Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները Երևանում առաջին պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ հաստատել են 2024-2025թթ. համագործակցության պլանը, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ։
«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը սպառազինության մատակարարման ոլորտում ՀՀ-ի հիմնական գործընկերներ էր անվանել Հնդկաստանին ու Ֆրանսիային։
2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հնդկաստանը և Հայաստանը պայմանագիր էին կնքելհայկական կողմին շուրջ 244 միլիոն դոլարի զենք մատակարարելու մասին, ըստ լրատվամիջոցների՝ պատվերը ներառում էր հնդկական արտադրության Pinaka MLRS-ի երբևէ առաջին արտահանման առաքումը։ 2022թ․ նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է MArG 155 ինքնագնաց հաուբիցներ, ինչպես նաև հաղորդվել էր, որ օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին է մատակարարել 155 մմ տրամաչափի առաջին վեց հրետանային ATAGS համակարգերը։
2023 թվականի հունվարին՝ ըստ հնդկական լրատվամիջոցների, Երևանը կարող է գնել հնդկական արտադրության ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև Հայաստանը և Հնդկաստանը քննարկել էին Հայաստանի կողմից MRSAM և Akash համալիրների ձեռքբերման հարցը։ 2023 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հնդկաստանից, բացի «Աքաշ» միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգից, կգնի Bharat Dynamics ընկերության արտադրած 15 AAD համակարգ։
Նորություններին հետևեք մեր կայքում (https://armeniatoday.news/hy), ինչպես նաև Telegram-ում (https://t.me/armtodayarm) և YouTube-ում (https://www.youtube.com/channel/UCzt73kS8-2XS9q5cLubs3ww)