Բարև, Արմեն ջան!
Այս անգամ ավելի շատ բան ունեմ քեզ գրելու, քան մինչև այժմ։ Ուրեմն, երեկ կիրակի էր և Ավոն բախտի բերմամբ ազատ էր, և մենք երեքով գնացինք մամայենցդ տուն, որ դիտենք քո ուղարկած կասետը։ Արմեն ջան, դու գիտես, ես ինչ աստիճան զգայուն մարդ եմ, ամբողջ ժամանակ աչքերս արցունքակալվում էին ուրախությունից, հատկապես, երբ դու էիր հայտնվում էկրանին՝ թե փոքրիկ դերերով, թե վարժություններով։ Սիրելիս, ես շատ ուրախ եմ քո գեղեցիկ ու ազատ ռուսերեն խոսելու համար, մեկ ու կես տարում լեզվի հարցում բավական առաջադիմել ես, դա իհարկե նաև շրջապատի արդյունքն է։ Արմեն ջան, ինև վերաբերվում է քո դերակատարումներին, մենք ուղղակի հիացած ենք, հատկապես «Կիկոսի մահը» շատ գեղեցիկ էիր կարդում, շատ հավանեցի քո մաներան, նստելուդ ձևը, ձեռքերիդ շարժումները, հայացքդ, ամեն ինչ ճիշտ էր ու որակով, ապրես, բալես, իսկ հետո լրիվ ուրիշ կերպար էր «Արսեն Կարենովիչը», որը մեզ բոլորիս հիացրեց, իսկ այն վարժությունները, որ կատարեցիր սեղանի և աթոռի վրա, ուղղակի զարմացել էինք քո մարմնի ճկունության վրա։ Պատկերացնում ես, չդիմացա, բարձրաձայն ասեցի․ «Արմեն ջան, զգույշ, կընկնես»։ Շատ սիրուն էիր կատարում ու շատ հանգիստ, առանց խուճապի։ Դե իհարկե, հասկանում եմ, որքան փորձեր եք անում, հոգնում, չարչարվում, որ մի բան ստացվի։ Մի խոսքով, ուզում եմ ասել, որ շարունակես ուսումդ, նույն սիրով ու համբերությամբ, ինչպես մինչև հիմա, որ լավ ապագա ունենաս և մենք էլ ուրախանանք քեզ տեսնելով ու լսելով։ Էդվարդ պապիկի գեները քո մեջ են, բալես, որի համար անչափ ուրախ եմ։
Այսքանով վերջացնում եմ նամակս, ցանկանում եմ քեզ առաջին հերթին առողջություն և հաջողություն։ Բարևներ և համբույրներ Ավոյի կողմից։
Գիկում և համբուրում եմ
Քո Տետա
Հ․Գ․ Աստված պահի քեզ