալիս Պոլ Մարտիի դերում) անձամբ ծանոթացավ Հանրի Բարբյուսի հետ.
«Երևանի կարմիր բանակի տանը այդ պիեսի հերթական ներկայացումն էր: Առաջին գործողության ընդմիջման ժամանակ թատրոնի դիրեկտոր Վարյա Ստեփանյանի (Վարյա Եփրեմի Բաղդասարյանը ՊՀԹ-ի տնօրենն է եղել 1933-1935 թվականներին) ուղեկցությամբ բեմ եկավ պատկառելի արտաքինով, գրեթե բարձրահասակ ու նիհարակազմ մի անձնավորություն: Հյուրին ներկայացնելով դերասաններիս, դիրեկտորն ասաց՝ Հանրի Բարբյուսն է: Ֆրանսիացի ականավոր գրողի անսպասելի այցը մեծ ոգևորություն պատճառեց, և մենք սկսեցինք ծափահարել: Հետո մոտեցանք Բարբյուսին: Վարյա Ստեփանյանը, որ բավական վարժ խոսում էր ֆրանսերեն, մեզանից յուրաքանչյուրին անձնապես ներկայացրեց մեծ գրողին»:
Երբ Մուրադյանը անճիգ ֆրանսերենով ներկայանում է գրողին, և երբ վերջինս իմանում է, որ Էդուարդը աշակերտել է Պոլ Բորենին, գրողն ասում է.
«Պոլ Բորենին ճանաչում եմ դեռևս Սորբոնից: Իսկ մի քանի տարի առաջ, երբ այցելեցի Հալեպ, հյուրընկալվեցի նրա տանը»:
Այնուհետև Հանրի Բարբյուսը գոհունակությամբ, հակիրճ խոսքով ներկայացման առաջին արարվածից ստացած իր տպավորությունների մասին է խոսել, վերջում ասել է.
«Դուք շատ շնորհակալ գործ եք կատարում, սիրելի ընկերներ՝ ձեր ընդունակությունները, երիտասարդական եռանդն ու ջանքերը նվիրաբերելով մատաղ սերնդի գեղագիտական և ինտերնացիոնալ դաստիարակությանը: Ես տեսնում եմ, որ Սովետական Միությունում կոմունիստական կուսակցությունն ու երկրի կառավարությունը հսկայական միջոցներ են հատկացնում մանկա-պատանեկան թատրոնների ցանկը ավելի ընդարձակելու, և մեծ հոգատարություն ցուցաբերում այդ թատրոնների կոլեկտիվների նկատմամբ: Մեր երկրում, Ֆրանսիայում, կամ Եվրոպայի այլ երկրներում և կամ Ամերիկայում պատանեկության համար հատուկ թատրոններ չկան: Մեր պատանեկությունը զուրկ է գեղարվեստական նման բարիքներից: Ձեր պատանեկությունը երջանիկ բացառություն է կազմում»:
18 տարի ստեղծագործելով Պատանի հանդիսատեսի թատրոնում, Էդուարդ Մուրադյանը հայ ժամանակակից, ազգային ու համաշխարհային գրականության ու դրամատուրգիայի դասական գործերի բեմադրություններում մարմնավորել է մոտ վեց տասնյակ կերպար, և առավելապես՝ գլխավոր դերեր, ու դրանց թվում են իմ պատմության մեջ վառ էջեր դարձած ներկայացումներում նրա դերակատարումները՝
Տիլ, հետո նաև՝ Բրոդերեդի ու Էգմոնտ (Արմեն Գուլակյանի բեմադրած «Տիլ Ուլենշպիգել»-ում, 1932 թ),
Ձավարյան («Կրակե օղակում», 1932 թ, բեմադրությունը և ձևավորումը Տիգրան Շամիրխանյանի),
Պոլ Մարտի («Հեռու ճամփորդություն», 1933 թվականին բեմադրեց Գուրգեն Գաբրիելյանը),
Սերյոժա Ստրելցով («Սերյոժա Ստրելցով», 1936 թ, բեմադրեց Աստղիկ Աղասյանը),
Վալերի («Փաստաբան Պատլեն», 1937 թ, բեմադրությունը Տիգրան Շամիրխանյանի),
Ալբեր («Ժլատ ասպետը», 1937 թվականին սա բեմադրեց Գուրգեն Բալայանը),
Լեյբկա («Զյամկա Կոպաչ», 1938 թ, բեմադրությունը Սարգիս Քոչարյանի),
Թոմ Կենտի, հետո նաև՝ Էդուարդ (Աստղիկ Աղասյանի բեմադրած «Թոմ Կենտի»-ում, 1938 թ),
Լրտես («Անվեհերներ», 1939 թ, այս ներկայացման բեմադրության ընթացքում Մուրադյանը նաև բեմադրիչ Առնոլդ Մարտիրոսյանի օգնականն էր՝ ռեժիսորի ասիստենտը),
Լևոն (Սարգիս Քոչարյանի բեմադրած Շիրվանզադեի «Արտիստը» ներկայացման մեջ, 1940 թ),
Ռախիմ («Կամո», 1941 թ, բեմադրությունը Աստղիկ Աղասյանի),
Թոմաս Դիաֆուարուս («Երևակայական հիվանդ», 1943-ին Տիգրան Շամիրխանյանի բեմադրությամբ),
Դոսուժև, հետո նաև՝ Միկին («Եկամտավոր պաշտոն», 1943 թ, սա ՊՀԹ-ում Գրիգոր Էյրամջյանի դիպլոմային աշխատանքն էր),
Գնդապետ («Հազարան բլբուլ», 1943 թ, Սարգիս Քոչարյանի բեմադրության մեջ),
Գևորգ Մասիսյանց («Խաթաբալա», 1944 թ, բեմադրությունը Աստղիկ Աղասյանի),
Սիլվիո («Երկու տիրոջ ծառա», 1945-ին սա բեմադրեց Տիգրան Շամիրխանյանը),
Մեսրոպ Մաշտոց («Սամվել», 1945 թ, բեմադրությունը Աստղիկ Աղասյանի),
Իվան («Երիտասարդ գվարդիա», 1947 թվականի շամիրխանյանական բեմադրության մեջ) և այլն:
Իմացիր նաև, բարեկամս, որ Մուրադյանների գերդաստանը հայ մշակույթի, մասնավորապես դրա հսկայական բաժին արվեստի ասպարեզին շատ հայտնի, հարգված ու հեղինակավոր մարդիկ է տվել:
Էդուարդ Մուրադյանի եղբայրներից մեկը բալետի անվանի արտիստ, նաև իմ հարկի տակ բեմադրությունների բալետմայստեր Զարեհ Մուրադյանն է (նրա մասին առավել մանրամասն կարող ես կարդալ «Թատերական դիմանկարներ – Պարերի բեմադրիչներ» զրուցաշարում),
մյուս եղբայրը ժամանակին հայտնի ֆոտոնկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանն է,
կինը՝ Հայկանուշ Ասատրյանը, եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պրիմա (առաջնակարգ) պարուհի,
դուստրը՝ Իվետա Մուրադյանը՝ նույնպես,
որդին՝ Դավիթ Մուրադյանը, գրող է, կինոգետ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ,
թոռները նույնպես արվեստի ու մշակույթի ասպարեզում են՝ Արմեն Մուրադյանը կինոյի արտիստ է, Սեդա Մուրադյանը՝ լրագրող:
Նման գերդաստանները մեր ժամանակակից մշակույթի պատմության հարստությունն են: Անհրաժեշտ է, ուրեմն, որ այս մասին, հետաքրքրասեր ու խելացի բարեկամս, տեղյակ լինես:
Միշտ հարստացրու ազգային ինքնության ու պատմության ճանաչողությունը և փորձիր նպաստել դրա հարստացմանը՝ քո՛ լավ գործերով:
Լրագրող Կարեն Վարդանյան
Հայաստան, Երևան , 2024 թվական , հունիսի 2-ը