Найти тему
Հայաստանն այսօր

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել նախագահի ուղղաթիռի կործանման մասին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել ուղղաթիռի կործանման մասին, որի հետևանքով զոհվել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցները, Գլխավոր շտաբի տվյալներով՝ «փամփուշտների կամ նմանատիպ միջոցների հետքեր չկան կործանված ուղղաթիռի մարմնի վրա»։

Նշվում է, որ նախագահի ուղղաթիռը բռնկվել է բարձրունքին բախվելուց հետո, իսկ կործանված ուղղաթիռի օդաչուն կարողացել է կապ հաստատել ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ։

Գլխավոր շտաբի տվյալներով՝ ուղղաթիռի կործանման վայրը հայտնաբերել է իրանական անօդաչու թռչող սարքը, իսկ ուղղաթիռի որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ մառախուղի, ցուրտ ու դժվարանցանելի տեղանքի պատճառով։

Իրանի հյուսիս-արևմուտքում նախագահին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։

Իրանի նախագահի զոհվելուց հետո, համաձայն ԻՀՀ Սահմանադրության, առաջին փոխնախագահ Մոհամեդ Մոհբերը 50 օր ժամկետով կկատարի նախագահի պարտականությունները։ Իսլամական հանրապետությունում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում