Найти тему

Էլեոնորա Ներսեսյան- Էլչիբեկյանցներ Վերին Ագուլիսից (կամ Էլչիբեգեյանցներ)

Զաքար Էլչիբեկյանց
Զաքար Էլչիբեկյանց

Գևորգ Էլչիբեկյանցը ուներ երեք զավակ` Կարապետ, Զաքար և Վարդուհի։ Ապրում էին Վերին Ագուլիսի կենտրոնական հրապարակում, իսկ տան առաջին հարկում նրանց խանութն էր։ Ընտանիքը զբաղվում էր բամբակի առևտրով, որն արտահանում էին Եվրոպա, Ռուսաստան, Հնդկաստան և այլ երկրներ։

Եղբայրներից Զաքար Էլչիբեկյանցը, հոգնած զանազան թուրք-պարսկական հարձակումներից տեղափոխվում է Երևան և շարունակում զբաղվել նույն գործով։

Կարապետ Էլչիբեկյանցը ամուսնանում է Եղիսաբեթի հետ, ունենում են չորս զավակ` Գարեգին, Խաչատուր, Ալեքսան, Տիգրանուհի (վերջինն իմ տատիկն էր)։

Տիգրանուհի Էլչիբեկյանցը ամուսնանում է Ալեքսան Ներսիսյանցի հետ, իսկ եղբայրը` Ալեքսանը ամուսնանում է Գալինե Զանյանի հետ (իմ սիրելի Կալեն տատիկը)։

Ընտանիքը թուրք, ադրբեջանական, պարսկական ցեղերի հարձակումներից, մարդկային կորուստներից հոգնած ու վրդովված 1916 թվականից սկսած տեղափոխվում են Երևան։ Տիգրանուհու և Ալեքսանի հորեղբայրը` Զաքար Էլչիբեկյանցը երկու մեծ բակ է գնում Նազարովսկայա 30 և 32 (Ամիրյան փողոց.) փողոցից և մեկը նվիրում է Տիգրանուհուն, մյուսը` Ալեքսանին։ Զաքար Գևորգի Էլչիբեկյանցը այս կտակը գրել և հաստատվել է նոտարի կողմից 20-ը հունվարի 1928 թվականին քաղաք Երևանում։

Հետագա Զաքար Էլչիբեկյանցի ճակատագիրը ինձ համար անհայտ է, որ երկրում, ինչ պատահեց ճամփորդությունների ընթացքում, չգիտեմ։

«Ալեքսանի մասին մի անհայտ հուշագրությունում, որը գրի է առնվել 1921-1922 թթ։ Ալեքսանի վերաբերյալ տեղեկացվում է․ «Ալեքսան Էլչիբէգեանցը, որին տանում են սպանեն, շորերն հանում են և փող են պահանջում, որը տալիս է, վեր է գցում գետին, նրանք սկսվում են հավաքել, ինքը փախչում է։ Փախած ժամանակ զալպի են կապում, կպչում է ձեռքին և վայր ընկնում։ Հետո վեր է կենում, նորից փախչում հարևան Մաշադի Նաջաֆ Քազում օղլի խաղ ասողի տունը։ Այնտեղ թաքնվում է մինչև գիշերը ժամը 12-ը։ Այդտեղ էլ թուրքի տանը պատահում է ներքին ագուլիսեցի Գրիգոր Ծատուրյանին և միասին ճանապարհվում են դեպի Ցշնա»։ (Ագուլիսի 1919 թ․ ողբեր­գու­թյուն – եղեռնը, Ա․ Այվազյան, եր․ 2013, էջ 79)։

Տատիկիս եղբոր ` Ալեքսանի կինն էր Գալինե Ջանյանը, որը մի աննման գեղեցկուհի էր, ես նրան փոքր ժամանակվանից ասում էի Կալեն տատիկ և շատ էի սիրում նրա թխած "շաքարի հաց" թխվածքը։

Գալինեի հետ կապված կա տխուր պատմություն։

Գալինեն բարձրահասակ, սիրուն դեմքով և դիմագծերով, սլացիկ գեղեցիկ արտաքինով կին էր։ Նա նույնպես Նախիջևանից էր, նրան նույնիսկ մեծ հասակում հիշում եմ տարատեսակ շլյապաներով։ Ամիրյան փողոցում նրա նմանը չկար։ Ալեքսանը և Գալինեն շատ սիրով ամուսիններ էին։

Գալինեի աղջիկ Մարուսյայի պատմելով Ալեքսանը իր տիկնոջ. Գալինեի, զավակների Մուկուչի և նորածին փոքրիկի հետ Ագուլիսի հերթական կոտորածի ժամանակ հայտնվել են մի վայրում, որտեղ իրականացվել է ցեղասպանություն: Բոլոր հայերին հավաքել են մի բակում: Ալեքսանը թուրքերից մի քանիսին ճանաչել է, մնացած թուրքերը եկել էին այլ տեղերից:

Գալինեն Մուկուչի և փոքրիկի հետ կարողանում է թաքնվել մի թմբի հետևում:

Քիչ անց թուրքերը սկսել են հավաքված հայերի ջարդը:

Գալինեն ականատես է լինում ցեղասպանությանը և հեռվից տեսնում է, թէ ինչպես թուրքերից մեկը դանակով հարվածում է Ալեքսանի մեջքին:

Գալինեն երեխաների հետ փախուստի է դիմում և անցնելով մի քանի սար հայտնվում է Պարսկաստանում:

Գալինեն ճանապարհին կորցնում է իր մանկահասակ երեխային (կասկած ունեմ, որ երեխային սպանել են թուրքերը՛ տատիկի գրկին): Այնուհետև Գալինեն Մուկուչի հետ հայտնվում է պարսկական "American pension of orphans"-ում:

Ալեքսանը վիրավոր ընկած է լինում ցեղասպանվածների դիակների մեջ: Նրան գտնում և փրկում է իր թուրք ընկերը, տանում է իր տունը: Ապաքինվելուց հետո Ալեքսանը ոտքով ճանապարհ է ընկնում դեպի Թիֆլիս՛ հարազատների մոտ: Օրեր անց Թիֆլիսում Ալեքսանը լուր է ստանում, որ Գալինեն և Մուկուչը Պարսկաստանում են: Գալինեին հայտնում են, որ Ալեքսանը ողջ է, նամակ է ուղարկել և գումար (ոսկով): Գալինեն չի հավատում, քանի որ ականատես էր եղել իր ամուսնուն հասցրած դանակի հարվածներին: Սակայն նամակը տեսնելով և կարդալով ճանաչում է Ալեքսանի ձեռագիրը:

Շուտով Գալինեն և Մուկուչը հասնում են Թիֆլիս: Վերջապես ընտանիքը վերամիավորվում է: Ալեքսանի և Գալինեյի թոռնիկը՛ Արթուր Միրզոյանը հիշում է, Գալինե տատիկի պատմածը Թիֆլիսի թատրոն այցելության մասին: Այնուհետև Ալեքսանը որոշում է մեկնել Երևան ընտանիքով և բնակվել Նազարովսկայա 32 (Ամիրյան փողոց) իրենց պատկանող տանը, որն իրենց նվիրել էր Զաքար Էլչիբեկյանցը: Այս պատմությունը պատմել է Ալեքսանի աղջիկ Մարուսյան Արթուր Միրզոյանի կնոջը:

Ալեքսանը մահացել է 1940 թվականին: Մկրտիչը 1941-ին զորակոչվել է բանակ, մասնակցել է Համաշխարհային Երկրորդ Պատերազմին, ծառայել է Ղրիմում, նավաստի է եղել: Գերմանացիների հարձակումից մեկի ժամանակ ռմբակոծել են նավին, որն էլ խորտակվել է: Նա համարվել է անհայտ կորած: Ալեքսանը զբաղվում էր վաճառականությամբ: Իմ հիշելով նրանք մի քանի տարի ապրել են Աստրախանում և նորից վերադարձել Երևան: Ունենում են երկու զավակ՛ Կարոյին և Մարուսյային:

Կարո Էլչիբեկյանը Հայաստանում անվանի էր գինեգործության ասպարեզում: Երևանի գինիների գործարանի գլխավոր մեխանիկն էր: Նրան շատ էին հրավիրում տարբեր քաղաքներ, որտեղ գինու նոր գործարան էին բացելու և անհրաժեշտ էր լավ մասնագետ՛ արտադրությունը կազմակերպելու համար։

Գալինե Ջանյանը ծնվել է Հանդամեջում: Գալինեի հայրը Մկրտիչը առևտուր էր անում Պարսկաստանի, Աստրախանի հետ: Գալինեն շատ էր հպարտանում իր ազգականներով, քեռու տղաներով ...

Խոջամիրյան Յուրի Երվանդովիչով, Խոջամիրյան Գերասիմով և այլն:

Սա ևս մի տխուր պատմություն, Վերին Ագուլիսի` Էլչիբեկյանցների կյանքից։

Էլեոնորա Ներսեսյան

Երևան , 2023 թվական, հոկտեմբեր-նոյեմբեր

Վերջացնելով իմ տխուր պատմությունները ուզում եմ շնորհակալությունս հայտնել ազգականներից Օվսաննա Ստեփանյանին և Արթուր Միրզոյանին: Օվսաննան նկարներ տրամադրեց, իսկ Արթուրը իր տատիկի պատմությունը:

Նաև շնորհակալ եմ իմ տղայից. Արմեն Մուրադյանից, որն տարիներով հավաքել և դասակարգել է նկարները, ստեղծել տոհմերի ցուցակը, զբաղվել իմ ձեռագրով գրած նյութերը տպագրելով և ուղարկելով պարոն Արգամ Այվազյանին:

Անչափ շնորհակալ եմ պարոն Արգամ Այվազյանին, դուք միակն եք, որ տարիների տքնաջան, դժվարին ճանապարհ անցնելով հավաքել եք Նախիջևանի մասին անթիվ տեղեկություններ:

Խոնարհվում եմ ձեր իսկական հայ տեսակի առջև:

Ձեզ մաղթում եմ երկար տարիների բեղմնավոր գործունեություն և անհամբեր սպասում եմ հաջորդ հատորներին: Ողջ լերուք: