24.02.69
Վերջացրի Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> գրքի մոտիվներով կատարված պատկերաշարը` առայժմ 18 հատ, տեմպերայով 90 x 65 սմ. մեծությամբ ստվերաթղթի վրա: Առասպելների և լեգենդների կերպավորումը շատ դժվարությունների հետ է կապված և մեծ համբերություն ու եռանդ է անհրաժեշտ այն ի կատար ածելու համար: Պետք եղավ յուրաքանչյուր նկարի համար տասնյակ էսքիզներ կատարել տարբեր ժամանակամիջոցում1-5 տարվա ընթացքում: Նկարներ կան, որոնց էսքիզների վրա աշխատել եմ դեռևս20 տարի սրանից առաջ: Այս քրտնաջան, երկարատև աշխատանքը նպատակ ունի հայ ժողովրդի հայրենասիրական ոգին բարձրացնել և իրենց նախնիների փառահեղ քաջագործությունների որոշ դրվագներ պատկերավոր կերպով ներկայացնել:
Ես աշխատեցի գործը նմանեցնել հին հայկական ֆրեսկաների և շատ օգտագործեցի հին հայկական մանրանկարները: Սա ավելի ճիշտ մեթոդ է, քան թե այն նկարիչների մոտեցումը, որոնք աշխատել ու պատմական նկարները նկարել վերածնունդի դասական նկարիչների նման և կամ թե Դելակրուայի ձևերով:
Իմ ցուցահանդեսում ցուցադրելուց հետո կերևա նրանց հաջողությունը: Իմ կարծիքով, ես լավ գործ եմ արել և ուժ ու եռանդ բնավ չեմ խնայել:
20.02.69
Անհրաժեշտ է էսքիզներ անել Լենինի ծննդյան 100 - ամյակին նվիրված ցուցահանդեսի համար և Թումանյանի ու Կոմիտասի տարեդարձների համար, սակայն դեռ չի հաջողվում որևէ մի սյուժեի վրա կանգ առնել: Զարմանալի դժվար բան է` գտնել մի սյուժե, որը նկարված չլինի նկարիչների կողմից, շաբլոն չլինի, նոր լինի: Շատ ու շատ են նկարված լենինյան թեմաներով պատկերներ, իսկ ես հիմա այլ մոտեցում ունեմ թեմատիկային և չեմ կարող կրկնել ուրիշների ասածը:
Ես մտածում եմ իմ նատուրային հարազատ որևէ լիրիկական մոմենտ վերցնել և ոչ թե հանդիսավոր որևէ մի պահ: Նույնը և Կոմիտասի ու Թումանյանի սյուժեների վերաբերյալ:
Լիրիկական մտահայեցողությունը ավելի անկեղծ է, ավելի մարդկային և ավելի հեշտությամբ է տեղ գտնում մարդկանց հոգիներում: Վերջ ի վերջո ես փառքի չեմ ձգտում, թող որ ամեն ինչ հարազատ լինի իմ հոգու համար:
28.02. 69
Ես այլևս թեմատիկ մեծ կոմպոզիցիաներ չպետք է ձեռնարկեմ նկարելու, դա երկարատև գործ է և որ գլխավորն է` անշնորհակալ: Ինձ պետք է ուժերս կենտրոնացնեմ ավելի խորը գեղարվեստական գերծեր նկարելու համար: Հիմարություն է ընկնել փառքի հետևից և կորցնել ամենաթանկագինը մարդու սրտի համար: Ինչքան որ թեմատիկ կոմպոզիցիաներ նկարել եմ բավական է, ու՞մ են հարկավոր նրանք, վաղուց է, ինչ մոռացվել են նրանք…
03.03.69
Իմ բնանկարներում դեռևս քիչ է խոհականը, որը ամենակարևորն է հանդիսանում նկարչի ներքնաշխարհը բացահայտելու համար: Սակայն այդ խոհականը բնության պատրանքի միջոցով չպետք է ձեռք բերվի, այլ գույների հարմոնիկ դրսևորման միջոցով, ավելի ընդգծելով զգայական կողմերը և ոչ դեկորատիվ փայլը: Մեր նկարիչներից շատերը Սարյանից վերցնում են հենց այդ դեկորատիվ փայլը, բայց ոչ խոհական իմաստավորումը: Կարևոր չէ նաև տեղանքի ճշմարտացի արտացոլումը, տոպոգրաֆիկ կողմերի վերարտադրումը, որը, դժբախտաբար, շատերի մոտ առաջնակարգ նշանակություն է ստանում:
Զգայականի ցայտուն կերպավորումը` որոշակի ինքնուրույն մոտեցմամբ, իրապես կստեղծի յուրօրինակ, ինքնատիպ գործեր: Պետք է աչքաթող չանել սրա հանգամանքը օրեկան աշխատելու ընթացքում:
05.03.69
Նախապատրաստվում է Լենինի 100-ամյակի առթիվ հոբելյանական մեծ ցուցահանդես, լինելու են պատվերներ և այլն: Սակայն ինչ նկարել և ինչպես նկարել այդ թեման: Ահա տասնյակ տարիներ է, ինչ այդ թեման ծամծվում է նկարիչների արվեստանոցներում և լույս են ընծայվել հազարավոր կտավներ, որոնց վրա պատկերված է եղել առաջնորդը` շրջապատված իր զինակիցներով:
Երբ հիշվում են այդ մեծադիր բազմաթիվ կտավները մարդ զարհուրում է և տարակուսվում, թե էլ ի՞նչ է մեզ մնում անել, կրկնել նույն շաբլոն ձևերը, նույն պոզաները, նույն չոր ու ցամաք կերպավորման միջոցները: Ո´չ, ես անկարող եմ այդ անել, ես ուժ չունեմ `բարձրացնելու այդ թեման, բացահայտելու ներքին բովանդակությունը, դա իմ ժանրի գույն չէ և մտածել այդ ուղղությամբ չարժե, որովհետև, միևնույն է, ոչ մի … չի ստացվի:
Մնում է վերցնել Լենինի իդեալների շուրջը կազմող այլ թեմաներ, որոնք այս կամ այն չափով առնչվում են առաջնորդի գաղափարախոսությանը:
Ես հնարավորություն ունեմ վերցնել գյուղի կամ բանվորական կյանքի մի քանի դրվագներ` մի երկու ֆիգուրներով: Լավ կլինի, եթե միտք ծագի որևէ սիմվոլիկ սյուժեի շուրջը աշխատանքը կենտրոնացնել, ինչպես, օրինակ, ազատագրության գաղափարը և այլն:
Ես չգիտեմ, ինչպես ուրիշները, սակայն ես շատ եմ նեղվում որևէ թեմայի ընտրության շուրջը, շատ եմ մտածում, ռեպրոդուկցիաներ նայում, սակայն, երբ անցնում եմ էսքիզների կատարմանը,սոսկալի շաբլոն բաներ են ստացվում, որոնցից ուղղակի զզվում եմ և հիասթափվում ինքս ինձանից:
Գլխավորն է` խուսափել պարզունակությունից, ոչինչ չասող կերպավորման մեթոդից, ակադեմիական ռեալիզմից: Ամենապարզ սյուժեների մեջ ներդնել մեծ խոհական միտք, հրաժարվել հանդիսավորությունից, մտքին և սրտին ոչինչ չասող փառահեղ կտավներ:
Որոնել ահա այդ սյուժեները, դիտել կյանքը զննող հայացքով և մի քիչ ավելի հնարամիտ լինել…
07.03.69
Կյանքում և արվեստում ես բոլորովին միայնակ եմ, իսկ դա ահավոր բան է, շատ ու շատ անցանկալի մարդու բնության համար:
Արվեստագետին անհրաժեշտ է միայնակ լինել, իր մտքերը կենտրոնացնելու համար, սակայն ոչ ամբողջ ժամանակը և նամանավանդ կյանքում:
Այդ միայնությունը ինձ հետզհետե տանում է դեպի խոհականը, խորասուզումը դեպի հոգու խորքերը, զգացմունքների կլանվածությունը մարդկային հոգու դատողություններով: Անընդմեջ ձգտումը դեպի կատարյալը, ազնիվը, վեհը բաց է անում ներքին տեսահորիզոնը, հոգու աչքերը` միշտ զննող և տենչանքներով լի: Բնականաբար, նկարի մեջ փափագ է առաջանում տեսանելի դարձնել այդ ապրումները, մարմնավորել նրանց, կերպարային տեսք տալ: Ահա և իմ անելիքը գեղանկարչության բնագավառում` ավելի ու ավելի արտահայտիչ դարձնել այդ տեսողության ռեալիստական կենդանագրումը:
01.04.69
Բացվեց Մինաս Ավետիսյանի նկարների ցուցահանդեսը: Նայում ես մոտ հիսուն գեղանկարչական գործերին և տարակուսանքի մեջ ես գտնվում, տեսածդ արդյոք լա՞վ էր, թե վատ ձևով ընդօրինակված ձևապաշտական մտորումներ: Ցուցահանդեսից դուրս ես գալիս մի տեսակ մոլոր դրությամբ և այնուհետև շարունակ մտածում ես տեսածիդ մասին: Ամենից առաջ գունային խնդիրների հետաքրքիր լուծումներ ես հիշում, որոնք թե ներդաշնակությամբ և թե տրակտովկայով սովորական չեն:
Այստեղ չկա իրականության պատրանքը առաջացնող ոչ մի անհրաժեշտ էլեմենտ, ոչ մի ատրիբուտ, նկարիչը իրեն չի առաջադրել նման խնդիր, նրան հետաքրքրում է միայն և միայն գունային բծերի դասավորումը հարթության վրա` նմանօրինակ մոտեցումը նոր չէ գեղանկարչության մեջ, սակայն չի կարող խանգարել , որ նա դարձյալ ու դարձյալ ուշադրության կենտրոն հանդիսանա: Այստեղ …. նկարչին չի հետաքրքրում ոչ պատկերի մոտիվը և ոչ էլ սյուժեն, մարդը անկենդան իր է և արժե միայն որպես գունային հարաբերությունների օբեկտ վերցնել: Այստեղից էլ սխեմատիկ լուծումը, անկենդանությունը: Նկարչական այս մեթոդը, ինչպես ասացի նոր չէ բնավ, վաղուց ի վեր ֆրանսիացիների կողմից դարձել է ստեղծագործական որոնումների կիզակետ և տրվել է համաշխարհային ճանաչման հասած վարպետների:
Այստեղ նկատելի է Գոգենի, Մատիսի և Դելակրուայի ազդեցությունը: Ինչևէ, գեղանկարչության այս որոնումները շատ ինտիմ զգացմունքների մեկնաբանման հնարավորություններ են ընձեռում, սակայն որը շատ քիչ մարդկանց դիտողների է հասկանալի, մատչելի: Մեզ` նկարիչներիս, այդ ձևը, իհարկե, հետաքրքրություն է ներկայացնում և ստիպում շատ չտարվել իրականության պատրանքը վերարտադրող միջոցների որոնումներով: Իսկ մեր սերունդը այդ ուղղությամբ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանք ունի տարված, որը արդեն իսկ ձանձրալի միապաղաղություն է ստեղծում: Անհրաժեշտ է ավելի ու ավելի քիչ ընդօրինակությամբ տարվել և ավելի ուշադիր լինել ձևի պրոբլեմների ուսումնասիրությամբ:
29.04.69
Նկարիչը շարունակ պետք է ձգտի ստեղծագործության գունային ներդաշնակությունների ամբողջականության, (цельность)և դա պետք է մտածվի հենց սկզբից: Եթե պակասում է ամբողջականությունը, ապա գործը չի փրկի և ոչ մի հնարք:
Պատկերի առանձին մասերը չպետք է ինքնուրույն դիտվեն, առանձին կյանք ունենան, այլ բոլոր մասերի հետ համընդհանուր հնչեն ու բան ասեն:
02.05.69
Իմ նախորդ տարիներին նկարած շատ ու շատ գործեր անհրաժեշտ է ոչնչացնել, որովհետև ինձ չեն բավարարում և ոչ մի կողմից, թույլ են թե գույնով և թե ասելիքի ուժով: Նկատելի է կրքի պակաս, գույնի և ձևի կատարյալ անճարակություն և որ գլխավորն է, անհատական պոչերկի կատարյալ բացակայություն:
Սպիտակի չափից առավել օգտագործումը հասցրել է խամրության, թե ինչպես ես հեռացել եմ գեղանկարչության հիմնական խնդիրներից, դա միայն աստված գիտի:
Իհարկե, դա հետևանք էր այն գաղափարախոսությանը, որ Ստալինի ժամանակ մեռցնում էր կենդանությունը և նկարչին դարձնող միայն կրկնօրինակող և ոչ թե հոգով ստեղծագործող:
Նոր սերունդը ճիշտ հակառակ բևեռից է սկսել իր ստեղծագործական կարողությունները ծավալել, նրանք նախևառաջ հիմնական խնդիրը դարձնում են գույնը, նրա հնչեղության բազմաթիվ հնարքները` մի բան, որ առաջներում մենք անվանում էինք <<ֆորմալիզմ>>:
Շատ տարիներ ես կորցրեցի կուրության մեջ, ափսոս իմ երիտասարդությունը.........
04.05.69
Ինձ չի հաջողվում հնարամիտ ֆորմալ խնդիրներ առաջադրել և լուծել, իսկ ժամանակը այդ է պահանջում, ակադեմիական ռեալիզմը ոչ ոքի պետք չէ ներկայումս: Դա կապված է մեր երկարամյա աշխատելաձևի հետ, որը ընդունված կանոններից դուրս չէր կարելի գալ, սա ձանձրալի է դիտվում: Այս տեսակետից երիտասարդները ավելի համարձակ որոնումներ են կատարում` ոտնակոխ անելով ամեն տեսակի տրադիցիաներ:
Ամենից առաջ երիտասարդությունը հեռու է կոնկրետ իրականության վերարտադրման ձգտումից, նրան չի հրապուրում կյանքի որևէ մի դրվագ իսկությամբ պատկերելու տենչը, այլ որոնում է ձևեր ու գույներ իր զգացումները և գաղափարները նրանց միջով պատկերելու:
Մեր սերունդը սովորեց նատուրա օգտագործել հենց սկզբից և առանց մոդելի չէր մոտենում որևէ պատկերի ստեղծագործությանը, իսկ դա հանգեցնում էր բնության ճշգրիտ վերակենդանացմանը կտավի վրա:
Այս մեթոդը հանգեցրեց այն բանին, որ մեր ձեռքերը խիստ կաշկանդված էին, երևակայությունը, իհարկե, ազատ թռիչքներ չէր գործում:
Պատկերը պետք է նկարել առանց մոդելին նայելու, թույլատրելի է միայն նախապատրաստական ճեպանկարներ և էտյուդներ, իսկ ողջ ստեղծագործական ընթացքը պետք է ընթանա առանց մոդելի առկայության:
12.05.69
Անցնում եմ օխրային գույների ներդաշնակություններին, այսպես ավելի հանգիստ է և մոնումենտալ հնչեղության կարելի է հասնել: Իմ կարծիքով, սուր հնչեղությունը շատ է ջլպտուն դարձնում պատկերը և դժվար է լինում մի հայտարարի բերել կոնտրաստ գույները:
16.05.69
Ես պետք է ավելի ու ավելի շատ աշխատեմ հին հայկական մոտիվներով կոմպոզիցիաների վրա: Ինձ թվում է, որ Մ. Խորենացու <<Հայոց պատմության>> մոտիվներով նկարված 15 պատկերաշարը ապացույց է, որ ինձ հաջողվում է ներկայացնել հայոց տոհմիկ քաջազնական ոգին, նրա ազգային ներաշխարհը և ստեղծագործ եռանդը: Միայն անհրաժեշտ է ձևը ավելի ու ավելի կատարելագործել, ավելի մոնումենտալ ֆորմաներ գտնել և, որ գլխավորն է, բոլորովին ինքն իրեն հետ լինել, չկրկնել ոչ դասականներին և ոչ էլ մանրանկարչության հայտնի նմուշներին:
Ֆորմալիզմից ես գլուխ չեմ հանում և ինձ չի հաջողվում որևէ գծի հետևից ընկնել, այսինքն որևէ դպրոցի հետևորդ լինել: Հետևաբար անենք այն, ինչը կարող ենք անել, կատարյալին հասնելու համար և հոգեկան բավականությունը գոհացնելու համար:
18.05.69
Դիմանկարներ քիչ ունեմ և այն էլ չեն բավարարում ինձ: Այսօր ես ավելի խորն եմ մտածում և ավելի պահանջկոտ եմ դարձել ինքս իմ հանդեպ:
Առաջներում, երբ աշխատում էի պլեներում, ինձ հետաքրքրում էր գլխավորապես լույսի և գույնի տարբեր էֆեկտների խնդիրները: Իսկ ներկայումս իմ գլխավոր որոնումները ես տանում եմ զգացմունքների վերարտադրման հնարքների կերպավորման միջոցներին: Սա պահանջում է պայմանականություն և որոշ դեֆորմացիաների կիրառում: Պետք է կարողանալնալ ավելի ու ավելի ազատ ստեղծագործել, չենթարկվել նատուրային, տեսնել ավելի յուրահատուկը, անկրկնելին, միայն արտահայտվել իմ լեզվով, իմ միջոցներով:
06.06.69
Փախուստ սյուժետային պատկերից, ահա ներկայիս երիտասարդության բնութագրությունը, անսյուժե պատկերներ, միայն գույնի ներդաշնակությունների որոնումներ, որը սահմանափակում է դիտողի մտածողության և զգացողության դիապազոնը:
Սա մի ուրիշ հակադիր պատկեր է, որը ոչ մի կերպ չի համընկնում ժամանակի ոգուն և պահանջներին: Պատմողական սյուժեները վերանում են իսպառ, հրապարակի վրա են անսյուժե գործեր: Սա մի ծայրահեղություն է, որ վերջ ի վերջո տանում է աբստրակցիոնիզմին է հասնում:
Առանձնապես երիտասարդությունը խուսափում է սյուժետային պատկերից և վերջին երիտասարդական ցուցահանդեսները այդ են ապացուցում: Իրենց շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները բոլորովին չեն հուզում և չեն անդրադարձել ցուցադրված գործերում: Դիտողը ոչ մի կերպ չէր կարող որոշել, թե արդյոք ինքը գտնվում է հայ նկարիչների պատկերասրահում, թե ինչ որ երրորդական պետության սահմաններում: Այս տարօրինակ հակադրությունը շրջապատի և արվեստագետի միջև ոչ մի լավ բան խոստանալ չի կարող ի օգուտ ազգային մշակույթի և հենց իրեն` արվեստագետի օգտին:
20.09.69
Բացվեց Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ մեծ հանդիսությամբ նկարչի տան սրահներում:
Ցուցադրել եմ մեկ կոմպոզիցիոն պատկեր <<Աղբյուրի մոտ>> և մեկ բնանկար <<Լոռի, ծաղկեվանք>>: Ֆիգուրային պատկերը դիտվում է, սակայն շատ է խամրած, որը ավելի զգալի է այն պատճառով, որովհետև նկարը կախված է լույսի դեմ:
Մեկ ընդ միշտ պետք է վերջ տալ այդ խամրածությանը, դժգունությանը: Գույների հնչեղ ներդաշնակության պետք է ձգտել, ահա թե որն է լինելու իմ ուշադրության և մտորումների գլխավոր նպատակը:
02.10.69
Անհրաժեշտ է հետևել մի որևէ դպրոցի, ուղղության կամ անհատ նկարչի, որովհետև դժվար է ինքնուրույն ճանապարհ հարթել այս բնագավառի բարդ իրադարձությունների մեջ:
Վերջ ի վերջո կարևորը մեկնաբանությունն է, գրման ձևը, արտահայտչական եղանակը և ոչ թե իրականությունը նույնությամբ պատկերելը` առանց կրքի, առանց նկարչի <<ես>>-ը ցայտուն ձևով հայտնաբերելու:
Ես հաճախ ընկնում եմ բովանդակության նկարագրման հետևից` թողնելով արտահայտչական եղանակների ինքնության հետևից, այդ իսկ պատճառով իմ շատ գործերում ցայտուն չի երևում իմ դեմքը` մի բան, որ չի առանձնացնում ինձ մյուս շատ գեղանկարիչներից: Ուրեմն հետևողականորեն ավելի ու ավելի կազմավորել իմ գրման ձևի յուրօրինակությունը: Միշտ և միշտ առաջնությունը պետք է տալ գույնին, նրա հնչեղությանը, նրա հուզական կարողություններին: Սա այսօրվա գունանկարչության հիմնական նպատակն է:
13.10.69
Իմ << պոչերկս>> շատ է աննշան, նա աչքի չի ընկնում իր օրիգինալությամբ և չի թողնում մարդկանց հիշողության մեջ խորը կնիք: Սա շատ մեծ մինուս է նկարչի համար:
Իմ ստեղծագործության մեջ ամենամեծ առավելությունը` դա անկեղծությունն է և պատմողականության կարողությունը, որը ներկայումս չի գնահատվում: Առայժմս <<մոդան>> ակցենտ է դնում արտաքին էֆեկտների վրա, գունային հնչեղ ներդաշնակությունների վրա`մի կողմ թողնելով ռեալիստական կերպավորման մեթոդը:
Անսպասելի գունային խաղերը և արտասովոր ձևավորումները կտավի գլխավոր նպատակակետն է հանդիսանում: Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում վերափոխվել, անցնել ձևի պայմանականությունների անակնկալ պոռթկումների և այլն:
24.10.69
Ամբողջ կյանքում ես, ավաղ, չհանդիպեցի մի մարդու կամ կնոջ, որին կարողանայի հոգուս չափ սիրել: Բոլորը անազնիվ են, ընչաքաղց, աֆերիստ, վատսիրտ: Իզուր չէ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը այնքան սուր բնորոշում տվել մարդուն`շարունակ նրա արատավոր կողմերը խորազանելով:
Միշտ բարձրը և ազնիվը պաշտելով անցրի կյանքս, սակայն հանդիպեցի վատի, ստորի, անասուններին հավասար արարքների:
Որչափ անբախտ մարդ եմ, չտեսա կյանքում մի երջանիկ օր, մի պահ անհուն ժամանակում, երբ մարդու սիրտը տրոփում է երջանիկ պահը ըմբոշխնելով:
Ո՞վ կարող է տեսնել այն, ինչ ես եմ զգում և վերապրում:
Կանայք, որոնց ես եմ հանդիպել, եղել են զարմանալի հուր և նման իրենց ընչաքաղցությամբ, նեղ աշխարհայացքով, անսիրտ ու փոփոխական:
Ոչ մեկը չսիրեց ինձ, որովհետև նրանց սրտին մոտ չէ ազնիվն ու վեհագույնը, ստոր պետք է լինել, խաբեբա ու սրիկա...
Ուրեմն շարունակեմ սիրել միայն իմ արվեստը, նվիրեմ նրան իմ վերջին տարիների ողջ էներգիան, աշխատեմ ներդնել իմ ստեղծագործությունների մեջ իմ հոգին, իմ ձգտումները, իմ իդեալները:
Իմ գործերում թող հնչի լայն վրձինով` լավն ու բարին...
08.02.70
Լենինին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացումը:
Գոհ չեմ իմ ցուցադրած աշխատանքից: Ավելին պետք էր անել, շատ է կոնկրետ, իրական, իսկ ներկայումս գերադասելի են մեծ մասշտաբներ, պայմանականություն և սիմվոլիկա, ասելիքի ուժգնություն, ձևի օրիգինալություն, շեշտված անհատականություն:
Մեր ժամանակներում, գլխավորը այս վերջին հանգամանքն է վճռական դեր կատարում:
Ցուցահանդեսի գործերում կան առանձնապես շեշտված (եսական տիպի աշխատանքներ, որոնք, սակայն,անկեղծ ասած,ինձ դուր չեն գալիս):
21.03.70
Իմ ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսի բացումը:
Հաջողությունը ակնբախ էր, ժողովուրդը հիացմունքով էր դիտում իմ աշխատանքները: Բազմաթիվ բարեմախթանքներ, տպավորություններ, ջերմ ցանկություններ եղան:
Գլխավորն է, որ ես անկեղծորեն արտահայտել եմ իմ զգացմունքները և ձգտումները, ակնբախ է հայ արվեստագետի ազնիվ ձգտումները և նպատակասլացությունը: Ազգային արվեստի այդ յուրօրինակությունը ոչ բոլորին է հաջողվում ձեռք բերել:
Քառասուն տարվա իմ երկարատև ... աշխատանքի արդյունքն է այդ ցուցահանդեսը: Իմ ողջ կյանքի տվայտանքը, իմ սփոփանքը, իմ որոնումները և վերջապես իմ կոնկրետ` ցայտուն ասելիքը:
Ցուցահանդեսը շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Նախ, որ ես կարողացա շատ շատերին ճանաչել տալ, թե ինչպիսի արվեստագետ եմ ես, իմ դեմքը, իմ արվեստի էությունը: Ուրեմն ժողովրդականություն ձեռք բերեցի և դա շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար: Իսկ հետո ես արեցի շատ ու շատ հետևություններ իմ առավելությունների և պակասությունների մասին: Թե ինչ է ինձ պակասում, ինչ բանի վրա ես պիտի շարունակեմ աշխատել հետագայում: Ամենից առաջ շատ բան ինձ մոտ պարզունակ է, գույնի որակական հատկանիշները շատ են թյուրըմբռնելի և նպատակ ունեն միայն իրականության պատկերները առաջ բերել դիտողին :
Անհրաժեշտ է շատ աշխատել կոլորիտի ընդհանրության վրա և ավելի ու ավելի արտահայտիչ դարձնել այն: Լինել լակոնիկ, ասելիքը ասել լակոնիկ ձևով, մի նոր տեսանկյունից դիտված, որպեսզի անսպասելի լինի այն:
Ցուցահանդեսում շատ լավ էր հնչում Մովսես Խորենացու <<Հայոց պատմության նկարաշարը>>, որովհետև այն շատ լակոնիկ էր, շատ ընդհանրացված և սիմվոլիկ: Հայ ժողովրդի հերոսական անցյալը պատկերող այդ 21 պատկերները, տեմպերայով կատարված, մի նոր որակ էին ներկայացնում և շատ անսպասելի էին նկարիչների համար:
Այդ նկարաշարում, իսկապես որ, շատ ճիգ էի թափել և դա նկատելի էր ու պատճառ դարձել հետաքրքրությամբ դիտելու:
Էտյուդներում նկատելի էր թարմություն և հուզական շատ տպավորություններ, որոնք ընկալվում են դիտողի կողմից դրականորեն, սակայն ես նկատեցի, որ անհրաժեշտ է ավելի լակոնիկ լինել, պատահական բաներ, էլեմենտներ շատ են խանգարում ընդհանրությանը:
Ես կարող եմ վստահորեն ասել, որ եթե ավելի պայմանական լինեմ իրականության կերպավորման խնդիրներում` դա շահեկան կլինի ինձ համար:
Դա առանձնապես նկատելի է կանաչ գույնի ոչ լավ մշակվածությամբ հանդես բերելը, նրանք խակ են և շատ են պարզունակ, շատ են ձգտում անպայման պատրանք առաջացնել դիտողի մեջ: Անհրաժեշտ է անցնել այդ էտապը, այդ պատրանք ստեղծելու միամիտ նկարելաձևը: Վերջ ի վերջո հետ պետք է նայել դեպի Վանգոգը, Գոգենը, Մատիսը:
Մատիսի մոտ շատ է ընդհանրությունը, դեկորատիվ մեծ կտորների հակադրությունները, դա ավելի այժմեական է հնչում, ավելի մոտ է նոր շրջանի մարդու աշխարհայացքին: Նստել և աշխատել պատկերի դասական կանոնների համաձայն ոչ ոքի պետք չէ, հետաքրքիր չէ:
Այսպիսով ես անցնում եմ ստեղծագործական գործունեության երրորդ շրջանին:
Այժմ իմ ուժերս պետք է լարեմ, որպեսզի գտնեմ ավելի արտահայտիչ և ավելի նոր խոսք ասող ձև, որը, իհարկե, իր ողջ էությամբ պետք է անմիջականորեն կապված լինի նախորդ շրջանների հետ:
Հիմա գլխավորը գունային բծերի համադրությունների խնդիրն է, թույլ է այն նկարիչը, երբ չունի զգացողություն, պակասում է ներքին մղումը` գույնի միջոցով արտահայտել իր հուզումներն ու ապրումները:
28.06.70
Շատ տարիներ առաջ ես տարված եմ եղել մատիսով, հիմա, դարձյալ, հետաքրքրվում եմ նրա ստեղծագործություններով: Ըստ երևույթին, իմ ստեղծագործական պատենցիալին առավել մոտ է այդ ֆրանսիացին, որը աշխատել է արևելքի հրապույրի ազդեցության ներքո: Թե տեմպերամենտով և թե պլաստիկայի զգացողությամբ շատ բան կարելի է սովորել նրանից: Սակայն անհրաժեշտ է ինքնուրույնը ներդնել, ավելի ու ավելի սիրուն մոմենտները շեշտել:
29.06.70
Ամեն ինչ պետք է սկսել նորից, այն, ինչ արել եմ ինձ ոչ մի կերպ չի բավարարում: Շատ է պարզունակ, մակերեսային և որ գլխավորն է, ձևով առանձին հետաքրքրություն չի ներկայացնում: Պետք է տեսնել ավելի հետաքրքիր, ավելի խորը:
13.07.70
Պայմանականություն, սիմվոլ` ահա ժամանակակից գեղանկարչությունը զբաղեցնող գլխավոր կերպավորման ձևերը: Համարյա ողջ երիտասարդությունը տարված է այդ մտայնությամբ, այլևս ոչ ոքի չեն ոգևորում դասական նկարչության օրենքները: Սիմվոլը ներկայացվում է ոչ ռեալ կերպարների օգնությամբ, այլ բոլորովին այլափոխված, դեֆորմացիայի ենթարկված ֆիգուրաներով, որոնք չեն պատմում, չեն ներկայացնում, չեն ոգևորում, այլ լոկ գունային բծերի այլակերպ արտահայտություններ են:
01.09. 70
Մեկ ամիս հանգստացա և հիվանդացա գյուղում (Լուսակերտ), մինչդեռ մտադրվել էի աշխատել, բնանկարներ նկարել: Իմ Առողջությունս շատ վատ է, հոդացավը անհանգստացնում է ինձ շարունակ` գիշեր ու ցերեկ: Իսկ այն, ինչ արել եմ այդ դրությամբ իրապես հերոսություն է: Մարդիկ չեն տեսնում և չեն զգում այդ (ու՞մ ցավն է կտրել), մինչդեռ նմանօրինակ վիճակով աշխատելն է հենց հերոսություն և ոչ թե առողջ օրգանիզմ ունեցող մարդու կատարածը:
Ես որևէ մեկի համար չեմ կատարել այն, ինչ տարիների քրտնաջան աշխատանքով է ձեռք բերված, այլ ինձ համար, իմ հոգեկան հույզերի, զարգացող մտքերիս ու ապրումների մարմնավորման համար միայն:
Փառքի ձգտում, իհարկե, բնականաբար եղել է իմ մեջ (որ կենդանի մարդու մեջ այն չկար), սակայն երբեք որոշիչ դեր չի կարողացել խաղալ:
18.12.70
Բացվել է Հայաստանի խորհրդայնացման հիսունամյակի առթիվ հոբելյանական ցուցահանդես:
Ես չկարողացա վերջացնել և ներկայացնել իմ մեծ կտավը, ստիպված մասնակցում եմ միայն մեկ բնանկարով և մեկ դիմանկարով: Իմ անհատական ցուցահանդեսի բացումից հետո ես շատ հոգնած եմ եղել և հնարավորություն չեմ ունեցել լարված աշխատել կոմպոզիցիաների վրա: Ընդհանրապես վերջին ժամանակներս ինչ որ իներտ վիճակ է, չեմ կարողանում կենտրոնանալ, գլուխս չի աշխատում: Մինչդեռ ինձ հարկավոր է աշխատել և շարունակ աշխատել քանի ուժերս վերջնական չեն լքել ինձ: Ով ինչ որ անում է ինձ դուր չի գալիս, շատ են անարտահայտիչ և կեղծ, երևում է, որ զգացմունքով, ներշնչանքով չեն ստեղծագործել:
Ցուցահանդեսում ամենից ավելի կարելի է տեսնել անբովանդակ ֆիգուրային գործեր, դատարկ, անմիտ սյուժեներով նկարված: Չկա խոհականը, ծանրակշիռը, բովանդակալիցը:
Ըստ երևույթին, պետք է դեռ երկար ժամանակ մինչև որ հայ գեղանկարչությունը կարողանա ինքը իրեն գործել և չընկնի օտար ազդեցությունների տակ: Ժամանակակից նկարիչները շատ քչով են բավականանում, նրանց կտավներից շատերը չունեն առաքինող, հոգեզմայլ բովանդակություն, մարդկային լուսավոր վեհ ձգտումների արտահայտչականություն: Շշմեցուցիչ մտքի թռիչքներ չկան, կա միայն մանրունք, առօրյա ժանրային մոտիվներ, որոնց մեջ սակայն չի դրված արվեստագետի հոգին, նրա զգացմունքները, նրա անհատականությունը:
21.12.70
Աշխատել այնպես, ինչպես մինչ այսօր եմ աշխատել միտք չունի: Այլ են իմ զգացմունքները, իմ դիտողությունները: Փոխվել են ժամանակները: Մի ժամանակ շատ էի տարված պլեներով, շարունակ էտյուդներ կատարում բացօդյա, լույսի և ստվերի խաղերը ուսումնասիրում: Սակայն միայն ես չէի տարված, համարյա բոլոր նկարիչները պլեներում էին կատարում իրենց գործերը` լինի դա բնանկար, դիմանկար, թե նատյուրմորտ: Այսօրինակ մոտեցումը երեսունական, քառասունական և հիսունական թվականներին պատճառաբանվում էր հայրենի բնության ուսումնասիրությամբ: Սակայն անվերջ չէր կարելի շարունակել ստեղծագործական այդ մեթոդը: Ի վերջո, նկարիչների մեծ մասը թևակոխեցին մի նոր փուլ` գունանկարչություն առանց լույս-ստվերի, առանց մանրազնին մշակման, այլ ընդհանրացված ձևերով գունային բծերի հարաբերությունների ստեղծումը: Ավելի երիտասարդները անմիջապես անցան սինթեզի, իրենց մտապատկերների կերպավորմանը, պայմանական` մտածածին ձևերով հնարված գունանկարի:
Այժմ ինձ համար դժվար է քիչ թե շատ մեծ փոփոխությունների ենթարկել իմ նկարելաձևը, բայց ես լի եմ վճռականությամբ` որոնելու արտահայտչական նոր հնարներ, ավելի ու ավելի կերպարային, ավելի սինթետիկ:
Անհրաժեշտ է սկսել որոնումները էսքիզներ կատարելով, փորձել տարբեր վարիանտներ, տարբեր ֆակտուրաներով, տարբեր նյութերի վրա: Վերցնել ռեպինյան կտավ, կամ ավելի կոշտ կտավներ: Փորձել աշխատել երկու, երեք գույնով, օգտագործել սևը: Այս ձմեռվա ընթացքում, երբ արվեստանոցում հնարավոր չէ աշխատել,իմ սենյակում այդ աշխատանքը կարելի է տանել:
27.12.70
Ես ունեմ իմ որոշակի տեղը հայ կերպարվեստում, երկար տարիների քրտնաջան աշխատանքով գտնված կերպավորման ոճը, իմ աշխարհայացքը, իմ սիրած թեմաները, իմ նախասիրությունները:
Ես ամենից շատ մտածել եմ հայկական դպրոցի տրադիցիաների պահպանման խնդիրների վրա և պայքարել եմ օտարածին ոճերի ներխուժման դեմ մեր ազգային մշակույթի մեջ:
Պայքարը օտարամոլության դեմ վերջին ժամանակները չափազանց թուլացել է, այդ իսկ պատճառով մեր ցուցահանդեսները չափազանց խայտաբղետ տեսք են ստացել: Պրիմիտիվ կերպարային ոճը ըստ երևույթին մոդայիկ է դառնում: Բայց մի տասը տարի առաջ խոսվում էր հայկական դեկորատիվիզմի մասին, և գտնվում էին մարդիկ, որ այն համարում էին վտանգավոր հայ կերպարվեստի համար:
Այսօր մի ուրիշ վտանգ է ծառանում մեր առաջ:
20.01.71
Այսօր բացվեց մեկ աշխատանքի ցուցահանդեսը նկարիչների տան սրահում, սա տրադիցիա է դարձել, ամեն տարի գարնանամուտին այդպիսի ցուցահանդեսներ բացվում են:
Ես ցուցադրել եմ <<...>> դիմանկարը: Գոհ չեմ: Վատ տեղ է ցուցադրված: Ես կնախընտրեի ավելի շուտ բնանկար ցուցադրել:
Պետք է աշխատել նոր գործերի վրա, անցնել մի նոր էտապի:
Ինձ այլևս չեն բավարարում անցյալի գործերը: Բայց քիչ եմ աշխատում, հնարավորություն չկա, մեր հին տունը քանդելուց հետո, մայրս և քույրերս եղել են այստեղ` արվեստանոցում են ապրում, կենտրոնանալ հնարավոր չէ: Սակայն, սա իհարկե արդարացում չէ, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորը աշխատելու համար: Օրերը թռչում են այնպիսի արագությամբ, որ որևէ հապաղում ներելի չի կարելի համարել:
Անհրաժեշտ է խստագույն ռեժիմ սահմանել և ամեն գնով պահպանել այն: Շուտով մեկ տարի կլինի իմ անհատական ցուցահանդեսի բացումից հետո և ինչ, այդ ժամանակամիջոցում ես շատ քիչ, համարյա ոչինչ չեմ նկարել: Իհարկե, հանգստանալ անհրաժեշտ էր, բայց ես ավելին հանգստացա, քան անհրաժեշտ էր:
Ես պետք է ուժեղ թափով պատրաստվեմ գրաֆիկայի և րիսունոկի ցուցահանդեսի համար: Անհրաժեշտ է շատ նկարել ակվարելով, մատիտով, ամեն հարմար առիթ օգտագործել: Մի հինգ տարի հետո այդ ցուցահանդեսը պետք է բացել:
Շատ ունեմ, իհարկե, սակայն նրանք ինձ ոչ մի կողմով չեն բավարարում: Նկարը պետք է անել և մեծ տեմպերամենտով: Եթե առողջությունս ներեր ես շատ կաշխատեի շրջաններում, սակայն հնարավոր չէ: Ինչել որ լինի պետք է գրաֆիկական կոմպոզիցիաների վրա աշխատել և ավելի ու ավելի ընդգծել իմ ինքնատիպությունը: Ավելի շատ սիմվոլիկ կերպարային նկարների վրա ծանրանալ, բավական է, ինչքան ես վերացականը թողած շատ կոնկրետ իրականություն եմ կերպավորել:
Պետք է շատ նկարել, նատուրան ձեռքից բաց չթողնել, այ օրինակի համար, իմ մայրս սքանչելի նատուրա է և պետք է նրան նկարել ամեն օր, բոլոր տեսակի մոդելներով: Սակայն յուրաքանչյուր ճեպանկարում, նկարում դնել մի փիլիսոփայական միտք, որը կարողանա տալ, իմաստավորել գործը խորքից: Բավական չէ մի ծեր կնոջ նկարել, այլ որ նա կյանքի խորհուրդը որևէ կերպ մեկնաբանել կարողանա: Անհրաժեշտ է մի կոմպոզիցիա մամայի հետ կապակցված նկարել:
07.02.71
Յուրաքանչյուր մեծ նկարչի կոչումն է հանդիսանում տալ մի նոր բան, որպեսզի իր ստեղծագործությունը միայն և միայն իրեն յուրահատուկ լինի, իր աշխարհայացքով և տեմպերամենտով բացահայտի բնության գեղեցկությունները, նրա խարակտերը: Ահա այդ տարբեր բնութագրումները …. մեր հետաքրքրությունը արվեստի գործի նկատմամբ: Սա հայտնի ասացվածք է և մենք մեջբերեցինք այն, որպեսզի կրկին անգամ վերանայենք իմ ստեղծագործությունների առանձնահատկությունները, այն ավելի ու ավելի բնորոշ դարձնենք միայն և միայն իմ էության բացահայտման համար:
Ես ստեղծագործական առաջին իսկ քայլերից ձգտել եմ իմաստավորել իմ նկարները, որ նրանք պատմեն դիտողին մի որևէ կարևոր խնդրի մասին: Շատ անգամներ այդ իմաստավորումը ստացվել է ի նպաստ գեղանկարչական խնդիրների լուծման:
Հիմա ինձ թվում է, որ ինձ հաջողվում է այդ երկու տարրերը միաձուլել և միասին կերպավորել, որ գործը ստացվի և իմաստալից և գեղանկարչորեն բարձր: Միայն թե իմաստավորման համար հետաքրքիր սյուժե գտնելը շատ է դժվարացնում գործը, մեծ աշխատանք է հարկավոր և երևակայության լարում:
Գեղեցկությունը մեր հոգու մեջ է գտնվում, ազնիվ և վեհ զգացմունքների արտահայտումը մեր խնդիրն է լինելու և եթե դա հաջողվի, ապա դիտողը յուրաքանչյուր գործում կարող կլինի ընկալել իսկական նկարչին, որը բնությունը բացահայտում է մի նոր ասպարեզով: Սրանում է կայանում ինքնատիպությունը:
12.02.71
<<Ես որոնում եմ ոչ թե գեղեցկություն, այլ արտահայտչականություն>>- այսպես է արտահայտել իր նկարածը ֆրանսիացի հայտնի նկարիչ Ռուոն, շատ զարմանալի միտք չէ սա, այդպիսի արտահայտություն են արել 20-րդ դարի բազմաթիվ նկարիչներ: Սակայն արտահայտչականությունը անքակտելիորեն կապված է գեղեցկության հետ, այլապես ինչ միտք ունի արվեստի գործը դարձնել պաշտամունքի առարկա: Մենք պաշտում ենք գեղեցկությունը իր արտահայտչական բազմաթիվ միջոցների շնորհիվ, որոնք մեր հոգեկան աշխարհը լցնում են հիացմունքով ու սիրով:
Այսօր այդ նախադասությունը երիտասարդության լոզունգն է դարձել, մեծամասնությունը նրանցից ձգտում է արտահայտչության, բայց ոչ գեղեցկության: Արտահայտչականություն ինչ գնով էլ որ լինի, միայն թե ինքնատիպություն ձեռք բերվի, օրիգինալ լինի: Այդ ցավը դարձել է ոմանց համար ուղղակի դժբախտություն: Ցուցադրվում է ամեն տեսակի այլանդակություն, ձևապաշտական ուտիլ, որը հեռու է գեղցկությունից այնպես, ինչպես երկինքը գետնից:
23.02.71
Առանց անհատականության, առանց <<Ես>>-ի գեղանկարչություն չկա, ինչ էլ որ գրի բանաստեղծը կամ նկարի նկարիչը, իր <<Ես>>-ը մտնում է այնտեղ, իրականության մեծ ու փոքր երևույթները անցկացնում իր անհատականության միջոցով: Ուստի և շատ կարևոր է <<Ես>>-ի էությունը, մեծությունը:
Իսկ ի՞նչ է իրանից <<Ես>>-ը ներկայացնում, տվյալ ստեղծագործողը, ի՞նչ մարդկային առաքինի նկարագիր ունի, անհատականության ի՞նչ երևելի գծեր է յուրահատուկ նրան, սա է կարևորը, անդրադարձումը (հայելու նման) պետք է արժանավոր լինի իր ազնիվ ու վեհ բովանդակությամբ: Եթե բացակայում է այդ նկարագիրը, ապա ի՞նչը կարող է ստեղծագործորը ներդնել իր կերտած քանդակի, նկարած պատկերի մեջ:
Մարդու քնարական կերպարը վճռական դեր է խաղում այս խնդրում, եթե ես չեմ կարողացել իմ շատ գործերում ներդնել իմ հոգու տվայտանքները, ապա դա նշանակում է, որ վարպետության չափը դեռ բավական չի եղել անհրաժեշտ միջոցներով, ձևերով ու գույներով վերարտադրել ապրումները և զգացմունքները:
25.02.71
Անհրաժեշտ է բաց անել իմ գրաֆիկայի և ակվարելի անհատական ցուցահանդես: Իմ անհատական պատկերասրահում որոշ քանակությամբ կային գրաֆիկական գործեր, բայց դա բավական չի կարելի համարել գրաֆիկայի ասպարեզում ունեցած իմ կարողությունների մասին: Այդ ցուցահանդեսը երևի մի հինգ տարի հետո կարենամ բաց անել, այնպես, որ հիմիկվանից անհրաժեշտ է պատրաստվել: Խանգարում է այն, որ տպելու համար անհրաժեշտ մեքենա չունեմ, իսկ գրաֆիկական գործերի մեծ մասը լինելու է փորագրություններ լինելիումի վրա `էստամպներ: Գծանկարներ շատ ունեմ, իսկ ակվարելները շատ քիչ են:Չեմ պահել պետհրատում լույս տեսած գրքերի ձևավորումները: Այսպիսով, ես պլանավորում եմ իմ հինգամսյա աշխատանքային պլանը, եթե միայն աստված առողջություն տա:
02.03.71
Գծանակարի առավել սիրած իմ մեթոդը, որը ես ամենից շատ եմ օգտագործել` դա գծային ձևն է: Արագ-պլաստիկ գծերով ես տալիս եմ րիսունկի գլխավոր կոնտուրը: Օգտագործում եմ ֆլոմաստերը և վրձինը: Ազատ և անկաշկանդ թեթև գծերով ես որոնում եմ ֆիգուրայի ընդհանուր շարժումը, ոչ նրա ծավալա-զանգվածային էությունը, այլ ձևի գեղեցկությունը: Կոնտուրի պարզությունը ես չեմ հասցնում պրիմիտիվության, ինչպես դա կարելի է հանդիպել ոմանց մոտ, այլ բնութագրության առավել ընդունելի միջոցներով, կոնկրետությամբ: Լակոնիկ, նպատակասլաց գծանկարը դառնում է երաժշտություն, հնչեղ, բայց ոչ ակադեմիկ չոր ու անկենդան:
Առավել նշանակալիցը` դա ռիթմն է, գծերի ներդաշնակության կարևորը մասերի շեշտումը չէ, այլ ընդհանուր ներդաշնակության կազմակերպումը: Ոչ թե առանձին գլուխ, ձեռք, ոտք, այլ համընդհանուր պլաստիկական ռիթմ, որը և կենդանություն է տալիս գծանկարին: Այսպիսով առարկաների միջև եղած ռիթմիկ կապը ստեղծում է այն գեղեցիկ կոմպոզիցիաները, որոնք արտահայտում են նկարչի զգացողությունները, ստացած արտաքին աշխարհից: Միայն երկարատև վարժությամբ հնարավոր է ձեռք բերել գծի մաքրություն և շարժուն պլաստիկա, այդ պատճառով էլ պետք է նկարել ամեն օր և ամեն պարագայի:
Կարևորը ոչ թե առարկայի նկարագիրն է (ի վերջո ու՞մն է կարևոր այն), այլ նրանից ստացած անհատական զգայությունը, նրա յուրովի մեկնաբանությունը: Այստեղ արդեն անհրաժեշտ է ի հայտ բերել առարկայի և աշխարհի միջև եղած կապը, նրանց փոխհարաբերությունները, այսպես, ասենք, կարասիներից և ծաղիկներից կազմված նատյուրմորտի, մրգերի և ամանեղենի, կնոջ և նրան շրջապատող խնդիրների և այլն: Ահա սրանումն է նկարիչը հայտնագործում ինքն իրեն և ոչ թե նրանց պարզունակ ֆիքսացիան թղթի կամ կտավի վրա: Սարյանի մոտ, նրա նատյուրմորտներում, հրաշալի է հանդես բերվում ռիթմիկ դիալոգը առարկաների միջև, հիշենք բազմաթիվ պուտուկներով , վազաներով նկարված ծաղիկները, մրգերը:
Ահա այդ հարաբերությունների ստեղծումը, զգայության առկայությունը տալիս է հարուստ արտահայտչական ձևեր, որոնք նման են և նման չեն միմյանց իրենց էմոցիոնալ մեկնաբանությամբ:
Հենց այդ տեսակետից էլ անչափ հետաքրքրություն են առաջացնում Մատիսի, Պիկասոյի, Վանգոգի, Սարյանի րիսունկաները:
Պիկասոյի րիսունկաները զարմանալի կրքոտ են, դրամատիկ, էքստազով արված, Մատիսը ավելի հանգիստ, հավասարակշռված է: Իհարկե, Պիկասոյի րիսունկի ոճային արտահայտչական միջոցները ավելի այժմեական են թվում, սակայն Մատիսի մեջ կա ավելի պոետիկ անդորրություն, անկեղծություն:
Արվեստը` դա ոչ միայն միջոց է ընկալել մեզ շրջապատող բնությունը, իրականությունը, այլև առավել չափով միջոց է արտահայտել իր <<ես>>-ը, մարդկային իր էությունը, հասկանալ, ըմբռնել և արտահայտել արվեստագետի իր կերպարանքը:
Ինչ էլ որ նկարի արվեստագետը այնտեղ պետք է դնի իր գլխավոր ասելիքը, բաց անի դիտողի առաջ մի նոր աշխարհ,հաղորդելով նրան երջանիկ ազատություն, հանգստավետ խորհելու երանություն և կամ բուռն կրքոտ բացահայտումն իրականության դրամատիկ կողմերի, ուժերի բախման, խորը փիլիսոփայական մտածողություն և այլն:
03.03.71
Անհատականության դրսևորումը ամենից առավել իմ գործերում սկսեցին հանդես գալ միայն վերջին տասնամյակում: Դրանից առաջ Ստալինի գարշապարի տակ մենք բոլորս ստացել էինք մի կաղապար, միատեսակ մտածողական մեթոդ: Անհատականության ուժեղ դրսևորումները կորչում էին տիեզերական ճնշման ներքո: Մեր սերունդը այսպես կորցրեց իր երիտասարդությունը և միջին տարիքը, հիմա է մնում մեզ անել գոնե մի քիչ այն, ինչ որ հնարավոր չի եղել անել: Բնության մեկնաբանման իմ մտածողությունը և մեթոդը անհրաժեշտ է ավելի ու ավելի ընդգծված հայտնաբերել, ավելի ուրույն դարձնել, ավելի ինքնատիպ իմ << ես>>-ը ընդգծել:
06.03.71
Իմ անհատական ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց գեղարվեստասեր հասարակության մեջ, այդ էին վկայում բազմաթիվ տպավորության թերթիկները, որոնք գրվել էին ցուցահանդեսը այցելող մարդկանց կողմից: Սակայն կառավարությունը, վերադաս մարմինները պետք եղած պատրաստակամությունը չհայտնաբերեցին` պարգևատրելու իմ քառասուն տարվա ստեղծագործական աշխատանքը: Ես սպասում էի ժողովրդական նկարչի կոչում ստանալ և պատվո գրով (գերագույն սովետի նախագահության կողմից) պարգևատրվել, սակայն և ոչ մեկը չեղավ: Դրա մեղավորը, իհարկե, մեր նկարիչների միության ղեկավարությունն է հանդիսանում, որ պետք եղած եռանդը չցուցաբերեց միջնորդելու ղեկավար օրգանների առաջ: Չարակամությունը և շահախնդրությունը շատ ուժեղ է մարդկանց մեջ, հիմա ամեն ոգ աշխատում է իր օգուտի համար և այդ պատճառով իր համախոհների հետ ընկերակցելով գտնում են միջոցներ և մեծ պատվերներ ստանալու և պարգևատրվելու:
Ես փառասեր չեմ, սակայն իմ արժանապատվությունը վիրավորվում է նմանօրինակ վերաբերմունքից: Այսօր, քան երբևէ ազնվությունը իսպառ բացակայում է մարդկանց մոտից, խոսում են վեհ գաղափարների մասին, բայց գործում են ճիշտ հակառակը, ստոր են, եսասեր, անհոգի: Եթե չկարողացար ինքդ քո դատաստանը տեսնել, հույս մի ունենա, որ քո մերձավորներից մեկը ձեռնամուխ կլինի պաշտպանել քո դատը:
08.03.71
Երեկ բացվեց, կանանց միջազգային տոնի առթիվ, միջազգային ցուցահանդես: Առաջներում մեկ տասնյակի չհասնող կին նկարիչներին եկել են փոխարինելու մի քանի տասնյակ նկարչուհիներ: Զարմանալի է նրանց հետևողականությունը տղամարդկանց գտնված կերպավորման ձևերին: Այսպես, օրինակ, Արմինե Գալենցը ճշտորեն ընդօրիրնակում է իր ամուսին` Հարություն Գալենցի ձևերը, նույնը Սեդա Կարագյոզյանը և մյուսները: Նույն խուսափումը ռեալիստական տրադիցիոն ձևերի կիրառումից, սյուժեից և մասնավորապես պատմողական ` պատկերային նկարելու ձևից:
Մյուս կողմից լավ է, որ տարբերությունը նկարելաձևի ակնառու է յուրաքանչյուրի մոտ: Ճիշտ է, մոդեռն նկարչության հայտնի հնարները շարունակվում են, սակայն առանց այդ ազդեցության չէր կարող լինել:
10.03.71
Իմ միտքս շարունակ պրպտումներ է կատարում պատկերային – սյուժետային նկարելաձևի ուղղությամբ, չեմ կարողանում զուտ ձևական խնդիրները իր ամբողջ խորությամբ բացահայտել: Միշտ և շարունակ ձգտում եմ հետաքրքիր կոմպոզիցիոն թեմատիկ նկարներ ստեղծել, իսկ դա էլ ընկնում է մոռացության գիրկը: Ինձ հրապուրում է հոգեբանականը, քան թե արտաքին դեկորատիվ գունախաղերը, որոնք ոչ մի արձագանք չեն գործում իմ զգացմունքների աշխարհում: Ուրեմն պետք է ավելի ու ավելի խորացնել այդ կարողությունը, իսկ դա էլ շատ է առնչվում հին դասական նկարչության հայտնի օրինակների հետ: Մինչդեռ այժմեական նկարչությունը ավելի ու ավելի է հեռանում սյուժետային պատկերային նկարելաձևից: Ավելի քիչ պատմողական-նկարագրական բնույթ է կրում:
14.03.71
Պատկերի հուզական կողմը ամենից կարևորն է արտահայտչականության համար, մի բան, որը բոլորովին բացակայում է ձևապաշտական գործերի մեջ: Ռենուարի յուրաքանչյուր գործ զգայական է, հուզաթոթով, նույնը և Ռոդենի քանդակները: Վան Գոգը, Պոլ Գոգենը ամբողջապես ընկալվում են և հուզում դիտողին:
Ըստ երևույթին, ոչ թե սյուժեն է հուզական դարձնում պատկերը, ինչպես դա ասում էին պերեդվիժնիկները, այլ ողջ գունային կոլորիտը, տրամադրությունը նկարչի և վրձինման թափը: Ինչպես, օրինակ, Վռուբելի մոտ է, սակայն ոչ Ռեպինի գործերի, որոնք չնայած սյուժեի դրամատիկ ներկայացմանը չեն ալեկոծում մեր սիրտը:
17.03.71
Ներկայումս ազնիվ արվեստագետ լինելը, դա ֆիկցիա է, աֆերիստ պետք է լինել, շառլատան, ստախոս` կյանքում և արվեստում: Որոնիր շրջապատդ և կտեսնես, որ բոլորը այդ ձևի են, չկա դասական նկարիչների վեհ կերպարները կենտրոնացնող անհատներ, կան իմիտացիա անող ժուլիկներ:
Արվեստում, իհարկե, այդ տիպերը երկար կյանք չեն ունենա, հիմա է, որ նրանք ապրում են գերազանց, բայց պատմությունը, ժամանակը յուրաքանչյուրին կտա իր արժանավոր տեղը:
Իսկ հիմա լռենք և աշխատենք, լինենք դիտողի դերում, այսպես միայն կարելի կլինի կենտրոնանալ ինքդ իր մեջ, բարձր պահել մարդկային արժանապատվությունը, լինել իսկական մարդ:
23.03.71
Չկան ոգևորող, ներշնչող օբյեկտներ, իրադարձություններ, պահեր, ես չեմ կարողանում կրքոտ ու լարված աշխատել, իդեաներ` մեծ ու դյութող, չկան գլխումս: Իրականությունը շատ է պրոզայիկ դարձել, նույնիսկ վանող: Սա մի գուցե նրանից է, որ ես մենակ ու առանձնացած եմ ապրում, չունեմ կյանքի քաղցր պահեր, ծերանում եմ օրեցօր:
Վերջանու՞մ է կյանքիս ուղին, բայց չէ՞ որ շատ քիչ բան եմ արել, դեռ ասելիքներ ունեմ, դեռ մորմոքում է սիրտս ցավերով:
26.03.71
Ասլամազյան քույրերը, Մեհեր Աբեղյանը և էլի մի երկուսը հետևելով Սարյանի օրինակին շատ են նկարել բազմաթիվ նատյուրմորտներ` մրգերով ու բանջարեղենով զարդարված, ի՞նչ միտք ունի կրկնել նրանց, ես էլ մի ժամանակ նկարել եմ, առանց իմանալու, որ նրանք նույնպես այդօրինակ մոտիվներով նատյուրմորտներ են նկարում: Ներկայումս չեմ նկարում և կարիք էլ չկա, ինձ զբաղեցնողը դրանք չեն: Ինձ ավելի շատ հուզում են այժմ այլ թեմաներ, որոնց շուրջը պիտի շարունակեմ որոնումներ կատարել:
Դրանք գլխավորապես դիցաբանական, սիմվոլիկ կոմպոզիցիաներ են` մեծ ընդհանրացումներով և պայմանականություններով կատարված: Բացի 21 հատ տեմպերայով կատարված նկարաշարերից ես այժմ նկարում եմ գրավյուրայի համար մի սերիա` հայկական առասպելների և լեգենդների մոտիվներով:
14.04.71
Մեր սերունդը անցավ այնպիսի ժամանակներ, որոնք մեզ չէին կարող թույլ տալ իսկական արվեստով զբաղվելու: Ցուցամոլությունը, հավերժ թատերական հանդիսությունները և ներբողը եղել են մեր գրականության և արվեստի գլխավոր նպատակադրումը:
Մենք….. մեր շրջապատը, կառավարության և կուսակցության առաջ….., բանվորին ու գյուղացուն, սակայն քիչ ենք խորհել խնդիրների մասին, մեր <<ես>>-ի դիմորոշման մասին: Մեզ պատվիրել են, ստիպել այդպիսին լինել:
Հիմա էլ դեռ ներբողը շարունակվում է որոշ քողարկված ձևով` ոչ մերկապարանող , ինչպիսին առաջ էր:
Ներբողը ավելի քիչ աշխատասիրություն է պահանջում, ավելի նվազ գիտելիքներ և ավելի պակաս հուզականություն: Հիմա այլևս ես չեմ կարող ներբողել, ինձ ձգում է լիրիկան, ինչ էլ որ անելու լինեմ դուրս է գալիս քնարերգություն, մեղմություն: Արտահայտչային միջոցները այլ են և յուրաքանչյուր գործում աշխատում եմ չկրկնել նախորդ ձևերը: Ասելիքս միշտ եղել է հատուկ և հիմա այն արտահայտելու համար ավելի ևս անմիջական միջոցներ եմ գտնում: Պարզորոշ միտքը ես բարդ ձևերով չեմ կարող արտահայտել, ինչպես այդ անում են ներկայիս շատ երիտասարդ նկարիչներ: Պարզ չպետք է հասկանալ պարզունակ, այլ հետաքրքիր ներքին էությամբ, սակայն արտահայտչական հատուկ միջոցներով պատկերված:
Ես դեռ չեմ կարողացել արտահայտել իմ խորհածներն ու զգացածները այնպիսի միջոցներով, որոնք չափազանց յուրահատուկ լինեին, այդպես եմ կարծում:
28.05.71
Քսան օր եղա Աշտարակ` էտյուդներ նկարելու համար: Ամեն ինչ շատ լավ էր և հարմար, սակայն վատ աշխատեցի, որովհետև հինգ տարի էր, ինչ չէի եղել պլեներային աշխատանքի և հետևաբար ձեռքս սաստիկ խամացել էր: Որքան որ ես կամենում էի չկրկնել ինքս ինձ, մի նոր ձևով աշխատել` չէր հաջողվում, կոտրել տարիների սովորույթը շատ ու շատ դժվար եղավ, այն արմատացել է իմ մեջ և պինդ նստել իմ հայացակետում: Հետը այն էլ կա, որ տարիների սովորույթը թեթևացնելու, փոխելու համար անհրաժեշտ է շատ աշխատել, գույնի որակական հատկանիշները անընդհատ բարձրացնել և նրբացնել:
Աշտարակում կատարած էտյուդները իմ անհատական ցուցահանդեսից հետո առաջին փորձերն են հանդիսանում: Հույս ունենանք, որ համառ տևողական աշխատանքը որոշ արդյունքներ կտա:
29.05.71
Զարմանալի անտարբերություն է նկատելի գեղարվեստական քննադատության ասպարեզում: Ցուցահանդեսները հաջորդում են միմյանց, նկարիչները հանդես են բերում մեծագույն նվիրվածություն և տասնյակ տասնյակ տարիների իրենց քրտնաջան ստեղծագործական աշխատանքի արդյունքը, իսկ քննադատությունը լուռ է մնում կամ հազվադեպ փոքր ռեցենզիաներ են գրվում:
Անտարբերությունը նկատելի է նաև նկարիչների միջև, նրանք չեն հաճախում միմյանց ցուցահանդեսները, չեն հետաքրքրվում միմյանց ստեղծագործական առօրյայով : Այսպիսի անտարբերությունը և քար լռությունը, իհարկե, բացասական է անդրադառնում նկարչի հետագա աշխատունակության վրա, իջեցնում է նրա ոգևորությունը, անհրաժեշտ լիցք չի ստանում միջավայրից, իրեն շրջապատող կոլլեգաներից:
01.06.71
Գալենցի հետմահու անհատական ցուցահանդեսը, բացված նկարչի տանը, իրապես գույների տոնահանդես է ներկայանում, անչափ հնչեղ, վառ և հրապուրիչ է այդ գեղանկարչի յուրաքանչյուր կտավը:
Ես առաջ էլ գիտեի Գալենցին, սակայն ամբողջական պատկերը ինձ վրա առաջին անգամ խորը տպավորություն գործեց: Շատ խոսուն են այդ գույների համադրությունները, զգայական և արդիական շնչով վրձինված:
Գալենցը չէր անցել այն ստիպողական, սահմանափակ, գորշ միջավայրով, որ մեր սերունդը անցավ: Սովորել էր ֆրանսիական նորագույն գեղանկարչության ազատամիտ վարպետների մոտ և կարողացել էր իր ունակությունները ազատորեն զարգացնել, ոչ մի տուրք չտալով թեմատիկային, …. նկարչությանը:
Գալենցը կիրառում է մեծ ընդհանրացումներ, ձգտում է համայնապատկերի, որտեղ չկան մանրամասնություններ, չկան նյութականություն, զանգվածայնություն ձեռք բերելու դիտավորություններ: Գունային բծերը, նետված կտավի վրա, նպատակ ունեն էքսպրեսիա առաջացնել, տեղանքի իդեան զարթնեցնել, բայց ոչ պատմել, նկարագրել վայրը:
Գույնի մեծ ժոնգլյոր է Գալենցը, կարողանում է խաղացնել նրա բազմաթիվ երանգները ցանկացածի պես: Նրա գործերը և զարմացնում են և տարակուսանք առաջացնում դիտողի մեջ, իսկ ինչու՞ համար է այդ խաղը, ինքնանպատակ ցուցահանումը, այդ ծիածանային էֆեկտները, ակամա հարց ես տալիս ինքդ քեզ և գտնում, որ այնուամենայնիվ ծանրակշիռ դասական արվեստից չի գալիս այն, այլ ժամանակակից ֆրանսիական նկարչության վետ վետուն արձագանքներն են միայն:
20.06.71
Երվանդ Քոչարի ցուցահանդեսը, իր 70-ամիակի առթիվ բացված, նկարիչների տան ցուցասրահներում: Ինձ զարմացնում է այդ արվեստագետի բազմակողմածությունը և …..: Դիտողը այստեղ կարող է տեսնել տարբեր ժամանակների ոճերի մի տարօրինակ խայտաբղետ խառնուրդ: Դասական արվեստի հանրահայտ նմանողությամբ կատարված գործերի կողքին …` ձևապաշտական ուղղությունների կրկնօրինակները: Հին վարպետների կիրառած գծանկարների խստագույն ձևերի կողքին ամենաարտառոց դեֆորմացիաների ներկայացում: Սակայն ի՞նչ է ուզում ասել նկարիչ-քանդակագործը այդքան այլազան և այլասեռ նմուշների ներկայացմամբ` մեկ այլ օր այդ մասին:
22.07.71
Հիմա արդեն երկրորդային է դառնում համաչափությունների, զանգվածի, ծավալի ակադեմիական հասկացողությունները, այս ատրիբուտները զոհվում են պատկերի ընդհանուր արտահայտչականության պահանջի առաջ: Այդպիսին է ժամանակի թելադրանքը, ոգին, որին ընդառաջ ենք գնոււմ մենք անկախ մեր և ուրիշների կամքից: Ի վերջո կյանքը ցույց տվեց, որ ստիպողաբար ստեղծագործելն անհնարին է:
29.07.71
Անցավ մեկ շաբաթ բանաստեղծ Պարույր Սևակի ողբերգական մահից, իսկ մտքիցս չի հեռանում այդ մեծ կորուստը: Իր <<Անլռելի Զանգակատուն>> պոեմով նա մեծ ժաղովրդականություն ձեռք բերեց, յուրաքանչյուր հայի հոգու հետ խոսեց և շատ յուրօրինակ պոեզիա ստեղծեց:
Լույս լինի նրա հոգին, հավիտենական փառք նրան: Էջմիածնում կաթողիկոսը հոգեհանգիստ կատարեց:
06.07.71
Գիշերը ժամը 12-ի մոտ փողոցում հանդիպեցի Սերյոժին (նախկին բնորդ տեխնիկումում), խոսեցինք զանազան խնդիրների շուրջը, պատերազմի ինվալիդ է, ստանում է 64 ռուբլի թոշակ, երկու երեխա ունի և կին: Պատմում էր, որ շատ վատ է ապրում այդ չնչին թոշակով: Գանգատվում էր և ասում, որ վատ են նայում պատերազմի վետերաններին:
Ի միջի այլոց, այս մարդը պատմում էր, որ մի անգամ գնացքում գողություն է արել, չեմոդան է թռցրել, չեմոդանը բաց անելիս տեսել է մեջը մեռած երեխա` սոսկալի է, մեր ժամանակներում ինչեր ասես տեղի չի ունենում: Այդ տիպը աչքերի արտահայտությամբ և իր շարժ ու ձևով հիշեցնում է Դոստոևսկու <<Հանցանք և պատիժ>> վեպի հերոսները:
07.07.71
Մենակյաց մարդ, այդ ես եմ, հարազատներիս հետ ապրելով ես դարձյալ մենակ եմ զգում ինձ: Այսպես ճակատագիրը ինձ դատապարտել է մենակության` այսօր, վաղը, մինչև մահ:
Մենակության մեջ ես սովորեցի խորհել ավելի շատ, ավելի խորթ և ավելի զգայական: Միայն մենակության մեջ են ծնվում մեծ գաղափարները, այդպես է եղել շարունակ, երբ մենք հիշում ենք դասական արվեստագետների կյանքն ու գործունեությունը: Երբ ինքս իմ հետ եմ ամբողջովին, ես իմ անելիքս պարզ եմ տեսնում և գիտեմ, թե ինչ եմ ցանկանում ասել: Ոչ ոք այնքան պարզ ու շիտակ չի կարող մեկնաբանել կյանքը, քան յուրաքանչյուր անհատ, ինքը իր համար, երբ մենակության մեջ խորհում է: Ես տեսնում եմ մարդկանց վատ արարքները, …գործերը, աֆյորաները և ավելի ու ավելի բուռն է դառնում իմ ցանկությունը ներկայացնել բարին ու ազնիվը, վեհն ու գեղեցիկը:
Արվեստում կեղծելն անհնար է, ես դա շարունակ զգացել եմ, պետք է լինել շարունակ ուղղամիտ և կերպավորել <<ես>>-ի զգացածը, այն ինչ արյանդ մեջ կա, ինչ որ քո էությունն է կազմում: Դրա համար շարունակ ես որոնում եմ արտահայտչական միջոցներ, ձևի հնարամտություններ (որը սակայն ինձ մոտ պակասում է), ժամանակի պահանջը ներկայացնող մեթոդներ:
Շատ պետք է աշխատել, անչափ և որ գլխավորն է առանց պատվերի, ինքդ քո մեջ շարունակ խորացած:
13.07.71
Մանյա Ղազարյան անունով մի <<տեսաբանուհի>> գոյություն ունի, որը հեռուստատեսային հաղորդումներով հանդես է գալիս կերպարվեստի հարցերի շուրջը: Անգիր արված ֆրազներ, հարմարեցված բառակույտերի հաջորդումներ` սրանք են Ղազարյանի <<արվեստագիտական>> հնարքները, որոնց օգնությամբ նա գնահատականներ է տալիս հայ կերպարվեստի այս կամ այն ժանրի ասպարեզում աշխատող նկարիչներին: Ըստ էության ոչինչ չասելով նա տալիս է անուններ, որոնք արդեն վաղուց է ինչ հայտնի են և դարձյալ անուններ, որոնք ոչինչ արժեքավոր չեն ստեղծել, սակայն քննելու տրամադրությամբ Ղազարյանը նրանց հիշատակում է, որովհետև նրանք զբաղեցնում են ներկայումս ղեկավար պաշտոններ: Բազմաթիվ ժանրերի մասին է խոսել Ղազարյանը, սակայն ոչ մի անգամ չի հիշատակել իմ անունը, ոչ թե այն պատճառով, որ չգիտի ինձ և կամ ծանոթ չէ իմ գործերին, այլ որովհետև ինձանից սպասելիք չունի, օգուտ չունի և հետո, պարզապես, չի վախենում:
Իր ստորաքարշությամբ հայտնի այս կինը տեղ ունի ռադիոկոմիտեում և վարպետությամբ մանյովրներ է կատարում իր տեղից չզրկվելու համար:
Բայց մի օր նա կստանա իր բաժինը և նրան հարվածողներից մեկը ես կլինեմ:
Տես, թե որքան մենք տհաս ենք, որ մի ողորմելի կին հրապարակորեն իրավունք է իրեն վերապահում գնահատություններ տալ նկարիչների ստեղծագործություններին:
14.07.71
Գծանկարով շատ պետք է զբաղվել, անհատական պոչերկ մշակելու համար, սա շատ կարևոր և դժվարին խնդիր է: Գծանկարի կուլտուրան ցածր մակարդակի վրա է ընդհանրապես:
17.07.71
Դարձյալ այցելեցի Երվանդ Քոչարի ցուցահանդեսը և մտախոհ դուրս եկա այնտեղից: Նրա գործերը շատ են բարդ և սովորական դիտողի համար ոչ պարզ: Հայտնի է, որ նրա միտքը շատ է անալիտիկ ձևերով զբաղված: Երկրաչափական ընդհանրացումները միահյուսվում են դասական ձևերի մշակման հետ:
Գծերի միահյուսումը և նրբերանգների համադրությունները տարբեր բացահայտություններ են տալիս նկարչի մտածելակերպի և յուրաքանչյուր դիտող իր ենթադրություններն է անում, շատ քչերն են միայն կռահում արվեստագետի միտքը: Ճիշտ է, տարբեր ձևերի մակերեսները նա նշանակում է հմտությամբ և բարդ համադրություններ ստեղծում, սակայն չի բացահայտված ժամանակը և ստեղծագործական ոգին` ասելիքը: Ժողովուրդը ասում է` եղբայր, պարզ ասա մտքերդ, ինչ ես ծուռումուռ ճանապարհների դիմում: Նրա բարդ գործերը դիտողի համար հանելուկներ են, ռեբուսներ, որոնք լուծելու համար շատ կենտրոնացած և երկար պետք է դիտել: Ինչ խոսք, Քոչարը հետաքրքիր և ինքնատիպ արվեստագետ է, սակայն ամենամեծ արվեստը հանրամատչելի է, նա բացատրության կարիք չի զգում, նա զգացվում է յուրովի յուրաքանչյուրի կողմից և մեկնաբանվում նույնպես յուրովի: Մեծ արվեստը զարմացնում է, հիացնում և խորը տպավորվում մարդկանց հոգում:
23.07.71
Սուտ խոսելու մասին:
Զարմանալի ստախոս են դարձել մարդիկ, սուտ են խոսում բոլորը` սկսած կառավարական բարձր պաշտոնյաներից մինչև հետին բանվորը: Ոչ ոքի վստահել չի կարելի, մոտիկ ընկերը նույնիսկ հավատ չի կարող ընծայել, սա ինչ ժամանակներ են: Սակայն ստախոս են դարձել նաև արվեստի գործերը, որոնք կարծվում էր, թե անարատ հոգու արտահայտություններ պետք է լինեին: Նայում ես կերպարվեստի գործերը և պարզորեն տեսնում, որ հեղինակը սուտ է ասում, որ նմանատիպ բան չի կարող լինել կյանքում, որ այդ բոլորը մտածածին է, սարքովի, կեղծ, միտումնավոր:
Նույնը և գրողների գրքերը, ժամանակակից վեպերը բոլորը սուտ կյանքի դրվագներ են ներկայացնում, պարզապես խաբում են մարդկանց, կեղծ պատմություններ հորինում:
<<Սուտ մի խոսիր>> եղել է աստծո տասը պատվիրաններից մեկը, սակայն դարերի ընթացքում այդ հասկացությունը անէացել է և հիմա ով որ սուտ չի խոսում` էշ է պարզապես և գոյություն ունի միայն նրա համար, որ բոլորը խաբեն նրան: Օր չի լինում, որ ինձ չխաբեն: Խաբում են նկարիչների միությունում իմ կոլեգա նկարիչները, ծանոթ կանայք, ընկերներս, հարևանները: Առանձնապես ծանր է անդրադառնում հոգուտ վրա, երբ խաբում են նրանք, որոնց սիրում ես, հարգում և ջերմ զգացմունքներ հանդեպ նրանց տածում: Երանի, ես էլ մի քիչ ստախոս լինեի...
24.07.71
Վստահության մասին:
Գրեթե ամեն օր պատահում են դեպքեր, հանդիպումներ, զրույցներ և այլն, երբ դեմ առ դեմ շփվում ես վստահություն չներշնչող մարդկանց հետ: Նույնիսկ մոտիկ ընկերդ, որի հետ տասնյակ տարիներ ընկերություն ես արել, մտերմացել, դարձյալ վստահություն չի արմատավորել քո մեջ: Սա էլ ժամանակի երևույթ է, երբ մարդկանց միջև ստեղծված հարաբերությունները անկայուն են, նվիրական չեն դառնում: Ես ցանկանում եմ որևէ մեկին վստահել մի գործ, սակայն, ավաղ չեմ տեսնում իմ շուրջը նմանօրինակ վստահություն ներշնչող մի անձ:
Փոխադարձ վստահությունը և նվիրվածությունը դեռևս ավելի զորեղ է եղել ազնվականության շրջանում, երբ բարձր է եղել արժանապատվության ու պատվի զգացումը: Իսկ հիմա ամոթի և արժանապատվության զգացումները կորցրել են իրենց դյութական նշանակությունը և ազդեցությունը: Ես խորհում եմ, որ մարդկային այդ բարձր կարողությունները հետզհետե նվազելով կարող են բոլորովին աներևույթանալ, մարդկանց դարձնելով կենդանական աշխարհի մի հատվածը միայն, որին յուրահատուկ են միայն անասնական ձգտումները: Մեր ժամանակի նկարիչները չունեն այն պայծառ հոգու արտահայտությունները, որոնք յուրահատուկ էին դասական նկարիչներին, զարմանալի կեղծ, ապիկար և վատհոգի են նրանց մեծ մասը: Ընկնելով անվան, փառքի և դատարկ սնափառության հետևից` նրանք բոլորովին իրենց հոգում թաղել են ազնվությունը, մարդկայնությունը:
20.09.71
Անբարյացակամ ընկերներս աշխատում են այնպես անել, որ ես շարքից աչքի չընկնեմ, չունենամ իմ արժանավոր տեղը հայ կերպարվեստի վարպետների շարքում:
Օգտվելով իմ քաղաքից բացակայելուց նրանք հանել են էքսպոզիցիայից իմ մեծ նկարը <<Իմ նախնիքը>>, որը ես նկարել եմ 1967 թ.: Այդ ցուցահանդեսը բացվելու էր Մոսկվայում հոկտեմբեր ամսին անդրկովկասյան երեք հանրապետությունների համատեղ ցուցահանդեսում: Ընտրող անդամները բոլորը մոտիկ ծանոթ են, ընկերներ են, սակայն ինչ ընկեր մեր ժամանակներում, քո ոտքի տակը փոս փորող մարդիկ են, որպեսզի շուտ գլորվես անդունդը: Յուրաքանչյուրը աշխատում է առաջ գցել իրեն, որ միայն իր մասին խոսեն ու գրեն:
27.11.71
Մարիամ Ասլամազյանի անհատական ցուցահանդեսի բացումը նկարիչների տան զույգ սրահներում: Մարիամի հետ միասին ենք ավարտել Երևանի գեղարվեստական տեխնիկումը (այդպես էին անվանում այն քսանական թվականներին) 1927 թ.: Քաջածանոթ եմ նրա ստեղծագործական ողջ գործունեությանը: Հենց սկզբից նկարչուհին գտավ իրեն և մինչև այժմ ուղիղ ընթացքով, առանց խոշոր զիգզագների շարժվում է առաջ` շարունակ բարձրացնելով իր գեղանկարչության որակական հատկանիշները: Շարունակելով Մարտիրոս Սարյանի ուղղության հիմնական մեթոդները` նա այնուամենայնիվ իր դեմքը ունեցավ, որպիսին չի ունեցել և ոչ մի ազգի կին նկարչուհի: Նա ունի կորովի վրձին, առնական թափ և գույնի ուժեղ զգացում: Ամենավառ գույները նա կարողանում է համադրել միմյանց հետ և հնչեցնել ամենաբարձր մաժոր գամմաները: Նրան շատ նպաստեցին ուղևորությունները դեպի Հնդկաստան, Մադագասկար, Աֆրիկա և այլ արևելյան երկրներ, նա ճոխացրեց իր պալիտրան, նոր լիցք ստացավ և ավելի հասուն գործեր ստեղծեց:
Որոշ աշխատանքներում նա շատ է դեկորատիվ, մաներային տեսք է ընդունում, ես կասեի.........., որը ավելի շատ ռեկլամային բնույթ է կրում:
Արևելքի կանանց մերկ ֆիգուրաները ինձ դուր չեն գալիս, մոտեցումը շատ է վուլգար ռեալիստական, անհրաժեշտ է ավելի ընդհանրացած ֆորմաներով, որոշ պայմանականությամբ կերպավորել նմանատիպ գործերը, ինչպես դա անում էին Մատիսը, Գոգենը և մյուսները:
30.11.71
Հաշվետվություն` Անդրկովկասյան երեք հանրապետությունների ցուցահանդեսի մասին, որը բացվել է 15 օր առաջ Մոսկվայում: Հաշվետվությունը տվեց Սուրեն Սաֆարյանը` միության նախագահը: Նա նշեց, որ հաջողությունը հայկական բաժնի մեծ է եղել, որ բոլորը իրենց գոհունակությունն են հայտնել և այլն: Սակայն, ինչպես նշեց ելույթ ունեցողներից Գաբրիել Գյուրջյանը, շատ թերի կողմեր է ունեցել ցուցահանդեսը: Ամենից առաջ պայմանական թեմատիկ պատկերների փոխարեն մեծ քանակություն են կազմել նատյուրմորտները և պեյզաժային գործերը: Կարծես թե մենք չենք անցել մեծագույն հեղափոխության տարիներին հաջորդող կառուցման, պայքարի և հաղթանակի փուլերը: Շատ քիչ բացառությամբ մասնակիցները պասսիվ հայեցողական դիրքավորում են հայտնաբերել: Նկատելի էր նկարիչների լոյալություն, մի տեսակ պեսիմիզմ, դժվարություններից փախչելու բուռն ցանկություն:
Իմ ելույթում ես նշեցի այն հանգամանքը, որ անտեսվել են միջին սերնդի բազմաթիվ նկարիչներ, որոնք տասնյակ տարիներ շարունակ իրենց ուսերի վրա են տարել կերպարվեստի զարգացումը Հայաստանում: Նրանց գործերը չեն ցուցադրվել վերոհիշյալ ցուցահանդեսում:
Ելույթ ունեցող շատ քիչ եղավ, մի տեսակ անտարբերություն էր նկատելի, մարդիկ խուսափում են վճռական մի խոսք ասելու, դարձել են ինքնամփոփ, եսամոլ:
Այն հանգամանքը, որ վարչության անդամներից շատերը չէին եղել , վկայում է նրանց անտարբերության չափը: Ոգևորիչ ոչինչ չտեսա ու չլսեցի:
02.12.71
Պիկասոն ասում է, որ նկարչի նպատակը պետք է լինի ոչ թե սոսկ որոնումները, այլ գյուտ անել` յուրաքանչյուր գործում մի նոր հայտնագործություն ցուցահանել:
Արդարև, շատ բարդ ու դժվարին խնդիր է առաջադրում նկարիչը, որը իրագործելու համար մեծ տաղանդ և աշխատասիրություն է անհրաժեշտ: Շատ գյուտեր են արված արվեստում, սակայն անսպառ են նրա պաշարները, միայն անհրաժեշտ է գտնել նրա բանալին, գտնել գաղտնիքները նրա հայտնագործման:
Ինքը` Պիկասոն, իսկապես որ մեծ գյուտարար է, ի նորո հանդես բերեց մարդկային ապրումների և ողբերգության աշխարհը, գտավ կերպարային մարմնացումը իր մտքերի, հույզերի: Կարողացավ կոտրել հասարակական կարծիքը և նրան հրամցնել գույների և գծերի ներդաշնակության ուրույն համակարգ: Կարողացավ հակադրվել ակադեմիզմին, գեղեցիկի շաբլոն հասկացողությանը: Նրա կերպավորումներից շատերը անհասկանալի են, մեծ դեֆորմացիաների արդյունք, սակայն յուրովի մեկնաբանվում են երևույթները: Գծանկարներում և ճեպանկարներում կա սրություն, գրոտեսկ, որը նպատակ ունի շեշտելու կերպավորվածի առանձնահատկությունը:
Ես շարունակ մտածում եմ այդ մասին և ինձ քիչ է հաջողվում ձեռք բերել այդ խարաթափանց խորությունը, արտահայտչականությունը, որի համար պետք է զոհել երկրորդականը: Գլխավորն է հեռու մնալ մեշչանական քաղցրավունությունից, դասական ակադեմիզմի խիստ չափված ձևված մեթոդից, ավելի համարձակ և ավելի ինքնավստահ լինել:
02.01.72
Նոր տարի, դարձյալմեկ տարի անցավ մեր կյանքից և ես մի հետադարձ հայացք նետելով զարմանում եմ, թե որչափ քիչ բան եմ արել ես մեկ տարում: Իսկ կյանքիս երկու երրորդը անցավ մի վարկյանի պես:
Ես զգում եմ, որ մեծանում եմ օրըստօրե, որ կորցնում եմ հիշողությունս, առույգ բնավորությունս: Մի խեղճ ծերուկ եմ դառնալու` կարոտ կողմնակի օգնության:
18.02.72
Դժվարացել է նկարի սյուժեի ընտրությունը, որովհետև այլևս <<մոդա>> չէ պատմողական սյուժե վարցնել, այլ նկարը <<Սիմվոլիկ>> բնույթ պիտի ունենա: Զարմանալի արագությամբ ռեալիստ նկարիչները փոխում են իրենց նկարելաձևը, գույները, կոմպոզիցիան և այլն...
Մարդ շշմում է նմանօրինակ անկատարելիությունից, անսկզբունքայնությունից: Նկարում են պատկերներ, որոնց մեջ առհասարակ ոչ մի պատմողական նկարագրական տարր չկա: Սա համարվում է առաջադիմական քայլ:
21.02.72
Ո՞րն է իմ սիրած աշխարհը, այն երազանքները, որոնցով ես տարվում եմ, զգացվում: Ի՞նչն է ինձ առավել հուզում, մտորումների պաջճառ դառնում: Շատ է իմ մեջ ուժեղ հայրենասիրականը, ազգայինը, միայն հայ կյանքը, միայն իմ փոքրիկ երկրի անցյալն ու ներկան: Կոսմոպոլիտ սյուժեները ինձ չեն ներգրավում, սիմվոլիստները նույնպես, իմ հոգիս տարված է Հայաստանով, նրա պատմական հոյակապանցուդարձով և ահավոր դարային կոտորածներով, որոնց ես, ավաղ, կենդանի վկա եմ հանդիսացել:
Կոտորած, մահ, թշվառություն, գոյության կռիվ` սրանք են եղել, ավաղ, իմ մանկության տարիների տեսիլքները: Իմ միտքս շարունակ տարված է հուշերով անցյալ տարիների, պատմական Հայաստանի քաղաքներով և գյուղերով, այն ճանապարհորդություններով, որ ես կատարել եմ վաղ մանկական տարիներին, ծնողներիս հետ` տեղափոխվելով տեղից տեղ: Մրգեր և պուրակներ նկարելով ես հոգեկան ոչ մի բավարարություն չեմ ստանում և դրա համար էլ ոչ մի արժեքավոր պատկեր չեմ կարողացել ստեղծել: Բնանկարը հաջողվում է, որովհետև ես իմ հայրենի տարերքի մեջ եմ գտնվում, բնությունը ինձ ոգևորում է, ուժ տալիս, լիցքավորում իմ հայրենասիրական բուռն ձգտումները: Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>>նկարաշարը ինձ համար կատարյալ հաղթանակ էր, իմ հայրենասիրական ձգտումների մարմնավորման օրինակն էր: Պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատել: Միայն ազգայինը հայկականը դիտել և նրանով ներկայացնել իմ ստեղծագործական աշխարհը:
29.02.72
Ժամանակները այնպիսին են, որ նկարչից պահանջվում է ոչ թե պատմողական, նկարագրական պատկերներ նկարել, այլ ձևի, գույնի մեկնաբանման յուրօրինակ մեթոդներ մշակել և ներկայացնել:
Այլևս չի դիտվում նատուրայից նկարված կերպավորումները, խնդիրը հետաքրքիր ձևով շրջապատող իրականությունը ներկայացնելն է: Սա նշանակում է կոտրել ինքն իրեն, վերադասավորել ուժերը, իսկ դա հեշտ գործ չէ տասնյակ տարիներ աշխատած նկարչի համար:
07.03.72
Իմ անցած կյանքը շատ է ազդում ստեղծագործական դիապազոնի ընդլայնման վրա, նորանոր իդեաների ծագման և զարգացման վրա: Ես շփում չունեմ գրողների, կոմպոզիտորների, արտիստների հետ, իսկ նկարիչներից շատ քչերի հետ միայն մտերմություն ունեմ: Մինչդեռ կյանքը այնպիսին է, որ անհրաժեշտ է շարունակ քայլել նրա հետ համընթաց, միշտ լսել նրա հևքը: Մեր ժամանակներում չկա դասական նկարիչների կենցաղավարության պայմանները, երբ նրանք մենավոր պայմաններում տարիներ շարունակ աշխատում էին մի որևէ գործի վրա, կյանքը փոփոխվում է ամեն օր, ամեն ժամ և նկարչությունն էլ պետք է կրի ժամանակի կնիքը, միշտ ականջ կախի նրա աղմկոտ քայլին, նրա ..... դոփյունին:
09.03.72
<<Ստեղծագործության հեղափոխականությունը, նրա արդիականությունն ու նորարարությունը չեն կարող արտահայտվել թեմայով, սյուժեով>>: Ահա այսպիսի զարմանալի, ապշեցուցիչ հիմարություններ են տպվում մամուլում, մոլորության մեջ նետելով երիտասարդությանը, որը դեռ չի գտել ինքը իրեն և չի զգացել նկարչության էության բարդ ու հասարակական նշանակություն ունեցող արժեքները: Նրանք նկարում են անմիտ և անբովանդակ կտավներ, որտեղ ոչ թեմա կա և ոչ սյուժե, որտեղ կա միայն անձև գույների մի խառնաշփոթ կուտակում:
Նրանք ասում են << պետք չէ փնտրել կոնկրետ շոշափվող սյուժետայնություն, դա հույժ ասոցիատիվ աշխարհ է>> : << Սա տարօրինակ, անհանգիստ կոսմիկական սիմվոլների աշխարհ է...>>
<<Սա չվերծանված սիմվոլների աշխարհ է, քանի որ բանը ոչ թե սյուժեներն են, այլ կերպարային զգայությունները>>:
Ստացվում է, որ ողջ դասական նկարչությունը անպետկություն է, որ համամարդկային գաղափարները արտահայտելու համար պետք չէ ոչ սյուժե, ոչ թեմա, ոչ գծանկար և առհասարակ ոչ մի կապ բնության հետ: Արվեստը արվեստի համար հայտնի լոզունգի այս ասացվածքները այսօր դժբախտաբար կրկին կենտրոնացել են և հրապարակ եկել: Այն էլ այնպիսի օրերում, երբ գաղափարական պայքարի թեժ ժամանակներ են:
Մեր մեկ-երկու նորելուկ քննադատները (Հ. Իգիթյան) հանդես գալով մամուլում պղտորում են ջուրը և ստեղծում կատարյալ քաոս, որտեղ կորչում են շատ երիտասարդ տաղանդներ:
Մեզ մնում է ամուր մնալ մեր ռեալիստական սկզբունքների վրա և կատարյալ անդորրությամբ շարունակել կյանքը և բնությունը հարազատորեն պատկերել կտավի վրա:
12.03.72
Ինձ մոտ հաջող է ստացվում ճեպանկարը, արագ և վիրտուոզ կատարված գծանկարը պլաստիկ է և արտահայտիչ: Այստեղ առկա է հուզականը, անմիջականը և զգացողությունը ձևի:
Իմ անհատական ցուցահանդեսում դիտողներից շատերը իրենց տպավորությունները գրելիս հատկապես շեշտում էին այդ հանգամանքը: Դա ես ձեռք եմ բերել տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, երկար վարժությունների հետևանքով: Այդ աշխատանքը շարունակվում է նատուրայից կամ մտածածին թեմաներով առնված սյուժեներով: Պետք է նոր թափով աշխատել և էլ ավելի սրել գծանկարի պլաստիկ գեղեցկությունները:
14.03.72
Գեղանկարչության քնարերգությունը այսօր այլ կերպարանք է ստանում, ռեալ պատկերներից, իրական կյանքից ստացած տպավորություններից` ղգայություններից նա անցնում է սիմվոլների, ալեգորիաների արտահայտչական միջոցներին: Նկարչի առաջ խնդիր է դրվում մուտք գործել մի նոր բնագավառ, որտեղ ամեն ինչ մտածածին է, հորինված և խիստ ինտելեկտուալ:
Սակայն քչերին է հաջողվում քիչ թե շատ ակտուալ միջոցներով բացահայտել նոր` միայն տվյալ նկարչին յուրահատուկ աշխարհազգացումը: Եթե նկարիչը չունի հակում ու շնորհք`իր լեզուն ստեղծելու, իր կիրքը մարդկանց առաջ բաց անելու, ապա զուր են այլ միջոցները:
Ինչպես Պարույր Սևակն է գրում Դուրյանի մասին <<Սա աշխարհ չպատկերեց: Եվ աշխարհ չստեղծեց սա: Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր իսկ անունով `Դուրյանական>>:
Նկարիչն էլ պիտի կարողանա իր իսկ լեզվով բացել իր իսկ հոգու աշխարհը, ունենա իր պատկերները, արտահայտման իր ձևերը, իր գույները, այս միջոցով միայն նա կարող կլինի ապրել այս ամեն ինչ անցնող ու մոռացվող աշխարհում: Անհատական ձեռագիր ունենալը շատ անհրաժեշտ է, այն պետք է մշակել ու հղկել: Մի տասը-տասնհինգ տարի առաջ այդ մասին չէր կարող խոսվել, անհատական պաշտամունքի տարիներին իշխում էր վերևից հրահանգված ստանդարտ ձևն ու շաբլոն մտքերը: Մեր սերունդը շատ երկար տառապեց այդ սահմանափակ օղակում, մինչև որ ազատություն ստացավ:
Հիմա շատ ուշ է արդեն լինել, ինչպես նկարիչը ինքն է ցանկանում, շատ բան ոսկրացել է, արմատացել, փոփոխելը անհնար է:
16.03.72
Երկարատև և դաժան ձմեռ եղավ, ցրտերը դեռ շարունակվում են, նոյեմբերից մինչև օրս վառարանը և ռեֆլեկտորը ամբողջ օրը վառում ենք ու չենք տաքանում: Ես չեմ հիշում նմանօրինակ ձմեռ Երևանում: Ցրտերի պատճառով և աչքերիս տեսողության խանգարման հետևանքով ամբողջ ձմեռը ես դուրս չեմ եկել տանից, որի հետևանքով երբ փողոց եմ ելնում շատ շուտ հոգնում եմ, ընդհանրապես թույլ եմ զգում: Աշխատում եմ ննջասենյակումս, արվեստանոցի վերին մասում, փոքր գործերի և էսքիզների վրա: Տառապում եմ մենակությունից, բայց չեմ հուսահատվում, ինքս ինձ շարունակ քաջալերում եմ, պետք է համբերել, պետք է աշխատել, չէ՞ որ ես դեռ շատ անելիքներ ունեմ նախքան այս աշխարհից չվելը:
21.03.72
Այսօր կրկին ձյուն տեղաց, անսովոր տարի է, ոչ մի կերպ ձմեռը չի ցանկանում հեռանալ մեր աշխարհից: Սակայն գարունը հեռու չէ, շուտով, շատ շուտով նա հաղթանակով կանցնի մեր լեռներով ու դաշտերով: Տանը շարունակ նկարում եմ, առավոտյան յուղաներկով, երեկոյան` ազաթ թեմաներով գծանկարներ: Չունեմ ոչ մի պատվեր, ինքս ինձ համար ինչ որ ցանկանում եմ, այն էլ նկարում եմ: Այսպես լավ է, լրիվ ազատություն: Սակայն, ավաղ, երկար տարիներ կաշկանդված մնալով շատ են ոսկրացել մեր մտքի սավառման բջիջները, հիմա որքան էլ ուզեմ ուրիշ տեսակ նկարել` չի ստացվում: Միշտ վերադառնում եմ նույն նկարելաձևին:
26.03.72
Բավական չէ արվեստագետին տաղանդավոր լինել, անհրաժեշտ է կյանքում կարողանալ դրսևորել իրեն այնպես, որ տարածում գտնի իր անունը և իր ստեղծագործությունները: Իմ ուսուցիչը` մեծ տաղանդի տեր Ս. Աղաջանյանը, խեղճ ու անճարակ մարդ էր և նրան շատ քչերը միայն գիտեին, բայց գրաֆիկ Արարատ Ղարիբյանին (բավականաչափ ապաշնորհ) ճանաչում էին բոլոր քաղաքացիները, որովհետև ամեն պատեհ առիթի ինքնառեկլամ էր անում:
Հիմա էլ շատ ապաշնորհներ երևելի են դարձել: Ես չունեմ ինքնառեկլամ անելու մի փոքր անգամ շնորհք, այդ իսկ պատճառով ինձ չգիտեն համարյա, իմ գործերը քիչ են տարածվում, չնայած նրան, որ մեծ ու հաջողված անհատական ցուցահանդես ունեցա և շատ գովեստների արժանացա մամուլում և տպավորությունների գրքում:
28.03.72
МЕТАФОРА – փոխաբերություն, այլաբերություն:
МЕТАФОРИЧЕСКИ – փոխաբերականորեն, փոխարեբար, այլաբերականորեն:
Այս բառերը այսօր չափազանց գործածական են դարձել գրականության և արվեստի բնագավառում:
Կերպարվեստագետների պլենումում այսօր Երվանդ Քոչարը այդ բառերը բազմիցս կրկնեց, կոչ անելով նկարիչներին աշխատել ստեղծագործելու փոխաբերական, սիմվոլիկ մոտիվների հիման վրա, պնդելով, որ իսկական ռեալիզմը այդ է հանդիսանում: Սա իր տեսակետն է, իհարկե, որը անց է կացնում իր ստեղծագործությունների մեջ, սակայն ինչու համար գնալ միայն այդ ուղղությամբ, չէ որ ամբողջ դասական արվեստը հիմնված է կյանքի տարբեր երևույթների մեկնաբանման տարբեր մեթոդների հիման վրա, որտեղ մետաֆորան մասնավոր դեր է խաղում միայն: Այն ժամանակներում մետաֆորա կիրառելու հնարավորությունները շատ էին, կրոնական մոտիվները լայն հնարավորություններ էին ստեղծում դիմելու այլաբանությունների, իսկ հիմա` ատոմային ֆիզիկայի դարում, չափազանց սահմանափակ է նրա կիրառումը: Այդ իսկ պատճառով նկարիչները դիմում են աբստրակցիայի, հեռանում են կոնկրետ պատկերային մեկնաբանություններից:
29.03.72
Ինձ շարունակ հրապուրում է երևույթի պոետիկականը, նրբերանգները կյանքի զգայական կողմերի, իրականությունը զազրելի է իր մերկությամբ, ես որոնում եմ նրա մեջ ազնիվը, բարին, ռոմանտիկականը: Ինձ գրավում է ներդաշնակությունը գծերի, գույների, նրանց մեղմ փոխհարաբերությունները:
30.03.72
<<Стиль композитора, как мне представляется, есть неотъемлимое свойство его творческой индивидуальности, его видение мира, результат музыкальных впечатлений, впитанных с раннего детства и пройденной школьной жизни и искусства>>.
Արամ Խաչատրյանի այս խոսքերը, տրված հարցազրույցի ժամանակ, շատ բան են բացատրում անհատականության ըմբռնման և նրան յուրահատուկ ոճի մասին: Դա վերաբերվում է նաև նկարիչներին: Ոչ ոք չի կարող մտածածին` խոշոր ոճային առանձնահատկություններ ստեղծել եթե չունի սկզբունքային աշխատանք և կայուն համոզմունքներ` սա աքսիոմա է:
31.03.72
Խուսափել պասսիվ պատմողական կինեմատոգրաֆիական մեկնաբանություններից: Մեր արվեստում համատարած են դարձել տրիպտիխները և լավ է, որ այդպիսիք քիչ են ներկայումս: Ձանձրացրել են նաև <<ուժեղ>> հերոսները` շեշտված մկանունքներով, վաղուց ծանոթ ցուցադրական կեցվածքներով: Պետք է, որ պերսոնաժները մեկը մյուսին կապված լինեն ոչ արտաքնապես այլ ներքնապես: Ամեն ինչում իշխի ներդաշնակությունը, մարդկայնության ոգին: Ոչ թե գաղափարական մերկապարանոց կերպավորումը, այլ խոհականությունը, ներքին բանաստեղծական մտորումները, հուզականությունը:
Հաստոցային գեղանկարչության այս հատկանիշները, որ շատ անգամներ ունեցել էին վերջին տասնամյակներում, կրկին այսօր վերականգնվում են: <<Առհասարակ հայկական երփնագրության մեջ առավել չափով է զգացվում մղումը դեպի հաստոցային լուծումները>>:
01.04.72
Քաղաքացիականությունը ուղեկից է եղել ինձ ամբողջ կյանքում և պետք է շարունակի ուղեկցել մինչև մահ:
Քաղաքացիականության հիմնական գծերը, այն է` հայրենասիրություն, ազատասիրություն, մարդկային ազնիվ վեհ ձգտումների ակնբախություն, պետք է մեր բարդ ստեղծագործություններում հանդես գան:
Մարդ նկարչի բոլոր որոնումները անհրաժեշտ է, որ բխեն այդ հիմնական կենսական գծերից և ոչ թե կոսմոպոլիտ գաղափարներից, որը հաստատուն հող չունի իր ոտքի տակ: Կորցնելով այդ գիտակցությունը նկարիչը կորցնում է և իր ժամանակակից լինելը, նրա ստեղծագործությունները կարող է հիշեցնեն19-րդ դարին յուրահատուկ կողմեր և ոչ մի առնչություն չեն ունենա այսօրվա մարդու ձգտումների, կրքերի, գաղափարների կերտման հետ:
Ժամանակի ոգին, դարի շնչառությունը, հայ մարդու իդեալներն ու հույզերը հիմնական էլեմենտներ են հանդիսանում ներկայիս ստեղծագործության համար: Նկարիչը պետք է ունենա հայ մարդու բարոյական կերպարի իր անհատական ընկալումը և դրանով է որոշվում նրա անձնավորության հմայքը: Առաջին պլան է դրվում մարդկային գեղեցիկ իդեալի որոնումը, այն, ինչ ազնիվ է, բարի, այն, ինչ մղում է հոգին բարձր տեսանելիության:
Նկարիչը, ճշմարիտ տաղանդի խորաթափանցությամբ ու ինքնատեսությամբ, մեր ազգային պատմության անցյալ ու ժամանակակից դրվագների հիմքի վրա կատարում է գեղարվեստական խոր ընդհանրացումներ:
02.04.72
Ինձ չի հաջողվում սիմվոլիստական հետաքրքիր կոմպոզիցիաներ ստեղծել: Իմ տարերքը ավելի շատ կենցաղային ժանրի սահմաններում է ներփակվում, նույնիսկ պայմանական նկարաշարերը ստացվում են կոնկրետ ռեալիստական, առարկայական մտածելակերպի սահմաններում: Այդպես, օրինակ, Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> նկարաշարի բոլոր նկարները պատկերային են, տարածական, կերպարի իրական ընկալման բնույթի: Ուրեմն, չպետք է կաշվից դուրս գալ, ինչպես դա անում են ժամանակակից շատ նկարիչներ, ապացուցելու ընդհակառակը: Իմ ողջ մտածելակերպով և ձգտումներով ես հեռու եմ սիմվոլիստական հղացումների կարողությունից:
12.04.72
Кант утверждал - Настоящий художник создает не всякую оригинальность, а такую, которая обогащает художественное развитие и самим фактом своего существования направляет эстетический прогресс.
Гегел, в свою очередь, отмечал, что даже шальная фантазия, поскольку она свободна, бесконечно выше любого явления природы, ибо оно необходимо. Однако эта шальная фантазия, по Гегелю еще не искусство, ибо искусство - воззвание к душам и умам, оно обращено к серьезнейшим проблемам эпохи и личной жизни.
25.04.72
Կոչումների սիրահար չեմ, ինչպես շատ ուրիշ նկարիչներ, որոնք կաշվից դուրս են գալիս շքանշաններ և կոչումներ ստանալու: Սակայն որքան անարդարացի է վարվում պետությունը, չտեսնելով այն մեծ նվիրվածությունը հայրենիքին ու արվեստին, որը ես եմ հայտնաբերել ահա քառասուն տարի է: Իմ կյանքս, անհատական երջանկությունս, առողջությունս, ամեն ինչ զոհաբերել եմ հայրենի արվեստի զարգացմանը և դիմացը համարյա ոչինչ չեմ ստացել, որովհետև համեստ եմ, չեմ գոռում իմ ստեղծագործությունների առաքելության մասին, կուրծք չեմ ծեծում, սրա նրա առաջ չեմ …., նվեր բաշխում: Զզվելի է իրականությունը, թեև ամեն կերպ մենք նրան ցանկանում ենք վարդագույն դարձնել:
06.05.72
Իր մահկանացուն կնքեց մեր ժամանակի ամենախոշար նկարիչը` Մարտիրոս Սարյանը: Հայ կերպարվեստի զարգացման նորագույն շրջանի ամենակառկառուն դեմքը, նրա հեղինակությունը բարձրացնող միջազգային մասշտաբով, նրա ազգային ինքնատիպությունը մեծ ազգերի արվեստի հետ համատեղ հրապարակի վրա դնելով:
Վաղ պատանեկան հասակից խորը տպավորություն են թողել ինձ վրա նրա ստեղծագործությունները և նրա անձնավորությունը: Շատ անգամներ առիթ եմ ունեցել խոսել և զրուցել նրա հետ զանազան խնդիրների կապակցությամբ: Միշտ տեսել եմ նրա մեջ հետաքրքիր արվեստագետ, սուր միտք ունեցող անձնավորություն: Աշխատել եմ նրա հետ միասին պերեդվիժնիկում` Սևանում և Կիրովականում, քնել ենք միևնույն սենյակում, սեղանակից ենք եղել, շրջագայել բնության մեջ: Ես միշտ հիացած եմ եղել նրա արտիստական մեծ տաղանդով կատարված գեղանկարչական գործերից, որտեղ գույնը հնչում է անչափ մաքուր և անչափ խոսուն է դառնում: Ինձ միշտ էլ ոգևորություն են պատճառել նրա թափով կատարված գործերը, վրձինման ուժը և եռանդը: Պայծառ բանաստեղծական շունչ է պարունակում նրա յուրաքանչյուր աշխատանքը, նույնիսկ թեթև ճեպանկարները:
Մեծ, շատ մեծ նկարիչ էր Մարտիրոս Սերգեյիչը, աստված նրա հոգին լուսապսակով զարդարի, թող հավիտյան ապրի նրա անունը յուրաքանչյուր հայի սրտում:
11.05.72
Սարյանի թաղումը շատ խորը տպավորություն թողեց իմ վրա, դա հոյակապ տեսարան էր: Հանգուցյալին եկել էին հրաժեշտ տալու մեծ թվով մարդիկ, խառն բազմությունը ժամերով անցնում էր դագաղի մոտով, բոլորը ցավում էին ու ողբում մեծ արվեստագետի կորուստը: Ես դեռ չէի տեսել այդքան մեծ թվով մարդիկ հողարկավորության ժամանակ: Իսկապես, որ մեծ արվեստագետը համատարած ժողովրդականություն էր վայելում:
16.05.72
Դժվար, շատ դժվար բան է արվեստում առաջադիմելը, վերելքը բարդ է ու ձգվում է այն անվերջ, սակայն հրապուրիչ է, զարմանալի գրավող այդ ճանապարհը: Հիմա ես ուրիշ կերպ եմ աշխատում, ավելի երկարատև ու մտածված, սակայն դարձյալ բավարարված չեմ իմ արվածով, մի անհանգստություն եմ զգում, որը գիշեր ու ցերեկ վրդովվում է հոգիս: Պետք է ասել մի նոր բան, մի նոր խոսք` թեկուզ և փոքր, սակայն նոր ու ինքնատիպ, ոչ մեկի կողմից դեռ չասված: Իսկ այն կարող է ձեռք բերվել միայն սեփական հոգուց ելնելով: Իր ինտելեկտի թելադրմամբ, նկարչի հոգեկան աշխարհի դրսևորման միջոցով:
Ժամանակը այնպիսին է, որ անհրաժեշտ է չգոհանալ ձեռք բերվածով, այլապես հետ կմնաս կյանքից, իրականությունից: Միշտ պետք է որոնել կատարյալը, արտահայտիչը, մարդկայինը` այսօրվա տեսանկյունից ելակետ ունենալով: Մոդայիկ նկարելաձևը վտանգավոր հրապուրչություն ունի, սակայն խորությունից զուրկ է, թեթև: Ամենից լավն է, երբ նկարիչը իր սկզբունքներն ունի, իր նախասիրություններն ունի և դրանցով է առաջ ընթանում: Համոզմունքը և կամքը կարող են բաց անել ստեղծագործության համար նորանոր հորիզոններ:
Շատ կտավներ ես ոչնչացրի, ինձ համար խորթ են դարձել նրանք, այլևս այլ կերպ եմ մտածում և նկարում, պետք է թողնել առավել հաջողվածները:
Մեր ցուցահանդեսներում էլ լուրջ գործերը շատ քիչ են, ամեն տեսակի թափթփուկ ցուցահանում են, ամեն տեսակի վրձնի վարժություններ բերում են նկարիչները ի տես հասարակությանը: Որոնում են բոլորը, բայց շատ քչերին է հաջողվում որևէ նոր բան ասել: Ավելի ու ավելի պահանջկոտ պետք է լինել ինքդ քո հանդեպ, ավելի կողմնորոշված:
Տասնամյակներ առաջ ես շատ էի զբաղվում ժանրի սահմաններում, իսկ հիմա այլևս կենցաղային մանր-մունր խնդիրները հանգիստ չեն տալիս, ես փնտրում եմ մոնումենտալ արտահայտամիջոցներ, ավելի լավ ընդգրկումներով:
13.06.72
Բացվեց հայ գեղանկարչության ցուցահանդեսը Լենինյան պողոտայի վրա գտնվող նոր սրահներում:
Ամբողջապես ձևապաշտական գործերով լի այդ պատկերահանդեսը միակողմանի ներկայացումն է մեր այսօրվա հայ գեղանկարչության, և ոչ մի կերպ չի կարելի համարել մեր ազգային մշակույթի այդ բնագավառի քիչ թե շատ հարազատ ցուցահանումը: Ավելի շուտ … նկարչության խուլ արձագանքներ են այնտեղ ներկայացված, անսկզբունք հղացումների մի զարմանալի շփոթ, որը մտածելու տեղ է տալիս, թե որչափ տխուր վիճակ է ապրում այսօր հայ երիտասարդ արվեստագետների սերունդը:
Ամբողջապես մտածածին նրանց գործերը ոչ մի բան չեն ասում հայ մարդու հոգուն և սրտին: Կուրորեն փոխառնելով արևմտաեվրոպական գեղանկարչության ներկայացուցիչների աշխատելաձևի որոշ պրիյոմներ, նրանք քսում են կեղտոտ գույներ, դեֆորմացիայի են ենթարկում բնությունը, մարդուն, այլանդակում ամեն մի գեղեցկություն, որը տրված է մարդուն ի վերուստ` հիանալու, հուզվելու, զգացվելու, մտածելու համար:
Անցյալում հայ գեղանկարիչները շատ սերտորեն են կապված եղել բնության հետ, նրանից ստացել ոգևորության բոլոր հղացումները, նրա զգայական քնարերգական բոլոր տպավորությունները: Սակայն երբեք կուրորեն չեն ընդօրինակել նրա տեղանքը, այլ միշտ իրենց ասելիքը պայծառ ձևով դրսևորել, ստեղծագործաբար վերարտադրել տեսածը:
04.06.72
Ժամանակակից բանաստեղծ Համո Սահյանը մի գեղեցիկ ոտանավոր ունի ժամանակի մասին:
Տար ինձ, ժամանակ
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ գնում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Այս փիլիսոփայական միտքը կարելի է վերագրել նաև մեզ` նկարիչներիս, մասնավորապես ինձ:
Ժամանակի ոգին շատ դժվար է ըմբռնել և քայլել նրան համընթաց, շարունակ հնի հիշողությունը առաջ է ընկնում, խանգարում դատողությունս:
Մեր մտքերը և ստեղծագործական մեթոդները հնանում են և ոչ մի ուժ չի կարող նրանց պահել: Այդ դասականներն են, որ հավետ մնում են նորոգ, որովհետև նրանց ժամանակը կարողացավ ստեղծել դեռ չասված մնայուն գործեր, իսկ մեր ժամանակներում անհնար է նմանօրինակ վիճակ:
17.10.72
Գլխավորը ընդհանրացնելն է ֆորմաների և գունային բծերի, միայն այս միջոցը կարող է փրկել պատկերը և դիտվել հաճելի ուշադրությամբ: Մեր ժամանակներում ծանր մշակվածությունը անհասանելի է մարդկանց, ժամանակը չի ներում` նկարելու, կանգ առնելու, մանրազնին վրձինելիս: Սուր, գրոտեսկով արված գծանկար, պլաստիկ ֆորմաներ և ազատ վրձինում: Ոչ մի երկրորդական աքսեսուարներ տեղ չպիտի ունենան կտավի տարածքի վրա: Սրանում է Սարյանի, Մատիսի ուղղությունների առավելությունը:
25.10.72
Խորհրդային 15 հանրապետությունների միավորման հիսունամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական մեծ ցուցահանդեսը այսօր բացվեց: Կարելի է վստահորեն ասել, որ այս ցուցահանդեսը բացառիկ է իր լայնածավալությամբ, գործերի քանակով: Չնայած նրան, որ ցուցահանդեսի բոլոր սրահները լեփլեցուն են գեղանկարչական գործերով և քանդակներով, այնուամենայնիվ բացառիկ ուժգնության կտավներ ու քանդակներ չկան: Գոնե ինձ դուր չի գալիս նրանցից որևէ մեկը, յուրաքանչյուրում առկա է որևէ զգալի թերություն` լինի դա կոմպոզիցիայի, միտումի և կամ գունային գամմայի լուծման: Առանձնապես թույլ է արտահայտչական կողմը կերպարների, պատկերվածները անհամուզիչ են, վառ տպավորիչ գծեր չկան, խորը չեն տպավորվում դիտողների հիշողության մեջ: Ընդհանրապես, բովանդակության խորիմաստությունը մեծ առաջադիմություն չի գործել, գլխավոր ուշադրությունը նկարիչները դարձնում են գունային խնդիրների լուծման վրա:
Ես ցուցադրել եմ <<Բերքահավաք>> յուղաներկ պատկերը, չափը` 206 x 130 սանտիմետր, իննը ֆիգուրայով:
Իմ կարծիքով գործը հաջողված է, թե կոմպոզիցիայով և թե գունային լուծմամբ: Այն ունի այրված աշնանային գունային անսամբլ, զրնգուն մաքուր գույներ, որը շատ համապատասխան է աշնանային կոլորիտին: Իմ նպատակն է եղել հարազատորեն վերականգնել իրականությունը, աշխատող մարդկանց կյանքը:
Ընդհանրապես, պտղահավաքի թեմայով ես շատ նկարներ եմ նկարել, որոնք հայ գեղանկարչության հարազատ ձևական միջոցներով եմ արտահայտել:
Մնայուն գործեր, իմ կարծիքով, այս ցուցահանդեսում շատ քիչ կան, դեռևս ազգային կերպարի ստեղծագործումը իր բարձրության վրա չի կանգնած: Ցավալի է, սակայն իրողություն է այն, մեր նկարիչները հստակ պատկերացում չունեն ժամանակակից նկարչության իդեական հատկանիշների մասին, չունեն հաստատուն հող իրենց ոտքերի տակ, անվերջ որոնում են, խարխափում, բայց չեն գտնում: Սեփական խոսք ասելու համար քիչ են մտահորիզոնի լայնարձակությունը և հետևողականությունը: <<Թանկագին նմուշները>> վերակենդանացնելը իմաստ չունի:
Ցուցահանդեսում,օրինակի համար, Էդ. Իսաբեկյանի <<Հանրապետոււթյան ծնունդը>> յուղանկարը կատարյալ էկլեկտիկ պատկեր էր իրենից ներկայացնում: Հունական դիցաբանությունից փոխառնված մոտիվը, երկնքում արշավասյուր թռչող ձիերը և ռազմակառքի վրա կանգնած դրոշակակիրը, պետք է համոզեին դիտողին, որ այդ կերպարը Հայաստանի Հանրապետության ծնունդն է, ավելի պրիմիտիվ հասկացողության սիմվոլի մասին դժվար է պատկերացնել: Էլ որտեղ մնաց ժամանակակից նկարչության ձևի կիրառումը: Շնորհիվ նրան, որ Իսաբեկյանը պետական պատկերասրահի դիրեկտորն է և մոտ ծանոթություններ ունի ժյուրիի ազդեցիկ անդամների վրա, նկարը ոչ միայն ընդունվել է և լավ տեղում ցուցադրվել, այլև բարձր գումարով գնահատվել: Նույնը կարելի է ասել մի շարք մենաշնորհ վայելող նկարիչների մասին, որոնք ինչ անպետք աշխատանքներ որ բերեն ցուցահանդես, նրանց ցուցադրումը և գնահատումը լրիվ ապահովված է: Մեր օրերի ամենից առավել ցավոտ խնդիրն է այս, երբ նկարիչը ոչ թե տարված է ստեղծագործական խնդիրների որոնումներով և վարպետության կատարելության հասնելու տենչով, այլ անուն հանելու փառասեր, ոխ ձգտումով լցնում է իր կյանքը:
Փառքի հասնելու մոլուցքը ոմանց մոռացնել է տալիս ընկերական պարզությունը ու ջերմությունը` համարելով իրենք իրենց հանճարեղ էակներ, այդ մարդիկ գոռոզամիտ են, ամբարտավան և ....: Հափշտակել կյանքից այն, ինչ հնարավոր է, այն, ինչ ուրիշին նույնպես պետք է, իր մերձավորին, իր կոլեգային, իր մանկության ընկերոջը, բարեկամին: Այդ էությունը շատ լավ անդրադառնում է, ինչպես հայելում, իրենց ստեղծագործությունների մեջ, որոնք ոչինչ չունեն պատմելու դիտողին մարդկային առաքինի կողմերի մասին, այլ ներկայացնում են սոսկ խրտվիլակների և տակը գրում բարձրագոռ անուններ:
15.12.72
Իմ նախասիրությունների շրջանակը զուտ ազգային բնույթի է, ես մանկությունից սիրել եմ Հայաստանի բնությունը, որը անչափ խորը տպավորվել է իմ հոգում և անընդհատ պատկերվում է աչքերիս առաջ` դա Խարբերդի, Տիգրանակերտի, Վանի բնաշխարհն է` երազային մտերմիկ ու ինքնատիպ: Առաջացած տարիքի մարդիկ անցյալով են ապրում, դա ճիշտ է, ես ամեն օր վերհիշում եմ հին Երևանը, նրա այգիներն ու փողոցները, զարմանալի վիպային կերպար ունեցող կենցաղը, մարդիկ: Բնականաբար, ապրելով անցյալով ես շարունակաբար ստեղծագործական մտահղացումներ եմ ունենում այդ ոլորտներում, անցյալի հիշողություններում գտնում քաղցրությունը կյանքի: Իմ հոգում շատ է ազգային ոգու ներշնչումը, կարող եմ ասել, որ կյանքի իմաստը ես գտնում եմ հայրենասիրության մեջ, նրան եմ նվիրաբերել իմ ողջ գիտակցական կյանքը: Եվ իմ բոլոր գործերում այն փայլուն ձևով կարողացել եմ դրսևորել ու արտահայտել: Ուրիշ բան է, որ ձևի կատարման կողմից կան որոշ թերություններ: Սակայն խնդիրը էությունն է, ոգին, ձգտումը նկարչի: Ինձ քչերն են հասկացել և այդ իսկ պատճառով անհրաժեշտ ոգևորություն քչերին է վիճակվել հաղորդել ինձ: Իսկ դա մեծ նշանակություն ունի` արվեստագետի հոգին լիցքավորելու տեսակետից: Իսկ ոչ մի տեսաբան լրջորեն ու երկարատև չի զբաղվել իմ արվեստով, որովհետև նրանց կարիերայի համար իմ գործունեությունը էական նշանակություն չի ունեցել:
20.12.72
Շատերը կարծում են, որ եթե ես ամուրի եմ, ապա ազատություն ունեմ, ամբողջապես սխալ եզրակացություն է: Ես ոչ մի ազատություն էլ չունեմ, ընտանեկան պայմանները այնպիսին են, որ ես կորցրել եմ իմ ինքնուրույնությունը, մայրս և քույրերս ամենաուժեղ սահմանափակումներն են մցրել տան մեջ և խառնվում են բոլոր իմ արարքներին: Այս պայմաններում ես չեմ կարող ոչ ընկեր և ոչ էլ ընկերուհի ընդունել: Մինչդեռ նկարիչը պետք է ազատ լինի և հանդիպումներ ունենա ում հետ, որ ցանկանա, դիմանկարներ նկարի, զրույցներ ունենա և ալյն:
Ես եմ մեղավոր, որ չկարողացա կարգավորել իմ կյանքը, ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ և ապրել երջանիկ կյանքով: Ինչի նման է հիմա իմ կյանքը այս ծեր հասակումս, մենակ ու տխուր` կյանքի դաժան պայմաններում մեկը չկա ինձ հասկացող, ինձ երջանկացնող: Ոչ մի կին սրտանց չսիրեց ինձ, որպեսզի ես էլ իմ կյանքը ամբողջապես նվիրաբերեի նրան:
Իմ միակ սփոփանքը մնում է մայրս, որը շատ ծեր է, չափազանց կամակոր: Զարմանալի աշխույժ այդ զառամյալ հասակում, ուղղամիտ, դատող ու քննող, սակայն միակողմանի, միշտ իր կամքը թելադրող: Ամբողջ օրը տարված է անցյալի հուշերով և ախ ու վախով, ինչպես կամոքն աստծո, ստիպված եմ լսել նրա անվերջանալի ախերը և հոգեպես տառապել ու տառապել: Ստեղծագործել այս մասում, իհարկե, անհնար է, ես իմ անելիքս չգիտեմ, նոր բան չեմ կարողանում ստեղծել:
25.01.73
Բացվեց և փակվեց կերպարվեստագետների 10-րդ համագումարը: Չորս և կես տարվա հաշվետվություն տվեց միության նախագահ` նկարիչ Սուրեն Սաֆարյանը:
Համագումարում ստեղծագործական խնդիրների շուրջը դիսկուսիա չծավալվեց, առավելապես խոսվեց կազմակերպության խնդիրների մասին:
Ելույթ ունեցա նաև ես, խոսեցի վերջին տարիների ստեղծագործական կյանքում տեղի ունեցող փոփոխությունների մասին, երիտասարդության մասին: Մեր սերնդի կատարած գործի մասին, որ ինչքան դժվարություններ է կարողացել հաղթահարել հաջողությունների հասնելու համար: Իմ ելույթը գովեցին ինձ մոտիկ գտնվող շատ նկարիչներ և տեսաբաններ: Նույն օրը նկարիչների տան սրահներում բացվեց մեկական աշխատանքի ցուցահանդես, որին ես մասնակցում եմ <<Հին Աշտարակը>> յուղաներկ կոմպոզիցիոն բնանկարով`1 x 85 չափով: Այդ նկարը նույնպես գովաբանեցին իմ ծանոթ նկարիչները, շնորհավորեցին հաջողության համար: Բնապատկերի վրա ես աշխատել էի շատ երկար, այն էտյուդների և րիսունկաների հիման վրա, որոնց ես նկարել էի և բերել Աշտարակից 1970թ.:
Էտյուդային գործերի ցուցադրումից ես այլևս հրաժարվում եմ, հիմա մտադրվել եմ ներկայացնել միայն երկարատև մշակված, մտածված աշխատանքներ, որոնց մեջ ես կարող եմ ներդնել իմ զգացմունքները, աշխարհայացքս, ասելիքս: Այն, ինչ մինչև հիմա արել եմ պլեներում պետք է սինթեզել, համադրել, կոմպոզիցիոն հնարքներ գտնել` էլ ավելի արտահայտիչ ներկայացնելու բնապատկերը: Վերջ ի վերջո ամբողջ կյանքը չի կարելի անցկացնել միայն էտյուդներ նկարելով:
14.01.73
Գծանկարի կուլտուրայի մասին
Վերջին տարիներին գծանկարի մասին շատ է խոսվում: ..... սկսում է տեղի տալ, այլևս մոդայիկ չէ, արդեն ձանձրացրել է մարդկանց և նկարիչներին:
Պլաստիկ կերպարը, որը տեղ է գրավել նկարչի հոգում, միայն այն ժամանակ է կոնկրետ ձև ընդունում, երբ հանդիպում է իրականության հետ առնչություն ունեցող տպավորությունների հետ: Գծանկարը, որպես այդպիսին շատ է առնչվում առարկայական աշխարհի երևույթների հետ, այդ իսկ պատճառով ավելի դյուրություններ ունի, լայն ձևական հնարավորություններ:
Յուրաքանչյուր նկարիչ ունի իր պատկերացումը գեղեցկության, երբեք չպետք է հակադրել նրանց ըմբռնողությունը, միմյանց նկատմամբ նրանք կարող են շատ հակադիր լինել:
Ներքինում ապրող և նկարչին անհանգստություն պատճառող կերպարները շատ են, դժվար է խոսքերով նրանց բացահայտել, նրանց էությունը կախված է նկարչի աշխարհըմբռնումից, ճաշակից, կուլտուրայից, տեմպերամենտից:
Հարմար պարագային դուրս հարթելով, այդ մտորումները ձևակերպվում են կոնկրետ արտահայտչական միջոցներով, որոնք նկարիչը ընտրում է բացառիկ հոգատարությամբ, ելակետ ընդունելով տարիների իր փորձը և անցած դպրոցի դաստիարակությունը:
Գեղեցկության բացահայտումը յուրովի` դա նշանակում է նկարչի հիացումը այդ գեղեցկությամբ և ձգտումը այն վերարտադրել իր հայեցողությամբ:
Ստեղծագործական մեթոդները բազմաթիվ են, ընտրությունը պետք է համընկնի հիացումի բացահայտմանը:
24.02.73
Իմ ամբողջ ստեղծագործական կյանքը ընթացել է առանց խոշոր բեկումների, փոփոխությունների, որովհետև ես հենց սկզբից ստեղծել եմ իմ սկզբունքը, կերպավորման իմ տեսակետը և ոչ թե ուրիշների նման անընդհատ որոնել եմ արտառոց ձևեր, որոնք ոչ մի կերպ չեն հարմարվում իմ ճաշակին ու իդեալներին:
26.02.73
Աշխատում եմ <<Հայաստան>> կոչվող մեծ տրիպտիխի վրա:
Առաջին նկարը – հին Հայաստանն է ներկայացնում: Ողբացյալ հայ կինը նստած է գլխակոր, ոսկորոտ ձեռքերը հենած ծնկներին, նրա ողջ ֆիգուրան վշտալի է, տանջված: Կնոջ կողքին խաչքարն է, իսկ ֆոնի վրա կիսավեր մի վանք:
Երկրորդ նկարը` միջինը, ավելի մեծ է իր չափերով, ներկայացնում է խաղողի այգի, երիտասարդ տղամարդը և կինը կանգնած են ամբողջ հասակով, կինը մրգերով լի կողով ունի ուսին դրած: Տղամարդը ձեռքերը պարզել է իր մշակած այգու պտուղներին,կարծես ասելիս լինի դիտողին, ահա իմ քրտինքի արդյունքը սրանք են, այս բարիքները: Տրիպտիխի երրորդ մասը, որը իր չափերով առաջինին է հավասար, նկարված է մայրը իր երեխաներով, փոքրին գրկած է, նրանք նոր շենքի պատշգամբին են կանգնած և նայում են չորս կողմը շինված բարձրաբերձ տներին, սա նոր` սոցիալիստական կյանքն է, նոր կառուցված հայրենիքը, ի հակադրություն ողբի և որբի հայրենիքի:
Արդեն կարտոնը նկարի վերջացնում եմ, սակայն նկարը գույնով ուշ կսկսեմ, անհրաժեշտ է նախապատրաստման մեծ աշխատանք տանել:
19.03.73
Շարունակ որոնում եմ ստեղծագործական նոր հնարավորություններ, արտահայտչական թարմ միջոցներ, պետք է հնարքներ ու հնարքներ գտնել: Նկարչի կյանքը ամբողջապես սրանով է կլանված, հետաքրքրությունների ուրիշ աշխարհ չկա, կյանքի իմաստը ամբողջանում է և դիտվում այս տեսանկյունից, վայ են նկարչին, որ դադար կտա իր որոնումներին:
Հասարակ մահկանացուները երջանիկ են այդ կողմից, նրանք անհանգստանալու քիչ կողմեր ունեն, կենցաղային մանր մունր բաները գրավում են նրանց ողջ ուշադրությունը, ութ ժամ աշխատելուց հետո լավ ուտելու-խմելու և զվարճանալու խնդիրն է նրանց զբաղեցնում: Իսկ նկարիչը պետք է աշխատի ցերեկ ու գիշեր, միշտ և ամենուրեք իրեն մտահոգող ստեղծագործական խնդիրների վրա խորհի, անհանգստանա: Ու՞մ է հարկավոր այն արվեստը, որը դիտողի առջև բաց չի անում մի նոր աշխարհ, նկարչի հոգու ապրումների և հույզերի աշխարհը, բնությունը և կյանքը մի նոր տեսանկյունից դիտելու հնարավորությունը:
29.03.73
Վերջացրի և տվեցի մեքենագրելու <<Գաբրիել Գյուրջյան>> մենագրությունը, որը վաղուց է, ինչ սկսել էի գրել: Շարժառիթը գրելու եղել է իմ համակրանքը այդ մարդու նկատմամբ, որը շատ բան է արել սովետահայ արվեստի զարգացման համար: Նրա ուղղամտությունը, ազնվությունը և աշխատասիրությունը անչափ լավ տպավորություն է թողել իմ մեջ:
Նրա բնանկարները ներկայացնում են Հայաստանի բնաշխարհը իրենց աննման գեղեցկություններով, նրանցում կա սեր դեպի բնությունը, պատրանք առաջացնելու նկարչի վարպետություն:
01.04.73
Առանձնությունն է իմ կյանքի էական կողմը: Առանձնության մեջ եմ ես գտնում ինքս ինձ, խորասուզվում իմ <<ես>>-ի մեջ, մտորում կյանքի իմացության խնդիրների մասին, իմ վերաբերմունքը ճշգրտում մարդկանց վերաբերմամբ: Իմ առանձնությունը ինձ հնարավորություն է տալիս որոնել կերպարներ, որոնք առավել չափով կարող կլինեն արտահայտել իմ աշխարհըմբռնումը, հուզական աշխարհը, գեղեցկության իմ պաշտամունքը:
Կյանքում ապրածս տարիների փորձը ինձ բերել է այն եզրակացության, որ առավել լավ է քիչ հաղորդակցվել մարդկանց հետ, որովհետև նրանցում չեմ կարողացել բարոյական այն բարձր հատկանիշները գտնել, որոնք իմ իդեալներն են հանդիսացել: Իմ պատկերած կերպարները ազնիվ են իրենց բովանդակությամբ, վսեմ, խորը ազգային:
03.04.73
Այսօր դիտեցի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը: Զարմանալի փոփոխություն` մեր և երիտասարդ այս նոր սերնդի ցուցահանդեսի միջև: Փոփոխություն թե բովանդակության և թե ձևի միջև, արտահայտչական միջոցների միջև: Մենք ձգտում էինք իրականությունը իր ողջ նույնությամբ պատկերել, նորերը` ընդհակառակը, խուսափում են իսկությունից, ներփակված են իրենց <<ես>>-ի մեջ և չեն տեսնում իրենց շրջապատի արմատական հեղաշրջումները: Ցուցահանդեսում չկա մեր երկրի այսօրը, աշխատավոր մարդու հոգսերը պատկերող դրվագները, շինարարության պաթոսը: Դիտողը այնտեղ կտեսնի միայն ինչ որ որոնումներ` գույնի ներդաշնակություններ գտնելու փորձեր, որոնցից առանձնապես ինձ դուր եկավ Անահիտ Զարդարյանի պատկերը <<Խնձորենի>>, որը պատկերում է մերկ կին, ինչ որ պարտեզում, սա իհարկե կարևոր չի, այլ սիմվոլիկ արտահայտչականությունը կնոջ ֆիգուրայի, շատ պայմանական, լույսով ողողված, ներդաշնակված ամբողջ նկարի տաք կոլորիտի հետ:
Մեր երիտասարդական տարիներին ո՞վ կհամարձակվեր այդպիսի պայմանական սիմվոլիկ բովանդակություն ունեցող գործ կատարեր, ամեն ինչ որոշ շաբլոններով պետք է նկարվեր: Օհաննես Զարդարյանի (գեղանկարիչ) աղջիկը շատ համարձակ աշխատանք է կատարել` այդպիսով ցուցահանելով իր հակումը, գունային հագեցված կոլորիտով հասնել քնարերգական արտահայտչականության, խուսափել իրականության պատճենահանումից: Այս ձևը ասելիքի գեղեցիկ է, թեև վերացական:
29.04.73
Օրվա բոլոր օգտակար ժամերը չեմ կարողանում օգտագործել նպատակահարմար: Շատ են կողմնակի զբաղմունքները, որոնք ցրում են ուշադրությունը, կենտրոնանալ հնարավոր չէ: Նկարիչը մենակ պիտի լինի և ամբողջապես կլանված իր ստեղծագործությունների կերպավորմամբ, որևէ բան, որը կարող է ուշադրությունը շեղել վնասակար է: Շատ բարդ է ստեղծագործական պրոցեսը, անչափ մտքեր կուտակված են նկարչի հոգում, որոնումները անվերջանալի են, այսօրվա գտնվածը վաղը կարող է անպետք համարվել պատկերի համար: Ես զարմանում են այն նկարիչների վրա, որոնք լինում են ամենուրեք, լայն ծանոթություններ ունեն, պաշտոնավարում են, ճանապարհորդում և այլն:
Ի դեպ, ճանապարհորդությունների մասին: Ես գտնում եմ, որ դա շատ անհրաժեշտ է արվեստագետի համար, նամանավանդ Իտալիա, Փարիզ և կամ Եվրոպայի մեկ այլ արվեստի կենտրոն, սակայն մեր դժվարին երիտասարդական տարիների համար դա անհնար ցանկություն էր, իսկ այժմ էլ տարիքը չի ներում:
Ինչքան լավ կլիներ, եթե ես կարողանայի մի քանի ամիս անցկացնել Փարիզում, ծանոթանայի արվեստի ընթացիկ դրության հետ, դիտեյի համաշխարհային համբավ վայելող հայտնի նկարիչների ստեղծագործությունները, ավաղ, որքան միօրինակ կյանք ունեցավ մեր սերունդը:
20.05.73
Ամեն օր ես զգում եմ, որ ինչ որ բան չկարողացա կատարել, որ օրը անցավ ու ես թերացա շատ գործ լրացնել, մինչդեռ որքան անելիքներ կան, որոնք սպասում են հերթականության:
Այս անբավականությունը ինձ մաշում է, շարունակ մտրակում, որ կյանքս անցնում է ու ես մի կարգին, շոշափելի գործ չեմ կարողացել կատարել:
Ինչ նկարել և ինչպես նկարել` ահա ամենօրյա իմ հոգսը, ահա իմ մտածումների գլխավոր առարկան, օրվա բոլոր ժամերին: Ոչ մի բան ինձ չի բավարարում, չի հագեցնում իմ անչափ մեծ ծարավը`կյանքի ճանաչողության և պատկերման խնդիրների շուրջը: Իսկ օրերը անցնում են մեծ արագությամբ և ես մոտենում եմ արդեն 70 տարեկանին, արդեն զգում եմ, որ ուժերս այն չեն, ինչ մի քանի տարի առաջ, որ ես չեմ կարող առաջվա նման ձեռնարկել մեծամեծ գործերի, կարևոր սխրանքների:
Հետադարձ հայացք նետելիս իմ անցած ուղու վրա ես վստահորեն տեսնում եմ, որ շատ բան, որ չպետք է արվեր` ես արել եմ, որ շատ բան, որ անհրաժեշտ էր անել, ես հիմարաբար չեմ արել: Ու շարունակ ինքս ինձ պախարակում եմ թույլ տված սխալների համար` թե կյանքում և թե արվեստում:
23.05.73
Մեր սերնդի գործունեության ժամանակաշրջանում հիմնական ուղղությունը կենտրոնացվում էր կոմպոզիցիայի պատկերայնության վրա, պատմողական սյուժեների խնդիրների վրա, բայց ոչ գույնով մտածելու, խորհելու և ստեղծագործության վրա, այդ է, որ մեր սերունդը չկարողացավ հասնել գեղանկարչության արդիականության ամենաբարդ նպատակի իրագործմանը: Գույնով մտածել` դա նշանակում է ոչ թե նկարագրել ինչ որ իրադարձություն, այլ գույների լեզվով առաջացնել խոհեր, զգայություններ: Դիտողին ներկայացնել ոչ թե պատմողական նշանակություն ունեցող մի որևէ էպիզոդ, ինչպես դա գերազանց անում էին ռուս պերեդվիժնիկները, այլ ներշնչել նրան մտահայեցողություններ, առեղծվածային իդեաներ, ինքը իր մեջ խորանալու կարողություն:
Սա դժվարին ստեղծագործական ճանապարհ է և դրան պետք է վարժվել վաղ երիտասարդական տարիքից, երբ դեռ զգացմունքները անաղարտ են, աշխարհայացքը չի բռնադատված, ձեռքը չի փչացել խալտուրա անելու անվերջանալի տառապանքներից:
Մեր սերունդը, ավաղ, ոչ մի այդպիսի կյանք չտեսավ:
Հիմա ես չեմ կարող փոխել իմ ստեղծագործական միջոցները, մտածել ու խորհել այլ կերպ, իմ զգացմունքները կաղապարվել են միայն իմ ձևով:
Ներկայումս նկարում եմ այնպիսի գործեր, որոնք ինձ բոլորովին դուր չեն գալիս, չպետք է նկարեի, սակայն, դարձյալ նկարում եմ, ուրիշ կերպ չեմ կարողանում: Մտածում եմ, որոշում ուրիշ լեզվով աշխատել և սակայն ոչ մի կերպ չի ստացվում` սրանում է մեր սերնդի և իմ ողբերգությունը:
Անհատականության դրսևորումը վաղ հասակից պետք է ձևակերպվի և իր մարմնավորումը ստանա կտավի վրա, իսկ մեզ մի ընդհանուր կաղապարով ձևավորեցին, մեկս մյուսին նմանեցրին:
29.05.73
Սիստեմատիկաբար զբաղվում եմ գրաֆիկայով, մասնավորապես փորագրությամբ լինյոլումի վրա: Դա ինձ որոշ չափով չի կաշկանդում միայն յուղաներկով նկարելը, այլ տալիս է որոշ տարբերություն, որը թարմացնում է աչքս ու միտքս: Գրաֆիկան իր պայմանականություններով, սև ու սպիտակի լուծումներով անչափ հետաքրքիր է նկարչի համար, նրա երևակայական ...... նյութ է մատակարարում:
Գծի պլաստիկական հատկություններ գտնելը և յուրովի մեկնաբանելը շատ դժվարին խնդիրներ է առաջադրում, որը և հրապուրում է արվեստագետին, նյութ տալիս մտածելու, որոնելու, ստեղծագործելու:
02.06.73
Այս կյանքը միակ ճանապարհն է, պետք է ճանաչել և օգտագործել այն յուրաքանչյուր րոպեի ընթացքում: Ամոթը միայն մարդուն է յուրահատուկ, կենդանիները չունեն այդ զգացումը, մի հանգամանք, որը անտեսում են մեր ժամանակակից շատ մարդկային արարքներ:
Արվեստագետի համար առավելևս ամոթի զգացումը պետք է լինի, որովհետև նրա անձնավորությունը օժտված պետք է լինի մարդկային ամենավսեմ արժանիքներով: Սակայն ես տեսնում եմ իմ շուրջը բազմաթիվ <<արվեստագետներ>>, որոնք ամեն օր կատարում են գործեր, որոնք վայել չեն արվեստագետին, ամոթ է նրանց անվանը:
Ստախոսություն, գողություն, ուրիշի ունեցվածքի հափշտակություն, փառասիրություն, գոռոզություն, պարծենկոտություն և այլն: Առանց ամոթի զգացման գողանում են ուրիշ նկարիչների իդեան, աշխատանքի ձևը, կոմպոզիցիան:
Հափշտակում են ընկերոջը հասանելիք գործերը, որպեսզի իրենք շատ փող աշխատեն, միայն իրենք վայելեն:
Փառասիրության համար ամեն ինչի ընդունակ են այդպիսի <<նկարիչները>>, հատկապես մտերմանում են գրողների, իշխանավորների հետ, որպեսզի նրանք գրեն թերթերում կամ ամսագրերում իրենց մասին:
Ես միակն եմ շատ շատերի մեջ, որ ամենից բարձր եմ դասում ազնվությունը, ասպետական նվիրվածությունը իր իդեալներին, ուղղամտությունը և աշխատասիրությունը:
15.11.73
Հանդիպեցի անհաջողության, որը շատ խորը ազդեց իմ վրա:
Առաջին անգամ իմ ներկայացրած աշխատանքները չեն ընդունվել ժյուրիի կողմից ցուցադրվելու համար:
1929 թվականից ցուցադրում եմ իմ գործերը և ապա շարունակ գովեստի արժանացել, բայց ահա կտրում են ինձ: Մի խումբ երիտասարդներ, որոնք ցուցահանդեսի ժյուրիի կազմում են, պայքարում են մեր սերնդի վարպետների դեմ` անտեսելով նրանց գործերի գեղարվեստական բարձր արժանիքները: Այսօր այլևս պարզորոշ է դարձել, որ տարբեր մտածողության, ճաշակի և կերպավորման ձևի արգասիք հանդիսացող ստեղծագործությունները չեն կարող համատեղվել մեկ ընդհանուր ցուցահանդեսում: Անհրաժեշտ է, որ տարբեր ուղղություններով աշխատող նկարիչները ունենան տարբեր ժամանակներում բացվող ցուցահանդեսներ: Այդպես էր առաջներում, տասական և քսանական թվականներին, երբ գոյություն ունեյին տարբեր ստեղծագործական միություններ, օրինակ` <<Мир искусства>> և այլն: Միմյանց ժխտող նկարչական տարբեր հասկացությունները միավորել անհնար է, սա չեն ուզում հասկանալ ներկայիս կուլտուրայի մինիստրության և էլ ավելի բարձր `վերադաս մարմինների աշխատանքը:
21.11.73
Շատ եմ կտրված շրջապատից, ոչ մի հարաբերություն չունեմ նկարիչների, գրողների և արվեստի մյուս բնագավառի աշխատողների հետ:
Այս կտրվածությունը անշուշտ բացասաբար է ազդում իմ ստեղծագործությունների վրա, նրանց հաղորդում մի տեսակ կաշկանդվածություն:
29.11.73
Միտքս որոնում է սյուժեներ, որոնք նոր լինեն, թարմ ու բանաստեղծական: Կարողանան իմ մտքերս ու հույզերս վառ ձևով դրսևորել, դիտողին համակել, ներգրավել, հիշողության մեջ տեղ գրավել տալ:
Գլխավորն է արտահայտչականության հասնել քնարերգական միջոցներով, միշտ հավատարիմ իմ եսին:
07.12.73
Կերպարվեստի աշնանային ցուցահանդեսից ստացած իմ տպավորությունները հակասական են: Ցուցադրված ենայնպիսի գործեր, որոնցից շատերը ինչ որ բան են ասում, գեղանկարչային են, միևնույն ժամանակ քիչ չեն մարդու մեջ գարշանք առաջացնող կտավները ու քանդակները: Սակայն մի բան ակնբախ է, որ ժամանակները փոխվել են , հիմա աշխատել նախորդ տասնամյակների նման այլևս անկարելի է: Հիմա մոդան այլ է, պետք է ելակետ ունենալ ոչ թե նատուրան, այլ <<ես>>-ի մտապատկերները: Ամեն ինչ անհրաժեշտ է վերափոխել, վերանայել, իսկ դա ուղղակի չի հաջողվում ինձ, ես շատ եմ կապված բնության հետ և աշխատում եմ ես անմիջական տպավորության տակ:
Մտապատկերային ստեղծագործությունը շատ առաձգական է, բնավ էլ մեր ժամանակին չի համընկնում իր գաղափարական բովանդակությամբ, սակայն ո՞վ է այդ մասին մտածում, մոդան իր պահանջներն ունի:
Ուրեմն այսպես
Մտապատկերից ելնել, հորինել առանց կոնկրետ օբյեկտ ունենալու աչքի տակ: Աշխատել համարձակ, մեծ կտորներով, երբեք չվախենալ փչացնելուց:
Այրել կամ վերանկարել բոլոր հին կտավները:
Աշխատել, շարունակ աշխատել` միշտ <<ես>>-ը նկատի ունենալով:
08.12.73
Տևապես ժամանակ վատնում պատկերի համար նորանոր սյուժեներ որոնելով, պետք է սահմանափակել սյուժեների որոնումը և ավելի ուշադրություն դարձնել մեկնաբանման վրա: Մեկընդմիշտ ամեն ինչ զոհաբերել յուրահատուկ դեմք պահպանելու համար:
10.12.73
Զարմանալի բան, նկարիչները եսասեր են, ագահ, ժլատ, ոչ ընկերասեր, փառասեր և որ զարմանալի է `ստոր:
Քառասունհինգ տարի ես գործ եմ ունեցել այդ տիպերի հետ և լրիվ հիասթափվել, չեմ հանդիպել մի իսկական մարդու հետ, ազնիվ հոգու տեր անձնավորության հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իր շահի համար հոգին վաճառել սատանային: Նրանք կոչվում են արվեստագետ, բայց ավելի գարշելի են իրենց արարքներով քան ամեն մի ստորաքարշ պաշտոնյա:
20.12.73
Ներկայիս ցուցահանդեսի ժյուրին նկարիչների ստեղծագործությունների ընտրության ընթացքում ելակետ է ունեցել միայն ինքնատիպությունը, բայց ոչ բովանդակության բացահայտումը, գծանկարը, կոմպոզիցիայի հետաքրքրությունը: Ներկայումս այդպիսին է մոդան, միայն և միայն ինքնատիպություն: Ու ահա նկարիչները որոնում են հնարքներ, մտացածին գույներ, էքսցենտրիկ արտահայտչական միջոցներ, այլանդակություն, ինչ ասես` միայն և միայն օրիգինալ երևալու համար:
Այդ հեշտ է երիտասարդների համար, իսկ տասնյակ տարիների գործունեություն ցուցաբերած նկարիչները ինչպե՞ս պետք է վերակառուցեն իրենց աշխատանքը, ստեղծագործական մեթոդը: Սա մի ցավոտ հարց է, որի կողքով չի կարելի անցնել հենց այնպես` անտարբեր: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ տիպի նկարիչներին ոչ թե մերժել, նրանց գործերը չընդունել ցուցահանդեսի համար, այլ բաց անել մի երկրորդ ցուցահանդես` միայն և միայն չափավոր ռեալիստ նկարիչների համար: Սակայն իսկական ինքնատիպությունը ներքուստ պետք է բխի և ոչ թե փոխառնվի օտարերկրյա նկարիչներից` մասնավորապես ֆրանսիացիներից, ինչպես դա անում են հայ նկարիչներից շատերը:
Ցուցահանդեսում կարելի է տեսնել գործեր, որոնք կատարյալ կոպիաներն են ֆրանսիացի այս կամ այն նկարչի` Վան Գոգ, Պոլ Գոգեն, Մատիս, Ռենուար և այլն:
Այս խնդիրը շատ է ինձ մտահոգում ու ես շարունակ մտածում եմ ելք գտնելու ուղիների մասին:
12.02.74
Ո՞րն է ստեղծագործության էությունը: Ըստ իս, ամենակարևորը նկարչի անհատականության բացահայտումն է, որը պետք է որ առնչվի ժամանակի ոգու հետ, բացահայտի իր շրջապատի էսթետիկական հայացքները : Ժամանակից դուրս արվեստ չի կարող գոյություն ունենալ, մարդը իր դարաշրջանի ծնուննդն է, ապրել 20-րդ դարի երկրորդ կեսում և մտածել 17-րդ դարի անհատի կերպ` դա աբսուրդ է, առավել ևս ստեղծագործության համար:
Ստեղծագործությունը իր մեջ, ինչպես պրիզմայի, պետք է հավաքի ժամանակի, ազգայինի, բնության ամենակարևոր, ամենաբնորոշ հատկանիշները և արտացոլի այն կտավի վրա: Դիտողը ստեղծագործությանը նայելիս պետք է ոգեշնչվի այն իդեաներով, որոնք ներկայացրել է նկարիչը իր կերպարների օգնությամբ: Կտավից հեռանալիս դիտողը պետք է լիցքավորվի որոշակի գաղափարով, կյանքի իմաստավորման առումով, գեղեցիկի, բարու, իդեալների ձգտումներով:
Իսկական արվեստը գեղեցկության վսեմությունն է, որը իր մեջ ներփակում է ամենաբյուրեղյա զգացումները մարդու, նրա ազնիվ ձգտումները: Նա իհարկե դրամատիկ է, որովհետև մարդկային կյանքի ողբերգությունն ու կատակերգությունն է ցուցահանում, նրա ծիծաղն ու լացը արտահայտում:
Նկարչությունը թատերական ներկայացում չէ, որը ժամանակի և տարածության հետ է կապված, նրա առաքելությունը անմիջական ներգործությունն է մարդու զգացումների վրա, որը կարող է հարատևել, եթե կերպավորվածը ինքնատիպ է, ասելիքը խորը, գաղափարական, որը դիտողին հուզում է, մտածել տալիս:
Նկարչի մտածելակերպը շատ է յուրօրինակ և յուրաքանչյուր ստեղծագործողի մոտ այլակերպ է արտահայտվում, երբեք չպետք է հակադրել մեկը մյուսին, գերազանցություն տալ նրանցից մեկն ու մեկին: Գեղանկարչությունը ձևի յուրօրինակության մեջն է, նրանցից ով վոր կարողացավ իր յուրօրինակ մտածողության բանալին գտնել և բաց անել իր ներաշխարհը դիտողի առաջ` նա էլ գերազանց ստեղծագործող է:
Նկարիչները տառապում են, որոնում հենց այս ուղղությունը:
16.02.74
Ինձ հաջողվում է ավելի դինամիկ գծերով ու վրձինահարվածներով աշխատած գործերը: Ավելի արագ ու տեմպերամենտով տարված ստեղծագործական աշխատանքը: Երբ ես սկսում եմ դանդաղ աշխատել ու մշակել կտավը կամ գծանկարը պատկերը ստացվում է իներտ, սակավարյուն , ոչ արտահայտիչ: Ես, օրինակի համար, չեմ կարող Գ. Գյուրջյանի նման երկար ու համբերատար աշխատել միևնույն գործի վրա, ոչինչ չի ստացվում, ավելի լավ է գործը էսքիզային բնույթի լինի, որտեղ ես գործում եմ ինքս ինձ: Էքսպրոմտով արված գունանկարները և գծանկարները զարմանալի արտահայտիչ ու ամբողջական են ստացվում:
Ինձ համար անհասկանալի ու խորթ են Եգիպտոսից եկած Հակոբ Հակոբյանի նկարները, որոնք անարյուն են, վերին աստիճանի միապաղաղ, անգույն, ֆակտուրայով միատեսակ մշակման ենթարկված պատկերի բոլոր ատրիբուտները: Ես շատ եմ զգում Առաքելյանին, Մ. Սարյանին, նրանք ինձ ավելի մոտ են: Գրիգոր Խանջյանի գործերը դարձյալ չեն համընկնում իմ աշխարհայացքին ու կերպավորման մեթոդին, շատ են նրանք ակուրատնի, մաքուր, պսպղուն արված, ոչ մի ավելորդ մասով, ոչ մի ավելորդ գիծ դիտողը չի տեսնի նրա աշխատանքներում:
05.03.74
Մահացավ իմ դպրոցական լավագույն ընկերներից ևս մեկը` Սուրեն Հակոբջանյանը, մասնագիտությամբ բժիշկ, սակայն շատ զարգացած և բարեկիրդ մի անձնավորություն, որին ես ամբողջապես հավատում էի: Այսպիսով մեր դասընկերներից արդեն կենդանի չեն 7 հոգի տղա և աղջիկ, ե՞րբ է հերթը հասնելու մեզ:
Տարեց տարի ծերանում եմ, դա ես զգում եմ ամբողջ էությամբ, ուժերս սպառվում են, զգում եմ, որ անցյալ տարի ավելի լավ էի, ավելի գործուն, ուժեղ:
Փոխվել են և հայացքներս արվեստի խնդիրների վերաբերյալ, հասուն այս տարիքիս հետադարձ հայացքով նայելիս տեսնում եմ, թե որքան շատ սխալներ եմ կատարել, իզուր, շատ իզուր վատնել ուժերս, ժամանակս:
Շատ աշխատանքներ պետք է վառել, ոչնչացնել, որովհետև անարժեք են, չունեն այն ներքին արտահայտչականությունը, որը ես կկամենայի տեսնել: Նրանց մեջ ես չեմ տեսնում անհատականության դրսևորումը: Ամենից առաջ կոլորիտային խնդիրները ավելի ու ավելի անհրաժեշտ է առաջնահերթ դարձնել: Չի կարելի բավարարվել միայն սյուժեների պատկերումով: Գույներով ավելի քնարական մոտիվներ վերցնել և խորացնել նրանց: Կարիք չկա բազմազան թեմաներ որոնել, ավելի լավ է մի երկու թեմայի շուրջը աշխատել:
15.12.74
Նայում եմ իմ հին աշխատանքները և շատ բան դուր չի գալիս, կտավները հանում եմ նետում մի կողմ` շրջանակները կրկին օգտատործելու համար:
Պակասում է հնարամտությունը, հայտնագործությունը, ասելիքի ուրույն ձևով մատուցելը: Ընկնելով վրձնի արտիստիկ հարվածների հետևից ես մոռացել եմ ստեղծագործության էության մասին, մի նոր խոսք արտահայտիչ գույներով վերարտադրելու մասին:
Անհրաժեշտ է որոնել ավելի ու ավելի արտահայտչական ձևեր, ավելի պայմանական դարձնել գույների հարաբերությունը, ավելի քիչ հետապնդել իրականության պատրանքը վերստեղծելու նախկին մոլուցքը:
Ավելի ակտիվ դարձնել ստեղծագործության բոլոր էլեմենտները: Ազնվությունը, անկաշառությունը, հուզականությունը ստեղծագործության էությունն է կազմելու: Քնարական բնութագրումը ընդհանուր ֆոնն է կազմելու պատկերի:
Քնարական ժանրը իմ ստեղծագործության լուսավոր կողմն է, նրա ինտելեկտուալ կարողողությունը, որը դիմորոշում է իմ էությունը, իմ ձգտումները, իդեալները:
07.01.75
Կրկին նոր տարի, այս էլ մի նոր տարի որոնումների, հիասթափությունների, անբավարարության:
Այս տարի իմ ողջ ուշադրությունը կենտրոնացնելու եմ գույների արժեքավորման վրա: Եթե իմպրեսիոնիստների մոտ գույնը ենթարկվում էր լույսից ստացած զգայությունների տպավորություններին, ապա հիմա գույնը դիտվում է` գույնը գույնի համար նշանաբանով: <<Մաքուր գույնի>> պրոբլեմը այժմս առանցքն է դարձել բոլոր երկրների առաջադեմ նկարիչների:
16.03.75
Ավելի ու ավելի պայմանական է դարձել կերպավորման ընդհանուր տեսքը, ավելի ուշադրություն դարձնել ոչ թե սյուժեի բացահայտման վրա, այլ գլխավորապես գույների ներդաշնակության վրա, կոլորիտի հնչեցման վրա:
Ավելի ու ավելի յուրահատուկ է դարձել պատկերվող միջավայրի ներկայացումը, ավելի ինքնատիպ, ցայտուն ինտելեկտուալ շնչով այն ներկայացնել:
Ավելի հեռու լինել մոդելից, ստեղծագործել երևակայությամբ:
17.02.76
Մայրիկիս մահվանից հետո (13 հուլիսի 1975 թ.) իմ կյանքը դառնացավ, մի տեսակ աննպատակ, ամբովանդակ դարձավ: Ախ~, իմ մայրիկս շատ անուշ ու լավն էր, իմ բովանդակ կյանքի սրտակից ընկերը, իմ ցավով տառապողը: Մայրս ամեն ինչ էր ինձ համար, մի ուղեցույց աստղ էր, մի հուսատու արև, որ ջերմացնում էր հոգիս:
Առանց մայրիկիս կյանք չկա ինձ համար, դժվար է ապրել, ոգեշնչվել, ստեղծագործել: Այնքան հիշողություններ են կապված մամիս հետ, այնքան ջերմություն, այնքան ապրումներ:
Ամենուրեք նրա ձեռքն եմ տեսնում, նրա շունչն եմ զգում:
Ախ~, իմ մայրիկիս ես չկարողացա ուրախացնել:
28.02.76
Քննադատներից յուրաքանչյուրը բարվոք է համարում ելույթ ունենալ, գրել իր համախոհ նկարիչների մասին, գովերգել նրանց գործերը: Ոչ օբյեկտիվ այս մոտեցումը այնքան զզվելի է դարձել, որ երբ կարդում եմ այս կամ այն քննադատի անունը իսկույն կռահում եմ, թե նա ինչ է գրել և ում մասին է գրել:
Քննադատությունը ամբողջապես սուտ է, ծախված է:
10.03.76
Աշխատում եմ մի քանի նկարաշարերի վրա, որոնց մեծ մասը վերջացած է:
Առաջինը` <<Արարատյան դաշտի գյուղական կյանքն է>>, որը ներկայացնում է << .... գինու և սիրո>> բովանդակությունը ընդգրկող կտավները:
1. <<Սերը աշնանը>>
2. <<Բերքահավաք .....>>
3. <<Մեր անուշ խաղողը>>
4. <<Խաղողի այգում>>
5. <<Աշնանը բակում>>
6. <<Հ.
Այո , նկարաշարի պատկերները համարյա վերջացրած են: Ըստ իս,բավականին ինքնատիպ են և յուրօրինակ են ներկայացնում մեր Արարատյան շրջանի գյուղական կյանքը:
Երկրորդ նկարաշարը` կանացի մարմնի գեղեցկությունն ու տվայտանքները ներկայացնող գործերն են, դարձյալ վեց կտավ:
1. <<Հանգստացող կինը>>
2. <<Անուրջներ>>
3. <<Երազանք>>
4. <<Երկու գեղեցկուհիներ>>
5. <<Երեք աղջիկները>>
6. <<Գետափին>>
Սրանք նույնպես պատրաստ են:
Երրորդ նկարաշարը` ժամանակակից երիտասարդական կյանքն է
1. <<Դեպի դաշտերը, աղջիկներ>>
2. <<Բանաստեղծության ընթերցումը>>
3. <<Սիրո բացատրություն>>
4. <<Կիրակի օր, մայովկա>>( էսքիզ)
5. <<Ընկերուհիներ >>( քնքշություն)
6. <<Մտորումներ>>
7. <<Մանկամիտ մայրը>>
8. <<Լուսնյակ գիշերին>>
Չորրորդ նկարաշարը
Աշտարակի բնանկարներն են, գյուղական կյանքը:
1. <<Հին Աշտարակը>>
2. <<Աշտարակի բնանկար` կարմրավոր մատառի հետ>>
3. <<Աշտարակի հին թաղը>>
4. <<Աշտարակի ձորը>>
5. <<Կանայիք երկանք են աղում>>
6. <<Լավաշ են թխում>>
7. <<ՀԻն կավե տներ>>
Զրույց ծառի տակ (էսքիզ)
Հինգերորդ նկարաշարը
Լեռնային գյուղի մոտիվներով
1. <<Մեղրաձորի լեռները>>
2. <<Այրված բլուրներ Մեղրաձորում>>
3. <<Արևմուտքը>>
4. <<Մենք ենք մեր լեռները>>
5. <<Դաշտային ծաղիկների նատյուրմորտ>>
6. <<Դաշտային ծաղիկներ>>(նվիրում եմ մայրիկիս)
7. <<Հովիվների դիմանկարներ>>
Վեցերորդ նկարաշարը
Հին հայկական մոտիվներով նկարաշար
1. <<Միջնադարյան տաղերգրություն>>
2. <<Մոկաց Միրզայի հրաժեշտը ժողովրդին>>
3. <<Հայ նախարարների երդումը>>
4. <<Նավասարդ (էսքիզ)>>
5. <<Մեսրոպ Մաշտոցի թաղումը>>
Սրանք բոլորը տեմպերայով են նկարված:
03.03.76
Եղա Մարտին Պետրոսյանի անհատական ցուցահանդեսում: Զարմանալի հարուստ երևակայություն ունի այդ երիտասարդը, ուղղակի ապշեցուցիչ: Սակայն նրա գործերը դիտելիս հակասական տպավորություններ է մարդ որոնում, մեկ կողմից դրական, մյուս կողմից` բացասական:Գեղանկարչությունը մինոր գամմաներով դուրեկան է, հարուստ երանգներով, իսկ կան կտավներ, որոնք ուղղակի անտանելի կոշմարային տրամադրություն են առաջացնում մարդու մեջ, նույնքան որ ֆիգուրները աղճատված են, այլանդակ` խելքից ու մտքից դուրս վիճակներով: Նկարիչը հարուստ ներքնաշխարհ ունի, նրա համար իրականությունը, որպես առարկայական աշխարհ, որին անհրաժեշտ է պատկերել գոյություն չունի, նրա համար կա միայն մտապատկերներ, որոնց նա աշխատում է պատկերել կտավի վրա`շատ ինքնատիպ կերպավորումով:
Աշխատասեր ու հետաքրքիր նկարիչ է, ինձ առանձնապես դուր եկան նրա գրաֆիկական գործերը: Հեքիաթների շատ հետաքրքիր նկարազարդումներ ունի, որը նման չէ ոչ մեկի գործերին, որքան նրանք ինքնատիպ են, սակայն այդ նկարազարդումները տպելու համար պիտանի չեն: Ես կարծում եմ, որ հանձինս Մարտին Պետրոսյանի մենք ունենք միանգամայն անկեղծ, օրիգինալ նկարիչ, որի աշխատանքները չես շփոթի մյուս նկարիչների աշխատանքների հետ:
28.04.76
Երբ ես սկսում եմ աշխատել կտավի վրա եռանդով ու թափով, ապա անպայմանորեն հետաքրքիր գունային ստեղծագործություն է ստացվում: Մի անգամից վրձինով շրմբոցները իմ տարերքն են կազմում, իսկ երբ սկսում եմ մանրացնել, զգուշությամբ վար ու վեր անել,մտածելով մի վրձինի հարված քսել, ապա անպայմանորեն վտիտ գործ է ստացվում, որը իր մեջ չի պարունակում հուզական տարր: Այս գիծը իմ մեջ դրսևորվել է դեռ ուսանողական տարիներից, բայց կյանքում միշտ չէ, որ կիրառել եմ:
12.05.76
Զարմանալի բան, կանանց ավելի քան 90 տոկոսը զուրկ է շնորհակալական զգացմունքից, ապիկար է և ստախոս: Որքան, որ ես լավություն եմ արել կանանց, նվիրված եմ եղել նրանց, գեթ մեկը նրանցից չի հայտնել շնորհակալություն, մոռացել են բոլոր լավը և դարձել օտարորի:
19.06.76
Խառնաշփոթ վեճերի մեջ է գլուխս, զարմանալի տարատեսակ զգացմունքներ` ինքնաժխտման և ինքնահաստատման մտորումներըպատել են ինձ:
Նկարում եմ մի բան, մտածում մի այլ բանի մասին, ինչ որ ցանկանում եմ չի ստացվում, պարզ տեսնում եմ, որ պատկերը չի համընկնում իմ ձգտումներին, չի խոսում իմ հոգու տվայտանքների մասին, սակայն փոխել չեմ կարողանում: Մի շարք նկարիչներ պարզունակ են, միամիտ մտածողի գործ` թե սյուժեով և թե մեկնաբանման միջոցներով: Անցյալ ծանր լուծը իմ ուսերին է ընկած և չի թողնում ազատ շարժվելու:
Հարկավոր է մինչև վերջ ինքն իրեն հավատարիմ լինել, ես դա գիտեմ, սակայն անում եմ մեկ այլ բան, որը շաբլոն է վաղուց, էժանագին, անհետաքրքիր: Գիտեմ, որ չպետք է գնալ տրորված հետքերով, որոնք թողել են մեծ արվեստագետները, սակայն ուժ չունեմ վերստին նոր ճանապարհ հարթելու:
Շատ եմ ես կապված իրականության հետ, շատ են նյութական ստացվում բնության պատկերները, ժամանակակից գեղագիտական հայացքներին նրանք չեն համապատասխանում:
Անհրաժեշտ է պայմանականության լայն կիրառում, գույնը պետք է լինի արտահայտության միջոց և մարդ միշտ պետք է զգա նրա առաջացած տրամադրությունը:
Չկան մեծ ու փոքր թեմաներ, յուրաքանչյուր թեմա արտահայտիչ է, եթե այն մեկնաբանված է լայնաշունչ ոգով, ներդրած են այնտեղ համամարդկային գաղափարներ:
20.12.76
Լրացավ իմ յոթանասուն տարին: Հավատս չի գալիս, որ ես յոթանասուն տարեկան եմ դարձել: Ե՞րբ անցան այդքան տարիները, ի՞նչ շուտ անցան: Հիմա նայում եմ հայելու մեջ և զարմանում իմ դեմքի փոփոխության վրա, իրապես մի ծերուկի դեմք է հառնում դիմացս, օտար ու անծանոթ դեմք, որը անչափ տարօրինակ է, ոչ մի բանով նման չէ իմ երիտասարդական տարիների դիմագծերին: Հիմա, երբ հաշվեկշիռն եմ անում անցյալ տարիների, մաղում եմ, զտում լավն ու վատը, շոշափելի շատ քիչ բան է մնում ակտիվում:
Գլխավորն է, որ ժառանգ չունեցա, իսկ իմ թողած ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը շատ է չնչին, որպեսզի այն հարատև կյանք ունենա:
Իսկ իմ ազնիվ քաղաքացի և նվիրված հայրենասեր լինելը ու՞մ է պետք: Կյանքում ես լավը շատ քիչ տեսա, իսկ վատը անչափ մեծամեծ չափերի:
Ես կարող եմ ասել, որչափ որ երկար ապրեցի`անչափ դժվար եղավ ինձ համար ընկալել մարդկանց հոգեբանությունը, անչափ դժվար եղավ ելք գտնել ստեղծված դրամատիկ պահերից:
Իմ ապրած ժամանակը փոփոխական էր, հակասական գաղափարների մի ահավոր լաբիրինթոս, որում անչափ հեշտ է եղել կորչել հուր հավիտյան:
Ես ինձ գտնել չկարողացա, ես ինձ լրիվ հայտնաբերել և արտահայտվել նույնպես չկարողացա, դրանում ոչ թե մեղավորը ես եղա, այլ ժամանակը, խելակորույս փոփոխությունը հասարակական կյանքի: Ես սիրեցի գեղեցիկը, ազնիվը, հոյակապը, արդարամիտը, սակայն իմ սերս չկարողացա մարմնավորել կերպարներում:
Ես տարվեցի մանր իդեաներով` մոռանալով գլխավորները:
Նկարչական բազմաթիվ ուղղություններով հետաքրքրվեցի, փորձեցի կիրառել տարբեր ձևեր ու հնարքներ, սակայն ոչ մեկը ինձ ամբողջովին չկլանեց, իր հետևից չտարավ:
Ինձ քիչ մնաց ապրելու, ես դա գիտեմ, սակայն ուժ չի մնացել շրջադարց կատարելու, նոր որոնումների դուռ բանալու համար: Մնում է կիսատ աշխատանքները լրացնել և ամեն ինչին վերջակետ դնել:
1976թ. Նկարված գործերի ցուցակ
1. Գյուղական բակ աշնանը
2. Լավաշ են թխում
3. Երկանք աղացող կանայք
4. Հանգստացող կինը
5. Անուրջներ
6. Երեխա
7. Երկու գեղեցկուհիներ
8. Գետափին
9. Լուսնյակ գիշերին
10. Մազերը հարդարող կինը
11. Նարինեի դիմանկարը
12. Աղջիկը Չկալովկա գյուղից
13. Դիմանկար
14. Սևան
15. Սևանի ափերը
16. Սևանի ժայռոտ ափերը
17. Սևանը
18. Տներ Սևանի ափին
19. Գյուղական բակ Սևանի ափին
20. Առավոտը Սևանի վրա
21. ՄԻջնադարյան ……
Էսքիզներ
1. Հարսնացուն Հյուսիսից
2. Գրիբոյեդովը Հայաստանում
3. Պիկնիկ այգում
4. Եվան
5. Կանայք բաղնիքում
6. Կանայք
7. Մերկ կին Սևանի ափին (լուսաբաց)
1969-73 թթ. Երևան , Հայաստան