Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ անցկացված հանրահավաքի ժամանակ իրավապահները 63 մարդու են ձերբակալել, հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:
Նա նշել է, որ քաղաքացիներին ձերբակալել են խուլիգանության և Ռուսթավելի պողոտայում հանրահավաքի ժամանակ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Ապրիլի 30-ին Վրաստանի խորհրդարանում կայացել էր օրինագծի երկրորդ ընթերցումը, որը կշարունակվի չորեքշաբթի։
Զուգահեռ՝ տեղի էին ունեցել ակցիաներ, որոնց ընթացքում Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ էին կիրառել Թբիլիսիում։ Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ էին արտահայտվել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով խոչընդոտ՝ Եվրամիության ինտեգրման գործընթացին։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում ցույցեր են անցկացնում օրինագծի դեմ։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։ Նախագիծը երեք ընթերցմամբ ընդունելուց հետո միայն կուղարկվի Վրաստանի նախագահին՝ ստորագրման։ Ապրիլի 15-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանել էր օրինագիծը։