Найти тему
Հայաստանն այսօր

Փոխվարչապետը խոսել է արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստատեսության եթերում խոսել էարցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մանրամասների մասին և հայտնել, որ առաջիկայում կառավարությունը կներկայացնի ծրագրի կիրառության կարգն ու պահանջները։

Նա հիշեցրել է, որ ծրագիրը իրականացվելու է փուլերով (2024-2029թթ.-խմբ.) և պայմանն այն է, որ արցախցի ընտանիքի բոլոր անդամները պետք է քաղաքացիության համար դիմած և ստացած լինեն։

Խոսելով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի մասին, նա ասել է, որ բնակարանը կգնվի և ի սկզբանե կձևակերպվի տվյալ ընտանիքի օգտին, սակայն 10 տարիների ընթացքում պարտադիր պայման է, որ այդ ընտանիքի անդամները շարունակեն բնակվել Հայաստանում։

Նա կոչ է արել արցախցիներին, որ, քանի որ ՀՀ քաղաքացիության համար դիմելու գործընթացը տևում է մոտ երկու ամիս, առաջիկա շաբաթներն օգտագործել քաղաքացիության դիմումներ ներկայացնելու համար և «սահմանված աջակցության շահառու դառնալու հիմքեր ստեղծելու համար»։

«Այդ ընթացակարգով անցնելու պահանջը վերաբերում է չափահասներին։ Երբ ընտանիքի երկու ծնողներն անցել են ընթացակարգը և ստացել են քաղաքացիություն, նրանց անչափահաս երեխաների համար պարզեցված ընթացակարգ է գործում, որն անհամեմատ ավելի քիչ ժամանակ է պահանջում»,- ասել է նա։

Խաչատրյանը հայտնել է, որ մինչ այժմ արցախցիներից մոտ 2000 դիմումներ են ստացվել, որոնցից 1400-ը արդեն քաղաքացիություն է ստացել։

Փոխվարչապետը խուսափել է պատասխանել 1-2 հոգանոց ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու մասին հարցին։

Նա նաև հիշեցրել է, թե ինչ դեպքերում են արցախցիները զրկվելու բնակարան ձեռք բերելու աջակցությունից։

«Եթե այդ ընթացքում ընտանիքի երկու չափահաս անդամ որոշի, որ տարվա կեսից ավելին բնակվում է Հայաստանից դուրս, ապա դա հիմք կհանդիսանա, որ պետությունը դադարեցնի այն ֆինանսական աջակցությունը, որ ցուցաբերել է տունը գնելու համար»,- ավելացրել է նա՝ նշելով, որ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեն ծրագրի կիրառության կարգը։

Նրա խոսքով՝ բացի սահմանամերձ բնակավայրերից ընտրված են այնպիսի բնակավայրեր, որտեղ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում սոցիալական ենթակառուցվածքներում։ «Շահագրգռված ենք, որ այդ բնակավայրերում ապրող և իրենց ապագան այդ բնակավայրերի հետ կապող մարդկանց քանակն ավելանա»,- ասել է նա։

Խաչատրյանը հայտնել է նաև, որ 16 հազար տեղահանված արցախցիներ ունեն գրանցված աշխատանք և կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու հիփոթեքային ծրագրից:

«Աշխատանք ունեցողները կարող են օգտագործել կառավարության կողմից տվյալ ընտանիքին տրվող 3-ական մլն դրամները, բանկից վերցնել լրացուցիչ հիփոթեքային ֆինանսավորում վարկի տեսքով և գնել իրենց բնակարանը»,- նշել է նա։

Ծանոթացեք Armenia Today-ի կազմած ուղեցույցին՝ «Արցախցիներն ինչպե՞ս կարող են օգտվել բնակարան ձեռք բերելու պետական աջակցությունից»։