Найти тему

Էլեոնորա Ներսեսյան -Իմ քաջ, համեստ տատիկի Թամարա Գաբրիելյանի և պապիկի Մինաս Այվազյանի մասին

Թամարա Գաբրիելյան
Թամարա Գաբրիելյան

Մայրիկիս հայրը՝ Մինաս Նիկոլայի Այվազյանը ծնվել է 1883 թվականին Տանակերտում: Նրանք չորս եղբայրներ էին Ալեքսանը, Մինասը, Լևոնը, Նիկիտան: Թուրք, թաթարական, պարսկական հարձակումներից հոգնած Ալեքսանը տեղափոխվել է Վրաստան: Մինաս Այվազյանը ու Լևոն Այվազյանը, Նիկիտա Այվազյանը իրենց բնօրրանից տեղափոխվել են Երևան: Պապիկս պատմում էր ինձ, որ Տանակերտն ու Ագուլիսը իրար մոտ էին, մի քանի սար անցնում էինք ու հայտնվում Ագուլիսում: Պատմում էր որ Վանանդ գետի ձախ ափին էր գտնվում Տանակերտը, այնտեղ կային սրբավայրեր, եկեղեցիները, որոնցից մեկը Սուրբ Աստվածածին էր, շատ սիրուն եկեղեցի էր: Այվազյանները Տանակերտում շատ այգիներ են ունեցել, թվով յոթը և ամեն մեկը իր անունն է ունեցել: Այդ այգիների անուններն են՝ Ծիրանի այգի, Ընկուզենու այգի, Թթենու այգի, Հայրիկի այգի, Ավագյաց այգի, Քաղարտ այգի, Ներքևի այգի:

Պապիկս շատ գեղեցիկ տղամարդ էր՝ բարձրահասակ, հաղթանդամ, աշխատել է Երևանում գնացքի մեքենավար: Իր կատարած հերոսությունների համար պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Իսկ թէ ինչ հերոսություններ է արել, որ արժանացել է բարձր պարգևի, չգիտեմ, ես այդ ժամանակ փոքր էի:

Դպրոցական արձակուրդներիս օրերի մի մասը անցկացնում էի նրանց տանը: Շատ կատակասեր պապիկ էր և ինչքան համեղ բրնձով փլավ էր պատրաստում շաֆռանով, այս գործը ոչ մեկին չէր վստահում:

Տատիկս՝ Թամարա Գաբրիելյանը ծնվել է Ազայում 1906 թվականին: Նրա հայրը, Մովսես Գաբրիելյանը, եղել է հազարապետ, իսկ մայրը՝ Հազարվարդ Թևանյանը ծնվել է Ագուլիսում, սակայն ապրել են Ազայում: Ունեցել են հինգ զավակներ՝ Սերգո, Հայկանուշ, Հակոբ, Արուս, Թամարա Գաբրիելյաններին: Երբ հերթական անգամ թաթարները, թուրքերը հարձակվել են Նախիջևանի վրա բռնի տեղահանվել են: Սերգոն մոր և քույրերի հետ միասին, ոտքով սարերով, ձորերով մեծագույն չարչարանքով հասնում են Թիֆլիս: Իսկ հազարապետ Մովսես Գաբրիելյանը զոհվել է կռիվների, ընդհարումների ժամանակ:

Թիֆլիսում ազգականներ կային, որոնք ընդունում են Հազարվարդ Թևանյանին և իր զավակներին:

Թիֆլիսում հաճախակի տոնական օրերին հավաքվում էին Նախիջևանցիներով: Այդ հավաքներից մեկին մասնակցում է նաև պապիկս՝ Մինաս Այվազյանը, որը նույնպես շատ ազգականներ ուներ Թիֆլիսում: Պապիկս տեսնելով Թամարային միանգամից սիրահարվում է: Սակայն տատիկս ընդամենը 12 տարեկան էր։ Երկար բանակցություններից հետո պապիկս խոստանում է, որ նրան կպահի երեխայի նման և կամուսնանան, երբ լրանա Թամարայի 16 տարին։

Նայում եմ Թամար տատիկիս լուսանկարները, իհարկե կսիրահարվեր նման գեղեցկուհուն։

Թամարային իր հետ բերում է Երևան, պապիկս Երկաթուղայինների փողոցում լավ տուն ուներ և մեծ բակ։ Պահում է Թամարային ինչպես խոստացել էր, ճաշերը պապիկս էր եփում և սովորեցնում տատիկիս, հագուստեղ են գնում, Ազայից դուրս էին եկել վերցնելով միայն ուտելիք ճանապարհի համար։

Լավ բակ էր ծաղիկներով, մրգատու ծառերով, իսկ փողոցի հատվածում մեծ թթենի էր։ Մենք մայրիկիս Ժենյա Այվազյանի հետ հաճախ էինք գնում թութը թափ տալու։ Հետաքրքիր արարողություն էր, հետո էլ թասերով բաժանում էինք հարևաններին, մեծ դույլով էլ տանում էինք մեզ հետ և հիմա էլ Ամիրյանի մեր հարևաններին էինք բաժանում։

Թամարայի մեծ եղբայրը՝ Սերգո Գաբրիելյանը հեղափոխական էր։ Նա գնացքի մեքենավար էր։ Նա ստանում է առաջադրանք և պետք է զենք, զինամթերք հասցներ Բաքվում գտնվող 26 կոմիսարներին։ Սերգոն որոշում է 11 տարեկան Թամարային հագցնել լայն երկար շորեր, վրան կապել զենքերը, վրան էլ մեծ շալգ ցել և գնացքով գնալ։ Այդպես էլ անում են և տեղ հասցնում զենքերը։ Այս մասին տատիկս ինձ պատմեց, երբ քսան տարեկան էի, մինչ այդ ոչ մեկին չէր պատմել, եղբայրը այդպես էր հրահանգել ասել էր «մոռացիր, ոչ մեկին ոչինչ չասես»: Պատմում էր, որ դրանից հետո մեկ ամիս ամբողջ մարմինը, կողերը ցավում էին։

Հեռուստատեսությամբ, երբ ցույց էին տալիս «Կարո» հայկական ֆիլմը, Սերգո Գաբրիելյանը ասում էր, որ ֆիլմում երևացող գնացքը ինքն է վարում:

Ես տեսել եմ Թամարայի մայրիկին՝ Հազարվարդ Թևանյանին, նրանք նույնպես տեղափոխվել էին Երևան։ Հազարվարդին հիշում եմ հայկական տարազով և հատկապես ճակատանոցով։

Տեսել եմ նաև Սերգոյին, նրանք ապրում էին կայարանամերձ հրապարակին մոտ երկահարկանի տանը, հաճախ էինք հյուր գնում իրենց տուն: Նրանք ունեին մեկ տղա և չորս աղջիկներ՝ Սոնա, Ռոզա, Կլարա, Էմմա Գաբրիելյանները: Նրանց տղան՝ Միշա Գաբրիելյանը համալսարանի դասախոս էր, լավ կրթություն էր ստացել (ֆիզիկա, մաթեմատիկա): Նա մաթեմատիկայի գրքի հեղինակ է:

Թամարա տատիկիս քույրը՝ Հայկանուշ Գաբրիելյանը վերջիններից մեկն էր, որ դուրս եկավ Ագուլիսից: Իրենց տունը մեծ բակով գտնվում էր Մինաս պապիկի տան կողքը: Նրա մասին հիշողություններ է գրել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազներ» գրքում: Այն թարգմանվել է հայերեն լեզվով: Այդ գրքում կա նաև տատիկիս՝ Տիգրանուհի Էլիչբեկյանի ազգականուհու մասին, որը ամուսնացել է բժիշկ ադրբեջանցու հետ: Այդ բժիշկը մի քանի անգամ եղել է Երևանում, եկել է մեր տուն, լավ մարդ էր: Շատ էր ուզում, որ գնանք Ագուլիս, իրենց տուն: Նույիսկ մեր ընտանիքի համար հրավերք էր (վիզա) բերել, ասում էր մի անհանգստացեք, ես ձեզ կդիմավորեմ սահմանին և մի որոշ ժամանակ կլինեք Ագուլիսում, հետո ողջ առողջ կբերեմ մինչև սահմանը և կանցկացնեմ: Բայց չգնացինք, որի համար շատ եմ ափսոսում: Ամենից շատ ես և տատիկս Տիգրանուհի Էլչիբեկյանն էինք ուզում գնալ: Ասում էր, որ այնտեղ շատ ձեռագիր մատյաններ են իրենք ունեցել, գոնե այդ գրքերը, եթե մնացել են, կբերեինք Մատենադարանին կհանձնեինք:

Տիգրանուհի տատիկս ասումէր, որ Ագուլիսում ամենից շատ մենք ունեինք տանը մեծ գրադարան: Շատ ափսոս, որ այդ բոլորը կորցրեցինք:

Հայկանուշ տատիկը թէ՛ Ագուլիսում և թէ՛ Երևանում հայտնի էր հեքիմական բժշկությամբ, բուժում էր նաև չբերությունը:

Նա ամուսնացել էր Հարություն Հարությունյանի հետ: Հայկանուշն ու Հարությունը հրաշալի նվագում էին թառի, քյամանչայի, ջութակի վրա: Հրաշալի երեկոներ եմ անցկացրել նրանց տանը, լսելով նախիջևանցիների երգը, երաժշտությունը: Մայրս էլ՝ Ժենյա Այվազյանը լավ ձայն ուներ, հրաշալի երգեր գիտեր:

Նրանք ունեցել են Ժորային, որը դերձակ էր: Ժորան ամուսնացել էր Արաքսյայի հետ, ունեցել են Քնարիկ, Մարետա, Հարություն և Լուսիկ Հարությունյաններին: Իմ անչափ սիրելի նկարչուհի Լուսիկ Ագուլեցուն:

Գաբրիելյան Թամարան և Այվազյան Մինասը ունեցել են երեք զավակ՝ Ժենյա Այվազյան - մայրս՝ ծնվել է Ջուլֆայում 28 փետրվարի 1923 թվականին, Վովա Այվազյան գնացքում ադրբեջանցիներն են սպանել, Մանիկ Այվազյան:

Թամար տատիկս և Մինաս պապիկս միասին երկար տարիներ ապրեցին սիրով և համերաշխ:

Մինաս Այվազյանը մահացել է 1961 թվականին դեկտեմբերի 3-ին, Թամարա Գաբրելյանը մահացել է 1982 թվականին ապրիլի 16-ին:

Սա էլ մի ստիպված տեղահանված ընտանիքի պատմություն:

Էլեոնորա Ներսեսյան

Երևան, 2023 թվական, հոկտեմբեր