«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ վաղը՝ վաղ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացվելու ամբողջ Հայաստանում։ Այս մասին նա ասել է մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ։
«Առավոտյան ժամը 08։00-ին միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու։ Մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով, Մեղրիից սկսած բոլոր տեղերում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենալու», - հայտարարել է Գալստանյանը և հավելել, որ ինքը նույնպես լինելու է փողոցում։ «08։15 լինելու եմ Սուրբ Աննա եկեղեցու բակում», - ասել է նա։
Նա կոչ է արել բոլորին ակտիվորեն մասնակցել անհնազանդության ակցիաներին և թույլ չտալ, որ իշխանության ներկայացուցիչները գնան աշխատանքի, «քանի որ նրանք չունեն աշխատանք»։
«Եթե ուզում եք, որ այս մարդիկ հեռանան օր առաջ, ոչ թե նայեք իմ դեմքին, այլ եկեք իրար դեմքերին։ Ծնկի կգան այս մարդիկ, որովհետև իրենց արածը ստի մասին է, իսկ մերը ճշմարտության», - ասել է Տավուշի թեմի առաջնորդը։
Ավելի վաղ Գալստանյանը կոչ էր արել երթով շարժվել դեպի կառավարական ամառանոց, որտեղ նպատակ ուներ հանդիպել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ի հայտարարությունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Բագրատ Գալստանյանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում