Պատանեկան տարիներ
1924 թ. ապրիլ ամսին Երևանի Կուլտուրայի տան սրահներում բացված էր <<Հայ կերպարվեստի ընկերության>> երկրորդ ցուցահանդեսը (առաջինը բացվել է 1922 թ. ավելի փոքր քանակի նկարիչների մասնակցությամբ): Ես առաջին անգամ կյանքումս մտնում եմ կերպարվեստի ցուցահանդես, որտեղ հանդիպում եմ ընկերներիս`Մհեր Աբեղյանին, Սեդրակ Ռաշմաճյանին, Արմեն Չիլինգարյանին, Վարդգես Աղաբաբյանին, բոլորն էլ արտասովոր ուրախության մեջ են, բուռն հետաքրքրություն են ցուցաբերում ցուցադրված յուրաքանչյուր գործի, իրենց հիացմունքը արտահայտում են բարձրաձայն:
Առաջին դահլիճը հատկացված է թիֆլիզեցի գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանին, արվեստագետ,որի գործերը ժողովուրդը շատ բարձր է գնահատել: Մենք` տասնհինգ ամյա պատանիներս,դեռ չէինք կարողանում իրական գնահատականը տալ յուրաքանչյուր աշխատանքին, դեռ չունեինք անհրաժեշտ հմտությունը նկարչական արվեստի գաղտնիքները մեր աչքի առաջ բացահայտելու կարողությունը, սակայն ներքին ինչվոր համոզմունք,բնատուր ճաշակը մեզ շատ բան էր թելադրում: Մեզ, օրինակի համար, դուր չեկավ Բաշինջաղյանի բնանկարներից այն մոտիվները, որոնք քաղցրմաղցր գույներով էին նկարված, որոնք արված էին ոչ ստեղծագործական ներշնչանքով, այլ մեշչանական խավին դուր գալու նպատակով:Նրա կտավների արշալույսները ու նամանավանդ վերջալույսները շատ էին մեղկ ու պարզունակ, չունեին քնարական այն շունչը,որը մեզ կարողանար հուզել, լիցքավորել որոշ տրամադրությամբ:
Սրահի դիմացի մեծ պատին կախված էր նկարչի վերջին ստեղծագործությունը` <<Գրող Լև Տոլստոյը անտառի պուրակում նստած>>: Եթե վրձնի մի լայն հարվածով գրողի ֆիգուրան վերցվեր կտավի կենտրոնից,ապա ոչինչ չէր փոխվի,դեռ ավելի ամբողջական կհնչեր: Նկարիչը պարզապես խցկել էր ֆիգուրան ծառերի արանքում, չստեղծելով և ոչ մի փոխադարձ կապ կոմպոզիցիայի և գույների միջև: Մեր այդ դիտողությանը համաձայնություն տվեց նկարիչ Սեդրակ Առաքելյանը, որը և հանձն առավ առաջնորդել մեզ և բացատրություններ տալ:
Հաջորդ սրահը բաժանված էր Մարտիրոս Սարյանի և Սեդրակ Առաքելյանի գործերի միջև, ըստ որում `մուտքի աջ մասում առաջինի գործերն էին ցուցադրված: Բաշինջաղյանի պատկերներից հետո այս նկարիչների կտավները մեզ շլացրին իրենց գունագեղությամբ,մեծ տեմպերամենտով վրձինված կերպավորումներով: Ամենից առաջ մեզ դուր եկան պատկերների մոտիվների և գույների հարազատությունը,որ իրոք մեր հայրենիքի բնության ամբողջական, հարազատ պատկերներն էին ներկայացնում:
Մ. Սարյանի նատյուրմորտները անչափ ճոխ էին, մաքուր` հակադիր գույներով վրձինված, երբեք չկրկնելով մեկը մյուսին, նա յուրօրինակ ձևով կարողացել էր պատկերել արևելքի բերքառատ այգիների հյութեղ մրգերը: Անսովոր էին խորհրդավոր նրա <<Եգիպտական դիմակները>>, <<Գիշերը Եգիպտոսում>>, <<Ուղտերը>>, <<Աշտարակում>>, <<Արագած>>, <<Նատյուրմորտ>>, <<Դիմակով կինը>>:
Ոչ այնքան դեկորատիվ մեկնաբանմամբ, այլ ավելի քնարական ներշնչանքով, նրբին գույների ներդաշնակությամբ էին շարահյուսված Սեդրակ Առաքելյանի ոչ մեծադիր կտավները: Սակայն ազգային ոգու առկայությունը առկա էր նրա բոլոր ստեղծագործություններում: Շատ լավ հիշում եմ նրա Սևանի սքանչելի բնանկարները <<Ուխտավորները>>, <<Գիշերը Սևանում>>, <<Գարուն-Արագիլները>>և այլ գործեր: Մենք շնորհավորեցինք Մարտիրոս Սերգեևիչին և Սեդրակ Առաքելյանին իրենց փայլուն ստեղծագործությունների համար և անցանք մյուս սրահները:
Այստեղ մենք ծանոթացանք Եղիշե Թադևոսյանի հետ,որը ցուցադրել էր արտասահմանում կատարած իր ուղևորությունների ընթացքում նկարած բազմաթիվ էտյուդները և մի մեծ կտավ` հրեշտակներով, որը չեմ հիշում,թե ինչպես էր կոչվում:
Վահրամ Գայֆեճյանը նոր էր վերադարձել Մոսկվայից և ցուցադրել էր սքանչելի իմպրեսիոնիստական փոքր չափի էտյուդներ:
Մեր ուսուցիչ` Ստեփան Աղաջանյանի դիմանկարները հոյակապ էին, <<հոր>> և<<մոր>> դիմանկարները դասական մեծ վարպետները հիշեցնող գործեր էին` թե տիպաժով, թե մշակմամբ և թե գույնով այդ դիմանկարները մնում են և կմնան հայ կերպարվեստի պատմության մեջ որպես ռեալիստական ստեղծագործական մեթոդի լավագույն նմուշներ, որպես մեծ վարպետի գլուխգործոցներ:
Դահլիճի մի անկյունում իր համեստ կտավներն էր ցուցադրել Վրթանես Ախիկյանը:Գունեղ նատյուրմորտները անչափ նրբությամբ էին կատարված: Առանձնապես մեզ դուր եկան<<Կողովը դեղձերով>> կարպետի ֆոնի վրա:
Մի ամբողջ դահլիճ էր զբաղեցրել Պենզայից նոր վերադարձած գեղանկարիչ Գաբրիել Գյուրջյանը, մոտ60 բնանկարներ`կատարված Պենզայում, Արդվինում, Կիրովականում և Երևանում: Երբ մենք խոսում էինք նրա հետ նա շատ բարյացակամ և մանրամասն խոսեց իր արվեստի սկզբունքների մասին, բնանկարի առավել հաջող օրինակներով և իր հայացքները հայրենի բնության հանդեպ, և իսկույն երևաց նրա զարմանալի աշխատասիրությունը, պարզությունը և համեստությունը: Հետագա տասնամյակներում ես շատ մտերմացա Գաբրիել Միխաելովիչի հետ, սիրեցի նրա արվեստը և մի շարք հոդվածներով դրվատեցի նրա ստեղծագործական արտադրանքը: Գրեցի նաև մի ընդարձակ մենագրություն, որի էջերում ես առիթ կունենամ ավելի մանրամասնխոսել Գաբրիել Գյուրջյանի մասին:
Մեր առաջին դասատուն և Հայաստանի առաջին նկարչուհին` Անուշ Սագինյանը, ցուցադրեց մի շարք դիմանկարներ: Սեդրակ Առաքելյանը մոտեցավ մեզ և զգուշացրեց ,որ չտարվել նկարչուհու քաղցրմեղցր գույներով և լուսանկարչական մոտեցմամբ: Իրապես մի քանի դիմանկարներ`որոնց բնորդներին ես ճանաչում էի, շատ նման էին,օրինակի համար …… դիմանկարը, սակայն դժբախտաբար անարվեստ էին,չկար այն հուզականը, որը պետք է ունենա գեղարվեստական երգը: Լավն էին նրա փոքր բնանկարները<<Հայաստանը>>:
Քանդակագործներից հոյակապ էր Հակոբ Գյուրջյանը իր մի շարք դիմաքանդակներով: Ընդհանրապես, ցուցահանդեսը վառ անհատականությունների մի հավաքածու էր, որը վկայում էր այն մասին, որ չնայած Հայաստանում ամեն ինչ ավերված էր, սովի մատնված մի բուռ ժողովրդի մեջ չէր մարել գեղեցիկին ձգտելու բուռն տենչանքը, որ բավական եղավ մի երկու խաղաղ տարիներ, և ահա սկսեցին ծիլ արձակել այստեղ ու այնտեղ նետված տաղանդավոր հայորդիների բուռն ձգտումները` լավի, բարու,առաքինության իենց իդեալները: Պետք էր այդ տարիներին տեսնել, թե ինչ վատ վիճակում էին ապրում մեր արվեստագետները, չունեին ոչ բնակարան, ոչ արվեստանոց և ոչ էլ կանոնավոր աշխատավարձ,և չնայած դրան նրանք աշխատում էին, ստեղծագործում մեծ ոգևորությամբ: Այսպես, օրինակ, Ստեփան Աղաջանյանը ապրում էր Կոնդի բարձունքում գտնվող մի հողե փոքր տնակում, որի հատակը նույնպես հող էր: Ես բազմիցս եղել եմ նրա մոտ, խոսել հետը, դիտել դիմանկարները: Ապրում էր նա միայնակ, կինը սովորում էր Մոսկվայի բժշկական ինստիտուտներից մեկում և վերադարձավ միայն երեսնական թվականների կեսերին: Զարմանալի պարզամիտ մարդ էր, թյուրահավատ, կարող էր հավատ ընծայել ամեն մի ստախոսի: Երգում էր արիաներ եվրոպական հանրածանոթ օպերաներից, պատմում էր երիտասարդական տարիների մասին`որը անց է կացրել Փարիզում և Մարսելում: Զարգացած մարդ չեր, քիչ էր կարդացել և ուսումնասիրել արվեստի պատմությունը:
Սեդրակ Առաքելյանը լավ զրուցակից էր, շարունակ ….. գեղեցիկ կանանց մոտ և հաճելի պատմություններ պատմում:
Դասերի ժամանակ խիստ էր, իր ցուցմունքները նա անում էր համառոտ և ազդու շեշտելով` գլխավորապես երկու մատների միջոցով: Շատ ուշ ամուսնացավ, չուներ բնակարան և արվեստանոց, մեծ մասամբ աշխատում էր պլեներում, էտյուդներ կատարում գլխավորապես Զանգվի ձորում, կոնդում և ……. այգիներում: Վրձնի ազատ ու պլաստիկ շարժումով նա գույները ծեփում էր համարձակ կտավի վրա: Բազմիցս միասին գնացել էինք էտյուդի Զանգվի ձորի ջրաղացների մոտ, շարունակ հիացել եմ նրա էտյուդների գեղեցկությամբ, կոլորիտի ամբողջականությամբ, ճաշակի նրբությամբ: Աշխատելիս շարունակ ծխում էր և վերջում նրա նստած տեղում գոյանում էր գլանակների մնացորդների մի զգալի կույտ: Երկրորդ կուրսում նա մի օր ինձ կանչեց ուսուցչանոց և դպրոցի դիրեկտորի անունից մի կոմպլեկտ յուղաներկ նվիրեց` որպես ուշիմ առաջադեմ ուսանողի: Առաջին անգամ էի յուղաներկ ունենում, շատ էի ուրախացել և ինձ արդեն նկարիչ էի համարում: Մեր կուրսում մի արևելյան տիպի նատյուրմորտ դրեց և ես սկսեցի անվերջ վրձինը սահեցնել կտավի վրա: Ըստ երևույթին սպիտակը շատ էի սկսել գործածել, Առաքելյանը նստեց մոտս և վրձինը թաթախելով մաքուր պայծառ գույների մեջ սկսեց ծեփել այն կտավի վրա` ցույց տալու համար աշխատելու ձևը: Այսպես սկսեցի իմ յուղանկարչական գործունեությունը հայ մեծ նկարիչների մեծ և անմիջական ղեկավարությամբ:
Մեր կուրսի պատանիները բոլորն էլ շնորհալի էին, հետագայում նրարք բոլորն էլ անվանի նկարիչներ եղան և մեծ գործունեություն ծավալեցին սովետահայ գունանկարչության կազմակերպման և զարգացման ասպարեզում: Մեհեր Աբելյան, Սեդրակ Ռաշմաճյան, Արմեն Չիլինգարյան, Բաբկեն Քալաջյան , Վարդգես Աղաբաբյան` ահա նրանց անունները, հետագայում, արդեն վերջին կուրսերում Լենինականից մեզ մոտ եկան սովորելու Մարիամ և Երանուհի Ասլամազյանները: Բոլորի հետ էլ շատ եմ ընկերություն արել, մոտիկ եմ եղել և հարկ է ասել, բազմաթիվ էպիզոդներ կարող եմ պատմել նրարց կյանքից:
Մենք միջնակարգ դպրոցում սովորում էինք մինչև կեսօր, այնուհետև վերադառնում տուն, ճաշում, հանգստանում և գնում կերպարվեստի ուսումնարան` նկարչություն անելու: Երկու դպրոցների սան լինելը հեշտ բան չէր, սակայն մեծ ուրախությամբ ու պատրաստակամությամբ էինք հանձն առել տանելու այդ ծանր բեռը: Մենք գիտակցում էինք, որ մեր վրա հայ ժողովուրգը մեծ առաքելություն է դնելու ապագայում և որ մենք այն պատվով պիտի կատարենք:
Իմ ընկերներից շատերը և ես հետաքրքրվում էինք ոչ միայն արվեստով ու գրականությամբ, այլև ֆիզիկայով, քիմիայով, պատմությամբ, հոգեբանությամբ: Հիշում եմ, որ մեզ քիմիայի պրոֆեսոր` արժանահիշատակ Բեջանյանը, իմ առաջադիմությունը այդ բնագավառում տեսնելով, ապագա մեծ քիմիկոս էր անվանում ինձ, մի երեկո նա իմ բենեֆիսը հայտարարեց` փայլուն ձևով խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, երկու խոսք մեր միջնակարգ դպրոցի ուսուցիչների մասին:
Բեջանյանը մեր վաղուցվա դասատուն է եղել, դեռ Ամերիկյան քոլեջում նա արդեն ճանաչում էր մեր դասարանի սաներին: Շատ զարգացած մարդ էր և հմուտ մանկավարժ, նրա ղեկավարությամբ մենք մի շարք թատերական ներկայացումներ և գեղարվեստական երեկոներ կազմակերպեցինք աշակերտության համար: Նա նեղ մասնագիտությամբ զբաղվող դասատու չէր, ոչ , այլ դասերը վերածում էր լայնածավալ նյութերի շուրջը տարվող դասախոսությունների: Քիմիայի հետ կապում էր կենսաբանությունը, բնության իմացությունը, կյանքի ծագման պրոբլեմները և այլն: Որպես մարդ էլ նա բացառիկ շնորհաշուք էր, բարի,ազնիվ, նվիրված իր գործին: Տեսքով նա իսկապես պրոֆեսորի գլուխ ուներ, խոսելու բացառիկ կարողություն և իմացություն: Հետագայում նա տեղափոխվեց Լենինգրադ և այլևս տեղեկություններ չեմ ունեցել նրա մասին, երբ և որտեղ հանգրվանեց վսեմաշուք մարդը չգիտեմ, հանգիստ նրա ոսկորներին:
Պատմության ուսուցիչը` Կարապետ Մելիք Օհանջահյանը, նույնպես բացառիկ կարողությունների տեր անձնավորություն էր և մանկավարժ: Հետագայում նա ընտրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Պատմության դասերը Կարապետ Մելիք Օհանջանյանը դարձնում էր լայն աշխարհընկալման և իմաստավորման առարկաների ավանդումն: Բնագրից կարդում էր հունական հին պատմություններ`Հերոդոտ, Քոսեֆոն և թարգմանում էր, բացատրություններ տալիս հին Հայաստանի կյանքի մասին: Հունաստանի դիցաբանությունից (երբ Հոմերոս էինք անցնում) նա դարձյալ կարդում էր ու բացատրում ….. և Ոդիսականի իմաստալից բովանդակությունը:
Մեր դասարանի ուժերով ևս բեմադրեց <<Պրոմեթեոս>> դասական ողբերգությունը` պետական թատրոնում, որը մեծ հաջողություն ունեցավ:
Կարապետ Մելիք Օհանջանյանը բացառիկ անձնավորություն էր, նա անունով գիտեր բոլոր աշակերտներին և նրանց ընդունակության չափը: Նրա ամենասիրելի աշակերտներից մեկն էի, որովհետև պատմության դեպքերը, իրադարձությունները ևս վերլուծում էի գիտակ ձևով, ըստ էության բացատրություններ տալով: Դասարանում ինձ անվանում էին <<ըստ էության փիլիսոփա>>, որովհետև բոլոր դասերին ես ելույթներ էի ունենում և պարզաբանում շատ ու շատ հետաքրքիր անցուդարձեր: Նա նկատում էր, որ ես ոչ թե անգիր եմ անում դասը,այլ խորը ըմբռնում պատմական մեծ անցուդարձերը և մեկնաբանում նրանց մարքսիստորեն: Այո,մարքսիստորեն, որովհետև ես կարդացել էի Մարքսին ու Էնգելսին, Լենինին ու Կաուցկուն: Հիմա ես ինքս զարմանում եմ, թե ինչպես էի կարողանում ժամանակ գտնել ընթերցելու ….. այդ մեծ դեմքերին, այո, զարմանալի էր, սակայն փաստ էր: Կարապետ Մելիք Օհանջանյանը սպասում էր, որ ես կդառնամ խոշոր պատմաբան, սակայն նրա երազանքները չարդարացան, որովհետև նկարչությունը տիրող ձգումը դարձավ կյանքումս:
Այդ լավ մարդը, խոշոր գիտնական հայագետը, հետագա տարիներին աքսորվեց Սիբիրի խորքերը, ինչպես նաև շատ անմեղ մարդկանց հետ նա քսան տարի տառապեց մինչև որ տարիներ անց կարողացավ վերադառնալ Երևան: Ընկերներով շատ անգամ եղել ենք նրանց տանը, ժամերով խոսել բազմաթիվ հետաքրքիր նյութերի շուրջը:
Մեր հոգեբանության դասատուն Տիգրան Ռաշմաճյանն էր` մեր միջնակարգ դպրոցի դիրեկտորը, իմ լավ դասընկերոջ հայրը: Երբ գրում եմ այս տողերը նրա մասին նրա կարծես կենդանի գծագրվում է իմ աչքիս առաջ` կարծես թե երեկ եմ տեսել նրան, այլ ոչ թե վաթսուն տարի առաջ:
Կարճահասակ մարդ էր, մեծ բեղերով ու միրուքով, խոսում էր քթի տակ, միատոն, հանդարտ: Անչափ լավ մանկավարժ էր, գիտնական, ազնիվ մարդ ու բարի անձնավորություն: Զարմանալի բան, ես ներկա ժամանակներում այլևս չեմ տեսնում այդպիսի մարդիկ, հիմա մարդիկ քիչ են վստահություն ներշնչում, չունեն հոգու մաքրություն և վեհություն:
Հոգեբանության դասերին ես նույնպես առաջադեմ էի, մի քանի անգամ նա ինձ հանձնարարել է օգնել հետ մնացող աշակերտներին: Ինչպես վերևում նշել եմ, ես ինձ համարում էի ավելի շատ գրականագետ ու արվեստագետ, այդ իսկ պատճառով առանձնապես մեծ նվիրվածություն էի հայտնաբերում այդ առարկային: Պատմությունը, հոգեբանությունը, քիմիան սիրում էի, հետաքրքրվում, սակայն ես ինձ պատրաստում էի գրական ասպարեզի համար, այդ էր իմ պատանեկական ծրագիրը: Քնարերգությունը ինձ շատ էր գրավում, ես իմ ողջ էությամբ շնչում էի նրանով, նրանով ապրում: Գրեցի մի ռեֆերատ` <<Պետրոս Դուրյան>> և կարդացի մի ողջ դասի ընթացքում, Սարգիս Մանուկյանը `մեր գրականության դասատուն, հիացական խոսքեր ասեց և շատ դրվատեց իմ այդ փոքրիկ առաջին ինքնուրույն ուսումնասիրությունը: 18 տարեկան էի, Պետրոս Դուրյանի հոգեզմայլ բանաստեղծությունները ինձ շատ էին հուզել, շատ էին դուր գալիս: Այդ տարիքում անչափ ներդաշնակություն կա պատանու ապրածի և զգացածի միջև: Ի ծնե ռոմանտիկ խառնվածք ունենալով ես ներքուստ լավ էի ընկալում դժբախտ պատանու բոլոր զգացածը և կարողացել էի գտնել խոսքեր, արտահայտություններ այն վերարտադրելու գեղեցիկ շարադրությամբ: Երբ կարդում էի ռեֆերատը իմ ձայնս, որ միշտ եղել է հնչեղ, կերկերում էր, իսկ տեղ-տեղ լացակումաց տոն ընդունում, դասարանը զգում էր իմ հուզմունքը և լուռ ունկնդրում ինձ: Դասերից հետո ինձ շրջապատեցին դասընկերներս և շատ խրախուսական խոսքեր շռայլեցին իմ գրած ռեֆերատի վերաբերյալ:
Երկրորդ ռեֆերատս` <<Վերածննդյան դարը Իտալիայում>> կարդացի պատմության դասին և նույնպես արժանացա գովեստների: Այստեղ արդեն իմ մեջ խոսել էր նկարիչը, ես վերածննդյան դարի ընդհանուր ֆոնի վրա ուսումնասիրել էի մեծ նկարիչներին` Լեոնարդո-Դավինչիին, Միքել Անջելոյին, Ռաֆայելին, կանգ առել նրանց գլուխգործոցների վրա: Շարադրելու իմ ունակությունը դեռ վաղ էր իմ մեջ արթնացել, ես գրում էի պաթոսով, մտքերս արտահայտում պարզ ու արտահայտիչ նախադասություններով: Այդ ռեֆերատը Կարապետ Մելիք Օհանջանյանը վերցրեց իր մոտ, որպես լավագույն օրինակ աշակերտի մտահղացումների:
Ես մոռացա վերևում հիշատակել մեր դասատուներից Սահակ Թորոսյանի անունը, նա մեզ 9-րդ դասարանում հայոց լեզու և տաղաչափություն էր դասավանդում: Այդ մարդը նույնպես բացառիկ անձնավորություն էր` թե որպես մարդ, և թե որպես մանկավավարժ: Ինքը եղել է կուլտուրայի գործերով նախարար` դաշնակցական կառավարության շրջանում, ես ծանոթ չեմ նրա քաղաքական համոզմունքներին,որովհետև նա շատ զուսպ, կորեկտ մարդ էր և քաղաքականության մասին երբեք չէր սիրում արտահայտվել: Թորոսյանը մի անգամ պատվիրել էր շարադրություն գրել գարնան մասին: Մենք գրեցինք տանը և բերեցինք հանձնեցինք նրան: Մյուս դասին նա բերեց տետրակները և ընտրելով դրանց մեջից մեկը` սկսեց դրվատել այն և բարձրաձայն կարդալ գարնան նկարագրությունը: Այդ իմ տետրն էր, իմ գրածը: Նա ավարտել էր Գևորգյան ճեմարանը և լավ գրականագետ էր համարվում, ուներ նաև գրած մի քանի վեպեր, որոնք սակայն կյանք չունեցան: Նրանից սովորոցինք մենք տաղաչափություն և սկսեցինք այն գործադրել մեր գրած բանաստեղծությունների մեջ:
Մեր դասատուներից ես կուզեի հիշատակել նաև …..` մի չափազանց համակրելի անձնավորություն, որը մեզ դասավանդում էր քաղաքատնտեսություն: Այս մարդը հրապուրիչ էր ամեն կողմով, շատ զարգացած, հմուտ ռուսոց լեզվի և գրականության ասպարեզներում: Իր քաղաքավարությամբ, վարվեցողությամբ նա խորը հարգանք էր առաջացրել աշակերտության մեջ: Իր ազնվության, շիտակության համար նա շատ զրկանքներ կրեց կյանքում, ապրեց համեստ, առանց աղմուկի, միշտ գլուխը բարձր, որպես իսկական մարդ:
Ու այդ բոլոր անձնավորությունները դարձան կյանքում իմ ուղեցույցները, միշտ և ամենուրեք ես շարունակ հիշել եմ նրանց, նմանվել ամեն ինչով` թե գիտությամբ և թե վարվեցողությամբ: Միշտ բարի ու ազնիվ, պատրաստակամ օգնելու բոլորին, ով կարիքի մեջ է, հուսահատ է, ով որ տառապում է կյանքի անհաջողություններից, չի կարողանում գործել ինքը իրեն: Կյանքի ….. անչափ հեշտ է կորչելը, մոլորվելը, պետք է, որ ունենաս կայուն համոզմունքներ, վստահ լինես ինքդ քո վրա, քո կամային ուժով …. ալեծուփ ծովում:
Մի շիլ աչքերով տնտես ունեինք նկարչական ուսումնարանում` Վասիլ բիձան, որը բացի տնտես լինելուց էր նաև բնորդ, միաժամանակ ազատ ժամերին մտրակ էր հյուսում աղիքներից, որոնք վաճառում էր կառապաններին, հովիվներին: Տնտեսի կինը` տիկին Սիրանուշը, մի հաղթանդամ կին էր, յոթը աղջիկների մայր: Նրանք բնակվում էին նույն շենքում, մեր դպրոցի պատշգամբի շարունակության վրա: Սիրանուշին միշտ կարելի էր տեսնել պատշգամբում մեկ կամ երկու երեխա գրկած, շրջապատված էլի մի քանի մանր-մանր աղջիկներով, որոնք բոլորն էլ օրն ի բուն ծամում էին: Վասիլ բիձան դարձել էր մեր օյինների, կատակների, սրախոսումների առարկան: խեղճ մարդը գանգատվում էր վարիչին, սպառնում էր մտրակներով, սակայն կատակները չէին դադարում: Առանձնապես իրենց օյիններով աչքի էին ընկնում Սաքոն ու Զավենը, որոնք հնարում էին ամեն օր մի սրամտություն և անվերջանալի ծիծաղի առիթ տալիս:
Վասիլ բիձան երկաթյա լար էր կապել պատշգամբի երկայնքով մեկ և գիշերները իրենց շունը շղթայով կապում էր այդ լարին, շունը ազատ վազում էր պատշգամբով մեկ և պահակություն կատարում: Սաքոն ու Զավենը իրենց կուրսի սպիրտ Մանուկին (մականունը դրել էին այն բանի համար, որ հիշյալ ուսանողը սիրում էր կոնծել) բռնում և կապում այն շղթային, խեղճ տղան ամբողջ գիշերը վնգստալով վազում է պատշգամբով մեկ և օգնություն աղերսում:
Սպիրտ Մանուկը կամ ուստա Մանուկը ծիծաղաշարժ դեմք ուներ, երկար քիթը, ժպտուն աչքերը, նեղ ճակատը շարունակ ուշադրություն էին հրավիրում իրենց վրա: Հետագայում առիթ պիտի ունենամ բազմիցս անդրադառնալու նրա անձնավորությանը: Վասիլ բիձային նկարիչ Աղաջանյանը նկարել էր բազմաթիվ սեանսների ընթացքում, կարծեմ 60: Նա տարավ մեզ և ցույց տվեց իր հողե տնակում, հոյակապ էր, Վասիլ բիձան գինու բաժակը ձեռքին, խմողի ողջ հոգեբանությամբ լի, կենդանի ու ռեալ կերպավորված էր, դասական նկարիչների նմանողությամբ, սակայն ազգային մեկնաբանությամբ: Այս գործը արհեստավոր դասի տիպական ներկայացուցչի կերպար էր ներկայացնում, մի ուրույն հոգեբանություն, աշխարհայացքի տեր մարդու, որի ողջ էությունը բաժակի պարունակության մեջ է ամփոփված: Իհարկե Աղաջանյանը դրանով մի նոր հայտնագործություն, նոր խոսք չէր գալիս ասելու կերպարվեստի բնագավառում, սակայն մեկնաբանության ստույկությունը և կատարման վարպետությունը ինքնին մի ներդրում էր հայ գունանկարչության բնագավառում:
Քսանական թվականներին դեռևս հնարավոր էր բացահայտել արհեստավոր խավի անձնավորության ինքնությունը` դասական նկարչության պրիոմներով: Այդ իսկ պատճառով այն ժամանակներում նա ընդունվեց գոհունակությամբ: Սակայն հետագայում` երեսնական թվականներին, արդեն հայացքները փոխված էին, մի նոր տեսանկյունով էին ցանկանում դիտել արվեստի գործերը, մեկնաբանում էին նոր հնարքներով: Այդ իսկ պատճառով, երեսնական թվականներին Աղաջանյանը այլևս դադարեց ստեղծագործական նախկին ուղիով գնալ, նա զգաց, որ ժամանակի շունչը ստեղծագործական այլ հնարներ է պահանջում, իսկ նա սպառել էր իրեն ամբողջապես և չէր կարող կերպարանափոխվել:
<<Վասիլ բիձան>> գնաց, որպես մեծ նկարչի կարապի երգը, դրանով նա փոխեց իր դիմանկարների պատկերասրահը, որը բեղմնավոր էր եղել քսանական թվականներին, հիշենք <<Կոնդի Սեդրակ բիձան>>, <<Ապարանցի գուլպա գործող կին>>, <<Էմին Տեր- Գրիգորյան>>, <<Սպիրիդոն Մելիքյան>>,<<Կնոջ դիմանկարը շնիկով>> և այլ գործեր:
Իհարկե, նա մեծ ազդեցություն գործեց մեր սերնդի նկարիչների վրա, տասնյակ տարիներ աշխատեցին արվեստագետներ,հիմք ունենալով նրա ստեղծագործական մեթոդը: Հիշենք դեռ ներկայումս այդ ձևով աշխատող նկարիչների` Եփրեմ Սավոյանին, Մարկոս Արզումանյանին, Դեղձանիկ Մխիթարյանին, Ժենյա Հարությունյանին և շատ ուրիշների:
Մեր կուրսի տղաները խնդրեցին Աղաջանյանին նստել` իր դիմանկարը նկարելու համար, համաձայնվեց, մոտ մի շաբաթ նա նստեց,համբերությամբ հենված ձեռքին, սակայն երբեմն քունը տանում էր, և նա իր ալեհեր գլուխը թեքում էր կրծքին: Հոյակապ գլուխ ուներ, արծվային հայացք, ինչ-վոր կերպար էր հիշեցնում, որը սակայն մեզանից և ոչ մեկին չհաջողվեց կերպավորել կտավի վրա: Շատ էինք երիտասարդ, չունեինք փորձ գույնով պատկերելու մարդու վեհությունը, ավելի շատ նմանողության վրա էինք կենտրոնացնում մեր ուշադրությունը:
Մարտիրոս Սարյանը նույնպես նկարել է նրա դիմանկարը այդ տարիներին, որը դարձյալ կերպարային չէ:
Վահրամ Գալֆեճյանը, Աղաջանյանի հիվանդ լինելու պատճառով, հանձն առավ մի նատյուրմորտ դնել դասարանում, որը կազմված էր մրգերից` սերկևիլ, նուռ, դեղձ և այլն: Ընդհանրապես քիչ էինք նկարում նատյուրմորտ և ահա պարզվեց, որ այն նկարելը նույնպես դժվար է, ինչպես դիմանկարը: Մենք շատ գույներ ծեփեցինք, շատ չարչարվեցինք, ոչինչ չստացվեց, զայրացած մրգերի չերևացող կողմերը կրծեցինք, լոզոտեցինք ու կրկին իրենց տեղերը դրեցինք: Գաֆեճյանը ոչինչ չնկատեց, ոգևորված մենք կրծեցինք սերկևիլների և դեղձերի կեսը և սակավացրինք նրանց թիվը, այս փոփոխությունը այնքան ակնառու էր, որ Գաֆեճյանը գլխի ընկնելով եղածը, շատ զարմացավ մեր ինքնուրույնության վրա և հետո էլ զայրացավ ու թողեց գնաց: Աղաջանյանը իր կյանքում նատյուրմորտ բոլորովին չէր նկարել և չէր էլ սիրում գեղանկարչության այդ ժանրը, այնպես որ երբ իմացավ տեղի ունեցող իրադարձության մասին` ծիծաղեց և գովեց մեր վերաբերմունքը հյութեղ մրգերի հանդեպ:
Բայց նա խիստ էր մարդու ֆիգուրաների համաչափությունների խախտման բոլոր տեսակի փորձերի դեմ: Երբ մենք առաջին անգամ մերկ կնոջ ֆիգուրա էինք նկարում ` դարձյալ նույն կուրսում, նա ուշադիր հետևում էր ֆիգուրայի կառուցմանը, համաչափությունների պահպանմանը և գույների բնականին մոտ լինելուն: Ակադեմիական այդ մեթոդը նվազեցնում էր երևակայության սահմանները, հնարավորություններ չէր ստեղծում դիմել մեծ ընդհանրացումների, պայմանականությունների և այլն:
Դեռ վաղ էր, իհարկե, մտածելու ունենալ իր սեփական գեղանկարչական լեզուն, իր գրելաձևը, անհատականության մտածելակերպը, սակայն անհրաժեշտ էր խթանել յուրաքանչյուրին, որևէ կերպ արտահայտվող ինքնությունը, մի բան, որ չէր արվում այդ տարիներին: Տաղանդավոր նկարիչ լինելով` Աղաջանյանը չուներ մանկավարժության լավագույն հատկանիշներ ու մենք ազատ հասկացողություններ ունեինք գույնի, լույսի, կոմպոզիցիայի մասին, մենք սովորում էինք միայն գրագետ լինելու չափ, իսկ էմոցիոնալ կողմը բոլորովին աչքաթող էր արված: Հետագայում արդեն ստեղծագործական տարիներին մենք շատ խորը զգացինք դաստիարակության այդ պակասը և հարկ եղավ վերափոխվել, աշխատել, որոնել և այդպիսով ժամանակի մեծ կորուստ ունենալ:
Սեդրակ Առաքելյանը ավելի գույների էմոցիոնալ արտահայտչական հնարավորությունների վրա էր ուշադրություն դարձնում, սակայն գունանկարչության դասերը մենք նրանից սակավ ժամեր առանք: 1926 թվի հունվարի սկզբին տեղի ունեցավ Մյասնիկյանի անվան դպրոցի ավարտական դասարանների հանդիսավոր ցերեկույթը: Իր բացման ելույթում դպրոցի դիրեկտոր` Տիգրան Ռաշմաճյանը խոսեց ավարտող աշակերտների կատարելիք մեծ աշխատանքի մասին: Խոսեցին նաև մեր դասատուներից մի քանիսը, ապա նաև աշակերտներից, որոնց թվում նաև ես:
Ես հիմա չեմ հիշում, թե ինչ ասացի, սակայն հուզված խոսեցի և մինչև ականջներիս ծայրերը կարմրել էի, ես որսացի Կարապետ Մելիք Օհանջանյանի խրախուսող հայացքը և ավերի վստահ շարունակեցի իմ ելույթը: 19-ինը տարեկան էի, գեղեցիկ, բարակիրան, զարգացած առավել բոլոր աշակերտներից, բայց ամաչկոտ էի և չգիտեի գնահատել իմ կարողություններս:
Մեր դասարանի աշակերտությունը դասատուների հետ միասին, լուսանկարվեցինք դպրոցի բակում, հիմա այդ լուսնկարը պահպանված է: Բայց ավաղ, սաներից իննը հոգի արդեն կենդանի չեն, իսկ դասատուներից և ոչ մեկը չկա:
Այսպես մենք ավարտեցինք միջնակարգ կրթությունը, որը լի էր դեպքերով, իրադարձություններով,որոնք և անջնջելի հետք թողեցին մեր հիշողության մեջ:
Այդ տարիների իմ հիշողությունների մեջ առանձնակի տեղ են գրավում հին Երևանը և մեր հին տունը:
Երբ մենք 1915 թվականին, գաղթից հետո այդ տանը բնակվեցինք, չեինք կարծում, որ մի սենյականոց բնակարանում ապրելու էինք ամբողջ հիսուն հինգ տարի` իմ անբողջ մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը: Երևանյան այդ տունը շատ նման էր քաղաքի բազմաթիվ հողաշեն տանիքներով տների: Առաջներում միայն մեկ ընտանիքի սպասարկող այդ շենքում սկսեցին ապրել տասը ընտանիքներ` գլխավորապես գաղթականներ Վանից:
Քանի որ բակը, ջուրը, զուգարանը ընդանուր էին, ապա ամեն օր, ամեն ժամ հարևանները հանդիպում էին միմյանց, քննարկում նորություններ, բամբասում մյուս հարևանների կենցաղի բարքերը:
Այնպիսի տիպեր կային, որ ուղղակի ծաղրական վիպակների նյութ կարող էին դառնալ: Ամուսինները ծեծկրտվում էին, թատերական խոսքերով իրար հրապարակային անպատվում: Ես շատ եմ նկարել այդ տիպաժներին, իհարկե ծաղրանկարի ձևով:
Գեղարվեստական ուսումնարանի վերջին` հինգերորդ կուրսը անցանք լրիվ ծանրաբեռնվածությամբ, այսինքն պարապում էինք առավոտյան և երեկոյան ժամերին: Կարելի է ասել, որ հենց այդ ուսումնական տարում էլ մենք ամենից շատ բան սովորեցինք:
Վանեցի Օհաննես Թորոսյանից, որը մեզանից մի քանի տարի մեծ էր, մենք որոշ բաներ լսեցինք տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին: Ընդհանրապես այդ տարիներին մենք շատ դեռահաս էինք և սիրո մասին ոչ մի գաղափար չունեինք: Աղջիկների հետ վարվում էինք որպես մոտիկ ընկերների: Իսկ Օհանյանը փորձված էր և գիտեր գնահատել կանանց բարեմասնությունները սեփական տեսանկյունից դիտելով: Ուսումնարանը ավարտելուց հետո նա գնաց Լենինգրադ և այնտեղ 45 տարի ապրելուց հետո մահացավ` ժառանգ չթողնելով: Նրա եղբայրն էր` Պետիկ Թորոսյանը, որին 1936 թ. Աղասի Խանջյանի խմբի հետ ձերբակալեցին սուտ մեղադրաքներով: Այդ եղբոր տղան է ներկայումս Երևանի գլխավոր ճարտարապետ` Ջիմ Թորոսյանը:
Այդ տարիներին տեղի ունեցող ստեղծագործական վեճերը, դիսկուսիաները, դասախոսությունները, ինչպես գրականության, այնպես էլ կերպարվեստի բնագավառում աշխատողների ողջ ուշադրությունն էր գրավում: Հնի և նորի պայքարը ակնհայտ էր, այլևս պարզ էր դառնում, որ հին, այդպես վաղուց կիրառվող ստեղծագործական ձևերը այլևս նոր ժամանակների թեմաների համար պիտանի լինել չէին կարող: Սոցիալիստական նոր կարգերը, կառուցման հսկայական մասշտաբները, նոր կարգերի երևան գալը թելադրում էին արվեստի աշխատողներին որոնել արտահայտման նոր միջոցներ: Գրողները հիմնել էին մի քանի միություններ` <<Պրոլետ գրողների ասոցիացիա>>, <<Նոյեմբեր>> և այլն: Դպրոցական բարձր դասարանի տղաները և աղջիկները բուռն հետաքրքրություն էին ցուցաբերում տեղի ունեցող հաճախակի գրական երեկույթների նկատմամբ, որտեղ ելույթ էին ունենում Եղիշե Չարենցը, Գևորգ Աբովը, Ազատ Վշտունին, Նաիրի Զարյանը և մի շարք երիտասարդ գրողներ` Մկրտիչ Արմեն, Գուրգեն Մահարի, Գեղամ Սարյան:
Գրական վեճերը և դիսկուսիաները վարակիչ էին դառնում, դպրոցում` հայ գրականության դասերին, սովորողները քննադատորեն էին մոտենում պրոլետ գրողների նոր լույս տեսած գրքերին:
Նկարիչները Մոսկվայում կազմակերպել էին<<Հեղափոխության նկարիչների ասոցացիա>> АХР և նրա ֆիլիալը Երևանում: Մոսկվայում հիմնվեց նաև երիտասարդ նկարիչների միությունն ОМАХР (հեղափոխության երիտասարդ նկարիչների ասոցացիա): Հարկ էր Երևանում հիմնել նրա մասնաճյուղը, և ահա АХР-ի երևանյան ֆիլիալի նախագահ` Գաբրիել Գյուրջյանի և մյուս անդամների` Արա Սարգսյանի և Ստեփան ... ջանքերով մենք` երիտասարդ նկարիչներս, հիմնեցինք OMAXP-ի երևանյան ֆիլիալը, որի նախագահ ես ընտրվեցի: Բնականաբար փորձ չունեի, որ կարողանայի կազմակերպությունը վարել այնպես, ինչպես դա անում էին Մոսկվայի մեր կոլեգաները: Հարկ էր նախ և առաջ ստեղծագործական գործունեության ծրագիր մշակել, մտածել թեմատիկ ցուցահանդեսների բացման մասին, գործուղղումներ տալ երիտասարդ նկարիչներին և այլն: Մեր գոյությունը հանրածանոթ դարձնելու համար անհրաժեշտ էր անհապաղ ցուցահանդեսների բացման մասին հոգ տանել: Տեղի ունեցող ընդհանուր ժողովները բուռն վիճաբանությունների ասպարեզ էին դառնում, մեծ մասը կողմնակից էր, որ անհրաժեշտ է գնալ շրջանները` նյութ հավաքելու, պատկերների նկարման համար: 1928 թվի ամբողջ ամառը տրամադրվեց այդ նպատակին, ես մեկնեցի Լենինական` տեղի մեծ գործարանում աշխատելու համար: Այդ ժամանակ տեքստիլ ֆաբրիկան արդեն հռչակ էր վայելում ամբողջ անդրկովկասում, ես սկսեցի էտյուդներ և գծանկարներ կատարել գործարանում, առաջավոր բանվորների դիմանկարները նկարել և այլն: Մենք ապրում էինք Լենինականի պոլիգոններ կոչված քաղաքամասում, այնտեղ, որտեղ առաջներում կայազորի զորանոցներ են եղել: Բազմաթիվ մեծամեծ շենքեր, որոնց մեջ լցված էին որբեր: Մոտ.... հազար մանուկներ` Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից, տարբեր տարիքի և սեռի: Յուրաքանչյուր որբ մի-մի ողբացյալ կյանքի արգասիք, մեծ եղեռնի արհավիրքներ տեսած, տառապանք լեռներում և ձորերում, սոված, բոկույն:
Ամերիկյան .... կոմիտեն մեծ բարիք է կատարել հավաքելով խեղճ մանուկներին, կենտրոնացնելով մանկատներում: Պետք է ասել, որ որբերը լավ էին խնամվում, նրանք կուշտ էին ու միատեսակ հագնված: Մանկատներում տիրում էր կարգ ու կանոն, ննջարանները մաքուր էին ու լուսավոր: Միջնակարգ դպրոցում դասավանդում էին որակյալ ուսուցիչներ: Կար հարուստ գրականություն, ընթերցարան, կազմակերպված էին խաղեր, տոնահանդեսներ:
Սակայն այդպես էլ ինձ չհաջողվեց գործարանային կյանքին նվիրված պատկեր-կոմպոզիցիա ստեղծել, ինձ վաղուցվանից հետաքրքրում էին այլ թեմաներ, որոնց էսքիզները ունեի. դրանք էին <<Արմենակ Բուդաղյանի ոզբերգական մահը>>, <<Լիցկայան>>, <<Փախուստ>>, <<Քարահանքում>>:
Աշնան ամիսներին 1928 թ. ես օրն ի բուն աշխատեցի այդ պատկերների վրա, որոնք բազմազան թեմային կոմպոզիցիաներ էին: Օգտագործում էի բնորդներ, կատարում էտյուդներ և ճեպանկարներ: Ֆիգուրները չէր ստացվում, դեռ շատ էի անսովոր կառուցել մարդկային մարմնի բարդ շարժումները` ուզածս ձևերով:
Ինձ շատ էր հուզում երիտասարդ կոմունիստ Արմենակ Բուդաղյանի ողբերգական մահը Զանգեզուրի լեռներում: Ես ձգտում էի երևույթի խորքը թափանցել, վերարտադրել մարդկային հոգու ապրումների էությունը: Մաքառող ու խիզախ երիտասարդը մեռնում էր իր իսկ ազգակիցների սվիններից սրախոհ: Պատկերի իմացական կողմը հարստացնելու համար ես հակադրել էի ազնիվ, վեհական`..., անասնականը, բութը:
Երկրորդ պատկերը` << Լիցկայան>> մեծահասակների, անգրագետների դպրոցը, ուր հավաքված գյուղացիները սովորում էին կարդալ, գրել: Այդ գործում նույնպես ձգտում կար հոգեբանական կողմը ցուցադրել: Մեծ պլանով նկարված գլուխները արտահայտում էին անկեղծ ձգտում սովորելու մայրենի լեզուն, իմանալու աշխարհում տեղի ունեցած անցուդարձը, իրենց ցավակիցներին օգնելու` գրագիտություն ձեռք բերելու, օգտակար դառնալու հասարակությանը: Իմ մուտքը կերպարվեստ ահա նմանօրինակ գործերով եղավ, որը և լավ ընդունելություն գտավ հասարակության մեջ:
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքը շատ երկար չտևեց, բայց ամբողջ օրը վազվզում էի, որպեսզի կարողանամ հաջողացնել նրա բացումը: Նախ` ֆինանսական հարցը: Մեր միությունը ոչ մի կոպեկ չուներ և ոչ ոք էլ մեզ չէր օգնում նյութական գծով, պետք եղավ դրամ ձեռք բերելու համար դիմել կառավարությանը: Ես Մարտիրոս Սարյանի հետ եղա Ասքանազ Մռավյանի մոտ, որը այդ ժամանակ կուլտուրայի և լուսավորության կոմիսար էր,պատմեցի նրան մեր ձեռնարկած գործի մասին և խնդրեցի աջակցել: Մռավյանը մանրամասն տեղեկացավ, խրախուսեց, կուլտուրայի տանը սրահներ հատկացրեց և դուրս գրեց հիսուն ռուբլի` ծախսերի համար: Այդ փոքր գումարով հնարավոր եղավ տպել տալ մի փոքր կատալոգ, պլակատ և հրավիրատոմսեր: Ցուցահանդեսը ժյուրի չունեցավ, ով ինչքան գործ կարողացավ բերել` բերեց: Էքսպոզիցիան ղեկավարում էր Ստեփան Թարյանը, այն ժամանակ դեռ երիտասարդ, նորավարտ` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա, քանդակագործական ֆակուլտետ: Մենք փակցրեցինք պլակատները ամենուրեք և բաժանեցինք հրավիրատոմսերը: Ցուցահանդեսի վերնիսաժը տեղի ունեցավ 1928 թվի հունվարի15 կուլտուրայի տան առաջին հարկի սրահներում: Բացման օրը հավաքվեց հոծ բազմություն, եղան բազմաթիվ շնորհավորանքներ, ձեռք սեղմումներ`ցուցադրությունների գրառումներ: Տպվեց հոդված<<Ավանգարդ>> թերթում, հեղինակ Միքայել Մազմանյան` Հոգեբանության դոկտոր-պրոֆեսոր: Իհարկե ցուցադրված աշխատանքները պարզունակ էին, շատերը պրիմիտիվ` իրա մեկնաբանությամբ, իմաստավորմամբ, սակայն կարևորը առաջին ելույթի փաստն էր, որը ձգտում էր նոր ժամանակների համապատասխան նոր ասելիք արտահայտել, մի նոր տեսանկյունով մեկնաբանել իրականությունը, շրջապատի բնությունը: Նկարչի հուզերն ու ապրումները մարմնավորվում էին նոր կերպարների միջոցով, որը օգնելու էր դիտողին հասկանալ նոր կյանքի ներքին բովանդակությունը:
Մեզ այցի եկավ Մարտիրոս Սարյանը, մեկ առ մեկ դիտեց աշխատանքները և մի շարք օգտակար դիտողություններ արավ: Նա մեզ հրավիրեց իր տունը: Այդ ժամանակ նա ապրում էր Ամիրյան փողոցի վրա գտնվող երկու սենյականոց բնակարանում, որոնցից մեկը վերածել էր արվեստանոցի, տեղը շատ փոքր էր, լիքը նկարներով, այնպես, որ Մարտիրոս Սերգեյիչը հազիվ էր շարժվում` մի որևէ պատկեր հանելու ցույց տալու համար: Այդ օրերին նա նկարում էր իր տիկնոջը և իր երկու փոքրահասակ տղաներին` … ու Սարգիսին, որը իր լավագույն գործերից է:
Ցուցահանդեսի բացման օրերին տեղի ունեցավ հայաստանի կոմկուսի համագումարը, որի ամբիոնից խոսվեց մեր ցուցահանդեսի մասին, որպես կուլտուրայի առաջադիմություն և հրավիրեցին պադգանավորներին` դիտելու երիտասարդների ստեղծագործությունները: Մեր ցուցահանդեսը այցելեցին գրողները` Ալազանը,Վաղարշակ Նորենցը, Սողոմոն …………,Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վահան Թոթովենցը, Նաիրի Զարյանը: Նրանք նշեցին ցուցահանդեսի գործերի թեմաների չափազանց ակտուալ լինելը: Սակայն պակասում են քնարերգական բովանդակությամբ ստեղծագործությունները, որոնք նույնպես անհրաժեշտ են: Այդպես սկսեց իմ ծանոթությունը ժամանակակից հայ գրողների հետ, որը հետագայում ընկերական սերտ բնույթ ստացավ:
Երիտասարդական տարիներ
Գեղարվեստական ուսումնարանը ավարտեցինք 1927 թվի հունիսին, այդ առթիվ մեծ խնջույք կազմակերպեցինք դպրոցի պատշգամբում` մեր նկարիչ դասատուների հետ: Մեր խնջույքի հարահրոցը և ուրախ երգերը տարածվում էին այդ բարձրադիր դիրքից` քաղաքով մեկ:
Օգոստոսի վերջին Մհեր Աբեղյանը և Սեդրակ Ռաշմաճյանը մեկնեցին Մոսկվա, ուսանելու բարձրագույն գեղարվեստական դպրոցներում, իսկ ես միջոցների բացակայության պատճառով չէի կարող հետևել նրանց: Անհրաժեշտ էր իմ ընտրած զարգացողության բարձրացնելը, ես գիտեի, որ նկարիչը շատ ուսումնական մարդ պիտի լինի և խորը գիտելիքներ պիտի ունենա: Այդ նպատակի համար 1927 թվի աշնանը ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի պատմագիտության ֆակուլտետը և սկսեցի պատմաբաններ`Մանանդյանի, Ղափանդյանի, գրականագետներ` Զարյանի, Արսեն Տերտերյանի: Հասարակական գիտությունների հմուտ գիտնականներ` ……..և շատ ուրիշ հայտնի մարդկանց դասախոսությունները: Իմ երազանքները և ձգտումները շարունակ կապված են եղել կյանքի հետ, իմ հայրենիքի և բնության հետ, ես ցանկանում էի տեսնել երևույթների խորքը, իմանալ այն ամենի մասին, ինչ որ եղել է պատմության մեջ լավագույնը, խոհականը, բովանդակալիցը: Այդ բոլոր դասախոսությունները ես ընկալում էի ագահորեն և ինձ համար անհրաժեշտ հետևություններ անում:
Ես նկարիչների եմ հանդիպել, որոնք սահմանափակ գիտելիքներ են ունեցել, որոնք բավարարվել են միայն իրենց պրոֆեսիոնալ գիտելիքներով: Լիարժեք արվեստագետ դառնալու համար դա դեռ քիչ է, ես նայում էի դասական մեծ վարպետներին և իրենց օրինակները ինձ ոգեշնչում էին: Դարուս ոգին հասկանալու, հետևություններ անելու համար չափազանց անհրաժեշտ է գիտնական արվեստագետ լինել, այնպիսին, ինչպիսին եղել են` Լեոնարդոն, Միքելանջելոն, Ռաֆայելը, Դելակրուան: Քաջատեղյակ լինելով հայ գրականությանը և պատմությանը հնարավոր կլիներ արվեստի մեջ գտնել այն ուղիները, որոնք անմիջականորեն կապված կլինեն անցյալի հետ, ազգային լավագույն ավանդույթների հետ:
Համալսարանական կյանքը այդ տարիներին շատ բուռն իրադարձություններով էր ընթանում, ուսանողական ժողովները շարունակ քննարկում էին կուսակցական օպոզիցիայի հարցերը, դուրս էին հանում համալսարանից և կոմսոմոլից քիչ թե շատ գաղափարապես կասկածելի ուսանողներին: Մտքի ազատություն բոլորովին գոյություն չուներ, ուսանողը պետք է մտածեր մեկ առ միշտ ընդունված դոգմաներով, որի հրահանգները տալիս էին Ստալինը և իր արբանյակները`Մոսկվայից:
Այս կաշկանդվածությունը իր կնիքը դրեց գրականության զարգացման վրա: Գրաքննադատությունը չէր ընդունում ոչ մի դիրքավորում, որը գալիս էր անցյալից, ամեն ինչ համարվում էր բուրժուական մտքի ծնունդ: Սակայն Մանանդյանի և Տերտերյանի նման դասախոսների համար այդ բոլորը բացառված էր, նրանք իրենց հին մեթոդով շարունակում էին դասախոսությունները, ոչ մի կարևորություն չտալով նորելուկ պրոլետար սոցիոլոգներին:
Զարմանալի անձնավորություն էր Հակոբ Մանանդյանը` դասախոսելիս նա ոչ մի ուսանողի չէր նայում, խոսում էր հանդարտ միատոն` աչքերը սևեռած հատակին: Այդ միատոն ձայնից իմ քունը տանում էր: Երբեմն ես հազիվ էի զսպում ինձ` չհորանջելու համար: Սակայն գիտելիքները անչափ էր, և վերլուծությունները` քննադատային: Բայց այդ տարիներին հայոց պատմությունը մոդայիկ չէր, կարևորը համարվում էին հասարակական գիտություններ` պատմային և դիալեկտիկական մատերիալիզմը, Լենինիզմը և այլն: Մեծ հետաքրքրություն էր առաջացրել Հայկ Ազատյանի դասախոսությունը<< տնտեսական …. զարգացումը>>, որը նա տանում էր հմտորեն` տարբեր ժամանակաշրջաններից օրինակներ բերելով: Միառժամանակ նա կառավարության անդամ էր և, պետք է ասել, ուներ հեղինակություն, ժողովրդականություն էր վայելում:
Ինձ զարմացնում էր երիտասարդ դասախոս Լևոն Արիսյանը, նա ընդամենը 24 տարեկան էր, բայց սքանչելի էր տիրապետում իր առարկային`<<դիալեկտիկական մատերիալիզմ>>, խոսում էր հստակ, մատչելի և գեղեցիկ: Նա նույնպես պատասխանատու աշխատանք էր տանում կուսակցական ղեկավար մարմիններում: Այս ընդունակ երիտասարդը շատ դժբախտ վախճան ունեցավ հետագայում: նա ձերբակալվեց 37 թվականին, իր ընկերների հետ կորավ Սիբիրի խորքերում միայն նրա համար,որ եղել էր հայկենտկոմի առաջին քարտուղար` Աղասի Խանջյանի մոտիկ ընկերը և օգնականը: Հայկ Ազատյանը և Հայկ Գյուլիքեխվյանը նույնպես աքսորվեցին ու մազապուրծ հազիվ կարողացան իրենց կյանքը ազատել այդ դժվար պայմաններին դիմանալով, որը և կարճեց իրենց կյանքը:
Տարաբախտ հայ ժողովրդի զավակները որտեղ միայն չտվեցին` չզոհաբերեցին իրենց կյանքը, բավական չէր 1915 թվի արնոտ կոտորածը` թուրք բարբարոսների ձեռքով ի կատար ածված, հիմա էլ նրա լավագույն որդիները գլխատվում էին հանուն նրա համար, որ հայ էին ծնվել ու տաղանդավոր էին: Ստալինը և նրա մտերիմ դահիճ` Բերիան, այդ տարիներին անխնա կոտորեցին հայ մտավորական լավագույն ուժերին` երևի դրանով ցանկանալով արմատախիլ անել հայկական կուլտուրայի զարգացումը: Այդ անմիտ արարմունքը մինչև այսօր էլ իր պարզաբանը, հատուցումը չի գտել, չնայաց անցել է զգալի ժամանակամիջոց:
Վրթանես Ախիկյանը հավանություն էր տալիս իմ բարձրագույն կրթություն ստանալու համար, իսկ Ստեփան Աղաջանյանը շարունակ հանդիպելիս պախարակում էր, որ չեմ գնում գեղանկարչական բարձրագույն ինստիտուտ` կատարելագործելու իմ շնորհքը: Արդարև, արվեստի բնագավառը ինձ քաշում էր շարունակ, հանգստություն չէր տալիս, ինչ էլ որ լիներ ես պետք է գնայի Մոսկվա սովորելու, այդ համոզմունքը իմ մեջ գնալով արմատանում էր և ստիպողական դառնում: Ոչ մի դժվարություն ինձ չէր վախեցնում: Իմ կոչումը ես գտնում էի նկարիչ դառնալու մեջ:
Մեր ընտանիքը շատ ծանր նյութական վիճակում էր գտնվում, հայրս չնչին աշխատավարձ էր ստանում, ուստի ես ամեն ինչ անում էի օգնելու համար մեր ընտանիքին: 1928 թվի աշնանը սկսեցի (Շահումյանի անվան դպրոցում) նկարչություն դասավանդել, հետո աշխատակցում էի <<Ավանգարդ>>, <<Մաճկալ>> և <<Կարմիր զինվոր>> թերթերին: Նկարազարդումներ էի կատարում պետհրատում: Ստացած աշխատավարձի մի մասը պահում էի Մոսկվա մեկնելու համար: Ես ամեն ինչից գլուխ հանում էի և դա ինձ հնարավորություն էր տալիս լավատես լինելու ապագայի նկատմամբ:
Ես սիրուն և համակրելի տղա էի, և ամենուրեք մարդիկ բարյացակամ էին վերաբերվում հանդեպ ինձ: Դպրոցի դիրեկտոր` Արշավիր Սոլախյանը, ասում էր, որ բոլոր աղջիկ աշակերտուհիները և ուսուցչուհիները քաղցր աչքով են նայում ինձ վրա, ես դա զգում էի, սակայն ոչ մի կարևորություն չէի տալիս, իմ միտքն ու ձգտումները այլ էին` շարունակել ուսումս: Դասերի ժամանակ բարձր դասարանի աշակերտուհիները ինձ աչքով էին անում, կզմրթում թևերս, հանաքներ անում, աշխատում գրավել որևէ բանով, իսկ ես հեչ բանի տեղ չէի դնում նրանց այդ ազդանշաններին: Հիմա եմ ափսոսում, որ այդքան անտարբեր եմ եղել սիրունների նկատմամբ: Ես, իհարկե, ունեի կանացի իմ իդեալը և երազում էի, սակայն իրականության մեջ ես այն, ինչ որ որոնում էի, չէի կարողանում գտնել: Այսպես է երիտասարդությունը` ռոմանտիկա, երևակայություն, անվերջ որոնումներ, հեռու իրականությունից, ի դեպ շատ տարիներ հետո էլ ես քիչ փոխվեցի, կյանքի դառը դասերը ինձ համար խրատ չեղան, այսպես է իմ նատուրան:
Գարեգին Լևանյանը ինձ խորհուրդ չէր տալիս գնալ Մոսկվա կամ Լենինգրադ, այդ լավ մարդը ասում էր, որ հյուսիսային երկրները հայ երիտասարդների համար միշտ էլ անբարենպաստ են եղել, որ շատ երիտասարդներ մահացել են կամ ծանր հիվանդացել:
-Դուք նրբակազմ էք և ձեզ հիմա շատ դժվար կլինի հյուսիսային սառնամանիքները տանել: Հետագայում ես իմ կաշվի վրա զգացի նրա խորհուրդները և հաշմանդամ մնացի ամբողջ կյանքում:
Ամառվա արձակուրդներին Երևան էին վերադառնում Մհեր Աբեղյանը և Սեդրակ Ռաշմաճյանը` իմ աշակերտական-դպրոցական վաղեմի ընկերները: Նրանք պատմում էին Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի կյանքի մասին, անցնող առարկաների դրվածքի մասին, Մոսկվայի կյանքի վերաբերյալ էպիզոդներ էին պատմում: Մենք անհագ ծարավով լսում էինք նրանց, երջանիկ համարում նրանց ուսանողական կյանքը և, իհարկե,նախանձում:
Այդ տարիներին երեկոյան պահերին, երբ Աբովյան փողոցը ջրկիրները առուներից ջուր էին շաղ տվել և որոշ զովություն էր զգացվում քանաքեռից փչող քամիներից, ամբողջ փողոցը լցվում էր զբոսնող ինտիլիգենցիայով, այդ մասում արգելված էր կառքերի և ավտոների անցուդարձը, այնպես որ հնարավոր էր լինում քայլել փողոցի ուղղակի մեջտեղով ու հանգիստ զրուցել: Երեկոյան այդ ժամերին Աբովյան փողոցում կարելի էր հանդիպել բոլոր գրողներին, արվեստագետներին, հասարակական գործիչներին: Ես շարունակ տեսնում էի մի քիչ կաղ քայլով զբոսնելիս Չարենցին, իր կնոջ` Արփենիկի հետ, ուղեկից ունենալով Մկրտիչ Արմենին, Գուրգեն Մահարիին և կամ Հայկ Գյուլիքեխվյանին: Ասում էին, որ Չարենցը հետապնդում է կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գեղեցիկ քրոջը: Մի օր էլ հաստատվեց այդ լուրը, երբ բուլվարի մոտերը հարբած բանաստեղծը առաջարկել է աղջկան հետևել իրեն, մերժումը սաստիկ զայրացրել է անզուսպ Չարենցին և նա ատրճանակը հանելով կրակել է մանկամարդ կնոջ վրա և վիրավորել նրան: Այդ առթիվ դատ կազմակերպվեց և պրոլետ հայացքի գրողը ուղղիչ տուն նետվեց (այդ տարիներին բանտին այդպիսի անուն էին տվել): Հետագայում բանաստեղծը պրոզայիկ ձևով նկարագրեց իր տպավորությունները ուղղիչ տնից: Այս դեպքը առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների, զավեշտական պատմությունների և անեկդոտների տարածմանը:
Այդ տարիներին այլևս ոչինչ չէր խոսվում Արևմտյան Հայաստանի մասին, ասենք, որ ով խոսելու լիներ նա դատապարտվեց կալանքի և աքսորի: Թուրքերը համարվում էին մեր<<բարեկամները>, նույնիսկ ասում էին,որ մեր<<եղբայրներն>> են, հեղափոխականներ են: Մեզ պետք չէր արևմտյան հողերը, ցենզուրան չէր թողնում ոչ մի բառ իսկ տպագրելու այն հերոսական պայքարի մասին, որ մղել էին հայ ժողովրդի հերոսները` հանուն հայրենիքի ազատության:
......... տարիք ունեցող Վանեցիները, Ալաշկերտցիները և այլ արևմտահայեր` նստած քաղաքային բուլվարի նստարաններին իրենց հիշողություններն էին պատմում և ախ ու վախ քաշում հայրենիքի կարոտը իրենց սրտերում:
Վանեցի անվանի դերձակ Եղիազար աղան ինձ համար նոր կոստյում կարեց, ես տեսա իմ վերջին պատրաստությունները, փոքր քրոջս համար պաշտոն գտա` նկարչության դասատու, որպեսզի օգնի նյութապես ընտանիքին և հուլիսի կեսերին մեկնեցի Մոսկվա` գեղարվեստական բարձրագույն կրթություն ստանալու:
Գրպանումս ունեի Հայաստանի լուսավորության ժողկոմի հանձնարարականը, պետական համալսարանի ռեկտորատի միջնորդությունը, գեղարվեստի պրոֆմիության նախագահության խնդիր-դիմումը և այլ փաստաթղթեր, որոնք օգնելու էին ինձ ընդունվելու բարձրագույն դպրոց:
Մոսկվայում
1927 թվի ամառը
Երբ Մոսկվա հասա, ինձ ամենից շատ զարմացրեց քաղաքի խայտաբղետ ճարտարապետությունը, ծուռ ու մուռ փողոցները և անթիվ մի ձիանի կառքերը: Այդպիսի մի կառքով էլ ես հասա ինստիտուտի հանրակացարանը և տեղ ստացա:
Մոսկվայում ամեն ինչ այնպես էր (այսինքն նիստուկացը, սովորությունները) ինչպես եղել է ցարական կառավարության ժամանակ` հին Ռուսիայում:
Ամենուրեք մուժիկներ` լաբտաներով, թեյարաններ` բազմաթիվ թեյնիկներով: Ռուսական հայհոյանք և,իհարկե, ռուս կանայք` միշտ ժպտուն, անմիջական, պատրաստակամ:
Առաջին օրերը շրջում էի Մոսկվայում, եղա թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում և այլ ցուցահանդեսներում: Մոսկվա գետի ափին շրջելիս տեսա գետում լողացող բազմաթիվ կանանց, նրանց հոլանի տեսքը հրապուրեց ինձ և ես հենված գետի բազրիքին երկար դիտեցի լողացող փերիներին:
Սկսվեցին քննությունները` մասնագիտական առարկաներից, գծանկար և կոմպոզիցիա: Առաջին երկուսը շատ լավ տվեցի, սակայն կոմպոզիցիային թերացա, ավելի շուտ չհասկացա խնդիրը,թե ինչ է պահանջվում քննվողից: Ինձ ընդունեցին, սակայն ընդհանուր թիվը ուսանողների նորմից շատ լինելու պատճառով մի մասը ուղարկեցին Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան, ես ընկա վերջին ցուցակի մեջ: Ճիշտն ասած, ինձ վաղուց հրապուրում էր Լենինգրադի ակադեմիան, նրա մասին շատ էի լսել ու կարդացել, այնպես որ սիրով մեկնեցի Լենինգրադ:
Այս թագավորանիստ քաղաքը ինձ հիացրեց իր գեղեցկությամբ, ճարտարապետական անսամբլներով և համաշխարհային համբավ ունեցող Էրմիտաժով:
Փակված էին բոլոր մասնավոր խանութները, որոնք ՆԵՊ-ի ժամանակ գոյություն ունեին, իսկ պետական կոոպերատիվ խանութներում, բառիս բուն նշանակությամբ, ոչինչ չէր գտնվում: Սկսված էր կուլակաթափության շրջանը, որը ամբողջապես քայքայեց թե ժողովրդին, և թե պետությունը:
Պրոլետարական Լենինգրադը կոշմարային դրության մեջ էր գտնվում, սովը քշել, բեկել էր քաղաք բազմաթիվ գյուղացիների, որոնք գործ և հաց էին որոնում:
Ուսանողական ճաշարանում մեզ տալիս էին մի աման սուպ, որի մեջ մի քանի հատիկ կորկոտ էին լողում և մի փոքր կտոր սև հաց: Սուպն անվանում էին շրապնել, ոչ համ ուներ և ոչ էլ սնունդ կար մեջը: Պակասը լրացնում էինք ակադեմիայի բուֆետում, որտեղ սակայն օրեցօր պակասում էին սննդամթերքի տեսակները: Այդպես կիսաքաղց սկսեցի սովորել այդ հոյակերտ քաղաքում: Հանրակացարանի մեր սենյակում 12 հոգի էինք` ուսանողներ, տարբեր շրջաններից եկած խեղջ ու կրակ տղաներ:
Սենյակի պատուհանները նայում էին Նեվայի վրա, որի հանդարտ ջրերը հոսում էին դեպի Բալտիկա, բազմաթիվ նավեր լողում էին գետաբերանով և հակառակը: Դիտում էի գետափին կանգնած նավերի առօրյա կյանքը, ծովայինների աշխատանքը, ինձ համար այդ բոլորը նոր էր, անչափ հետաքրքիր: Ակադեմիայում ամեն ինչ հնորեն էր, սակայն ամուր, հաստատուն և գեղեցիկ: Նույնիսկ դռնապանները`ծեր և միրուքով, վայելուչ տեսք ունեին: Ակադեմիայի պատկերասրահը շատ ընդարձակ և հարուստ էր, այնտեղ հավաքված էին բազմաթիվ նկարիչների լավագույն դիպլոմային գործերը, իտալական մեծ նկարիչների հայտնի կտավների ընդօրինակումները, արձաններ, … իրեր, ճարտարապետական կառույցների մակետներ, և այլն:
Սակայն այդ տարիներին ակադեմիայի ղեկավարությունը անցել էր ապիկար մարդկանց ձեռքը, ձախ կոմունիստների եռանդուն գործունեության շնորհիվ շուտով սկսեց քայքայվել դարերով կուտակված հարուստ հավաքածուները, նրանց, որպես բուրժուական արվեստի հնօրյա մնացորդներ, դուրս էին շպրտում, ուղարկում էին շրջանները, կամ պարզապես ով որ ցանկանում էր տուն էր տանում:
Դիրեկտոր Մասլովը ժողովներին ճառեր էր կարդում պրոլետարական արվեստի զարգացման խնդիրների շուրջը, կոչ անում պայքարել հնամոդնի կերպարվեստի տրադիցիաների դեմ, ստեղծել նորը` պրոլետարականը:
Նրա ասելով, կալվածատերերի և բուրժուազիայի ստեղծած արվեստը մեր ժամանակի մարդկանց համար պիտանի չէ` այն պետք է ոչնչացնել, հողմացրիվ անել: Հետագայում, երբ այս ֆրազները այլևս դատարկ ասույթներ էին և սկսեց հակառակ հոսանք ընդդեմ կործանարար դիրքավորման, այդ ուղղությունը իր փողահարի անունով կոչվեց <<Մասլովշչինա>>:
Հարուստ և շատ հին գրադարան ուներ Ակադեմիան, երեկոները ժամեր շարունակ կարդում էի և դիտում գեղարվեստական արտտպությունները: Ինձ համար բազմաթիվ նկարիչներ բացահայտվում էին, արվեստի պատմության անցած էտապները պարզ դառնում, ես զարմանում էի, որ այդ մեծ ավանդական տրադիցիաների տաճարում բունադրել և ակտիվ գործում են Մասլովի նման բարբարոսները:
Կիրակի օրերը ընկերներով այցելում էինք Էրմիտաժ, անբողջ օրը անցկացնում նրա հոյակապ սրահներում, սքանչանանում ցուցադրված ստեղծագործություններով:
Էրմիտաժը ինքնին արդեն մի հոյակապ դպրոց է հանդիսանում գեղանկարչություն սովորող ուսանողության համար, որքան աննշան… ժամանակակից գեղանկարչական գործերը դասական արվեստի գործերի համեմատությամբ: Լենինգրադի բոլոր թանգարանները այցելեցինք, իմ աշխարհըմբռնողությունը լայնացավ` մտածողությունս ավելի խորը զգացող դարձավ:
Սկսվեց Լենինգրադի աշունը` խոնավ ու ցուրտ: Օրերով տեղացող անձրևները սկսեցին ազդել իմ առողջության վրա, ցավել սկսեցին մեջքս և ոտքերս: Դիմեցի պոլիկլինիկա, սկսեցի բուժվել էլեկտրական ապարատներով, սակայն իզուր, գնալով ցավերս սաստկանում էին և ահա դեկտեմբերի կեսերին ես ընկա անկողին: Մեն մենակ պառկած հանրակացարանում տխրում էի, տառապում, կարոտում հարազատներիս, հայրենիքիս:
Ինձ տեղավորեցին Լենինգրադի հայտնի հիվանդանոցներից մեկում, որտեղ բաժնի վարիչը և բուժող բժիշկը հայ էին:
Պրոֆեսոր Աստվածատուրովը` բարձրահասակ ու նիհար մի մարդ, ինձ տեղավորեց մի առանձին սենյակ և առանձնահատուկ հսկողություն սահմանեց, նշանակեց հավելյալ սնունդ և այլն: Սակայն այդ հիվանդանոցում չկար հոդաբուժման բաժին, ..... չկար և հատուկ բուժումներ: Ուստի ինձ փոխադրեցին օրտոպեդիկ հիվանդանոց, որտեղ աշխատում էին մի շարք մասնագետներ:
Այս հիվանդանոցում ես պառկեցի մոտ մեկ ամիս և ապաքինված դուրս գրվեցի: Ինձ համար հասկանալի դարձավ, որ ես այլևս Լենինգրադում չէի կարող ապրել, կլիման վնասում էր իմ թույլ օրգանիզմին, պետք էր անհապաղ Մոսկվա փոխադրվել: Վերցնելով հիվանդանոցից անհրաժեշտ տեղեկանքները ես ներկայացրի դրանք այդ ինստիտուտի դիրեկտորին և թույլտվություն ստացա փոխադրվել Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտը: 1930 թ. հունվարին ես տեղափոխվեցի Մոսկվա: Ահա դարձյալ ուսանողական կյանք, սակայն ավելի ազատամիտ մթնոլորտում, նոր հրապարակ իջած գեղ. Հոսանքների մի կատարյալ ժխորի պայմաններում:
AXP, OMAXP, OKTЯБРЬ, ОРСК, МИР ИСКУССТВА և այլ նկարչական կազմակերպություններ շարունակ հակամարտության մեջ էին միմյանց հետ: Յուրաքանչյուրը առաջադրում էր իր հայացքները, իր ծրագիրը նոր Սովետական արվեստի զարգացման համար:
Տեղի ունեցող պարբերական դիսպուտները, սուր վեճերը գրավում էին ուսանողության հոծ բազմությունը: Այսպես սկսեց կազմավորվել իմ աշխարհայացքը, իմ նկատառումները արվեստի արդի խնդիրների նկատմամբ:
Իսկ կյանքը գնալով վատանում էր, սոսկալի սով էր սկսել ամենուրեք: Համատարած կոլլեկտիվիզացման հետևանքով գյուղերում ոչնչացրել էին բոլոր ընտանի կենդանիներին, բերք չկար, մարդիկ գյուղերից լցվում էին քաղաքները, մեռնում էին կայարանների պատերի տակ:
Ուսանողներին հատկացված հացի կտրոնները 400 գրամից չէր անցնում, իսկ հացը փոխարինում էր ամեն ինչի: Ուսանողական ճաշարաններում տալիս էին ձկան սուպ և մի քիչ էլ խաշած սոյա: Մենք սովորում էինք քաղցած:
Հագուստ և կոշիկ խանութներում իսպառ բացակայում էր, ամբողջ ինստիտուտին տալիս էին մի քանի զույգ կոշիկ և մի քանի կտոր վերարկու և ահա պետք էր դրանք բաժանել հարյուրավոր ուսանողների վրա, որոնք բոկոտն էին և առանց վերարկու` ձմռան ամիսներին: Ժողովուրդը այս կերպ էր ապրում, իսկ Ստալինը խելակորույս արագությամբ կառուցել էր տալիս հազարավոր նոր գործարաններ: Ոչ ոք չէր հանդգնում քննադատել ղեկավարության այդ վարքագիծը: Բանտն ու աքսորը անհապաղ ցույց կտային իրենց ահավոր ուժը: Մի խոսքի համար դուրս էին հանում ինստիտուտից, քշում տաժանակիր աշխատանքի: Բավական էր, եթե իմացվեր, որ որևէ մեկը արտասահմանում բարեկամ ունի, նույն վիճակը նրան նույնպես կսպառնար: Կոմերիտական ժողովները վերածվում էին դատական նիստի, որտեղ դաժան դատաստան էին տեսնում յուրաքանչյուրի նկատմամբ, որը հանդգնում է որևէ կերպ հայտնել իր դժգոհությունը տիրող կարգերի նկատմամբ: Այսպիսի պայմաններում անցնում էին իմ ուսանողական տարիները, երիտասարդ ու ավյունով լեցված իմ տարիները:
Իսկ ես գեղեցիկ էի, միջակից բարձր, սպիտակ դեմքով, սև առատ մազերով, գեղեցիկ աչք ու ունքով, երկար վզով ու բարակ մեջքով: Ռուս աղջիկներին ես շատ էի դուր գալիս, նրանք հետապնդում էին ինձ, քաղցրախոսում, հանաքներ անում: Ես հպարտ էի պահում իմ արժանապատվությունը և չէի ցանկանում կապվել որևէ մեկի հետ, իրապես տրամադրություն էլ չկար:
Ինստիտուտում գեղանկարչության մեր պրոֆեսորն էր Սերգեյ Վասիլիչ Գերասիմովը, մի շատ համակրելի նկարիչ, որը գիտեր վարվեցողության ամենակատարյալ ձևերը: Մեր պրոֆեսորները եղել են Վ.Ֆավարսկին - կոմպոզիցիա, Դեյնեկա - պլակատ և մանումենտալ գեղանկարչություն, Գոնչարովա - գծագիր և գրաֆիկա, Ուդալցովա - գեղանկարչություն:
Նկարչական պիտույքներ չկային, ներկեր, կտավներ, վրձիններ հազվադեպ էին ընկնում մեր ձեռքը, նկարում էինք ինչով որ պատահեր և ինչով հնարավոր էր կտավին փոխարինել: Այս բոլորի հետևանքով մեր ուսումը կիսատ-պռատ էր անցնում: Հիմա ես զարմանում եմ, որ ներկայիս ուսանողները, որոնք լի ու լի օգտագործում են բոլոր տեսակի նկարչական պիտույքները, չեն ուզում սովորել կամ վատ են սովորում:
Մեր կուրսի տղաները չափազանց հետաքրքիր ուսանողներ էին` ուրախ, անհոգ, կատակասեր և միաժամանակ ընդունակ: Ֆետյա Ռեշետնիկովը, Վիտյա Գորյաեվը, Չուրինը ներկայումս ճանաչված նկարիչներ են Մոսկվայում և այլուր: Ֆետյա Ռեշետնիկովը մասնակցեց պատմական Չելուսկինի էքսպեդիցիային, և այնուհետև նրա կարիերան կյանքում լրիվ ապահովված էր: Հետագայում դարձավ գեղարվեստական ակադեմիայի անդամ: Նրա զվարճալի կատակները, համով ու հոտով արված ծաղրանկարները բոլորիս մեծ հաճույք էին պատճառում:
Մենք այցելում էինք Մոսկվայի հայտնի գործարանները և ֆաբրիկաները, նկարում առաջավոր բանվորներին, զրուցում նրարց հետ: Սակայն ոտքերս ու գոտկատեղս միշտ ցավում էին, շարունակ խանգարում ինձ: Վիտյա Գորյաեվը հանրակացարանում ապրում էր մեր կողքի սենյակում, նա շարունակ այցելում էր ինձ և մենք երկար խոսում էինք արվեստի խնդիրների մասին:
Իմ սենյակում էր ապրում նաև մի պարսիկ Մուվեզե-Զադե անունով, որին չգիտեմ որտեղից գործուղղել էին սովորելու: Բթամիտի մեկն էր, կիսագրագետ, սակայն կուսակցական լինելով հովանավորում էին և պահում ինստիտուտոիմ: Նիհար ու պզտիկ, երկար գլխով այդ մարդուկը ամբողջ օրը քարշ էր գալիս աղջիկների հետևից և նրանցով զբաղվում: Ավարտելուց հետո նա գնաց Պարսկաստան, չգիտեմ ինչ անելու համար, քանզի ոչինչ չէր կարողանում անել:
Մեր կուրսում կային ընդամենը երեք աղջիկ: Օքսանան, Ալկան և Նատաշան, որը ամուսնացած էր: Ալկան սիրուն ոտքեր ուներ և խունջիկ-մունջիկ էր գալիս ինձ հետ խոսելիս, շարունակ գալիս էր իմ սենյակը և նստում կողքս` մահճակալին: Լավ չէր սովորում, վատ էլ նկարում էր, ես նրան շատ բանով էի օգնում և դրա հետ մեկտեղ`գրկում, համբուրում ու շոյում մարմինը…Սա, իհարկե, սեր չէր,այլ ուսանողական կյանքի դրվագներից մեկը: Սիրուն էր Օքսանա Կուպեդիոն, լեհուհի, բարձրահասակ, սպիտակ, երկար մազերով, միշտ ժպտուն, միշտ տղաների հետ, սակայն ես նրա հետ այնպիսին չեղա, ինչպես Վալյայի հետ: Առհասարակ մենք` տղաներս, շատ ընկերական և մոտ էինք զգում մեր համակուրսեցի աղջիկների հետ,այդ ընկերությունը մաքուր ընկերական բնույթ ուներ:
Մենք նկարում էինք մերկ մոդելներ, որոնց մեջ քիչ չէին գեղեցիկ ջահել աղջիկները, սակայն մեր մտքով անգամ չէր անցնում նրանց մոտենալ ուրիշ իմաստով` ծախու սեր որոնել, շնանալ, զարմանալի մաքուր էին մեր մտքերը, պլատոնական անաղարտություն ունեին մեր սիրո ձգտումները: Մինչդեռ հիմա գեղարվեստական ինստիտուտի ուսանողները հանգստություն չեն տալիս այն հատ ու կենտ բնորդուհիներին, որոնք ցանկացել են աշխատել ինստիտուտում: Ընդանրապես բարոյական նորմերի մեծ տարբերություն կա այն ժամանակների և ներկայիս ուսանողության միջև:
Մենք չունեինք շահամոլություն, մեր ուսանողական պենսիան մեզ բավարարում էր, մենք չէինք ձգտում շռայլ ապրելակերպի` համարելով դա բուրժուական կենցաղի այլանդակություն: Աղքատ էինք, վատ հագնված, սակայն ձգտումներով բարձր, արժանապատվությամբ եզակի: Ասկետներ էինք մենք և դա այսօր զարմանալի է թվում:
Հարաբերությունը դասախոսների և ուսանողության միջև չափազանց պարզ էր, ընկերական, ոչ ոքի մտքով իսկ չէր անցնում դժգոհել նրանցից որևէ մեկից` ոչ օբյեկտիվ գնահատական նշանակելու համար: Գնահատականները դրվում էին արվեստանոցներում` գործերը միասին դիտելիս, եզրակացությունը անում էր դասախոսը` ելակետ ունենալով բոլորի դիտողությունները:
Ազգային փոքրամասնությունները վայելում էին նույն արտոնությունները, ինչ որ ռուսները, ոչ մի տարբերություն, ոչ մի խտրություն: Նույնիսկ կարելի է ասել, որ շատ դեպքերում որոշ առավելություններ ունեին նրանք: Մեր կուրսում կար երեք հայ ուսանող` Ներսես Իսրայելյանը, Մանուկ Հարությունյանը և ես, բոլորը մեզ հարգում ու սիրում էին: Ես կուրսի պրոֆկոմի ներկայացուցիչն էի, Ներսեսը կոմսոմոլի քարտուղարն էր, մենք էինք ղեկավարում ուսանողության կազմակերպչական գործերը, կոնֆլիկտները լուծում և այլն:
Մեր հանրակացարանը բավական հեռու էր գտնվում ինստիտուտից, որը քաղաքի կենտրոնական մասում էր` ուղիղ պոչտամտի դիմաց: Առավոտյան շուտ վերկենալով մենք վազում էինք տրանվայի աստանովկին, մի կերպ խցկվում վագոնները և հազիվ հազ ժամանակին մտնում ինստիտուտ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես քաղցած վազում էինք ուսանելու, զարմանում եմ, թե զերծ ենք մնացել հիվանդանալուց և առհասարակ ողջ ենք մնացել: Վերջին կուրսում հոդերիս ցավերը ավելի ու ավելի էին զգացնել տալիս ինձ, անհրաժեշտ էր բուժվել, և ահա ես դիմեցի ինստիտուտի պրոֆկոմին և ստացա մայիս ամսվա ուղղեգիր Ֆեոդոսիա կուրորտի համար, բարով խերով չստանայի և չգնայի այնտեղ, որովհետև ոտքովս գնացի, իսկ վերադարձա պատգարակով:
Մայիս ամիսն էր, սակայն քամիներով հարուստ: Ֆեոդոսիայում դեռ ցուրտ էր և անձրևոտ: Ես սկսեցի տաք վաննաներ ընդունել, իսկ հետո էլ գնալ ծովափ, պառկել ավազների վրա, լողանալ և այլն: Առանց այդ էլ իմ թույլ օրգանիզմի համար դա շատ ծանր բեռ էր հանդիսանում, սառը քամիները իրենց գործը տեսան և մեջքս և ոտքերս բռնվեցին ու ես ընկա անկողին: Այսպես սկսեց իմ ողբերգությունը: Ծանր դրության մեջ ինձ տեղափոխեցին Մոսկվա, հանրակացարանում շրջանային բժիշկը գիագնոզ դրեց, իբր թե ոսկրային տուբերկուլյոզ և ինձ տեղափոխեցին հիվանդանոց, այն բաժինը, որտեղ այդ տիպի հիվանդներ էին պառկած, գլխավորապես երեխաներ: Թե ինչ քաշեցի հիվանդանոցում երեք ամսվա ընթացքում դժվար է նկարագրել, դրանք կաշմարային օրեր էին:
Ես պառկած էի մեջքի վրա, անշարժ, գոտկատեղս և աջ ոտքս գիպսի մեջ էր դրված: Ուտել, խմել և այլ գործողություններ կատարելը պետք է կարողանայի պառկած վիճակում:
Քսանհինգ տարեկան էի, գեղեցիկ, վառվռուն երիտասարդ, պատրաստվում էի դիպլոմ տալ` ինստիտուտի ավարտման առթիվ և ահա այսպիսի կաշմարային վիճակի մեջ ինձ գտա: Լաց էի լինում անդադար, ուզում էի մեռնել: Սակայն հիվանդանոցում ապացուցվեց, որ ոչ մի տուբերկուլյոզ չկա, բուժումը եղել է սխալ, որ աջ ոտքիս ազդրակոնքային հոդը բորբոքված է եղել միայն: Սակայն ուշ էր արդեն բուժման ուղարկել հանքային ցեխի սանատորիաները: Հոդը աղակալել էր, ոսկրացել և կորցրել իր շարժողականությունը: Հիմար բժիշկների պատճառով դիագնոզը ուշ դրվեց և ժամանակին ճիշտ բուժման միջոցներ ձեռք չառան, որի հետևանքով ես մնացի հաշմանդամ հավիտյան:
Բազմիցս, համարյա ամեն տարի, ես մեկնել եմ սանատորիաներ և բուժման կուրս անցել հույս ունենալով որոշ չափով գոնե վերականգնել կորցրածը, սակայն ապարդյուն են անցել բոլոր իմ հույսերը: Մնացի ձեռնափայտով:
Մի ամբողջ տարի անկողնում անցկացնելուց հետո վերջապես 1934 թվի վերջին սկսեցի քայլել ու նկարել: Նկարում էի ամեն ինչով և զանազան թեմաներով, սկսեցի և յուղաներկ մեծ կտավ` <<Կոլտնտեսականները քննարկում են աշխատանքային պլանը>>, որը և 1934 թվականին երիտասարդական համահայաստանյան օլիմպիադայում արժանացավ գեղանկարչական գծով առաջին մրցանակի: Դա ոգեշնչեց ինձ, և ես էլ ավելի մեծ եռանդով սկսեցի ստեղծագործել, 1935 թվին անդրկովկասյան երեք հանրապետությունների կազմակերպած արվեստի օլիմպիադայում ինձ շնորհվեց պատվոգիր` Անդրֆեդերացիայի կառավարության կողմից:
Այնուհետև սկսեցի մասնակցել հայ նկարիչների կողմից կազմակերպված բոլոր պատկերահանդեսներին:
Աշխատելու ու ստեղծագործելու պայմաններ չկային, մեկ սենյակում հինգ հոգով` և ապրում էինք և աշխատում: Սենյակում ուղղակի շարժվելու տեղ չէր լինում, մոդել չէի կարող օգտագործել, նատյուրմորտ դնել նույնպես հնարավոր չէր: Մյուս կողմից ընտանիքի հոգսը ծանրացել էր իմ ուսերին, դրամ վաստակելու համար ստիպված էի աշխատակցել թերթերին և ամսագրերին, հոդվածներ գրել, նկարազարդումներ անել գրքերի համար և այլն: Հայրս այլևս աշխատել անկարող էր, քույրերս և եղբայրս սովորում էին` առաջինները Մոսկվայում, երկրորդը` Լենինգրադում: Նրանց էլ անհրաժեշտ էր նյութական օգնություն ցույց տալ, այնպես որ հոգսը շատ էր, ամուսնության մասին մտածելն իսկ ավելորդ էր:
Այդ տարիներին ես ընտրվեցի նկարիչների միության կոմկուսի առաջին քարտուղար և ակտիվ հասարակական աշխատանք սկսեցի տանել երիտասարդության շրջանում: Բոլորը ինձ հարգում ու սիրում էին, մեծարում և գովեստներ շռայլում: Ծանոթացա ժամանակակից գրողների հետ` Չարենց, Զարյան, Նորենց, Թոթովենց և Գեղամ Սարյան:
1935 թ. աշնանը բացվեց նկարիչների հերթական ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի խորհրդայնացման 15 ամյակին: Ես մասնակցում էի մի շարք աշխատանքներով` գլխավորապես պտղահավաքի թեմաներով: Ցուցահանդեսը այցելեց Աղասի Խանջյանը,բոլորի հետ մտերմիկ զրույց ունեցավ, անչափ համակրելի մարդ էր, կոմկուսի առաջին քարտուղարը: Այդ մեծ ցուցահանդեսի առթիվ հոդվածաշարով հանդես եկա` <<Սովետական արվեստ>> ամսագրում:
<<Գեղանկարչություն>>, <<Քանդակագործություն>> և <<Գրաֆիկա>> գլխագրերով այդ հոդվածները մեծ համակրություն գտան նկարիչների շրջանում: Այդ նույն թվականին ես գրեցի մի ռեֆերատ` <<Առարկա և տարածություն>> թեմայով, որը ընթերցեցի նկարիչների ժողովում: Այդ տարիներին քանդակագործ Արա Սարգսյանը գլխավորում էր նկարիչների կոլեկտիվը, նրան ազատ մուտք էր վերապահված բարձր կառավարական և կուսակցական շրջաններում: Գեղեցիկ էր ինքը, լավ խոսող, այնպես որ նրա կարիերան ապահովված էր:
Սակայն պատահեց անսպասելին` սպանվեց Աղասի Խանջյանը և ամեն ինչ տակն ու վրա եղավ:
Պետք է ասել, որ Խանջյանը լայն ժողովրդականություն էր վայելում, այդ հանգամանքը շատ էր անհանգստացնում Բերիային` այն ժամանակվա անդրկովկասյան կ.կ. բյուրոյի քարտուղարին, որը ինչպես հետո պարզվեց սրիկայի, ահավոր բռնակալի մեկն է եղել: Ոչ ոք չհամարձակվեց պարզելու իսկությունը, ով էր գլխից ձեռք քաշել, որպեսզի ասեր, թե Խանջյանը ժողովրդի թշնամին չէ, որ նա ազնիվ ու նվիրված անձնավորություն է: Բերիան իր ձեռքով սպանելով Խանջյանին լուրեր տարածեց, թե Աղասին ինքնասպան է եղել, իբր վախենալով իր արածներից, որոնք հակախորհրդային բնույթի են եղել և նպատակ են ունեցել տապալելու տիրող կարգերը:
Այդ թշվառականը, ամբողջ քսան տարի այդ դեպքից հետո, շարունակեց սևացնել տարաբաղտ Աղասուն մինչև, որ Ստալինի մահից հետո գնդակահարվեց:
1936 թվականից սկսվում է հայ ինտիլիգենցիայի ահավոր կոտորածը: Ամեն մի առիթով ձերբակալում էին գրողների, արվեստագետների, գիտնականների, ուսուցիչների և, առհասարակ, խելքը գլխին անձնավորությունների: Բանտերը լիքն էին չարչարված, տառապած մարդկանցով, առանց դատ ու դատաստանի սպանում էին կամ աքսորում Սիբիրի խորքերը: Այսպես սպանվեցին Չարենցը, Բակունցը, Թոթովենցը, աքսորվեցին Ալազանը , Նորենցը, Գուրգեն Մահարին, Վշտունին, Մկրտիչ Արմենը և էլի շատ ուրիշներ: Հետո արդեն պարզվեց, որ բոլորը եղել են անմեղ զոհեր և իրականում ոչ մի հեղափոխական խմբի գործունեություն չի եղել: Այս տարիների անցուդարձը ավելի ահավոր է եղել:
Հիշում եմ Աղասի Խանջյանի թաղումը Երևանում: Խառն բազմություն էր հետևում նրա դագաղին, սակայն չեկիստները ու միլիցիոներները քշում էին մարդկանց հեռու, որպես ժանտախտից վարակված մարդու դիակից: Զանգվի ձորի երկու ափերին` քարաժայռերի վրա խառն բազմություն էր հավաքվել` դիտելու թաղման տեսարանը: Սակայն չեկիստները այստեղ էլ ժողովրդին չէին թողնում մոտենալ` վերջին հրաժեշտը տալու իր առաջնորդին: Դրանից անմիջապես հետո սկսվեցին բռնությունները և հալածանքը: Ձերբակալվեցին կառավարության և կուսակցական վերին օրգանների բոլոր անդամները:
Ես այդ տարիներին նկարիչների միության կոմսոմոլի կոմիտեյի առաջին քարտուղարն էի, լավ եմ իշում, թե ինչպես շարունակ մեզ կանչում էին շրջանային կուսակցական կոմիտեները, ժողովներ էին գումարում և պահանջում տալ անունները կասկածելի մարդկանց, որոնք առնչություն են ունեցել կառավարության մարդկանց հետ:
Ես չտվեցի նկարիչներից և ոչ մեկի անունը, թեև քանդակագործ Թորգոմ Չորեքչյանը դիմել էր կենտկոմ և ներկայացրել մի շարք արվեստագետների անուններ, որոնք իբր թե շատ կասկածելի են և պետք է նրանց հարցաքննել: Մի շարք նիստերում, որոնք տեղի են ունենում կուսակցության կենտկոմում մենք մեկ առ մեկ քննարկեցինք Չորեքչյանի ներկայացրած մատերիալի կետերը և չգտանք և ոչ մի կասկածելի նկարիչ, որը հակասովետական գործունեություն ծավալեր:
Վանելով բոլոր տեսակի զրպարտությունները ես վճռական հակահարված էի տալիս զրպարտիչին` Չորեքչյանին, ի վերջո նրան դուրս վռնդեցինք միությունից և կոմիտեյից: Ի բնե ազնիվ և ճշմարտախոս լինելով ես տանել չէի կարող ստախոսությունն ու զրպարտությունը, իմ ողջ էությամբ պայքարում էի այդ երևույթների դեմ: Սակայն երբ է ճշմարտությունն ու ազնվությունը կյանքում գնահատվել: Այդ հանգամանքը ես բազմիցս այնուհետև զգացել եմ և չարաչար զրկանքներ կրել…
Որքան անարդարացի, ոչ մարդկային, կարելի է ասել ուղղակի գազանային բնույթ ցուցաբերեցին այդ տարիներին Ստալինի վարած դիկտատուրայի մարդիկ: Սակայն արվում էր այդ բոլորը հանուն աշխատող մարդու <<բարեկեցության>> լոզունգի տակ, հանուն սոցիալիստական կարգերի պահպանման համար: Բոլոր տեսակի մտածածին զրպարտությունները արվում էին նրա համար, որպեսզի իբր թե արմատախիլ արվեն հակահեղափոխական տարրերը: Սակայն զարմանալին այն էր, որ մենք հավատում էինք այդ բոլոր հորինված զրպարտություններին, հավատում էինք և այդ հավատը մնաց անվեհեր ամբողջ պատերազմի ընթացքում և հետագա տարիներին, մինչև մեծ բռնակալի մահը:
Ամենամեծ ծաղրը եղավ այն, որ Ստալինը 1937 թ. պետության սահմանադրություն հրապարակեց, թղթի վրա մնացին այդ օրենքները, իսկ իրականում նույն ինքնակամ ղեկավարությունը, բռնությունը, խոսքի և մամուլի ազատության բացակայությունը:
Սահմանադրության հռչակման արդիվ (ի դեպ կոչվեց - Ստալինյան սահմանադրություն) նկարիչները մեծ ցուցահանդես կազմակերպեցին, որտեղ մեծ կտավներով հանդես եկան բազմաթիվ արվեստագետներ: Ես նույնպես ցուցադրեցի մեծ կտավ <<Ժողովուրդների պատգամավորները Ստալինի մոտ` Կրեմլում>>: Իհարկե, այդ պատկերները իրենցից որևէ գեղարվեստական արժանիք չէին ներկայացնում, սոսկ իլյուստրատիվ նշանակություն ունեին, միայն Ստալինին գովաբանելու, փառաբանելու նպատակ էին հետապնդում:
Ընդհանուր …մեջ, կասկածն ու զրպարտությունը առաջնահերթ …ունեին: Այդ զրպարտություններին զոհ գնացին նաև մի քանի նկարիչներ, որոնցից հիշատակելի է Տաճատ Խաչվանքյանը, գրաֆիկ – գրքի նկարազարդման մասնագետ: Նրա մեղքը նրանում է եղել, որ քահանայի որդի էր ծնվել…
1939 թվականի աշնանը բացվեվ Սասունցի Դավիթ էպոսի ստեղծման հազարամյակը: Նկարիչների մեծ մասը աշխատել էր պատմական թեմաների վրա, որոնք առնչություն ունեին էպոսի ստեղծման դարաշրջանի հետ, ես նկարեցի մեծ կտավ <<Բագրևանդի ճակատամարտը>>, որտեղ պատկերվել էր արաբների և հայերի կռիվը: Բազմաֆիգուր թեմատիկ այդ գործը հաջողություն ունեցավ:
Ինչ խոսք, որ ցուցահանդեսի գործերը շուտով մոռացվեցին, այսօր ոչ ոքի հետաքրքիր չէ գեղարվեստական քիչ արժեք ունեցող այդ նկարիչները:
Մարդանկարչության փորձ մենք չունեինք, դա էլ առանձնահատուկ մասնագիտություն է, հետևաբար այդ պատկերները չունեցան անհրաժեշտ որակը: Թեպետ պետք է ասել, որ հետաքրքիր կոմպոզիցիայով ստեղծված նկարներ կային, որոնց թվում նաև իմ աշխատանքը: Նկարիչները մի երկու ամսում մեծ կտավներ էին վերջացնում, դա արդեն չէր կարող անհրաժեշտ որակը ապահովել:
1938 թվի ամռանը ես բնանկարներ նկարեցի Լոռվա ձորում, գլխավորապես Քոլակետան կայարանի շրջակայքում: Ինձ համար արտասովոր էր լեռնային միջավայրը, անտառապատ քարաժայռերը և լեռնային գետի օձապտույտ գալարումները խորը կիրճում: Իմ բնանկարներից շատ քչերը միայն որոշ ինքնատիպությամբ կարողացան վերարտադրել այդ բարդ տեղանքի պատկերը: Ընդհանրապես այդ տարիներին ես չունեի անրաժեշտ վարպետություն, դեռևս այն պատճառով, որ իմ բնանկարները ինձ ոչմի կերպ չէին կարող բավարարել:
1939 թվին ես պատվեր ստացա նկարելու <<Կազախի Կարմիր պարտիզանները>> թեմայով, հարկ եղավ մեկնել Իջևանի շրջանի Սևաքար գյուղը` նյութ հավաքելու, էտյուդներ կատարելու: Ամբողջ սեպտեմբեր ամիսը ես անցկացրի գյուղում: Նկարեցի մի շարք պարտիզանների դիմանկարներ, գյուղական մոտիվներ, բնանկարներ և այլ գործեր:
Մեր տան տերը` Վերգո բիձան, ապրում էր առաջին հարկում և կոլեկցիաներ էր, հավաքում էր խոհանոցային սպասքներ` թեյնիկներ, ափսեներ, կերասինկաներ, բաժակներ և այլն: Նրա ողջ բնակարանը լի էր այդպիսի պարագաներով: Ինքը ջորեպան էր, մարդկանց համար բեռեր էր տանում բերում, ես նկարեցի նրա դիմանկարը, որը ըստ երևույթին Գոբսեկին շատ էր նման:
Անժիկը գնաց գյուղին պատկանող ամառանոցները` սարերը և այնտեղից բերեց շատ հետաքրքիր էտյուդներ, իր դիպլոմի նկարման համար, որը և ներկայացրեց հետևյալ ուստարվա վերջին և շատ հաջողակ գնահատական ստացավ:
Այդ տարիներին ես շարունակ գրքերի նկարազարդումներ էի կատարում պետական հրատարակչության համար: Ինքնըստինքյան բացի հետաքրքիր լինելուց, դա որոշ նյութային օգնություն էր հանդիսանում ինձ համար:
Եղբայրս` Սուրիկը, սովորում էր Լենինգրադի ակադեմիայի քանդակագործական ֆակուլտետում, շատ ընդունակ տղա էր և հաջողություն ուներ իր գործում: Քույրս` Անժիկը, սովորում էր Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտի գրաֆիկական ֆակուլտետում, իսկ Ալիսը` Մոսկվայի գրադարանային ինստիտուտում, այնպես որ անհրաժեշտ էր դրամական օգնություն ցույց տալ նրանց:
Նամանավանդ Սուրիկին, որը առաջին տարիներին ինստիտուտից թոշակ չէր ստանում: Հեշտ չէր ինձ համար և ընտանիք պահել, և երեք ուսանողի փող
ուղարկել, ես շատ էի աշխատում, անում էի ամեն ինչ, որպեսզի կարողանամ ծայրը ծայրին հասցնել:
1940 թվին քույրերս վերադարձան, որից հետո դրությունս մի քիչ թեթևացավ: Անժիկը սկսեց դասավանդել Երևանի գեղարվեստական ուսումնարանում:
1940 թվականին մեկը մյուսի հետևից մահացան Ստեփան Աղաջանյանը և Փանոս Թեռլեմեզյանը, նրանք միասին սովորել էին Փարիզի Ժյուլին ակադեմիայում, շարունակ հիշում էին իրենց ուսանողական կյանքի էպիզոդները:
Վերջին տարիներին շատ քիչ էր աշխատում Աղաջանյանը, ծուլացել էր, դարձել քնքոտ, երբեմն գնում էի մոտը, խոսում էինք, պատմում էր անցյալից, հիշում էր երիտասարդական տարիները:
1937 թվին նկարիչների միությունը կազմակերպեց Աղաջանյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդես` նկարիչների տան մեծ դահլիճում: Ես գրեցի կատալոգի առաջաբանը: Նախկան տպելը կարդացի, իրեն շատ դուր եկավ: Հավաքել էին իր դիմանկարների մեծ մասը` Բաքվից, Ռոստովից և այլ քաղաքներից: Հոյակապ ցուցահանդես էր` դասական մեծ նկարիչների տիպի: Սակայն նա վերջին մոհիկանն եղավ մեր իրականության մեջ…Իր հոգու պես ազնիվ ու պարզ մի արվեստ ստեղծեց և հեռացավ կյանքից` թողնելով մեծ վարպետներին հատուկ գործեր:
1939 թվականին հայ արվեստը ներկայացվեց Մոսկվայում: Տասնօրյակի օրերում կազմակերպվեց կերպարվեստի մեծ ցուցահանդես, որին մասնակցում էի նաև ես` գեղանկարչական մի շարք պատկերներով: Դրանցից անհրաժեշտ է հիշատակել` <<Բագրևանդի ճակատամարտը>> և բնանկարներ Դիլիջանից և Սևաքարից: Այդ գործերի մասին դրվատանքի խոսքեր տպվեցին Մոսկվայի մամուլի էջերում:
1940 թվականին վերջապես արվեստանոց ստացա: Դա շատ մեծ իրադարձություն եղավ իմ ստեղծագործական կյանքում, այնուհետև ես կարողացա կանոնավոր աշխատել և կենտրոնանալ: Տարիներ շարունակ մեկ սենյակում ապրել ու աշխատելը ինձ վրա շատ թանգ նստեց, ես կորցրի շատ օրեր, շատ էլ ջղայնացա այդ անելանելի դրության մեջ:
Արվեստանոցը մեծ էր, պատկանել էր քանդակագործ Արա Սարգսյանին, որի համար հատկապես տուն շինվեց Սարյանի տան մոտակայքում, իսկ հինը ինձ տվեց:
Այդ տունը շինված էր հատկապես արվեստագետների համար` 1927 թ.: Այնտեղ սկսեցին ապրել և աշխատել Սուրեն Ստեփանյանը, Ստեփան Թարյանը, Գոհարիկ Ֆերմանյանը և Արա Սարգսյանը: Տան կից` հովասան պարտեզը, վարդերը ու ծաղիկները առանձին շուք էին հաղորդում և բերկրանք պատճառում նկարիչներին:
Ես երեսունչորս տարի է աշխատում եմ այդ արվեստանոցում` մի ամբողջ կյանք, շատ գեղեցիկ օրեր, պոետիկ ժամեր եմ անցկացրել այնտեղ:Ստեղծագործական մտորումների հետ` սիրո պահեր, դառն հիասթափության ժամեր, մենակության զգացողության ապրումներ: Այդ արվեստանոցը մուտք գործեցի երիտասարդ` ռոմանտիկ երազանքներով առլեցուն, իսկ հիմա` ծերության այս օրերին` դառը հիասթափությունը ինձ հանգիստ չի տալիս: Ես չկարողացա հասնել արվեստի այն բարձունքներին, որոնց մասին անչափ երազում էի, իմ կարողությունները նվազ օգտագործեցի, շարունակ ջլատեցի իմ ուժերը, կարիքը սպառեց ստեղծագործական եռանդը, ես չունեցա նվիրված լավ ընկերներ, արվեստակից ընկերներ, որոնք կարողանային շարունակ բարձրացնել ինձ, ես չունեի լավ ընկերուհիներ, կյանքի ընկերուհիներ, որոնք շարունակ եռանդ, կորով ներշնչեին ինձ: Ու անցան տարիները տարիների հետևից ու ես չտեսա իմ ակնկալած դաբնիները…
Այդ ժամանակներում մեր նկարչական ցուցասրահը գտնվում էր նախկին պարսկական մեջիթի բակում, որը ծածկված էր ապակյա տանիքով: Այստեղ էինք մենք անցկացնում մեր ընկերական հանդիպումները, վեճերը, զրույցները: Իսկ նկարիչների միությունը տեղավորվել էր Աբովյան փողոցի վրա գտնվող երկհարկանի շենքում, որտեղ մինչև մահը ապրել էր Աղասի Խանջյանը:
Երիտասարդական տարիների ամենալավ պահերը ահա անցել են այդ երկու վայրերում: Արվեստանոց ձեռք բերելուց հետո ես այլևս քիչ էի երևում հասարակական վայրերում, աշխատանքը կլանում էր բոլոր ժամերը` առավոտից մինչ երեկո ես նկարում էի, փակված ու միայնակ խորհելով արվեստի խնդիրների շուրջը: Սակայն ինձ անհրաժեշտ էր բարձր վարպետության ոլորտներին հասնել, հարկ էր շատ աշխատել նկարչության մեջ, ուսումնասիրել շրջապատի կյանքը, տիպաժը, ավելի ու ավելի ինքնուրույն ուղիներ գտնել գեղանկարչության բնագավառում:
1939 թ. ամռանը, գեղանկարիչ, իմ անձնական բարեկամ Գաբրիել Գյուրջյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց շարժական արվեստանոց - ցուցահանդես, որի նպատակն էր արվեստը մոտեցնել ժողովրդական մասսաներին: Բոլոր հարմարություններով օժտված նկարիչների խումբը մեկնեց շրջանները և տեղում էտյուդներ կատարում, հավաքում անհրաժեշտ մատերիալներ տանը մշակելու համար: Բացի դրանից, գյուղերում բացվում էին ցուցահանդեսներ` ժողովրդին ծանոթացնելու համար նկարիչների ստեղծագործություններին:
Առաջին ուղերթով խումբը մեկնեց Սևան` Մարտունի: Սևանի գեղատեսիլ ափին դրվեցին վրանները և նկարիչները սկսեցին ոգևորված աշխատել բնանկարների վրա: Այն ժամանակ Սևանը շատ գեղեցիկ էր, դեռ ջրերը լրիվ ծածկում էին բրոնզե ժայռերի կողերը: Դեռ չէին կեղտոտված նրա ափերը և կուսական մաքրությունը նկատելի էր ամենուրեք:
Աշխատում էին Գաբրիել Գյուրջյանը, Սեդրակ Առաքելյանը, Ռաշմաճյանը, …Ստեփան Թարյանը և մի քանի այլ գեղանկարիչներ:
Ես մասնակցեցի 1940 թ. կազմակերպված մարշրուտին, որը մեկնեց Բյուրական գյուղը: Օգոստոսյան մի գեղեցիկ առավոտ մենք նստեցինք ավտոմեքենան, մի մեծ ապրանքատար, որը հարմարեցված էր մասնավորապես այդ նպատակների համար: Գ. Գյուրջյանը գլխավորում էր երթը, Բոլորս լեցված էինք էնտուզիազմով, բնության մեջ աշխատելու ձգտումը անչափ շատ էր:
Բյուրականը այդ տարիներին պահպանել էր իր հնամենի տեսքը, ամենուրեք պտղատու այգիներ, ծիրանիների պուրակներ և նրանց մեջ ծվարված փոքրիկ հողաշեն տնակներ` տափարակ կտուրներով: Դեռևս չկար աստղագետ Վ. Համբարձումյանի ներկայումս հայտնի ասղագիտարանը իր բազմաթիվ շենքերով, աշտարակներով: Սքանչելի էին ձորակում գտնվող ջրաղացները` շրջապատված բարդենիներով: Հնադարյան այդ ջրաղացները անչափ քնարերգական էին, անչափ նկարչական` թե իրենց ինքնատիպությամբ և թե գույներով: Գյուղի բարձրադիր վայրում, բարդենիների հովանու տակ մենք բաց արինք մեր վրանները և սկսեցինք աշխատել: Արագածից իջնող մեղմ զեփյուռը, այգիների կանաչը, ծաղիկների հարբեցուցիչ հոտը, թռչունների ծլվլոցը մեզ տրամադրում էին, ստեղծագործական մղում առաջացնում:
Ես իջա ձորը և մի փոքրիկ ջրաղացի առաջ բաց արի իմ նկարչական տուփը և պատրաստեցի կտավը: Ինձանից քիչ հեռու աշխատում էր Գյուրջյանը, իսկ հետո եկավ, աղմուկ ծիծաղով, Խաչիկ Եսայանը: Լեռնային գետակի խշխշոցը, բարդիների սոսափյունը, թռչունների ծլվլոցը եղան մեր նկարչության գործակից ոգեշնչողը:
Նկարչի գերագույն երջանկության պահեր են սրանք, որոնք անչափ քնարերգական են, հոգեհույզ և մնում են հիշողության մեջ հավիտյան:
Այսօր, երբ երիտասարդ արվեստագետները հեռու են մնում մեծ անզուգական բնաշխարհից, չեն տեսնում և զգում նրա հետքը, նրա բովանդակալից էությունը, մեզ համար անհասկանալի է մնում նրանց արվեստի էությունը, երբ ամբողջապես մտածածին է:
Բնության մեջ ամեն ինչ պլաստիկ է, ամեն ինչ ներդաշնակ, անհրաժեշտ է միայն տեսնել նրան, առանձնացնել, շեշտել, յուրօրինակ ձևով ներկայացնել: Ինքնատիպությունը հենց այդ յուրօրինակության մեջ է կայանում, տարածության ու առարկաների փոխադարձ ներդաշնակությունների, գույների համադրությունների և ասելիքի կարևորության մեջ:
Երբ ես աշխատում էի Բյուրականի բնության գրկում, առանձնապես ինձ հատաքրքրում էին այդ խնդիրները: Չունենալով անհրաժեշտ փորձ` ես մտորում էի շարունակ, փորձում աշխատանքի տարբեր եղանակներ, արտահայտչական այլ և այլ միջոցներ: Ես ձգտում էի ստեղծագործական ներքին բովանդակությունը մեկնաբանել, այն, ինչ ամենից առավել ինձ հուզում է, ինչ որ միջոցներով ես կարողանամ արտահայտել իմ ասելիքը:
Եթե արվեստի գործը չի արտահայտում որևէ իդեա, թե ինչի համար է այն արված, ինչ նպատակ է հետապնդում, ապա ստացվում է այն, որ նա չունի որևէ բովանդակություն և չի կարող հետաքրքրություն առաջացնել դիտողի մեջ: Այս կարևոր հանգամանքը շարունակ լուրջ նկարչի մտորումների նյութ է հանդիսանում:
Պլեներում աշխատելու ընթացքում ես շատ բան սովորեցի, ուսումնասիրեցի, որը իմ մեջ լիցք կուտակեց կոմպոզիցիոն աշխատանքների վրա գործադրելու համար: Բյուրականից սքանչելի է երևում ամբողջ Արարատյան դաշտը և վեհապանած զույգ գագաթները Մասիսի, ես մի քանի անգամ փորձեցի նկարել այդ բնանկարը, սակայն իմ մոտ չստացվեց այն, ինչ բնությունն էր ներկայացնում:
Պատերազմի տարիներին
Դեռ նոր էինք Բյուրականից վերադարձել և պատրաստվում էինք մի նոր ուղերթի մեկնել, երբ լուր ստացվեց պատերազմի մասին: Լուրը հաղորդեց մեր դռնից Արշակը, որը հիմա մատենադարանում որպես ռեստավրատոր է աշխատում, իսկ այն ժամանակներում դերձակ էր: Հայրիկս տակավին ողջ էր, լուրը նրան շշմեցրեց, նրա դեմքը ստացավ քաթանի գույն, անչափ վախեցավ խեղճ մարդը: Այդ վախը իր հիմքերն ուներ անցյալից, բազմիցս հայրիկս տեսել էր պատերազմներ, ալան-թալան, կոտորած, փախուստ հայրենիքից և այլն: Ոչ ոք չէր պատկերացնում վտանգի մեծությունը, բոլորը կարծում էին, որ դա շատ շուտ կվերջանա, ինչպես, ասենք, ֆինական կամ լեհական պատերազմները: Քաղաքում նորմալ կյանքը շարունակվում էր իր ընթացքով, թատրոնները, կինոները, ակումբները կատարում էին իրենց ծրագրերը: Գրողների տանը տեղի էին ունենում զեկույցներ, քննարկում էին Շեքսպիրի երկերը, Համլետի կերպարը:
Ես աշխատում էի պարտեզում, նկարում էի դիմանկարներ, նատյուրմորտներ և հետևում պատերազմի ընթացքին: Նկարչի տանը տղաները բիլիարդ էին խաղում, խոսում, ծիծաղում: Բացվում էին անհատական ցուցահանդեսներ: Երիտասարդ էի, անհոգ, ամեն օր տարվում էի օրիորդների ռոմանտիկ տեսքով, ծանոթություններ էի որոնում: Ճաշակում էի մամայիս համեղ խորտիկներն ու կերակուրները, վայելում նրա ամենօրյա խնամքը և ինձ երջանիկ էի զգում, որովհետև հոգս չունեի, միակ հոգսս իմ արվեստի դժվարություններն էին, որոնք զօր ու գիշեր անհանգստացնում էին ինձ:
Սակայն պատերազմը շատ շուտով զգացնել տվեց իրեն, սովետական զորքերի նահանջը, մեծ կորուստները, սննդամթերքի օրեցօր նվազումը սկսեցին մտահոգել մարդկանց: Այդ մտահոգությունը փոխվեց խուճապի, երբ հիտլերյան բանակը, ուշ աշնանը, երևաց Մոսկվայի մատույցներում: Մի խումբ հայ նկարիչներ թողեցին Մոսկվան և շունչները առան միայն Երևանում` Դ. Նալբանդյան, Վ. Աղաբաբյան, Ստեփանյան և ուրիշներ:
Երբ որ կառավարությունը թողեց Մոսկվան և տեղափոխվեց Վոլգայի վրա գտնվող Կույբիշեվ քաղաքը, մենք արդեն հույսներս կորցրինք մայրաքաղաքի պաշտպանության վերաբերյալ: Միայն հրաշքը կարող էր փրկել վերահաս սպառնալիքը և այդ հրաշքը տեղի ունեցավ: Վաղ ցրտերը, որոնք այդ ամիսներին հազվադեպ էին` այդչափ ցածր ջերմաստիճանի հասան, ցրտահարեցին գերմանական բանակի զորքերին: Սառնամանիքները փակեցին տանկերի շարասյուների չանապարհը, մեքենաների մատոռները անշարժացան, ճակատագրի հզոր որոշմամբ փոխվեց պատերազմի դրությունը: Ժամանակին, բերված սիբիրյան զորքերը, որոնք սովոր էին նման պայմաններին, անցան հակահարձակման և շպրտեցին գերմանական դիվիզիաները Մոսկվայից շատ հեռու: Դեպքերի այս աննախադեպ զարգացումը մեծ ոգևորություն առաջ բերեց արվեստագետների մեջ, նրանք նոր լիցք ստացան ստեղծագործելու համար: Շուտով բացվեց հայ արվեստագետների հերթական ցուցահանդեսը` նվիրված նայրենական պատերազմի հերոիկային:
Չնայած սոված էինք, արվեստանոցներում սաստիկ ցուրտ էր, չկային կտավ ու ներկեր, այնուամենայնիվ մենք աշխատում էինք օրն ի բուն և կարճ ժամանակամիջոցում հասցրեցինք ավարտել բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ, որոնց բովանդակությունը արտացոլում էր պատերազմական կյանքի դրվագներ, կարմիր բանակայինների սխրագործություներ և թիկունքային կյանքի էպիզոդներ:
Իհարկե, այդ գործերից շատ քչերը կարողացան հարատևել, մեր թանգարանների պատերին մշտապես կախվել , նրանք ավելի շուտ … բնույթ ունեին, իրենց դերը կատարեցին այդ տարիներին և իսպառ վերացան ժամանակի ծալքերում:
1942 թ. դեկտեմբեևրի 5-ին, մի անձրևոտ օր, մահացավ հայրս, մեծ դժվարությամբ մենք կարողացանք մի ավտոմեքենա գտնել, որպեսզի նրա դագաղը տեղափոխենք գերեզմանատուն: Դժվար օրեր էին, կտրոններով հաց էինք ստանում` մի կտոր սև հաց և էլ ուրիշ ոչինչ: Արվեստագետներին ճաշ էին տալիս, որը բաղկացած էր մի փոքր աման սոյայի ապուր և փոքր կտոր հաց: Ստալինգրադի ճակատամարտի ահավոր դղրդյունը հասնում էր մեզ, ամեն օր գնացքները հազարավոր վիրավորներ էին տեղափոխում մեր քաղաքի հոսպիտալները:
Թուրքերը մեծ քանակությամբ զորք էին կուտակել սահմանի վրա, որպեսզի Ստալինգրադի անկումից հետո անցնեն հարձակման և գրավեն Կովկասը: Բոլորի հայացքները ուղղված էին Ստալինգրադին, ոչ ոք չէր կարող կողմնորոշվել, թե ինչ կբերի վաղվա օրը: Սակայն կար մի ինչ որ հավատ, որը հույս էր ներշնչում, դա կատաղի դիմադրության հավատն էր, հերոսների սխրագործությունը, որի էպիզոդները մենք լսում էինք ամենուրեք:Մենք Ստալինգրադի ճակատամարտին նվիրված ցուցահանդես կազմակերպեցինք նկարիչների տան սրահներում:
Այդ տարիներին շատ էի ցանկանում ամուսնանալ, ընտանիք կազմել, սակայն կյանքի անապահով դրությունը ինձ ստիպում էր վանել այդ միտքը իմ գլխից: Իմ վաստակը շատ էր քիչ, ես աղքատ էի…
Երիտասարդական այդ տարիներին շատ էր իմ մեջ երազանքը, ռոմանտիզմը, սերը դեպի գեղեցիկը, կատարյալը, ազնիվը, վեհը: Ես կարդում էի Շեքսպիր, Գյոթե, Բալզակ, Ստենդալ, Ֆլոբեր, երգում էի կլասիկ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործություներից դրվագներ և այլն: Իմ ծանոթ աղջիկների մեջ չկար մեկը, որը գեթ որոշ չափով համընկներ իմ երազանքներին, շատ էին նրանք սահմանափակ իրենց աշխարհայացքով, դատարկությամբ և ընդունակություններով:
Պատերազմի տարիներին, երբ ամենուրեք հառաչանքներ էին լսվում, անեծք ու լաց` ես օրիորդների դիմանկարներ էի նկարում, վարդեր ու քնարական բնապատկերներ: Այդ իդեալիստական … ինձ մոտ շատ տարիներ գոյություն ունեցան և դեռ հիմա էլ, երբ գտնվում եմ յոթ տասնյակ տարիների մեջ, դարձյալ ռոմանտիկ սիրով եմ տարվում…
Ընդանրապես, ես չեմ կարողացել կյանքից լի ու լի օգտվել, անգործունյա էությունս ինձ զրկել է բոլոր տեսակի վայելքներից: Ասկետ եմ եղել, ինչպիսի ապուշություն: Այն հանգամանքը, որ պատերազմի տարիներին, երբ ամենուրեք կանայք էին, տղամարդիկ շատ սակավ էին, ես չկարողացա մի հարմար կնոջ հետ կապվել` ինքնստինքյան ապացույց է իմ անճարակությանը…
Արվեստը դարձավ իմ գլխավոր հոգսը, ես նվիրել էի ինձ նկարչությանը, դրանով էի ապրում, կյանքիս գլխավոր նպատակը դրանում էի տեսնում:
Ընկերներիցս շատերը չվերադարձան պատերազմից, չվերադարձավ նաև փոքր եղբայրս` Սուրիկը, տաղանդավոր քանդակագործ, անչափ կյանքով առ լեցուն, քնարական խառնվածքով մի քնքուշ երիտասարդ:
Շատ պատկերներ ես նկարեցի պատերազմի տարիներին, որոնց մեջ կային մեծադիր կտավներ` կռվի ահավոր տեսարաններով, կային հանդիպումներ կարմիր բանակայինների հետ` ազատագրված վայրերում: Վերջում 1945 թ. աշնանը ես նկարեցի <<Հերոսը հայրենի ընտանիքում>> յուղաներկ մեծ պատկերը, որտեղ նկարված էր ծառի տակ բացված լի սեղան, որի շուրջը բոլորել են ընտանիքի անդամները, կենտրոնում բանակային հերոսն է, առաջին պլանի վրա երաժիշտները: Գործը ցուցահանդեսում գովեստի արժանացավ և գնվեց պետության կողմից:
Պատերազմց հետո շատ ընտանիքներ մնացին առանց տղամարդ, փակվեցին առ միշտ շատ դռներ, ամայացան գյուղեր և ավաններ, կրկին Հայաստանը որբերով ու այրի կանանցով լցվեց: Սակայն այս… հայերից դժխեմ բախտը երես թեքեց, նրանք ոչինչ չստացան, ոչ մի թիզ հող չավելացավ նրանց սահմանների վրա, բոլոր սպասելիքները ի թերև ելան, մենք մնացինք կոտրած տաշտակի առաջ նստած: Իսկ պատեհ առիթը ներկայացավ, հնարավոր էր կրկին հետ ստանալ մեր նախկին սահմանները: Այսինքն 1914 թվի Ռուսական կայսրության սահմանները: Բոլորի համոզմունքով այդ խնդիրը իր ամբողջ ծանրությամբ չդրվեց` Ստալինի և Բերիայի չկամության պատճառով: Նրանք տանել չէին կարող հայերին և չէին կամենա լավը տեսնել: Այսպիսով բաց թողնվեց պատեհ առիթը և կրկին մնաց մեր երկիրը թուրքերի ձեռքը և այս անգամ առմիշտ…
Հետ պատերազմյան շրջան
Խաղաղությունը իր հետ բերեց որոշ հանդարտություն, լարվածությունը մեղմացավ, երկիրը սկսեց իր ստացած վերքերը բուժել: Արվեստի զարդացումը թևակոխեց իր նոր փուլը, նոր հետաքրքրություններ սկսեցին հուզել նկարիչների սիրտը, նոր թեմաներ որոնելը, ընդլայնվեց նրանց տեսահորիզոնը: Բոլորի հայացքը կրկին բևեռվեց բնության վրա, նրա ուսումնասիրության համար նկարիչները սկսեցին մեկնել Հայաստանի տարբեր շրջաններ, որոնել հատաքրքիր մոտիվներ, տարբեր մոտեցումներով մեկնաբանել իրենց տեսածն ու զգացածը: Շարժական արվեստանոցը սկսեց իր մարշրուտները, առաջինը Բժնի գյուղն էր, որի մերձակայքում բացվեցին վրանները և նկարիչների մի ստվար խումբ սկսեց իր պլեներային աշխաըանքը: Խումբը կազմված էր հետևյալ անձերից` Գոհարիկ Ֆերմանյան, Ասլամազյան Մարիամ, Հեղինե Աբրահամյան, Վերգինե Հայրապետյան, Սեդա Ղարագյոզյան, Վալոդյա Այվազյան, Պետիկը` տողերիս հեղինակը և ղեկավար` Գաբրիել Գյուրջյան: Խումբը ամեն ինչով ապահովված էր` ճաշարան, խոհանոց, չորանոց, լոգարան և այլ հարմարություններ: Մեզ մնում էր միայն լարված ստեղծագործել, որոնումներ կատարել, գտնել բնորոշը, գեղեցիկը, ինքնատիպը:
Պետք է նշել, որ այդ ժամանակներում բոլոր նկարիչների մոտ նկատելի էր էտյուդիզմի հակումն, էտյուդ բնությունից- հասկացվում էր ընդօրինակումն բնության այս կամ այն գեղեցիկ կտորը: Շեշտված յուրօրինակությունը շատ քիչ էր նկատելի, ստեղծագործական հնարքները պասիվ հայեցողական բնույթ էին կրում: Այդ պատճառով էլ հազվագյուտ էին զանազանվում գունանկարչական բնանկարները մեկը մյուսից:
Այդ ռեալիստորեն - (իմպրեսիոնիզմի ակցենտով) նկարված կտավները կարելի է ասել նախադուռ կարող էին հանդիսանալ հետագա ստեղծագործական ծրագրերը կազմավորելու ժամանակ:
Հայրենի երկրի ճանաչումը, նրա ամենաբնորոշ կողմերի խորը ընկալումը անչափ նյութ տվեց նկարիչներին հետագա կերպարային միտումների, ստեղծագործությունների համար: Այս էր մնում էտյուդիզմի այդ էտապից, իսկ դա երբեք էլ … չի կարելի համարել:
Ամեն ձևի ընդհանրացումներ և այլ մեթոդներ սկսվեցին կիրառվել հետագայում, արդեն իսկ այն կուտակված պաշարի վրա, որը այդ տարիներին ձեռք էին բերել նկարիչները:
Երեսունական և քառասունական թվականների մեծ գործերում նկատելի էր մեր ավագ սերնդի ավանդույթների գործակցումը, շատ էր մի կողմից Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Առաքելյանի և մյուս կողմից Գաբրիել Գյուրջյանի, Թեռլեմեզյանի և այլոց ազդեցությունը` բնանկարի բնագավառում, իսկ դիմանկարի կողմից` առանձնապես Ստեփան Աղաջանյանի դիմանկարների հմայքը: Իհարկե, մեծ էր ֆրանսիական դպրոցներին պատկանող նկարիչների` առանձնապես իմպրեսիոնիստների և բարբիզանցիների ազդեցությունը:
Քառասունական թվականներին Բժնի գյուղը դեռ պահպանում էր իր նախնադարյան տեսքը, հայ գյուղին տիպական կավե տափարակ տանիքներով խեղճ ու կրակ տնակները, ……… և խոտի դեզերը: Այդ ամենի վրա իշխում էր միջնադարյան Բժնի հայտնի բերդի ավերակները և 12-րդ դարի հայաշեն վանքը:
Հայկական բնանկարի սքանչելի մի օրինակ կարող էր հանդիսանալ Բժնին: Մի շարք հետաքրքիր գեղանկարչական գործեր նկարիչները կարողացան նկարել այդ վայրերից: Իհարկե, այդ էտյուդները իրենց թարմության հետ միասին մակերեսային բնույթ ունեին և որպես նյութ կարող էին ծառայել ավելի երկարատև մշակում պահանջող բնանկարների համար:
Նույն տարվա աշնան ամիսներից մեկում մի խումբ նկարիչների հետ ես աշխատեցի Մխչյան գյուղում, որը Արտաշատի մոտ է գտնվում:
Իմ այդ շրջանի աշխատանքներում ես որոնել եմ գյուղական մոտիվներ, որոնք միջավայրին շատ բնորոշ են և զարմանալի ինքնատիպ, առանձնապես ինտերյերի տեսարանները, գյուղային կենցաղին բնորոշ գծերով: Հետագա տարիներին այդ մոտեցումը ես շարունակել եմ պահպանել: Սակայն դա չի եղել ազգագրական նկարազարդում, այլ տիպական կերպարների որոնումներ:
Պլեներային գեղանկարչության շատ գեղեցիկ օրինակներ կարելի է նշել քառասնական թվականներին նկարված նկարիչների գործերում, որոնց մեծ մասը ցվրված է տարբեր հանրապետությունների քաղաքների պատկերասրահներում:
Լինելով անմիջական տպավորությունների արդյունք` դրանք պարզ ու թարմ վերարտադրում էին նկարչի զգացողությունները: Սակայն նրանց մեջ պակասում էր կոնստրուկտիվ էլեմենտը, ներքին մտահղացման այլ և այլ արտահայտամիջոցները: Գունային դաշնության ժայթկումներով հարուստ էլեմենտները հայտնվեցին հիսունական թվականների գործերում` բնանկարներում, դիմանկարներում, կոմպոզիցիաներում:
Հայ կերպարվեստում հայտնվեցին նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք նոր թափ հաղորդեցին արվեստի առաջադիմությանը` Հ. Զարդարյան, Մ.Քամալյան, Հ. Գալենց: Հիսունական թվականներին մենք եղանք Սևանում, Հերհերում, Օձունում, Բյուրականում, Ոսկեվազում, Օշականում, Ջրառատում, Ջերմուկում, Հրազդանում և այլ վայրերում:Այս ծանոթությունը մեր հայրենիքի շրջանների հետ անձամբ ինձ հնարավորություն ստեղծեց հասնել ընդհանրացումների, կատարել կոմպոզիցիոն մտահղացումներ: Սևանում մենք աշխատում էինք դարձյալ խմբովին, մեզ հետ էին Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոշոյանը, Գաբրիել Գյուրջյանը:
Սարյանը, Գյուրջյանը և ես մի սենյակում էինք ապրում, այնպես, որ հնարավորություն ունեցա մոտիկից ուսումնասիրել այդ երկու վարպետներին: Մեր զրույցները, համատեղ էտյուդների գնալը շատ բովանդակալից էին: Սարյանը շատ էր խոսում, հիշողություններ պատմում անցյալից: Ռուս նկարիչների կյանքից, ապրուստից, երբեմն անեկդոտներով ծիծաղեցնում բոլորիս: Տարբեր աշխարհայացքի և տեխնիկայի տիրապետման այդ վարպետները` Սարյանը և Գյուրջյանը, տարբեր մեկնաբանման ձևեր էին կիրառում: Սարյանը շարունակ դիմում էր ընդհանրացումների, գույների հարաբերական վառ հակադրությունների միջոցով աշխատում էր ոչ թե բնության պատրանքը …. այլ ….. տպավորությունը, որը լինի ավելի արտահայտիչ և հուզական: Գյուրջյանը իր ողջ ուշադրության կենտրոնը դարձնում էր պատկերման վրա, չէր վրիպում մանրամասնությունների շեշտադրումից: Դիտողը` նայելիս նրա բնանկարներին բնության պատրանքն էր զգում: Սարյանը քթի տակ ծիծաղում էր, ասելով, թե Գաբրիելը պատճենահանման ֆաբրիկա է բաց արել: Գյուրջյանը շատ էր աշխատում և օրըստօրե իրար վրա կատարում նորանոր բնանկարներ, իսկ Մարտիրոսը մի քիչ աշխատում ու վերադառնում` սենյակում շարունակելով կիսավարտ գործը վերջացնել: Այնտեղ, Սևանի ափին, գոմեշներ չկային, իսկ նա իրանից ավելացնում էր ծանրաքայլ մուգ կապույտին տվող գոմեշների երթը ջրափին: Ամպեր նա բոլորովին չէր նկարում, մինչդեռ Գյուրջյանը առանձին ուշադրություն էր դարձնում քուլա - քուլա վեր բարձրացող ամպերին, որոնք, իրապես, նրա մոտ լավ էին ստացվում: Ես որքան էլ ջանում էի նմանօրինակ` իրար վրա դիզված ամպեր նկարել, ոչինչ չէր ստացվում, իսկ Գաբրիել Միխայլովիչի թեթևակի վրձնահարվածներից ամպերի փառավոր կույտեր էին հանդես գալիս կտավի վրա, սա էլ շնորհք է: Պետք է ասել, որ այդ հունարը նա հեշտությամբ ձեռք չի բերել, տարիներ շարունակ նա ամպեր է նկարել թե բնության մեջ, և թե իր արվեստանոցի պատուհանից: Ես տեսել եմ իր արվեստանոցում փոքր չափի կարտոնների վրա բազմաթիվ նմանատիպ էտյուդներ` կատարված օրվա տարբեր պահերին, գլխավորապես երեկոյան` վերջալույսին:
Երկու շաբաթ Սևանի ափին աշխատելուց հետո մենք տեղափոխվեցինք Ստեփանավանի շրջանի Հերհեր գյուղը, իսկ Մարտիրոս Սարյանը Երևան վերադարձավ:
Հերհերը գտնվում է շատ գեղեցիկ վայրում, այնտեղ գնալու համար պետք է անցնել Պուշկինյան լեռնանցքով, որտեղից աննման լեռնային պանորամա է բացվում: Պուշկինը այդ ճանապարհով 1827 թվականին անցել էր, գնացել Կարս, ապա այնտեղից էլ Էրզրում, այստեղ այդ ժամանակ Ռուս - Թուրքական պատերազմ էր տեղի ունենում: Լեռան վրա գտնվում է պուշկինյան աղբյուրը և հուշարձան: Այդտեղ է Պուշկինը հանդիպել Պարսկաստանից տեղափոխվող Գրիբոյեդովի դագաղին և իր խոհերը հայտնել այդ առթիվ: Մի քանի անգամ գյուղից ավտոբուսով բարձրացանք վեր և շատ երկար աշխատեցինք լեռնային պեյզաժի պանորամաների վրա: Գաբրիել Գյուրջյանը այստեղից նկարեց իր լավագույն բնանկարներից մի քանիսը:
Մոնումենտալ բնանկարների հոյակապ նմուշներ կարելի էր նկարել այդ վայրերից, սակայն ինձ չգոհացրեց իմ նկարներից և ոչ մեկը և մինչ այսօր ես այդ զգում եմ և ցավում դրա վրա:
Մեր բոլորի գործերը շատ էին պրոզայիկ, միանման: Չկար հնարամտություն, ինչ որ առանձնահատկություն շեշտվածություն:
Մեզ բոլորիս հատաքրքրում էին բնանկարի գեղատեսիլ կողմերը, գունային երփներանգությունը, բայց ոչ ձևի ինքնատիպությունը, մեկնաբանման յուրօրինակությունը: Մի բան, որ Մարտիրոս Սարյանի գործերում այնքան ցայտուն է երևան գալիս: Ի դեպ, Սարյանը երկար չէր էլ մտածում այդ մասին: Նրա մոտ պարզապես ստացվում էր այն, ինչ որ ի սկզբանե մտադրվել էր նկարելիս ի կատար ածել: Նրա բնածին տաղանդը անչափ լավ էր դրսևորված և հղկված տարիների ընթացքում:
Այդ տարվա մարշրուտի ընթացքում մայրիկս ինձ հետ էր և շատ էր օգնում օրվա ընթացքում: Ես հենակների վրա հազիվ էի քայլում, սակայն աշխատելու տենչը այնքան մեծ էր, որ դրա վրա ուշադրություն չէի դարձնում:
Ախ, մայրիկս շատ տարիներ օգնեց ինձ ամառվա ընթացքում աշխատելու, նա միշտ ինձ հետ էր, շարունակ կողքիս նստած, միշտ պատրաստ ամեն կերպ ինձ օգնելու:
Ճշմարիտ արվեստը ընդհանուր ոչինչ չունի էպիգոնոնության հետ, արվեստագետը պետք է իր ասելիքը պարզորոշ հայտնաբերի` ժամանակի, կյանքի մասին: Սեփական գաղափարը չի կարելի դնել ուրիշի կաղապարի մեջ, յուրաքանչյուրը պետք է խոսի իր ձայնով և մտքերով, պատմի իր ապրումները և զգացողությունները:
Այս մտայնությունը հիսունական թվականների մեր արվեստագետներին սկսեց հետաքրքրել առանձնակի ձևով:
Հայաստանի գյուղերը շրջելիս ես մոտիկից ծանոթացա շինականի նիստ ու կացին, հոգսերին ու մտայնությանը: Այդ տարիներին շատ ծանր էր մեր գյուղացիության վիճակը, ոչ մի անգամ այդքան աղքատություն չի նկատվել, ինչպես հետպատերազմյան այդ տարիներին: Աշխատող ձեռքերի կորստյան հետևանքով հնարավոր չէր լինում մշակել դաշտերն ու այգիները, կանայք մեծ մասամբ հուսահատ դեմքեր ունեին, ծանր հոգսերի տակ վաղաժամ ծերացան: Իսկ մենք ձգտում էինք նկարել կոլտնտեսուհի, որը կայտառ լիներ, առողջությամբ լի:Նրանք աշխատում էին օրն ի բուն, սակայն տարևերջին ոչինչ չէին ստանում կոլտնտեսությունից, դա կրկնվում էր տարիներ շարունակ:
1953 թվականին շարժական արվեստանոցի ցուցահանդեսի հետ եղա մեկ ամիս Լոռի` Օձուն գյուղում: Պատմական այս գեղատեսիլ վայրերում ամեն ինչ հիասքանչ է , հոյատեսիլ, ռոմանտիկական: Գյուղի բարձրադիր վայրում Օձունի հնամենի վանքն է, ուր աշխատել է իր գրքերի վրա պատմաբան Օհան Օձնեցին: Գյուղական տները թաղված են այգիների մեջ, …., գողտրրիկ` ամառանոցային տիպի:
Մեր խմբի հետ էին նկարիչներ Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը, Ռոբերտ Պետրոսովը, Բաբկեն Քոլազյանը, Գեղանիկ Մխիթարյանը, Գալենցի կին` Արմինան, քույրս` Անժիկը և օրիորդ Անուշը:
Գուգարքի ձեռները, անտառախիտ ձորերը անչափ շատ մոտիվներ ունեն նկարչի համար, Ի. Կոջոյանը մեր տան պատշգամբից բազմաթիվ հիասքանչ բնանկարներ նկարեց, այնպես, որ առանց հեռու գնալու կարելի էր աշխատել պաստառի վրա: Սակայն Գյուրջյանը շատ հեռուներ էր գնում և վերադառնում էր ուշ երեկոյան`Լալվար լեռան շուրջը գտնվող բնանկարներ բերելով իր հետ, որոնք մեծ մասամբ հասուն արտեր էին, մարգագետիններ կամ լեռնային պանորամաներ:
Պարզ ու ընկերական մարդիկ էին Կոջոյանը և Գյուրջյանը, շատ եմ խոսել նրանց հետ արվեստի, գրականության և այլ խնդիրների մասին: Նրանց անմիջականությունը և ազնվությունը նկատելի էր ամենուրեք` թե կենցաղում, և թե աշխատանքում: Ամբողջապես արվեստին նվիրված, անկաշառ և հայրենասեր` նրանք բավականանում էին շատ քչով: Այդ համեստությունը ես չտեսա նրանց կրտսեր սերնդակից շատ արվեստագետների մեջ:
Հիշում եմ Կոջոյանին իմ արվեստանոցում, ինչպիսի հիացմունքով էր խոսում <<Սասունցի Դավիթ>> էպոսի մասին: Ես այդ ժամանակ` 1939 թ. նկարում էի մեծ կտավ` <<Բագրևանդի ճակատամարտը հայերի և արաբների միջև>>, <<Սասունցի Դավիթ>> էպոսի հազարամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի համար: Նա նկարում էր Դավիթին իր հրեղեն ձիու վրա, ինձ համար նա նկարեց գծային ձևով նույն պատկերի փոքրատիպը: Նա լավ էր ուսումնասիրել հայոց պատմական անցյալը, քաջ տեղյակ էր մանրանկարներին, որովհետև երկար էր ուսումնասիրել էր մատենադարանի մագաղաթյա ձեռագրերը:
Նրա <<Դավթի ծնունդը>>, մեծադիր յուղաներկ պատկերը, շատ է հիշեցնում օպերային բեմադրությունները, սակայն առաքինող է, հայրենասիրական պաթոս է զգացվում: Զարմանալի յուրօրինակ մարդ էր Հակոբ Կոջոյանը, խոսել շատ էր սիրում, երբ առանձին բռնացնում էր մեկին, կարող էր ժամերով խոսել զանազան խնդիրների շուրջը,իսկ ժողովներին բոլորովին ելույթ չէր ունենում, լուռ էր, խոսել բեմահարթակից անկարող էր, մի անգամ միայն ցանկացավ փորձել, և հազիվ երկու խոսք անկապ ձևով արտասանեց: Նա սաստիկ վշտանում էր, որ իրեն ակադեմիկի կոչում չեն շնորհում: Այս, իսկապես, անարդարացի վիրավորանքը նա վերագրում էր հայ նկարիչների խնդիրներին, չար նախանձին և այլն: Չափազանց աշխատասեր նկարիչ էր, առավոտից մինչ ուշ գիշեր նրան կարելի էր տեսնել սեղանի վրա կռացած` գրքի նկարազարդումներ անելիս:Նկարում էր շատ ինքնատիպ ձևով, երևակայությամբ, երբեք մոդել չէր օգտագործում: Միայն <<Կոմունիստների գնդակահարություն>> պատկերում կապված կոմունիստին նկարել էր մեր նկարիչներից մեկի դիմանկարը, դա հանրածանոթ Սերոբն էր:
Ջերմուկ հանգստարանում մեկ ամիս միասին եղանք` 1956 թ. (եթե չեմ սխալվում) : Կոջոյանը հատկապես եկել էր բնանկարներ նկարելու այդ հոյատեսիլ վայրում: Ոգևորված աշխատում էր և հետնել ինքը իրեն գովում - Հակոբ ջան, դու հայ նկարիչ ես, ապա մի այս տեսարանը հայկական ոգով նկարիր, որ զարմացնես դիտողներին ու թափով վրձնում էր ու հետն էլ երգում` բարձր սարեր, այ սարեր: Լավ մարդ էր, աստված հոգին լուսավորի, ասում էր ինձ - Էդվարդ, ջան, իմ ցուցահանդեսը բացառիկ է լինելու, զարմացնելու է բոլորին, այ կտեսնես:
Իսկապես, հոյակապ անհատական ցուցահանդես բաց արեց 1959թ. սակայն դա եղավ նրա կարապի երգը, ցուցահանդեսը դեռ չփակված ինքը փակեց իր աչքերը հավիտյան:
Սարյանի և Կոջոյանի հետ մտերմիկ հանդիպումները և զրույցները շատ բան տվեցին ինձ, ըստ էության պարզաբանելու հայ կերպարվեստի նորագույն ուղղության այդ ….. աշխարհզգացումը, նրանց դիտողականությունը` արվեստի էության մեկնաբանման մտածելակերպը և այլն: Նրանց ինտելեկտուալ կարողությունները առանձնակի ուժով երևան էին գալիս գույնի հնչեցման խնդիրներում, կոլորիտի զգացողության բացառիկ կարողություններում: Գույնը գույնի հետ հյուսելով, ներդաշնակելով նրանք հայ բնաշխարհի երգն էին շարահյուսում, հնչեցնում իր ողջ ուժով:
Սարյան, Կոջոյան, Առաքելյան եռյակը վեր բարձրացրին հայ գեղանկարչությունը մի նոր բարձր աստիճանի` գեղատեսիլ, հուզաթոթով, անչափ մարդկային, հարազատ յուրաքանչյուր մարդու սրտին: Բացի այն, որ այդ արվեստագետները կանգնած էին իրենց կոչման բարձրության վրա, նրանք օժտված էին նաև մարդկային լավագույն կարողություններով` մի կարևոր հանգամանք, որ չի կարելի ասել այսօրվա երիտասարդ սերնդի մասին:
Նույնիսկ այնպիսի արվեստագետ, ինչպիսին Արա Սարգսյանն էր, որը իր կարիերայի համար շատ ջանք էր թափում, դարձյալ ուղղամիտ և առավել մարդկային, քան այսօրվա մի շարք երիտասարդ արվեստագետներ, քանդակագործներ,որոնց գլխավոր նպատակը փող շահելն է հանդիսանում: Քանդակագործ Արա Սարգսյանի հետ շատ մոտիկ հարաբերության մեջ եմ եղել, շարունակ այցելել եմ իր արվեստանոցը, որը 1940թ. ինձ տվեցին, երբ իր համար Հայաստանի օգնության կոմիտեն նոր շենք կառուցեց` ավելի հարմարավետ և մեծ:
Կազմակերպչական բացառիկ շնորհքի տեր մարդ էր, օժտված մեծ էրուդիցիայով, շատ լավ ըմբռնող օրվա հրատապ խնդիրները, հրաշալի խոսող էր և մտերմիկ հարաբերություններ ուներ բոլոր գրողների և կոմպոզիտորների հետ: Օժտված արտաքին համակրելի տեսքով և վարվեցողության տակտիկայով, Արա Սարգսյանը երկար ժամանակ իր ազդեցության տակ էր պահում նկարիչների միությունը, իսկ այնուհետև դարձավ գեղարվեստական ինստիտուտի հիմնադիրը և պրոֆեսորը:
Նոր կադրերի կրթության և դաստիարակության խնդիրներում Արան շատ մեծ գործ կատարեց և լավ հիշատակ թողեց:
Մի մարդ էր նա, որին կարելի էր դիմել որևէ խնդրով և վստահաբար հույս ունենալ, որ իր խնդիրը անպայման կկատարվի:
Քառասունական և հիսունական թվականներին հայ կերպարվեստում, մասնավորապես գեղանկարչության բնագավառում, պլեներային իմպրեսիոնիստական ուղղությունն էր գերիշխում: Նկարիչները տարին շուրջ բոլոր շարունակ աշխատում էին բնության մեջ, տարբեր եղանակներին` բնանկարներ նկարելով: Այդ իսկ պատճառով հաստոցային գունանկարչության մյուս ուղղությունները երկրորդ պլանի վրա էին գտնվում: ֆորմալիստային էր համարվում ձևի ամեն մի որոնում, որը դուրս էր գալիս ընդունված դոգմաների սահմանից և համարվում անկումային, բուրժուական իդեոլոգիային տուրք տվող և այլն: Բնանկարները համարյա նման էին իրար, հեղինակների դեմքը ցայտուն ձևով չէր բնորոշվում:
1948 թ. Հայաստանի կուսակցության կենտկոմը մի որոշում հրապարակեց, որով դատապարտվում էր ձևապաշտությունը հայ նկարչության մեջ: Արտառոցը այն էր, որ ձևապաշտ էին համարվում Մարտիրոս Սարյանը, Մարիամ Ասլամազյանը, Մ. Աբեղյանը և սույն տողերիս հեղինակը: Սա մի ահավոր և անամոթ ակտ էր, որը վկայում է մեր այն ժամանակվա կուսակցական ղեկավարության տգիտությունը, բթությունը և արվեստից ոչինչ չհասկանալու կարողությունը:
Պատմության մեջ մնաց այդ հրապարակված որոշումը, որպես Ստալինյան ժամանակաշրջանի ռեակցիայի բնորոշ մի վկայագիր:
Հետևանքը այդ ճնշման եղավ այն, որ նկարիչները էլ ավելի սահմանափակեցին իրենց ստեղծագործական սահմանները: Մնացին շատ քչով, որը արժեքներ չէր կարող ստեղծել: Այդ ճնշումը նկարիչների վրա շատ ծանր նստեց և նրա հետևանքները շարունակեցին խանգարել ստեղծագործական մտքի ազատ թռիչքին: Միայն նոր սերնդի արվեստագետները, որոնք զերծ էին եղել այդ կաղապարումներից, կարողացան նորանոր հնարքներ գտնել կերպավորման բնագավառում:
1954 թ. մամայիս հետ եղա մեկ ամիս Բյուրական գյուղում: Այդ ժամանակներում Բյուրականը պահպանել էր իր նախնադարյան, հին հայկական տիպիկ կավաշեն տները, նիստ ու կացը: Իմ այդ շրջանի բնանկարներում անչափ շատ է Գյուրջանական ազդեցությունը, նրա պատմողական-նկարագրական կերպավորման ձևերը: Տարիներ շարունակ միասին աշխատելով պերեդվիժնիկում` ես կորցրել էի յուրօրինակությունը, իմ սեփական մաներան, գրելաձևը: Այն դեռ նկատելի է Գառնիի շրջանի բնանկարներում, որտեղ ես եղա 1955թ. ամռանը և աշնանը: Հիմա ես շատ եմ ափսոսում,որ այդ հրաշագեղ բնության մեջ աշխատեցի և չկարողացա ներդնել Սասունցի-Դավթի էպոսից եկող դյուցազնական ոգին: Իմ բնանկարները լիրիկական էին, բայց տոպոգրաֆիկ տարրեր ունեին իրենց մեջ, ինչը հիմա ինձ բոլորովին դուր չի գալիս: Կհաջողվի՞, արդյոք, հիմա ինձ վերակենդանացնել այդ բոլոր իմ տեսածը և զգացածը էպիկական ստեղծագործություններում, ու՞շ չէ:
Մի քանի անգամ, անընդմեջ, ես եղա Աշտարակի շրջանում, աշխատեցի Ոսկևազի, Օշականի, Կորբիի,Օհանավանի, Մուղնա այգիներում և տեսարժան վայրերում: Ինչպես Հայաստանի բոլոր շրջաններում, Այնպես էլ Աշտարակի շրջանը շատ յուրօրինակ բնություն ունի:Պտղատու այգիները` հարուստ այդ վայրերը անչափ շատ հետաքրքիր են նկարչի համար` գյուղային կյանքի մոտիվների ընտրության խնդիրներում:
Այստեղ այգեգործի բեղուն աշխատանքն է ուշիր ընկնում, այգիների մշակումը` վաղ գարնանից մինչև խոր աշուն, նրա օրն ի բուն աշխատանքի պտուղները` ոսկեհատ խաղողը, դեղձն ու ծիրանը, նուռն ու տանձը: Հարուստ գունեղ նատյուրմորտներ, այգիների զովասուն պուրակներ, հոտավետ մրգեր:
Ես շատ աշխատեցի այդ այգիներում, նկարեցի բազմաթիվ էտյուդներ, որոնց հիման վրա ստեղծագործեցի մի շարք ֆիգուրային կոմպոզիցիաներ: Մարտիրոս Սարյանի մաժոր գույներով նկարած նատյուրմորտները և բնանկարները մեզ համար մի տեսակ ուղեցույց էին հանդիսանում: Նրա հետքերով էին գնում իմ ընկերները` Մհեր Աբեղյանը, Մարիամ Ասլամազյանը, Երանուհի Ասլամազյանը, Օ. Զարդարյանը և շատ ուրիշներ:
Այդ թվականներին Արարատյան դաշտի գյուղերի այգիները մի առանձին թովչանք էին կրում, որը այսօր իսպառ բացակայում է: Այգիներում ծվարված հողե տնակները` փոքր պատշգամբներով, խնոցին կախված ծառից, կողովները և պուրակները, կարասները և սալաները մի առանձին կոլորիտ էին ստեղծում, որը ինքնատիպ էր, հայկական: Մեր նկարած բնանկարներում այդ աքսեսուարները անպայմանորեն տեղ էին գրավում և շուք տալիս պատկերին:Այնուհետև պուրակների, կարպետների, շերեփների նկարելը դարձավ մոդա և նոր սերնդի նկարիչների շատ գործերում սկսեցին հանդես գալ:
Իմ արվեստանոցին կից պարտեզում ես դնում էի նատյուրմորտներ և նկարում նրանց գունեղ և թարմ գույներով: Այդ պարտեզի ծառերի զովասուն տեղերում նստեցնում էի նաև բնորդների: Այս կերպ իմ արվեստանոցում դիզվեցին բազմաթիվ կտավներ, որոնց վրա նկարված էին ծառ ու ծաղիկ, աղջիկներ, գյուղային կյանքից վերցված մոտիվներ և այլն: Այս շրջանը, իմ կարծիքով, առավել հետաքրքիր ու բեղուն կարելի է համարել:
Հիմա` այսինքն յոթանասնական թվականներին, գեղանկարչության առաջատար կողմը պայմանականություն է հանդիսանում: Ամեն ինչ կերպարավորվում է մտածածին,կանխակալ հղացումով, իրականության հետ չի կապված գույներով, ձևերով: Այսպես որ ներկայիս գործերի մեծ մասը չունի ազգային պատկանելության բնորոշ կողմերը, նա ….. բնույթի է դարձել:
Իմ պարտեզի լիրիկական միջավայրում եղան և մի քանի երազական ռոմաններ` պլատոնական սիրո նկարագրով: Ես կուզենայի հիշատակել նրանցից մեկը միայն` Լուիզա Սամվելյանի հետ եղած սիրո պատմությունը, որը խորը հետք թողեց իմ կյանքում:
Ինչպես բոլոր խնդիրներում, այնպես այս բնագավառում ես ցուցահանեցի իմ միամտությունը, թյուրահավատությունը, ազնվությունը, մի բնութագիր, որը, ավաղ, բազմիցս փորձության է ենթարկվել կյանքում` առանց սակայն էական փոփողություն կրելու: Իրապես, ես չհանդիպեցի կյանքում մի այնպիսի աղջկա, որը իմ իդեալը լիներ: Ընդհանրապես, կյանքում ինձ չեն զուգակցել հաջողությունները, դժվարին է եղել իմ աշխատանքը արվեստում, փառքի լուսապսակը միշտ էլ հեռու է եղել իմ անձից և ինքս էլ մեծ ձգտում չեմ ունեցել հասնելու նրան: Ինձ չեն գրավել կոչումները և շքանշանները, իմ ուղղամտությունը և համեստությունը աննկատ է մնացել, և մարդիկ ինձ չեն որոնել իմ գործերով հիանալու համար:
Ինձ միշտ և ամենուրեք խաբել են, սուտը և կեղծիքը ես ճշմարտության տեղ եմ ընդունել, հավատացել: Հիմա էլ մի երեխա կարող է հեշտությամբ խաբել ինձ, որքան որ լարեմ իմ ուժերս չեմ կարող խուսափել այդ զանգվածից: Այսպես է իմ բնավորությունը: Հիասթափվելով մարդկանցից` ես մենակություն եմ սիրել, լավ է մենակ լինել, ինքն իր մտքերի ու զգացմունքների հետ մտմտալ, քան թե կեղծ ու … խոսքեր լսել: Առհասարակ, մարդիկ շատ են սիրում իրենք իրենց մասին խոսել, դա միշտ էլ զարմացրել է ինձ, բավական է, որ մեկն ու մեկի հետ մտերմանամ և ահա ժամեր շարունակ պետք է լսել նրա ինքնակենսագրական արտահայտությունները: Իսկ նկարիչները, որոնք ընդհանրապես սիրահարված են իրենք իրենց վրա, երբեք չեն խոսի իրենց անհաջողությունների մասին: Նրանք շարունակ կգովերգեն իրենց տաղանդի փայլատակումները:
Գիրք երրորդ
1975 թ. հուլիսի 13- ին (իսկապես, որ չարաբաստիկ թվական) մեկ ամսյա հիվանդությունից հետո վախճանվեց իմ թանգագին, իմ անուշիկ մայրիկը: Վերջ գտավ իմ երջանկությունը, իմ շենշող, առաքինի, զմայլելի` հոգեկան և մարմնական գեղեցկությամբ անթերի մամաս (ափսոս, հազար ափսոս):
Աստված խլեց ինձանից այդ միակ երանավետ երջանկությունը: Ու հիմա` երեք ամիս անց, ես ողբում եմ իմ մեծ կորուստը, սփոփանք չեմ գտնում և չգիտեմ, ինչպես մխիթարեմ ինքս ինձ:
Ամբողջ կյանքս անցել է նրա կողքին, միշտ միասին, միշտ նրա վզովը փարված, շարունակ նրա գուրգուրանքը վայելող, միշտ նրա անուշ ձայնը ականջիս…
Ամառները միասին գնացել ենք գյուղերը` պլեներային աշխատանքի, մաման օգնում էր ինձ և մենք միասին գնում էւնք գյուղից դուրս, ընտրում գեղեցիկ տեսարան և սկսում նկարել: Հովանոցիս տակ իմ կողքին մայրիկս նստած երգում էր և կամ գործում, ես զմայլված բնանկարով աշխատում էի մինչև արևը մայր մտնելը, այնուհետև միասին վերադառնում էինք տուն, ճաշում ու դարձյալ միասին անցկացնում երեկոները` կարդալով, թեյելով կամ զրուցելով: Չկա մի հաջողված աշխատանք, որը նկարած չլինեմ մամայիս կողքին և հիմա այդ գործերը դիտելիս սիրտս ճմլվում է, լալիս` հիշելով այդ երջանիկ պահերը…
Ախ~, ո՞ր մեկը հիշեմ, ո՞ր պահը նկարագրեմ, ամեն ինչ քնարական էր, ամեն ինչ այնքան զմայլելի…
Սակայն ես չկարողացա կատարել նրա մեծագույն փափագը` զավակ ունենալ, որպեսզի նա սիրեր իր թոռներին, վայելեր տատիկի բոլոր հաճույքները և վերջապես ժառանգ ունենայի, որպեսզի տան ծուխը չմարեր, սերունդը շարունակեր բազմանալ…
Շատ պատճառներ եղան, որպեսզի նրա այդ փափագը չիրականանար, ամենից առաջ իմ առողջական վիճակը, այնուհետև նյութական բարեկեցիկ կյանքի չգոյությունը, որը միշտ ինձ ձեռնապահ է պահել այդ քայլը կատարելուց: Ասում են, որ մարդ ինչ որ շատ կամենա, այն չի կատարվի, ճիշտ այդպես էլ իմ ամբողջ կյանքում մեծագույն փափագ է եղել ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, բայց այդպես էլ այդ ցանկությունը իրականություն չդարձավ: Ես միշտ մտածում էի` հարսը կարող է մայրիկիս պատիվը չպահել, նրան վիրավորել, դառնացնել կյանքը, մի բան, որը ինձ շատ պիտի վշտեցներ: Ինչևէ, այդպիսին էր իմ ճակատագիրը…
Ու հիմա, երբ ամեն րոպե մտաբերում եմ մայրիկիս, դառնանում է հոգիս, թե ինչու այդպես դասավորվեց իմ կյանքը:
Ու հիմա, երբ սկսել եմ իմ կյանքի երրորդ շրջանի հուշագրումը, ես արդեն նախատեսնում եմ, որ այն երջանկությունից զուրկ կլինի: Դա մի ժամանակաշրջան է, երբ ծերության ծանր օրերը պիտի հաջորդեն մեկը մյուսին, նմանօրինակ ձանձրալի օրեր: Ու դարձյալ, հուշերի անվերջ շարանը պիտի ստիպի ինձ պատմել նրանց մասին…
Արվեստում ինձ միշտ ներգրավել է ստեղծագործության ներքին ոգին, այն, ինչ հոգեկան խոր ապրումների հետ է կապակցված, մարդու զգացողական աշխարհն է մեկնաբանում:
Նկարիչ Ստեփան Աղաջանյանի հետ զրուցելիս` դիմանկարի կերպավորման խնդիրների շուրջը, նա շարունակ շեշտում էր այդ հանգամանքը: << Դու աշխատիր մարդու հոգին վերարտադրել և ոչ թե դիմանկարը լոկ>>: Նրա աշխատանքը դիմանկարի վրա շատ երկար էր տևում, մինչև 50-60 անգամ էր նա նստում` մշակելու սկսված պորտրեն: Ես հիշում եմ, որ <<Վասիլ բիձայի>> հանրահայտ դիմանկարի համար խեղճ մարդը հիսուն սեանս նստել էր Աղաջանյանի համար: Ի վերջո, երբ վարպետը ասել էր, որ վերջացրեց, նա խելագարի պես դուրս էր փախել սենյակից` այնքան էր ձանձրացել այդ բոլորից:
Վասիլ բիձան մեր նկարչական տեխնիկումի տնտեսն էր, ես նրան շատ լավ գիտեմ, ուտող ու խմող մի մարդ, որին մեր ուսանողները շատ էին ձեռք առնում: Աղաջանյանը նրան հոյակապ է նկարել` թե նմանությամբ, և թե ներքին բնութագրումով:
Իհարկե, դասական նմանողությամբ աշխատանքի այդ ձևը մեր ժամանակներում հնարավոր չէր շարունակել:
Հիմա ոչ ոք ժամանակ չունի, որպես բնորդ տասնյակ ժամեր նկարչին նվիրելու: Այստեղից էլ շտապողականության, էսքիզայնության, մակերեսային բնութագրումը:
Նկարիչներից ոմանք շեշտը դնում են ազգային յուրօրինակության վրա, ընդգծում են տարազը, ցեղային առանձնահատկություններ` աչք ու ունք, գլխի որոշ պլաստիկական առանձնահատկություններ, որոնք միայն արտաքին հատկանիշներ են հանդիսանում:
Մոսկվայում ուսման տարիներին ես շատ բան ըմբռնեցի գեղանկարչության տեսության բնագավառի վերաբերյալ: Ամենից առաջ գույն և լույս խնդիրների մասին: Սակայն հետագա տարիներին, երբ առաջ քաշվեց միայն գաղափարական խնդիրներ, թեմատիկ պատկերների ստեղծագործական հարցեր, գեղանկարչական ձևական որոնումները մնացին երրորդ պլանում: Երեսունական, քառասունական, հիսունական թվականները հայ գեղանկարչության բնագավառում ընդհանրապես և մասնավորապես ինձ մոտ անցան գրեթե ամուլ` չթողնոլով քիչ թե շատ մնայուն ստեղծագործություններ: Եթե վերհիշենք հայ խոշորագույն նկարիչների գործերը այդ տարիներին` ապա, ցավոք, նույն պատկերը կտեսնենք:
Այսպես, օրինակ, Հակոբ Կոջոյանը պատերազմի տարիներին և հետո նկարեց այսպիսի պատկերներ, որոնք ոչ մի առնչություն չունեին նրա ստեղծագործական մեթոդի հետ: Հիշենք <<Ստալինը և Սպանդարյանը …>> մեծ կտավը, <<Գնդապետ Զաքյան>>, պատերազմական տեսարաններ ներկայացնող պատկերներ, պլակատներ, նկարազարդումներ և այլն: <<Բերքի տոնը>> մեծ նկարը, <<Պատերազմից հետո>>: Սրանք, ըստ էության, տուրք էին հանդիսանում ժամանակի պահանջներին` միայն քաղաքական պրոպագանդայի արժեք ունեցան:
Միայն յոթանասունական թվականներին մենք սկսեցինք մեր ուշն ու միտքը կենտրոնացնել գույնի որակային հատկանիշներին, ավելի ու ավելի <<ես>>-ից ելակետ ունենալ գտնելու մեր մտքերին ու հույզերին համահնչյուն ձևական - կոմպոզիցիոն հնարքներ: Որքան ավելի հասուն է դառնում նկարիչը, այնքան ավելի յուրօրինակ է տեսնում նատուրան և աշխատում վերարտադրել այն կտավի վրա, որը և ինքնատիպ է դառնում, միայն և միայն իր աշխարհընկալմանը յուրահատուկ:
Երբ մենք նախկինում շարունակ Ստալին էինք նկարում, որոնում էինք դրամ շահելու այլ միջոցներ, գեղանկարչության կուլտուրան այլևս չէր կարող իր զարգացումը ունենալ, մեր սերունդը այդպես կորցրեց տասնյակ տարիներ: Հիմա ես վշտով եմ հիշում այդ անտանելի տարիների մասին:
Կյանքը դառն է եղել, այդ դառնությունը իր անդրադարձումն է գտել արվեստում, պրոզայիկ արդեն ոչինչ չտվող գործերով:
Այդ տարիներին միայն Մարտիրոս Սարյանը կարողացավ բարձր քնարերգությամբ հնչեցնել իր գույները: Երազային ծաղիկներ, մրգեր, Արարատյան դաշտի այգեստաններ, միշտ և անենուրեք մաժոր գույների հնչեղ ներդաշնակություներ:
1948 թ., երբ մենք (շարժական արվեստանոց-ցուցահանդեսի մասնակիցներս) օրն ի բուն աշխատում էինք Կիրովականի քիմ. Կոմբինատի ցեխերում, նկարում էինք հնոցներ, մեքենաներ, բանվորների, Սարյանը բնության մեջ նստած լեռներ, ծաղիկներ և այլ մոտիվներ էր գեղանկարում և զարմանում մեր համբերության վրա, որ գործարանի ծանր օդի մեջ ժամերով աշխատում ենք, ինչ է, որ ճշմարտացի վերարտադրենք մեքենաների ..., ծուխն ու բոցը: Դեռ այդ քիչ էր, մենք այդտեղից գնացինք Ալավերդի ու մեկ ամիս էլ այնտեղ աշխատեցինք` պղնձաձուլարանի հրավառ միջավայրում:
Սարյանը և Կոջոյանը չկային մեզ հետ, նրանք այդտեղ անելիք չունեին, միայն Գյուրջյանն էր, որը մեկը մյուսի հետևից պատկերում էր մեծ ծխնելույզով … տեսքը և առօրյան: Ի՞նչ եղան այդ թվերի գործերը, անհետ կորան, մոռացվեցին, ժամանակները փոխվեցին, այլևս ոչ ոքի պետք չէին նրանք: Մենք վատնեցինք մեր երիտասարդական տարիները ահա այդպիսի գործունեությամբ և մեզ թվում էր, որ մեծ աշխատանք ենք կատարում ի օգուտ հասարակության:
Այդ թվում Ալավերդում ամիսներ շարունակ ապրեցին ու աշխատեցին Սեդրակ Ռաշմաճյանը և Սիմոն Գալստյանը:
Ռաշմաճյանը օրիգինալ տիպ էր, ինձ հետ է սովորել ու ավարտել դպրոցը և նկարչական տեխնիկումը, սակայն իր կյանքը զոհաբերեց խմիչքին:
Հիմա, երբ ծերացել եմ, կարծես ավելի խելահաս դարձել, հիշելով անցած տարիները զարմանում եմ, թե որքան մենք ժամանակ էինք կորցրել հետաքրքրություն չներկայացնող օբյեկտներ նկարելով, և չլքեցի ես նկարչությունը միայն այն բանի համար, որ հոգեպես կապված եմ եղել նրա էության հետ, դրանից դուրս երջանկություն չեմ ունեցել` բացի մայրիկիս հետ լինելուց:
Այսքան տարի աշխատելուց հետո ես դժգոհում եմ ինձանից, ես վստահորեն չեմ կարող պնդել, թե իմ ստեղծագործություններից որևէ մեկը գոհացնում է ինձ, բավարարում է իմ զգացմունքները, ձգտումները, իդեալները: Սակայն իմ բաղձանքն է եղել տալ իմ հայրենի ժողովրդի մտքին ու սրտին արվեստ, վերարտադրել նրա հիասքանչ բնության պայծառությունն ու քնարերգական շունչը:
Իմ շնորհքի չափով ստեղծագործել եմ իմ ժողովրդի նիստն ու կացը, նրա աշխատանքային հետաքրքիր մոտիվները, տիպաժը: Ես գիտակցել եմ, որ պետք է ավանդները չմոռանալ, շարունակել իմ նախորդ սերունդների ստեղծագործական հնարքները, միշտ լինել ինքնուրույն, շարունակ զգալ արվեստի շունչն ու հևքը: Այդ բոլորով հանդերձ, ելակետ ունենալ ժամանակը` արդիականությունը, կյանքի շունչը, նոր մարդուն:
Ապրիլի 6-ին 1976 թ. տեղի ունեցավ հուշ-երեկո` Տաճատ Խաչվանքյանի 80-ամյակին նվիրված: Հուշեր պատմելով ելույթ ունեցան Մհեր Աբեղյանը, Գաբրիել Գյուրջյանը, Ռուբեն Դրամբյանը, Վահան Հարությունյանը և ես: Տաճյատ Խաչվանքյանը մեր նկարչական ստուդիայի առաջին ուսանողներից էր: 1921 թ., երբ մենք, հինգերորդ դասարանի մի խումբ աշակերտներ` Մհեր Աբեղյան, Վարդգես Աղաբաբյան, Ներսես Իսրաելյան, Սուրիկ Հակոբյան և ես, նկարչուհի Անուշ Սագինյանի առաջնորդությամբ ընդունվեցինք նորաբաց նկարչական ստուդիա (այն ժամանակ վարիչը Սեդրակ Առաքելյանն էր) մենք հանդիպեցինք Տաճատին, որը մի երկու ամիս առաջ արդեն աշխատում էր այնտեղ: Բացի Տաճատից մի չորս հոգի նույնպես նկարում էին` Սուրեն Ռաշմաճյան, բաբկեն Քոլոզյան, Վարդան Ստեփանյան: Տաճատը հիանալի նկարում էր, մենք հիացանք նրա նկարներով` դասական քանդակագործների կիսանդրիներով` Հովերոս, Ապոլլոն, …. և այլն: Այնուհետև շատ շուտ բարեկամացանք այդ բարեկիրթ, անչափ կենսախինդ, զարգացած երիտասարդի հետ: 1925թ. նա մեկնեց Մոսկվա` ուսանելու և վերադարձավ 1930 թվին:
1934 թ., երբ ես վերադարձա Մոսկվայից, Տաճատը պետհրատի գեղարվեստական ձևավորման բաժնի վարիչն էր, նա ինձ հրավիրեց աշխատակցելու, ես ուրախությամբ ընդունեցի հրավերը և մինչև նրա ձերբակալությունը աշխատակցեցի պետհրատին, ձևավորեցի գրքեր, նկարեցի պլակատներ և այլն: Առաջին գիրքը, որ ինձ հանձնեց նկարազարդելու Զաբել Եսայանի ՛՛Սիլիհտարի պարտեզները՛՛ վեպն էր, որի ձևավորումը ինքը և հեղինակը շատ հավանեցին: Այնուհետև նկարազարդեցի Վահրամ Ալազանի, Նորենցի, Աղավնու և այլ հայ երիտասարդ գրողների երկերը: Ստեփան Զորյանի պատմվածքների ժողովածուն <<Կարմիր Արագիլ>> անվամբ, <<Չելուսկինցիների էպոպեան>> և այլն:
Տաճատը մասնագիտական կրթություն էր ստացել Մոսկվայի …… գրաֆիկական ֆակուլտետում, աշակերտել էր Ֆավարսկուն, Պավլինովին, հմտացել էր գրաֆիկայի տեխնիկական խնդիրներում: Կարելի է ասել, որ Հակոբ Կոջոյանի հետ համատեղ նա հիմնադրեց սովետահայ գրքի ձևավորման կուլտուրան, որից հետո արդեն եկան նոր կադրեր նրանց սկսածը շարունակելու համար:
1937 թ.,Խանջյանի սպանությունից հետո, երբ սկսվեցին մասսայական ձերբակալությունները ու ռեպրեսիաները, Տաճատին նույնպես տարան բանտ, այնտեղ նա մահացել էր արյան վարակումից: Հազիվ 40 տարին լրացած, այդ … մարդը կարողացավ մոտ յոթը տարի ստեղծագործությամբ զբաղվել: Մինչդեռ նա մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր հանդիսանում և կարող էր շատ հետաքրքիր` մնայուն գործերի հեղինակ լինել:
Մարդիկ կան, որ շատ տարիներ հետո, երբ հիշվում են, դառը կսկիծ են պատճառում, իսկ հիշվում են և այնպիսիները, որոնք միայն անեծք են առաջացնում` այնքան որ մի բարի ազնիվ զգացմունք չեն թողել մարդու հոգում:
Այս կապակցությամբ ես հիշեցի քանդակագործ Թորգոմ Չորեքչյանին, որը երեսունական թվականներին վատ գործ կատարեց: Նա կուսկենտկոմին մատերիալ էր տվել և մեղադրանք ներկայացրել մի քանի նկարիչների հանդեպ, որ իբր նրանք անհարազատ տարրեր էին, ժողովրդի թշնամիներ և այլն:
Ես այդ տարիներին կոմերիտ միության քարտուղարն էի, ինձ կանչեցին կենտկոմ և կարդացին Չորեքչյանի ներկայացրած նյութը: Ամբողջապես ստահագ, ստոր ... էին այնտեղ գրված, ես որքան որ կարող էի հերքեցի այդ կեղծիքը, սակայն, ըստ երևույթին այն չօգնեց գործին և Տաճատը ձերբակալվեց: Այդ ժամանակներում բավական էր մի փոքր կասկած, որպեսզի անվտանգության ուժերը ձերբակալեին մարդուն և կորստյան մատնեին:
Այդ զազրելի անձնավորությունը, որը ինքը իրեն արվեստագետ էր անվանում, Տաճատի հուշերի երեկոյին եկել ու նստել էր դահլիճում, ահա թե ինչպիսի անամոթ մարդիկ կան աշխարհում...
Կյանքը անչափ լի է տարօրինակություններով` անչափ անսպասելի հանգամանքներով, տեսա ես կյանքը, ճանաչեցի մարդկանց, սակայն, ավաղ, ինչ երազել էի, այն չտեսա:
Յուրաքանչյուր արվեստագետ ունի իր աշխարհն ու աշխարհընկալումը, իր ասելիքն ու ասելիքի ձևը: Ես հենց սկզբից ձգտել եմ իմ ասելիքը կոնկրետ պատկերների միջոցով արտահայտել, պատկերներ, որոնք ներկայացնում են իմ հայրենիքի պատմության անցյալ կամ ժամանակակից դրվագները, դեպքերն ու դեմքերը, բնանկարը և այլն: Արտահայտման ձևը միշտ էլ եղել է պատկերավոր, պարզ, հասկանալի, մինչև վերջը դիտողին ըմբռնելի: Իմ արտահայտչական ձևը ինքնքտիպ է, սակայն բացառիկ չէ:Նա կարող է խորը հետք չթողնել հիշողության մեջ, սակայն կերպարվեստի յուրօրինակ մեկնաբանումով եզակի է, սա է, որ տպավորություն է թողնում դիտողի հոգում:
Մարդիկ ցանկանում են տեսնել սրտամոտ, հասկանալի, զգայությամբ հագեցած պատկերներ և ոչ թե ինչ որ ռեբուսներ, որոնց վերածնելու համար անհրաժեշտ է, որ նկարիչը կանգնի պատկերի մոտ և բացատրի այն:
Օրերս (25 մարտի1976 թ.) բացվեց նկարիչ Մարտին Պետրոսյանի ցուցահանդեսը, երկու անգամ այցելեցի այն, սակայն հիշողությանս մեջ չմնաց և ոչ մի կերպար, ցուցահանդեսից դուրս գալուց անմիջապես հետո այդ գործերը մոռացվեցին առ հավետ: Պետք է ասել, որ ինքնատիպ նկարիչ է, լավ երևակայություն ու գույների զգացում ունի, սակայն ամբողջապես ձևապաշտական է, անառկայական, նկարչության և ոչ մի կանոնները չպահպանող: Ամեն ինչ դեֆորմացիայի էր ենթարկված, տարալուծված, այլանդակված, այլակերպ անդամահատված: Սակայն ցուցահանդեսը ոմանք համարեցին բացառիկ երևույթ և տպագրեցին հոդվածներ, որոնց մեջ գովաբանեցին նկարչի<<տաղանդը>>: Մարտինի ցուցահանդեսը առիթ տվեց շատ խոհերի` ներկա ժամանակների երիտասարդության ձգտումների մասին, մեր կերպարվեստի զարգացման ուղիների վերաբերյալ: Այն, որ երիտասարդները ավելի ազատամիտ են, զերծ այն ահավոր ճնշումից, որ տարան մեր սերնդի արվեստագետները, դա փաստ է, իսկ ազատամտությունը վերջին հաշվով վճռական դեր է կատարում ստեղծագործական մտածելակերպի դրսևորման ուղղությամբ: <<Նկարիր ինչպես ուզում ես>> տերմինը մեծագույն առավելությունն է երիտասարդի համար: Սակայն, իմ կարծիքով, այդ ազատությունը պետք է ծառայի նախ և առաջ հանրօգուտ գործին, <<ես>>-ը ինքն իր մեջ հարատևել չի կարող, որովհետև նրա տեսադաշտը շատ է նեղ, նրա ձևական հնարքները ծառայում են կերպավորելու մտքերը և ապրումները նեղ հորիզոնի սահմաններում: Ու՞մ է հարկավոր ինչ որ նկարչի զառանցանքները, եթե դա օգուտ չի բերում հասարակության զարգացման գործին, հայրենի մշակույթի բարձրացման ձգտմանը: Որքան որ ցանկանում է այդ նկարիչը թող զառանցի, երևակայի, երազի, նա ազատ է, սակայն եթե այդ բոլորի մեջ բացակայում է մարդկային վեհ գաղափարներ, ասելիքի կարևոր նշանակություն ունեցող իդեալներ, ու՞մ է հարկավոր այդ երազանքը: Հարցը նրանում է, որ այդ զառանցանքները մատուցվում են իրականության աղճատված պատկերներով, որոնք չեն կարող որևէ կերպ ներգործեն շարքային դիտողի համար:
Սարյանը և Կոջոյանը թողեցին գործեր, որոնք հայ ժողովրդի կենսական հարցերի հետ են շաղկապված, կրում են նրա ձգտումների, իդեալների խորը կնիքը իրենց վրա, նրանք մնայուն են: Սա շատ կարևոր է ստեղծագործողի համար, ուրեմն նրա գործունեությունը զուր չի անցել, մարդկության համար նա ապրելու, զգացվելու գործեր է թողել:
Ծանրախոհ, մոնումենտալ են երևում այսօր Աղաջանյանի դիմանկարների շարքը, մի ամբողջ դարաշրջան է ներդրվել այդ … հոգեբանության մեջ: Նկարչությունը հայելու նման անդրադարձրել է մեծ նկարչի մտածելակերպը: Ինչ խոսք, այսօր հնարավոր չէ աշխատել նրա ստեղծագործական ձևերով, սակայն եթե պետք է, անհրաժեշտ է հնարել նոր ձևեր, նոր գունային ներդաշնակություններ, բայց ոչ իրականության այլակերպ ներկայացման միջոցով:
Իհարկե, նկարչությունը պայմանական արվեստ է, այն կյանքի, բնության պատճենահանմամբ չպետք է զբաղվի, սակայն պայմանականության սահմանները ներփակված են կերպարի բնույթով` թե որ չափ է այն հնարավորություն տալիս նկարչին իր ասելիքը լրացնելու, ամբողջացնելու համար: Որքան էլ ես ցանկանամ իմ տրամաբանությունը չի կարող թույլ տալ դիմել ձևերի ու գույների այնպիսի վարիացիաների, որոնք չեն պատկերում իմ հոգու տվայտանքները` կոնկրետ իրականության պատկերների միջոցով: Ես չեմ կարող գեղեցկատեսիլ բնությունը խեղել, այլանդակել, շառլատանության դիմել` անհամ ինքնատիպության, վերուստ ինձ չի տրված այդ ունակությունը:
Դժվար է եղել իմ կյանքը, մանկության տարիներին շատ եմ տառապել թե հոգեպես և թե ֆիզիկապես: Հիշում եմ 18-20 թթ. սովի տարիները, երբ ամբողջ օրերով հերթ եմ կանգնել մի կտոր սև հացի համար, երբ կոշիկ չի եղել ոտքերիս (ես երազել եմ մի զույգ սիրուն կոշիկ ունենալ) երբ դպրոցները փակ
են եղել: Իսկ այնուհետև ուսանողական տարիներին` դարձյալ սով, դարձյալ երազանք կոշիկի և մի կտոր սև հացի: Մյուս կողմից խաբված սերերս ինձ հուսալքել են, դարձրել հոռետես: Ոչ մի սեր չեմ ապրել առանց խզումների, ինձ միշտ ձգել են կործանիչ սերերը, անհույս սերերը, պլատոնական մոտեցումը սիրո առարկային, որը և տարել է ինձ դեպի անհայտություն: Այդ բոլորը առաջացել է իմ երկչոտությունից, ավելորդ ռոմանտիկայից, ոչ համարձակ միջոցառումներից, մինչդեռ կանայք ռեալիստ են չափից առավել, նրանց համար միշտ գոյություն ունի սեքսուալ սեր, որից կարելի է համարձակ օգտվել: Ինձ չեն պատահել երազուն հոգով լի աղջիկներ, որոնք անչափ շատ են վեպերում, պոեմներում: Իրականության մեջ նրանք շատ սահմանափակ դատողության տեր անձնավորություններ են` անընդունակ սխրանքների: Իմ տանջանքներս, վշտերս ու հիասթափություններս աշխատել եմ մոռանալ արվեստում, նրանով եմ ապրել ողջ կյանքումս:
Ես հիմա զարմանում եմ, թե ինչպիսի անմիտ աղջիկներ են ինձ զբաղեցրել: Մոսկվայի ինստիտուտում մի տխմար ռուս աղջիկ մոտեցել էր ինձ և ամեն կերպ ընկերություն էր ցանկանում անել, որոշ ժամանակ տարվեցի նրանով, ապա լրիվ հիասթափվեցի:
Ես շարունակ ձգտել եմ լավը տեսնել, ռոմանտիկականը, երազայինը և ամբողջապես նվիրվել նրան:
10.04.77 թ.
Ողբերգական օր եմ ապրում (կյանքը - արդեն մի ողբերգական դրամա է եղել), քանդում են իմ սքանչելի արվեստանոցը, որտեղ շուկա են կառուցելու, ինչպիսի պարադոքս, քանդում են իմ երիտասարդ տարիների ամբողջ ստեղծագործական արտադրանքի գեղատեսիլ անկյունը, որտեղ ես անչափ շատ մտորումներ, պոետիկ ապրումներ և ստեղծագործական պահեր եմ ապրել:
Մի ժամանակ` քառասունական, հիսունական թվականներին շատ էի տարված պլեներային գեղանկարչությամբ` իմպրեսիոնիզմով: Ինձ գրավում էր լույսի և գույնի խաղերը, անմիջականը, տպավորականը: Աշխատում էի էքսպրոմտով` ստացվում էր թարմ ու անմիջական, հետագայում ես փոխեցի իմ աշխատելաձևը` գտնելով, որ այն շատ է մակերեսային, անցողիկ: Հիմա ափսոսում եմ:
Պարտեզում լավ էր երեկոյան պահերին, երբ սկսում էինք ջրել ծառերն ու ծաղիկները և թարմ կանաչի զնգուն գույները անչափ հանգստություն էին տալիս մեր նյարդերին:
Ընկերներ էին այցելում, աղջիկներ, որոնք ուզում էին նկարվել, զրուցել, ուրախ ժամանց անցկացնել ամուրի նկարչի հետ:
Իմ արվեստանոցի հետ են կապված բազմաթիվ հիշողություններ մայրիկիս հետ, նրա պայծառ դեմքի հետ: Յուրաքանչյուր անկյուն, յուրաքանչյուր պատկեր նրա անվան հետ է կապված եղել: Ինքը շարունակ քննադատել է իմ նկարածները, ոգևորել է, ցուցմունքներ տվել, օրհնել: Ա~խ, թանկագին մայր իմ, հիմա դու էլ չկաս և արվեստանոցն էլ չկա, ինչպես դիմանամ ես այդ կորուստներին:
Այդ արվեստանոցում շատ պոետիկ ժամեր եմ անցկացրել Լուիզա Սամվելյանի հետ (հիմա արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր) բազմիցս նկարել եմ նրա դիմանկարը, զրույցներ ունեցել…Շատ տարիներ ինձ հետ է եղել գեղեցիկ Լարիսան և իր հմայիչ խոսք ու երգով փարատել իմ միայնությունը և տխրությունը: Շատ օրիորդներ են եղել այդտեղ, շողքի հետ սեր բացատրվել: Եղել են և խորը հիասթափության պահեր, ծանր մղձավանջային օրեր: Ա~խ, դարձյալ անուշ մայրիկիս դեմքն է հառնում իմ դիմաց, նրա հիվանդ օրերը, մահը և թաղումը…
Չորս տարի ընտանիքով ապրեցինք իմ արվեստանոցում` հին բնակարանը քանդելուց հետո մինչ նոր բնակարան տեղափոխվելը, չորսը տարի մայրիկիս հետ եղել եմ անբաժան` գիշեր ու ցերեկ, միշտ նրա պահպանիչ աղոթքի տակ: Ինչպիսի~ երջանիկ պահեր էին... Հիմա ես ինչպե՞ս լաց չլինեմ անցյալ այդ պայծառ օրերը վերհիշելով…
Այդ արվեստանոցը պահպանում էր իմ մեջ խթանիչ ստեղծագործական հուրը, մղում անդուլ աշխատանքի, ամեն ինչ օգնում էր ինձ վառ պահելու այդ հուրը և ես ինձ լավ էի զգում, ուժեղ, հաղթահարող բոլոր դժվարությունները: Իմ … էին վեհ գաղափարներ, կյանքի քնարերգական պահերը երգելու անհուն տենչ, ուրիշ բան է, որ շատ դեպքերում էչր ստացվում այն, ինչին ձգտում էի, ինչը որ աշխատում էի կերպավորել` իմ իդեաներին շունչ տալ, այստեղ արդեն տաղանդի հնարավորություններն էին, որ գործ էին տեսնում:
Այս արվեստանոցում եղած տասնամյակների ընթացքում (1940-1976) ես ձեռք բերեցի կայուն նկարելաձև, որը նման չէ ոչ մեկին, որը ճշմարտացի է, կյանքից է վեր առված, հուզել է ստեղծագործողին: Ամփոփված ինքս իմ մեջ, իմ եսի մեջ` ես ընտրել եմ առավելապես արտահայտիչը, գեղեցիկը, ցայտունը, յուրօրինակը: Խորը լիրիկական զգացումների իմ աշխարհը ես կերպավորել եմ բազմաթիվ բնանկարներում, ժանրային կոմպոզիցիաներում և գրաֆիկական թերթերում:
Գեղանկարչական իմ լեզուն հայերեն է եղել, հայրենի ժողովրդի հերոսական անցյալը, նրա այսօրվա կյանքը: Կյանքիս համընթաց եմ քայլել` միշտ ժամանակի ձայնին ունկնդիր:
Մովսես Խորենացու << Հայոց պատմություն>> նկարաշարը (20 կտոր) ես այս արվեստանոցում եմ ստեղծել, աշխատել եմ նրանց վրա երկար տարիներ, շարունակ մշակել` նորը ստեղծագործելով:
Երեսունական թվականները ես աշխատում էի առանց որևէ տեղ ունենալու, մեկ սենյակում ապրում էինք և աշխատում, բնական է, որ չէի կարող կենտրոնանալ և երկարատև մնայուն գործեր ստեղծել: Միայն քառասունական թվականներից է սկսում իմ քրտնաջան գործունեությունը, միայն տեղ ունենալուց հետո ես ամբողջ հոգով տրվեցի արվեստին:
Ու այդ մեծ ու լուսավոր արվեստանոցի մեջ, մեն մենակ ես շատ եմ խորհել աշխարհի, կյանքի երևույթների ու ստեղծագործական խնդիրների մասին: Առանձնությունը ինձ թույլ է տվել ճանաչել ինքս ինձ, իմ ձգտումները կերպավորելու ասելիքս: Քառասունական թվականներին` պատերազմի ծանր տարիներին, հիշում եմ, երբ չկար փայտ` վառելու ու հաց` գրեթե մի քիչ կուշտ լինելու: Ես աշխատում էի ինքնամոռաց` մեծ հայրենիքի մոտիվների վրա, պատերազմական թեմաներով օգնելու ժողովրդական մեծ պայքարին:
Արվեստանոցս շատ հարմար տեղ էր` շուկային անմիջապես կից, քաղաքի բոլոր տեսակի տրանսպորտին մոտիկ, երթևեկության կենտրոն: Դուռը բացելիս կարելի էր հանդիպել բոլոր տեսակի տիպերի, որոնք նստում էին սանդուղքի քարերին` հրավիրիր, որին կուզես, նկարիր, որքան ցանկանաս:
Այստեղ կարելի էր հանդիպել ձեռքի վրա վաճառող հոծ բազմություն, կռվող ու զիջող մարդկանց, աշուղների, բանասացների: Շատ ճեպանկարներ ունեմ այդ տիպաժներից նկարված:
Իհարկե, աղմկոտ էր, իրարանցում, սակայն աշխուժություն կար այդ բոլորի մեջ, կյանքն էր հորթում իր ողջ այլազանությամբ:
Ու մայրս, նստած աթոռին, ժամերով նայում էր անցնող դարձող ամբոխին, նայում էր ու զարմանում այլազան մարդկանց կերպարանքներին, նրանց շարժումներին:
Շուկան մեծ էր, ընդարձակ, լի բազմությամբ, իսկական արևելյան շուկա, նամանավանդ աշնան ամիսներին, երբ պտուղներով ու բանջարեղենով լիքն էին բոլոր սեղանները, գետինը, մայթերը: Արևի տակ վառ գույներով շողշողում էին կանանց հագուստները, քրտնած դեմքերը: Արևելյան շուկա, որ իր կոլորիտն ուներ, իր ազգային յուրօրինակությունը, իր գույները: Երևանը այդպիսով զրկվեց ևս մի առանձնահատկությունից, ինչպիսին էր <<ղանթայի տունը>>, <<ցախի մեյդանը>>, <<ֆայլա բազարը>>, <<դամուր բուլուղը>> և այլ բազմաթիվ բնորոշ վայրեր, որոնք չափազանց հատկանշական են արևելյան տիպի քաղաքին:
20.09.77
Քանդեցին Մարքսի N60 արվեստանոցը, տեղափոխվեցի նոր տեղ, մի քիչ հեռու նրանից, սակայն հարմարավետ և, որ գլխավորն է, ունի ջեռուցման հարմարություն, այնպես որ ձմռանը այլևս չեմ տառապի վառարանի համար:
Նոր արվեստանոցի կառուցման համար ես շատ ժամանակ և նյութական միջոցներ վատնեցի, պետք եղավ մեծ համբերություն և տոկունություն: Շինարարությունը պետք է կատարվեր պետական միջոցներով և վարպետներով, սակայն փաստորեն ես կառուցեցի` շարունակաբար վարձելով բանվորներ, վարպետներ և գլխավորապես շինանյութ: Մեր ժամանակներում գործ ունենալ կառուցողների հետ չափազանց դժվարին խնդիր է: Արհեստավորները ստախոս են, խաբեբա, գող, անամոթ և չունեն նախկին արհեստավորների բարեխղճությունը, թասիբը, կատարման վարպետությունը: Հիմիկվա արհեստավորը միայն ցանկանում է կողոպտել, այնպես անել, որ քիչ աշխատանք վատնելով շատ բան ձեռք բերի: Վեց տեսակ մասնագիտություն ունեցողների հանդիպեցի և բոլորն էլ միատիպ էին, նույն ձուլվածքի տեր մարդիկ: Թվում էր, թե կուլտուրայի բարձր մակարդակ ունեցող մեր ժամանակի մարդը ավելի հմուտ և գիտակից պետք է լիներ իր գործին, սակայն սա պարադոկս է, ճիշտ հակառակն է ստացվել: Ես հիշում եմ մեր հին տունը, թե որչափ ամուր և լավն էր շինված ամեն ինչ, իսկ տեխնիկայի զարգացման և մեքենացման մեր ժամանակներում ամեն ինչ խալտուրային ձևով է արվում: Ներկայումս շինված տները արդեն քայքայվում ու փլվում են, արդեն վանող տեսք ունեն:
Հավաքելով մեծ գումար ես մեծ դժվարությամբ կարողացա կիսատ-պռատ գործերը վերջացնել:
Ինձ համար սկսվել է ստեղծագործական գործունեության նոր շրջան: Քիչ է մնացել ապրելու, շատ քիչ, պետք է ժամանակի արժեքը շատ բարձր գնահատեմ, շատ աշխատեմ, մտածված աշխատեմ:
Այս օրերին շատ են գրում և խոսում Եղիշե Չարենցի պոեզիայի մասին, բանաստեղծի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ:
Ես ծանոթ էի նրա հետ և շատ հիշողություններ են կապված նրա գործունեության հետ: Նրա բանաստեղծությունները և պոեմները մեր դպրոցական տարիներին շատ էինք կարդում և արտասանում, և մենք, ինքներս, բանաստեղծություններ գրում` նրա հոգով հրավառված: Հիշում եմ նրա ելույթները քսանական թվականների կեսերին, երբ ծավալուն դիսկուսիաներ էին գնում նոր գրականության զարգացման շուրջը: Չարենցը շատ եռանդուն, կրքոտ ձևով պաշտպանում էր գրական նոր բովանդակության և ձևերի հանդես գալը մամուլում: Զարգացած մարդ էր, ընդունակ և շատ տաղանդավոր: Մենք, պատուհանի ունկնդիրներս, պաշտում էինք նրան և ոտնկայս ծափահարում նրա յուրաքանչյուր ելույթը:
Սակայն արտառոց բնույթի մարդ էր, չափազանց տարերային, անհավասարակշիռ: Բազմիցս տեսել եմ խմած վիճակում, հայհոյում էր և թույլ տալիս անվայել արարքներ:
Հիշում եմ, որ նա 1927 թվականին ամռան մի երեկո ատրճանակից կրակել էր կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գեղեցիկ քրոջ վրա, որովհետև նա զլացել էր հետևել պոետին, մերժել էր նրա առաջարկը: Այդ առթիվ նրան բանտ նստացրեցին, որտեղ նա գրեց իր հայտնի <<Հիշողություններ ուղղիչ տնից>> գիրքը:
1931 թ. ամռան արձակուրդներին, երբ ես գտնվում էի տանը, ինձ հրավիրեցին պետհրատ` Չարենցի մոտ: Չարենցը այդ ժամանակ ղեկավարում էր պետհրատի գեղարվեստական հրատարակչության բաժինը: Չարենցը խնդրեց մի քանի պլակատներ նկարել քաղաքական թեմաներով` տպելու և տարածելու համար: Դա առիթ դարձավ իմ հաճախակի այցելություններին պետհրատ և լավ ուսումնասիրելու բանաստեղծին: Միջակից ցածր, վտիտ, երկար քթով, դեղնավուն դեմքով մարդ էր նա, ոչ մի աչքի ընկնող արտաքին կողմ չուներ, սակայն աչքերը, հայացքը և խեսելու տոնը բացառիկ արտահայտիչ էին: Վստահ իր գիտեցածի և ասածի վրա նա առարկություն չընդունող տոնով էր խոսում զրուցակցի հետ: Ամեն ինչի մասին նա տեղեկություն ուներ, նույնիսկ տպագրական մեքենաների, տառատեսակների, թղթի որակական հատկանիշների և այլն: Իմ պլակատները մեծ հավանություն գտան թե Չարենցի, և թե պետհրատի դիրեկտոր Էդվարդ Չոփուռյանի կողմից: Այնուհետև, հետևյալ տարիների ամռան արձակուրդներին ես շարունակեցի աշխատակցել հրատարակչությանը, նկարելով պլակատներ, ձևավորելով գրքեր, բուկլետներ և այլն:
1934 թ., երբ վերադարձա Երևան վերջնականապես, Չարենցը այլևս չէր աշխատում պետական հրատարակչությունում, մի անգամ ես հանդիպեցի նրան պետհրատի նոր շենքի մոտերքը: Ես կաղում էի, փայտը ձեռքիս էր, նա բարևեց և հարցրեց, թե ինչ է պատահել ինձ հետ, մենք բավական երկար խոսեցինք: Նա ասաց, որ իր նոր գիրքը` <<Գիրք ճանապարհին>> հանձնել է նկարիչ Հակոբ Կոջոյանին ձևավորելու համար, որ արդեն նկարազարդարումը վերջացնելու վրա է: Ինքը շատ է հավանում <<իսկական ոսկերչական աշխատանք, փորագրության եղանակով արված, մեծ ճաշակով և վարպետությամբ նկարված>>: Երբ տպվեց գիրքը ես տեսա,որ իրապես շատ գեղեցիկ ձևավորում է արել նկարիչը, մեծ աշխատանք թափել: Գլխազարդերը, միջի նկարազարդումները ամբողջական են, ինքնատիպ և լակոնիկ ձևով նկարված:
Մի քանի անգամ դարձյալ հանդիպել եմ Չարենցին, սակայն նա քիչ էր խոսում, մռայլ էր, հոռետես, լսեցի, որ թմրացուցիչ դեղեր է օգտագործում, հանգստությունը կորցրել է: 1936-1937 թթ. սկսվեցին մասսայական ձերբակալությունները, աքսորները և մահապատիժները, համարյա թե բոլոր գրողները ձերբակալվեցին: Աղասի Խանջյանի մահվան կապակցությամբ, որին սպանել էր արյունախում Լավրենտի Բերիան Թիֆլիսում, սկսվել էին ռեակցիայի ծանր օրերը: Ոչ ոք հանգստություն չուներ, բոլորը վախենում էին` մտածելով, թե եթե հայրենի կուսակցական գործիչներին ու գրողներին եթե ձերբակալում են, ապա հեշտությամբ կարող են նստեցնել շարքային մի մարդու, եթե անզգույշ ձևով մի խոսք է ասել:
Չարենցին բանտարկելուց հետո, նրա սենյակները վերցրին ու տվեցին մի չեկիստի, իսկ կինը ու երկու երեխաները, ինչպես նաև գրադարանը ու ձեռագրերը փողոց նետեցին:
Այս իրադարձությունը կոշմարի նման իջավ մեր սրտերին, կյանքի բոլոր հրապուրանքները կորցրին հետաքրքրությունը: Ժամանակի ամենամեծ բանաստեղծին մեռցրին բանտում և նետելով կաչկան թաղեցին ով գիտե որ փոսում: Այսպես վիճակվեց հանճարեղ գրողին, մտածողին:
Ես հիշում եմ, որ հրահանգված էր այրել, ոչնչացնել բոլոր Չարենցյան գրականությունը, մեզ` կոմերիտականներիս, պատվիրում էին հավաքել և այրել Չարենցի գրքերը, եթե քննության ժամանակ պարզվեց, որ մեկնումեկը պահում է նրա գրքերից, ապա պատուհասը անխուսափելի էր դառնում տիրոջ համար: Ահա այսպիսի ժամանակներ էինք ապրում, միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակներ:
Անցան տարիներ, հիմա բոլոր թերթերում և ամսագրերում տպում են Չարենցի մասին հիշողություններ, նրա գրվածքներին ներբողներ են ասում, դարի ամենամեծ, հանճարեղ բանաստեղծ են անվանում: Բոլոր բարձրագույն դպրոցներում, ինստիտուտներում տեղի են ունենում երեկոներ, կարդացվում են զեկուցումներ, արտասանում են նրա բանաստեղծությունները:
Փետրվարի սկզբին տեղի պիտի ունենա մեծ հավաք օպերայի թատրոնում, հանդիսավոր նիստ, որը կազմակերպել է կառավարական հանձնաժողովը, կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար` Դեմիրճյանի ղեկավարությամբ: Ահա, թե ինչ տարօրինակություններ ունի կյանքը, ինչպիսի պարադոկսներ, ինչպիսի ծայրահեղ հակադրություններ: Արվեստի և գրականության գործերը մնում են, իսկ առաջնորդները` կյանքը կամայականորեն վերափոխողները, անցնում են, մոռացվում և պատմության մեջ հիշվում, որպես դաժան բռնակալներ` խիղճն ու մարդկայնությունը կորցրած մարդիկ:
Հայ ժողովրդի համապարփակ ոգին է ընդվզում Չարենցի ստեղծագործություններում, տառապյալ, միացավանքային ոգին, որը յուրաքանչյուրիս մեջ կա, սակայն միայն տաղանդի մեծ ուժով է այն արտահայտվում, դրսևորվում, գեղարվեստական կերպարանք ստանում:
Որքան դեռ բարձրարժեք գործեր կստեղծեր Չարենցը, եթե շարունակեր ապրել:
Ես իմ բանաստեղծական աշխարհն ունեմ, որը չի նմանվում ոչ մի գեղանկարչի ստեղծագործական համայնապատկերին, դա ուրույն մտածելակերպի, զգայության, ճանաչողության հետևանք է: Դա ազնիվ մարդու, նվիրված հայրենասերի, բնության սիրահարի աշխարհն է, որը մեկնաբանման իր ձևերն ունի, իր արտահայտչական միջոցները, իր սիրած գույներն ու ձևերը: Հայ նկարիչներ` Մարտիրոս Սարյանը, Սեդրակ Առաքելյանը, Հակոբ Կոջոյանը, Գաբրիել Գյուրջյանը կարողացան ստեղծել իրենց պատկերացումը Հայաստան աշխարհի մասին, իրենց յուրօրինակ ոճային ինքնատիպությունը: Ես չեմ հետևել նրանցից և ոչ մեկին, ես շարունակ ընթացել են ճանաչողական, կերպարային իմ պատկերացանկի միջոցով: Ես միշտ էլ հիացել եմ Սարյանի, Առաքելյանի, Կոջոյանի ստեղծագործություններով, սակայն երբեք չեմ հետևել նրանց, որովհետև իմ պատկերացումները բոլորովին այլ են եղել` ըստ էության մոտիկ նրանց, բայց բանաստեղծական լեզուն հիմնավորապես տարբերվել է: Դա նրանից է, որ ես իմ մանկությունը և պատանեկությունը անց եմ կացրել ուրույն միջավայրում, տագնապի և զրկանքներով լի մղձավանջային տարիներ տեսել:
Իմ մանկության հեռավոր օրերը շարունակ զգալ են տալիս ինձ այն երազային աշխարհը, որ ես եմ տեսել: Ես շարունակ մոլի հայրենասեր եմ եղել, ինձ դաստիարակել են մեծ հայրենասերներ, հայագետներ, պատմաբաններ:
Սակայն ստալինյան էպոխայի տարիներին ես չկարողացա հայտնաբերել իմ հույզերն ու ապրումները, ես կաղապարի մեջ ընկա և կորցրի ինքնատիպությունս…
Ամբողջ կյանքումս ես ինձ անընդհատ որոնել եմ, աշխատել գտնել իմ էությունը կերպավորող ցայտուն միջոցներ, գույներ և ուրույն ստեղծագործական լեզու: Դժվար է եղել, շարունակվում են դժվարությունները և այսօր…
Հիմա, երբ կյանքս դեպի մայրամուտ է թեքվել, և ես հաշվեգումար եմ անում իմ արածի և չարածի մասին, դժբախտաբար քիչ բան է ստացվում հոգեհարազատ, ինձ բավարարող:
Ինձ անհասկանալի է այսօրվա երիտասարդ նկարիչների ստեղծագործական դեմքը, նրանց գործերում ես չեմ տեսնում հայրենի երկրի պաշտամունքը, բնությունը չունի իր հրապուրչությունը, իր անհուն գեղեցկությունը, նրանք ոճավորում են ամեն ինչ, առարկայական աշխարհի բոլոր ձևերը, գույները և այլն: Կորչում է բնության կերպարը, նրա շունչը:
Ես չեմ ասում, որ անհրաժեշտ է կրկնել մեծ դասական նկարիչներին, իհարկե, պետք է որոնել նորանոր արտահայտչական միջոցներ, սակայն ոչ թե սուտ միտումնավոր ձևերով, շառլատանություն անել գույներով, այլ խորը տեսնել, ներքին էությունը ցուցաբերել: Մեր երիտասարդները գնում են հեշտ ճանապարհով, նրանք ընդօրինակում են մոդեռն նկարչության օրենքները, չեն չարչարվում, չեն տեսնում, չեն կորցնում իրենց հանգիստը և քունը:
Նորելուկ տեսաբանները գովում են նրանց պատեհ անպատեհ առիթներով` մամուլով, քննարկում երեկոներին, դրանով ավելի քաջալերում նրանց ավյունը:
Զարմանալին այն է, որ, չնայաց իմ օրն ի բուն քրտնաջան աշխատանքին, իմ ստեղծագործությունների մասին քիչ են գրում, լույս տեսած ալբոմներում իմ գործերից հատ ու կենտ է գրվում: Այսպես, օրինակ, օրերս լույս տեսած <<ИЗОБРАЗИТЕЛЬНОЕ ИСКУССТВО АРМЕНИИ>> ստվարածավալ ալբոմում չի տպագրվել և ոչ մի նկար: Մինչդեռ, այնտեղ տեղ են գտել ինձանից շատ ավելի երիտասարդ նկարիչների աշխատանքներ, որոնք պարզապես ոչինչ արժեքավոր չեն ներկայացնում: Խմբագիր Մանյա Ղազարյանը, իհարկե, նկարիչների միության թելադրանքով, արժանի չի համարել զետեղել մի պատկեր իմ հիսունամյա գործունեությունից:
Անբարեխիղճ, շատախոս այդ կինը իրենից ոչինչ է ներկայացնում, սակայն նման մեծ գործեր է ձեռնարկում, բարձրացնելով իր ուզած մարդկանց, որոնցից վախենում է կամ սպասելիք ունի: Ահա այսպես է մարդկային ողբերգական կյանքը, որտեղ արդարությունը իսպառ բացակայում է: Քեզ կարող է բոլորովին մոռանան, կորցնեն և ոչ ոք տեր չկանգնի:
Նույն բանը նկատելի է պատկերասրահի նոր շենքի նոր էքսպոզիցիայում: Ամոթի և խղճի ոչ մի հետք նկատելի չէ պատկերասրահի դիրեկտոր` Է. Իսաբեկյանի և նրա մակլավիկների գործունեության մեջ: Ամեն ինչ արված է միայն մի փոքր խումբ նկարիչների փառքի և անվան համար: Մի մեծ սրահ գրավել է զոռբա Իսաբեկյանը և ամենից առաջ կախել իր նկարները, հետո Գյուրջյանը նույնպես մի սրահ զոռով ու կռվելով գրավել է, ապա Գ. Խանջյանը, Հ. Զարդարյանը և էլի մի երկու հոգի: Բնական է, որ իրար մեջ բաժանելով պատկերասրահի ողջ տարածքը, ինձ նման համեստ մարդկանց պետք է որ զետեղեն ընդհանուր << եղբայրական գերեզմանում>>:
Մեր ժամանակի զոռբայությունը, համարձակությունը, ընկերոջը խեղդելու ունակությունը նկատելի է այստեղ պարզ ու պատկերավոր: Խոսում են մարդու էության, նրա երջանկության պատկերման խնդիրների մասին, բայց իրականում .... արարքներ են ցուցահանում:
Ընկերներս, կարծես թե իրար հետևից շարք կանգնած, մահացան: Այս օրերին մահացան նկարիչներ Սեդրակ Ռաշմաճյանը և Հմայակ Ավետիսյանը, մի տարի առաջ մեռավ Խաչատուր Եսայանը:
Սեդրակ Ռաշմաճյանի հետ սովորել եմ միջնակարգ դպրոցում և գեղարվեստի տեխնիկումում 1921-1927 թթ.: Ավարտելուց անմիջապես հետո նա մեկնեց Մոսկվա և շարունակեց ուսումը ....., իսկ երբ ինստիտուտը փոխադրեցին Մոսկվայից Լենինգրադ, ապա ավարտեց Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը, որը այն ժամանակ կոչվում էր պրոլետարական արվեստի ինստիտուտ:
Ավարտելուց հետո վերադարձավ Երևան և անցավ ստեղծագործական աշխատանքի: Առաջին իսկ գործերից նա հայտնաբերեց իրեն որպես տաղանդավոր ձիրքի տեր, սակայն մտածելակերպ ունեցող անձնավորություն: Աշխատում էր գլխավորապես դիմանկարային ժանրի բնագավառում` ունենալով նաև մի քանի կոմպոզիցիոն ֆիգուրալ թեմատիկ ստեղծագործություններ............ սկսեց աշխատել <<Կոմիսարի մահը>> կտավի վրա, բայց այդպես էլ չվերջացրեց: Սակայն իր կյանքի ուղին շատ ծուռ ընթացք ունեցավ: Ընկնելով վատ միջավայրի մեջ այդ պարկեշտ ու աշխատասեր և ազնիվ տղան դարձավ հարբեցող, բառիս բուն նշանակությամբ: Խմելով անցան նրա լավ երիտասարդական օրերը, չէր աշխատում, խալտուրա էր անում, որպեսզի ստացած փողը հատկացնի օղուն: Իսկ հարբելով նա դառնում էր կատաղի, մոլեգնում էր, կոտրում ինչ որ ձեռքը ընկներ, երկու անգամ կոտրել էր ոտքը, ձեռքը, ամիսներով պառկել անկողնում, սակայն վերջ տալ խմելուն նրան չէր հաջողվում: Հետզհետե կղզիացավ, միջավայրից կտրվեց, խզեց հարաբերությունները ընկերների հետ: Վերջին տարիներին ես բոլորովին չէի տեսնում նրան, զարմանալի մենակյաց էր դարձել այդ այնքան կենսուրախ, այնքան բարեսիրտ ու ազնիվ անձնավորությունը: Շատ եմ ցավում, որ վերջին տարիներին տեսակցություն չեմ ունեցել հետը: Մահացել էր նստած տեղը` առանց որևէ բան ասելու...
Իր ուսանողական տարիներին ամենամոտիկ ընկերն է եղել Մեհեր Աբեղյանը, միասին ապրում էին մի սենյակում, շարունակ միասին աշխատում, թատրոն, կինո, ժողովներ գնում: Սակայն վաղուց էր, ինչ չէր տեսնվում հետը և թաղման օրն էլ առանձնապես չէր վշտանում ընկերների հետ:
22.01.79
Ավագ սերնդի արվեստագետների վերջիններից մնացել են մի երկու հոգի միայն, այսօր վախճանվեց ևս մեկը, Երվանդ Քոչարը, քանդակագործ, նկարիչ, հիշենք <<Սասունցի Դավիթ>> մեծահամբավ կոթողի, որը նրան անմահություն շնորհեց: Տաղանդավոր մարդ էր, զարգացած, հմուտ իր գործում, սակայն անհետևողական: Ըստ էության դասական վարպետների հետևորդն էր, սակայն մեկ էլ տեսար ամբողջ նկարաշար էր ցուցադրում ֆրանսիական մոդեռն նկարչության ներկայացուցիչների օրինակով, որտեղ դեֆորմացիայի էր ենթարկում մոդելը` դիմում ... ..... վերջին մոդայիկ պրիյոմների, հասնում անհեթեթության: Այս երկդիմությունը ինձ շարունակ տարօրինակ է թվացել և չի հրապուրել: Պետք է ասեմ, որ ինքը համեստ մարդ չէր և ոչ էլ բարոյական բարեմասնություններով էր օժտված, մեծամիտ էր ամբարտավանության հասնելու աստիճան: Նրա ելույթները ժամանակակից արվեստի դիսպուտներում աչքի էին ընկնում արտառոց հայտարարություններով: Հասարակական որևէ օգտակար աշխատանք իր կյանքում չէր կատարել, շարունակ իր շահույթի խնդիրն էր նկատի ունենում որևէ գործ կատարելիս: Մի անգամ ներկա եմ եղել նրա վաճառքին և ամոթ զգացել նրա փոխարեն:
01.05.79
Վերջին քսան տարում լույս տեսած վեպերից ես առաջնություն տալիս եմ միայն երկու գրքերի հեղինակների` Գուրգեն Մահարա <<Այրվող այգեստանները>> և Սերո Խանզադյանի <<Հողը>>:
Գուրգեն Մահարու վեպը չափազանց մեծ արժանիքներ ունի, որը կարող է հասկանալ միայն Վանը տեսած և վանեցիների մեջ ապրող անձնավորությունը: Միջավայրը, տիպաժը, պատմելու առանձնահատկությունը տալիս են վեպին առանձնահատուկ կոլորիտ: Ես լավ գիտեմ նկարագրվող տիպերին` աղաներին, ջոջ աղաներին, էֆենդիներին, խանումներին ու վարժապետներին: Մանկուց մեծացել եմ նրանց շրջապատում, լսել եմ նրանց, դիտել, տպավորվել: Շփվել եմ նրանց հետ թե մեր բակում և թե շուկայում: Չէ որ 1920թ. Ղանթայի տակում ես մանրավաճառ առևտուր էի անում վանեցի իմ հասակակից տղաների հետ: Վանեցիների նիստն ու կացը, նրանց խոսելու առանձնահատուկ ինտոնացիան, բարբառը այնքան հարազատ է ինձ համար: Ես հիշում եմ միշտ մեր բակի ջոջ աղաներին, նրանց կեցվածքը, արտահայտման ձևերը, ձեռքերի շարժումը, նրանց հումորիստական արտահայտությունները: Վեպի տիպաժը վերցված է իրականությունից, դա գրոտեսկ չէր, իրապես վանեցիները այդպիսին են` ժլատ, շահամոլ, կնամոլ, սակայն և հայրենասեր, անհրաժեշտ դեպքում հայրենիքի պաշտպանության դիրքերում կանդնած:
Վանեցիները ունեն լավ կողմեր նույնպես: Վանեցին գող չէ, լավ ընտանիք է պահում, ընկերական բարի ձգտումներ ունի, հյուրասեր է (եթե, իհարկե, ակնկալություն է սպասում): Վանեցին աշխատասեր է, միշտ ապահովված է, երբեք ողորմություն չի խնդրում: Վանեցին գիտի փողի արժեքը, երբեք նա իր ունեցած դրամը հեշտությամբ չի ծախսում, չի վատնում հարբեցողության և այլ արարքների համար: Շռայլ վանեցու ես երբեք չեմ հանդիպել: Իմ ընկերների մեծ մասը վանեցիներ են եղել, բայց երբեք առատաձեռն նրանց չեմ տեսել:
<<Այրվող այգեստաններ>> վեպը Վան քաղաքի էպոպեան է, նրա ողբերգության բնութագրումը: Ութ տարեկան էի, երբ ականատես եղա այդ ողբերգությանը և մինչ օրս անջնջելի մնացին այն օրհասական օրերը, որ ես տեսա Վանում 1915 թ. ապրիլին:
Երազի նման անցան այդ օրերը, անցյալը` դա մի հուշ է, որ մնացել է կենդանի մնացածների ուղեղներում, հուշ, որը անչափ լի քաղցրություններով և միաժամանակ իր դառը ճակատագրով:
Շեն ու բարեկեցիկ Վան քաղաքի բնակչությունը ցրվեց աշխարհով մեկ, գնացին տառապելու տարբեր երկրների ու ժողովուրդների ոլորտներում: Մեր սերունդից մի քանի անձնավորություններ են միայն այսօր հիշում Վանը, մի տասնամյակ ևս ու այդ էլ վերջ կգտնի:
Գուրգեն Մահարու վեպը կմնա որպես հուշարձան այդ հանգած-կորած կյանքի, այնպես, ինչպես Եղիշե Չարենցի<<Երկիր Նաիրի>>, Ակսել Բակունցի <<Գոյրեո>>, Վահան Թոթովենցի <<Կյանքը հին հռոմական ճանապարհի վրա>>:
Հեղինակը երեսուն տարվա ընթացքում է գրել այդ վեպը, սկսել է գրել, երբ դեռ 32 տարեկան էր, սակայն Աղասի Խանջյանի սպանությունից հետո, երբ
շատերի հետ բռնեցին նաև Մահարուն և երկարատև աքսորի ուղարկեցին հեռավոր հյուսիս, այնտեղ նա որքան պայմանները թույլ էին տալիս շարունակում էր վեպի մշակումը:
Մահարուն ես հիշում եմ քսանական թվականների սկզբից` շատ երիտասարդ, գանգուր մազերով, միջահասակ, աշխույժ` Չարենցի հետ Աբովյան փողոցում զբոսնելիս, այնուհետև գրողների տանը, որտեղ գտնվում էր նաև նկարիչների միությունը: Գրողների, արվեստագետների ժողովներում երբեք ելույթներ չէր ունենում, քննադատական հոդվածներ չէր գրում, սակայն նուրբ հումորի տեր լինելով չէր վարանում որոշ գրողների հասցեին ռեպլիկներ բաց թողնել:
Իհարկե, եթե նրան չաքսորեին, այլ հանգիստ ստեղծագործական կյանք վարեր` հնարավորություն կունենար բազմաթիվ գրքեր գրել` հին կամ նոր կյանքից:
Կրկին կարդալով Գուրգեն Մահարու<<Այրվող այգեստաններ>> իրապատում վեպը` ես բազմիցս հիշեցի այն անց ու դարձը, որ Վանում տեղի է ունեցել այդ ժամանակներում: Հիշեցի և խորը ցավ զգացի, արտասունքով լցվեց աչքերս…
Քանիցս մտադրվել եմ հիշողությամբ նկարել Վանի բնանկարները, սակայն միշտ էլ հետաձգել եմ, ձգտելով կերպավորման այն արտահայտչական միջոցները, որոնք կարող կլինեին վերակենդանացնել գեղեցիկ Վանը: Միշտ չէ, որ նկարիչը կարող է անել այն, ինչ մտահղացումը թելադրում է…
24.06.79
Այս տարի մեկը մյուսի հետևից բացվեցին Սարգիս Մուրադյանի,Լավինիա Բաշբեուկ Մելիքյանի և Մհեր Աբեղյանի անհատական ցուցահանդեսները: Մեկը մյուսից տարբեր` անհատական որոշակի դեմք ունեցող ստեղծագործողներ են, որոնք հայ գեղանկարչության այսօրվա առաջատար արվեստագետներ են հանդիսանում:
Մհեր Աբեղյանը թերևս ամենից առավել ավանդական բնորոշ կողմեր ունի, ազգային յուրօրինակություն, որը անչափ հատկանշական է Մարտիրոս Սարյանի դպրոցին: Տասը տարուց ավել ընկերությունեմ արել հետը, միասին ավարտել գեղարվեստական տեխնիկումը և ուսանել Մոսկվայի գեղ. Ինստիտուտում: Իմ և նրա դասատուները նույն մարդիկ են եղել` Սերգեյ Գերասիմով, Ուդալցովա, Դրևին, Պավլինով և մյուսները: Իմ կարծիքով նրա նկարչությունը մի քիչ քաղցրավուն է և շատ ավելի ներկվածություն կա: Ես սիրում եմ գունեղ քովանքը, սակայն ավելորդ պճնվածությունը պատկերը դարձնում է զարդարուն:
Մհերը ցանկանում է անպայման դուր գալ, գովեստի արժանանալ, այդ իսկ պատճառով նա վախենում է ազատ փորձեր` որոնումներ կատարել, որպեսզի հանկարծ չփչացնի պատկերը: Սակայն ընդհանրապես քնարերգական նկարիչ է, նկատելի է որոշակի տրամադրություն, բնապատկերը զգացմունքով է նկարված և լավ է ընկալվում: Նա կարողացել է յուրօրինակություն տալ իր գործերին, որը և իսկապես ճանաչվում է:
Աշխատունակ նկարիչ է, դեռ մանկատնից դիտել եմ նրա աշխատասիրությունը և նվիրվածությունը, միաժամանակ փառասեր է, սիրում է, որ իր մասին շատ խոսեն ու գրեն: Բազմաթիվ ծանոթություններ ուներ` գրողների, տեսաբանների հասարակական գործիչների հետ: Դրան մեծապես նպաստել է այն, որ նրա հայրը` Մանուկ Աբեղյանը, հանճարեղ հայագետ ու բանաստեղծ, մեծ հեղինակություն է վայելել: Ամեն ինչով ապահովված լինելով, կուլտուրային շրջանակի մեջ մեծանալով` Մհերը լավ է օգտագործել հնարավորությունները և կարողացել է զարգացնել իր ընդունակությունները: Կերպարվեստի միության գծով նա շատ հասարակական աշխատանք է տարել` առանձնապես պատերազմի տարիներին: Հին ընկեր է եղել, հետը շատ մոտ եմ եղել, սակայն սառն է, անտարբեր, երբ հանդիպում ենք ինքը ավելի շատ խոսում է իր մասին, բայց իմ կյանքով չի հետաքրքրվում, առհասարակ ես կամ- չկամ միևնույն է նրա համար: Իր անհատական ցուցահանդեսի առթիվ կազմակերպվել էր շքեղ բանկետ`Армения հյուրանոցի սրահներում և ինձ` իր մանկության ընկերոջը, չէր կանչել, դե ես ինչ օգուտ կարող եմ տալ իրեն, ինչ սպասելիք կարող է ունենալ ինձանից:
Ինձ չհաջողվեց կյանքում ունենալ սրտակից ընկեր` արվեստակից ընկեր, որպեսզի կարելի լիներ միասին գործել, մտքերի փոխանակություն ունենալ, իրենց մտածած կերպավորումների վերաբերյալ զրուցել և այլն: Զարմանալին այն է, որ իմ նվիրվածությունը, ազնվությունը չի դիտվում և չի արժեքավորվում իմ ծանոթների շրջանում, նրանք սպասում են շահավետություն, որը ոչ մի կերպ ինձանից սպասել չի կարելի…
Նույնը և աղջիկների մասին կարող եմ ասել` իմ երկարատև կյանքի ընթացքում շատ աղջիկների և կանանց հետ ծանոթացա, մտերմացա, սակայն և ոչ մեկը նրանցից չհամընկավ իմ իդեալներին և պատկերացումներին: Որպես օրենք, նրանք բոլորն էլ շահադիտական մոտեցում են ունեցել, գնահատել իմ հոգեկան բարձր կարողությունները և ոչ մեկը չի ուզել: Բանաստեղծները, նկարիչները` ընդհանրապես արվեստագետները օժտել են աղջիկներին պոետիկական նրբին հատկություններով, երազային, սակայն իրականում նրանք այդպիսին չեն, ավելի նեղ հայացքների տեր, նախանձոտ ու բամբասկոտ: Մեծ մասը ցանկանում են լավ հագնվել և հեշտ ու ուրախ կյանք վարել, փորձիր խոսել նրանց հետ լուրջ բաների մասին, ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերի և շուտով կփոխեն խոսակցության տոնը: Գեղեցիկ սեռին հետաքրքրում է ավելի շուտ բովանդակություն ունեցող զրույցներ, կենցաղային արտառոց պատմություններ: Ինձ միշտ գրավել են դեռատի աղջիկները, նրանց մաքրությունը, աչքերի ու մազերի փայլը, անմիջականությունը: Շատ եմ նկարել, սիրել ու շոյել մետաքսյա հյուսերը նրանց, որոշ ժամանակ այդ բոլորը նրանց համար հետաքրքրություն է ներկայացնում, բայց շուտով, ծանոթանալով իրենց հասակակից երիտասարդների հետ նրանք տարվում են սիրո զգացումներով և մոռանում մեր նմաններին: Դեռ հիսունական թվականներին ինձ մոտ արվեստանոց էին գալիս Լաուրան, Էմման, Զուիդան, Էդիտան, Էլլիդան և էլի մի քանիսը: Արվեստանոցումս երգում էին, պարում, շատախոսում, մտերմիկ պահեր եմ ունեցել նրանց հետ, որոնք քաղցր հուշեր են դարձել այսօր...
Կյանքը ես տեսա և ճանաչեցի: Ինչ որ գրել է Ավետիք Իսահակյանը իր մեծ ստեղծագործության մեջ` ամբողջապես իրականություն է: Կյանքումս ես չտեսա մարդու իդեալական կերպարը, ողորմելի մտքերով տարված` մեծ մասը իր անասնական պահանջների բավարարման հետևից է ընկած:
Մեր իրականության մեջ սուտը համատարած երևույթ է դարձել: Սուտը մուտք է գործել և կերպարվեստում, իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող կերպավորումները` արտառոց և անճաշակ, ինքնատիպ են համարվում, գովաբանում, ի ցույց դնում: Ստում են գրողները, նրանք ճշմարտությունը կյանքի մասին չեն կարող գրել, որովհետև այն չի տպագրվի, ուրեմն անհրաժեշտ է կեղծել, ամեն ինչ վարդագույն լոիյսի տակ նկարագրել, հանդես չբերել իրականության նողկալի երևույթները: Այդ իսկ պատճառով գրողների մեծ մասը` գլխավորապես արձակագիրները, գրում են պատմական վեպեր, այս դեպքում անհրաժեշտ չի լինի ճակատ առ ճակատ դուրս գալ իրականության հանդեպ:
Մեր նկարիչները նույնն են անում, նկարում են պատմական բովանդակություն ունեցող նկարներ` պետական պատվերներ կատարելու համար և քնարերգական տիպի գործեր` իրանց համար: Հիմա ես նկարում եմ 11-րդ բանակի մուտքը Հայաստան, այս տարվա հոբելյանական ցուցահանդեսի համար և զուգընթաց բազմաթիվ բնանկարներ և կանացի ֆիգուրներ` իմ անհատական ցուցահանդեսի համար:
16.01.80 թ.
Բացվեց Նիկողայոս Նիկողոսյանի անհատական ցուցահանդեսը` նկարիչների տան ցուցասրահում:
Ես ծանոթ եմ Կոլյային շատ վաղուց, իմ փոքր եղբայր` Սուրիկի ընկերն է եղել, միասին սովորել են Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում:
Ցուցադրել է մեծ թվով քանդակներ, գեղարվեստական և գրաֆիկական գործեր` գլխավորապես դիմանկարների ժանրին պատկանող:
Ինձ առանձնապես դուր եկան նրա մի շարք էքսպրեսիվ քանդակները և դիմանկարները:
Շատ աշխատասեր, ճարպիկ ու ձեռներեց մարդ է, շնորհիվ այդ հատկությունների և իր շնորհքի նա կարողացավ Մոսկվայում և այլոց անուն հանել, դիրք ստեղծել:
Ըստ երևույթին, շնորհքը թերևս բավական չէ արվեստագետին հայտնի դարձնելու համար, կարևորը նաև այդ շնորհքը ի ցույց հանելն է, բոլորին տեղեկացնելն է, ուշադրություն գրավելը: Կոլյա Նիկողոսյանը զարմանալի հատկություն ունի այն ի հայտ բերելու: Նա մուտք է գործում ամենուրեք, ծանոթություններ հաստատում բազմաթիվ արվեստագետների և տեսաբանների հետ, պատվերներ էր ձեռք բերում, հայտնի մարդկանց հրավիրում էր արվեստանոց` քանդակելու կամ նկարելու, շատ դեպքում կավը հետը վերցրած գնում էր նրանց տուն և նրանց դիմաքանդակը կերտում հենց բնակարանի մեջ: Երբեմն աներեսության հասնող բնավորության այդ կողմը այնքան էլ չէր անհանգստացնում Նիկողոսյանին:
Ես զուրկ եմ եղել բոլոր այդ հատկություններից, աշխատել եմ ողջ գիտակցական կյանքս, ինչպես ասում են սուս ու փուս` քչերին տեղյակ պահելով իմ գործունեության մասին:
Կյանքում պետք է անուն հանել, իսկ դա արվում է միայն և միայն ճարպկության շնորհիվ, իսկ եթե հարյուր տարի էլ աշխատելու լինես ոչ ոք չի հետաքրքրվի, և քո ստեղծածը այդպես էլ կմնա անհայտության մեջ:
Ազնվությունը, համեստությունը, ամոթխածությունը լավ հատկություններ են` ոչ ամենքին տրված, սակայն կյանքում, մարդկանց առօրյա հարաբերության մեջ նրանք պարզապես պետք չեն:
Մեր սերնդի նկարիչներից` Մ. Աբեղյանը, Ասլամազյան քույրերը, Ա. Բեքարյանը և մյուսները ազգայինը շարունակ տեսել են նատյուրմերտների յուրօրինակության մեջ (որը սկիզբ է առնում Մ. Սարյանից) և բնանկարի դեկորատիվ ներկայացման միձոցով: Սա, իհարկե, անհրաժեշտ է, ավանդները պետք է պահպանել և զարգացնել, սակայն, իմ կարծիքով, որոշ չափով մակերեսային բնույթ է կրում, չունի խորության իմաստություն, մասամբ է միշտ բնութագրում ժողովրդի էությունը, նրա առաքինող կողմերը:
Բանջարեղենի և պտուղների դեկորացիայի եղանակով ցուցահանդեսը ի վերջո ասելիքի սահմանափակ կողմերն է բացահայտում:
Իմ ստեղծագործական կյանքում ես շատ քիչ նատյուրմորտներ եմ նկարել` այն էլ ոչ բանջարեղեն ու մրգեր, այլ գլխավորապես դաշտային ծաղիկներ:
Ես հակում ունեմ ավելի դրամայի և գործողության վերնայմանը, մարդու ներքին բովանդակությունների բացահայտմանը: Դեռևս 1928 թ. նկարած իմ երեք կոմպոզիցիաներում ես այդ ցայտունկերպով եմ ներկայացրել: Օրինակի համար` <<Արմենակ..... ողբերգական մահը>>, .................... և հետագա տարիների նկարած բազմաթիվ կոմպոզիցիաները այդ են վկայում: Գործի նպատակասլացությունը եղել է ինձ համար գլխավոր ուշադրության առարկան: Ընտրել այնպիսի թեմաներ, որոնք կարենան ժամանակի ոգին բացահայտել, հայ ժողովրդի բնավորությունը նկարագրել: Արտաքին գեղանկարչական հնարքները հրապուրիչ են, իհարկե, սակայն կարճատև է լինում նրանց հմայքը, չի մնում մարդկանց հիշողության մեջ:
Սարյանը արդեն լավագույն ձևով ներկայացրեց Հայաստանը իր անկրկնելի բնությամբ, վառ գույների ներդաշնակություներով, ընդհանրացված ձևերի համակարգով: Կրկնել նրան մի որևէ եղանակով` ստեղծագործական յուրօրինակ դեմք չի կարող տալ նկարչին:
Իմ ստեղծագործական կյանքը անցավ բացառապես որոնումներով և շատ դանդաղ զարգացում ունեցավ վարպետության հասունության իմաստով: Սակայն տարեց տարի ես կարողանում եմ իմ ասելիքը ավելի կերպարային ձևով արտահայտել, ավելի գտնված կոլորիտով կերպավորել: Գոհացում իմ ստեղծագործություններից ես երբեք չեմ ունեցել, ինձ լրիվ չի բավարարել և ոչ մի գործ, ինձ թվում է, թե ես նոր եմ սկսում իսկական ստեղծագործական աշխատանքը...
24.06.80 թ.
Երեկ երեկոյան Հրաչյա Քոչարի 70 ամյակի առթիվ ելույթներ էին ունենում մեր անվանի գրողները: Նշվում էր նրա ծննդյան յոթանասուն ամյակը: 15 տարի առաջ վախճանվեց անվանի գրողը և իսկական մարդը ու քաղաքացին:
Մոտիկ ծանոթ էի նրան, Ալաշկերտցի էր, բարի ու ազնիվ մի անձնավորություն, ազգասեր, ջերմեռանդ արվեստասեր:
Առաջին անգամ ծանոթացա նրա հետ գրողների տանը`1934 թ., երբ դեռ նոր էի Մոսկվայից վերադարձել, նա գրողների միության կոմերիտ կազմակերպության քարտուղարն էր: Ես պետք է այսուհետ մտնեյի այդ կազմակերպության մեջ և իմ գործերս ու տոմսս hանձնեյի նրան: Շատ սիրալիր ընդունեց և այնուհետև մտերմացանք, ժամերով զրուցում էինք գրականության և արվեստի մասին, մտքեր փոխանակում: Այնուհետև նա մեկնեց պատերազմի դաշտ և մասնակից եղավ մեծ եղելություններին, գրեց բազմաթիվ հոդվածներ պատերազմի թատերաբեմից, իր տպավորությունները պատմեց մեծ ոգևորությամբ: Քոչարը եղավ այն առաջիններից մեկը, որ պատերազմից հետո, վերադառնալով տուն, մասնակից եղավ ազգային ազատագրական շարժումների, նորովի մեկնաբանելու խնդիրներին: Քսանական և երեսունական թվականներին մեզ ասում էին, որ թուրքերը մեր եղբայրներն են, որ դաշնակցական Հայաստանն է հարձակվել թուրքերի վրա և ոչ թե թուրքերը: Այո, շինծու կողմնորոշումը մինչև քառասունական թվականները դեռևս իշխող էր մեր գաղափարախոսական ելույթներում: Հիմա, որ մի հետադարձ հայացք ենք նետում այդ տարածուն գնահատման վրա, ուղղակի զավեշտական է թվում, ինչպիսի զարմանալի կեղծիքներ են եղել, որով աշխատել են հավատացնել ժողովրդին: Այդ հավատով էր, որ վաթսուն տարի առաջ հայ բոլշևիկները պրոպագանդա էին մղում հայ-թուրքական ճակատում` զինվորներին համոզելով, որ չպետք է կռվել թուրքերի դեմ, նրանք հեղափոխական են, մեր եղբայրները: Այդ իսկ պատճառով ճակատը քայքայվեց, դիմադրություն չեղավ, թուրքերը անարգել գրավեցին Կարսը, Կաղդվինը, Ալեքսանդրապոլը և ընդհուպ մոտեցան Երևանին` ներկայացնելով վերջնագիծ: Այդպես ստորագրվեց Ալեքսանդրապոլի ստորացուցիչ դաշնագիրը, որով հայերին հատկացվում էր պատմական Հայաստանի միայն տասներորդ մասը` մի փոքր տարածություն, նախկին Երևանյան նահանգի:
Ու կորան հավիտյան մեր արևմտյան երկրները, արգավանդ հողերն ու լճերը, բոլորը մնացին թուրքերի ձեռքը, որոնց հովանավորում եններկայումս բուրժուական պետությունները` Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ:
Իմ սերնդի մարդկանց համար այդ իրադարձությունը ավելի ու ավելի ծանր ողբերգություն է հանդիսանում, ավելի զորեղ ճնշում մեր սրտերը և շարունակաբար ալեկոծում մեր հոգեկան աշխարհը:
11.1980 թ.
Հայաստանի խորհրդայնացման վաթսուն տարվա առթիվ հոբելյանական մեծ ցուցահանդես` նկարիչների տան սրահներում:
Ես ներկայացրի մեկ թեմատիկ պատկեր գեղանկար`<<11-րդ բանակի մուտքը Իջևան>>, որը գնահատվեց 1800 ռուբլի գումարով: Ցուցահանդեսին թեմատիկ էր և բավարար միայն 1920 թիվը ներկայացնող ստեղծագործություններով: Նկատելի էր նկարիչների մեծ մասի անտեղյակությունը իրադարձություններին: Շաբլոն կրկնողությունը և կանխակալ մոտեցումը աչք էր զառնում շատ գործերում:
Երիտասարդությունը խուսափում է պատմական իրադարձությունները ճշգրիտ պատմելու իրողությունից, նրանք քիչ են կարդում և քիչ ուսումնասիրում: Նրանց հետաքրքրում են միայն ձևական որոնումները, որի հետևանքով թեմատիկ կտավները դառնում են փորձադաշտ: Ամեն տեսակի աքսեսուարներ մուտք են գործում պատկերում իսկ գլխավոր իրադարձությունը դուրս է մնում կտավից:
Երիտասարդության հրապուրանքը արտասահմանյան մոդեռն նկարչական ուղղությունների փոխառնումն է, շատ պարագաներում ուղղակի կրկնօրինակումը: Դիտողը զարմանում է անհրապույր, պրիմիտիվ պատկերման մեթոդների փորձարկումներից: Սակայն որոշ տեսաբաններ աղմուկ են բարձրացնում հենց այդ կտավների շուրջը, ազդարարում են նորույթ: Խմբագիրները թույլ են տալիս պարբերական մամուլում բազմաթիվ էջեր հատկացնել այդ ձևապաշտական ուղղության ներկայացուցիչներին:
06.1984 թ.
Քսաներկու օր շարունակ`15 մայիսից մինչև6-ը հունիսի բացվեց իմ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Երևանի նկարչի տան ցուցասրահում: Սա թվով իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Առաջինը բացվեց1970 թ. մարտ ամսին նույն տեղում:
Թե առաջին և թե երկրորդ անհատական ցուցահանդեսները մեծ հաջողություն ունեցան: Այդ են վկայում այցելուների բազմաթիվ գովեստները, որոնք մեծ հիացմունքով գրված են, ցուցադրված գործերը դիտելուց հետո:
Ինչպես առաջին, այնպես էլ այս ցուցահանդեսը նախևառաջ հայրենասիրական բնույթ էին կրում: Առանց բացառության թե թեմատիկ պատկերները, թե բնանկարները և դիմանկարները բացահայտում էին նկարչի նվիրվածությունը իր ժողովրդին, իր գեղեցիկ հայրենիքին: Ծաղիկների նատյուրմորտները առանձին շուք էին տալիս` իրենց բազմերանգությամբ, գունագեղությամբ:
Ներկայացված էր ամբողջ Հայաստանը իր պատմական անցյալով, ազատության համար մարտնչող ժողավրդով, շինարար ձեռքով, իր գեղատեսիլ բնությամբ և մշակույթի գործիչներով:
Առաջին ցուցահանդեսում ի տես էր ցուցադրված Մովսես Խորենացու պատմության նկարաշարը` բաղկացած 20 մեծադիր պատկերներից, որոնցում դիտողը կտեսներ հայ ժողովրդի անցյալ կյանքի էպիկական դրվագները:
Այս ստեղծագործության վրա ես աշխատել եմ տասնյակ տարիներ` մեծ եռանդ….: Նման ….. հայ ոչ մի նկարիչ դեռևս չի նկարել:
Երկրորոդ ցուցահանդեսում նույնպիսի նկարաշարեր են ներկայացված, բայց ավելի մոտ անցյալի մոտիվներով: Դա հայ ժողովրդի ազատագրական պայքարն է եղել: Արևմտահայ քաջարի հայդուկների ընդվզումը ընդդեմ թուրքական ցեղասպանների, այս թեման նույնպես առաջին անգամ է հանդես բերվում մեր կերպարվեստում:
Նորություն էր նաև Արևմտահայաստանի հայտնի քաղաքների` Վանի և Բաղեղի մեծագիր գունեղ պատկերումը, որոնց ես նկարել եմ հիշողութիամբ, այդ քաղաքներում լավագույն օրերս անցկացնելու հետևանքով:
Ցուցադրել եմ նաև Արևմտյան Հայաստանի մեծատաղանդ գրողների`Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Պեշիկթաշյանի, Մեծարենցի, Պետրոս Դուրյանի դիմանկարները: Վերջիններս նկարված են մեծ պաթոսով և յուրաքանչյուրը նկարված են իմ զգացումներով և երկրպագույի իմ նվիրվածությամբ:
Ես ինչ որ երազել էի ի կատար ածել իմ արվեստում` կարծում եմ, որ կարողացել եմ մասամբ իրականացնել: Համենայն դեպս իմ խիղճը հանգիստ է, որովհետև ես ոչինչ չեմ խնայել` ոչ առողջությունս, ոչ ժամանակս և ոչ էլ նյութական միջոցներս, ամեն ինչ նվիրաբերել եմ իմ արվեստի հաջողությանը:
Վաթսուն տարի տքնել եմ, մտածել, որոնել, անձնական երջանկություն չեմ ունեցել: Սրանք շատ մեծ զոհաբերություններ են: Ցուցահանդեսից հետո մամուլում լույս տեսան դրվատանքով լի մի շարք հոդվածներ, որոնց հեղինակները արվեստաբաններ էին:
Գեղեցիկ հոդված գրեց ժաղավրգական նկարիչ, պրեֆեսոր Գաբրիել Գյուրջյանը, որը տպվեց <<Սով. Արվեստ>> ամսագրի 1984 թ. N10-ում: Հեռուստատեսային էկրանը 35 րոպե շարունակ դեկտեմբերի ութին 1984 թ. ցուցադրեց իմ ստեղծագործությունները` գունավոր: Առաջաբանում ելույթ ունեցան Մհեր Աբեղյանը և Արա Բեքարյանը: Մհեր Աբեղյանը, իմ մանկության դպրոցական ընկերը, սքանչելի խոսեց, տասը րոպե շարունակ նա դրվատեց իմ աշխատությունները, գովաբանեց իմ եռանդը և նվիրվածությունը արվեստին:
Առաջին անգամն է, որ իմ ընկերը այդպիսի ջանասիրությամբ ելույթ է ունենում, դա շատ մեծ ոգևորություն պատճառեց ինձ:
Այս բոլոր հաջողություններից հետո պետք է, որ ինձ ժողովրդական նկարչի կոչում տրվեր, այդ իրավունքը ես վաղուց եմ վաստակել, սակայն կերպարվեստագետների միության ղեկավարները ոչ մի եռանդ չեն ցուցաբերել, որպեսզի վերադաս մարմինները հետաքրքրություն ցուցադրեին և այդ կոչումը ինձ տային: Ես վստահ եմ, որ ոչ մեկը սրտանց չի ցանկանում, որ ես պարգևատրվեմ, նախանձը և չկամությունը գերիշխում է նրանց հոգում:
05.1985 թ.
Բացվեց Հայրենական պատերազմի քառասունամյակին նվիրված մեծ ցուցահանդեսը նկարիչների տան ցուցասրահում: Ես ներկայացրել էի <<Ազատագրում>> 1.80 x 1.50 բազմաֆիգուր գեղանկար պատկերը: Այն ներկայացնում է կարմիր բանակի մուտքը ազատագրված բնակավայրեր, որտեղ տեղի են ունենում գրկախառնություններ:
06.1985 թ.
Այս տարի նկարիչների տան սրահներում բացվեցին մի շարք նկարիչների անհատական ցուցահանդեսներ: Իրենց ստեղծագործություններով հանդես եկան` Արմեն Ղարիբյանը, Ժենյա Հարությունյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և Էդվարդ Իսաբեկյանը: Բոլորն էլ ինքնատիպ, հետաքրքիր լավ նկարիչներ են:
Ինձ առանձնապես դուր եկան Ալեքսանդր Գրիգորյանի նկարները: Մեծ թափ ու էներգիա ունեցող այդ գեղանկարիչը զարմացնում է դիտողներին գույնի վիրտուոզ …., պլաստիկայի զգացմամբ և նամանավանդ արտահայտչաձևերի ինքնատիպությամբ: Գեղանկարը թարմ տպավորություն է թողնում, որովհետև նկարիչը այն կատարել է արագ, ինչպես ասում են մեկ շնչով, առանց կտավը չարչարելու:
Այս նկարիչը մոտ է իմ նախասիրություններին, ռոմանտիկական մտահղացումներին և ձևի կատարման միջոցներին:
Երբ ես շնչակտուր ու թափով վրձինում եմ ներկը, ապա գեղանկարը ստացվում է հյութեղ, թարմ ու արտահայտիչ: Այս տիպի էքսպրոմտով արված նկարների շարք ես ունեմ:
Էդվարդ Իսաբեկյանի ներկա ցուցահանդեսը (նկարիչների տան սրահներում, հունիս) լրիվ պատկերացում է տալիս գեղանկարչի ստեղծագործությունների էության մասին:
Մեկ ընդհանուր հայացքը բավական է, որպեսզի դիտողը կռահի, թե այդ արվեստը որտեղից է գալիս և ինչ ազդեցությունների արգասիք է: Դասական գեղանկարչության ազդեցությամբ են նկարված բոլոր գործերը, դիտողը մի պահ եզրակացնում է, թե ինչ որ մի խումբ նկարիչների ստեղծագործությունների միջավայրում է գտնվում ինքը: Գեղանկարիչներ, որոնք ապրել ու նկարել են 18-19 դարերում…
Թեմայի ընտրությունը, կատարման ոճական միջոցները չեն համոզում, որ դա մեր ժամանակակից գեղանկարիչ է, սա էկլեկտիզմի մի վառ արտահայտություն է, մի շատ վաղուց արտասանված քնարերգական դրվագների հավաքածու:
Էկլեկտիզմը մասնավորապես ակնառու է նրա …. Ստեղծագործություններում (Ավարայրի ճակատամարտը), որտեղ զգացվում է Դելակրուայի ազդեցությունը: Երբ դիտում եմ նրա նկարած ձիերին, ապա իսկույն վերհիշում եմ ….. Ժերիկոյի, Դելակրուայի և այս տիպի այդ դասական նկարիչների պատկերները: Այս մոլուցքը շնչահեղձ է անում Իսաբեկյանին, ….. քսվածքը, կոլորիտային խնդիրները ամեն ինչ արվում է այս շրջանակներում: Վատ չի ստացվում, մի շարք գործերում հոյակապ է այն հնչում, առկա է բնածին շնորհքը, ռոմանտիկան, վառ երևակայությունը, սակայն երբ տարալուծում ենք նկարչի սկզբունքները, նպատակները, ժամանակի ոգու հետ զուգընթաց գնալը, ապա ստացվում է թանգարանային էքսպոնատների վարիացիաներ, հնավոճ նկարների հավաքածու: Իմ կարծիքով սա չի կարող նոր խոսք ասելու նպատակին ծառայել, պատշաճը ներդնել մեր արվեստի զարգացման բարձր նպատակներին, ձգտումներին…
Սա Իսաբեկյանի արվեստի կողմի բնորոշման մասին, իսկ որպես մարդ ի՞նչ է ներկայացնում իրենից, ամենից առաջ` մեկը մյուսի հետ շաղկապված երևույթ է, չի կարող փոխազդեցություն չունենալ արվեստը և արվեստագետի հոգեկան խառնվածքը: Ամենա ակնառուն այդ նկարչի գոռողամտության (որը հասնում է երբեմն ամբարտավանության) կողմն է: Համարելով իրեն մեծ նկարիչ նա արհամարհանքով է նայում իր շուրջ բոլորը, հոխորդանքով է խոսում մյուս նկարիչների արվեստի մասին: Բնածին ազնվություն, մարդավարի վերաբերմունք բացառված է նրա մոտ: Ինքնագոհ է և դա խանգարում է նրան գեղանկարչության մեջ նոր ուղիներ որոնել, նա ներկայումս աշխատում է ճիշտ այնպես, ինչպես որ աշխատել է 40-50 տարի առաջ:
10.08.1985 թ.
Ամենադժվարը նկարչի համար (ըստ իմ հայեցողության) դա թեմայի և սյուժեի ընտրությունն է, որոնք համընկնեն արվեստի աշխարհայացքին, ժամանակի ոգուն և ազգային ներշնչանքին:
Այն նկարիչները, որոնք ոչ մի ձևով չեն կարողանում այս երեք բաղադրյալները ամբողջական ձևով ներկայացնել իրենց ստեղծագործության մեջ, ի սկզբանե մատնված են անհաջողության, կուրորեն խարխափում են արվեստի շքեղ անդաստանում:
09.1985 թ
Երանուհի Ասլամազյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Երևանի նկարիչների տան դահլիճում էր: Երանուհու հետ ես սովորել եմ 1926-27 թթ. Երևանի գեղարվեստի ուսումնարանում: Լավ գիտակ եմ նրա ողջ ստեղծագործական գործունեությանը` սկզբից մինչև մեր օրերը: Ինչպես իր ավագ քույր` Մարիամը, այդպես էլ ինքը, ավարտել են Լենինգրադի գեղարվեստական ինստիտուտը: Ապրել ու աշխատել են նախ Լենինգրադում, ապա` Մոսկվայում:
Ընդունակ և աշխատասեր աղջիկները շուտով աչքի ընկան մայրաքաղաքի ցուցահանդեսներում ներկայացրած իրենց գունեղ` ազգային մոտիվներով հարուստ գեղանկարչական գործերով:
02.01.1986 թ.
Տարիները արագ են անցնում, իսկ ես ավելի ու ավելի դանդաղ եմ աշխատում: Ավելի պահանջկոտ դառնում իմ ստեղծագործական աշխատանքների նկատմամբ: Ինձ միշտ թվում է, որ ես մի կարևոր գործ դեռ չեմ կատարել, որ դեռ նոր ու նոր պետք է իրականացնեմ բազում մտքերն ու հույզերը: Մինչդեռ շատ քիչ ժամանակ է ինձ մնացել մինչև այս աշխարհին հրաժեշտ տալը:
Մեծ մտահոգություն է դարձել ինձ համար իմ նկարների ապագան, ու՞մ է մնալու մի քանի հարյուր կտավներն ու գծանկարները, ու՞մ են պետք նրանք, ու՞մ սիրտը պիտի ցավի նրանց համար:
Չունենալով ժառանգ նրանք կորչելու են, ցրվելու են երկրով մեկ, բայց ի՞նչ անել...
Խեղճ ու կրակ քույրերս ի վիճակի չեն նրանց փրկելու, սրտակից ընկեր չունեմ...
Ի դեպ, ընկերների մասին: Նկարիչների շրջանում ընկեր ասած գոյավիճակը բոլորովին այլ է` մյուս մասնագիտությունների տեր ունեցողների նկատմամբ: Նկարիչը առանձնահատուկ է` իր մտածողությամբ, ձգտումներով, ճաշակով: Նա անձնասեր է, մեծամիտ և որ գլխավորն է, խորհուրդներ չհանդուրժող:
50-60 տարվա իմ ընկերների շրջանում ես մտքերիս համամիտ մեկ այլ անձնավորություն չգտա, չկարողացա իմ հոգեկան ապրումները հաղորդել մեկ ուրիշ արվեստագետի, նրա կարծիքը, խորհուրդները լսել:
Նույնը ես նկատել եմ մեր ավագ սերնդի նկարիչների մոտ: Սարյանը, Կոջոյանը ապրում էին կողք կողքի մենատներում, սակայն գնալ գալ չկար, համատեղ նստել, երկարատև զրուցել` բացառված էր: Նույնը Գ. Գյուրջյանի, Մ. Աբեղյանի, Արա Սարգսյանի և այլոց միջև: Յուրաքանչյուրը նրանցից հանդուրժել չէր կարող մյուսի ստեղծագործական աշխարհայացքը, գրելավոճը: Քանդակագործ Երվանդ Քոչարը ծաղրում էր սերնդակից մյուս հայ քանդակագործներին, փոխադարձաբար նրանք էլ Քոչարին: Ես լսել եմ, թե նա ինչպես էր որակում Արա Սարգսյանի քանդակները` համարելով նրանց գեղարվեստական արժեքազուրկ գործեր: Արա Սարգսյանը շատ վրդովված էր Երվանդ Քոչարի<<Սասունցի Դավիթ>> արձանի տեղադրման ժամանակ: Այս երկու իրար չհանդուրժող արվեստագետները մի քանի անգամ հրապարակային ժողովներում սաստիկ վեճեր են ունեցել, ամբաստանել ու քարկոծել միմյանց:
Երվանդ Քոչարը իր ելույթներում(երբ նոր էր եկել Փարիզից) մեղադրում էր հայ արվեստագետներին անգրագիտության համար և խորհուրդ էր տալիս նկարել ու քանդակել սովորել իրենից:
Նա վախճանվեց առանց ընկեր ունենալու: Ընդհանրապես, տարօրինակ մարդ էր թե կյանքում, թե արվեստում:
Նրա գործերում դասական արվեստի օրինակների կողքին կարելի է տեսնել և էքսպրինիստական ` ձևապաշտական ոճի նմուշներ: Այս…ուղղությունները նրա աշխարհայացքից էին բեղում:
06.1986 թ.
Բացվեց ե մեկ ամիս դիտողներին ներկայացվեց Լևոն Կոջոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Այս նկարիչը միջին սերնդի ներկայացուցիչներից է և ինձ առանձնապես համակրելիէ իր արվեստով և իր մարդկային դրական կողմերով:
Իր գունեղ պատկերներով Կոջոյանը շարունակում է ազգային ավանդական ոճային հատկանիշները: Գլխավորապես բնապատկերներ են ներկայացված Հայաստանի գեղատեսիլ վայրերից` տարբեր եղանակներ պատկերող:
Հատկանշական է իր ձեռագրի առկայությունը` ջերմ ու հանգիստ միջավայրեր պատկերելիս: Մի շարք մեծադիր պատկերներում հեղինակը առավել դեկորատիվ պայմանական գունային գամմաներ է օգտագործում, որոնք համոզիչ չեն դիտողի համար: Ուժեղ կապտամանուշակագույն հողի գույնը ոչ մի կերպ չի ընկալվում և քնարերգական հուզալի մոմենտներ չի առաջացնում:
Մարտ – 1974 թ. Երևան, Հայաստան